Քաղաքաբնակ մարդկությունը

12 ր.   |  2020-03-11

«Պատմության գրքերում XXI դարը կհիշվի որպես ժամանակաշրջան, երբ մարդկությունը դարձավ քաղաքաբնակ»:

Դ. Մադդեն, 2012թ. [22]

XIX-րդ դարը հաճախ անվանում են էլեկտրականության, XX-ը՝ կոսմիկական կամ ատոմային էներգիայի դար, իսկ XXI-ը, ամենայն հավանականությամբ, կհիշվի որպես մարդու և այլ էակների գենոմի ամբողջական վերծանման դար ու ժամանակաշրջան, երբ մարդկությունը դարձավ քաղաքաբնակ։

Իրոք, անցած տասնամյակներում ուրբանիզացիայի տեմպը մոլորակում աննախադեպ էր: Ըստ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խնդիրների դեպարտամենտի (UN DESA) 2019թ. հաշվետվության՝ 1950թ. քաղաքներում էր ապրում մարդկության ընդամենը 30%-ը։ 2008-ին քաղաքաբնակների մասնաբաժինն արդեն հատեց 50%-ի, իսկ 2018-ին՝ 55%-ի շեմը կամ մոտ 4.22 մլրդ։ Այնքան, որքան մոլորակի ողջ բնակչությունն էր 1975-ին: Ակնկալվում է, որ 2030-ին այս ցուցանիշը կհասնի մոտ 60.4%-ի կամ 5.17 մլրդ մարդու, ինչն ավելին է, քան մոլորակի ողջ բնակչությունը 1987-ին։

Ժողովրդագրական փոփոխության իրական ծավալն առօրյա կյանքում դժվար ընկալելի է ու չնկատվող։ Հաշվետվություններում բերվող այս չոր թվերի ետևում թաքնված իրական գործընթացներն ակնառու դարձնելու համար դիմենք առավել տեսանելի միջոցների: Նկար 1-ում բերում ենք վերջին 12 հազար տարում մոլորակի բնակչության աճի կորը՝ կառուցված հնէաբանական, պատմական ուսումնասիրությունների և վիճակագրական տվյալների վրա, որը կազմել են ourworldindata.org կայքի փորձագետները։ Այն ցույց է տալիս վերջին 100-150 տարում մոլորակի բնակչության գրեթե ուղղահայաց աճը։

Այս թռիչքաձև աճի անբեկանելիությունն է վկայում այն փաստը, որ անգամ «սև մահը»՝ XIV դարի ժանտախտի համաճարակը, որը Եվրոպայում մոտ 200 մլն մարդու կյանք խլեց, այս գրաֆիկում երևում է միայն որպես աճի թեթևակի անկում (տե՛ս Նկ. 1)։ Եվ սա այն դեպքում, որ «սև մահի» զոհերի թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է XIV դարից ի վեր Եվրոպայում տեղի ունեցած բոլոր պատերազմների զոհերը միասին վերցրած: Նկատենք, որ Նկ.1-ում պատկերված մոլորակի բնակչության աճի գրաֆիկում XX դարի սկզբի իսպանական գրիպի (25-50 մլն մարդ), Առաջին (մոտ  20 մլն մարդ) և Երկրորդ (75-85 մլն մարդ) աշխարահամարտերի զոհերով պայմանավորված դանդաղումը ընդհանրապես նշմարելի չէ:




Նկար 1. Մոլորակի բնակչության աճը վերջին 12 հազար տարում: 2018-ին դրա կառուցվածքը՝ ըստ երկրների:

Այս աննախադեպ աճը անքակտելիորեն կապված է քաղաքների աճով ու զարգացմամբ։ Իրականում դժվար է ասել, թե որն է առաջնային՝ բնակչության ա՞ճն է պայմանավորում քաղաքների աճը, թե՞ մասշտաբային ուրբանիզացիոն գործընթացներն են պայմանավորում մոլորակի բնակչության աճը։ Սակայն ակներև է, որ երկուսն էլ շաղկապված են, այսպես կոչված, «դրական հետադարձ կապով»՝ սնելով և ուժեղացնելով միմյանց:

Քաղաքների զարգացումը և ուրբանիզացիոն գործընթացը կամ այլ խոսքով՝ այն, ինչը մենք հաճախ անվանում ենք արդի քաղաքակրթություն, հանգեցրին մարդկային հանրությունների սոցիալ-քաղաքական կառուցվածքի, առևտրատնտեսական գործունեության, ազգային և միջազգային հարաբերությունների, մարդու հանրային, խմբային, անհատական ու անձնային վարքի խորը, անգամ պարադիգմալ փոփոխությունների։ Այս դարակազմիկ գործընթացների ուսումնասիրությանը նվիրված է ծավալուն ու բազմաշերտ գրականություն։ Հոդվածի վերջում բերում ենք դրանցից մի քանիսը, որոնք ժամանակին հատկապես մեծ արձագանք են ստացել՝ դառնալով քաղաքներում մարդու գոյությանը նվիրված արդի մասնագիտական քննարկումների դասական հենքը։ Ցավոք, ցանկում բերվող այս աշխատությունները երբևէ չեն թարգմանվել հայերեն: Ընթերցողների հարմարության համար տալիս ենք նաև համացանցում առկա նյութերի հղումները:

Ստորև մենք հակիրճ կանգ կառնենք այս բարդ ու համալիր գործընթացների թերևս ամենաակնառու բաղադրիչի՝ գերքաղաքների կամ Մեգաքաղաքների վրա: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է ներկայացնել մի քանի սահմանում:


Նկար 2. Մոլորակի քաղաքներն ու դրանց բնակչությունը, 2018թ: Աղբյուրը՝ UN DESA, սեփական հաշվարկներ

Մեգաքաղաքներ. գլոբալիզացիայի  և  նոր ռեգիոնալիստիկայի միջև 

«Քաղաքը դառնում է աշխարհ»:
Դ. Մադդեն, 2012թ. [22]

Ըստ UN DESA արդի մեթոդաբանության քաղաքներն ընդունված է դասակարգել 6 տեսակի. քաղաքատիպ ավաններ՝ մինչև 0.3 մլն, փոքր քաղաքներ՝ 0.3-0.5 մլն, պարզապես քաղաքներ՝ 0.5-1.0 մլն, միջին՝ 1.0-5.0 մլն, և խոշոր քաղաքներ՝ 5.0-10.0 մլն, և մեգաքաղաքներ՝ ավելի քան 10.0 մլն բնակչությամբ։ Նկար 2-ում բերում ենք 2018-ին մոլորակի քաղաքների բնակչության բաշխվածությունն՝ ըստ այս դասակարգման։

Համաձայն UN DESA 2019թ. տվյալների, աշխարհում 2018-ին կար մինչև 0.3 մլն բնակչությամբ ավելի քան 5500 քաղաքատիպ ավան, ուր ապրում էր աշխարհի քաղաքաբնակների մոտ 22%-ը (1.75 մլրդ մարդ), իսկ 5.0-10.0  մլն բնակչությամբ 48 խոշոր քաղաքում՝ 4.3%-ը կամ 325 մլն մարդ։ Երևանը, ըստ այս դասակարգման, 466 այլ միջին քաղաքների հետ ընդգրկված է այն խմբում, ուր ապրում է մոլորակի քաղաքաբնակների 12.1%-ը կամ 926 մլն մարդ (տե՛ս Նկ. 2)։ Ակնկալվում է, որ 2030-ին աշխարհում կլինեն 597 այսպիսի քաղաք՝ գումարայինը 1.18 մլրդ բնակչությամբ։  

Առավել հետաքրքրական է 10 մլն-ից ավելի բնակչություն ունեցող մեգաքաղաքների խումբը, քանի որ հատկապես այստեղ են խտացված ժամանակակից ուրբանիզացիոն գործընթացներն ու զարգացման հիմնական միտումները՝ սոցիալական ու ժողովրդագրական լարումից մինչև գիտատեխնոլոգիական առաջընթաց, բնական և մարդածին աղետների հանդեպ խոցելիությունից մինչև անձնական տվյալների ու մասնավոր կյանքի «թափանցիկություն»: Մեգաքաղաքներն են հաճախ տվյալ երկրի ժողովրդագրական, քաղաքական ու տնտեսական «ծանրության կենտրոնը», երկրի քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական այցեքարտը։ Առաջին հերթին անդրադառնանք մեգաքաղաքների գոյացման ժամանակագրական ու դրանց տարածական բաշխվածության հարցերին։


Նկար 3. Մեգաքաղքները 2018-ին և 2030-ին: «
Գլոբալ Հյուսիսը» «Գլոբալ Հարավից» բաժանող «Բրանդի գիծը» բերվում է կարմիրով:  Աղբյուրը՝ UN DESA:

Նկ. 3-ում բերում ենք 2018-ին 33 մեգաքաղաքների քարտեզը։ Այստեղ է ապրում մոլորակի քաղաքաբնակ բնակչության 6.9%-ը կամ 529 մլն մարդ: Քարտեզում նշված են նաև այն քաղաքները, որոնք, ըստ UN DESA 2019թ. հաշվետվության, կդառնան գերքաղաքներ 2030-ին:

Ուշագրավ է մեգաքաղաքների տարածական բաշխվածությունը՝ ըստ մոլորակի գլոբալ տարածաշրջանների: Քարտեզում պատկերել ենք, այսպես կոչված, Բրանդի բաժանարար գիծը, որը տարանջատում է հարուստ երկրների «Գլոբալ Հյուսիս» տարածաշրջանը, համեմատաբար աղքատ «Գլոբալ Հարավից»: 1980-ին ներմուծված Բրանդի դասական այս բաժանարար գիծը կառուցվում է տարբեր երկրների բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով՝ ճշգրտված ըստ գնողունակության աստիճանի:[1] «Գլոբալ Հյուսիս» և «Գլոբալ Հարավ» եզրերը «զարգացած» և «զարգացող» երկրների ընդհանրական խմբերի հոմանիշն են և միշտ չէ, որ ենթադրում են տարածական կապակցվածություն։ «Արևելք» և «Արևմուտք» հավաքական եզրերն օգտագործվում են առավելապես քաղաքակրթական, մշակութային և կրոնական առումներով։

Այսօր Չինաստանում կա 6 մեգաքաղաք[2], Հնդկաստանում՝ 5-ը[3], ևս 3-ը Հնդկական ենթամայրցամաքում են, երկուսը՝  Պակիստանում և մեկը՝ Բանգլադեշում: Հնդկաչինում կա երեք մեգաքաղաք,[4] Հարավային Ամերիկայում՝  5[5], իսկ Աֆրիկյան մայրցամաքում՝ 3[6]:

Զարգացած և հարուստ երկրների «Գլոբալ Հյուսիս» տարածաշրջանում այսօր կա միայն 6 մեգաքաղաք. երկուսը՝ Ճապոնիայում (Տոկիո՝ 37.5 մլն և Օսակա՝ 19.3 մլն) և երկուսն ԱՄՆ-ում (Նյու Յորք՝ 18.8 մլն և Լոս Անջելես՝ 12.5 մլն), ինչպես նաև Մոսկվան՝ 12.4 մլն (ՌԴ) և Փարիզը՝ 11.0 մլն (Ֆրանսիա)։ Ակնկալվում է, որ 2030-ին մեգաքաղաքների թիվը կավելանա ևս 10-ով, որոնցից միայն մեկը՝ Լոնդոնը, կպատկանի «Գլոբալ Հյուսիսին»:

2018-ին 33 մեգաքաղաքից 27-ը կամ 82%-ը «Գլոբալ Հարավ» տարածաշրջանի զարգացող երկներում են՝ 8-ը՝ Հնդկական ենթամայրցամաքում, 6-ը՝ Չինաստանում, 5-ը՝ Լատինական Ամերիկայում, 2-ը՝ Աֆրիկայում։

Նկար 4-ում պատկերված է 1950-2035թթ. աշխարհի 20 մեգաքաղաքների և խոշորագույն քաղաքների փոփոխությունը՝ համաձայն UN DESA տվյալների (1950-2018թթ.) և կանխատեսումների (2019-2035թթ.)։


Նկար 4. Աշխարհի 20 խոշորագույն քաղաքների ցանկերի փոփոխությունը, 1950-2035թթ.։ Աղբյուրը՝ Youtube

Ինչպես տեսնում ենք, 1950-ին մոլորակի վրա կար ընդամենը երկու մեգաքաղաք՝ Նյու Յորքը և Տոկիոն, որոնք ներկայացնում էին «Արևմուտքը» և «Արևելքը», բայց երկուսն էլ զարգացած «Գլոբալ Հյուսիս» տարածաշրջանում էին և ունեին ոչ մահմեդական բնակչություն։ Երրորդ խոշորագույն քաղաքը 1950-ին Լոնդոնն էր՝ 7.89 մլն բնակչությամբ՝ նույնպես «Արևմուտքից» և «Գլոբալ Հյուսիսից» ու հիմնականում ոչ մահմեդական։ Ընդհանրապես, 1950-ին աշխարհի 6 խոշորագույն՝ մինչև 10 մլն բնակչություն ունեցող քաղաքները, բացառապես «Գլոբալ Հյուսիսում» էին, իսկ 7 խոշորագույն քաղաքները ոչ մահմեդական էին՝ Նյու Յորք, Տոկիո, Լոնդոն, Օսակա, Փարիզ, Մոսկվա, Բուենոս Այրես, Չիկագո։ Շոշափելի, բայց ոչ գերակշիռ մահմեդական բնակճությամբ հնդկական Կալկաթան իր 4.6 մլն ցուցանիշով 1950-ին զբաղեցնում էր 9-րդ տեղը։ Այս ցանկում գրեթե ամբողջովին մահմեդական բնակչությամբ առաջին խոշոր քաղաքը՝ Կահիրեն (2.5 մլն 1950-ին), գրավում էր միայն 20-րդ տեղը։

Նոր հազարամյակի շեմին՝ 2000-ին, աշխարհի խոշորագույն քաղաքների տասնյակում արդեն միայն մեկ «Արևմտյան» մեգաքաղաք կար՝ Նյու Յորքը՝ 17.7 մլն բնակչությամբ և միայն 3 մեգաքաղաք «Գլոբալ Հյուսիսից» (Տոկիո, Օսակա, Նյու Յորք)։ Ցանկից դուրս էին մնացել «արևմտյան» մի շարք խոշոր քաղաքներ. Բոստոնը, Բեռլինը, Դետրոյդը, Ֆիլադելֆիան, Լոնդոնը և Չիկագոն։ Փոխարենն ավելացել էին մահմեդական զգալի բնակչությամբ հնդկական Մումբայը, Դելին և Կալկաթան, իսկ գրեթե ամբողջությամբ մահմեդական Կահիրեին միացել էին Դաքքան և Կարաչին։ Ակնկալվում է, որ Լոնդոնը մեգաքաղաքների դասում կհայտնվի միայն 2030-ին (տե՛ս Նկ. 3), Փարիզից հետո դառնալով 2-րդը Եվրոպայում։


Նկար 5. Հայաստանը և մահմեդական «Կիսալուսնի աշխարհը»: Գունավորումը՝ ըստ մահմեդական բնակչության մասնաբաժնի։ Աղբյուրը՝ The Map Archive

2017-ին ցանկին է միանում նիգերական Լագոսը՝ 2018-ին 13.5 մլն բնակչությամբ։ Նկատենք, որ 2018-ին Նիգերիայի բնակչությունը մոտ 203.5 մլն էր (Աֆրիկյան մայրցամաքի ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը և 7-րդը աշխարհում), որից մահմեդական էր մոտ 53% կամ մոտ 107.8 մլն: Եգիպտոսի բնակչությունը 2018-ին մոտ 99.4 մլն էր, որից մահմեդական էր մոտ 90% կամ մոտ 89.5 մլն: 2020-ին ցանկի առաջին 9-յակում այլևս չկա և ոչ մի արևմտյան քաղաք, իսկ գրեթե ամբողջությամբ մահմեդական քաղաքների շարքին են միացել Ստամբուլը (14.8 մլն) և Ջակարտան (10.5 մլն):

Նշենք, որ 2018-ին 263 մլն բնակչություն ունեցող Ինդոնեզիան այսօր մահմեդական բնակչությամբ (87% կամ մոտ 229 մլն) ամենամեծ երկիրն է աշխարհում: Պակիստանի բնակչությունը 2018-ին 207.8 մլն էր, որից մահմեդական էր մոտ 96%-ը կամ մոտ 199.5 մլն: Նկար 5-ում բերում ենք մեր տարածաշրջանի մահմեդական բնակչությամբ երկրների քարտեզը։

Ի մի բերելով ասվածը՝ կարող ենք պնդել, որ մարդկության ապագան իր կացուցաձևով դառնում է քաղաքային, իր բնույթով՝ «արևելյան», իսկ մեր անմիջական հարևանությամբ՝ նաև մահմեդական։[7]  Մի փոքր վերափոխելով Հովսեփ բեն Մաթյահուի հայտնի խոսքը և նույնացնելով քաղաքների զարգացումն ու մեգաքաղաքների գոյացումը զարգացման հետ՝ կարող ենք ասել, որ «զարգացման Աստվածն այսօր «Գլոբալ Հարավում» և «Արևելքում» է։[8]

Մահմեդական աշխարհում Հայաստանի և Արցախի դիրքը Նկար 5-ում ակնառու է և խոսուն: Հարավից Հայաստանին են հարում մահմեդական երեք մեգաքաղաք՝ Ստամբուլը, Թեհրանը և Կահիրեն (տե՛ս Նկ. 3), ներկայացնելով թյուրքական, իրանական և արաբական աշխարհները: Հյուսիսում է ևս մեկ մեգաքաղաք՝ Մոսկվան, շոշափելի ու արագ աճող մահմեդական բնակչությամբ. ՌԴ մուֆթիների խորհրդի ղեկավարի գնահատականով, այսօր Մոսկվայում ապրում է 3-4 մլն մահմեդական, ինչը կազմում է այս մեգաքաղաքի բնակչության մոտ (12.4 մլն) 24-32%-ը: Որոշ փորձագետների կարծիքով, այս գնահատականը ուռճացված է, իսկ իրականությանն ավելի մոտ է 2-2.5 մլն գնահատականը:[9] Բոլոր դեպքերում փորձագետները միակարծիք են, որ մահմեդականները Մոսկվա մեգաքաղաքի և ՌԴ այլ խոշորագույն քաղաքների բնակչության ամենաարագ աճող հատվածն են:

Ելնելով տարածաշրջանային իրողություններից՝ աշխարհաքաղաքական տիրույթում Հայաստանի, Արցախի և հայության հարաբերությունների սերտացումը մահմեդական աշխարհի հետ այլընրանք չունի: Այն առաջին հերթին պետք է խորացնել Իրանի, Եգիպտոսի, Հորդանանի և ԱՄԷ-ի հետ, հատկապես, առևտրատնտեսական և գիտատեխնոլոգիական ոլորտներում։ Առավել ևս, որ այս ուղությամբ ամենաբարձր մակարդակով կատարվել ու կատարվում են շոշափելի քայլեր: Հիշենք միայն ՀՀ Վարչապետի պետական այցը Թեհրան, ՀՀ նախագահի այցը ԱՄԷ, Իրանի նախագահի այցը Երևան կամ վերջերս տեղի ունեցած Հորդանանի թագավորի պատմական այցը: Կարծում ենք, սակայն, որ այս ջանքերը կարելի է ընդլայնել նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրների (Լիբիա, Ալժիր, Մարոկկո), ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Ինդոնեզիայի ուղություններով:[10]


Գրականություն

  1. Виттфогель, Карл, Геополитика, географический материализм и марксизм. Под знаменем МарксисзмаNo. 2-3, 6-8, 1929. Գերմաներեն բնագրի հրատարակման տարեթիվը հայտնի չէ:
  2. Wittfogel, K.A., 1956, The Hydraulic Civilizations. Chicago, Chicago Univ. Press.
  3. Lefebvre H, 1958, Everyday Life in the Modern WorldVerso, London, New York, 1991.
  4. Mumford L, 1961, The City in History: Its Origins, its Transformations, and its Prospects. Harvest Books, New York.
  5. Ehrlich, Paul, 1968, The Population Bomb. Ballantine Books, New York.
  6. Lefebvre H, 1974, The Production of SpaceBlackwell, Malden, MA. 1991. (Лефевр, А., Производство пространства. Пер. с фр. И. Стаф. М.: Strelka Press, 2015).
  7. Simon, Julian, 1981, The Ultimate Resource. Princeton: Princeton University Press
  8. Naisbitt, John, 1982, MegatrendsTen New Directions Transforming Our Lives. Warner Books. (Джон Нейсбит, Мегатренды, М, “АСТ”, 2003).
  9. Robertson, R., Globalization: Social Theory and Global Culture.SAGE, London, 1992.
  10. Soja, E., 2000, Postmetropolis: Critical Studies of Cities and Regions. Wiley-Blackwell, Malden, MA.
  11. Crutzen, P., 2002, The geology of mankind. Nature, 415,
  12. NIC-2020, Mapping the Future: Report of the National Intelligence Council’s 2020 Project. Based onconsultations with nongovernmental experts around the world. NIC, December 2004.
  13. Angel, S., et all., 2005, The dynamics of global urban expansion. Transportation and Urban Development Department, The World Bank, Washington, DC.
  14. Cunningham, D., 2005, “The concept of the metropolis: philosophy and urban form.” Radical Philosophy 133, 13.–25.
  15. Worldwatch Institute, 2007, State of the world: our urban future. Worldwatch Institute, Washington, DC.
  16. NIC-2025, Global Trends 2025: A Transformed Worled. NIC, November 2008.
  17. Montgomery, M., 2008, The urban transformation of the developing world. Science 319, pp761–764.
  18. UN DESA, 2008, World urbanization prospects. 2007 revision. Department of Economic and Social Affairs, United Nations, New York.
  19. Zalasiewicz, J., et all, 2008, “Are we now living in the Anthropocene?.” GSA Today 18 (2), pp. 4–8.
  20. Harvey, D., 2008, “The right to the city.” New Left Review 53, 23–40.
  21. Khanna, P., 2010, “Beyond city limits.” Foreign Policy 181, 122–128.
  22. Madden, D.J., City becoming world: Nancy, Lefebvre, and the global–urban imaginationEnvironment and Planning D: Society and Space. 2012, volume 30, pp. 772-787.
  23. UN DESA, 2019, World urbanization prospects. 2018 revision. Department of Economic and Social Affairs, United Nations, New York.

[1] Գլոբալ «Հյուսիս» և «Հարավ» տարածաշրջանների, ՄԱԿ-ի Բրանդի հանձնաժողովի, Բրանդի դասական և մոդիֆիկացված բաժանարար գծերի և այլ հարակից հարցերի համար տե՛ս այստեղ և այստեղ, Գլ.3։

[2] Շանհայ՝ 25.6 մլն, Պեկին՝ 19.6 մլն, Չունցին՝ 14.8 մլն, Տյանցզին՝ 13.2 մլն, Գուանչժոու՝ 12.6 մլն, Շենչժեն՝ 11.9 մլն:

[3] Դելի՝ 28.5 մլն, Մումբայ՝ 20.0 մլն, Կալկաթա՝ 14.7 մլն, Բանգալոր՝ 11.4 մլն, Մադրաս՝ 10.5 մլն

[4] Մանիլան՝ 13.5 մլն (Ֆիլիպիններ), Ջակարտան՝ 10.5 մլն (Ինդոնեզիա) և Բանգկոկը՝ 10.2 մլն (Թայլանդ)։

[5] Սան Պաուլոն (21.7 մլն) և Ռիո դե Ժանեյրոն (13.3 մլն)՝ Բրազիլիայում, Բուենոս Այրեսը (15.0 մլն)՝ Արգենտինայում, Բոգոտան (10.6 մլն)՝ Կոլումբիայում և Լիման (10.4 մլն)՝ Պերուում։ Սան Պաուլոյի քաղաքային ագլոմերացիայի մասին խոսվում է արդի քաղաքներին նվիրված մեր հոդվածաշարի առաջին հրապարակման մեջ, ուր դիտարկվում է խոշոր քաղաքների, այդ թվում՝ Երևանի արտադրողունակության ժողովրդագրական և տարածական խտությունների ազդեցությունը:

[6] Կահիրե՝ (20.1 մլն, Եգիպտոս), Լագոս՝ (13.5 մլն, Նիգերիա) և Կինշասա՝ (13.2 մլն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, տե՛ս Նկ. 3)։

[7] Նկատենք, որ 2030-ին 10 նոր մեգաքաղաքներից գերակշիռ մահմեդական բնակչություն ունեցող քաղաքը միայն Թեհրան է։ Մյուս քաղաքները հիմնականում ունեն հինդու, ուրդու, չժեն, զուլու և այլ ոչ մահմեդական բնակչություն։

[8] Տե՛ս նաև Պ.Հաննայի «Ապագան Ասիական է» վերջերս հրատարակված գիրքը (Khanna, Parag, The Future Is Asian: Global Order in the Twenty-first Century. Weidenfeld & NicolsonLondon, 2019):

[9] Ավելի ուշ ՌԴ գերագույն մուֆթին համաձայնվեց այս գնահատականի հետ, հավելելով որ այսօր Մոսկվայի մարզում և Սանկտ Պետերբուրգում են ապրում ևս մեկական մլն մահմեդական, իսկ «Եկատերինբուրգի, Պերմի, Թյումենի, Օմսկի և Ռոստովի ագլոմերացիաներում դրանց թիվը հաշվվում է հարյուր հազարներով»:

[10] Տե՛ս օրինակ այստեղայստեղայստեղայստեղ և այստեղ: