«Խաղաղության ակունք» գործողությունը և սիրիահայ համայնքը

8 ր.   |  2019-10-18

Հ ոկտեմբերի 9-ին թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում սկսեցին «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որի նպատակն է Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի տարածքում ստեղծել 30 կմ խորությամբ անվտանգության գոտի և այնտեղ բնակեցնել սիրիացի փախստականներին[1]։

Հիշյալ 30 կմ-անոց գոտում կան հայաշատ որոշ բնակավայրեր, իսկ հայերի թվաքանակը հասնում է 3 հազ.-ի: Նրանք հիմնականում կենտրոնացած են Ղամիշլիում, թեև փոքր թվով հայեր կան նաև Հասաքե (70 ընտանիք), Դերիկ (60 ընտանիք), Թել Աբյադ (15 ընտանիք) և Ռաս ալ-Այն (2 ընտանիք) բնակավայրերում[2]։

Թել Աբյադից առնվազն 13 հայ ընտանիք և Ռաս ալ-Այնից մի քանի հայեր արդեն տեղափոխվել են անվտանգ գոտի՝ հիմնականում Հալեպ և Հասաքե[3]։ Ինչ վերաբերում է Ղամիշլիին, ապա, չնայած այն արդեն իսկ դարձել է ռազմական գործողությունների թատերաբեմ, կրել ավերածություններ և տվել վիրավորներ, այնուամենայնիվ, տեղի հայության շրջանում խուճապային տրամադրություններ չկան, և նրանք չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը։


Թուրքիայի կողմից ստեղծվելիք «անվտանգության գոտին»՝ նշված կարմիր ստվար գծով

Սիրիայի հյուսիսային շրջանների հայության խնդիրը ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ սփյուռքյան կառույցների ուշադրության կենտրոնում է։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն մշտական կապի մեջ է Ջեզիրեի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Լևոն աբեղա Եղիայանի հետ[4]։ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունն ապահովելու աշխատանքներին: Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար»[5]։ Իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերով պետությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ՝ Հայաստան գալ ցանկացողներին ընդունելու համար[6]։ Նմանատիպ հայտարարություն է հնչեցրել նաև ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը. «Մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը՝ աջակցելու բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն են հայտնել»[7]։

Զարգացման սցենարները

Կ ան իրադարձությունների զարգացման բազմաթիվ սցենարներ։ Դիտարկենք դրանցից երկուսը, որոնք առավել մեծ չափով են առնչվում տեղի հայության անվտանգության խնդրին և որոնք առավել հոռետեսական են։ Ամենահոռետեսական սցենարների ընտրությունը պայմանավորված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հաստատությունների կողմից դրանց առավելագույնս պատրաստ լինելու հրամայականով։

Առաջին սցենարի համաձայն՝ թուրքական բանակը կկարողանա իրականացնել իր առջև դրված խնդիրը։ Այս դեպքում Ղամիշլին և մյուս հայաշատ բնակավայրերը կհայտնվեն թուրքական տիրապետության տակ, և տեղի հայությունը կհայտնվի դժվարին պայմաններում։ Եթե անգամ թուրքական զորքերը հայերի դեմ գործողություններ չիրականցնեն, ինչի հավանականությունը, ըստ մասնագիտական գնահատականի, ամենևին բացառված չէ[8], ապա նրանք հազիվ թե հոգ տանեն  վերջիններիս անվտանգության մասին՝ պաշտպանելով նրանց այլ տարրերի՝ Սիրիայի թուրքոմանների[9], բանտերից փախուստի դիմած ահաբեկիչների հարձակումներից։ Բացի այդ, թուրքական իշխանությունները, պահելով տեղի հայությանը պատանդի կարգավիճակում, կարող են վերածել նրան ճնշման գործիքի կամ խաղաքարտի այլ պետությունների հետ հարաբերություններում։


Թուրքական զինտեխնիկայի զորաշարժ

Սիրիական տարածքների օկուպացիան թուրքական զորքերի կողմից կերկարաձգվի անորոշ ժամանակով։ Այս ենթադրության հիմքում ընկած է նեոօսմանականության, համաթյուրքականության և համաիսլամականության գաղափարախոսությունների եռամիասնության[10] վրա հիմնված ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինչը պայմանավորված է վերջինիս մեծ ներուժով՝ ժողովրդագրական, ռազմական, տնտեսական և այլն, թուրքական քաղաքական մշակույթում դարերով արմատավորված կայսերապետական ավանդույթներով, երբեմնի Օսմանյան կայսրության փառքի մասին պատմական հիշողությամբ և այդ փառքի վերականգնման ձգտումով։ Նման արտաքին քաղաքականությունը ենթադրում է տարածքային ծավալում (էքսպանսիա) նախկինում Օսմանյան կայսրության մաս կազմող հարևան երկրների հաշվին։

Եթե Թուրքիան «Խաղաղության ակունք» գործողությամբ փորձում է լուծել զուտ իր «գոյաբանական (էքզիստենցիալ) անվտանգության» խնդիրը՝ պաշտպանվելով քրդերից կամ ԻՊ ահաբեկիչներից, ապա դրա համար կան միջազգայնորեն ընդունված և օրինակարգ ուղիներ։ Այդ դեպքում այն պարզապես պետք է համագործակցեր նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի հետ, որպեսզի ամերիկյան զինուժի հեռանալուց հետո սիրիական օրինական զինված ուժերը չեզոքացնեին Թուրքիայի համար այդ «գոյաբանական» սպառնալիքը։ Սեփական ռազմական գործողությունների ծավալումը, իսկ իրականում՝ ագրեսիան հարևան պետության նկատմամբ և նրա ինքնիշխանության կոպիտ ոտնահարումը թույլ են տալիս պնդելու, որ Թուրքիայի իրական նպատակը սիրիական տարածքների բռնագրավումն է։

Սիրիայի հնարավոր վերածումը երկրորդ Կիպրոսի Ղամիշլիի և այլ բնակավայրերի հայությանը կստիպի կրկնել Ալեքսանդրեթի սանջաքի[11] երբեմնի հայության ճակատագիրը՝ հեռանալ այդ բնակավայրերից։

Երկրորդ սցենարի համաձայն՝ Թուրքիայի կողմից հարձակման ենթարկված տարածքները վերածվում են տևական և ինտենսիվ ռազմական գործողությունների թատերաբեմի ոչ այնքան քրդական դիմադրության, որքան Ռուսաստանի և Իրանի օժանդակությունը վայելող Բաշար ալ-Ասադի վարչակազմի կողմից դրանք պաշտպանելուն և ազատագրելուն ուղղված գործողությունների արդյունքում։ Այս ուղղությամբ սիրիական բանակն արդեն անցել է վճռական քայլերի[12]։

Նման սցենարի դեպքում տարածաշրջանի հայությունը կհայտնվի մեծաքանակ մարդկային զոհերի և անհատական ու համայնքային գույքի լայնածավալ ավերածությունների սպառնալիքի տակ: Զինված բախումների հետևանքով առաջացած մարդկային զոհերը խաղաղ բնակչության շրջանում, ավերածությունները, ենթակառուցվածքների (էներգամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման համակարգեր, տրանսպորտ, խանութներ և այլն) խափանումներն անտանելի կդարձնեն կյանքը հայաշատ բնակավայրերում՝ պատճառ դառնալով հումանիտար աղետի, այդ թվում՝ տեղի հայության համար։ Փաստորեն, Ղամիշլիի և մյուս բնակավայրերի հայ համայնքների ֆիզիկական գոյությունը կհայտնվի մեծ սպառնալիքի տակ։ Եվ եթե առաջին սցենարի դեպքում տեղի հայությունը կկրկնի Ալեքսանդրեթի սանջաքի հայության ճակատագիրը, ապա երկրորդի պարագայում նրան սպառնում է քեսաբահայության կամ հալեպահայության ճակատագիրը, երբ հայերը ստիպված կլինեն լիովին ունեզուրկ վիճակով, թողած իրենց տներն ու ապրանքը, նյութական այլ միջոցները փախչել պատերազմական գոտուց։

Վերոհիշյալ երկու սցենարի դեպքում էլ սպասվում է հայաշատ բնակավայրերի հայաթափում։ Սակայն եթե առաջինի դեպքում այն կարող է աստիճանական ընթացք ունենալ և աղետալի չլինել տեղի հայության համար, ապա երկրորդի դեպքում ծանր հետևանքներն անխուսափելի են։

Հնարավոր հայրենադարձության խնդիրը

Ի նտենսիվ ռազմական գործողությունների ծավալման արդյունքում իր բնակավայրը լքող հայությունը կամ նրա մի մասը քեսաբահայերի և հալեպահայերի նման կարող է բռնել Հայաստանի ճանապարհը, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում մեծ հավանականությամբ Հայաստանը կրկին բախվելու է տարերային հայրենադարձության խնդրին։

Հաշվի առնելով տարերային հայրենադարձության նախորդ ալիքների փորձը՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Սփյուռքի կառույցները պետք է այս անգամ ավելի պատրաստ լինեն դրան։ ՀՀ իշխանությունները որպես առաջին քայլ, ինչպես նախկինում, ներկայում էլ պատրաստակամ են տեղում՝ ՀՀ դեսպանությանը կամ Հալեպի հյուպատոսությանը, սիրիահայերին տրամադրել ՀՀ քաղաքացիություն՝ նրանց Հայաստան գալու հարցում բյուրոկրատական խնդիրներից հնարավորինս զերծ պահելու նպատակով։ Սակայն սա հարցի միայն մեկ՝ վարչական կողմն է։ Մինչդեռ պետության և Սփյուռքի հաստատությունների կողմից հնարավոր հայրենադարձության նոր ալիքին ավելի պատրաստ լինելը և դրան նպաստելը ենթադրում է հետևյալ մի քանի գործողությունների իրականացում.

  1. Սփյուռքի բարեգործական կառույցների կողմից անհրաժեշտ գումարի հատկացում՝ Հայաստան մեկնել ցանկացող սիրիահայերի տրանսպորտային, մասնավորապես, ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու ծախսերը բավարարելու համար։ Քանի որ Ղամիշլիի և մյուս հայաշատ բնակավայրերի հայությունը ընդամենը երեք հազար է, ապա այս խնդրի լուծումը սփյուռքահայ բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների համար լիովին իրատեսական է։ Այս հարցով կարելի է անգամ ձևավորել այդ կազմակերպությունների համակարգող խորհուրդ՝ ծախսերի արդյունավետ բաշխման համար։ Չնայած բոլոր հայերը չէ, որ կցանկանան բռնել Հայաստանի ճանապարհը՝ այնուամենայնիվ, հատկացումները պետք է արվեն երեք հազար ուղևորի նախնական հաշվարկով։
  2. ՀՀ կառավարության կողմից միջոցների հատկացում՝ Երևանի ոչ կենտրոնական շրջաններում, ինչպես նաև մարզային քաղաքներում ոչ բարձր գնով վարձով տրվող բնակարաններում ներգաղթող սիրիահայերի բնակվարձը երեք ամսով փոխհատուցելու համար։ Քանի որ տարածաշրջանի երեք հազարանոց հայ համայնքը բաղկացած է մոտ 500 ընտանիքից, հատկացումը պետք է արվի նույնքան ընտանիքի նախնական հաշվարկով։
  3. ՀՀ կառավարության կողմից միջոցների հատկացում՝ նվազագույն սպառողական զամբյուղի չափով երեք ամսով ներգաղթողներին սոցիալական նպաստ տրամադրելու համար։
  4. ՀՀ և ԱՀ մշակելի հողատարածքներից 500 ընտանիքի հաշվարկով հողամասերի առանձնացում և դրանց վրա գյուղատնտեսությամբ զբաղվելու առաջարկ Հայաստան եկած սիրիահայերին։ Հողահատկացումը պետք է լինի սկզբում անհատույց օգտագործման, իսկ մի քանի տարի անց՝ սեփականության իրավունքով։ Նախնական փուլում օթևանի խնդիրը լուծելու համար հողահատկացումների հետ մեկտեղ կարելի է նրանց տրամադրել նաև հարմարավետ վագոն-տնակներ (ինչը մեծ ծախսերի հետ կապված չէ)՝ այն հեռանկարով, որ հետագայում ներգաղթածները հնարավորություն կունենան սեփական եկամուտով իրենց համար տուն կառուցել։
  5. Ակտիվ խորհրդատվական աշխատանք ներգաղթածների հետ՝ Հայաստանի գործարար հնարավորություններին, օրենսդրությանը և այլնին ծանոթացնելու նպատակով, որպեսզի վերջիններս, արագ կողմնորոշվելով, կարողանան այստեղ գործարարությամբ զբաղվել։
  6. Մանր և միջին բիզնեսով, ինչպես նաև հողահատկացումների արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվող ներգաղթածներին սկզբնական շրջանում՝ երեք տարով, ազատում հարկերից։

Հիշյալ միջոցառումները ոչ միայն կդյուրացնեն պատերազմական պայմաններում հայտնված հայության հայրենադարձությունը՝ դրան հաղորդելով ավելի կազմակերպված բնույթ, այլև կմեծացնեն հայրենադարձվել ցանկացողների թիվը։


[1] Տե՛ս Էրդողան. թուրքական բանակը սկսեց ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում«Источник мира» от Эрдогана

[2] Հայաստան կը դատապարտէ Սուրիոյ մէջ Թուրքիոյ զինուորական գործողութիւնները, Նոր Մարմարա, 11.10.2019

[3] Սիրիայում՝ Թել Աբյադից առնվազն 13 հայ ընտանիք և Ռաս Ալ Այնում մնացած մի քանի հայերն արդեն տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ, ոմանք հրաժարվել են. ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ

[4] Տե՛ս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս մօտէն կը հետեւի Սուրիոյ հիւսիսային շրջանը Թուրքիոյ կողմէ կատարուած ներխուժումին ունեցած հետեւանքներուն հայ համայնքի կեանքէն ներս

[5] Սինանյան․ ՀՀ կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող հայերի և հայ համայնքների անվտանգության ապահովմանը

[6] Եթե սիրիահայերը ցանկանան Հայաստան գալ, մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ ռեսուրսները. Արմեն Գրիգորյան

[7] ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ

[8] Թուրքիան կարող է հարձակվել Ղամշլույի վրա, հայերն այնտեղ են կենտրոնացած. Ռուբեն Սաֆրաստյան

[9] Վերջիններս միայն անվանումով են տարբերվում թուրքերից։

[10] Այս երեք գաղափարախոսությունները հակոտնյա չեն։ Ավելին, հաջողությամբ փոխլրացնում են միմյանց։

[11] Վիճելի շրջան Թուրքիայի և Սիրիայի միջև, որը 1939թ. բռնակցվեց Թուրքիային, ինչն էլ հանգեցրեց շրջանի հայաթափմանը։

[12] Տե՛ս Պենտագոնի ղեկավարը խոստովանել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում հայտնվել են ծուղակում«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ