Իրանը միջուկային համաձայնությունից չորս տարի անց
12 ր. | 2019-08-12Միջուկային համաձայնագիրը համարվում է Իրանի նորագույն պատմության հետհեղափոխական շրջափուլի դիվանագիտական ամենամեծ ձեռքբերումը: Եթե ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի (2005-2013) նախագահության տարիներին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները որևէ լուրջ արդյունք չկարողացան ապահովել, ապա Հասան Ռուհանիի նախագահության շրջանում, ի վերջո, հաջողվեց հասնել համաձայնության, որն Իրանին հնարավորություն տվեց չեզոքացնել ռազմական հարձակման վտանգը, չեղարկել միջազգային պատժամիջոցների մեծ մասը, որոնք երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակի էին հասցրել, և միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում Իրանը հայտնվել էր բավական խոցելի իրավիճակում:
2015թ. հուլիսի 14-ին Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված համաձայնությանը (Համատեղ քայլերի համապարփակ ծրագիր) նախորդել էր երկու տարի տևած լարված բանակցություններով և միջանկյալ լուծումներով հագեցած մի շրջափուլ:
2013թ. նոյեմբերին Ժնևում ստորագրվեց համաձայնագրի, այսպես կոչված, նախնական տարբերակը, ըստ որի՝ 2014թ. հունվարի 20-ից վեց ամսվա ընթացքում շարունակել բանակցությունները, մինչև կողմերը կմշակեին վերջնական համաձայնագրի տեքստը: Սակայն, երբ 2014թ. հուլիսի 20-ին համատեղ քայլերի ծրագրի կատարման համար նախատեսված ժամկետն ավարտվեց, կողմերն այդպես էլ համաձայնության չհասան. բանակցությունները ևս չորս ամսով երկարաձգվեցին՝ մինչև նոյեմբերի 24-ը: 2014թ. նոյեմբերին Վիեննայում յոթ օր տևած լարված բանակցություններից հետո ժնևյան համաձայնագիրը չտապալելու համար կողմերը որոշեցին շարունակել խոսակցությունը մինչև 2015թ. հուլիսի 1-ը, իսկ երկու շաբաթ անց, ի վերջո, ստորագրվեց համաձայնությունը, որը վավերացվեց հոկտեմբերի 18-ին, և սկսեց գործել 2016թ. հունվարի 16-ից[1]:
2015թ. Իրանի և ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների ու Գերմանիայի միջև ստորագրվեց միջուկային համաձայնագիրը:
Միջուկային համաձայնության կատարման ընթացքը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ մինչև համաձայնությունից միակողմանիրորեն դուրս գալու մասին Միացյալ Նահանգների հայտարարությունը (2018թ. մայիս), և դրանից հետո, երբ Իրանի դեմ պատժամիջոցները երկու փուլով վերականգնվեցին, իսկ «5+1 խմբի» ձևաչափը վերափոխվեց «4+1 խմբի», որտեղ հիմնական բանակցություններն սկսեցին ընթանալ Եվրոպայի՝ միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու, ԱՄՆ գործողությունների արդյունքում Իրանի նավթի և բանկային ոլորտում պատճառված վնասները փոխհատուցելու հնարավորությունների շուրջ:
Իրանի հասարակությունը միջուկային համաձայնության հետ մեծ հույսեր էր կապում՝ ակնկալելով պատժամիջոցների արագ վերացում, նավթի վաճառքից գոյացած գումարների ապասառեցում, միջազգային բանկերի հետ համագործակցություն, արդյունաբերության զարգացում, աշխատատեղերի ստեղծում և այլն:
Իրանի քաղաքացիները տոնում են 2013թ. նախագահական ընտրություններում Հասան Ռուհանիի տարած հաղթանակը
Հասան Ռուհանին 2013թ. նախագահական մրցապայքարի ժամանակ խոստանում էր լուծել հիմնախնդիրը՝ վստահեցնելով, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը կչեզոքացնի արտաքին մարտահրավերները: Ռուհանիի թիմը վստահ էր, որ արտաքին սպառնալիքների վերացմամբ աստիճանաբար կլուծվեին նաև ներքին՝ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները[2]:
Չնայած միջուկային համաձայնության կատարման ընթացքին և Միացյալ Նահանգների գործողություններով պայմանավորված ձևափոխմանը՝ այն Իրանի համար քաղաքական, տնտեսական և անվտանգության չափազանց կարևոր նշանակություն ունեցավ:
Թեև միջուկային համաձայնության կայացման գործում նշանակալի դերակատարություն են ունեցել մասնակից բոլոր պետությունները, բայց 2013թ. միջուկային ծրագրի շուրջ սկսված բանակցությունների առաջին իսկ օրվանից Իրանի հասարակական-քաղաքական դիսկուրսում միջուկային բանակցություններն ընկալվում էին որպես Իրան-Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթացի: Այդ առնչությամբ Իրանում տեսակետները երկու մասի էին բաժանվում. պահպանողական ուժերը պնդում էին, թե պետք չէ վստահել ԱՄՆ-ին և գնալ միջուկային գործարքի, իսկ բարեփոխականները՝ ի դեմս գործող նախագահ Հասան Ռուհանիի և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, այն կարծիքին էին՝ որ «բանակցությունները ոչ թե թուլացնում են Իրանի ինքնիշխանությունը, այլ ընդհակառակը՝ Արևմուտքի հետ երկխոսությունն ու մարտահրավերների չեզոքացումն է, որն Իրանին հնարավորություն կտա լիարժեք զարգանալ»:
Իհարկե, այստեղ վճռորոշ նշանակություն ուներ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դիրքորոշումը, որը, թեև իր համաձայնությունն էր տվել միջուկային գործարքին, սակայն 2015թ. հոկտեմբերին միջուկային համաձայնության կատարման առնչությամբ նախագահ Ռուհանիին գրած նամակում, ի թիվս այլ դիտողությունների, ընդգծել էր «Միացյալ Նահանգների անվստահելի գործընկեր լինելու» հանգամանքը[3]:
Իրանի գործող ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին բանակցություններ վարելիս
Երբ Դոնալդ Թրամփի նախաձեռնած գործընթացների արդյունքում միջուկային համաձայնությունը փաստացի դադարեց, Հասան Ռուհանիի ընդդիմախոսներն ԻԻՀ գործող իշխանություններին անմիջապես սկսեցին մեղադրել ոչ շահավետ գործարք կնքելու մեջ, այնինչ, պետք է ընդգծել, որ դա Ռուհանիի կամ Զարիֆի միանձնյա որոշումը չէր. միջուկային համաձայնությունն արժանացել էր ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի հավանությանը, որին անդամակցում են գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ղեկավարները, հոգևոր առաջնորդի երկու ներկայացուցիչները, ԶՈւ ԳՇ պետը, ԱԳ և տեղեկատվության (հետախուզության) նախարարները[4]:
Ուշադրության է արժանի այն փաստը, որ նույնիսկ միջուկային համաձայնությունից Միացյալ Նահանգների դուրս գալուց և պատժամիջոցների վերականգնումից հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը 2019թ. հուլիսին Նյու Յորք կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ եթե հնարավոր լիներ չորս տարի հետ գնալ, ապա Իրանը կրկին կստորագրեր միջուկային համաձայնությունը[5]: Ուշագրավ է, որ նույն խոսքը Զարիֆը կրկնեց նաև օգոստոսի սկզբին Թեհրանում, երբ իր դեմ քաղաքական մրցակիցների կողմից լայնածավալ «հարձակում» էր սկսվել[6]:
Մեր կարծիքով պետք է վերապահումով մոտենալ այն պնդումներին, թե միջուկային համաձայնության կատարման խաթարումը բացառապես պայմանավորված է Դոնալդ Թրամփի գործողություններով, քանի որ մինչև 2017թ., երբ Թրամփը դեռ նախագահ չէր և Վաշինգտոնը դուրս չէր եկել միջուկային համաձայնությունից, Իրանի հասարակական-քաղաքական լայն շրջանակները համարում էին, որ միջուկային համաձայնությունը որևէ դրական ազդեցություն չի ունեցել երկրի տնտեսության վրա, ինչի ապացույցը 2017թ. Իրանում տեղի ունեցած նախագահական մրցապայքարում Հասան Ռուհանիի և նրա ընդդիմախոսների թեժ բանավեճերն էին[7]:
Միջուկային համաձայնությունն Իրանի իշխանությունների համար հետևյալ խնդիրներն էր լուծում՝
Ա. Միացյալ Նահանգների հետ քաղաքական փոխհարաբերությունների ձևավորմամբ աստիճանաբար հասնել մյուս հարցերում տարաձայնությունների լուծմանը,
Բ. Եվրամիության հետ խորացնել բազմակողմ տնտեսական հարաբերությունները,
Գ. Արտաքին սպառնալիքների չեզոքացումից և Իրանի շուրջ անվտանգության միջավայրի բարելավումից հետո Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իրանի դիրքերի ամրապնդում և աստիճանաբար ազդեցության մեծացում:
Որքան էլ, որ Իրանը հայտարարում է, թե իրանական շուկան բաց է ամերիկյան ընկերությունների համար[8], 2016թ. հետո. երբ եվրոպական մի շարք խոշոր կորպորացիաներ ներկայացուցչություններ էին բացում Իրանում, այնտեղ ամերիկյան որևէ ընկերություն չհայտնվեց, թեև որոշ քննարկումներ ընթանում էին[9]: Հենց այս հանգամանքով էր պայմանավորված Թրամփի պնդումը, որ Միացյալ Նահանգները միջուկային համաձայնությունից ոչինչ էլ չի շահել[10]:
Հետևաբար, քանի որ «5+1 խմբի» երկրներից Չինաստանի և Ռուսաստանի հետ Իրանն արդեն իսկ փոխշահավետ համագործակցություն ուներ, ապա Թեհրանը միջուկային համաձայնությունն ավելի շատ փորձում էր ծառայեցնել Եվրոպայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնմանը՝ հատկապես ակնկալելով բարձր տեխնոլոգիաների և քաղաքացիական ինքնաթիռների ներկրումը[11]:
Հոդվածում 2014-2019թթ. Իրանի տնտեսական ցուցանիշներն ուսումնասիրելիս ուշադրություն ենք դարձրել Եվրոպայի հետ ԻԻՀ տնտեսական համագործակցության վրա՝ միջուկային համաձայնության տնտեսական նշանակությունը գնահատելով այդ տեսանկյունից:
Այսպես՝ 2014թ. Իրանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 114 մլրդ. 237 մլն. դոլար, որից՝ արտահանումը (առանց նավթի) կազմել է 61 մլրդ. 760 մլն., իսկ ներմուծումը՝ 52 մլրդ. 477 մլն. դոլար: Իրանից Եվրոպա արտահանումը կազմել է 1 մլրդ. 921 մլն., իսկ ներմուծումը՝ 10 մլրդ. 888 մլն. դոլար: Ընդ որում՝ արտահանման ցուցանիշով առաջին 10 երկրների ցանկում միակ եվրոպական երկիրն Իտալիան է, որը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Այլ պատկեր ենք ստանում ներմուծման դեպքում. առաջատարն այստեղ Շվեյցարիան է՝ 6-րդ տեղով: 7-րդ, 8-րդ և 9-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Գերմանիան, Իտալիան և Հոլանդիան:
2015թ. երկրորդ կիսամյակում, երբ ստորագրվեց միջուկային համաձայնությունը, ինչպես Իրանում, այնպես էլ դրանից դուրս տնտեսական համագործակցության հետ կապված չափազանց մեծ էին ակնկալիքները: Թեև համաձայնության կնքումից հետո պատժամիջոցներն անմիջապես չվերացվեցին, սակայն ոգևորությունն այնքան մեծ էր, որ այն իր դրական ազդեցությունը թողեց տնտեսության վրա:
2015թ. Իրանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 83 մլրդ. 904 մլն. դոլար, որից արտահանումը կազմել է 42 մլրդ. 414 մլն., իսկ ներմուծումը՝ 41 մլրդ. 409 մլն. դոլար: Նախորդ տարվա համեմատ արտահանումը նվազել է 16%, իսկ ներմուծումը՝ 22.5%:
Արտահանման ցուցանիշով առաջին 10 երկրների ցանկում 2015թ. ևս պատկերը նույնն է, պարզապես Իտալիան երկու ցուցիչով բարելավել է իր դիրքերը՝ շուրջ 800 մլն. դոլար ցուցանիշով զբաղեցնելով 7-րդ տեղը:
Միջուկային համաձայնությունից հետո Իրանի և Եվրոպայի տնտեսական համագործակցության մեջ որոշակի աշխուժություն նկատվեց: Նախ, 2014թ. առաջին տասնյակում ընդգրկված եվրոպական երկրները բարելավեցին իրենց տեղերը, որոնց միացավ Ֆրանսիան՝ 760 մլն. դոլար ցուցանիշով զբաղեցնելով 10-րդ տեղը:
Միջուկային համաձայնությունն ուժի մեջ մտավ և փաստացի սկսեց գործել 2016թ. հունվարից: 2016թ. տնտեսական ակտիվության տեսանկյունից բեկումնային նշանակություն ունեցավ, թեև չնչին, սակայն աճ արձանագրվեց ընդհանուր արտահանման մեջ, իսկ Եվրոպայի հետ առևտրում նշանակալի արդյունք գրանցվեց:
Այսպիսով նշված ժամանակահատվածում Իրանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 87 մլրդ. 614 մլն. դոլար. Արտահանումը՝ 43 մլրդ. 930 մլն., իսկ ներմուծումը՝ 43 մլրդ. 684 մլն., արտահանումն աճել է 3.5%, իսկ ներմուծումը՝ 5%[12]:
Ինչ վերաբերում է եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցությանը, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 28%` կազմելով 7 մլրդ. 965 մլն. դոլար:
2017թ. Իրանի և Եվրամիության միջև տնտեսական փոխգործակցության աճը ոչ միայն պահպանվել է, այլ շուրջ 12 մլրդ. դոլար ցուցանիշով 33% աճ է արձանագրվել:
2016-2017թթ. ոչ միայն էական աճ է նկատվել ավանդական գործընկեր եվրոպական երկրների հետ, այլև ավելացել են նոր երկրներ, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Բելգիան, Իսպանիան:
2018թ. մայիսին, երբ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ միջուկային համաձայնությունից և մինչև տարվա վերջ երկու փուլով վերականգնեց Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, եվրոպական մի շարք հայտնի կազմակերպություններ, գնահատելով առկա ռիսկերը, դուրս եկան իրանական շուկայից՝ չնայած Եվրոպական Միությունն իր անհամաձայնությունն էր հայտնել Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությանը՝ հայտարարելով, որ շարունակելու է միջուկային համաձայնության շրջանակներում Իրանի հետ համագործակցությունը[13]:
2018թ. մայիսին միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալուց հետո շուրջ երկու ամիս տևած բանակցությունների արդյունքում հուլիսի 6-ին Վիեննայում տեղի ունեցավ նոր՝ «4+1» ձևաչափով առաջին հանդիպումը[14]՝ մասնակից երկրների արտգործնախարարների մակարդակով: Հանդիպման ավարտին 10 կետից բաղկացած համատեղ հայտարարություն հրապարակվեց, ըստ որի՝ «4+1 խումբը» հանձնառություն էր ստանձնում շարունակել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը:
Ինչևէ, չնայած Իրանի և Եվրոպայի գործադրած ջանքերին՝ 2018թ. վերջին արդեն Իրանի և Եվրամիության միջև առևտրի ծավալների շուրջ 22% նվազում նկատվեց` կազմելով 9 մլրդ. 85 մլն. դոլար:
Անդրադառնալով միջուկային համաձայնությունից հետո Իրանի և Եվրոպայի փոխհարաբերություններին՝ նկատենք, որ թեև հանդիպումների արդյունքներն իրանական կողմին այնքան էլ չէին բավարարում, սակայն ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին 2018թ. հուլիսի վերջին Իրանի դեսպանների հետ ունեցած հանդիպման ընթացքում հստակ հայտարարել էր[15], որ Եվրոպայի հետ բանակցությունները պետք է շարունակել: Իրանը Եվրամիությունից ավելի շատ ակնկալում էր «հայտարարություններից անցում իրական քայլերի», այն է՝ նավթի, գազի վաճառքի, բանկային համակարգի, դրամական փոխանցումների հարցում գործուն աջակցություն:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Թեհրանում
Երկարատև բանակցությունների արդյունքում 2019թ. հունվարի 31-ին ձևավորվեց այն գործիքակազմը (INSTEX), որի միջոցով Իրանը հնարավորություն է ստանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ ֆինանսական գործարքներ կատարել, սակայն այդ գործիքակազմը տարբեր պատճառներով (այդ թվում՝ Իրանի՝ CFT կոնվենցիան չհաստատելու) մինչ օրս այդպես էլ արդյունավետ չգործեց:
Միջուկային համաձայնության շուրջ զարգացումները շրջադարձային եղան ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնությունից դուրս գալու մեկամյակի օրը, երբ ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը Եվրոպային 60 օր ժամանակ տվեց բանկային և նավթային ոլորտներում կատարել պարտավորությունները՝ սպառնալով, որ աստիճանաբար կհրաժարվի միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների կատարումից:
Ուղիղ 60 օր անց, Իրանը հայտարարեց, որ հրաժարվում է միջուկային համաձայնությամբ ստանձնած ուրանը 3.75% ավելի չհարստացնելու պարտավորությունից, նաև արդիականացնելու է Արաքի ծանր ջրի ռեակտորը: Իրանական կողմի պնդմամբ՝ նշված քայլերը համապատասխանում են միջուկային համաձայնագրի 34-րդ կետին[16]:
Ուշագրավ է, որ 2015թ., երբ ստորագրվում էր փաստաթուղթը, Իրանի փորձագիտական շրջանակները, քննարկելով հնարավոր սցենարները, նշում էին, «թե Հասան Ռուհանին քաղաքական ընդդիմախոսներին նախ պետք է պարզաբանի, թե ուրանի հարստացման աշխատանքների, Արաքի ծանր ջրի ռեակտորի աշխատանքների կասեցման դեպքում վերոնշյալ հաստատությունները տարիներ հետո արդյո՞ք պիտանի են լինելու շահագործման համար: Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի միլիարդավոր դոլարներն անարդյունավետ օգտագործելու համար՝ Ռոհանիի՞, թե՞ Ահմադինեժադի կառավարությունը, կամ գուցե նախորդ գումարման Մեջլի՞սը»[17]:
Արաքի ծանր ջրի ռեակտորը
Թեև Իրանը Միացյալ Նահանգների գործողություններին ի պատասխան աստիճանաբար հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, սակայն ամենևին էլ հակված չէ դուրս գալ միջուկային համաձայնությունից:
Պաշտոնական Թեհրանն այս պահին նպատակահարմար չի համարում դուրս գալ համաձայնությունից, քանի որ համարում է, որ փաստաթուղթը բխում է ԻԻՀ շահերից[18] և բանակցությունների ընթացքում իրանական կողմը հաշվի է առել այն հանգամանքը, որ հնարավոր է՝ ինչ-որ պահի ԱՄՆ-ն դուրս գա բանակցություններից:
Մ իացյալ Նահանգները և Եվրոպան, Իրանի հետ ստորագրելով միջուկային համաձայնությունը, հույս ունեին, որ Թեհրանի հետ փոխգործակցության ակտիվացումը կնպաստի Իրանի՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ ունեցած խնդիրների աստիճանական լուծմանը: Ի վերջո, Արևմուտքը հույս ուներ, որ միջուկային համաձայնության արդյունավետ գործարկումը նախադեպ կդառնա, որպեսզի Իրանը Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ համաձայնության գա Իրանի հրթիռային համակարգերի և Մերձավոր Արևելքում ԻԻՀ գործողությունների վերաբերյալ:
2020թ., իսկ այնուհետև 2021թ. Իրանում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Ուսումնասիրելով ներկայումս Իրանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները՝ կարող ենք համոզմունք հայտնել, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ողջ քարոզչության առանցքային թեման լինելու է միջուկային համաձայնությունը և դրա հետ փոխկապակցված ԱՄՆ-ի հետ բանակցությունները:
Միջուկային համաձայնությանը համապարփակ գնահատական տալիս այն պետք է դիտարկել երկու հարթության մեջ: Եթե անդրադառնանք Իրանի ներքին կյանքին, տնտեսությանը, հասարակության կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության դիմադրողականությանը, ֆինանսական կայունությանը, բանկային համակարգի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ապա միանշանակ կարելի է պնդել, որ միջուկային համաձայնությունը չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրները:
Սակայն, եթե խնդրին նայենք արտաքին հիմնախնդիրների լուծման տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ միջուկային համաձայնությամբ Իրանին ոչ միայն հաջողվեց վերացնել ռազմական հարձակման սպառնալիքը, այլև կարճ ժամանակում անհամեմատ բարձրացավ Իրանի միջազգային վարկը:
Եթե մինչև միջուկային համաձայնությունն Իրանը Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներում ուներ «դիտորդի կարգավիճակ» և մեծ ջանքերի գնով փորձում էր չեզոքացնել երկրին սպառնացող մարտահրավերները, ապա 2013թ. Ռուհանի-Զարիֆ տանդեմի նախաձեռնած ակտիվ դիվանագիտության միջոցով Իրանը դարձավ մերձավորարևելյան ճգնաժամերի լուծմանն ուղղված գործողությունների առանցքային դերակատար:
Անվիճելի է, որ սիրիական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողություններում, «ԴԱԷՇ»-ի դեմ պայքարում, Իրաքի Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեով պայմանավորված տարածաշրջանում առաջացած լարվածության թուլացմանն ուղղված գործողություններում Իրանը կարևոր դերակատարություն է ունեցել:
Անկախ այն հանգամանքից, թե Իրանը 2021թ. նախագահական ընտրություններից հետո դուրս կգա միջուկային համաձայնությունից, թե ոչ, Հասան Ռուհանիի նախագահության ավարտին այն կկորցնի իր քաղաքական նշանակությունը, որն ուներ բարեփոխական նախագահի պաշտոնավարման շրջանում: Մյուս կողմից՝ միջուկային համաձայնության հարցում պահպանողական-բարեփոխական հակասությունները մեծ հաշվով տեղավորվում են Իրանի պետական կառավարման համակարգի տրամաբանության մեջ[19]: Ի վերջո, ոչ Ռուհանին, և ոչ էլ Զարիֆը չէին կարող այնպիսի քաղաքականություն վարել, որը կհակասեր Իրանի պետական շահերին: Իսկ Իրանի ներքաղաքական հակասությունների մասին խոսելիս պետք է դրանք տարանջատել, որո՞նք են իրական հակասությունները և որոնք՝ խաղարկային:
Միջուկային համաձայնությունը ստորագրվել էր աշխարհաքաղաքական այլ պայմաններում, երբ Իրանում և Միացյալ Նահանգներում միանգամայն այլ քաղաքական իրավիճակ էր, հետևաբար հասկանալի է, որ նոր պայմաններում հնարավոր չէր լինելու արհեստականորեն գործարկել այն, և ներկայում ընթացող զարգացումները լիովին համահունչ են առկա իրողություններին:
[2] https://www.youtube.com/watch?v=Sg9Yk_zo9sw
[3]http://farsi.khamenei.ir/message-content?id=31168
[4]https://aftabnews.ir/fa/news/601918/
[5] https://www.khabaronline.ir/news/1279737/
[6] https://aftabnews.ir/fa/news/601918/
[7] Տե՛ս՝ Իրանի ներքաղաքական զարգացումները Հասան Ռուհանիի նախագահության երկրորդ շրջանում
[8] https://www.isna.ir/news/98042512836/
[9] https://www.radiofarda.com/a/
[10] https://www.whitehouse.gov
[11] https://www.asriran.com/fa/news/511958/
[12] http://farsi.tpo.ir/uploads/varedat_96_27192.pdf
[13] https://eeas.europa.eu/headquarters
[14] https://www.dw.com/fa-ir/iran/a-44557228
[15] http://farsi.khamenei.ir/news-content?id=40156
[16] https://www.icana.ir/Fa/News/425118/
[17] http://www.zibakalam.com/news/2174
[18] https://www.mehrnews.com/news/4666703/
[19] Տե՛ս՝ ԻԻՀ պետական կառավարման համակարգի առանձնահատկությունը