Առաջնային քաղաքներ

13 ր.   |  2020-04-30

Հոդվածը շարունակում է քաղաքներին նվիրված շարքը (տե՛ս այստեղ և այստեղ), անդրադառնում քաղաքների բաշխվածության գծային օրենքին և Հայաստանի քաղաքների բաշխվածության յուրահատկություններին: Քննարկվում է քաղաքի «առաջնայնություն» (primacy) հասկացությունը, բերվում դրա արդի սահմանումը, դիտարկվում են այլ հարակից հարցեր:

Քաղաքների բաշխվածության գծային օրենքը

Ք աղաքների ստեղծումը, տարածական բաշխվածությունն ու զարգացման պատմությունը սերտորեն կապված է ազգերի և երկրների առաջացման հետ: Տևական ու բարդ այս գործընթացում կան աշխարհագրական և բնակլիմայական գործոններ, նախկին քաղաքակրթություններից ժառանգած ենթակառուցվածքներ:

Հայտնի է, որ արդի քաղաքներից շատերը հիմնադրվել են արդեն պատմության գիրկն անցած կայսրությունների ռազմական հենակայանների տեղավայրերում (Վան, Պերսեպոլիս, Երևան, Քյոլն և այն), կամ առևտրային ուղիների գետանցումների, նավահանգիստների կամ լեռնանցքների մոտակայքում: Հաղորդակցային այս գործոնն իր նշանակությունը դարեր շարունակ պահպանում է, որի վառ օրինակներից են պատմական «Մետաքսի ճանապարհի» ժամանակակից աշխարհաքաղաքական ծրագրերը: Վերջապես, քաղաքների առաջացման ու զարգացման հարցում փոքր չէ նաև պատմական և սուբյեկտիվ գործոնների դերակատարությունը, լինի ռազմական հաղթանակ[1], թե պարտություն կամ ուժեղ անհատի գործունեություն:

Այսպիսի բազմակողմ գործընթացներում դժվար էր սպասել, որ քաղաքների բաշխվածությունը կարող է նկարագրվել հասարակ մի օրենքով, սակայն պարզվում է, որ այն կա և կոչվում է քաղաքների բաշխվածության գծային օրենք: Առաջին անգամ այն ձևակերպել է գերմանացի ֆիզիկոս և ուրբանիստ Ֆ.Աուերբախը (Felix Auerbach)1913-ին. եթե որևէ երկրի քաղաքները դասակարգենք ըստ մեծության (օրինակ՝ բնակչության թվի), ապա լոգարիթմական մասշտաբով «կարգային տեղ - բնակչության թիվ» գրաֆիկում այս քաղաքները կդասավորվեն մեկ ուղիղ գծի երկայնքով (տե՛ս նկ.1): Բնագիտության մեջ այս օրենքի ընդհանրացումը հայտնի է որպես Ցիպֆի օրենք (Zipf's law):[2]


Նկար 1. Ֆրանսիայի (ձախից) և ԱՄՆ-ի (աջից) քաղաքների կարգային բաշխվածությունը: 
«Արքայական ազդեցությունը» կա Ֆրանսիայում (առաջնային քաղաքը՝ Փարիզ) և բացակայում է ԱՄՆ-ում: Աղբյուրը՝ Laherrere, Sornette, 1998.[3]

Անցյալ դարի 30-ականների վերջին ամերիկացի հայտնի աշխարհագրագետ Մարկ Ջեֆերսոնը[4], ուսումնասիրելով տարբեր երկրներում քաղաքների բաշխվածությունը, հայտնաբերեց, որ որոշ երկրներում կա մեկ քաղաք, որը խախտում է գծային այս օրենքը: Այդպիսի օրինակ է Ֆրանսիան, որտեղ բոլոր քաղաքները, բացի Փարիզից, տեղավորվում են մեկ ուղիղ գծի երկայնքով (տե՛ս նկ.1, ձախից):[5]

Այս երևույթը Ջեֆերսոնն անվանեց «Արքայական ազդեցություն» («King effect»)՝ ակնարկելով Փարիզի՝ որպես արքայական մայրաքաղաքի կարևորությունը ոչ միայն բնակչության թվով, այլև Փարիզի քաղաքական, վարչական, գործնական, մշակութային և գաղափարախոսական նշանակությամբ: «Արքայական ազդեցություն» ունեցող քաղաքները Ջեֆերսոնը 1939-ին կոչեց «առաջնային քաղաքներ» (primate cities):

Դիտարկենք այս երևույթը Հայաստանի օրինակով: Հիմնվելով ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի 2019թ. պաշտոնական տվյալների վրա նկար 2-ում կառուցել ենք Հայաստանի 49 քաղաքների բաշխվածության կորը՝ ըստ բնակչության թվի (լոգարիթմական մասշտաբ):


Նկար 2. Հայաստանի 49 քաղաքների բաշխվածությունը: Աղբյուրները՝ 
ՀՀ ԱՎԿ, 2019թ, սեփական հաշվարկներ:

Նկար 2-ում հստակորեն նշմարելի է 1.08 մլն. բնակչությամբ Երևանի «արքայական» դիրքը, բայց Երևանը, ի տարբերություն Փարիզի, նաև առաջնային քաղաք է՝ ըստ UN DESA 2019թ. սահմանման (տե՛ս ստորև):

Այս նկարի առանձնահատկությունը այն դատարկ բացատն է, որը բաժանում է Երևանը հանրապետության մեծությամբ 2-րդ քաղաքից՝ Գյումրիից: Հիշեցնենք, որ համաձայն Ցիպֆի օրենքի, «բնականոն» երևույթները նկարագրող կարգային բաշխվածություններում առաջատարին նախորդող անդամը պետք է ունենա դրա մեծության մոտ մեկ երրորդ չափը: Այլ խոսքով՝ Ցիպֆի օրենքին հետևող քաղաքների բաշխվածությունում մոտ 1.0 մլն. բնակչություն ունեցող առաջատար քաղաքին, մեր դեպքում՝ Երևանին, պետք է նախորդի դրանից երեք անգամ ավելի փոքր քաղաք՝ մոտ 330 հազ. բնակչությամբ: Մինչդեռ Գյումրին (118.6 հազ. մարդ՝ 2019-ին) այսօր զիջում է Երևանին մոտ 9 անգամ:

Ամենայն հավանականությամբ, եթե չլիներ 1989թ. Սպիտակի աղետալի երկրաշարժն ու արտագաղթը, ապա Գյումրիի բնակչությունն այսօր մոտ կլիներ Ցիպֆի օրենքից հետևող ցուցանիշին: Հիշեցնենք, որ 1984-ին Լենինականի (Գյումրիի) բնակչությունը 220.4 հազ. էր, և այսօր, դեպքերի ավելի նպաստավոր զարգացման դեպքում, կկազմեր մոտ 300-350 հազ մարդ:

Բացի այդ, ՀՀ ԱՎԿ մեթոդաբանության համաձայն Հայաստանում այսօր կա 49 քաղաք: Այս մոտեցումը տարբերվում է քաղաքների UN DESA սահմանումից, ըստ որի՝ քաղաք է համարվում առնվազն 300 հազ. բնակիչ ունեցող բնակավայրը: Ինչպես տեսնում ենք նկ.2-ից, այս սահմանման համաձայն Հայաստանում Երևանից բացի չկա այլ քաղաք, որը կարող է համարվել մայրաքաղաք և առաջնային քաղաք՝ Հայաստանը մեկ քաղաքի երկիր է: Հատկանշական է նաև նկ.2-ում բերված բաշխվածության «պոչը» («tail of distribution»), որն էականորեն դուրս է ընկնում քաղաքների բաշխվածության գծային պատկերից: Հասկանալի է, որ այն պայմանավորված է Հայաստանում քաղաքի կարգավիճակ ունեցող փոքր ավանների առկայությամբ:

Հանրապետության քաղաքների ներկայիս բաշխվածությունը հեռու է Ցիպֆի օրենքով ենթադրվող «բնականոն» բաշխվածությունից: Եվ առաջին հերթին դա վերաբերվում Ցիպֆի օրենքին համապատասխանող Երևանից հետո մեծությամբ 2-րդ քաղաք ունենալու հարցին:

Արդյո՞ք սա նշանակում է, որ անհրաժեշտ է իրականացնել Գյումրիի շեշտակի զարգացման քաղաքականություն՝ ավելացնելով Շիրակի մարզում ներքին միգրացիան, թե՞ ավելի նպատակահարմար է նոր քաղաքի զարգացումն արդեն գոյություն ունեցող բաղադրիչների հիման վրա (օրինակ՝ բազմիցս քննարկված «Հրազդան-Չարենցավանը»): Իսկ գուցե անհրաժեշտ է համազգային նշանակության հատուկ ծրագրի շրջանակներում նոր քաղաք ստեղծել:[6]

Սրանք հարցեր են, որոնց հիմնավոր պատասխանը պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություն: Մեր նպատակը միայն խնդիրը բարձրաձայնելն է: Կասկածից վեր է, սակայն, որ այս հարցերի պատասխանները ընկած պետք է լինեն Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության մշակման հիմքում:

Առաջնային քաղաքներն ըստ UN DESA-ի  

Ք աղաքների զարգացման պատմական օրինաչափությունների, արքունական մայրաքաղաքների պատմական դերակատարության մասին մեր ավանդական պատկերացումները հանգեցնում են այն մտքին, որ «Արքայական ազդեցությունը» պետք է համատարած լինի գրեթե բոլոր երկրներում: Բայց այդպես չէ: Հիմնվելով 1996թ. տվյալների վրա՝ ուսումնասիրվել էին ԱՄՆ բոլոր քաղաքների բաշխվածությունը նշված գրաֆիկի տեսքով (տե՛ս նկ.1, աջից): Պարզվել էր, որ ԱՄՆ բոլոր քաղաքներն, առանց բացառության, դասավորված են ուղիղ գծի երկայնքով:[7] Այսպիսով, ԱՄՆ-ում չկա առաջնային քաղաք:

Ցավոք, առաջնային քաղաքների Ջեֆերսոնի 1939թ. տրված սահմանումը հստակ չէր: Ըստ դրա՝ «առաջնային է այն քաղաքը, որն անհամաչափորեն մեծ է երկրի մյուս քաղաքներից, իսկ ազգային հզորության ու զգացմունքների տեսանկյունից՝ բացառիկ: Այն առնվազն երկու անգամ ավելի մեծ է, քան երկրի հաջորդ մեծ քաղաքը, և ավելի քան երկու անգամ ավելի նշանակալի»:[8] Ինչպես տեսնում ենք, սահմանումը տարընթերցումների տեղիք է տալիս: Իսկապես, ի՞նչ հասկանալ «ազգային հզորություն» ասելով, ինչպե՞ս չափել «ազգային զգացմունքների բացառիկության» կամ քաղաքի «նշանակալիության» աստիճանը:[9]

Հասկանալի է, որ Ջեֆերսոնի սահմանումը ճշգրտման կարիք ուներ, ինչը և արվեց վերջերս՝ արդի քաղաքներին նվիրված UN DESA 2019թ. հաշվետվությունում:

Այս հրապարակումով վերջ տրվեց «առաջնային քաղաք» հասկացության երկիմաստությանը՝ տալով հստակ ու չափելի սահմանում: Առաջնային են համարվում 2018-ին 1.0 մլն և ավելի բնակչություն ունեցող այն քաղաքները, որտեղ ապրում է տվյալ երկրի ողջ քաղաքային բնակչության առնվազն 40%-ը,[10] իսկ բնակչության տոկոսային հարաբերակցությունը տվյալ երկրի ողջ քաղաքաբնակների թվին առաջարկվեց կոչել քաղաքի առաջնայնության աստիճան (primacy, %) կամ առաջնայնություն: Այս սահմանումը կարևոր է իր մեթոդաբանական միարժեքությամբ, որով տվյալ երկրում առաջնային քաղաքի գոյությունը (կամ բացակայությունը) կապվում է բացառապես երկրի քաղաքաբնակների տոկոսային հարաբերակցության հետ:[11]

UN DESA հիշյալ հաշվետվությունը տալիս է աշխարհի առաջնային քաղաքների ցանկը՝ ըստ ՄԱԿ անդամ 193 երկրների վերաբերյալ UN DESA 2018թ. գրադարանի տվյալների: Այս ցանկն էականորեն տարբերվում է մինչ այդ համացանցում և մասնագիտական գրականությունում շրջանառվող առաջնային քաղաքների տարատեսակ ցանկերից:

Աղյուսակ 1. Առաջնային քաղաքներով որոշ երկրներ: Կարգային համարները՝ ըստ առաջնային քաղաքներով 27 երկրների ցանկի:

 

Քաղաք

Երկիր

Երկրի ուրբանիզացիա, %

Քաղաքի առաջնայնություն, %

Ասիմետրիա

9

Երևան

Հայաստան

63.1

58.3%

-4.82%

14

Թել Ավիվ

Իսրայել

92.3

51.3%

-40.96%

17

Թբիլիսի

Վրաստան

58.2

47.0%

-11.19%

25

Բաքու

Ադրբեջան

55.3

41.4%

-13.93%

Աղբյուրները՝ UN DESA, 2019, p.70, սեփական հաշվարկներ:

Մեզ համար առավել կարևոր է այն հանգամանքը, որ ՄԱԿ անդամ 193 երկրներից առաջնային քաղաք ունի միայն 27-ը (14%-ը) և այդ երկրների ցանկում են Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները և Իսրայելը (Թել Ավիվ): [12]

Աղյուսակ 1-ում բերում ենք առաջնային քաղաք ունեցող այս 4 երկրների ցուցանիշները: Դասակարգումը համապատասխանում է ընդհանուր ցանկում դրանց կարգային համարին: Աղյուսակում բերվում է առաջնային քաղաքի անվանումը, երկիրը, տվյալ երկրի ուրբանիզացիան (%) ու քաղաքի առաջնայնությունը (%): Աղյուսակի վերջին սյունակում բերում ենք այս երկու ցուցանիշների թվաբանական տարբերությունը, որը մենք կոչում ենք «ասիմետրիա» (%):

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի ուրբանիզացիան 63.1% է, մինչդեռ Երևան քաղաքի առաջնայնությունը՝ 58.3%, ասիմետրիան՝ -4.82% է: Առաջնային քաղաք ունեցող բոլոր 27 երկրների շարքում ուրբանիզացիան առավելագույնն է Իսրայելում՝ 92.3%, և այն առավելագույնն է ընդհանրապես ՄԱԿ անդամ բոլոր 193 երկրների շարքում (չհաշված քաղաք-պետությունները):


Նկար 3. Աշխարհի 27 առաջնային քաղաքներով երկրների ասիմետրիան (%):

Նկար 3-ում պատկերել ենք առաջնային քաղաքով աշխարհի 27 երկրների բաշխվածությունը՝ ըստ հաշվարկված ասիմետրիայի մեծության: Հարավկովկասյան հանրապետությունները և Իսրայելը գտնվում են նկար 2-ի ձախ հատվածում, քանի որ դրանց ասիմետրիան բացասական է, այսինքն՝ այս երկրների ուրբանիզացիան գերակշռում է քաղաքի առաջնայնությանը:

Մեր կարծիքով՝ այս հանգամանքը ԽՍՀՄ-ի կազմում գտնվելու ժամանակ Հայաստանում[13], Վրաստանում և Ադրբեջանում միանման ուրբանիզացիոն քաղաքականության հետևանք է: Հայտնի է նաև, որ սովետական ուրբանիզացիոն քաղաքականության փորձը ժամանակին մեծապես ուսումնասիրել և ընդօրինակել են Իսրայելը և Թուրքիան:

Հայաստանի ուրբանիզացիոն գերակայումը մայրաքաղաք Երևանի առաջնայնությունից կապված է մեր նախորդ հոդվածում կատարված հետևյալ դիտարկման հետ: ՀՀ ԱՎԿ պաշտոնական տվյալների համաձայն՝ արտադրողականության տարածական խտության առումով Երևանը գերազանցում է Հանրապետության մնացած մակերեսի ցուցանիշը մոտ 151 անգամ, ինչը նաև մոտ 1.2 անգամ ավելին է, քան մոլորակի քաղաքների միջինացված ցուցանիշը (129)։ Իսկ արտադրողականության ժողովրդագրական խտության առումով Երևանը, թեև 2.4 անգամ գերազանցում է Հանրապետության մնացած բնակչությանը, բայց զիջում է աշխարհի քաղաքների միջինացված 3.1 ցուցանիշին (մանրամասների համար տե՛ս այստեղ): Այսպիսով՝ առկա է Երևանի հետագա զարգացման զգալի ներուժը:

Երևանը՝ առաջնայնության և ուրբանիզացիայի միջև

Ա յժմ կարող ենք անմիջականորեն մոտենալ հոդվածի հիմնական խնդրին՝ ուրվագծել այն երկրների շրջանակը, որոնց հետ Հայաստանի զարգացման ծրագրերի ու ռազմավարության համեմատությունը ուրբանիստական զարգացման և  սոցիալական դինամիկայի առանձնահատկությունների նմանությամբ տեղին է:

Աղյուսակ 1-ի ձևաչափը մենք ընտրել էինք այնպես, որ մեկ ընդհանրական պատկերում հնարավոր լինի շաղկապել երկու ընդհանրական (ինտեգրալ) ցուցանիշներ՝ քաղաքի առաջնայնությունը և երկրի ուրբանիզացիան, ինչը և արել ենք նկար 4-ում: Այսպիսի մոտեցումը հնարավորություն է ընձեռում ստանալ համանման ուրբանիզացիոն զարգացում ունեցող երկրների ընդհանրական «բնապատկերը» («landscape»):

Այստեղ մենք հետևում ենք երկրների առանձին խմբերի «գիտատեխնոլոգիական բնապատկերի» կառուցման համար մշակված մեր մեթոդաբանությանը, որով շաղկապել էինք երկու ընդհանրական ցուցանիշ՝ բնակչության մեկ շնչի հաշվով գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական հետազոտությունների վրա արված ծախսերը, և մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը: Մեր դեպքում ԳՓԿՀ ցուցանիշի նմանակը քաղաքի առաջնայնությունն է, իսկ տեսակարար ՀՆԱ-ինը՝ երկրի ուրբանիզացիան:


Նկար 4. Առաջնային քաղաքներով 27 երկրների բնապատկերը՝ «ուրբանիզացիա-առաջնայնություն» առանցքներում, 2018թ.: Աղբյուրը՝ UN DESA, սեփական հաշվարկներ:

Նկար 4-ում ուրբանիզացիա (հորիզոնական առանցք)-առաջնայնություն (ուղղահայաց առանցք) հարթությունը բնական կերպով բաժանվում է չորս որակապես տարբեր քառորդների.

·       Առաջին քառորդ, ուր գտնվում են առաջնային քաղաքներով առավել ուրբանիզացված երկրները,

·       Երկրորդ քառորդ՝ առավել ուրբանիզացված երկրներ, սակայն նվազ առաջնայնությամբ քաղաքներով,

·       Երրորդ քառորդ՝ նվազ առաջնային քաղաքներով նվազ ուրբանիզացված երկրներ,

·       Չորրորդ քառորդ՝ նվազ ուրբանիզացված երկրներ, առավել առաջնայնությամբ քաղաքներով:

Այս գրաֆիկում Հարավկովկասյան հանրապետությունները և Իսրայելը «բնապատկերի» աջ հատվածում են (նկ. 4)՝ 1-ին և 2-րդ քառորդներում: Առաջին քառորդում են միայն Հայաստանը և Իսրայելը, մինչդեռ Վրաստանը և Ադրբեջանը 2-րդում են: Առաջին քառորդի միևնույն (50%-75%) ցուցանիշներով վանդակում Երևանի հետ միասին կա ևս 5 առաջնային քաղաք՝ Ուլան Բատորը (Մոնղոլիա), Մոնրովիան (Լիբերիա), Բրազավիլը (Կոնգո), Պանամա Սիթին (Պանամա) և Ասունսիոն (Պարագվայ):

Վերջին տասնամյակներում քիչ չէին Հայաստանի զարգացման ուսումնասիրությունները, որոնք մեր հանրապետության զարգացման ռազմավարության մշակման հարցը դիտարկում էին Սինգապուրի, Պերուի, Լեհաստանի, Ալբանիայի, Խորվաթիայի և այլ երկրների օրինակով: Կարծում ենք, որ այս զուգորդումները հիմնավորված չեն, առնվազն այն պատճառով, որ թվարկված երկրներն անցել են ուրբանիստական զարգացման միանգամայն այլ ուղի՝ ենթարկվելով քաղաքաշինական և քաղաքակրթական միանգամայն այլ գործոնների:

Հակառակ դրան՝ վերը նկարագրված մոտեցումը, հիմնված երկրի ուրբանիզացիայի և քաղաքի առաջնայնության ընդհանրական ցուցանիշների զուգորդման վրա, թույլ է տալիս որոշել այն երկրների շրջանակը, որոնց հետ Հայաստանի զարգացման ռազմավարության զուգորդումը համարժեք է, իսկ դրանց հետ համագործակցությունը՝ նպատակահարմար և անհրաժեշտ:

Մասնավորապես, դրանք են նկ. 4-ում Հայաստանի հետ միևնույն տիրույթում հայտնված հինգ երկրները: Այս մոտեցումը կդառնա ավելի ամբողջական ու ավարտուն, եթե դիտարկումներում ներառենք նաև երրորդ ընդհանրական ցուցանիշը՝ երկրների դեպի բաց ծով ունենալու հանգամանքը (երկրների կողպվածությունը):


[1] Օրինակ՝ Երևանի տեղագրական դիրքի կարևորությունը հայտնի էր դեռ ուրարտական ժամանակից (Կարմիր Բլուր և Էրեբունի հենակայաններ), որը պահպանվում է մինչև Երևանի բերդի կառուցումը:

[2] Այն նկարագրում է բազմապիսի երևույթներ՝ գալակտիկաների ռադիոճառագայթման բաշխվածությունից մինչև լեզվում բառերի օգտագործման հաճախություն (տե՛ս օրինակ այստեղ և այստեղ):

[3] Laherrere, Jean , Sornette, Didier, Stretched Exponential Distributions in Nature and Economy. Physics of Condensed Matter, 2(4): April 1998. pp. 525-539.

[4] Mark Jefferson (1863-1949թթ.) – ԱՄՆ աշխարհագրական գիտական դպրոցի հիմնադիր, Աշխարհագրագետների միության նախագահ (1916թ.): Մ. Ջեֆերսոնը 1917-ի վերջին նախագահ Վիլսոնի նախաձեռնությամբ ու «գնդապետ» Հաուսի (Edward M. House) ջանքերով ստեղծված «Ինքուայրի» փորձագիտական խմբում էր («Inquiry» group, տե՛ս այստեղ), որն ուրվագծեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո խաղաղության նոր համակարգի ձևավորման ԱՄՆ-ի դիրքորոշումը, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հարցում: Ջեֆերսոնն իր աշակերտների, մասնավորապես՝ Ի. Բոումանի (Isaiah Bowman) հետ ներառված էր 1919թ. Փարիզի Խաղաղության կոնֆերանսում ԱՄՆ պաշտոնական պատվիրակության կազմում ու պատվիրակության ավագ քարտեզագետն էր: Մ. Ջեֆերսոնը մասնակցել է նաև Բրեստ-Լիտովսկի և Սևրի պայմանագրերի փաստաթղթերի քարտեզների կազմմանը: Համացանցում հասանելի է նրա աշխատությունների ցանկը (տե՛ս այստեղ): Տե՛ս նաև Джеймс Престон, Мартин Джеффри, Все возможные миры. История географических идей. «Прогресс», М.:, 1988, стр.480-483.

[5] Քաղաքների այս բաշխվածությունը կարելի է մոտարկել ուղիղ գծով: Ընդ որում, այսպիսի մոտարկումը կունենա բավական մեծ՝ 99.44% ճշգրտություն (R2=09944, տե՛ս նկ.1, ձախից): Եթե դիտարկվող քաղաքների բազմության մեջ ստիպողաբար ներառենք նաև Փարիզը, այլ խոսքով՝ վերաբերվենք Փարիզին այնպես, ինչպես Ֆրանսիայի մյուս քաղաքներին, ապա գծային մոտարկման ճշգրտությունը շոշափելիորեն կընկնի:

[6] Սա նաև հեղինակի անձնական կարծիքն է: Ընդ որում, կարծում ենք որ այս 2-րդ քաղաքը պետք է լինի Հանրապետության հարավում կամ Արցախում՝ Արաքս գ. ձախափնյա հատվածում:

[7] Գծային մոտարկման ճշգրտությունը ԱՄՆ քաղաքների դեպքում նույնիսկ ավելի բարձր է, քան Ֆրանսիայի դեպքում (բացառությամբ՝ Փարիզի), ու 99.81% է:

[8] M.Jefferson. "The Law of the Primate City", Geographical Review, 29. April, 1939.

[9] Այս հարցերին հնարավոր է տալ քանակական պատասխաններ (տե՛ս այստեղայստեղ):

[10] Կարևոր է առաջնայնության շեմային 40% արժեքի ընտրությունը: Տեսականորեն կարելի է պատկերացնել երկիր, ուր կա երկու քաղաք, յուրաքանչյուրը, ենթադրենք, տվյալ երկրի քաղաքաբնակների 40-45 տոկոսով: Իրականում այդպիսի երկիր գոյություն չունի և գոյություն չի ունեցել: Ինչպես կասեին բնագետները՝ այդպիսի համակարգը չունի «դինամիկ կայունություն» (Ռ.Թոմի հետևորդները այստեղ կգերադասեին՝ «կառուցվածքային կայունություն» եզրույթը), հետևաբար՝ կենսունակ չէ:

[11] Սա լուրջ սահմանափակում է, քանի որ դիտարկումներից դուրս է թողնում մի շարք կարևոր երևույթներ, որոնց վերլուծության համար դեռ չկան տեսանելի ու լավ չափելի ցուցանիշներ:

[12] UN DESA 2019թ. այս ցանկի հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ աշխարհի առաջնային քաղաք ունեցող 27 երկրից 6-ը միաժամանակ կողպված զարգացող երկիր են:

[13] Ինչպես նշել էինք քաղաքներին նվիրված մեր առաջին հոդվածում. «ԽՍՀՄ կազմում Հայաստանի բնակչությունը չեր գերազանցում Միության ընդհանուր բնակչության 2%-ը, սակայն Հայաստանում հիմնվեցին ԽՍՀՄ գոյության ընթացքում ստեղծված 171 նոր քաղաքներից 36-ը, այսինքն՝ 21%-ը»։ Սա նույնպես համամասնությունների խախտման երևույթի յուրօրինակ դրսևորում է: