Հայաստանը խեցգետնի կենսապաշարներից զրկվելու շեմին․ ինչպես և ինչու
10 ր. | 2020-03-28Հայաստանի տնտեսության զարգացման համար չափազանց կարևոր է արտահանման խթանումը, որին միտված քաղաքականության մշակումն ու իրականացումը դառնում է անօգուտ, եթե իրականացման ճանապարհը հատում է օրինականության և բարեխղճության սահմանները։
Արդեն երկար տարիներ քննարկման բազում առիթներ տված, սակայն այդպես էլ վերջնական լուծում չստացած հարցերից է անօրինական ձկնորսությունը Սևանա լճում, որն էլ ավելի է կարևորվում էկոհամակարգի պահպանման տեսանկյունից։ Վերջին 2-3 տարում պարբերաբար քննարկվում է լճի ծաղկմանը նպաստող տարբեր պատճառները։ Կարևոր է ուշադրության կենտրոնում պահել Սևանի կենսաբազմազանության պահպանման խնդիրը, որը շատ հաճախ խորքային և բազմակողմանի չի ուսումնասիրվում։
2019 թ. մարտին Հաշվեքննիչ պալատը հրապարակել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության հաշվեքննության արդյունքները, համաձայն որի անդառնալի վնաս է հասցվել Հայաստանի խեցգետնի կենսապաշարներին։ Բացի այդ, ավելի քան 7 տարի ապօրինությունների հետևանքով մի շարք կազմակերպություններ գերշահույթ են ստացել։
ՀՀ գլխավոր դատախազության կողմից Սևանա լճից խեցգետնի արդյունագործական որսի և արտահանման ոլորտում իրականացված հաշվեքննության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա օրեր առաջ հարուցվեց քրեական գործ։ Ինչպե՞ս է Հայաստանը կանգնել խեցգետնի կենսապաշարներից զրկվելու շեմին։
Խեցգետնի պաշարների փոփոխությունը
Ե րբ Սևանա լճում ձուկը պակասեց, խեցգետնի պաշարն ավելացավ և դարձավ արդյունահանման ծավալի ավելացման պատճառներից մեկը։ Չնայած խեցգետնի որսի սահմանափակումներին՝ տարիներ շարունակ անօրինական որսն ու արտահանումը շարունակվում էր՝ հանգեցնելով խեցգետնի պաշարների նվազմանը։
Բնապահպանության նախարարության պատվերով ամեն տարի ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը հաշվառում է Սևանա լճում խեցգետնի պաշարը և սահմանում թույլատրելի որսաչափը։ Վերջին տարիների իրավիճակը հասկանալու համար ներկայացնենք խեցգետնի արդյունաբերական պաշարի, թույլատրված և փաստացի իրականացված որսի դինամիկան։
ԳԱԱ տվյալների համաձայն՝ Սևանա լճում արդյունագործական ամենաշատ պաշար եղել է 2016թ.՝ 4,580տ, սակայն, եթե նախկինում խեցգետնի արդյունագործական պաշարն ունեցել է աճելու միտում, ապա 2016-ից ի վեր նկատելի է կտրուկ նվազում՝ շուրջ 2 անգամ։ Բացի խեցգետնի արդյունագործական պաշարների գնահատումից, ԳԱԱ-ն ըստ տարիների նախարարությանն է ներկայացնում թույլատրելի որսաչափը, այսինքն՝ այն քանակը, որի կրճատումը չի վնասի լճի կենսաբազմազանության պահպանմանը և որսի համար թույլատրելի առավելագույն չափը։ Պարզվում է՝ ԳԱԱ-ն պաշարների գնահատման և թույլատրելի որսաչափը ներկայացնելիս հաշվի է առնում այն խեցգետինները, որոնք համապատասխանում են արդյունագործական չափանիշներին (արդյունագործական է համարվում 9սմ-ից մեծ խեցգետինը)։ Այսինքն, 2013 թ. ցուցանիշից կարելի է ենթադրել, որ Սևանա լճից որսացել են ոչ միայն արդյունագործական, այլև ՝ 9 սմ-ից փոքր խեցգետին։
Եթե նախարարության հասատած թույլատրելի որսաչափը համեմատենք նույն ժամանակահատվածում փաստացի իրականացված որսաչափի հետ, ապա կնկատենք, որ 2012-2015 թթ. ցուցանիշը գրեթե չի տարբերվել, ինչը տարօրինակ է և տեղիք է տալիս ենթադրելու, որ այդ տարիների թույլատրելի որսի չափը գրեթե համընկնում է փաստացի իրականացված որսի չափին։
Ուշագրավ է, որ 2013 թ.-ին Սևանա լճից փաստացի իրականացված որսը 600 տոննայով գերազանցել է ԳԱԱ կողմից սահմանված Սևանա լճի խեցգետնի արդյունագործական պաշարը, ինչը վկայում է, որ խեցգետնի որսը լճից իրականացվել է առնվազն անբարեխղճորեն։
Դա պարզաբանվում է նաև նրանով, որ սկզբնական շրջանում խեցգետնի պաշարների աճի միտումներով պայմանավորված իրականացվել է խեցգետնի որսը չխոչընդոտելու պետական քաղաքականություն։ Այսինքն, հաշվի առնելով լճում առկա խեցգետնի պաշարների հագեցվածությունը՝ խիստ սահմանափակումներ չի կիրառվել խեցգետնի որսի վրա։
Հատկանշական է, որ Սևանա լճի թույլատրելի տարեկան որսաչափը էապես տարբերվում է Շրջակա միջավայրի նախարարության (նախկինում Բնապահպանության նախարարության) տարեկան ներկայացրած փաստացի իրականացված որսաչափի ցուցանիշներից։ Նախարարության կողմից փաստացի ներկայացված որսաչափի ցուցանիշը 2013-2015 թթ. շուրջ 4 անգամ գերազանցել է ԳԱԱ-ի հետազոտության արդյունքում ներկայացված թույլատրելի չափին, 2016-ին ցուցանիշը մոտարկվել է ԳԱԱ ներկայացված ցուցանիշին, և միայն 2017-2018 թվականների է եղել թույլատրելի տիրույթում։
2012-2017 թթ. Սևանա լճում խեցգետնի թույլատրելի որսաչափը 3,480տ. էր, մինչդեռ ՀՀ բնապահպանության նախարարությունը տվել է խեցգետնի որսի 7,656 տ․ թույլտվություն, այսինքն` շուրջ 2,5 անգամ ավելի։ Այդ տարիների անխնա որսի և արդյունագործական պաշարների կրճատման հետևանքով 2017թ. փաստացի որսը նվազել է մինչև 42տ., իսկ 2018թ. առաջին 9 ամիսներին՝ 3տ., որը 900 անգամ պակաս է 2015 թ. ցուցանիշից։ Այս իրավիճակի պատճառներից մեկը Բնապահպանության նախարարության կողմից շարունակաբար տրամադրված ԳԱԱ-ի կողմից թույլատրելի որսաչափն մի քանի անգամ գերազանցող թույլտվություններն են:
Նույն պատկերն է նաև Հայաստանի ջրամբարներում. Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունը պարզել է, որ Նախարարությունը 100տ. խեցգետնի որս է թույլատրել Հերհերի ջրամբարում, ինչը շուրջ կրկնակի գերազանցում է թույլատրելի չափը: 2017 թ. նախարարությունը թույլատրել է Աղբյուրակի ջրամբարում 60տ. խեցգետնի որս, այնինչ ջրամբարում խեցգետնի պաշարները 2017-ին ընդամենը 760կգ. էին։ Ստացվում է՝ ջրամբարների համար կնքված խեցգետնի որսի պայմանագրերը Սևանա լճից խեցգետնի ապօրինի որսը քողարկող փաստաթղթեր են։
Հարկ է ընդգծել, որ տարիներ շարունակ Սևանա լճից խեցգետնի որսն ընդհանուր որսի գերակշիռ մասն է կազմել՝ 50%-ից ավելին, իսկ 2016թ.-ին անգամ հասնելով 79․3%-ի։ Հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ Սևանա լճում խեցգետնի ավելացումը վտանգավոր է սիգի բազմացման համար, ինչի պատճառով տարիներ շարունակ խրախուսվել է խեցգետնի որսն ու արտահանումը։
Խեցգետնի կենսապաշարների արտահանման վիճակագրությունը
Խ եցգետնի արտահանման վերաբերյալ ՊԵԿ-ի և Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներն ունեն վիճակագրական շեղում, ուստի կներկայացնենք Հաշվեքննիչ պալատի հրապարակած տվյալները։
Չարաշահումներ եղել են ոչ միայն խեցգետնի որսի, այլև՝ արտահանման ժամանակ։ Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ առանց արտահանման լիցենզիայի արտահանվել է շուրջ 350 տոննա խեցգետին՝ 7 կազմակերպությունների միջոցով, որից միայն 4-ն են նախարարության հետ կնքել «Բնական կենդանիների պաշարների օգտագործման պայմանագրեր» և ստացել 104 տոննա խեցգետնի որսի թույլտվություն:
2017-2018 թթ. ՀՀ-ից արտահանված 357տ. խեցգետնից 207տ.-ն կամ 58%-ն արտահանվել է ապօրինի։ Փաստորեն՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը արտահանումը չի վերահսկել, քանի որ արտահանող կազմակերպություններին օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաներ չեն տրամադրվել։ Չի վերահսկել նաև ՊԵԿ-ը, քանի որ չի արգելել անօրինական արտահանումը։ Բացի այդ, 2017-2018թթ. Հայաստանից արտահանված խեցգետնի քանակը մի քանի անգամ գերազանցել է այդ ժամանակահատվածի խեցգետնի օրինական որսի թույլտվությունը: Արդյունքում, 2018 թ. առաջին 9 ամսում տրվել է 3 տոննա որսի թույլտվություն Սևանա լճում, այն դեպքում, երբ փաստացի արտահանումը 110,6 տոննա էր՝ շուրջ 37 անգամ ավելի, քան օրինական որսը:
ՀՀ օրենսդրությամբ՝ խեցգետնի յուրաքանչյուր կիլոգրամի անօրինական արտահանման համար պետական բյուջե պետք է վճարվի 1000 ՀՀ դրամ տուգանք։ Արդյունքում, պետությունը զրկվել է 207 մլն դրամի հնարավոր եկամուտից։
Անբարեխիղճ որս
2 014-ից Սևանա լճում սկսել են կիրառել ձկնորսության նոր տիպի գործիքներ՝ չինական ծալովի խեցգետնորսիչներ, թառփերը և զսպանակաձև խեցգետնորսիչներ։ Մինչ այդ օգտագործվում էին կասպիական թակարդները, որոնք ապահովում էին կենդանիների արդյունագործական չափերի որսը։ Կասպիականը ակտիվ որսագործիք էր, որն աշխատում էր խայծով. խեցգետինները պայքարում էին թակարդի մեջ եղած խայծի համար և թակարդն էին ընկնում առավել խոշորները, իսկ մանրերը՝ թույլերը, թակարդից դուրս էին մնում: Ծալովի չինական թակարդներում և զսպանակավոր խեցգետնորսիչներում խայծ չի օգտագործվում: Այն պարզապես տեղադրվում է ջրի տակ և բոլոր կենդանիները՝ թե՛ բեղմնավորված էգերը, թե՛ նոր ծնված խեցգետիններն իրենց շարժվելու ընթացքում հայտնվում են թակարդում: Նշված գործիքների առանձնահատկությունն այն է, որ մինչև 100 մետր երկարությամբ տեղադրվում է լճի երկայնքով, որից չեն կարող փրկվել անգամ ամենափոքր՝ ոչ արդյունագործական համարվող խեցգետիններն ու ձկները։
Չինական ծալովի և զսպանակաձև խեցգետնորսիչներ։
ԳԱԱ-ի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի՝ ԲՆ հաշվետվություններում բազմիցս նշվել է, որ չինական գործիքներով որսի դեպքում ոչ արդյունագործական կենդանիների քանակը մոտ 47 տոկոս է։ Շատ դեպքերում փոքր խեցգետիններն արտահանվել են՝ չհամապատասխանելով միջազգային չափորոշիչներին։ Ոչ արդյունագործական խեցգետինների ոչնչացումը մեծ վնաս է տալիս կենսաբազմազանության պահմանմանն ու վերարտադրողականությանը, որը տարիներ շարունակ զոհ է գնացել մարդկանց ագահությանն ու անբարեխղճությանը։
Վկայակոչելով ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի խեցգետնաբանական հետազոտությունների ավարտական հաշվետվության 2017-2018 թթ. արդյունքները, նկատենք, որ 2018 թ. Սևանա լճում երկարաչանչ խեցգետնի որսը չինական ծալովի և զսպանակաձև խեցգետնորսիչներով շարունակվել է: Արդյունքում՝ պոպուլյացիան զրկվում է համալրման և վերականգնման հնարավորությունից, որի հետևանքով տարեցտարի խորանում է արդյունագործական պաշարի խզումը: Ըստ հաշվետվության՝ 2018-ին Սևանա լճում շարունակվել է երկարաչանչ խեցգետնի պաշարների նվազումը: Ինստիտուտը եզրակացրել է, որ խեցգետնի պաշարների շարունակական կրճատումը հիմնականում վատ կառավարվող որսի հետևանք է, և Սևանա լճի խեցգետնի պոպուլյացիայի վիճակը տարեցտարի վատանում է: Վերոհիշյալ հիդրոբիոնտի արդյունագործական պաշարների խզումը կանխելու համար Ինստիտուտն առաջարկել է ձեռնարկել մի շարք հրատապ միջոցառումներ, մասնավորապես՝
- Սևանա լճում արգելել խեցգետնի որսը չինական ծալովի և զսպանակաձև խեցգետնորսիչներով ու թարփերով՝ թույլատրելով որսը միայն կասպիական խեցգետնորսիչներով և ցանցերով,
- արգելել ոչ արդյունագործական չափի կենդանիների որսը, վաճառքը և արտահանումը,
- արգելել մի ջրամբարից մեկ այլ ջրամբար խեցգետինների տարաբնակեցումը,
- ակտիվ պայքար մղել որսի կարգը խախտողների դեմ, խստացնել տույժերն ու տուգանքները,
- խեցգետնի որսն արգելել բազմացման ամենաինտենսիվ շրջանում՝ հունիս-օգոստոս ամիսներին,
- հիմք ընդունելով Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարների կրճատման միտումը՝ 2019 թ. համար խեցգետնի թույլատրելի որսաչափ սահմանել 350տ:
Ոլորտի պետական կարգավորումները
2 018 թ. հունվարի 19-ին հաստատվել է «2018 թվականի ընթացքում ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» հրամանը, համաձայն որի՝ սահմանվել են 2018 թ. արդյունագործական որսի կենդանատեսակներն ու չափաքանակը։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։
Սևանա լճի սահմանափակ ռեսուրսի, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից ելնելով՝ 2019 թ. նոյեմբերի 21-ի ՀՀ կառավարության N 1667-Ն որոշմամբ ընդունվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև պաշարների, արդյունագործական որսի քանակի, ձևերի որոշման, արդյունագործական որսի կազմակերպման կարգը, որը նպատակ ունի ապահովելու «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջը և կանոնակարգելու Սևանա լճի էկոհամակարգի և կենսապաշարի կայուն կառավարման՝ պահպանության, օգտագործման, վերականգնման գործընթացները։ Հարկային և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում և հարակից ակտերում փոփոխություններն այս պահին գտնվում են մշակման փուլում։
Արտահանման մասով կարգավորումները սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի N 1524-Ն որոշման պահանջներին համապատասխան ՀՀ կառավարության կողմից ընդունված 2015թ. փետրվարի 5-ի N 90-Ն որոշմամբ, որի 7-րդ հավելվածով հաստատվել է վայրի կենդանիների և առանձին վայրի բույսերի ցանկը, որոնց տեղափոխումը ԵԱՏՄ մաքսային տարածքով արտահանման դեպքում սահմանափակ է. 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն արտահանման համար տրվում է մեկանգամյա լիցենզիա։
Ըստ էության, ոլորտում ընդունված կարգավորումներով հանդերձ իրավիճակը կարելի է կառավարելի դարձնել, եթե վերջինս ուժեղացվի ոլորտի խիստ վերահսկողությամբ, խեցգետնի անօրինական որսի և արտահանման սահմանափակմամբ։
Տ արիներ շարունակ իրականացվել է մեծածավալ անօրինական որս, որը ոչ միայն արտահայտվում է պետությանը հասցված ֆինանսական, այլև բնապահպանական զգալի վնասով և Սևանա լճի կենսառեսուրսների ոչնչացմամբ։ Ինչպես հայտնի է, բնության ներդաշնակությունն ու հավասարակշռությունը պայմանավորված են բազմազան փոխադարձ կապերով, և անգամ 1 օղակի խախտումը կարող է կտրել երևույթների ամբողջական շղթան և անդառնալի հետևանքներ ունենալ։ Ինչ-որ տեղ ուշացած, բայց քրեական գործի արդեն հարուցված լինելու փաստը ցույց է տալիս, որ ոլորտը համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում է (դրա մասին են վկայում նաև վերջին շրջանում կատարված և շարունակվող օրենսդրական կարգավորումները), և տարիներ շարունակ գործած անօրինական սխեմաները այլևս չեն գործում՝ ինչը էական նշանակություն ունի մեր երկրի ամենակարևոր ռեսուրսներից մեկի՝ Սևանա լճի կենսաբազմազանության ապահովման և դրանից բխող մի շարք հիմնախնդիրների լուծման համար։