Վրաստանի նավահանգիստները. ԲԱԹՈՒՄ

23 ր.   |  2019-10-21

«Վրաստանում և Անդրկովկասում էներգատրանսպորտային
ենթակառուցվածքի զարգացման վրա ներազդող երկու
կարևորագույն գործոններն են՝ Ա) գալիք տարիներին
Ղազախստանում ու Ադրբեջանում նավթի արդյունահանման
աճը, Բ) Ռուսաստանի տրանսպորտային համակարգից
կախվածության թուլացմանն ուղղված կասպիական
երկրների ավելի ագրեսիվ քայլերը»:

Համաշխարհային Բանկ, 2008թ. [1]

Հոդվածը մեր տարածաշրջանի էներգատրանսպորտային ենթակառուցվածքներին նվիրված հրապարակումներից է և Վրաստանի Հանրապետության սևծովյան նավահանգիստների ու հարակից ենթակառուցվածքների մասին է։ Հաշվի առնելով վերջին երեք տասնամյակների աշխարհաքաղաքական իրողությունները (շրջափակում, տարածաշրջանային հակամարտություններ, մրցակից ինտեգրացիոն գործընթացներ և այլն)՝ դժվար է գերագնահատել այս նավահանգիստների կիրառական արժեքը ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար:
Աղյուսակ 1. Վրաստանի նավահանգիստները
* TEU, 
twenty-foot equivalent unit․ 6.1 մ երկարությամբ և 2.59 մ բարձրությամբ ստանդարտ ինտերմոդալ կոնտեյներ։ TEU-ն որպես միավոր օգտագործվում է բեռնանավերի և նավահանգիստների տարողունակության և թողունակության գնահատման համար։

Վրաստանում ներկայումս գործող երկու նավահանգիստների և երկու նավթային տերմինալների[1] ցանկը բերված է Աղյուսակ 1-ում։ Նշված է նաև «Անակլիա» խորջրյա ծովային նավահանգիստը, որն առայժմ միայն նախագիծ է[2]։ Նկար 1-ում Վրաստանի ափեզրի հիդրոգրաֆիական քարտեզի վրա նշել ենք այս նավահանգիստների և տերմինալների տեղը։


Նկար 1.
Վրաստանի սևծովյան ափի հիդրոգրաֆիական քարտեզը, նավահանգիստները և նավթային տերմինալները։ Խորությունները՝ մետրերով, մագնիսական շեղումը՝ տարեկան 0.02ՕE՝ ըստ 2008թ.:

Բաթումի նավահանգիստը

Բ աց ծով («high seas»)[3] ելքով թերևս ամենահին նավահանգիստն է՝ հիշատակված դեռ անտիկ ժամանակներից (հունական Կոլխիս գաղութի «Բաթուս» նավահանգիստ): 1878-1885թթ. ունեցել է «Ազատ նավահանգստի» («Porto Franco») կարգավիճակ։ 1883-ին Նոբել եղբայրները Բաթումում կառուցել են առաջին նավթային տերմինալը[4]։ ԽՍՀՄ գոյության տարիներին Բաթումն առաջին կարգի նավահանգստ էր և 1967-ից գործում էր նաև որպես խոշոր բեռնատար նավահանգիստ։

Այսօր Բաթումի ծովային նավահանգիստը (ԲԾՆ, Batumi Sea Port, նկ. 2) զբաղեցնում է ավելի քան 120 հեկտար տարածք, իսկ ջրային ընդհանուր մակերեսը մոտ 270 հազ. մ2 է։ Ծովից այն անջատված է 582մ երկարությամբ նավթային ալեհերձ կառանով (pier, пирс), ուր գտնվում են նավթային մատուցները (նկ. 2 և 9)։ Նավահանգստի մուտքը 205մ է, ջրային տարածքի առավելագույն լայնությունը՝ 364մ (կոնտեյներային տերմինալի մոտ), երկարությունը՝ մոտ 750մ, շրջադարձի հուսալի շառավիղը՝ 311 մ:


Նկար 2.
Բաթումի նավահանգստի սխեման (1:5000), արբանյակային լուսանկար։ Աղբյուրը՝ Batumi Sea Port

Բաթումի նավահանգստի հիմնական  տարածքը (նկ. 2) ներառում է 4 տերմինալ. ուղևորային, չոր բեռների, կոնտեյներային ու երկաթուղային լաստանավի և նավթային տերմինալները։

Ուղևորային տերմինալ

Բ աղկացած է երկու մատույցներից (berth, причалы, № 10 և 11, նկ. 2), ծովակայանի շենքից և այլ կառույցներից։ № 10 մատույցն ունի 226մ երկարություն, ջրի խորությունը՝ ըստ նավահանգստի օպերատորի, 9.1մ է, և այստեղ կարող են կայանել առավելագույնը 3.1 հազ. ջրատարողությամբ նավեր:  № 11 մատույցն ավելի փոքր է և կարող է ընդունել նաև ոչ մեծ բեռնատար նավեր և ուղևորային «Ro-Ro»[5] դասի լաստանավեր։ Համաձայն նավահանգստի օպերատորի պաշտոնական կայքէջի՝ ուղևորային տերմինալի տարեկան թողունակությունը 180 հազ. ուղևոր է, բայց տերմինալի ուղևորափոխադրումը 2018-ին կազմել է ընդամենը 2488 ուղևոր (թողունակության 1.4%-ը):

ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ, Navy) ռազմանավերը Բաթումի նավահանգիստ մտնելիս կանգնում են ուղևորային տերմինալի № 10 մատույցում: Այսպես, 2019թ. հունվարի 21-ին այստեղ մուտք գործեց ԱՄՆ ռազմածովային ուժերի Արլեյ Բերք դասի «Դոնալդ Քուք» (USS Donald Cook, DDG-75) էսկադրային ականակիրը: 2500 կմ հեռահարությամբ «Tomahawk» հարվածային թևավոր հրթիռներով և հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Aegis» համակարգով զինված այս ռազմանավի առավելագույն ջրատարողությունը 8.3 հազ. տոննա է, երկարությունը՝ 154մ, լայնությունը՝ 20.4 մ, առավելագույն սուզվածքը (draft)՝ 9.3 մ:

Անհրաժեշտ է նշել, որ 2011թ. հոկտեմբերի 5-ին պաշտոնապես հայտարարվեց իսպանական Ռոտա նավահանգստում ՀՀՊ «Aegis» համակարգերով զինված Արլեյ Բերք դասի չորս էսկադրային ականակիրների («Դոնալդ Քուք», «Պորտեր», «Քարնի», «Ռոսս») անընդհատ ծավալման մեջ պահելու ԱՄՆ ՌԾՈՒ հրամանատարության որոշումը: Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 20-ին Բաթումի նավահանգիստ էր մտել հիշյալ ռազմանավերից «Պորտերը» (USS Porter, DDG-78), 2018թ. օգոստոսի 23-ին՝ «Քարնին» (USS Carney, DDG-64): Վերջապես, 2019թ. ապրիլի 21-ին Բաթումի նավահանգստի ուղևորային տերմինալի № 10 մատույցում կայանել էր չորս հիշյալ ականակրերից վերջինը՝ «Ռոսսը» (USS Ross, DDG 71)[6]:

Ինչպես նշեցինք, № 10 մատույցի խորությունը 9.1մ է[7], իսկ համաձայն ԱՄՆ ՌԾՈՒ պաշտոնական կայքի՝ Արլեյ Բերք դասի հիշյալ ականակիրների առավելագույն սուզվածքը 9.3 մ է: Հայտնի է, որ սևծովյան նավահանգիստներում մակընթացության տատանումները մեծ չեն՝ ոչ ավելի, քան կես մետր: Հետևաբար, ուղևորային տերմինալի № 10 մատույցում Արլեյ Բերք դասի ականակրի հուսալի կայանման համար ջրի խորությունը բավարար չէ: Ուստի, պետք է ենթադրել, որ կամ 2011-12թթ. իրականացվել է № 10 մատույցի խորացում, որի մասին չի նշվում պաշտոնական աղբյուրներում, կամ մշակվել է Բաթում մտնող Արլեյ Բերք դասի ականակրի քաշային հատուկ ռեժիմ՝ ավելի նվազ ջրատարողությամբ և սուզվածքով: Առաջին վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ «Forbs Georgia» կայքի 2017թ. փետրվարի 17-ի  հոդվածում, Բաթումի նավթային տերմինալի գլխավոր տնօրեն Ժանատ Կուսիանովը (Zhanat Kusianov) տեղեկցրել էր, որ «2008-ից ղազախական կողմը Բաթումի նավահանգստի արդիականացման համար ծախսել է մոտ $135 մլն։ Աշխատանքները ներառում էին նաև ուղևորային տերմինալի №10 մատույցի հիմնանորոգումը»։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ ժամանակ է № 10 մատույցը խորացվել մինչև 10մ։

Այսպիսով, իսպանական Ռոտա ռազմակայանում 2012-ից տեղակայված բոլոր չորս Արլեյ Բերք դասի «Aegis» ՀՀՊ ականակիրները եղել են Բաթումում, ինչն անհնարին կլիներ առանց վրացական կողմի ռազմաքաղաքական համաձայնության և առանց Բաթումի նավահանգիստը տնօրինող ղազախական կողմի (տե՛ս ստորև) հատուկ ջանքերի: 2017թ. վերջին ռուսական ռազմական վերլուծաբանները կարծիք էին հայտնել, որ «հավանաբար ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում ուժի պրոյեկտման նպատակով ուսումնասիրում են Թուրքիայի սահմանից 15 կմ հեռավորության վրա գտնվող Բաթումի նավահանգիստը՝ ռոտացիոն հիմունքներով գործող ռազմածովային բազա կամ նյութատեխնիկական ապահովման հենակայան դարձնելու հեռանկարները»։[8] Ընդհանուր առմամբ համաձայնելով այս դիտարկմանը, կարծում ենք, որ այն ամբողջական չէ:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ իսպանական Ռոտայում տեղակայված «Aegis» ՀՀՊ համակարգերով զինված Արլեյ Բերք դասի չորս ականակիրները ՆԱՏՕ հարավային թևի հակահրթիռային պաշտպանության, այսպես կոչված, առաջնագծային ծավալման ծովային բաղադրիչ են (forward deployed NAVY «Aegis»): Դրանց կանոնավոր այցելությունները Բաթում վկայում են, որ Վրաստանն ակտիվորեն ներգրաված է ՀՀՊ ծովային բաղադրիչի արագ ծավալման ԱՄՆ/ՆԱՏՕ գործընթացում ու վարժանքներում (տե՛ս այստեղ և այստեղ): Մեզ համար հատուկ նշանակություն ունի ՀԱՊԿ անդամ Ղազախստանի (անուղակի) ներգրավածությունը այս գործընթացներում, հատկապես՝ ՀԱՊԿ միացյալ և միասնական ՀՕՊ և ՀՀՊ համակարգի ծրագրի 2018թ. նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած հերթական տապալման համատեքստում (տե՛ս այստեղ և այստեղ):


Նկար
3. ԱՄՆ ՌԾՈՒ «Օուք Հիլլ» դեսանտային նավը ԲԾՆ ուղևորային տերմինալի №10 մատույցում։ Աղբյուրը՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարություն, YouTube:

Բացի Արլեյ Բերք դասի էսկադրային ականակիրներից Բաթումի նավահանգիստ մուտք են գործում ԱՄՆ և ՆԱՏՕ այլ ռազմանավեր։[9] Այսպես, 2018թ. մարտի 17-ին այստեղ մուտք գործեց ԱՄՆ ՌԾՈՒ «Օուք Հիլլ» դեսանտային նավը (տե՛ս նկ. 3): «Օուք Հիլլ»-ի առավելագույն ջրատարողությունը 19.6 հազ. տոննա է, երկարությունը՝ 186մ, լայնությույունը՝ 26մ, սուզվածքը՝ 6.4մ։[10] 2008-ից կանոնավոր են նաև ՆԱՏՕ մշտական ծավալման 2-րդ ռազմածովային խմբավորման[11] ռազմանավերի այցերը Բաթում և Փոթի։ Այսպես, 2018թ. նոյեմբերի 2-ին ԲԾՆ-ի ուղևորային տերմինալի երկու մատույցներում կայանեցին Գերմանիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հինգ ռազմանավերը։


Նկար 4.
Բաթումի նավահանգստի չոր բեռների տերմինալի սխեման, մատույցներ № 7, 8 և 9։ Նշված են նաև կոնտեյներային տերմինալի № 4 և 5 մատույցները, ինչպես նաև երկաթուղային լաստանավի մատույցը (ԵԼՄ, № 6)։ Աղբյուրը՝ Batumi Sea Port

Չոր բեռների տերմինալը

Չ որ բեռների տերմինալը (Dry Cargo Terminal, терминал сухих грузов) ունի երեք մատույց (berth № 7, 8 և 9), 10 կռունկ և հարակից կառույցներ։ Չոր բեռների տերմինալի սխեման պատկերված է նկ. 4-ում։ Տերմինալի № 7 մատույցը կարող է ընդունել ու սպասարկել մինչև 60 հազ. տ. ջրատարողությամբ բեռնատար նավեր (сухогрузы)՝ մեկ միավոր բեռի 20 տ. առավելագույն քաշով։ № 8 և 9 մատույցները ավելի փոքր են՝ թե՛ խորության, թե՛ միավոր բեռի առավելագույն քաշի առումով։

2019թ. հունվարի 14-ին հայտատարվեց, որ ամերիկյան «Trammo» ընկերությունը «Wondernet Express» ընկերության ստորաբաժանման (WEI Group) հետ համատեղ մտադիր է $20 մլն ներդրում կատարել Բաթումի նավահանգստի չոր բեռների տերմինալում՝ նոր համալիրի կառուցման նպատակով: Այն նախատեսված է Ղազախստանից և Թուրքմենստանից ստացվող հանքային՝ հիմնականում ազոտային և ֆոսֆատային պարարտանյութերը Եվրոպա ու Մերձավոր Արևելք տեղափոխելու համար: Ըստ աղբյուրի, «WEI Group»-ը համաձայնագրեր է ստորագրել ծրագրի հիմնական գործընկերների՝ Բաթումի նավահանգստ ԲԸ, «Վրացական Երկաթուղիներ» ԲԸ, «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ և «Բաքու Նավահանգիստ» ՓԲԸ հետ: Նախատեսվում է, որ մուլտիմոդալ այս նոր համալիրը կունենա 60 հազ. տ պահեստային տարողություն, տարեկան 1.2 մլն տ թողունակությամբ: Շինարարության մեկնարկը նախատեսված էր 2019թ. գարնանը, սակայն հոդվածի պատրաստման ժամանակ (2019թ. հոկտեմբեր) դեռ չէր սկսվել: Ծրագիրը հանդիպել էր վրացի բնապահպանների դիմադրությանը:


Նկար 5. Բաթումի նավահանգստի չոր բեռների (վերևում՝ ձախից) և կոնտեյներային (վերևում՝աջից) տերմինալները։ Լաստանավի բեռնումը ԵԼՄ-ում (ներքևում՝ ձախից), ներբեռնված օգտագործված մեքնաները կոնտեյներում (ներքևում՝ աջից)։ Աղբյուրը՝ Batumi Sea Port, [2]:

Նկար 6-ում ամբողջացնում ենք Բաթումի նավահանգստի չոր բեռների տերմինալի տարեկան թողունակության (հազ. տ) մասին նավահանգստի օպերատորի տվյալները 2010-2018թթ. համար։[12] Ինչպես տեսնում ենք՝ տերմիանլի թողունակությունն աճում էր 2010-13թթ., առավելագույն ցուցանիշնին (1.72 մլն տ) հասնելով 2013-ին։ Հետո սկսում է նվազել՝ 2017-ին կազմելով ընդամենը 0.795 մլն տ։ 2018-ին արձանագրվել է թողունակության էական աճ (1.19 մլն տ)՝ հիմնականում ղազախական չոր բեռների արտահանման հաշվին, թեև 2018թ. այս ցուցանիշը դեռ զիջում է 2010թ. ծավալներին։


Նկար 6. Բաթումի նավահանգստի չոր բեռների տերմինալի տարեկան թողունակությունը 2010-2018թթ., հազ. տ։

Կոնտեյներային տերմինալը և երկաթուղային լաստանավի մատույցը (ԵԼՄ)

Բ աթումի նավահանգստի կոնտեյներային տերմինալի համայնապատկերը բերված է նկ. 5-ում: Նույն նկարում բերված է նաև օգտագործված ավտոմեքենաներով կոնտեյներների մաքսային զննման մի դրվագ, ինչպես նաև երկաթուղային լաստանավի բեռնումը: Կոնտեյներային տերմինալի № 4 և 5 մատույցների խորությունը 11.5մ է, ընդհանուր երկարությունը՝ 284մ, ընդունվող նավերի ջրատարողությունը՝ մինչև 35 հազ. տ: Երկաթուղային լաստանավի մատույցի (ԵԼՄ, №6) խորությունը 7.6մ է, ընդհանուր երկարությունը՝ 183մ, լաստանավի ջրատարողությունը՝ մինչև 12.6 հազ. տ:

Լաստանավի բեռնման և բեռնաթափման աշխատանքներն ավտոմատացված են, գործում է Բաթում-Վառնա, Բաթում-Կերչ, Բաթում-Չերնոմորսկ (Իլիչևսկ) և Բաթում-Փոթի լաստանավային կապը։ ԵԼՄ տարեկան թողունակությունը 2018-ին կազմել է 724 հազ. տ (նոմինալ թողունակության 103%)։ Նկար 7-ում ամբողջացնում ենք կոնտեյներային տերմինալի տարեկան թողունակության (հազ. TEU) մասին նավահանգստի օպերատորի տվյալները 2010-2018թթ. համար։ Ինչպես տեսնում ենք, բացի 2014-2016թթ., կոնտեյներային փոխադրումներում գրանցվել է անընդհատ աճ։ 2018-ին արձանագրվել է նշված ժամանակահատվածի համար առավելագույն՝ մոտ 90 հազ. TEU ցուցանիշը։ Այսպիսով, կոնտեյներային տերմինալը և ԵԼՄ-ն Բաթումի ողջ նավահանգստի ամենաարդյունավետ գործող ենթակառուցվածքային բաղադրիչներն են:

2007թ. նոյեմբերից կոնտեյներային տերմինալի 4-րդ և 5-րդ, ինչպես նաև երկաթուղային լաստանավի մատույցները վարձակալել է «Batumi International Container Terminal LLC» ընկերությունը։ 2018-2019թթ. թուրքական «Medlog» ընկերությունը «Բաթումի կոնտեյներային տերմինալ» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացրել է տերմինալի ենթակառուցվածքի զարգացման ծրագիր։ Արդյունքում՝ 2019թ. փետրվարին այստեղ շահագործման հանձնվեց բեռների մաքսային զննության նոր շենքը՝ 3 հազ. ք.մ. մակերեսով (նկ. 5-ում այն երևում է կապույտ տանիքի ներքո), ինչպես նաև 180մ երկաթուղային նոր հատված։ Ակնկալվում է, որ աշխատանքները թույլ կտան բարձացնել կոնտեյներային տերմինալի տարեկան թողունակությկունը մինչև 200 հազ. TEU:


Նկար 7. Բաթումի նավահանգստի կոնտեյներային տերմինալի տարեկան թողունակությունը, հազ. TEU։

Բաթումի նավթային տերմինալը

Բ աթումի նավթային տեմինալը (ԲՆՏ, նկ. 8) նավահանգստի, թերևս, ամենակարևոր բաղադրիչն է, մոտ 85 հեկտար է և բաղկացած է նավահանգստի ու հարակից տարածքների տարբեր վայրերում տեղակայված ենթակառուցվածքային բաղադրիչներից: ԲՆՏ հիմնական գործառույթը Ղազախստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից, Վրաստանից և այլ երկրներից նավթի և նավթամթերքների տեղափոխումն է, պահեստավորումն ու առաքումը։


Նկար 8.
Բաթումի նավթային տերմինալի արբանյակային լուսանկարը:

Ըստ պաշտոնական օպերատորի, տերմինալի տարեկան թողունակությունը 12 մլն տ (այլ տվյալներով՝ 15 մլն) հում նավթ և նավթամթերք է, որի տարածքում են հում նավթի և նավթամթերքների դատարկման/լիցքավորման երկաթուղային 7 կայանտեղիները (էստակադներ)՝ 204 վագոն-ցիստեռնի միաժամանակյա սպասարկման հնարավորությամբ: Նավթամթերքների պահեստավորման համար տերմինալի ողջ տարածքում տեղակայված է մոտ 135 պահեստարան՝ 600 հազ. տ (այլ տվյալներով՝ 750 հազ. տ) ընդհանուր տարողությամբ: Պահեստարաններից յուրաքանչյուրն ունի 200-ից 20 հազ. մ3 տարողություն, որոնք խմբավորված են առանձին հարթակներում (ՊՀ, նկ. 8)


Նկար 9.
Բաթումի նավահանգստի ալեհերձ կառանը՝ երեք նավամատույցներով։ Աղբյուրը՝ Batumi Sea Port

Նավթային տերմինալի հիմնական կառույցը ալեկոծումներից Բաթումի նավահանգիստը պաշտպանող ալեհերձ կառանն է, ուր տեղակայված են նավթային երեք մատույցները: Կառանի երկայնքով ձգվում են հում նավթի, նավթամթերքի և հեղուկ նավթագազի տեղափոխման խողովակաշարերը  (նկ. 9): Կառանի բոլոր՝ երեք մատույցները նախատեսված են նավթի և նավթամթերքի լիցքավորման/դատարկման համար: Դրանցից առավել մեծ երկարություն (200 մ) և խորություն (11.2 մ) ունի № 1 մատույցը, որն ունակ է ընդունել մինչև 45 հազ. տ ջրատարողությամբ տանկերներ՝ 10.7մ  թույլատրելի սուզվածքով (safe draft): Կառանի № 2 մատույցում հնարավոր է նաև հեղուկ նավթագազի (ՀՆԳ)[13] լիցքավորման/դատարկումը: Այս մատույցի խորությունը 8.7մ է, երկարությունը՝ 140մ և ունակ է ընդունելու մինչև 16 հազ. տ ջրատարողությամբ տանկերներ/գազատար նավեր՝ 8.2մ  թույլատրելի սուզվածքով:

Կառանի մյուս կարևոր բաղադրիչը նավահանգստի տարածքից դուրս՝ բաց ծովում գտնվող արտակառանային մատույցն է (ԱԿՄ), որի ստորջրյա խողովակաշարային համակարգը թույլ է տալիս դատարկել կամ լցնել տանկերները՝ առանց նավահանգիստ մտնելու և կայանելու: ԱԿՄ զգալի խորությունը (նվազագույնը՝ 14.5 մ) թույլ է տալիս սպասարկել մինչև 140 հազ. տ ջրատարողությամբ AFRAMAX դասի[14] նավթային տանկերներ: Ներկայումս գործող վրացական բոլոր նավահանգիստների և տերմինալների շարքում Բաթումի նավահանգստի ԱԿՄ-ն ամենախորն է:

Ըստ տերմինալի օպերատորի պաշտոնական կայքի, նավթային կառանն իր 3 մատույցներով և ԱԿՄ-ով մինչև 2019թ. վարձակալության էր տրված «Batumi Oil Terminal» ընկերությանը:

Բաթումի նավթային տերմինալի մյուս կարևոր ենթակառուցվածքային բաղադրիչը հում նավթի և 22 տեսակի նավթամթերքի պահեստավորման համար նախատեսված հարթակների համակարգն է, որը խողովակաշարով  կապակցված է երկաթուղային էստակադաներին, նավթային մատույցներին և ԱԿՄ-ին։ Համակարգը բաղկացած է չորս պահեստարաններից՝ «Հիմնական տարածք ՊՀ», «Խոլոդնայա Սլոբոդա ՊՀ» (Холодная слобода), «Կապրեշումի ՊՀ», «Նավթամշակման գործարան (ՆՄԳ) – Նավթաբազա ՊՀ»  (տե՛ս նկար 8): Այս հարթակներում տեղակայված է հում նավթի և նավթամթերքի 135 պահեստարան՝ 600 հազ. մ3 ընդհանուր ծավալով:[15] «Կապրեշումի» պահեստային հարթակը նախատեսված է բացառապես հում նավթի, իսկ մյուսները՝ նաև նավթամթերքի համար:


Նկար 10. «Նավթաբազա» ԱՓՀ (կարմիր շրջանագիծ), տեղակայված Բաթումի ՆՄԳ տարածքում:

Խորհրդային տարիներին Բաթումում գործում էր նավթավերամշակման գործարան (ՆՄԳ), սակայն ՌԴ-ից ու Ադրբեջանից վերամշակման նպատակով Վրաստան ուղարկվող հում նավթի մատակարարումների դադարեցման հետևանքով այն անցած տասնամյակներում չի գործել և վերածվել է թեթև նավթամթերքի (հիմնականում՝ տարատեսակ ավտոբենզին և դիզ. վառելիք) պահեստային տարածքի: 2000-ականներին այն միացվեց Բաթումի նավթային տերմինալին, որպես առանձին պահեստարան:

Այստեղ է «Նավթաբազա» արտահանումային փոխաբեռնման համալիրը (ԱՓՀ, импортнo-перевалочный комплекс «Нефтебаза», «The Oil Base» import transshipment facility, նկ. 10), ուր կա 20 պահեստարան՝ մոտ 46 հազ. մ3 ընդհանուր ծավալով[16], ինչը հում նավթի և նավթամթերքի ԲՆՏ ընդհանուր պահեստային ծավալի մոտ 7.8%-ն է: «Նավթաբազա» ԱՓՀ տարածքում է 10 վագոն-ցիստեռնների համար նախատեսված երկաթուղային էստակադան և 5 հանգույց ունեցող ավտոցիստեռնների լցակայանը:

Այս համալիրը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ վերջին տասնամյակներին այստեղից է ներկրվում մեր շուկայում սպառվող շարժիչային վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, ՀՆԳ) մեծ մասը, որն անհրաժեշտ է դիտարկել որպես ՀՀ ազգային տարածքից դուրս տեղակայված ազգային և էներգետիկ անվտանգության համար կրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտ (տե՛ս այստեղ, գլ.3)։ Այստեղից է մատակարարվում նաև Վրաստանում սպառվող շարժիչային վառելիքների զգալի մասը:

«Նավթաբազա» ԱՓՀ մոտակայքում է նաև Վրաստանում հեղուկացված նավթագազի (ՀՆԳ) միակ կայանը (նկ. 10)։ Այնտեղ պահեստավորվում, բաշխվում և արտահանվում է  Ադրբեջանից, Ղազախստանից և Թուրքմենիայից ներկրվող նավթագազը։ Կայանքի ընդհանուր ծավալը 5 հազ. մ3 է: Շինարարությունը մեկնարկել էր 2005-ին՝ Ադրբեջանական «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և ղազախական «Թենգիզ» և «Կարաչագանակ» նավթագազային դաշտերի յուրացման հիմնական փուլերի մեկնարկին ընդառաջ [1]։ Այն շահագործման է հանձնվել 2006-ին, սակայն ԱՉԳ յուրացման հիմնակ փուլի՝ «Բրիթիշ Փեթրոլյում» (BP/AIOC) ընկերության ծրագրի խափանումը (տե՛ս այստեղ, գլ. 2), ինչպես նաև ղազախական նավթագազային ծրագրերի իրագործման դանդաղ տեմպերը էականորեն վատթարացրին ՀՆԳ կայանքի գործունեության ցուցանիշները։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2010-ին՝ 156 հազ. տ (նոմինալ հզորության մոտ 62.0%), որից հետո սրընթաց նվազել է։ 2014-ին ընդամենը 23 հազ. տ էր, 2015-ից ադրբեջանական ՀՆԳ մատակարարումներն ընդհանրապես դադարեցվել են, ամենայն հավանականությամբ վրացական էներգետիկ շուկայում Ղազախստան-Ադրբեջան հակասությունների[17], ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանի թողունակության անկման հետևանքով։ Արդյունքում՝ 2015-2017թթ. ՀՆԳ կայանքը գրեթե[18] չի գործել։ 2018-ի մարտին հայտարարվեց, որ ղազախա-ամերիկյան «Թենգիզ-Շեվրոյլ» (Tengizchevroil) ընկերությունը մտադիր է վերսկսել ՀՆԳ մատակարարումները Բաթում՝ հասցնելով այն ամսեկան 10 հազ. տ ցուցանիշի։[19]


Նկար 11. Բաթումի նավթային տերմինալի տարեկան թողունակությունը (մլն տ., ձախից) և տեղակայված հզորությունների օգտագործման գործակիցը (տ.հ.օ.գ., %, աջից):

Բաթումի նավահանգստի գործունեությունը ու իրավական կարգավիճակը

Բ աթումի նավահանգստի և նավթային տերմինալի գործունեության մասին հավաստի, ամբողջական և հասանելի վիճակագրական կամ ընթացիկ տվյալները բացակայում են։ Որոշ վիճակագրական տվյալներ օպերատորի կայքում հայտնվեցին միայն հոդվածի պատրաստման ժամանակ, ԲԾՆ օպերատորի պաշտոնական նոր և թարմացված կայքի ստեղծման ընթացքում, ինչը, հավանաբար, պայմանավորված է 2018-ից նավահանգստի նոր ադմինիստրացիայի նշանակումով (տե՛ս ստորև)։

Նկար 11-ում ամբողջացված են 2010-18թթ. ԲՆՏ թողունակության մասին տվյալները: Ինչպես տեսնում ենք, նավթային տերմինալի թողունակությունը նշված ժամանակահատվածում ունի անընդհատ նվազման միտում: Եթե 2010-ին ԲՆՏ թողունակությունը 5.4 մլն տ. հում նավթ և նավթամթերք էր, ապա 2018-ին այս ցուցանիշը նվազել էր մինչև 1.0 մլն տոնայի: Նույն գրաֆիկում բերում ենք մեր հաշվարկած ԲՆՏ տեղակայված հզորությունների օգտագործման գործակցի արժեքները (տ.հ.օ.գ., %, աջ առանցք):[20] Ինչպես տեսնում ենք՝ 2010-ին այն 45% էր, իսկ 2018-ին՝ նվազել է մինչև 8%: ԲՆՏ թողունակության նվազման միտումը համահունչ է Բաթումի նավահանգստի ընդհանրական ցուցանիշների փոփոխությանը, և ընդհանրապես՝ վրացական գրեթե բոլոր նավահանգիստների և տերմինալների անցած տասնամյակի ցուցանիշին։

Այսպես, 2018թ. դեկտեմբերի 19-ին portseurope.com կայքը տեղեկացնում էր, որ «նախորդ տարվա համեմատ նավթի և նավթամթերքի առաքումը Բաթումի նավահանգստով նվազել է 48.6%-ով, քանի որ Ադրբեջանը նախընտրում է հում նավթն ուղարկել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարով կամ իրեն պատկանող «Կուլևի» տերմինալով[21], ոչ թե Ղազախստանին պատկանող Բաթումի նավահանգստով»: Ասված է բավական անկեղծ, բայց ոչ այնքան ճշգրիտ՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտում 2012-ից ծայր առած նավթի արդյունահանման ծավալների նվազմանը զուգահեռ, ադրբեջանական հում նավթը չէր բավականացնում անգամ ԲԹՋ նավթատարն իր նոմինալ հզորությունով շահագործելուն:

ԽՍՀՄ փլուզումից հետո Բաթումի Նավահանգիստը, ըստ էության, տնօրինում էր Աջարիայի ինքնավար հանրապետության բազմամյա (1991-2004թթ.) ղեկավար Ասլան Աբաշիձեն[22], Գարի Լուչանսկու և դանիացի գործարար, նավթային մագնատ՝  Յան Բոնդե Նիլսենի (Jan Bonde Nielsen)[23] հետ։ 2003թ. նոյեմբերի վրացական «Վարդերի հեղափոխությունից» հետո, Կախա Բենդուկիձեի[24] մասնավորեցման գործընթացի շրջանակներում, 2005-ին ԲԾՆ-ը մասնավորեցրեց Բոնդե Նիլսենի «Greenoak Group» ընկերությունը՝ $90 մլն-ով։[25]

2006թ. նոյեմբերի 11-ին հայտնվեց, որ նավթային տերմինալի սեփականատեր՝ դանիական «Greenoak Group» ընկերությունը $27 մլն-ով ձեռք է բերել 80 հեկտար տարածքով Բաթումի նավթամշակման գործարանը և մտադիր է այստեղ նորը կառուցել»։ Ծրագրի արժեքը՝ $3.2 մլրդ է (այն մինչ օրս չի իրականացվել)։ Հայտնի է նաև, որ ավելի վաղ՝ 2006թ. մայիսին, «Greenoak Group»-ը, որը հանդես էր գալիս որպես «նորվեգական ընտանեկան ֆոնդ» (норвежский семейный траст "Greenoak") 49 տարի ժամկետով ձեռք բերեց Բաթումի նավահանգստի 100% պետական մասնաբաժնի տնօրինման իրավունքը։

2006-ի դեկտեմբերի 22-ին պաշտոնապես հրապարակվեց ղազախական պետական «ԿազՄունայԳազ» ԲԸ-ի (КазМунайГаз) նախագահ Ու. Կարաբալինի (Узакбай Карабалин) և ԲՆՏ-ի նախագահ Յ.Բ.Նիլսենի համատեղ հայտարարությունը, որ «ԿազՏրանսՕյլ» (Казтрансойл) և «ԲՆՏ» բաժնետիրական ընկերությունները հավասար հիմունքներով ստեղծել են «Батуми Терминалс» (Batumi Terminals LLC) ընկերությունը՝ «ղազախական նավթի համար դեպի Սև ծով ուղիղ ելք ապահովելու նպատակով»։ Այսպիսով, 2006թ. վերջին «ցամաքում կողպված» (land locked) Ղազախստանի համար Բաթումի նավթային տերմինալը դարձավ դեպի «բաց ծով» ելքով առաջին նավթատրանսպորտային և նավահանգստային ակտիվը։

2013-ից ղազախական «Կազտրանսօյլ» (JSC «KazTransOil») պետական փակ բաժնետիրական ընկերությունը սկսում է Բաթումի նավահանգստին առնչվող ընկերությունների վերակառուցման գործընթացը՝ լուծարելով մի շարք օֆշորային միջանկյալ ընկերություններ: Արդյունքում՝ ղազախական «Կազտրանսօյլը», որն իր հերթին Ղազախստանի «ԿազՄունայԳազ»[26] պետական ազգային ընկերության 100% դուստր ձեռնարկությունն է, դարձավ «Բաթումի նավթային տերմինալ» ՍՊԸ («Batumi Oil Terminal» LLC) սեփականատերը։ Իր հերթին, այն «Բաթումի Ծովային Նավահանգիստ» ընկերության 100% մասնաբաժնի տերն է (նկար 12)։


Նկար 12. Ղազախական KazTransOil պետական փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքը։ Աղբյուրը՝ KazTransOil JSC, (2019թ. սեպտեմբեր)։

Նոր սեփականատերերի կողմից իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը ուղղված միջոցառումների, մենեջմենթի վերափոխման և թոշակային տարիքի աշխատակիցների հեռացման կապակցությամբ 2018թ. ապրիլի 2-ին նավահանգստի 12 աշխատակից հացադուլ սկսեցին: Նրանց պահանջը նույն օրը բավարարվեց, սակայն նրանք պահանջեցին նաև նավահանգստի գլխավոր տնօրեն Դ.Մուհամեդ-Ռահիմի (Данияр Мухамед-Рахим) հրաժարականը: Ապրիլի 3-ին հացադուլավորները արգելափակեցին նավերի մուտքը նավահանգիստ: Ապրիլի 4-ին Բաթում ժամանեց «Կազտրանսօյլի» բարձրաստիճան պաշտոնյաների խումբը, իսկ ապրիլի 5-ին Մուհամեդ Ռահիմը հրաժարական տվեց:

2018թ. հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «ղազախական «Казмунайгаз»  ընկերությունը, որը վաճառել էր «Տբիլգազ» գազաբաշխիչ ընկերությունը[27], մտադիր է վաճառել նաև Բաթումի նավահանգիստը»: Որպես հնարավոր գնորդ հաղորդագրությունը նշում է ռումինական «RomPetrol» (Ромпетрол) ընկերությունը, «որը մտադիր է իրականացնել նավթի և նավթամթերքի տեղափոխումը Բաթում (Վրաստան)–Կոնստանց (Ռումինիա) ծովային ուղիով»: Ներկայումս «RomPetrol»-ը Վրաստանում ունի բենզալցակայանների ցանց: Միաժամանակ, հղում անելով ղազախական Abctv.kz գործակալությանը, նույն աղբյուրը նշում է, որ «ի տարբերություն Տբիլգազի, Բաթումի նավահանգիստը և նավթային տերմինալը կգնի «Казмунайгаз»-ի որևէ դուստր ընկերություն»: Հավանաբար, այստեղ խոսքը «Կազտրանսօյլի» մասին է, որն արդեն 2017-ից և Բաթումի նավահանգստի և նավթային տերմինալի բաժնետոմսերի 100% սեփականատերն էր:

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ և ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. CAUCASUS TRANSPORT CORRIDOR FOR OIL AND OIL PRODUCTS. Prepared by: ECSSD, The World Bank, Dec. 2008. Annex 4: Transport Options for Caspian Oil, p.64.
  2. Regulation on the Transport of Dangeros Goods along the TRACECA Corridor: Azerbaijan, Georgia, Kazakhstan, Turkmenistan and Ukrine. EUROPEAID/120569/C/SV/MULTI, WP2. Liquefied Petroleum Gas (propane/butane) Transport Forecast Report. Dec., 2006.
  3. George Sanikidze and Edward W. Walker, Islam and Islamic Practices in Georgia.Berkeley Program in Soviet and Post-Soviet Studies. University of California, Berkeley Institute of Slavic, East European, and Eurasian Studies. 2004. p. 12.

[1] Ի տարբերություն նավահանգիստների, ծովային տերմինալները չեն իրականացնում կանոնավոր ուղևորափոխադրում և իրականացնում են միայն մեկ տիպի բեռների (չոր կամ հեղուկ) տեղափոխում: Վրաստանի Սուպսա և Կուլեվի ծովային տերմինալները նախատեսնված են բացառապես հում նավթի և տարատեսակ նավթամթերքների տեղափոխման համար:

[2] Աբխազիայում գտնվում են ևս չորս նավահանգիստ՝ Սուխում, Գուդաուտա, Գագրա և Օչամչիրա (Արադու) նավահանգիստները:

[3] Միջազգային տերմին, որը oգտագործվում է նավարկությանը և ծովային իրավունքին, ինչպես նաև «կողպված երկրներին» (landlocked countries) նվիրված համաձայնագրերում։

[4] Հանգամանք, որը չեն զլանում հիշատակել թեմային նվիրված գրեթե բոլոր աղբյուրները՝ մոռանալով ընդգծել Ղուկասով եղբայրների, Մանթաշովի և Գյուլբենկյանի էական, եթե չասենք՝ վճռորոշ դերակատարումը։

[5] «Roll On/Roll Off», նախատեսված է հիմնականում ավտոտրանսպորտով տեղափոխվող ուղևորների համար։

[6] Ավելի մանրամասն տե՛ս Իրանի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական զարգացումներին նվիրված մեր հոդվածաշարը (այստեղ, այստեղ և այստեղ):

[7] Ոչ պաշտոնական տվյալներով, սկսած 2012-ից № 10 մատույցի խորությունը 12.2մ է։

[8] Նկատենք, որ 2019թ. հոկտեմբերի 3-ին Բաթումում կայացավ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան:

[9] Հիշեցնենք, որ համաձայն նեղուցների վրա Թուրքիայի ինքնիշխանությունը վերահաստատող 1936թ. Մոնտրյոյի համաձայնագրի, ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի անընդհատ ծավալումը Սև ծովում չպետք է տևի ավելի, քան 21 օր, իսկ դրանց գումարային ջրատարողությունը չպետք է գերազանցի 30 հազ. տ։

[10] Դեսանտային նավերի սուզումը մեծ չէ: Ներկայումս «Օուք Հիլլը» ԱՄՆ ՌԾՈՒ 8-րդ ամֆիբիային էսկադրայի կազմում է (PHIBRON EIGHT), որն իր հերթին ամֆիբիային 2-րդ էքսպեդիցիոն հարվածային խմբավորման կազմում է (Expeditionary Strike Group 2), ուր գտնվում են նաև «Առլինգտոն» (USS Arlington, LPD 24), «Կարսարջ» (USS Kearsarge, LHD 3) և «Ֆորտ ՄքՀենրի» (USS Fort McHenry, LSD 43) ռազմանավերը (դրանց մասին տե՛ս մեր հիշյալ հոդվածաշարում):

[11] Standing NATO Maritime Group Two (SNMG2).

[12] Այս և ստորև օգտագործվող վիճակագրական տվյալները ԲԾՆ օպերատորի պաշտոնական կայքում հայտնվեցին միայն սույն հոդվածի պատրաստման ընթացքում (2019թ. սեպտեմբերից)։ Մինչ այդ, անցած տասնամյակի ընթացքում այս կայքում, և հասանելի ու պաշտոնական այլ աղբյուրներում (հասկանալի է, որ տպագիր և էլեկտրոնային մամուլի հրապարակումները այդպիսին չեն կարող հանդիսանալ) նմանատիպ տվյալները բացակայում էին։ ԲԾՆ օպերատորի պաշտոնական կայքում 2019թ. հոկտեմբերի սկզբին ընթանում էին կայքի նորացման և վերափոխման աշխատանքներ։ Ինչը, հավանաբար, Բաթումի նավահանգստի նոր ղեկավարության (տե՛ս ստորև) կողմից տարվող բարեփոխումների ծրագրի բաղադրիչն է։

[13] LPG, liquefied petroleum gas. СУГ, сжиженный углеводородный газ. Հեղուկացված պրոպան-բութանային խառնուրդ:

[14] Average Freight Rate Assessment (AFRA)։ Այս դասի նավթային տանկերները սովորաբար ունեն  80-ից 120 հազ. տ ջրատարողություն և լայնորեն կիրառվում են Հյուսիսային, Սև, Կարիբյան, Միջերկրական և Արևելաչինական ծովերում նավարկության համար։ Սև ծովում ավելի խոշոր դասի տանկերների (VLCC, ULCC) և նավերի (Post-Panamax, Malaccamax, Capesize) շարժը սահմանափակված է Բոսֆոր և Դրադանել նեղուցների թողունակությամբ:

[15] Այլ տվյալներով՝ 183 պահեստարան՝ 752.3 հազ. խ.մ. գումարային ծավալով։

[16] ԲՆՏ օպերատորի պաշտոնական կայքում այստեղ տեղակայված ռեզերվուրների քանակը նշված է սխալ՝ 17 հատ:

[17] Ծագած բանավեճի ընթացքում ղազախական «KazTransGas» ընկերությունը դեռ 2016թ. սեպտեմբերին հայտնեց իր մտադրությունը վաճառել իրեն պատկանող «Tbilgas» գազաբաշխիչ ընկերությունը, որն ձեռք էր բերել 2006-ին՝ $12.5 մլն գումարով։ Այդ ժամանակ «Tbilgas»-ով հետաքրքրվում էր մուլտիմիլիոնատեր Դ.Բեժուաշվիլին (Давид Бежуашвили, Գելա Բեժուաշվիլու կրթսեր եղբայրը) և նրա «Վրաստանի Արդյունաբերական Խումբը» (GIG): 2018թ. հոկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ «Tbilgas»-ը գնել է Խվիչի Մակացարիայի (Хвичи Макацария) «Caucasus Business Solution» բիզնես խմբի  «WALTBAY LTD» օֆշորային ընկերությունը՝ $40 մլն գումարով: 2019թ. փետրվարին Մակացարիան հայտնեց, որ ընթանում է «Tbilgas»-ի կառավարման պրոցեսում նաև Դ.Բեժուաշվիլու «GIG» խմբի ներգրավումը: Կարծում ենք, որ ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է «Tbilgas»-ի կուտակած պարտքերի մարման գործում «GIG» խմբի իշխանական լծակների օգտագործման հեռանկարով:

[18] 2016-ին՝ 3.25 հազ. տ (նոմինալ հզորության մոտ 1.2%), 2015-ին և 2017-ին՝ 0։

[19] Միևնույն ժամանակ «Թենգիզ-Շեվրոյլը» էականորեն նվազեցնում է ՀՆԳ արտահանումը ուկրաինական «Օդեսսա» նավահանգիստ («Ukrgazsystem» տերմինալ), երկու անգամ ավելացնելով ՌԴ «Տաման» (Тамань) նավահանգիստ մատակարարումները:

[20] Տ.հ.օ.գ. արժեքը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ են օգտագործվում տեղակայված հզորությունները տվյալ տարում: 100% արժեքը նշանակում է, որ այդ տարի ԲՆՏ տեղակայված հզորությունները ողջ տարվա ընթացքում օգտագործվել են իրենց նոմինալ չափով, և թողունակությունը կազմել է 12 մլն տ:

[21] Կուլևի նավթային տեմինալի մասին տե՛ս մեր հաջորդ հոդվածում:

[22] Նրա պապը՝ Մեհմեդ Աբաշիձեն, 1918-1921թթ. Աջարիայի Մեջլիսի նախագահը, կարողացավ պահել Աջարիան Վրաստանի կազմում, կանխելով երկրամասի թուրքական օկուպացիան։ Ուշ 80-ականներին Ա. Աբաշիձեն քրիստոնեություն է ընդունել [3]։ Համաձայն որոշ աղբյուրների (տե՛ս այստեղ և այստեղ), նրա ղեկավարության օրոք Աջարիայում թուրքական ֆինանսական, քաղաքական և կրոնական ազդեցությունը նվազում էր։ 2004թ. մայիսին, վրացական «Վարդերի հեղափոխությունից» հետո Աբաշիձեն լքեց Աջարիան՝ Մ.Սահակաշվիլու հետ սուր ընդհարման պատճառով։

[23] Թեմային առնչվող ռուսալեզու գրեթե բոլոր աղբյուրները նրա անունը բերում են սխալ, «դանիակացնելով» այն՝ Ян Боден-Нильсен (տե՛ս օրինակ այստեղ, այստեղ և այստեղ

[24] Каха Бендукизде, «վրացական Գայդարը», «վաճառել ամեն ինչ՝ բացի պատվից» բանաձևի հեղինակը։ Վրաստանի տնտեսական ռեֆորմները համակարգող նախարար (2004-08թթ.), Ուկրաինայի նախկին նախագահ Պ.Պորոշենկոյի ավագ խորհդական (2014թ. սկզբից), մահացել է 2014թ. նոյեմբերի 13-ին՝ Լոնդոնում։

[25] Բոնդե Նիլսենի «Greenoak»-ին Բաթումի նավահանգստի վաճառքին դեմ էին Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան և Կ.Բենդուկիձեն (Նիլսենի և Բենդուկիձեի «գունեղ» բանավեճի մի դրվագ տե՛ս այստեղ): Համաձայն մամուլի հրապարակումների, 2004թ. վերջին և 2005թ. սկզբին Ժվանիան բազմիցս հայտարարել էր, որ Նիլսենի «Greenoak»-ի հետ կնքված «Մտադրությունների մասին» համաձայնագիրը «այլևս ակտուալ չէ: Մենք շատ ավելի լավ առաջարկներ ունենք և մտադիր չենք Բաթումի ծովային նավահագիստն իր բոլոր տերմինալներով և բաղադրիչներով մեկ փաթեթով վաճառել»: Այդ ժամանակ ԲԾՆ-ով հետաքրքրված էին ռուսական «Արդյունաբերական Ինվեստորներ» («Промышленные инвесторы») խումբը, գերմանական «Շոլեր հոլդինգը» և Նիլսենի «Greenoak»-ը: Բաթումի նավահանգիստը և Աջարիայի ափեզրը վրացական զինուժի վերահսկողության տակ վերցնելու 2004թ. մարտի 16-ի գիշերային գործողությունը Փոթի նավահանգստից ղեկավարում էր վարչապետ Ժվանիան: Ժվանիային և Բենդուկիձեին քննադատվում էին «ռուսական շահերը պաշտպանելու համար», և նրանք լայն ժողովրդականություն չէին վայելում: 2005թ. փետրվարի 3-ին Ժվանիայի և նրա ընկերոջ՝ Ռ.Ուսուպովի դիերը հայտնաբերվեցին վերջինիս վարձակալած բնակարանում: Մահվան պաշտոնական վարկածը՝ թունավորում շմոլ գազից: Հաջորդ օրը հայտնաբերվեց Զ.Ժվանիայի աշխատակազմի անդամ Գ.Խելաշվիլու դին. մահվան պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն: Ավելի ուշ սպանվեց Վրաստանի դատաբժշկական բյուրոյի ղեկավար Գ.Կիստաուրին, որը կազմել էր Զ.Ժվանիայի մահվան եզրակացությունը: Սպանության հաջորդ օրը հայտնաբերվեց Կիստաուրիի մարդասպանի դին: Զ.Ժվանիայի մահվան պաշտոնական վարկածը խորը թերահավատությամբ ընդունվեց վրաց հասարակության կողմից: Վրաստանի նախկին նախագահ Է.Շևարդնաձեն, ներքին գործերի նախկին նախարար Ի.Օկրուաշվիլին, պետնախարար Գ.Խայնդրավան, Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլու կինը, Զ.Ժվանիայի եղբայրը, Ռ.Ուսուպովի հայրը և ուրիշներ կարծիք էին հայտնել, որ Ժվանիան և Ուսուպովը սպանվել են: 2012թ. հոկտեմբերի 2-ին Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» շարժման ղեկավար Բ. Իվանիշվիլին հայտարարել էր, որ «Զ. Ժվանիայի սպանության կապակցությամբ պետք է նոր հետաքննություն սկսել»:

[26] Վրացական, ռուսական և միջազգային մամուլի հրապարակումներում հաճախ շփոթում են ղազախական «Կազմունայգազ» և «Կազտրանսօյլ» ընկերությունները: Ղազախստանի պետական ազգային «ԿազՄունայԳազ» ընկերությունը (KazMunayGas, Акционерное общество «Национальная компания КазМунайГаз») ստեղծվել է 2002-ին: Ընկերության բաժնետոմսերի 90%-ը պատկանում է Ղազախստանի հանրապետության ազգային բարեկեցության ֆոնդին (Sovereign wealth fund «SAMRUK-KAZYNA» JSC, АО «Самрук-Казына»), 10%՝ Ղազախստանի Կենտրոնական բանկին: «Կազտրանսօյլը» «Կազմունայգազի» 100% դուստր ձեռնարկությունն է և տնօրինում է ղազախական նավթի և նավթամթերքի տեղափոխման համակարգը: Ներառված է Ղազախստանի պետական ռեգիստրի բնական մենաշնորհների սուբյեկտների ցանկում:

[27] «Տբիլգազ» գազաբաշխիչ ընկերության վաճառքի մասին տե՛ս ծանուցում 17.