Լիբանանի հայ համայնքի քաղաքական ներուժը
9 ր. | 2019-01-03
Հայկական հանրահավաք Լիբանանում
Լիբանանի հայ համայնքի քաղաքական ներուժը
Լ իբանանյան քաղաքական կյանքում և պետական կառավարման համակարգում հայերի ներկայացվածության մասին խոսելիս հարկ է հաշվի առնել այդ երկրի պետական-քաղաքական համակարգի առանձնահատկությունները։ Բնութագրվելով կրոնադավանական և էթնիկ բազմազանությամբ՝ Լիբանանի պետական կառուցվածքը հիմնված է էթնիկ և կրոնադավանական հիմքով հասարակության շերտավորվածության վրա, որտեղ յուրաքանչյուր էթնիկ և կրոնադավանական միավոր իր քանակական համամասնության ու կշռի չափով ներկայացվածություն է ունենում պետական կառավարման համակարգում։ Հասարակության հիմնական շերտերը կազմող քրիստոնյա մարոնիները, սուննի և շիա իսլամները միմյանց միջև բաժանում են երկրի երեք բարձրագույն պաշտոնները։ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնում է քրիստոնյա մարոնի համայնքի ներկայացուցիչը, խորհրդարանի նախագահինը՝ շիա համայնքինը, իսկ վարչապետինը՝ սուննի համայնքինը։ Հայերը նույնպես դիտվում են որպես կրոնական համայնք և իրենց որոշակի ներկայացվածությունն ունեն ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանություններում։
Միևնույն ժամանակ հայ համայնքը Լիբանանում ներպարփակված չէ և բնութագրվում է խորը ինտեգրվածությամբ (համարկում)։ Դրա ամենավառ արտահայտությունը հայերի կողմից բարձր դիրքերի հասնելն է ամենատարբեր բնագավառներում։
Այսպիսով, Լիբանանի պետական կառավարման համակարգում և քաղաքական ընտրախավում հայ համայնքի ներուժի մասին խոսելիս անհրաժեշտ է խնդիրը դիտարկել երկու հարթության մեջ.
- Հայ համայնքը որպես Լիբանանի կրոնադավանական համայնքներից մեկը ներկայացնող գործիչներ, որոնք միաժամանակ հանդիսանում են Լիբանանի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
- Լիբանանի քաղաքացի հանդես եկող ազգությամբ հայ գործիչներ, որոնք քաղաքական գործունեություն են ծավալում այդ երկրի այս կամ այն քաղաքական ուժի շրջանակներում, զբաղեցնում քաղաքական պաշտոններ կամ պետական ծառայության մեջ են։
Հայ համայնքը Լիբանանի իշխանական համակարգում
Լ իբանանում կա երկու հայկական համայնք՝ հայ առաքելականների և հայ կաթողիկեների։ Հայ ավետարանականները պետության կողմից չեն դիտարկվում որպես առանձին էթնոդավանական միավոր, այլ երկրի ընդհանուր բողոքական համայնքի մի մասն են։
Լիբանանի օրենսդիր իշխանությունում հայ առաքելականներին հատկացվում է հինգ պատգամավորական տեղ։ Մեկ պատգամավորական տեղ էլ ունեն հայ կաթողիկեները։ Այսպիսով, հայ համայնքը Լիբանանի խորհրդարանում ունի վեց երաշխավորված պատգամավորական տեղ՝ հայ առաքելականներին և հայ կաթողիկեներին հատկացված տեղերը միասին վերցրած։ Քանի որ հայ ավետարանականները զգալի տեսակարար կշիռ ունեն Լիբանանի ընդհանուր բողոքական համայնքի շրջանակներում, ապա այդ համայնքի համար նախատեսված միակ պատգամավորական մանդատը երբեմն զբաղեցնում է ազգությամբ հայ ներկայացուցիչը։ Այդ կերպ երկրի օրենսդիր մարմնում հայ համայնքը ներկայացնող պատգամավորների թիվը ժամանակ առ ժամանակ հասնում է յոթի։
Գործադիր իշխանությունում նախարարական աթոռներ նախատեսված են միայն հայ առաքելական համայնքի համար։ Հաշվի առնելով հայ կաթողիկեների սահմանափակ թիվը, ինչպես նաև այն, որ հայ ավետարանականներն առանձին համայնք չեն կազմում, վերջիններիս համար Լիբանանի գործադիր իշխանության մեջ նախարարական աթոռներ նախատեսված չեն։
Նախկինում հայերի համար նախատեսված է եղել նախարարական երկու պորտֆել։ Պայմանավորված հայ համայնքի թվաքանակի նվազմամբ՝ վերջին շրջանում հատկացվում է նախարարական մեկ պաշտոն։ Լիբանանի ներկայիս կառավարության կազմում երկու հայ նախարար կա՝ զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը և սոցիալական հարցերի նախարար Ռիչարդ Գույումջյանը։ Նրանցից միայն առաջինն է ներկայացնում հայ համայնքը։ Կիտանյանը ՀՅԴ անդամ է։ Ռիչարդ Գույումջյանը ներկայացնում է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը։
Լիբանանի վերջին խորհրդարանական ընտրությունները (2018թ.) ցույց տվեցին, որ հայ համայնքը կանգնած է նոր մարտահրավերների առջև, որոնք են.
ա) Համայնքի անդամների, մասնավորապես, երիտասարդների հեռացումը համայնքային կյանքից, ազգային, համայնքային խնդիրների նկատմամբ անտարաբերությունը։ Այս երևույթը շոշափելի է հատկապես ավանդական կուսակցությունների համար, քանի որ հանգեցնում է վերջիններիս ընտրազանգվածի նվազմանը և համայնքում պառակտման միտումների, ինչի մասին էլ նրանք ահազանգում են։ 2018թ. խորհրդարանական ընտրարշավի ամփոփիչ հանրահավաքում ՀՅԴ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին, դիմելով «մոլորածներու եւ կասկածամիտներու փաղանգներուն» «իրենք զիրենք չօտարացնելու, իրենց հայկականությիւնը ուրիշին չծախելու» կոչ արեց նրանց [1]։
բ) Հայկական ավանդական կուսակցությունների վարկանիշի անկումը համայնքում, որի վառ օրինակ էր ՌԱԿ-ի ու ՍԴՀԿ-ի անհաջողությունն այդ ընտրություններում. նրանք չկարողացան մուտք գործել խորհրդարան [2]։ Նախկինում հայ համայնքի համար նախատեսված պատգամավորական մանդատները որոշակի համամասնությամբ բաշխվում էին ավանդական երեք կուսակցությունների միջև։ Վերջին ընտրություններում մանդատ ստացավ միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը (Ալեքսանդր Մաթոսյան, Հակոբ Թերզյան, Հակոբ Բագրատունի)։
գ) Հայ համայնքին հատկացվող պատգամավորական տեղերում, թեև ազգությամբ հայ, սակայն համայնքային կառույցներ չներկայացնող թեկնածուների ընտրությունը, որոնք հետագայում իրենց հեռու են պահում ազգային խնդիրներից։ 2018թ. խորհրդարանական ընտրություններում հայ համայնքի համար նախատեսված պատգամավորական 6 մանդատներից երեքը ստացան այդպիսի գործիչներ։ Նրանցից մեկը՝ Պաուլա Յակուբյանը, ներկայացնում է լիբանանյան Սաբաա կուսակցությունը։ Մյուս երկու գործիչներն են անկուսակցական Ժան Թուլուզյանը՝ Հայ կաթողիկե համայնքից և Էդդի Դեմիրճյանը։
Ազգությամբ հայերը Լիբանանի հասարակական-քաղաքական ընտրանիում և պետական ծառայության մեջ
Ո րպես Լիբանանի քաղաքացի հայերին, որոնք ընդգրկված են երկրի կառավարող և քաղաքական ընտրանիում, պայմանականորեն կարելի է բաժանել չորս խմբի՝ քաղաքական գործիչներ, պետական ծառայողներ, հասարակական գործունեությամբ զբաղվողներ, միջազգային լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ։
Քաղաքական գործունեության ասպարեզում կան հայազգի գործիչներ, որոնք ընդգրկված են Լիբանանի տարբեր քաղաքական կուսակցությունների կազմում։ Նրանցից է, օրինակ, Ռիչարդ Գույումջյանը, որը «Լիբանանյան ուժեր» կուսակցության անդամ է։ Հայազգի քաղաքական գործիչը 2019թ. նշանակվեց Լիբանանի սոցիալական հարցերի նախարար։
Հայերը լիբանանյան քաղաքական ասպարեզում իրենց դրսևորում են ոչ միայն քաղաքական պաշտոններ զբաղեցնելով, այլև կուսակցական գործունեությամբ։ Լիբանանի Փաղանգավոր կուսակցության ընդհանուր քարտուղարը հայազգի Նազար Նաջարյանն է։
Հայերի ընդգրկվածությունը լիբանանյան քաղաքական կուսակցությունների գործունեության մեջ և նրանց կողմից բարձր պետական պաշտոնների ստանձնումը թույլ է տալիս խոսել Լիբանանի հայ համայնքի առնչությամբ նկատվող երկու հակասական երևույթների մասին։ Մի կողմից՝ հայ համայնքին հատկացվող պատգամավորական տեղերը զբաղեցնում են համայնքային կառույցներից դուրս գտնվող գործիչներ, մյուս կողմից՝ հայերը ներգրավվում են լիբանանյան քաղաքական ուժերի գործունեության մեջ և զբաղեցնում պաշտոններ, որոնք նախատեսված չեն հայ համայնքի համար։ Այդ կերպ մի կողմից նվազում է հայկական կառույցների քաղաքական ազդեցությունը, մյուս կողմից տեղի է ունենում հայ համայնքի քաղաքական ազդեցության մեծացում։
Լիբանանյան քաղաքական կուսակցություններում ընդգրկված ազգությամբ հայերը կտրված չեն համայնքից, պահպանում են իրենց կապը հայկական կառույցների հետ և իրենց գործունեության օրակարգում պահում են նաև ազգային խնդիրները։ Նազար Նաջարյանը, օրինակ, 2019թ. հունվարի 24-ին հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին և քննարկել Փաղանգավոր կուսակցության և ՀՅԴ-ի համատեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ Լիբանանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության և Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների ջարդերի հիշատակի ազգային օր հռչակելու մասին [3]։ Նորանշանակ սոցիալական հարցերի նախարար Ռիչարդ Գույումջյանն էլ իր հերթին 2019թ. փետրվարի 2-ին հանդիպել է Վեհափառ հայրապետի հետ՝ ստանալու նրա օրհնությունն ու խորհուրդները [4]։
Լիբանանի Փաղանգավոր կուսակցության ընդհանուր քարտուղար Նազար Նաջարյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
Պետական ծառայողների շրջանում գերակշռում են դիվանագետները և ռազմական գործիչները։
Դիվանագիտության ասպարեզում ամենանշանավոր հայազգի գործիչը վարչապետ Սաադ Հարիրիի խորհրդական, Լիբանանի նախարարների խորհրդի գրասենյակի միջազգային գործերի և հարաբերությունների բաժնի պետ Կարմա Էքմեկջին է [5]։ Նա այն գործիչներից է, ով պետական ծառայությունը համատեղում է գիտամանկավարժական գործունեության հետ։ Էքմեկջին դասավանդում է Բեյրութի ամերիկյան համալսարանում՝ կառավարման ոլորտի իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին։ Էքմեկջին մասնակցում է վարչապետ Սաադ Հարիրիի միջազգային հանդիպումներին, այդ թվում՝ այլ երկրների առաջին դեմքերի հետ (ԱՄՆ նախագահ Դ. Թրամփ, Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոն, Հռոմի պապ Ֆրացիսկոս և այլն)։
Կարմա Էքմեկջին և Ֆրանսիայի նախագահ Էմաուել Մակրոնը
Դիվանագիտության ասպարեզում հայազգի գործիչներ են նաև արտակարգ և լիազոր դեսպաններ Վազգեն Գավլաքյանը [6] և Արա Խաչատուրյանը [7]։ Այս ասպարեզում ամենաերիտասարդ հայը Շանթ Վարդանյանն է, ով 2018թ. աշխատանքի է անցել Լիբանանի Արտաքին գործերի նախարարությունում [8]։
Ռազմական գործիչներից ամենանշանավորը հայազգի երկու գեներալներ Հովհաննես Քեշիշյանը և Պետրոս Լափաճյանն են, որոնք 2016թ. նոյեմբերին զինվորական ծառայության անցան Լիբանանի նախագահական պահակագնդում։ Հովհաննես Քեշիշյանը նշանակվեց պահակագնդի Բ վաշտի հրամանատար, որը պատասխանատու է Լիբանանի Հանրապետության նախագահի անձնական անվտանգության համար, Իսկ Պետրոս Լափաճյանը՝ պահակագնդի Գ վաշտի հրամանատար, որը պատասխանատու է նախագահական պալատի սպասարկման համար [9]։
Նրանցից բացի, առկա են ևս երկու հայազգի ռազմական գործիչներ։ Մեկը Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանն է, իսկ մյուսը՝ Լիբանանի պաշտպանության նախկին նախարար Յագուպ Սարրաֆի խորհրդական գեներալ Փանոս Մանճյանը [10]։
Փանոս Մանճյան
Պետական ծառայության ոլորտում մեկ այլ հայազգի գործիչ է Սեպուհ Մխչյանը, ով Լիբանանի նախորդ կառավարությունում զբաղեցրել է ծրագրավորման նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնը [11]։
Հայերը ներկայացված են նաև երկրի իրավապահ համակարգում։ Այդպիսի հայերից մեկն է իրավաբան Հուրի Տեր-Սարգիսյանը, ով ընդհանուր քննիչ է աշխատում Լիբանանի Կենտրոնական քննիչ խորհրդում։
Հասարակական գործունեությամբ զբաղվող նշանավոր հայազգի ներկայացուցիչ է Կարլա Խիճոյանը, ով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Միջին Արևելքի ընդհանուր պատասխանատուն է։ Փաստորեն, վերջինիս հասարակական գործունեությունը դուրս է գալիս Լիբանանի սահմաններից և ընդգրկում է ողջ Միջին Արևելքը։
Առհասարակ, Լիբանանի հայ համայնքը՝ որպես Սփյուռքի մայր գաղութ, աչքի է ընկնում նրանով, որ հայկական կազմակերպչական կառույցների գործունեությունը չունի զուտ տեղական-լիբանանյան նշանակություն։ Դրանցից շատերը հանդիսանում են տարածաշրջանային կամ համազգային մակարդակով կառույցներ։ Դրա լավագույն օրինակը հայկական եկեղեցիներն են։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հանդիսանում է ողջ Սփյուռքի մի զգալի մասի [12] հայ առաքելականների հոգևոր կենտրոնն ու ղեկավար կառույցը։ Զմմառի հայ կաթողիկե պատրիարքությունը ողջ աշխարհի հայ կաթողիկեների հոգևոր կենտրոնն է։ Բեյրութում է գտնվում Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության գրասենյակը։ Գործունեության տարածաշրջանային և համազգային մասշտաբները բնորոշ են ոչ միայն հայկական կառույցներին, այլև այն անհատներին, որոնք ընդգրկված են Լիբանանի հասարակական-քաղաքական և պետական կառույցներում, ինչպես նաև Լիբանանում գտնվող տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունեցող կազմակերպություններում։
Նկատի ունենալով, որ բոլոր երկրներում էլ փաստաբանական պալատները ծավալում են հասարակական գործունեություն, այս ոլորտի լիբանանաբնակ հայ կարելի է համարել իրավաբան, Լիբանանի փաստաբանների պալատի անդամ Սերժ Հակոբ Չուխատարյանին։
Ինչ վերաբերում է միջազգային լրատվամիջոցներում գործունեություն ծավալող հայ լրագրողներին, ապա հիշատակելի անուն է Լարա Սեդրակյանը։ Ամերիկյան Բլումբերգ (Bloomberg) լրատվական գործակալության նախկին թղթակիցը Լիբանանում հիմնել է սեփական լրատվական ընկերությունը։ Նա Բեյրութում գտնվող News Deeply [13] լրատվական ընկերության համահիմնադիրն է։ Ընկերությունը յուրահատուկ մեդիա և տեխնոլոգիական հարթակ է, ուր լրագրությունը համատեղվում է փորձագիտական վերլուծությունների հետ։
Այսպիսով, Լիբանանի պետական կառավարման համակարգում և հասարակական-քաղաքական վերնախավում հայ համայնքը ներկայացված է 15 գործչով։ Քաղաքական գործիչ երկու հայերից մեկը նախարար է, մյուսը՝ կուսակցական բարձրագույն պաշտոնյա, իսկ հասարակական գործունեության մեջ ներգրավված երկու հայերը իրենց գործունեությունը ծավալում են հոգևոր-եկեղեցական և իրավական ասպարեզներում։
[1] Բազմահազար Լիբանանահայեր Մասնակցեցան Ընտրական Վերջին Միթինկին, http://hayernaysor.am/cl/archives/281283
[2] Տե՛ս Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները հանդիպել են Հարիրիի հետ, https://armenpress.am/arm/news/935210.html
[3] Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ընդունեց Փաղանգաւոր կուսակցութեան ընդհանուր քարտուղարը, http://hayernaysor.am/cl/archives/302340
[4] Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Նորանշանակ Նախարար Տոքթ. Ռիչըրտ Գույումճեանը, http://hayernaysor.am/cl/archives/302826
[5] Հովյան Վ., Լիբանանի հայ համայնքի գիտական ներուժը, http://orbeli.am
[6] Տե՛ս Դեսպանությունում նշվեց հայոց բանակի օրը, http://kazakhstan.mfa.am
[7] Տե՛ս Արա Խաչատուրյան. Առևանգված հայտնի գործարարի համար հանցագործները խոշոր գումար են պահանջում, http://www.arevelk.am
[8] Շանթ Վարդանեան՝ 1945-էն ի վեր դիւանագիտական ասպարէզ մուտք գործող երրորդ լիբանանահայը, http://hayernaysor.am/cl/archives/276802
[9] Հայազգի Երկու Զօրավարներ Պաշտօնի Կոչուած Են Լիբանանի Նախագահական Պալատին Մէջ, http://asbarez.com
[10] Տե՛ս Վեհափառ հայրապետը ընդունեց Լիբանանի պաշտպանութեան նախարարը, http://www.armenianorthodoxchurch.org/archives/21174
[11] Տե՛ս Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի ծրագրավորման նախարարի գրասենյակի ղեկավար Սեպուհ Մխչյանին, http://hayernaysor.am/archives/241584
[12] Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն ունի Լիբանանի (Բեյրութ), Բերիո (Հալեպ), Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի (Նյու Յորք, ընդգրկում է նաև Վենեսուելայի հոգևոր հովվությունը), Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան (Լոս Անջելես), Կիպրոսի (Նիկոզիա), Թեհրանի (Թեհրան), Իրանա-Հնդկաստանի (Սպահան), Ատրպատականի (Թավրիզ), Հունաստանի (Աթենք), Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների (Էլ Քուվեյթ) երկրները, http://www.armenianreligion.am
[13] https://www.newsdeeply.com/