Լիբանանի ներքաղաքական ճգնաժամը և հայ համայնքը

12 ր.   |  2019-12-05

2 019թ. հոկտեմբերի 17-ից կրկին սրվեց ներքաղաքական դրությունը Լիբանանում։ Զանգվածային հակակառավարական ցույցերը հոկտեմբերի 29-ին հանգեցրին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին[1], սակայն ներքաղաքական ճգնաժամը Լիբանանում ոչ միայն չհանգուցալուծվեց, այլ ավելի խորացավ։ Նոր կառավարության ձևավորման գործընթացը, ինչպես և սպասվում էր, հարթ չի ընթանում, իսկ պահպանվող լարվածությունն ու ժողովրդական հուզումների բարձր աստիճանը սպառնում են վերաճել լուրջ բախումների՝ վտանգելով երկրի առանց այն էլ փխրուն կայունությունը։

Ճգնաժամի էությունը և հոլովույթը

Զ անգվածային հուզումների սկիզբը պայմանավորված էր ընկերային-տնտեսական գործոնով։ Երկրի բնակչության բոլոր շերտերը՝ անկախ էթնիկ կամ կրոնադավանական պատկանելությունից, բողոքում էին իրենց ցածր կենսամակարդակից։ Իսկ Whatsup հավելվածից օգտվելու համար տուրք սահմանելու մասին կառավարության որոշումը, որը փաստորեն դարձավ Լիբանանում ընկերային պայմանների վատթարացման գագաթնակետը, ներկա զանգվածային հուզումների առիթն էր։


Ցուցարարները փակել են Բեյրութի գլխավոր ճանապարհներից մեկը

Սակայն շուտով ընկերային-տնտեսական գործոնով պայմանավորված զանգվածային բողոքի ալիքը վերածվեց քաղաքական ճգնաժամի, ինչն օրինաչափ երևույթ է՝ հաշվի առնելով, որ մարդկության պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ քաղաքական ճգնաժամերը սկսվել են ընկերային-տնտեսական կամ բնապահպանական հուզումներից։

Կառավարությունը նախ հանդես եկավ 72 ժամվա (երեք օր) ընթացքում հանրությանը համապարփակ բարեփոխումների ծրագիր ներկայացնելու խոստումով, ինչը և իրականացրեց։ Այդ բարեփոխումները՝ բաղկացած 20 կետից, ընդգրկում էին նախկին և ներկա պետական գործիչների աշխատավարձերի նվազեցում՝ 50%-ով, թալանված գումարները պետբյուջե վերադարձնելու մասին օրենքի ընդունում, որոշ պետական հաստատությունների մասնավորեցում, էլեկտրաէներգիայի հարցի լուծում և այլն[2]։ Բայց ցուցարարների պահանջներն արմատական էին. նրանք չէին բավարարվում բարեփոխումներով, այլ պահանջում էին կառավարության հրաժարականը[3], ինչը և տեղի ունեցավ ցույցերի մեկնարկից մոտ երկու շաբաթ անց։

Լիբանանյան ներկա քաղաքական ճգնաժամը, որն իր վրա կրում է երկրի էթնիկ և կրոնադավանական բազմազանության կնիքը, դրսևորվում է նաև բնակչության տարբեր էթնո-կրոնական հատվածների, մասնավորապես, քրիստոնյա մարոնիտների, իսլամի սուննի և շիա ճյուղերի հետևորդների միջև առճակատման տեսքով, ինչը, բնականաբար, տեղիք է տալիս նաև արտաքին ազդեցության։ Չմոռանանք, որ շիաներին ներկայացնող «Հիզբալլահ» կուսակցությունը համարվում է Իրանի ազդեցության տակ գործող և նրա շահերը սպասարկող ռազմաքաղաքական ուժ և ԱՄՆ-ի կողմից դասվում է ահաբեկչական կազմակերպությունների շարքը։ Պատահական չէ, որ ժողովրդական հուզումների սկսվելուց որոշ ժամանակ անց՝ նոյեմբերի 5-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Իրաքի և Լիբանանի ժողովուրդներն իրավունք ունեն ազատվելու իրանական ազդեցությունից[4], ինչին, Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հաղորդմամբ, հաջորդեցին ԻԻՀ ԱԳ նախարարի և Լիբանանում ՌԴ դեսպանի կոշտ արձագանքները[5]։

Հիզբալլահի առաջնորդ Հասան Նասրալլահն էլ, իր հերթին, ավելի վաղ հայտարարել էր, որ ցուցարարները ֆինանսավորվում են իր ղեկավարած կառույցի արտաքին թշնամիների կողմից՝ նշելով, որ փակված ճանապարհները պետք է վերաբացվեն[6]։ Այս հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Հիզբալլահը ժողովրդական հուզումների մեջ տեսնում է որոշակի սպառնալիք՝ իր քաղաքական դիրքերի թուլացման և անգամ չեզոքացման առումով։

Լիբանանյան ներկա ճգնաժամի աշխարհաքաղաքական համատեքստում կարելի է դիտարկել գրեթե զուգահեռաբար տեղի ունեցող ներքաղաքական հուզումները Իրաքում և Իրանում։    

Աշխարհաքաղաքական գործոնի մասին է վկայում նաև այն, որ, համաձայն լիբանանահայ համայնքի կենտրոնական և քաջատեղյակ գործիչներից մեկի[7]՝ Ծոցի արաբական հարուստ երկրները, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, կարող են հեշտությամբ դուրս բերել Լիբանանը ընկերային-տնտեսական ճգնաժամից։ Ցուցաբերվելիք ֆինանսական օգնությունը՝ վարկավորման կամ այլ տեսքով, չնչին գումար է նավթային պաշարներով հարուստ այդ երկրի համար։ Մինչդեռ նրանց իշխանությունները զերծ են մնում Լիբանանին օգնելուց՝ ելնելով քաղաքական նկատառումներից։

Այսպիսով, արդեն մեկ և կես ամիս շարունակվող հուզումները որքան էլ պայմանավորված լինեն ընկերային-տնտեսական գործոններով, կրում են քաղաքական կնիք և արդեն իսկ վերածվել են քաղաքական շարժման։ Ցուցարարների պահանջներն այս ընթացքում ունեցել են որոշակի դինամիկա, որոնցով էլ պայմանավորված է ներքաղաքական ճգնաժամի հոլովույթը՝ փոխակերպումը ընկերային-տնտեսականից՝ քաղաքականի։ Այդ դինամիկայի փուլերը կարելի է հակիրճ ներկայացնել հետևյալ կետերով.

  1. Բազմամարդ ցույցեր՝ ընդդեմ բնակչության ընկերային-տնտեսական դրությունը վատթարացնող կառավարական որոշումների, մասնավորապես, Whatsup հավելվածից օգտվելու համար հարկի սահմանման,
  2. Կառավարության հրաժարականի պահանջ,
  3. Արհեստավարժների կառավարություն ձևավորելու պահանջ՝ ի տարբերություն քաղաքական կառավարության, երբ հաշվի է առնվում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հարաբերակցությունը,
  4. Սահմանադրության, այն է՝ պետական կարգի փոփոխության պահանջ

Վերջին պահանջը ամենաարմատականն է, որը կարող է դուռ բանալ երկարատև ճգնաժամի և անգամ քաղաքացիական պատերազմի։ Լիբանանի ներկա սահմանադրական կարգը հաստատվել է 15-ամյա քաղաքացիական պատերազմից (1975-1990թթ.) հետո։ Այն հիմնված է երկրի էթնիկ և կրոնադավանական բազմազանության վրա և յուրահատուկ փոխզիջում է տարբեր համայնքների միջև։ Ըստ այդ կարգի՝ յուրաքանչյուր կրոնական համայնք Լիբանանի հասարակության մեջ ունեցած տեսակարար կշռին համաչափ ներկայացվածություն ունի պետական իշխանության մարմիններում։ Մասնավորապես, երկրի նախագահի պաշտոնը մշտապես զբաղեցնում է քրիստոնյա մարոնիտ, խորհրդարանի նախագահինը՝ շիա իսլամ և վարչապետինը՝ սուննի իսլամ համայնքի ներկայացուցիչը։

Լիբանանի հայությունը ներկայանում է երկու կրոնական համայնքների՝ հայ առաքելականների և հայ կաթողիկեների տեսքով։ Հայ ավետարանականները հանդես չեն գալիս որպես առանձին համայնք, այլ մաս են կազմում երկրի ընդհանուր բողոքական քրիստոնյաների համայնքին։ Լիբանանի 128 պատգամավոր ունեցող խորհրդարանում հայ առաքելականներն ունեն 5, իսկ կաթողիկեները 1 մանդատ։ Խորհրդարանական 1 մանդատ էլ հատկացված է բողոքական քրիստոնյաների համայնքին, և քանի որ այդ մանդատը երբեմն զբաղեցնում է հայ ավետարանական համայնքի ներկայացուցիչը, ապա ժամանակ առ ժամանակ խորհրդարանի հայազգի պատգամավորների թիվը հասնում է 7-ի։

Ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, ապա նախկինում երկու նախարարական պորտֆել հատկացվում էր հայ առաքելական համայնքին։ Ներկայում, սակայն, պայմանվորված Լիբանանի հայության թվաքանակի նվազմամբ՝ այդ թիվը նվազել է մեկի։

Հայերը, միաժամանակ, խորապես համարկված լինելով լիբանանյան հասարակության մեջ, կարողանում են բարձր պաշտոնների հասնել նաև ոչ որպես հայ համայնքի ներկայացուցիչներ։ Վերջին կառավարությունում, օրինակ, կար երկու հայ նախարար, որոնցից մեկը՝ Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, ներկայացնում էր հայ համայնքը, իսկ մյուսը՝ Ընկերային հարցերի նախարար Ռիչարդ Գույումջյանը, «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը[8]։

Թե ինչպիսին պետք է լինի Լիբանանի ապագա կառավարման համակարգը, ցուցարարները չեն մանրամասնում։ Նշվում է միայն, որ համայնքային մոդելից պետք է անցում կատարել քաղաքացիականի։ Փոխարենը շեշտվում է, որ ներկա համակարգն արդյունավետ չէ և մեծածավալ կոռուպցիայի է հանգեցրել։

Այնուամենայնիվ, սահմանադրության փոփոխությունը ենթադրում է կամ հրաժարում բնակչության կրոնադավանական շերտավորման հիման վրա կառուցված պետական համակարգից, կամ էլ, եթե պահպանվում է այդ սկզբունքը, ապա տարբեր կրոնադավանական համայնքների՝ իշխանության մեջ ներգրավվածության աստիճանի փոփոխություն։ Երկու դեպքում էլ հակասությունների սրումը տարբեր կրոնադավանական համայնքների, մասնավորապես, քրիստոնյա մարոնիտների, սուննի և շիա իսլամների միջև կարող է հասնել այն աստիճանի, որ երկիրը 1975-90թթ. քաղաքացիական պատերազմից հետո կրկին մխրճվի նոր երկարատև քաղաքացիական պատերազմի մեջ։ Դրանից, անշուշտ, կտուժեն նաև մյուս համայնքները, իսկ միջհամայնքային բախումներ Լիբանանում արդեն իսկ կան[9]։


Միջհամայնքային բախում Բեյրութում

Գործող պետական կարգի վերանայումը կարող է հանգեցնել իշխանության մարմիններում նաև հայերի ներկայացվածության վերացմանը կամ սահմանափակմանը, ինչպես նաև նրանց այլ իրավունքների ու ազատությունների կրճատմանը։

Հայ համայնքի դիրքորոշումները

Լ իբանանի հայ համայնքը, որպես երկրի պետականակիր ընդհանրություն, չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակում. անհատ հայեր մասնակցել և մասնակցում են ցույցերին, որոնց թվաքանակի վերաբերյալ, այնուամենայնիվ, ստույգ տվյալներ չկան։

Կարևորը, սակայն, ստեղծված իրավիճակում համայնքային կառույցների դիրքորոշումն է։  Ընդհանուր առմամբ արդարացի համարելով բնակչության դժգոհությունն ու զանգվածային հուզումները, ճանաչելով ցույցեր և հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը՝ հայկական կառույցները, սակայն, միմյանցից որոշակիորեն տարբերվում են իրավիճակի հանգուցալուծման ուղիների հարցում։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, ՀՅԴ-ն և ՍԴՀԿ-ն հանդես են գալիս ճգնաժամը բանակցություններով ու փոխհամաձայնությամբ հաղթահարելու և բարեփոխումների միջոցով բնակչության ընկերային-տնտեսական պայմանները բարելավելու օգտին։ Արամ Ա-ն դեռևս ժողովրդական հուզումների վաղ փուլում, ազդարարելով, որ «զգացական արտայայտութիւններ ու հապճեպ քայլեր եւ քաղաքական շահարկումի փորձեր կրնան կացութիւնը աւելի սրել», հանդես եկավ ճգնաժամը հաղթահարելու հինգ կետից բաղկացած առաջարկությամբ[10]։

Մինչդեռ ՌԱԿ-ն ի սկզբանե հավատ չէր ընծայում կառավարության բարեփոխումների ծրագրին և պահանջում էր վերջինիս շուտափույթ հրաժարականը՝ չվախենալով անգամ հնարավոր կառավարական ճգնաժամից և համարելով, որ «... անձերու հրաժարումով հանդերձ պետական հաստատութիւնները կը մնան ու կը գործեն»[11]։

Այս մոտեցումը ճիշտ է եվրոպական երկրների համար, որոնցում (օրինակ՝ Իտալիա, Բելգիա, Շվեյցարիա և անգամ Գերմանիա) եղել են ժամանակներ, որ տևական ժամանակով չի հաջողվել ձևավորել կառավարություն, սակայն պետական հաստատությունների արդյունավետ գործունեության շնորհիվ քաղաքացիների համար դա շոշափելի խնդիր չի եղել։ Որքանով է այս մոտեցումը կիրառելի մերձավորարևելյան երկրների, տվյալ դեպքում՝ Լիբանանի դեպքում, դժվար է ասել։

Ներկայում էլ ՌԱԿ-ը պահպանում է իր կոշտ դիրքորոշումը, ինչը թերևս պայմանավորված է դաշնակցային հարաբերություններով «Լիբանանյան ուժեր» կուսակցության հետ, որն էլ հենց Հիզբալլահի հիմնական հակառակորդն է։ Վերջին խորհրդարանական ընտրություններին (2018թ. մայիս) ՌԱԿ-ը «Լիբանանյան ուժեր» կուսակցության հետ դաշինքով էր մասնակցել։

Այժմ հայկական ավանդական այդ կուսակցությունը կարծես կատարում է իր դաշնակցային պարտականությունները, սակայն, լիբանանահայ վերոհիշյալ գործչի հավաստմամբ, միայն այդքանը։ Դա անուղղակիորեն հաստատում են նաև այլ երկրներում ՌԱԿ-ի մամուլի օրգանների հրապարակումները։ Օրինակ՝ կուսակցության Արևմտյան Ամերիկայի պաշտոնաթերթ «Նոր օր» շաբաթաթերթը գրում է, որ «40 օրերէ իվեր, Լիբանանի յեղափոխութիւնը 24 ժամ շարունակ, կը հրահրուի նաեւ «յատուկ» շրջանակներու կողմէ վճարուած, իրենք զիրենք ազնիւ ու ժողովրդավար համարող տեղական կամ արտաքին կողմերու կողմէ», որոնց նպատակն է «... հրահրել քաղաքացիական պատերազմ, առաւել եւս, Լիբանանի ծովափնեայ ջուրերուն մէջ գտնուող նաֆթի ու բնական կազի հսկայական պաշարներու շահագործումէն դուրս ձգել ռուսական ընկերութիւնները, Հըզպալլան մեկուսացնել եւ հաշտութիւն կնքել Իսրայէլի հետ»[12]։

Հնարավոր զարգացումներ

Դ ատելով լիբանանյան ճգնաժամի հոլովույթից և ներկա իրողություններից՝ այն դժվար թե հնարավոր է արագ հաղթահարել։ Լիբանանի պես բարդ էթնո-կրոնական խճանկար, բազմաթիվ խնդիրների ունեցող և արտաքին գործոնների ազդեցությունն իր վրա շոշափելիորեն զգացող երկրի համար կառավարության կազմավորումն առհասարակ բարդ գործընթաց է և ենթադրում է տարբեր ուժերի տևական բանակցություններ ու սակարկություններ։

Նախկին վարչապետ Սաադ Հարիրի՝ նոր կառավարությունը գլխավորելու առաջարկից հրաժարումն[13] է՛լ ավելի մշուշոտ է դարձնում նոր գործադիր իշխանության ձևավորման հեռանկարները, ինչը նշանակում է, որ երկրում առկա ընկերային-տնտեսական ճգնաժամին գումարվում է նաև կառավարական ճգնաժամը։ Խնդիրը հավելյալ բարդանում է նաև նրանով, որ փողոցային պայքարի դուրս եկած զանգվածները չունեն առաջնորդող անհատ կամ քաղաքական ուժ, որի հետ հնարավոր կլիներ բանակցել։ Իսկ քաղաքական (կառավարական) ճգնաժամերը որպես կանոն նպաստավոր գործոն չեն ընկերային-տնտեսական ճգնաժամերի հաղթահարման համար, այլ հակառակը՝ ավելի են խորացնում դրանք։

Եթե անգամ հնարավոր լինի կազմավորել նոր կառավարություն և կյանքի կոչել բարեփոխումների ծրագիր, օրինակ՝ նախորդ կառավարության համապարփակ ծրագիրը, ապա առանց արտաքին լուրջ դրամական աջակցության կենսամակարդակի դրական փոփոխություն հազիվ թե մոտ ապագայում տեսանելի լինի։ Ցանկացած բարեփոխում, առավել ևս բարեփոխումների փաթեթ, իրականացվելու և դրական արդյունքներ ապահովելու համար որոշակի ժամանակ է պահանջում։ Հետևաբար, ընկերային-տնտեսական ճգնաժամը Լիբանանում առնվազն մի որոշ ժամանակ կպահպանվի, ինչը նշանակում է, որ տեսանելի ապագայում այդ երկրի ներքաղաքական կյանքի ապակայունացման ընկերային-տնտեսական նախադրյալները կպահպանվեն։

Իսկ եթե տևական ժամանակ չհաջողվի նոր կառավարություն ձևավորել, ապա զանգվածային ցույցերը և արդեն իսկ սկսված միջհամայնքային բախումները կվերաճեն քաղաքացիական պատերազմի։ Այդ պարագայում երկրի ողջ բնակչությունը, այդ թվում՝ հայ համայնքը, կրկին կհայտնվի անբարենպաստ պայմաններում։

Ներկա պահին արդեն իսկ գոյություն ունի ենթակառուցվածքների լուրջ խափանում. Բեյրութը երկրի շրջանների հետ կապող ճանապարհները փակ են, չեն գործում կրթական (այդ թվում՝ հայկական) և այլ հաստատությունները։ Այսպես շարունակվելու դեպքում խնդիրներ կարող են առաջանալ նաև Բեյրութի միջազգային օդանավակայանի անխափան գործունեության համար։ Ամենամտահոգիչը, սակայն, այն է, որ բողոքող զանգվածների գործողությունները հարվածի տակ են դնում Լիբանանի առանց այն էլ թույլ տնտեսության ողնաշարը համարվող բանկային համակարգը[14]։

Այսպիսով, բախումների հետևանքով ենթակառուցվածքների խափանումն ու դրամական համակարգի հնարավոր կաթվածը այլ հարակից գործոնների հետ միասին կարող են հանգեցնել կյանքի պայմանների վատթարացման։ Հնարավոր է նաև բնակչության զանգվածային արտահոսք։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կոչով դիմել է լիբանանահայ գործարարներին՝ այս ծանր պայմաններում աշխատանքից չազատել հայ աշխատողներին, լիբանանահայ ունևորներին՝ օգնության ձեռք մեկնել համայնքային հաստատություններին, կարիքավոր ընտանիքներին և Սփյուռքի մյուս համայնքներին՝ աջակցել ծանր դրության մեջ հայտնված լիբանանահայությանը։ Ինքը՝ Կաթողիկոսությունը, 100 միլիոն լիբանանյան ոսկի է հատկացրել կարիքավոր ընտանիքներին[15]։

10-ական միլիոն լիբանանյան ոսկի էլ Կաթողիկոսության կողմից հատկացվել է «Ազդակ», «Զարթօնք» և «Արարատ» օրաթերթերին՝ «առ ի գնահատանք ու զօրակցութիւն իրենց կատարած աշխատանքներուն»[16]։ Խնդիրն այն է, որ լիբանանյան ներքաղաքական ցնցումների առաջ բերած տնտեսական անկումը ծանր նյութական պայմանների առջև է կանգնեցրել հայկական հաստատությունները, այդ թվում՝ լրատվամիջոցները, որոնց հետագա գործունեությունը վտանգված է։


Լիբանանահայության ներկա խնդիրների վերաբերյալ մտավորականների հավաք Անթիլիասի մայրավանքում՝ Արամ Ա վեհափառ հայրապետի նախագահությամբ

Մտահոգիչ է, սակայն, որ դեռևս դիրքորոշումներ չկան ճգնաժամի շարունակման և խորացման դեպքում հայ համայնքի անվտանգության ապահովման վերաբերյալ, մինչդեռ այն հրատապ խնդիրներից է։ Հնարավոր նոր քաղաքացիական պատերազմի դեպքում Լիբանանի հայությունը կամ նրա մի մասը կրկին ստիպված կլինի լքել երկիրը։ Այդ պարագայում հայությունը տեսանելի ապագայում հերթական անգամ կարող է բախվել տարերային հայրենադարձության խնդրին, ինչին վաղօրոք պետք է պատրաստ լինել։ Այս և հարակից խնդիրներին անդրադարձ եղել է մեր նախորդ հրապարակումներում[17]։

* * *

Դ եկտեմբերի 3-ի դրությամբ լիբանանյան քաղաքական ուժերը շարունակում էին քննարկել նոր կառավարության կազմավորման հարցը. որպես վարչապետի թեկնածու շրջանառվում է Սամիր Խաթիբի անունը։ Թեև ընդհանուր լարվածությունը երկրում պահպանվում է, սակայն բանակցությունները հարցի դրական հանգուցալուծման հույս են ներշնչում[18]։ Հայկական ավանդական կուսակցությունները խորհրդակցություններ են անցկացնում լիբանանյան ճգնաժամի հանգուցալուծման եղանակների, ինչպես նաև հայ համայնքին առնչվող խնդիրների շուրջ[19]։


[1] Lebanese Prime Minister Saad Hariri says he will resign amid anti-government protests

[2] Լիբանանի Նախարարաց Խորհուրդը Համաձայնութիւն Տուաւ Շարք Մը Տնտեսական Բարեկարգումներու. Հարիրի Իր խօսքը Ուղղեց Ցուցարարներուն, Զարթօնք, 22.10.2019։

[3] ‘It’s preposterous’: Protesters dismiss Lebanese PM promise of reform as country’s banks stay shut

[4] Pompeo Says Iraqis And Lebanese Have The Right To Get Rid Of Iran's 'Meddling'

[5] Տե՛ս Շահան Գանտահարյանի հարցազրույցները «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հյուրը» հաղորդմանը, 28.11.2019 և «Սիվիլնեթ» կայքին, 02.12.2019

[6] PM Hariri resigns as Lebanon crisis turns violent

[7] Ելնելով որոշակի նկատառումներից՝ զերծ ենք մնում նրա անձը հրապարակելուց։

[8] Հովյան Վ., Լիբանանի հայ համայնքի քաղաքական ներուժը

[9] Տե՛ս Lebanon protesters and Hezbollah, Amal supporters clash in BeirutSecond night of clashes in Lebanon amid anti-gov't protests

[10] Տե՛ս «Քաղաքական Պատասխանատուները Հրապարակային Խոստում Պէտք Է Տան Ժողովուրդին՝ Բարեկարգումներու Գործընթացքին Շուտով Սկսելու» Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Զարթօնք, 21.10.2019։

[11] 72 Ժամուայ Միջոցը Ժողովուրդը Յոգնեցնելու Կամ Խաբելու Միջո՞ց, Թէ Զայն Առաջարկողին Ինքնազգաստութեան Առիթ, Զարթօնք, 21.10.2019։

[12] Մոսկոֆեան Հ., Ժողովրդային պոռթկումը գունաւոր հեղափոխութեան վերածելու ջանքերը կը շարունակուին, Նոր օր, 28.11.2019։

[13] Lebanon's Saad Hariri says he does not want to be next PM

[14] Տե՛ս Exclusive: Lebanon needs solution to crisis in days - Central bank governor

[15] Արամ Ա. Կաթողիկոս Հարիւր Միլիոն Լիբանանեան Ոսկի Կը Յատկացնէ Կարիքաւոր Հայ Ընտանիքներուն

[16] Նույն տեղում։

[17] Հովյան Վ., «Խաղաղության ակունք» գործողությունը և սիրիահայ համայնքը

[18] Տե՛ս Կառավարութեան Կազմութեան Իմաստով Դրսեւորուած Են Դրական Նշոյլներ

[19] Տե՛ս ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչներու հանդիպում; ՀՅԴի եւ ՌԱԿի Ներկայացուցիչներու Հանդիպում, Զարթօնք, 29.11.2019։