Ինչո՞ւ են պետական եկամուտներն աճում ավելի արագ, քան տնտեսությունը
8 ր. | 2020-02-272019 թվականը գործող կառավարության գործունեության առաջին ամբողջական տարին էր, որի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրման իմաստով նախորդ տարիների համեմատ տեղի են ունեցել էական տեղաշարժեր: Պայմանավորված բարձր տնտեսական աճով, հարկունակ ստվերի կրճատմամբ և կոռուպցիայի դեմ պայքարով, պետական եկամուտները 2018 և 2019 թվականների ընթացքում ավելացել են 43.6%-ով: Միևնույն ժամանակ միայն 2019 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալը (տնտեսվարողներին վերադարձված միջոցները չներառելով) ավելացել է 16.4%-ով:
Եթե պետական եկամուտների նման աճը փորձենք համադրել նախորդ երկու տարիների տնտեսական աճի մակարդակի հետ (5.2% և 7.6%), ապա ակնհայտ է, որ պետական եկամուտներն աճում են առաջանցիկ տեմպերով: Այս իմաստով անհրաժեշտություն է առաջանում հասկանալ՝ ինչով է պայմանավորված նման տարբերությունը:
Բյուջեի հարկային եկամուտների կատարողականը.
2 019 թվականի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրլն 756 մլրդ ՀՆԱ ցուցանիշ, որի 20.75%-ը կամ 1 տրլն 401 մլրդ դրամը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտներ։ Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականին հավաքագրել է 1 տրիլիոն 507 մլրդ դրամ հարկային եկամուտ (ներառյալ պետական տուրքերը)։ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2019թ-ին հարկ վճարողներին վերադարձվել է ԱԱՀ-ի գծով 42.8 մլրդ. դրամ «հին» պարտքը, ինչի արդյունքում փաստացի հարկային եկամուտների ցուցանիշը դարձել է 1 տրլն 464 մլրդ դրամ՝ ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 16.4%-ով: Արդյունքում, 2019թ.-ին օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշի համեմատ գերակատարումը կազմել է 63 մլրդ դրամ: ՎԿ հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2019թ-ին ՀՆԱ կազմել է 6 տրլն 552 մլրդ դրամ, որի արդյունքում հարկային եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 22.3%-ը:
Ուսումնասիրելով վերջին տարիներին հավաքագրված հարկերի դինամիկան, նկատում ենք, որ 2019թ.-ին բոլոր հարկատեսակների մասով աճ է արձանագրվել։
Մասնավորապես՝ 2019 թվականին ընդհանուր հավաքագրված հարկային եկամուտներում ԱԱՀ-ին բաժին է ընկել 32.3%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8.3%-ով։ ԱԱՀ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել մի քանի հանգամանքներով. նախ առևտրի շրջանառության աճով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ, որոնք ավելի մեծ թափանցիկություն են ապահվում: 2019 թվականի ընթացքում ՀՀ-ում տպվել է 120 միլիոն 36 հազար 800 հատով կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի արդյունքում 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն: Սա այն պարագայում, երբ նոր սերնդի ՀԴՄ սարքերի չբավարարված պահանջարկը դեռևս կազմում է շուրջ 11 հազար հատ։ Բացի այդ, 2019 թվականի հունիսի 30-ից գործել է ԱԱՀ-ի 115 մլն-ի շեմը՝ նախկին 58.35 մլն-ի փոխարեն: Ընդ որում, մինչև 28.06.19-ը ներառյալ 2019թ-ի ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով շրջանառության 58.35 մլն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019թ-ի ընթացքում շարունակել են մնալ ԱԱՀ վճարողներ:
Շահութահարկի տեսակարար կշիռը հավաքագրված հարկային եկամուտներում կազմել է 12.3%՝ աճը կազմել է 6.6%, իսկ ակցիզային հարկի բաժինը կազմել է 8.7%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 17%-ով։ Չնայած, որ 2019 թվականին շրջանառության հարկի տեսակարար կշիռը հավաքագրված հարկային եկամուտներում կազմել է 1.9%, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 35.9%-ով։ Սա նույնպես բացատրվում է տնտեսվարողների վարքագծի փոփոխությամբ, մասնավորապես հարկման իրական շրջանառության արտացոլմամբ։
Եկամտային հարկին բաժին է ընկել հարկային եկամուտների 28%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15.1%-ով։ Աճի նման տեմպերը նույնպես խոսում են ստվերի կրճատման, աշխատակացիներին գրանցման, իրական աշխատավարձերի արտացոլման մասին։ Մասնավորապես, 2019 թվականի նոյեմբերի դրությամբ ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը կազմել է 624 հազար 763 մարդ, որն վերջին տարիների ցուցանիշի համեմատ էականորեն աճել է։ Բացի այդ, 2018թ.-ի մայիսի համեմատ՝ 2020 թվականի հունվարի 27-ի դրությամբ ավելացված աշխատատեղերի քանակը կազմել է ավելի քան 87 հազար, ինչը պայմանավորված է ոչ միայն նոր բացված աշխատատեղերի ավելացմամբ այլև նախկինում չգրանցած աշխտակիցներին «սպիտակ դաշտ» բերելով։
2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե ապահովված մաքսային մուտքերի մասով 22.2% աճ է գրանցվել: Մաքսային մուտքերի նմանատիպ աճը հիմնականում պայմանավորված է եղել մեծ քանակությամբ ավտոմեքենաների ներկրմամբ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ հիմնականում մաքսային մուտքերի նման աճի հաշվին հնարավոր եղավ ԱԱՀ գծով հին պարտքերի վերադարձն իրականացնել: Նախորդ տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ, իսկ ՀՀ-ից միության միասնական բյուջե փոխանցվել է 63 մլրդ 422 մլն դրամ:
Խոշոր հարկատուների վարքագծային փոփոխությունները.
Դ իտարկելով 2017-2019թթ խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը, կարող ենք փաստել, որ 2018 թվականից էականորեն աճել է վերջիններիս կողմից իրականացված հարկային մուտքերը, ինչը կարելի է պայմանավորել 2018թ-ի ապրիլի քաղաքական զարգացումներով և հարկային վարչարարությամբ։
Հարկային մուտքերի կառուցվածքում արձանագրված փոփոխությունները նույնպես վկայում են հարկային վարչարարության մեջ տեղի ունեցած էական փոփոխությունների մասին: Մասնավորապես՝ 2019թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարվել է ավելի քան 1 տրլն 61 մլրդ դրամ հարկ՝ ընդհանուր հավաքագրված հարկերի շուրջ 72%-ը: 2019 թվականին խոշոր հարկատուների կողմից իրականացված հարկային մուտքերի 43%-ը եղել է ԱԱՀ գծով, 15%-ը՝ շահութահարկի, 18%-ը եկամտահարկի, 11%-ը ակցիզային հարկի և 13%-ը՝ այլ հարկերի և վճարների գծով:
2019թ-ին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերրը 2018թ-ի համեմատ աճել են 13%-ով, իսկ 2017թ-ի համեմատ՝ 31.4%-ով, ինչը մեծամասամբ պայմանավորված է խոշոր հարկատուների գործունեության թափանցիկության բարձրացմամբ: Հատկանշական է, որ 2018թ-ին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարվել է ընդհանուր հարկային մուտքերի 71%-ը՝ 1 %-ով քիչ քան 2019թ-ին, ինչը նշանակում է, որ ավելացել են փոքր և միջին բիզնեսի կողմից վճարված հարկերը:
2019թ-ին 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է Գրանդ Տոբակո ընկերությունը՝ վճարելով շուրջ 57 մլրդ դրամ հարկ, այն պարագայում, երբ 2018-ին առաջատարը եղել է ԶՊՄԿ-ն՝ 51 մլրդ, 2017 և 2016թթ-ին Գազպրոմ Արմենիան, վճարելով համապատասխանաբար 39.7 մլրդ և 42.3 մլրդ դրամի հարկ:
Դիտարկելով 2017-2019թթ ՀՀ 10 խոշոր հարկատուների ցանկը, կտեսնենք, որ օրինակ ՀԷՑ-ը, ով 2017թ-ին հանդիսանում էր ՀՀ 3-րդ գլխավոր հարկատուն, 2018 և 2019թ-ին չի ընդգրկվել նույնիսկ խոշոր հարկատուների տասնյակի մեջ: Սա պայմանավորված է նրանով, որ 2018 և 2019թթ-ին ՀԷՑ-ը գրեթե 2 անգամ ավելի քիչ հարկ է վճարել, քան 2017թ-ին: Մեկ այլ կազմակերպություն՝ Ալեքս Հոլդինգը, 2017թ-ից սկսած ևս զիջում է իր դիրքերը՝ 2019թ-ին անգամ դուրս մնալով գլխավոր տասնյակից: Կազմակերպության կողմից վճարվելիք հարկերի նվազում պայմանավորված է նաև վերջինիս մի քանի փոքր մասերի մասնատմամբ:
Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ 2017-2019թթ-ի ընթացքում խոշոր հարկատուների տասնյակը մեծ փոփոխություններ չի կրել, սակայն որոշ կազմակերպությունների դեպքում էականորեն ավելացել է վճարած հարկերը։ Մասնավորապես, եթե 2017թ.-ին խոշոր հարկ վճարողների տասնյակի վճարած հարկերը կազմել էր 198.8 միլիարդ դրամ, ապա 2019-ին այս ցուցանիշը շուրջ 30 %-ով ավելացել է՝ կազմելով 257.3 միլիարդ դրամ։
Հանքարդյունաբերություն
2 019թ-ի ընթացքում ևս հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն հարկատուն եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որը պետական բյուջե է վճարել 51 մլրդ 360 մլն դրամ հարկ, ինչը 2018թ-ի համեմատ ավել է 266 մլն դրամով կամ 0.5 %-ով:
Հանքարդյունաբերության ոլորտի մյուս խոշոր հարկատուն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդն» է, որը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ։ Շահագործում է Սոթքի հանքավայրը։ Ընկերությունը 2019թ-ի ընթացքում վճարել է մոտ 13 մլրդ 665 մլն դրամի հարկեր՝ 2 մլրդ 453 մլն դրամով կամ 15.2 %-ով քիչ քան 2018թ-ին և նվազեցրել է իր դիրքերը 5 հորիզոնականով՝ դառնալով 9-րդ խոշոր հարկատուն:
ՏՏ ընկերությունները 1000 խոշոր հարկատուների ցանկում
2 019թ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել են ՏՏ ոլորտի 32 ընկերություններ՝ 2018թ-ի 38-ի փոխարեն: 2019թ-ին այդ ընկերությունների կողմից վճարվել է 22.3 մլրդ դրամ՝ 2018թ-ի 18.8 մլրդ-ի փոխարեն: Հարկային եկամուտների ավելացումը այս ոլորտում հետևանքն է նաև Կառավարության կողմից ոլորտը որպես գերակա ճյուղ համարելուն և ոլորտի զարգացմանը խրախուսելուն: Ավելին, միջազգային մամուլը պարբերաբար անդրադառնում է Հայաստանի ՏՏ ոլորտի հեռանկարներին։ Վերջերս, ամերիկյան Forbes պարբերականը լայնածավալ հոդված էր նվիրել Հայաստանին՝ «Բարի գալուստ հաջորդ համաշխարհային տեխնիկական կենտրոն Հայաստան» վերտառությամբ հոդվածում մեր երկիրը ներկայացնելով որպես համաշխարհային հերթական տնտեսական կենտրոն:
ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից 2019թ-ին վճարվել է 19%-ով ավելի շատ հարկ քան 2018թ-ին: 2019թ-ին ՏՏ ոլորտի ընկերություններից ամենաշատ հարկերը 2019թ-ին ևս վճարել է «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 1000 խոշոր հարկատուների մեջ զբաղեցնելով 72-րդ հորիզոնականը և վճարելով 2 մլրդ 791 մլն դրամի հարկ:
1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրած դիրքի ամենամեծ բարելավումը գրանցել է «ՌԵԴԻՆԵՏ» ընկերությունը՝ 1 տարվա մեջ բարելավելով իր դիրքը 126 հորիզոնականով:
Բանկային ոլորտ
2 019թ-ին ՀՀ-ում գործող բոլոր 17 առևտրային բանկերն ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում: Բանկային ոլորտում վճարաված հարկերով առաջատարը Ամերիա բանկն է՝ վճարելով 8.5 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, բանկերի կողմից 2019թ-ին վճարվել է 54.9 մլրդ դրամ հարկ:
Ամփոփելով հարկային եկամուտների դինամիկան, կարող ենք փաստել, որ բոլոր հարկատեսակների մասով աճ է արձանագրվել, ինչը պայամանավորված է մի շարք գործոններով. իրականացվող վարչարարությամբ, կատարված հարկային փոփոխություններով, տնտեսվարողների վարքագծային փոփոխություններով՝ առավել թափանցիկ և բարեխիղճ գործելաոճով, ինչպես նաև նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման պահանջով: Վարչարարության ավելացման վառ ապացույցն է այն, որ ընդհանուր առմամբ, ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ-ին իրականացվել է 1020 ստուգում, ինչի արդյունքում ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 83 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 30 մլրդ դրամ գումարի դիմաց։ Չնայած արձանագրված դրական ցուցանիշներին, 2020 թվականին ակնկալվում է վճարված հարկերի համամասնության փոփոխություն՝ ի հաշիվ կատարված հարկային փոփոխությունների։ Մասնավորապես, ակնկալվում է ՓՄՁ ոլորտի աշխուժացում, ոլորտում ստվերի կրճատում և բիզնես միջավայրի զարգացում։