Քաղաքներ 2020
14 ր. | 2020-02-04Քաղաքային բնակչության ժողովրդագրությունը
«Բոլոր մեծ մշակույթները[1] քաղաքային են։ Համաշխարհային Պատմությունը՝ քաղաքաբնակի, քաղաքացու պատմությունն է։ Ազգերը, պետությունները, քաղաքականությունը և կրոնը, արվեստը և գիտությունը բացառապես մեկ հիմնաերևույթի՝ Քաղաքում մարդկային կեցության արգասիքներն են»։
Օ.Շպենգլեր, «Եվրոպայի մայրամուտը»[2]։ Հ.1. «Համաշխարհային պատմության ձևաբանական ակնարկ», 1918թ.
Քաղաքները իրավամբ մարդկային քաղաքակրթության հիմնական շարժիչներն են։ Քաղաքներում են խտացված ներկան արտացոլող ստեղծագործ ուժերը, այստեղ են գոյանում մարդկության ապագան ուրվագծող միտումները՝ լինեն դրանք զարգացման ու բարգավաճման, թե հասունացող ճգնաժամի նախանշաներ, լճացման ու անկման գործընթացներ։
Ուստի զարմանալի չէ, որ իդեալական քաղաքների տեսլականները, դրանց տարատեսակ նախագծերի ստեղծումը ու դրանց իրականացման ճիգերը կարմիր թելով անցնում են քաղաքակրթության ողջ պատմությունով: Քաղաքային ուտոպիաները դարեր ի վեր եղել են սոցիալ-քաղաքական և մշակույթային պրպտումների կիզակետում՝ սկսած Պլատոնից, Մեն Ցզիից ու Կամպանելլայից մինչև Լեոնարդո դա Վինչի, լը Կորբյուզե կամ «Mortal Engines» ֆանտաստիկ ֆիլմի գիշատիչ շարժական քաղաքները։
Արդի քաղաքներին նվիրված շարքի սույն հոդվածում մենք հիմնականում կանգ կառնենք քաղաքային բնակչության ժողովրդագրության և արտադրողականության ցուցանիշների քննության վրա։
2018թ. աշխարհի բնակչության ավելի քան 55%-ը (մոտ 4.2 մլրդ մարդ) ապրում էր քաղաքներում։ Դեռ 2000թ. աշխարհի քաղաքային բնակչությունն ընդամենը 46.7% էր (նկ.1) և զիջում էր գյուղականին: Մինչդեռ աշխարհի առավել զարգացած երկրների քաղաքային բնակչությունը 2000-ին արդեն 74.2% էր, իսկ նվազ զարգացած երկրներինը՝ ընդամենը 40.1%: Աշխարհը հատեց քաղաքաբնակների 50%-ոց շեմը միայն 2010-ին, զարգացած երկրները հատել էին այս շեմը դեռ 1946-ին, իսկ նվազ զարգացած երկրները կհատեն այս շեմը միայն այս տարի (տե՛ս նկ.1)։
Նկար 1. Աշխարհի, առավել և նվազ զարգացած երկրների խմբերի քաղաքային բնակչության մասնաբաժնի (%) կորերը, 1950-2050թթ.: Նշված են նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները, երբ հատել են 50% շեմը: Աղբյուրը՝ UN DESA, սեփական հաշվարկներ:
Ակնկալվում է, որ 2050-ին մեր մոլորակի քաղաքաբնակների թիվը կլինի մոտ 6.5 մլրդ. կամ մոլորակի ընդհանուր բնակչության մոտ երկու երրորդը։ Տարածական առումով քաղաքներն այսօր գրավում են երկրի ցամաքային մակերեսի ընդամենը 3%-ը, սակայն այստեղ է գոյանում համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 80%-ը, և ծախսվում էներգիայի 60-80%-ը։
Հասկանալիորեն, քաղաքային բնակչությունը 100% է քաղաք պետություններում (Վատիկան, Քուվեյթ, Մոնակո, Սինգապուր, Հոնգ Կոնգ և այլն), այն բացարձակ մեծամասնություն է «թզուկ» կամ կղզի պետություններում՝ Կատար (99.1%), Մալթա (94.6%), Իսլանդիա (93.8%): Ուշագրավ է, որ քաղաքային բնակչությունը ճնշող մեծամասնություն է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսրայելը (92.4%), Ճապոնիան (91.6%), Հոլանդիան (91.5%) կամ Հորդանանը (91%): Եվ ամենևին էլ պատահական չէ, որ այս երկրները իրենց տարածաշրջանի գիտատեխնոլոգիական առաջատարներն են[3], և առկա են բոլոր հիմքերը պնդելու, որ քաղաքային բնակչության ճնշող գերակայությունը և/կամ դրա արագ աճը տվյալ երկրի գիտատեխնոլոգիական թռիչքաձև առաջընթացի անհրաժեշտ (բայց՝ ոչ բավարար) պայման են:
Ը ստ ՄԱԿ տվյալների՝ Հայաստանի քաղաքային բնակչությունը 2018-ին ընդհանուր բնակչության 63.1%-ն էր, իսկ համաձայն ՄԱԿ Տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի ժողովրդագրության դեպարտամենտի (UN DESA) գրադարանի՝ այն հատել էր 50%-ի շեմը 1960 թվականին: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանն այն հատել էր 1955-ին, Վրաստանը՝ միայն 1975-ին (նկ.1), Իրանը՝ 1982-ին, Թուրքիան՝ 1985-ին: Հատկանշական է, որ այս տվյալները լիովին համահունչ են այս երկրների սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկային: Վրաստանի ԽՍՀ հանդեպ Հայաստանի ԽՍՀ առաջընթացն ուրբանիզացիայի, ինչպես նաև համակարգային գիտատեխնոլոգիական ու կրթական քաղաքականության իրականացման արդյունքներն ի հայտ եկան ԽՍՀՄ փլուզման շեմին՝ 1978-1988թթ.:
Այսպես, այդ ժամանակահատվածում ՀԽՍՀ-ն գերազանցեց ՎԽՍՀ-ին 1000 բնակչի հաշվով բարձրագույն կրթություն ստացածների, գիտական աշխատողների, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատողների[4], արդյունաբերական-արտադրական անձնակազմի տեսակարար թվով[5], 100 ընտանիքին բաժին հասնող մասնավոր ավտոմեքենաների քանակով[6], ինչպես նաև արդյունաբերական-արտադրական անձնակազմի աշխատավարձի բացարձակ չափով:[7] Այդ տասնամյակում Հայաստանի առավելությունն Ադրբեջանական ԽՍՀ-ի նկատմամբ է՛լ ավելի ընդգծված էր, որոշ դեպքերում գերազանցումը առկա էր անգամ բացարձակ թվերով: Այսպես, 1985-ին ՀԽՍՀ արդյունաբերությունում զբաղված արդյունաբերական-արտադրողական անձնակազմի միջին տարեկան քանակը 453 հազ. մարդ էր, ԱդԽՍՀ-ում՝ 446 հազ., 1987-ին այս ցուցանիշը ՀԽՍՀ-ում հասավ 467 հազարի, իսկ Ադրբեջանում՝ 456 հազարի[8]: Հիշեցնենք, որ 1989թ. մարդահամարի տվյալներով ՀԽՍՀ բնակչությունը 3.3 մլն էր, ԱդԽՍՀ-ինը՝ 7.0 մլն:[9]
Ինչպես նշել էինք մեր հոդվածներից մեկում, «ԽՍՀՄ փլուզումից հետո մենք տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորցրինք բարդ գիտագործնական, հետազոտական, ինժեներական և մշակութային ստեղծագործ աշխատանքով զբաղված մասնագետների հսկայական բանակ: Իրողություն, որը չէր կարող բացասական հետևանքներ չունենալ հասարակության վրա: Չէ՞ որ մոտ կեսմիլիոնանոց մասնագիտական այս բանակն էր, որ պահանջկոտ ու սթափեցնող լսարան էր ձևավորում: Այն ապահովում էր հայ հասարակության զարգացումը, աշխարհի համարժեք ընկալումը և իր անմիջական, մասնագիտական գործունեությունից զատ կատարում էր էլ ավելի կարևոր դեր` ապահովում էր ազգի «ապագայի արտադրությունը»: Մասնագիտական բարդ աշխատանքով զբաղված, ալտրուիզմով տոգորված մարդկանց այս բանակի գործունեությունը և 2-րդ Հանրապետության տարիներին կուտակած քաղաքակրթական ռեսուրսը` ահա այն վճռորոշ գործոնները, որոնք հնարավոր դարձրին Սպիտակի աղետալի երկրաշարժի և վաղ 90-ականների համակարգային ճգնաժամի հաղթահարումը, Արցախյան պատերզմում մեր հաղթանակը»:
Նկար 2. Մեր հարևան և նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքային բնակչությունը (%) 2018-ին: Աղբյուրը՝ UN DESA:
Նկ.2-ում բերում ենք մեր անմիջական հարևան երկրների և նախկին ԽՍՀՄ հանրապետութունների 2018թ. քաղաքային բնակչության տոկոսային ցուցանիշը՝ ընդհանուր բնակչության համեմատ: Ամբողջականության համար նկարում բերվում է նաև աշխարհի միջինացված ցուցանիշը: Ինչպես տեսնում ենք, այս ցանկում առավել ուրբանիզացված (70% և ավելի) երկրներն են Բելառուսը (78.6%), Թուրքիան, Իրանը և ՌԴ-ն: Հայաստանը, Մերձբալթյան հանրապետությունների և Ուկրաինայի հետ 60-70% միջակայքում է, իսկ Վրաստանը, Ադրբեջանը և որոշ միջինասիական հանրապետություններ, մի փոքր գերազանցելով աշխարհի 2018թ. միջին ցուցանիշը, գտնվում են 50-60% միջակայքում: Ընդ որում, Տաջիկստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Ուզբեկստանը դեռ չեն հատել քաղաքային բնակչության 50%-ոց շեմը:
Ուրբանիզացիոն միտումները համարժեք հասկանալու համար բավարար չէ դիտարկել միայն նկ. 2-ի ստատիկ պատկերը՝ հիմնված քաղաքային բնակչության ընթացիկ տվյալների վրա: Անհրաժեշտ է դիտարկել նաև դինամիկ պատկերը: Նկ. 3-ում նույն խումբ երկրների համար պատկերում ենք նաև քաղաքային բնակչության տարեկան փոփոխությունը (%)՝ ըստ UN DESA տվյալների: Փոփոխության դրական արժեքը նշանակում է քաղաքային բնակչության աճ, իսկ բացասականը՝ նվազում:
Նկար 3-ում բերում ենք նաև աշխարհի քաղաքային բնակչության տարեկան փոփոխության 2018թ. ցուցանիշը (+1.9%): Այն դրական է, ինչը նշանակում է, որ աշխարհի քաղաքային բնակչությունը ներկայումս[10] աճում է տարեկան 1.9%-ով: Բացի այդ, նկ. 3-ում պատկերում ենք աշխարհի, ինչպես նաև առավել և նվազ զարգացած երկրների քաղաքային բնակչության տարեկան փոփոխության կորերը`1950-2050թթ. համար (1950-2018թթ.՝ փաստացի, 2020-50թթ.՝ ՄԱԿ կանխատեսումներ)[11]:
Նկար 3. Քաղաքային բնակչության աճի (+) կամ նվազման (-) տարեկան տեմպը (%) 2018-ին: Աղբյուրը՝ UN DESA, սեփական հաշվարկներ:
Նկ. 2-ի համեմատ դիտարկվող երկրների դասավորվածությունը նկ. 3-ում միանգամայն այլ է. դրանք հստակորեն բաժանվում են երկու խմբի՝ քաղաքային բնակչության տարեկան նվազմամբ (Մոլդովա, Լիտվա, Ուկրաինա, Լատվիա)[12] և աճով: Երկրորդ խմբում հիմնականում մահմեդական երկրներն են, ինչպես նաև Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանն ու Բելառուսը: Ընդ որում, Ղրղզստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի և Տաջիկստանի քաղաքային բնակչության աճի տեմպերը 2018-ին գերազանցում էին աշխարհի միջին ցուցանիշը (տե՛ս նկ. 3):
Քաղաքային բնակչության տարեկան փոփոխությունների տեմպի առումով նկ. 3-ում դիտարկվող երկրների խմբում Լատվիան և Տաջիկստանը բևեռներում են, իսկ Հայաստանը պատկերի մոտավորապես մեջտեղում է: Դինամիկ այս պատկերը ամբողջացնելու համար նկ. 4-ում բերում ենք 1950-2050թթ. Լատվիայի, Հայաստանի և Տաջիկստանի քաղաքային բնակչության տարեկան փոփոխությունների կորը:
Նկար 4. Տաջիկստանի, Հայաստանի և Լատվիայի քաղաքային բնակչության տարեկան փոփոխությունը (%) 1950-2050թթ.: Աղբյուրը՝ UN DESA, սեփական հաշվարկներ:
Ինչպես տեսնում ենք նկ. 4-ից, 1990-2000թթ. բոլոր երեք հանրապետություններին բնորոշ է դիտարկվող ցուցանիշի խորը գահավիժումը և անցումը բացասական արժեքների: Այսպիսի վարքը բնորոշ է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություներին (տե՛ս ստորև՝ նկ. 5-ում, ուր բերվում են ԽՍՀՄ սլավոնական հանրապետությունների և Մոլդովայի համապատասխան կորերը), ինչը, իհարկե, ԽՍՀՄ փլուզմամբ պայմանավորված քաղաքական, միգրացիոն և սոցիալ-տնտեսական իրողությունների հետևանք է: Իսկապես, Թուրքիայի կամ Իրանի կորերը զուրկ են այս հատկանշական գահավիժումից (տե՛ս նկ. 5-ում) և ունեն իրենց առանձնահատկությունը:
Դարավերջին ԽՍՀՄ նախկին հանրապետություններում քաղաքային բնակչության անկումը ամենախորն էր Հայաստանի համար՝ -2.31%, այսինքն՝ 1990-95թթ. քաղաքային բնակչության նվազում տարեկան 2.31% տեմպով (տե՛ս նկ. 4): Քաղաքային բնակչության աճ Հայաստանում գրանցվում է միայն սկսած 2012-ից: 1990-95թթ. Լատվիայի քաղաքային բնակչության կրճատման ցուցանիշը -1.35% էր և, ի տարբերություն Հայաստանի, մինչև 2050թ. շարունակում է մնալ բացասական: Այսինքն, ըստ UN DESA-ի կանխատեսումների, Լատվիայի քաղաքային բնակչությունը կշարունակի նվազել 2020-50թթ.: Նույնն է իրավիճակը նաև Ուկրաինայում (տե՛ս նկ. 4): Տաջիկստանի համար 1995-2000թթ. քաղաքային բնակչության կրճատման ցուցանիշը ավելի մեղմ էր՝ -0.21%: Այն դառնում է դրական (+1.9%) արդեն 2003-ից և, ըստ UN DESA-ի, այդպիսին կմնա մինչև 2050թ.:
Այս ամենն ասում ենք ընդգծելու համար հետևյալ հանգամանքները: Նախ, համաձայն UN DESA-ի տասնամյակների բազմաթիվ ուսումնասիրությունների՝ խոշոր՝ ավելի քան 0.5 մլն բնակչություն ունեցող քաղաքների ժողովրդագրական և տարածական աճի հիմնական աղբյուրը ներքին միգրացիան է, այլ ոչ թե քաղաքաբնակների բնական աճը: Արտաքին իմիգրացիան (ներհոսքը) կամ քաղաքաբնակների էմիգրացիան (արտահոսքը) այս առումով ունի երկրորդական դերակատարություն: Այս միտումն առկա է ավելի քան մեկ դար, և համաձայն UN DESA մասնագետների, մեծ հավանականությամբ կպահպանվի մինչև 2050թ.: Այսպիսին է իրավիճակը աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ նաև Հայաստանում և Երևանում:
Նկար 5. Նախկին ԽՍՀՄ սլավոնական հանրապետությունների, Իրանի և Թուրքիայի քաղաքային բնակչության տարեկան փոփոխությունը (%), 1950-2050թթ.: Աղբյուրը՝ UN DESA, սեփական հաշվարկներ:
Հաջորդը, ԽՍՀՄ փլուզմամբ և տարածաշրջանային հակամարտություններով պայմանավորված քաղաքային բնակչության կորուստները համեմատաբար մեղմ են արտահայտվել միջինասիական հանրապետություններում: Ընդհանրապես, ինչպես կտեսնենք քաղաքներին նվիրված մեր հաջորդ հոդվածում, ուրբանիստական միտումներն ու տեղեկատվական և ծառայությունների ոլորտների մասով տնտեսական զարգացումն առավել զորեղ է զարգացող, գլոբալ «Հարավ» տարածաշրջանում գտնվող խոշորագույն քաղաքներում, որոնցից շատերն ունեն մահմեդական զգալի բնակչություն:
Վերջապես, անհրաժեշտ է նշել, որ, չնայած Սպիտակի երկրաշարժի աղետալի ժառանգությանը, ԽՍՀՄ փլուզմամբ և տարածաշրջանային հակամարտություններով պայմանավորված ծանրագույն հետևանքներին, քաղաքային բնակչության դինամիկայի առումով ԽՍՀՄ նախկին հանրապետությունների շարքում Հայաստանն ամենևին էլ ամենավատ վիճակում չէ, ինչպես կարելի էր սպասել: Այս առումով ժողովրդագրական իրավիճակը Բալթյան հանրապետություններում կամ Ուկրաինայում շատ ավելի վատ է:
Քաղաքներն ու արտադրողականությունը
Վ աղ 90-ականներից մինչև 21-րդ դարի սկիզբն արձանագրված քաղաքային բնակչության շոշափելի անկումից հետո, 2011-12 թվականներից Հայաստանում արձանագրվել է քաղաքային բնակչության աճ (նկ. 4)՝ առաջին հերթին ներքին միգրացիայի պատճառով, և հիմնականում Երևանում: Համաձայն UN DESA-ի՝ այս աճը կպահպանվի առաջիկա տասնամյակներում՝ տարեկան մոտ 0.25% տեմպով։ Այն մի փոքր կդանդաղի միայն 2050-ին, տե՛ս նկ. 6:
Նկար 6. Հայաստանի քաղաքային բնակչությունը (%, սյունակներ, ձախ առանցք) և դրա տարեկան փոփոխությունը (%, գիծ, աջ առանցք), 1950-2050թթ.: Աղբյուրը՝ UN DESA, սեփական հաշվարկներ:
Սա իհարկե սփոփանք չէ, բայց և այնպես հուսադրող հանգամանք է, և մատնանշում է անհրաժեշտ ջանքերի ուղղությունը՝ խրախուսել քաղաքային բնակչության աճը առաջին հերթին խոշոր քաղաքներում, որտեղ կենտրոնացած է գիտատեխնոլոգիական միտքն ու ներուժը, որտեղ ստեղծվում է ապագան։
Այստեղ թերևս անհրաժեշտ է անդրադառնալ հոգեբանական և տեղեկատվական մի երևույթի, որը հաճախ աղավաղում է երկրի զարգացման և արտադրողականության բարձրացման հարցում խոշոր քաղաքների իրական նշանակության համարժեք ընկալումը։
Ինչպես արդեն նշել ենք՝ քաղաքներն այսօր տարածական առումով գրավում են երկրի ցամաքային մակերեսի ընդամենը 3%-ը, սակայն ստեղծում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 80%։ Այսինքն, տարածական առումով համաշխարհային ՀՆԱ ստեղծման գործում աշխարհի քաղաքային բնակչության դերակատարումը մոտ 129 անգամ ավելի է քան մնացած բնակչությանը։ Այլ խոսքերով, քաղաքների արտադրողականության տարածական խտության (spatial density of productivity) գործակիցը կազմում է 129։
Օրինակ, UN DESA տվյալներով 2018-ին Բրազիլիայի խոշորագույն՝ Սան Պաուլո քաղաքային ագլոմերացիայում[13] ապրում է մոտ 21.7 մլն մարդ, ինչի շնորհիվ Ս.Պաուլոն դասվում է «Մեգաքաղաքների» շարքին[14]։ Բայց, 2018-ին Բրազիլիայի բնակչությունը մոտ 210 մլն է, հետևաբար Ս.Պաուլոյում էր ապրում Բրազիլիայի բնակչության մոտ 10.3%-ը։ Մյուս կողմից, Ս.Պաուլոյի ագլոմերացիայում է գոյանում Բրազիլիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան մեկ երրորդը (33.3%-ից ավելին)։ Այսօր այն աշխարհի 10-րդ ամենահարուստ քաղաքն է, և ՀՆԱ-ի ցուցանիշով գերազանցում է Բելգիային, Եգիպտոսին, Քաթարին։ Ակնկալվում է, որ 2025-ին այն կդառնա աշխարհի ամենահարույստ 6-րդ քաղաքը։ Այլ խոսքով ՀՆԱ-ի առումով Ս.Պաուլոյի բնակչության արտադրողականությունը մոտ 4.4 անգամ գերազանցում է երկրի մնացած բնակչությանը, և մոտ 1.4 անգամ գերազանցում է աշխարհի համանման ցուցանիշը (3.1)։
Բացի այդ, Ս.Պաուլոյի ագլոմերացիայի մակերեսը մոտ 2.14 հազ. կմ2 է կամ Բրազիլիայի ընդհանուր մակերեսի (8.51 մլն կմ2) մոտ 0.03%-ը։ Եվ ահա այս 0.03% մակերեսի վրա է ստեղծվում Բրազիլիայի ՀՆԱ-ի մոտ 33.3%-ը։ Այսինքն, Ս.Պաուլոյի արտադրողականությունը մոտ 1664 անգամ գերազանցում է ամբողջ երկրի ցուցանիշը, և մոտ 13 անգամ՝ մոլորակի արտադրողականության տարածական խտության ցուցանիշը (129)։
Նույն պատկերն է աշխարհի բոլոր մայրցամաքների գրեթե բոլոր քաղաքային ագլոմերացիաներում։ Այդպիսին է իրավիճակը նաև Հայաստանում, թեև միշտ չէ, որ դա գիտակցում ենք։
Այսպես, 2015-ին Երևանում էր ստեղծվել Հայաստանի ՀՆԱ-ի 54.2%-ը (2.7 տրլն դրամ), իսկ 2017-ին՝ ՀՆԱ-ի 54.5%-ը (3.03 տրլն. դրամ)։ Մինչդեռ 2015-17թթ. Երվանում էր ապրում ՀՀ բնակչության մոտ մեկ երրորդը։ Այսինքն, Երևանի բնակչության արտադրողականությունը մոտ 2.4 անգամ գերազանցում է երկրի մնացած բնակչությանը, թեև զիջում է աշխարհի համանման ցուցանիշին (3.1)։ Ավելի ցայտուն է տարածական պատկերը. Երևանը ՀՀ մակերերեսի (29.7 հազ կմ2) մոտ 0.78%-ն է (223 կմ2), որտեղ սակայն ստեղծվում է հանրապետության ՀՆԱ-ի մոտ 54%-ը։
Այսինքն, արտադրողականության տարածական խտության առումով Երևանը գերազանցում է մեր հանրապետության մնացած մակերեսի ցուցանիշը մոտ 151 անգամ, ինչն նաև մոտ 1.2 անգամ ավելին է քան մոլորակի քաղաքների համանման ցուցանիշը (129, տե՛ս վերը)։
Այս փաստերին հաճախ չեն անդրադառնում մեդիայում և վերլուծական հրապարակումներում։ Այսպես, պարբերաբար հրապարակվող խոշոր հարկատուների ցուցակից[15] դժվար է հասկանալ այս ընկերությունների տարածական բաշխվածությունը և երկրի ՀՆԱ-ի ստեղծման գործում մասնաբաժինը։ Արտադրողականության տարածական խտության տեսանկյունից քիչ բան է տալիս նաև վիճակագրությունը, թե «2018-ին Երևանի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ոլորտների ընդհանուր ծավալում կազմել են 81.7%` ծառայությունների, 72.8%` մանրածախ առևտրի, 52.3%` շինարարության, 38.0%` արդյունաբերության և 1.3%` գյուղանտնտեսության ոլորտներում»։
Այս փաստերը հետաքրքիր են և կարևոր, սակայն արտադրողականության տարածական և ժողովրդագրական խտությունների տեսանկյունից՝ ոչ ինֆորմատիվ։ Մինչդեռ նշված հասկացություններն են ընկած աշխարհի ուրբանիստական զարգացման հիմքում։ Խոշոր քաղաքներում և քաղաքային ագլոմերացիաներում է կենտրոնացած զարգացման հիմնական ներուժն ու բանալին։ Բարձր խտությունների (կամ եթե կուզեք՝ կենտրոնացման) հենց այս՝ կումուլյատիվ, կամ ինչպես ասում են՝ սիներգետիկ, ազդեցությունն է արդի աշխարհի ուբանիստական զարգացման «ուղն ու ծուծը»։
Հուսադրող է, որ Հայաստանն ունի ուրբանիզացիոն զարգացման խոսուն փորձ. ԽՍՀՄ-ում Հայաստանի բնակչությունը չէր գերազանցում ընդհանուր բնակչության 2%-ը, սակայն ԽՍՀՄ գոյության ընթացքում հիմնադրված 171 նոր քաղաքներից՝ 36-ը Հայաստանում էին, այսինքն՝ 21%-ը։ Դրանց թվում է՝ Աբովյանը, Չարենցավանը, Բյուրեղավանը, Ագարակը, Մեծամորը և այլն։ Ժողովրդի և պետության հավաքական հիշողության մեջ այսպիսի փորձը մնում է շատ երկար, ինչը կարող է նպաստել ուրբանիզացիոն նոր զարգացման հնարավորություններին։
[1] Բնագրում՝ «Kultur»: Գերմաներենում՝ ընդհանրապես, և Շպենգլերի մոտ՝ հատկապես, «Կուլտուրան» և «Քաղաքակրթությունը» (civilization, цивилизация) հստակորեն տարանջատվում են, ավելին՝ հակադրվում։ Շպենգլերի մոտ «Քաղաքակրթությունը» արդեն «Կուլտուրայի» վախճանն է, դրա ավարտը։ Հայերենում «մշակույթ» եզրը սկսեց փոխարինել «կուլտուրային» 1953 թվականից։
[2] Շպենգլերի այս հռչակավոր գրքի անվանումն է «Der Untergang des Abendlandes»։ Հասկանալի է, որ Der Untergang-ը մայրամուտ չէ, առավել ևս, Abendlandes-ը՝ Եվրոպա։ Անգլերեն ընդունված թարգմանությունն է՝ «The Decline of the West», ավելի հազվադեպ՝ «The Downfall of the Occident», ռուսերենը՝ «Закат Европы»։ Հայերեն չի թարգմանվել, հայալեզու գրականությունում ընդունված է «Եվրոպայի մայրամուտը» աղավաղված անվանումը։
[3] Երկրների գիտատեխնոլոգիական բնապատկերում դրանք, այսպես կոչված «խմբի կենտրոնարար երկրներն» են: Տե՛ս այստեղ և այստեղ:
[4] Տե՛ս «Научно-технический прогресс в СССР. Статистический сборник. М., 1990», էջեր 17, 23-24, 25:
[5] Տե՛ս «Промышленность СССР. Стат. Сборник. М. 1989», էջ 113:
[6] Տե՛ս «Транспорт и Связь СССР. Стат. Сборник. М. 1990», էջ 89.
[7] Տե՛ս «Промышленность СССР. Стат. Сборник. М. 1989», էջ 127:
[8] Տե՛ս «Промышленность СССР. Стат. Сборник. М. 1989», էջ 113: Ավելի մանրամսն տե՛ս Marjanyan, A.H., Armenian Road Transport Sector Development and Emissions. Scenario Analysis. Final Report, 2010-2030. Regional Project on Air Quality Governance in the ENPI East Countries. October, 2013. Այս առնչությամբ տե՛ս նաև Հայաստանի նախկին վարչապետ Հ.Բագրատյանի և Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլու ուշագրավ բանավեճը:
[9] Տե՛ս «Население СССР. По данным всесоюзной переписи населения 1989 г. М., 1990», էջ 9:
[10] UN DESA տվյալների գրադարանը և հաշվարկային մոդելները ժողովրդագրական ցուցանիշները դիտարկում են 5-ամյա քայլերով:
[11] UN DESA տվյալների գրադարանի, մոդելային կանխատեսումների արժանահավատության ու համարժեքության մասին, ինչպես նաև ինֆորմացիոն և հոգեբանական պատերազմներում կիրառվող ժողովրդագրական տվյալների խեղաթյուրման մասին տե՛ս այստեղ և այստեղ:
[12] Էստոնիան այս առումով գրեթե զրոյական աճի փխրուն շեմին է:
[13] Կիսապաշտոնական անվանումը՝ Região Metropolitana de São Paulo։
[14] Մոլորակում այն զիջում է միայն Շանհայի, Դելիի և Տոկիոյի ագլոմերացիաներին։ Այսօր այն աշխարհի արևմտյան կիսագնդի խոշորագույն քաղաքային ագլոմերացիան է։
[15] Տե՛ս այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այլն։