Քաղաքներ. ով է պատրաստ ապագային

12 ր.   |  2020-05-25

Հոդվածը արդի քաղաքներին նվիրված շարքի[1] և մարդկային զարգացման գործում քաղաքային գիտատեխնոլոգիական խմբերի դերակատարության մասին է:

Հ ամավարակի իրողությունը և միջազգային հարաբերությունների համակարգի քայքայմամբ պայմանավորված մտահոգությունները ստեղծում են համաճարակաբանության և աշխարհաքաղաքական թեմաների այն յուրահատուկ մթնոլորտը, որի ներքո այսօր բազմաթիվ քննարկումներ են ընթանում: Կենտրոնական հարցն է՝ ինչպիսի՞ն կլինի աշխարհն մոտ ապագայում, ինչո՞վ բացատրել արդի մարտահրավերներին երկրների արձագանքի այսչափ մեծ ցրվածքը, ով և որքանով է պատրաստ բարդ ու համակարգային մարտահրավերներին: Անխուսափելիորեն երևան է գալիս նաև կենտրոնական խնդիրը. երկրները պետք ունակ լինեն արձագանքելու արագ և համարժեք, որի համար պետություններն ու դաշինքները պետք է հագեցած լինեն գիտատեխնոլոգիական հմտություններով, ունակություններով և պատրաստվածությամբ:

Ինչպիսի՞ն է տարբեր երկրների և երկրների խմբերի գիտատեխնոլոգիական ունակությունների բաշխվածությունը, որքանով են նրանք պատրաստ ապագային հարցը կարելի է դիտարկել «Մարդկային գենոմ» (Human Genome Project) ծրագրի օրինակով: Ֆինանսական, նյութատեխնիկական ու մարդկային ծավալներով սա եզակի նախաձեռնություն էր, որը մեկնարկեց 1990 թ. և հաջողությամբ ավարտվեց 2003-ին: Այսօր քչերն են հիշում, որ 13 տարի տևած հսկայածավալ այս ծրագրի համակարգումն իրականացնում էր ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը (US DoE), իսկ միջազգային համագործակցությունը ֆինանսավորվում և համակարգվում էր US DoE-ի և ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծված Մարդկային գենոմի ազգային ինստիտուտի (NHGRI) հետ համատեղ:

Երկրորդ աշխարհամարտում աշխարհը կանգնեց գիտատեխնոլոգիական երկու մեծ մարտահրավերի՝ ատոմային էներգիայի յուրացման և ատոմային զենքի ստեղծման առջև: ԽՍՀՄ-ը մեծ ճիգերով պատասխանեց այս մարտահրավերին՝ անցած դարի  70-ականներին հասնելով «միջուկային հավասարակշռության» ԱՄՆ-ի ու «Արևմուտքի» նկատմամբ: 40-50-ականներին աշխարհը կանգնեց մեկ այլ մարտահրավերի՝ գենետիկայի և կենսատեխնոլոգիաների զարգացման առջև: Եթե 1943թ. ատոմային «Մանհեթենյան ծրագրին» ԽՍՀՄ-ը ունակ եղավ պատասխանել համարժեք, ապա 1990թ. «Մարդկային գենոմ» ծրագրի մեկնարկի պահին այն արդեն սպառել էր կենսունակության պաշարը: Սխալ չենք լինի, եթե պնդենք, որ մարդկության պատմությունը մեծապես կանխորոշվում է XX դարի այս երկու ծրագրերի արդյունքներով:

«Մարդկային գենոմ» ծրագրի արխիվային նյութերից հետևում է, որ ծրագրի 5 հիմնական, այսպես կոչված, առաջնային կենտրոններից չորսը ԱՄՆ-ում են, իսկ մեկը՝ Միացյալ Թագավորությունում: Այսպիսով, այս առաջնային կենտրոնները գտնվում են բացառապես «Անգլոսաքսոնական աշխարհում»:[2] Ծրագրի 34 օժանդակ կենտրոններից 16-ը՝ (47%) նույնպես ԱՄՆ-ում են, 5-ը՝ Գերմանիայում, 4-ական՝ Ֆրանսիայում և Ճապոնիայում, 2-ը՝ Մեծ Բրիտանիայում: Մեկական այսպիսի կենտրոն կա Չինաստանում և Ավստրալիայում:

Աղյուսակ 1. «Մարդկային գենոմ» ծրագրի հիմնական և օժանդակ կենտրոնները

Աղբյուրը՝ Human Genome Project Information Archive

Ինչպես տեսնում ենք, գիտատեխնոլոգիական այս ասպարեզում ամբողջությամբ բացակայում են հիմնականում մահմեդական և սլավոնական երկրները: Միջնորդավորված կերպով նրանք ներկայացված են երկրորդային միակ միջազգային մասնակցի՝ Մարդկային գենոմի տեղորոշման միջազգային կոնսորցիումի (International Human Genome Sequencing Consortium) միջոցով:

Երկրորդային կենտրոնների ցանկում «Հիերոգլիֆների աշխարհը» ներկայացված է 5 կենտրոններով՝ չորս ճապոնական և մեկ չինական: «Մայրցամաքային Եվրոպան»՝ 9 կենտրոնով, հինգ գերմանական և չորսը՝ ֆրանսիական: Ցանկում առավել մեծ է «Անգլոսաքսոնական աշխարհի» մասնաբաժինը՝ 19 կենտրոն (56%)՝ 16 ամերիկյան, 2 բրիտանական և մեկ ավստրալիական:

Գենետիկ տեղորոշման, վիրուսոլոգիական խորը ու համակողմանի ուսումնասիրություններին անելու ունակ երկրներն ավելի քիչ են, քան ՄԱԿ անդամ երկրների 2%-ը: Մնացյալ մոտ 180 երկրները գիտատեխնոլոգիական լրջագույն կախվածության մեջ են: Ինչ խոսք, այս կախվածությունը թուլանում է նրանով, որ թե՛ «Մարդկային» գենոմ ծրագրի, թե՛ SARS-CoV-2 կորոնավիրուսի գենոմի տեղորոշման արդյունքները լայնորեն հասանելի դարձան բոլոր երկրներին ու մասնագիտական կենտրոններին:[3]

Բայց միայն այն ծավալով և ձևաչափով, որն ընդունելի էր առաջատար երկրների ու կազմակերպությունների համար: Եվ միայն այն բանի շնորհիվ, որ դեռ գործում են միջազգային համագործակցության և հարաբերությունների նորմերը: Սակայն, միջազգային համակարգի ներկայիս քայքայման, կառույցների հեղինակության անկման ներկայիս միտումները խորը մտահոգվելու տեղիք են տալիս: Այսօր, համավարակի պայմաններում մարդկային ու միջազգային փոխօգնության ու համագործակցության հրաշալի օրինակների կողքին տեսնում ենք նեղ կորպորատիվ, ազգայնական և նույնիսկ՝ ծավալապաշտական նկրտումների տագնապալի դրսևորումներին:[4]

Բոլոր դեպքում, այն հատուկ ունակությունները և հմտությունները, որոնք ընկած են կրիտիկական նշանակության գիտահետազոտական ուսումնասիրությունների և տեխնոլոգիաների հիմքում, գերհաղորդականությունից՝ գենետիկա, քվանտային հաշվիչ տեխնիկայից՝ ռոբոտոտեխնիկա, լազերներ և իրերի ցանցային ինտերնետ, մնում են պարփակված երկրների նեղ շրջանակում:

Գերքաղաքները և քաղաքային գիտա-տեխնոլոգիական խմբերը

«Աշխարհի իրական սահմանները գծվում են ոչ թե առանձին երկրներով, այլ տնտեսական տարածքներով և գիտա-տեխնոլոգիական խմբերով»:

Ջոն Նայսբիթ, Մեգաթրենդներ, 1980թ.

2 019թ. սեպտեմբերին Ժնևում հրատարակվեց «Նորարարության Համաշխարհային Ցուցիչ - 2019» 12-րդ հաշվետվությունը (The Global Innovation Index 2019, GII-2019), որը կազմում են Կորնելի համալսարանի Ջոնսոնի անվան գործարարության քոլեջի (SC Johnson College of Business), Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ)[5] և Գործարար ղեկավարման Եվրոպական ինստիտուտի[6] փորձագետները:

Ամերիկյան «R & D Magazine»[7] ամսագրի և GII ամենամյա հաշվետվություններն աշխարհի գիտատեխնոլոգիական առաջընթացի նկարագրությանը, հիմնախնդիրների քննարկմանը և միտումների վերհանման հիմնական աղբյուրներից են:

GII 2019թ. հաշվետվությունն ունի երկու կարևոր առանձնահատկություն: Նախ՝ այն կրում է «Առողջ կենսակերպի ստեղծում – նժշկական նորարարությունների ապագան»[8] խորագիրը, իսկ հաշվետվության զգալի մասը նվիրված է բժշկության և առողջապահության ասպարեզներում գիտատեխնոլոգիական առաջընթացին։ Միանգամայն մարգարեական ընտրություն, հաշվի առնելով 2019թ. դեկտեմբերի վերջից աշխարհում ծայր առած COVID-19 համաճարակը, որն 2020թ. մարտի 11-ին հայտարարվեց որպես համավարակ (գլոբալ մասշտաբի համաճարակ՝ պանդեմիա)[9]:

Հասկանալի է, որ այսպիսի ընտրության համար հիմք հանդիսացավ աշխարհում ավելի հաճախակի դարձող վիրուսային համաճարակների բռնկման փաստը:[10] Հիշենք միայն MERS կորոնավիրուսային համաճարակը՝ 2013-ին, ատիպիկ թոքաբորբի SARS-CoV կորոնավիրուսային համաճարակը՝ 2002-ին, հեմորագիկ վիրուսային Էբոլա տենդի 2014-16թթ. համաճարակը, Զիկա և Դենգե վիրուսային համաճարակները 2015-ին և 2019-ին և այլն: Տագնապալի արագությամբ հաճախացող վիրուսային համաճարակների վտանգը գիտակցված էր դեռ COVID-19 համավարակի բռնկումից շատ առաջ:

Մեզ համար առավել կարևոր է GII 2019թ. հաշվետվության մեկ այլ առանձնահատկություն՝ աշխարհում նորարական և գիտատեխնոլոգիական գործունեության ակտիվության տարածական բաշխվածության կանոնավոր ուսումնասիրությունը: Այս ծավալուն աշխատանքը GII մասնագետները իրականացնում են 2017-ից սկսած, իսկ ստացված արդյունքները ներկայացնում GII վերջին երեք ամենամյա հաշվետվությունների հատուկ բաժիններում՝ «Աշխարհի խոշորագույն գիտատեխնոլոգիական խմբերի նույնականացումը և դասակարգումը»[11] բաժնում:

Իր բնույթով սա եզակի ուսումնասիրություն է, որտեղ աշխարհագրական տեղորոշման հատուկ ծրագրային փաթեթներով, տվյալների մեծ շտեմարանների մշակմամբ[12] վերլուծում են ՄՍՀԿ շտեմարանում, Clarivate ընկերության Web of Science SCI Expanded գիտական հրապարակումների 2013-17թթ. ընթացքում ընդունված և հաստատված հոդվածները՝ նպատակ ունենալով տեղորոշել դրանց իրականացման վայրն ու հասցեն՝ երկրի, քաղաքի, շրջանի, փողոցի և շենքի ճշգրտությամբ: Պատենտային ակտիվության և գիտահետազոտական հրապարակումների քանակական և որակական արդյունքները ի մի են բերվում ԳՀՓԿ գործունեության մեկ ընդհանրական ցուցիչի տեսքով:

Ուսումնասիրությունների արդյունքները ամփոփված են GII 2019թ. հաշվետվության հատուկ բաժնում՝ աշխարհի տեղորոշված 100 խոշորագույն քաղաքային գիտատեխնոլոգիական խմբերի ցանկում՝ դասակարգված ըստ ԳՀՓԿ գործունեության ընդհանրական ցուցիչի նվազման (ամբողջական ցանկը տե՛ս GII 2019թ., TABLE S-1.2):

Աղյուսակ 2. Մոլորակի առաջատար քաղաքային գիտատեխնոլոգիական խմբերը (կլաստերները): Դասակարգումը՝ ըստ ԳՀՓԿ գործունեության ընդհանրական ցուցիչի։


Աղբյուրը՝ The Global Innovation Index 2019, էջ 61։

Աղյուսակից հետևում է, որ մոլորակի քաղաքային գիտատեխնոլոգիական խմբերի առաջին հնգյակից 3-ը (60%) գերքաղաքներ են՝ Տոկիո – Յոկոհամա, Չենժեն - Հոնգ Կոնգ և Պեկին, (աղյուսակում գերքաղաքները բերվում են մգեցված տառատեսակով): Բոլոր այս գերքաղաքները գտնվում են «Արևելքում»[13], իսկ «Արևմուտքը»՝ ի դեմս  «Անգլոսաքսոնական աշխարհի», հնգյակում ներկայացված է միայն ԱՄՆ արևելյան ափի Ս. Ֆրանսիսկո-Ս. Խոսե ագլոմերացիայով, իր բնակչությամբ (9.5 մլն) այն մի փոքր զիջում է գերքաղաքի շեմային արժեքին:[14]

Առաջատարների տասնյակում են 7 գերքաղաք (70%), «Արևելքը» ու «Արևմուտքը» այստեղ ներկայացված են հավասար՝ հինգական քաղաքային խմբերով: «Արևելյան» գերքաղաքներին է ավելացել ճապոնական Օսակա-Կոբե-Կիոտո ագլոմերացիան, իսկ «Արևմուտքին»՝ Նյու Յորք և Փարիզ գերքաղաքները: Այս ցանկում Փարիզն առաջին եվրոպական քաղաքն է (տե՛ս նաև այստեղ):

Ցանկում գերքաղաքները 9-ն են, խոշոր քաղաքները՝ 11-ը: Ընդհանրական «Արևելքը» և «Հիերոգլիֆների աշխարհը» ներկայացված է 7 խմբով (35%): «Արևմուտքը»՝ 13 խմբով (65%), որից ամերիկյան՝ 8 քաղաք: «Անգլոսաքսոնական աշխարհը» այստեղ ներկայացված է նաև առաջին, ոչ ամերիկյան քաղաքով՝ Լոնդոն (15-րդ տեղ): «Մայրցամաքային Եվրոպան» բացի 9-րդ տեղը զբաղեցնող Փարիզից 20-յակում ներկայացնում են հոլանդական Ամստերդամ-Ռոթերդամ ագլոմերացիան (18-րդ տեղ) և գերմանական Քյոլնը (20-րդ տեղ):

«Սլավոնական աշխարհը» առաջին անգամ հայտնվում է միայն ցանկի 50-յակում՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա (33-րդ տեղ): Նույնը վերաբերվում է մահմեդական «Կիսալուսնի աշխարհին»՝ ցանկի 46-րդ տեղում Թեհրանն է։ Նկատենք, որ այն զիջում է ամերիկյան Պորտլենդին, սակայն առաջ է չինական Հիյանից (47-րդ տեղ), իտալական Միլանից (48-րդ տեղ), ամերիկյան Դենվերից (49-րդ տեղ) և շվեյցարական Ցյուրիխից։ Իսրայելը ցանկում առաջին անգամ ներկայանում է նույնպես 50-յակում՝ Թել Ավիվ – Երուսաղեմ ագլոմերացիայով (23-րդ տեղ):[15]

Նկար 1-ում մոլորակի առաջատար քաղաքային գիտատեխնոլոգիական խմբերի բաշխվածությունն է՝ ըստ քաղաքներին տիպերի։


Նկար 1. Մոլորակի գիտատեխնոլոգիական քաղաքային խմբերը՝ ըստ քաղաքներին և գլոբալ տարածաշրջանների: Աղբյուրը՝ GII-2019:

Վերը շարադրվածը թույլ է տալիս եզրակացնել, որ՝

  1. Նորարական և գիտատեխնոլոգիական գործունեության ակտիվության տարածական բաշխվածությունը վկայում է, որ առանձին երկրների և ողջ աշխարհի գիտատեխնոլոգիական առաջընթացի ներուժը կենտրոնացած է խոշոր քաղաքներում:
  2. Այս խմբերի կազմը խայտաբղետ է, դրանք ներառում են խոշոր համալսարանների գիտական կենտրոններ, պետական և մասնավոր կազմակերպություններ, խոշոր գիտաարդյունաբերական կազմակերպություններ, հետազոտական փոքր խմբեր, մասնավոր սկսնակ ընկերություններ և այլն:
  3. Մոլորակի 5 խոշորագույն քաղաքային գիտատեխնոլոգիական կենտրոններից 4-ն «Արևելքում»[16] են: Այս 5 քաղաքներից 3-ը՝ գերքաղաքներ են:
  4. «Արևմուտքը» թեև զիջում է դիրքերն առաջատար հնգյակում, սակայն ամբողջական ցանկում նրա գերակայությունը շոշափելի է. 100 քաղաքային գիտատեխնոլոգիական կենտրոնների երկու երրորդը «Արևմտյան» են:

Վերլուծելով գիտատեխնոլոգիական առաջընթացի միտումները՝ GII-2019թ. հաշվետվությունը նշում է, որ գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական (ԳՀՓԿ, НИиОКР, R&D) աշխատանքների ծախսերը 1996-2016թթ. ժամանակահատվածում աճել են ավելի արագ, քան համաշխարհային ՀՆԱ-ն: Փորձագետները նշում են, որ գիտատեխնոլոգիական համագործակցության զարգացումից բացի, ներկայում սաստկանում է առանձին երկրների և երկրների խմբերի միջև գիտատեխնոլոգիական մրցակցությունը:

Վերջաբանի փոխարեն

«Ապագան պետք չէ կանխատեսել, այն պետք է կերտել»:
Դենիս Գաբոր, Inventing the Future, 1963թ.

Ա յն հանգամանքը, որ Երևանը ու Հայաստանը տեղ չեն գտել հիշյալ ուսումնասիրության էջերում, ցավոք դժվար է անակնկալ համարել: Եվ հեշտ է տեսնել, թե ինչու: Դիտարկելով առանձին երկրներում ԳՀՓԿ ծախսերի մասին Համաշխարհային Բանկի (ՀԲ, WB) կողմից տրամադրված տվյալները, GII-2019թ. հաշվետվությունը գիտատեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից առանձնացնում է երկրների երեք խումբ:

Ամենամեծ խմբում այն երկրներն են, որոնց ԳՀՓԿ ծախսերն արտահայտված որպես ՀՆԱ-ի[17] տոկոս, մոտ են միջին համաշխարհային արժեքին: 1996-2014թթ. ժամանակահատվածում այն տատանվում էր ՀՆԱ-ի 2.0% շուրջ (տե՛ս, նկ. 2): Սկսած 2015-ից նկատելի է այս ցուցանիշի աճը՝ 2017-ին ԳՀՓԿ ծախսերը միջինացված ողջ աշխարհի համար կազմել էին համաշխարհային ՀՆԱ-ի արդեն 2.2%:

Մյուս խմբում առաջատար երկրներն են, որտեղ ԳՀՓԿ ծախսերը շոշափելիորեն ավելին են միջին համաշխարհային ցուցանիշներից. Օրինակ՝ Իսրայելը, (նկ. 2-ում բերում ենք Իսրայելի ԳՀՓԿ ծախսերը 1996-2018թթ.): Ինչպես տեսնում ենք, 2000թ-ից Իսրայելի ցուցանիշը (ՀՆԱ-ի մոտ 4.0%) երկու անգամ ավելին էր համաշխարհային միջինից, իսկ 2017-ին ԳՀՓԿ ծախսերը կազմել էին ՀՆԱ-ի մոտ 4.5%:


Նկար 2 ԳՀՓԿ ծախսերը, որպես տոկոս ՀՆԱ-ից, 1996-2017թթ.: Աղբյուրը՝ ՀԲ

Համեմատության համար նկ. 2-ում բերում ենք նաև Հարավային Կովկասի երեք հանրապետությունների ցուցանիշները: Ինչպես տեսնում ենք, ԳՀՓԿ ծախսերն այստեղ ՀՆԱ մոտ 0.2% է: Նկ. 3-ում բերում ենք միայն Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԳՀՓԿ ծախսերը:

Ինչպես տեսնում ենք 1996-1998թթ. Ադրբեջանում ԳՀՓԿ ծախսերը կտրուկ աճում են՝ հասնելով ՀՆԱ 0.42%-ի՝ 1998-ին, ապա նվազում՝ մինչև ՀՆԱ 0.16-0.17% 2008-ին: Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԱՉԳ նավթադաշտի շահագործման հիմնական փուլի նախօրեին Ադրբեջանում իրականացվեց մանաթի դենոմինացիա, ուստի բացարձակ մեծություններով արտահայտված ԳՀՓԿ ծախսերն այս ժամանակահատվածում մնացին մոտավորապես նույն մակարդակի վրա: Ու թեև 2009-2015թթ. ժամանակահատվածում ՀՆԱ-ի %-ով արտահայտված ԳՀՓԿ ծախսերը Ադրբեջանում աճում են մինչև 0.22%, դրանց բացարձակ արժեքները իրականում դանդաղ նվազում էին: Իսկ սկսած 2015-ից նվազում է նաև ՀՆԱ-ի %-ով արտահայտված ԳՀՓԿ ծախսերը, 2018-ին կազմելով ՀՆԱ 0.19%:

1996-98թթ. ընթացքում Վրաստանի կորը նվազում է. 0.3%-ից հասնելով մինչև ՀՆԱ 0.24%, ապա՝ գահավիժում: 2014-ից Վրաստանում նկատելի է ԳՀՓԿ ծախսերի շեշտակի աճ, 2014թ. 0.098% ցուցանիշից հասնում է 0.32%-ի՝ 2015-ին:


Նկար 3. ԳՀՓԿ ծախսերը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, % ՀՆԱ-ից, 1996-2018թթ.: Աղբյուրը՝ ՀԲ:

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանում ԳՀՓԿ ծախսերը ընդհանուր առմամբ տատանվում էին ՀՆԱ 0.24% ցուցանիշի շուրջ: Նկատելի է անկումը՝ սկսած 2015 թվականից: 2018-ին Հայաստանի ԳՀՓԿ ծախսերը կազմել էին ՀՆԱ 0.19%: Այսինքն, մոտ 12 անգամ պակաս համաշխարհային միջինից, և 24 անգամ պակաս Իսրայելի ցուցանիշից:

Հնարավոր է արդյոք «հայտնվել ապագայում»՝ գիտահետազոտական ուսումնասիրությունների և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված այսպիսի ծախսերով: Պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է:

Ուստի, Հայաստանի թռիչքաձև զարգացման, արդի մարտահրավերներին համարժեք պատասխանելու համար հրամայական է առաջիկա 4 տարում անընդմեջ կրկնապատկել ԳՀՓԿ ծախսերի ծավալները, հասցնելով դրանք ՀՆԱ 3.0% ցուցանիշի՝ 2025 թվականին:


[1] Տե՛ս այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ:

[2] Գիտատեխնոլոգիական ունակությունների տեսանկյունից «Աշխարհի աշխարհները» դասակարգման մանրամասները տե՛ս այստեղ, այստեղ և այստեղ: «Անգլոսաքսոնական աշխարհում» են ԱՄՆ-ը, ՄԹ-ը, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան:

[3] Մասնավորապես, ՈՒհան քաղաքի պաշտոնյաները անհայտ տեսակի թոքաբորբի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ, WHO) տեղական ներկայացուցիչն հայտնեցին 2019թ. դեկտեմբերի 31-ին: Հարուցիչը հայտնաբերվեց 8 օր անց՝ 2020թ. հունվարի 7-ին: 2020թ. հունվարի 12-ին Չինաստանը ԱՀԿ-ին և ողջ աշխարհին տրամադրեց կորոնավիրուսի գենոմի տեղորոշման արդյունքները:

[4] Տե՛ս օրինակ այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ:

[5] World Intellectual Property Organization, WIPO.

[6] Institut Européen d'Administration des Affaires, INSEAD.

[7] Այս ամսագրի և դրա կայքի մասին ավելի հանգամանալի տե՛ս այստեղ և այստեղ:

[8] Creating Healthy Lives - The Future of Medical Innovation

[9] Հունվարի 30-ին ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսային բռնկումը հռչակեց «համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ»: 2020թ. փետրվարի 3-ին ԱՀԿ-ն հրապարակեց նվազ զարգացած առողջապահական համակարգով երկրների համար առաջին ռազմավարական ուղեցույցը: Երկրորդ ուղեցույցը հրապարակվեց մայիսի 14-ին: 2020թ. փետրվարի 11-ին վարակին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը:

[10] Ավելի հաճախակի դարձող համաճարակների պայմաններում Հայաստանի պես կողպված երկրների (Landlocked countries) հիմնահարցերի մասին տե՛ս այստեղ:

[11] Identifying and Ranking the World’s Largest Science & Technology Clusters. Տե՛ս այստեղ, էջ 61-66.

[12] Տվյալների շտեմարանների, Big Data-ի և տեղորոշման ծրագրերի մասին տե՛ս այստեղ:

[13] Դրանցից 4-ը պատկանում են «Հիերոգլիֆների աշխարհին»: Հիշեցնենք, որ քաղաքներին նվիրված հոդվածաշարում «Արևելք» և «Արևմուտք» եզրերը որպես ընդհանրական տարածաշրջաններ օգտագործվում են առավելապես քաղաքակրթական ու լեզվամշակույթային իմաստով, իսկ «գլոբալ Հյուսիս» և «գլոբալ Հարավ» եզրերը տնտեսական են և զարգացած և զարգացող երկրների խմբերի հոմանիշն են (տե՛ս այստեղ և այստեղ, Գլ.3):

[14] Ըստ UN DESA 2018թ. մեթոդաբանության՝ գերքաղաք են կոչվում 10 մլն-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքները (տե՛ս այստեղ):

[15] Որքանով է հիմնավորված դիտարկել իրարից բավական հեռու գտնվող Թել Ավիվն ու Երուսաղեմը մեկ ագլոմերացիայում՝ GII-2019 հաշվետվությունում չի շոշափվում: ՄԱԿ և այլ միջազգային կառույցների բոլոր ուսումնասիրություններում Իսրայելի համար դիտարկվում է միայն Թել Ավիվ-Յաֆո (Tel Aviv-Yafo) ագլոմերացիան, իսկ Երուսաղեմը միշտ դիտարկվում է առանձին:

[16] Տե՛ս, այստեղ:

[17] Ճշգրտված ըստ գնողունակության մակարդակի (PPP):