Ռազմաքաղաքական զարագացումներն Իրանի շուրջ Մաս 2.

27 ր.   |  2019-09-04

Մաս 2

Մ եր նախորդ հոդվածը ավարտել էինք այն պնդմամբ, որ ԱՄՆ ռազմուժի հրամանատարության 2019թ. մայիսի 10-ի պաշտոնական հայտարարությունը նշանավորեց Իրանի շուրջ ռազմաքաղաքական զարգացումների «մայիսյան» սրացման նոր փուլը: Հիշեցնենք, որ խոսքը Սան Անտոնիո դասի «Առլինգթոն» (USS Arlington, LPD-24, տե՛ս այստեղ, նկար 8) անֆիբիային դոկ-նավի և «Փեթրիոթ» զենիթահրթիռային մարտկոցի ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տարածք տեղաշարժելու մասին է (տե՛ս այստեղ, նկ. 2):


Թուրքական ծովային հետևակը «Կարսարջ» (USS Kearsarge, LHD 3) ամֆիբիային դեսանտային հարվածային նավի տախտակամածին՝ «Օսպրեյ» (MV-22B Osprey) ուղղահայաց թռիչք/վայրէջքի (ՈւԹՎ) դեսանտային ինքնաթիռը նստելիս: Էգեյան ծով, 2015թ. հոկտեմբերի 27, «Egemen» վարժանքներ: Աղբյուրը՝ U.S. Navy

Մայիսի 10-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի ինստիտուտի կայքը հայտնեց, որ «Առլինգթոնին» և ԱՄՆ Ծովային հետևակի 22-րդ էքսպեդիցիոն միավորմանը հրամայված է միանալ «Աբրահամ Լինքոլն» ավիակիր հարվածային խմբավորմանը (տե՛ս այստեղ): Հաղորդագրության մայիսի 11-ին արված հավելումը ճշգրտում էր, որ 2019թ. մայիսի 11-ի դրությամբ «Առլինգթոն»-ը դեռ գտնվում էր ԱՄՆ ՌԾՈւ 6-րդ նավատորմի իրավասության տարածքում (տե՛ս այստեղ, նկար 4), բայց գործում էր որպես «Կարսարջ» Ամֆիբիային հարվածային խմբավորման մաս։ Ներկայումս, շարունակում է աղբյուրը, «ԱՄՆ «Կարսարջ» և «Ֆորտ ՄակՀենրի» (USS Fort McHenry, LSD-43) ռազմանավերը գտնվում են ԱՄՆ ՌԾՈւ 5-րդ նավատորմի իրավասության տիրույթում (ԻՏ)»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ 5-րդ նավատորմի ԻՏ-ը ներառում է Կարմիր և Արաբական ծովերը, Պարսից և Օմանի ծոցերը, Բաբ էլ-Մանդեբի և Հորմուզի նեղուցները: Կայանատեղին՝ Մանամա, Բահրեյն (նկար 3):


Նկար 1. Օդային բարձիկով դեսանտային լաստանավը (LCAC) մոտենում է «Կարսարջին», Ադենի ծոց, 2013թ. մայիսի 30: Աղբյուրը՝ US Navy

ԱՄՆ ամֆիբիային դեսանտային ռազմածովային ուժերը բաղկացած են ռազմանավերի երկու հիմնական տեսակից: Առաջինը 41-46 հազ. տ. ջրատարողությամբ ուղղաթիռակիր դեսանտային նավերն են (ՈւԴՆ), որոնք հաճախ անվանվում են նաև ամֆիբիային հարվածային նավեր (amphibious assault ship): Ներկայումս ԱՄՆ ՌԾՈւ կազմում ՈւԴՆ նավերը ներկայացված են երկու դասով: Առավել բազմաքանակը 41,3 հազ. տ. ջրատարողությամբ Վասփ դասի (Wasp class) դեսանտային ուղաթիռակիր դոկ նավերն են (ԴՈւԴ, Landing Helicopter Dock, LHD), որոնց թվում է 1993թ. հոկտեմբերի 16-ին ՌԾՈՒ-ին հանձնված «Կարսարջ» ԴՈւԴ ռազմանավը (նկ. 1.): Արձանագրված են «Կարսարջի» համատեղ վարժանքները թուրքական ՌԾՈւ ռազմանավերի և ծովային հետևակի հետ:

Երկրորդ դասին են պատկանում մոտ 25.3 հազ. տ. ջրատարողությամբ Սան Անտոնիո դասի ամֆիբիային տրանսպորտային դոկ նավերը, որոնք կոչվում են նաև դեսանտային դոկ պլատֆորմներ (Landing platform dock, LPD): «Առլինգթոն»-ն այս դասի 8-րդ նավն է, որը ՌԾՈւ-ին է հանձնվել 2013թ. փետրվարի 8-ին: Արձանագրված է նաև «Առլինգթոնի» համատեղ նավարկումն ու վարժանքները Թուրքական ՌԾՈւ ռազմանավերի հետ (օրինակ՝ 2016թ. ապրիլ, տե՛ս այստեղ՝ նկ. 9):

Բացի այս երկու հիմնական դասի նավերից, ԱՄՆ ամֆիբիային դեսանտային ռազմածովային ուժերի կազմում են նաև մի շարք օժանդակ ռազմանավեր՝ տանկերներ, տրանսպորտային, հրամանատարաշտաբային և այլ նավեր, որոնց թվում՝ 2019թ. մայիսի 10-ի հաղորդագրությունում հիշատակված «Ֆորտ ՄաքՀենրի» ռազմանավը (նկ. 2): Այն 16,5 հազ տ. ջրատարողությամբ Ուիդբի Այլանդ դասի դեսանտային դոկ-նավն է (landing ship, dock, LSD): Համաձայն ՌԾՈւ հրամանատարության պաշտոնական կայքի՝ 2019թ. մայիսի 10-ի և 11-ի հաղորդագրություններում հիշատակված «Կարսարջ» ԴՈւԴ ռազմանավը՝ «Առլինգթոն» և «Ֆորտ ՄաքՀենրի» ռազմանավերի հետ միասին կազմում է ԱՄՆ ՌԾՈւ մեկ առանձին օպերատիվ միավոր՝ 6-րդ ամֆիբիային էսկադրան (Amphibious Squadron SIX, PHIBRON SIX):

Այսպիսով, 2019թ. մայիսի 10-11-ին մենք գործ ունեինք ոչ թե ԱՄՆ ՌԾՈւ առանձին ռազմանավերի և այլ ստորաբաժանումների անկանոն տեղաշարժի, այլ համակարգված և պլանավորված գործողությունների հետ:


Նկար
2. «Ֆորտ ՄաքՀենրին» «Կարսարջ» ԱՖՀԽ կազմից մուտք է գործում Սև ծով, 2019թ. հունվարի 7։ Աղբյուրը՝ US Navy

ԱՄՆ ընդհառաջ ծավալված ռազմուժը

Գ լոբալ ռազմաքաղաքական համատեքստում այս պնդումը պարզաբանելու համար հակիրճ անդրադառնանք ԱՄՆ ռազմուժի և հատկապես՝ ՌԾՈւ ընդհառաջ ծավալման ռազմուժին (ԸԾՌ, Forward Deployed Forces): Դրանք սեփական ազգային տարածքներից դուրս ԱՄՆ ռազմուժի որոշակի խմբավորումներն են, որոնք մշտապես տեղակայված են աշխարհի այն վայրերում, որոնք ԱՄՆ ռազմաքաղաքական իշխանությունները համարում են կարևոր և/կամ կրիտիկական նշանակություն ունեցող: Ռազմուժի ընդառաջ ծավալման ռազմավարությունը 2-րդ hամաշխարհային պատերազմի արդյունք է՝ պայմանավորված XX դարի երկրոդ կեսի երկբևեռ աշխարհակարգի գլոբալ հակամարտության իրողությունով, և հենվում է ԱՄՆ ռազմական ուժի գլոբալ պրոյեկտման ռազմավարության հիմնադրույթների վրա:

Նկար 3-ում բերում ենք 2015թ. դրությամբ ԱՄՆ ազգային տարածքներից դուրս գտնվող մոտ 200 հազ. ակտիվ ծավալման (actively deployed) մեջ գտնվող զինծառայողների տեղաբաշխման մոտավոր քարտեզը, որոնք կազմում են ԱՄՆ ընդհանուր ակտիվ ծավալման մեջ գտնվող զինծառայողների (մոտ 1,3 մլն) մոտ 15%-ը: Նրանք տեղակայված են աշխարհի 177 երկրի 730-780 ռազմաբազաներում: Այս ռազմաբազաների սպասարկման ծախսը տարեկան շուրջ $100 մլրդ է (տվյալները՝ ըստ SIPRI 2015: 2016թ. համար ԱՄՆ ԸԾՌ ոչ պաշտոնական տվյալների մասին տե՛ս այստեղ):

Մինչ օրս հստակ նշմարելի է այն հանգամանքը (տե՛ս նկ. 3), որ ԱՄՆ ԸԾՌ առավելագույն պոտենցիալը կենտրոնացած է 2-րդ աշխարհամարտում պարտված Առանցքի երկրներում՝ Ճապոնիա (մոտ 40 հազ. զինծառայող և ԱՄՆ 7-րդ նավատորմի կայանատեղի), Գերմանիա (մոտ 35 հազ. զինծառայող, և ԱՄՆ ՄՄՀ ԵՀ կայանատեղի), Իտալիա (մոտ 12 հազ. զինծառայող և ԱՄՆ 6-րդ նավատորմի կայանատեղի): Շոշափելի է նաև ԱՄՆ ներկայությունը Հվ. Կորեայում (մոտ 23 հազ. զինծառայող), ինչը կորեական պատերազմի հետևանքն է:


Նկար 3. ԱՄՆ ընդհառաջ ծավալված ռազմուժը, 2015թ.: Աղբյուրները՝ SIPRI (2015), Politico, US DoD

Աշխարհով մեկ սփռված ԱՄՆ բազաները տարբեր նշանակության են՝ ավիացիոն, բանակային, հատուկ գործողության ուժերի բազաներ, հետախուզական կայաններ, կիբերկենտրոններ և այլն, սակայն ընդառաջ ծավալման ռազմավարության տեսանկյունից, ավելի ճիշտ՝ ուժի գլոբալ պրոյեկտման համար կարևոր են հատկապես ռազմածովային ուժերը: ԱՄՆ ՌԾՈւ 6-րդ, 5-րդ և 7-րդ նավատորմերն ամենօրյա մշտական ծավալման մեջ են Միջերկրական ծովում (Նեապոլ, Իտալիա), Պարսից ծոցում (Մանամա, Բահրեյն,) և հնդկա-խաղաղօվկիանոսյան ջրավազանում (Յոկոսուկա, Ճապոնիա): Նկար 3-ում այս կայանատեղիները նշված են կապույտ աստղերով: Նկարում նշված են նաև մեր նյութի հետ սերտ առնչություն ունեցող ԱՄՆ ՌԾՈւ Ռոտա բազան Իսպանիայում[1], Սոուդա Բեյ բազան՝ հունական Կրետե կղզում[2], Դիեգո Գարսիա ռազմաբազան՝ Հնդկական օվկիանոսում և Ռամշտեյն բազան՝ Գերմանիայում:

Մեզ առաջին հերթին հետաքրքրում է Իրանը շրջապատող ԱՄՆ ծավալված ռազմուժի ներկայությունը Միջին Արևելքի երկրներում: Այստեղ անհրաժեշտ է նշել հետևյալը. ԱՄՆ ԸԾՌ մարտական կիրառումը ենթադրվում է, այսպես կոչված, ԱՄՆ Միացյալ Մարտական Հրամանատարությունների շրջանակում (ԱՄՆ ՄՄՀ), որի մասին ավելի մանրամասն կխոսվի ստորև: Իրանը ՄՄՀ Կենրոնական հրամանատարության (ՄՄՀ ԿՀ, US CENTCOM) իրավասության տարածքում է: Ինչպես հետևում է ՄՄՀ ԿՀ քարտեզից (տե՛ս այստեղ, նկ. 2) և վերը բերված նկ. 3-ից, ՄՄՀ ԿՀ կազմում գտնվող և Իրանին հարակից երկրներում 2015-ի դրությամբ տեղակայված էր ԱՄՆ մոտ 36,5 հազ. զինծառայող, այդ թվում՝ Իրաք (մոտ 5,5 հազ.), Քուվեյթ (մոտ 6,3 հազ.), Բահրեյն (մոտ 5,5 հազ.), ՄԱԷ (մոտ 1,1 հազ.), Կատար (մոտ 3,0 հազ.), Հորդանան (մոտ 1,8 հազ.), Ջիբութի (մոտ 2,0 հազ.): Հասկանալի է, որ թվակազմը փոփոխվում է՝ կախված ընդհանուր իրավիճակից, ռազմաքաղաքական գործողություններից և այլն: Սակայն, անցած տասնամյակի ընթացքում այս ցուցանիշը չի նվազել մոտ 36,5 հազ. զինծառայողից, իսկ վաղ 90-ականների առանձին տարիներին եղել է ավելի շատ:

Այսպիսով, 2015թ. դրությամբ Իրանի շուրջ և ՄՄՀ ԿՀ կազմում ներառված երկրներում ԱՄՆ ռազմաբազաներում ակտիվ ծավալման մեջ գտնվող 36,5 հազ. զինծառայողը ավելի շատ է, քան Գերմանիայում գտնվող ԱՄՆ զինուժը, և զիջում է միայն Ճապոնիայի ցուցանիշներին: Եթե հաշվի առնենք Թուրքիայի և Իսրայելի[3] ԸԾՌ ներուժը, երկրներ, որոնք ՄՄՀ ԿՀ կազմում չեն[4], սակայն Իրանի շուրջ ընթացող ռազմաքաղաքական գործընթացներում ունեն նկատելի դերակատարություն, ինչպես նաև հաշվի առնելով ԱՄՆ 5-րդ և 6-րդ նավատորմերի կարողությունները[5], ապա այս ցուցանիշը կգերազանցի Գերմանիայի և Ճապոնիայի, առավել ևս՝ Իտալիայի ցուցանիշները թե՛ ԸԾՌ մարդաքանակի, թե՛ այս ռազմուժի մահաբերության (lethality) և օպերատիվ կարողությունների առումով:

Տպավորություն է ստեղծվում որ աշխարհաքաղաքական առումով Իրանը պատերազմի մեջ է, որի արդյունքներով էլ շրջափակվել է զինուժով ու ռազմական ենթակառուցվածքներով:[6] Այն էական տարբերությամբ, սակայն, որ ԱՄՆ ռազմաբազաները ոչ թե Իրանի տարածքում են, այլ՝ ազգային սահմանների մոտ: Նախքան 2015թ. միջուկային համաձայնագրի կնքումը Իրանը չի սակարկել իր սուվերենությունը այս կամ այն դիվիդենտների դիմաց: Իրանը ներգրավված չէ որևէ համաշխարհային կամ տարածաշրջանային անվտանգային համակարգում՝ ամրակցված միջազգային համաձայնագրերով ու պարտավորեցնող իրավական դրույթներով: Անցած տասնամյակներում Իրանը ԱՄՆ (և ընդհանրական ասած՝ «Արևմուտքի») տարատեսակ պատժամիջոցների ճնշման տակ էր:

ԱՄՆ COCOM-ը և հայալեզու ռազմաքաղաքական տերմինաբանությունը

Ա մերիկյան ընդառաջ ծավալման ռազմուժի գլոբալ էությունը հստակ արտացոլված է ու ամրագրված ԱՄՆ զինված ուժերի Միասնական մարտական հրամանատարություն (ԱՄՆ ՄՄՀ, U.S. Unified Combatant Command, COCOM) կազմակերպության կառուցվածքում և դրա կազմի մեջ մտնող 10 առանձին մարտական հրամանատարությունների պատասխանատվությունների տարածքների (ՊՏ, Area of Responsibility, AoR) քարտեզներում:

Ցավոք, հայալեզու ռազմական ձեռնարկներում և բառարաններում նկատվում են որոշ խնդիրներ.

  1. ռազմաքաղաքական կիրառումներում «միացյալ», «միավորված» ու «միասնական» տերմինների շփոթություն,
  2. «Միասնական մարտական հրամանատարություն» կառույցի և «միասնական մարտական հրամանատարություն» հասկացության մեջ շփոթություն,
  3. «միասնական հրամանատարության» և «միասնական մարտական հրամանատարության» հասկացությունների նույնացում,
  4. ԱՄՆ ՄՄՀ համակարգի մասին աղոտ ու հատվածային պատկերցում:

Անգլերեն ռազմաքաղաքական գրականությունում «united», «joint» և «unified» տերմիններից յուրաքանչյուրն ունի հստակ տարբերվող «միասնականության ներուժի» աստիճան: Միասնականության «ներուժը» առավել նվազ է արտահայտված «միավորված» (united) տերմինում, և հասնում է առավելագույնի՝ «միասնական» (unified) տերմինի դեպքում: Այս երկու բևեռների մեջ «միացյալ»-ը (joint) զբաղեցնում է միջանկյալ դիրք: Հայերեն ռազմաքաղաքական կիրառումներում դրանց համապատասխանում են «միավորված», «միացյալ» ու «միասնական» տեմինները, որոնք պահպանում են անգլերեն տերմինների իմաստային երանգը:

ՄԱԿ-ը, օրինակ, Միավորված ազգերի կազմակերպություն է (United Nations, Oрганизация Oбъединенных Наций), այլ ոչ թե միացյալ (joint) կամ, առավել ևս, միասնական (unified) ազգերի կազմակերպություն: Ազգերն այսօր այս կառույցում լավագույն դեպքում միավորված են, շատ դեպքերում՝ ընդամենը մի հարկի տակ, բայց ոչ միացյալ են, ոչ էլ, առավել ևս, միասնական իրենց քաղաքական և աշխարհաքաղաքական նկրտումներում: Եվ անվանել այն «Միացյալ ազգերի կազմակերպություն» ճիշտ չի լինի: Իսկ ԱՄՆ զինուժի «Joint Chiefs of Staff» կառույցը, որը չի զբաղվում զինուժի օպերատիվ հրամանատարությամբ, միացյալ կառույց է, և այն ճիշտ է ներկայացնել որպես ԱՄՆ զինուժի «Շտաբերի պետերի միացյալ կոմիտե» (ՇՊՄԿ, ОКНШ):

Իսկ «U.S. Unified Combatant Command» կառույցը (COCOM), ԱՄՆ զինուժի օպերատիվ մարտական հրամանատարության հիմնական կառույցը, ինչպես նաև «unified combatant command» հասկացությունը՝ արդի մարտարվեստի կարևորագույն հասկացությունը, իրոք, ենթադրում են վերին աստիճանի սերտ միասնականություն: Ուստի, կարծում ենք, դրանք հարկ է թարգմանել «ԱՄՆ Միասնական մարտական հրամանատարություն» (ԱՄՆ ՄՄՀ) և «միասնական մարտական հրամանատարություն»: Մինչդեռ հայալեզու մասնագիտական գրականությունում դրանք հաճախ ոչ միայն ներկայացվում են սխալ, այլև երբեմն նույնականացվում են:

Բացի այդ, ՄՄՀ մասին խոսելիս լավագույն դեպքում հիշատակվում է ԱՄՆ «ռազմավարական հրամանատարությունը» (ԱՄՆ ՌՀ, U.S. Strategic Command, U.S. STRATCOM), մինչդեռ այն ԱՄՆ ՄՄՀ համակարգի տասը մարտական հրամանատարություններից միայն մեկն է ու մեզ առնչվում է միայն միջնորդավորված: Սույն հոդվածի հաջորդ բաժնում կփորձենք լրացնել այս բացը՝ հակիրճ ներկայացնելով ՄՄՀ կառուցվածքը, դրա առանձին հրամանատարությունների դերակատարումը Իրանի շուրջ ընթացող գործընթացներում և մեր տարածաշրջանում:

Վերջապես, միասնական մարտական հրամանատարությունը չի կարելի նույնականացնել միասնական հրամանատարության հետ: Դրանք տարբեր են այնքան, որքան առաջնագծի լարված, բարդ ու արագ փոփոխվող պայմաններում գործող մարտական ջոկատի ղեկավարման կենտրոնը և մայրաքաղաքի հարմարավետ պայմաններում գտնվող ու անշտապ գործող ռազմուժի գլխավոր շտաբը:

Միասնական մարտական հրամանատարություն

Կ արծում ենք, սխալված չենք լինի, եթե պնդենք, որ անցած կես դարում աշխարհում տեղի ունեցած ռազմական գործողությունների, տեղային պատերազմների ու հակամարտությունների ամենաէական դասերից մեկն օպերատիվ մակարդակում «միասնական հրամանատարություն» ունենալու կենսական անհրաժեշտության գիտակցումն է՝ համակցված տակտիկական մակարդակում գործող «միասնական մարտական հրամանատարության» անհրաժեշտության հետ:

Անցած տասնամյակների տեղային պատերազմների ու հակամարտությունների փորձը հանգեցրեց ժամանակակից «միասնական մարտական հրամանատարություն» հասկացության մշակմանը, օպերատիվ ու ռազմավարական մակարդակում մարտարվեստի միանգամայն նոր համակարգի գոյացմանը, որոնք էականորեն տարբերվում են Ա. ֆոն Շլիֆֆենի (Blitzkrieg) կամ Վ. Տրիանդաֆիլովի (теория глубокой операции) դասական տեսություններից: Ընդ որում, արդի «միասնական մարտական հրամանատարությունում» «միասնական»-ը (unified) ունի մի քանի իմաստ:

Նախ՝ որպես տարբեր տիպի ռազմուժի (օդուժ, հատուկ նշանակության ուժեր, արբանյակային միջոցներ, ռազմածովային ուժ, ռազմավարական և մարտավարական մակարդակներով հետախուզական, մարտական և այլ տվյալների մեծ հոսքերի ցանցային համակարգեր) միասնական հրամանատարություն, որի անդամները ազգային մակարդակում միասնական են օգտագործվող զինատեսակների տեխնիկական-տեխնոլոգիական ցուցանիշների, կապի ու հրամանատարական-վերահսկման (communication, command and control) միջոցների իմաստով: Իսկ միջազգային և դաշնակցային մակարդակներում միասնական են առկա ռազմաքաղաքական վտանգների ընկալման մեջ՝ դրանց հակազդմանն ուղղված միջոցների ընդունելիության և կիրառման հարցերում, դաշնակցային հարաբերությունների հիմնարար նշանակության դրույթների մեկնաբանության խնդրում, իրենց աշխարհաքաղաքական կողմնորուշումների առումով:[7]

Արդի «միասնական մարտական հրամանատարությունում» «միասնական»-ը նշանակում է նաև զինված հակամարտության կամ պատերազմի ժամանակ ծագող տարբեր իրավասությունների (jurisdictions) և հիբրիդային խնդիրների լուծման միասնական մոտեցումների կիրառում: Իրանի շուրջ ընթացող զարգացումների համատեքստում, Իրաքում և Քուվեյթում կոալիցիոն ուժերի գործողություններից զատ, «միասնականության» այսօրինակ դրսևորումներին վերջերս ականատես եղանք 2019թ. հուլիսի 4-ին, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄՄՀ Եվրոպական հրամանատարության ճնշման ներքո և Իսպանիայի թագավորության իշխանությունների լռելյայն համաձայնությամբ,[8] Միացիալ Թագավորության Ջիբրալթարի ափեզրյա ուժերը ձերբակալեցին իրանական նավթատարը,[9] որն ազատ արձակվեց միայն 2019թ. օգոստոսի 15-ին՝ Իրանի սահմանապահ ուժերի կողմից 2019թ. հուլիսի 19-ին Հորմուզի նեղուցում Միացյալ Թագավորության տանկերի բռնագրավումից հետո:

Եթե կա այսօր մի կազմակերպություն, որն իր կառուցվածքով ու ձևավորման պատմությամբ կարող է արտացոլել միասնական մարտական հրամանատարության զարգացումը, ապա այն ԱՄՆ ՄՄՀ-ն է: Ներկայիս Չինաստանը այս առումով սեփական ասելիք գրեթե չունի. ո՛չ միասնական մարտական հրամանատարության իրական փորձի (1979թ. այսպես կոչված «Վիետնամի դեմ կանխարգելիչ պաշտպանական պատերազմը» այս առումով ոչինչ չտվեց), ո՛չ համապատասխան կառույցների ձևավորման առումով:

Այլ է իրադրությունը ԽՍՀՄ և ներկայիս ՌԴ դեպքում: ԽՍՀՄ-ում 30-ականներին ձևավորվել էր ռազմավարական և մարտավարական մտքի առաջնակարգ դպրոց (Բ. Շապոշնիկով, Վ. Տրիանդաֆիլով, Կ. Կալինովսկի, Գ. Իսերսոն, Մ. Տուխաչևսկի և ուրիշներ): Հայրենական մեծ պատերազմի տարիներին մշակվեցին ռազմաճակատի (фронт) և ռազմաճակատների խմբերի (группа фронтов) միասնական հրամանատարության կիրառական հիմունքները։ Սովորաբար մնում է ստվերում այն հանգամանքը, որ ԽՍՀՄ այս փորձը ամենայն ուշադրությամբ սերտեցին ԱՄՆ և ՆԱՏՕ համապատասխան կառույցները՝ հանգեցնելով ամերիկյան «օդ-երկիր մարտ» (ՕԵՄ, Air-Land Battle) և ՆԱՏՕ-ի «խորը գրոհ» (Follow-On Forces Attack, FOFA, էջ 53-59) ռազմական հայեցակարգերի մշակմանը։

Ընդ որում, ԱՄՆ բանակում 1982-ից պաշտոնապես ընդունված մարտական գործողությունների ՕԵՄ հայեցակարգն առաջին անգամ ներմուծեց «պատերազմական գործողությունների օպերատիվ մակարդակ» հասկացությունը, որի զարգացումով 2011թ. ԱՄՆ-ում ընդունվեց «միասնական ցամաքային գործողությունների» (Unified Land Operations) հայեցակարգը։ Վերջինս էլ, իր հերթին, հանգեցրեց ներկայիս «unified combatant command» համակարգի (ԱՄՆ ՄՄՀ) և հայեցակարգի ձևավորմանը։

ԽՍՀՄ փլուզումը 1991-ին ընդհատեց 30-ականների և 2-րդ աշխարահամարտի մարտարվեստի գիտական ու կիրառական ժառանգության հետագա զարգացումը։ Կասեցվեց նաև «Բրեժնևի դոկտրինի» շրջանակներում գլոբալ հակամարտության պայմաններում զինուժի զարգացման, կառավարման ու կիրառման մեխանիզմների փորձառությունը, կիսատ մնաց աֆղանական պատերազմի (1979-1989թթ.) դասերի յուրացումը։ Վերջապես, ԽՍՀՄ փլուզումը գրեթե զրոյացրեց «Վարշավյան պայմանագրի» անդամ երկրների զինուժի միասնական ղեկավարման համակարգի բացառիկ փորձը:[10]

Մինչ ՌԴ-ն վաղ 90-ականներին գտնվում էր ծանր վիճակում, Արևմուտքում և առաջին հերթին՝ ԱՄՆ-ում տեղի էին ունենում արդի մարտարվեստի հետագա զարգացման համար դարակազմիկ նշանակության գործընթացներ: Մասնավորապես, 2000-ականների վերջին ԱՄՆ-ը ձեռնամուխ եղավ «Առաջանցման 3-րդ ռազմավարության» (Third Offset Strategy) մշակմանն ու իրագործմանը, ինչն այսօր ապահովում է ուժի և ազդեցության գլոբալ պրոյեկտման ԱՄՆ գերակշռությունը:

Կարելի է պնդել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր համաշխարհային աշխարհաքաղաքականությունը ձևավորվում էր ԱՄՆ առաջանցման երեք ռազմավարությունների արդյունքների ազդեցությամբ: Հայալեզու մասնագիտական գրականությունում ԱՄՆ Առաջանցման ռազմավարությունների (offset strategies) վերաբերյալ համալիր ուսումնասիրություն չկա: Այնինչ վերին աստիճանի ուսանելի կլիներ ուսումնասիրել ԱՄՆ այս երեք ռազմավարությունների ազդեցությունը տեխնոլոգիական նեոգաղութատիրության և ռեգիոնալիզացիայի ներկայիս գործընթացների և դինամիկայի վրա կամ դրանց ազդեցությունը աշխարահաքաղաքական դաշինքների ձևավորման գործում:

Կարծում ենք, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի «C-400/F-35» հակասությունը, ՀԱՊԿ անդամ Ղազախստանի «Ground Master-400/ՀԱՊԿ ՄևՄ ՀՈ/ՀՀՊ» չերևացող հակադրությունը կամ արբանյակային հետախուզական ունակությունների զարգացման գծով Ֆրանսիայի հետ Ադրբեջանի (տե՛ս այստեղ և այստեղ) և Ղազախստանի (տե՛ս այստեղ և այստեղ) ռազմավարական համագործակցությունը ԱՄՆ առաջանցման ռազմավարությունների իրականացման հետևանք են և «1994թ. Մեծ գործարքի» պայմանավորվածությունների դրսևորում:

90-ականներին Ռուսաստանը սեփական հավասարակշռությունը պահպանելու, տարածական կապակցվածությունն ու միասնականությունը երաշխավորելու, համաշխարհային թատերաբեմում իրեն վերագտնելու փնտրտուքներում էր և ունակ չէր արձագանքելու ԱՄՆ «Առաջանցման 2-րդ ռազմավարության» մարտահրավերին: Այս իրադրությունը շարունակվեց մինչև 2000-ականների սկիզբը. 2004թ. պաշտպանության նախարար Ս. Իվանովը ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի հունվարի 24-ի նիստում պնդում էր. «Անհրաժեշտ է խոստովանել, որ մինչ օրս ռուսաստանյան ռազմական գիտությունը այդպես էլ չկարողացավ վեր հանել արդի մարտական գործողությունների, զինված հակամարտությունների ու պատերազմների ընդհանրական նկարագիրն ու տիպը»:[11]

2013թ. հոկտեմբերի 22-ին ՌԴ ռազմական վերլուծական կայքերից մեկը գրում էր «[Ս.Իվանովի 2004թ. պնդումներից] գրեթե 10 տարի անց իրադրությունը այստեղ չի փոխվել: Հարավսլավիայում, Աֆղանստանում և Իրաքում ռազմական վերջին գործողությունների փորձը ՌԴ ԶՈՒ կողմից մնաց չյուրացված: Այս հետևությունը ամրապնդված է, օրինակ, նրանով, որ ո՛չ նոր տիպի արդիական պատերազմի՝ «Ցանցակենտրոն մարտարվեստի» (Network Centric Warfare, сетецентрические боевые действия) հայեցակարգը, ո՛չ դրա բաղադրիչները տեղ չեն գտել 2010թ. փետրվարի 5-ին հաստատված ՌԴ ռազմական նոր դոկտրինում»:

Սակայն, ինչպես ցուց տվեցին 2014-ից հետո Ղրիմում և Սիրիայում ծավալված գործընթացները, այս գնահատականը չափազանցված էր: Ռուսաստանում իրադրությունը սկսեց փոխվել արդեն 2008-ի վրաց-օսական պատերազմից և ՌԴ զինված ուժերի «Խաղաղության պարտադրման» գործողության ընթացքում արձանագրված բացթողումների և թերացումների գիտակցումից հետո: Հատկապես տպավորիչ էին Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի (ВКС РФ) կիրառման, հետախուզության, կապի ու օպերատիվ ղեկավարման, բարձր նշանառության հեռահար զինատեսակների օգտագործման օրինակները:

«Առաջանցման ռազմավարությունները» և մեր տարածաշրջանը

Ի րանի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում Սիրիայում ՌԴ զինուժի 2015-18թթ. գործողությունները, հատկապես՝ 2015-ի հոկտեմբերին 1500 կմ հեռավորությունից ԻՊ-ի 11 թիրախների խոցումը Կասպիական տորմիղի (Каспийская флотилия) նավերից արձակված 26 «Կալիբր» թևավոր հրթիռներով (նկ. 4) ողջ աշխարհի, մեր տարածաշրջանի և մեզ համար արձանագրեց հետևյալ կարևոր իրողությունները:


Նկար
4. ՌԴ Կասպիական տորմիղի կողմից Սիրիայում գտնվող ԻՊ թիրախների վրա «Կալիբր» թևավոր հրթիռների համազարկի ուղեծիրները, 2015թ. հոկտեմբերի 7: Աղբյուր՝ «Взгляд»:

«Առաջանցման 2-րդ ռազմավարության»  շրջանակներում ՌԴ նկատմամբ ԱՄՆ կողմից 70-ականների վերջից մինչև 90-ականների կեսը ձեռք բերված շոշափելի ռազմատեխնիկական և տեխնոլոգիական առավելությունը չեզոքացվել է: Այս առումով XXI դարի 2-րդ տասնամյակի կեսերին ԱՄՆ և ՌԴ միջև արձանագրվել է որոշակի հավասարակշռություն, հատկապես՝ բարձր նշանառության հեռահար զենքերի կիրառման առումով:[12] Այլ խոսքերով՝ ռազմավարական զսպման (strategic deterrence, стратегическое сдерживание) ոչ միջուկային կարողություններով, որոնք և ընկած են «Առաջանցման 2-րդ ռազմավարության» հիմքում։

Կարծում ենք, որ հենց այս հանգամանքը մեծապես օժանդակեց ԱՄՆ-ի «Առաջանցման 3-րդ ռազմավարության» ընդունմանը: Ուշագրավ է, որ դրա պաշտոնական մեկնարկի մասին հայտարարվեց միայն 2016թ. ապրիլի 28-ին՝ իրական աշխատանքների սկզբից (2012թ.) չորս տարի անց և միայն Սիրիայում ռուսական նոր միասնական մարտական կարողությունների ակնառու ցուցադրությունից հետո:

Երկրորդ իրողությունն այն է, որ 2019թ. օգոստոսի 2-ին ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս եկավ երկկողմ (ԽՍՀՄ, ԱՄՆ) «փոքր և միջին հեռահարության հրթիռների համաձայնագրից» (ՓՄՀՀՀ, INF, ДРСМД), որը գործում էր 1987-ից: Թեև նման մտադրություն նախագահ Թրամփը հայտնել էր դեռ 2018թ. փետրվարին, սակայն Իրանի (և Հս. Կորեայի) շուրջ ռազմաքաղաքական սրացումների փուլում արված հայտարարությունը դժվար է պատահականություն համարել: Եթե մի կողմ դնենք ԱՄՆ և ՌԴ պաշտոնական հռետորաբանությունն ու փոխադարձ մեղադրանքները, ապա կարելի է տեսնել, որ ՓՄՀՀՀ արդյունավետության քայքայումը պայմանավորված էր երկու հիմնական գործոններով՝ քանակական և տեխնոլոգիական:

ՓՄՀՀՀ ստորագրումից հետո աշխարհի մոտ մեկ տասնյակ երկրներ այնքան են զարգացրել սեփական հրթիռային կարողությունները, որ դրանք անմիջականորեն ենթակա են ՓՄՀՀՀ-ով նախատեսված հեռահարության դաշտ (500-1000 կմ՝ փոքր, 1000-5500 կմ՝ միջին հեռահարության հրթիռների համար): Այս երկրների ցանկում առաջին հերթին նշվում է Չինաստանը, ինչպես նաև Իսրայելը, Իրանը, Հնդկաստանը, Պակիստանը և Հս. Կորեան: Բայց ՓՄՀՀՀ-ն երկկողմանի համաձայնագիր է և չէր կարող կարգավորել հարցը այս երկրների պարագայում: Մեզ համար այստեղ առավել կարևոր են Թուրքիայի և Ադրբեջանի կարողությունները (տե՛ս օրինակ այստեղ և այստեղ), փոքր հեռահարության հրթիռների մշակման ասպարեզում դրանց համագործակցությունը Ուկրաինայի, Բելառուսի և Պակիստանի հետ:

Տեխնոլոգիական առումով ՓՄՀՀՀ համաձայնագիրը կարգավորում էր հարցը միայն ցամաքային տեղակայման հրթիռների համար՝ չդիտարկելով ծովային և օդային հարթակները: Բացի այդ, արդի ՀՀՊ համակարգերի Mk. 41 ուղղահայաց արձակման ունիվերսալ կայանքները ունակ են արձակելու ոչ միայն հակահրթիռներ ու թիրախ-հրթիռներ, այլև օբյեկտիվ վերահսկման միջոցների (средства объективного контроля, monitoring and verification mechanisms) կողմից չտարբերակվող ու «անտեսանելի» միջին հեռահարության հարվածային հրթիռներ (տե՛ս, օրինակ, այստեղ և այստեղ): Ուստի, միջին հեռահարության հարվածային ներուժով օժտված ՀՀՊ կայանքները բովանդակային, ոչ ֆորմալ առումով դառնում են ՓՄՀՀՀ շրջանակների առարկա։

Դեռ ավելին, արդի ՀՀՊ կայանքների տեղակայումը ազգային սահմաններից դուրս և հավանական հակառակորդի սահմանների մոտ դարձնում են դրանք  ռազմավարական նշանակության գործոն: Այն հանգամանքը, որ 2002-ին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս էր եկել նաև Հակահրթիռային պաշտպանության 1972թ. համաձայնագրից (ABM Treaty, Догово о ПРО) ըստ էության նշանակում է, որ ռազմաքաղաքական գլոբալ համակարգի այս կարևորագույն ուղղությամբ ներկայումս ստեղծված է «բաց դաշտ», որը դեռ պետք է լրացվի նոր սակարկումներով և պայմանագրերով:[13]

Եվ վերջապես, ՓՄՀՀՀ-ն իր շրջանակներից ամբողջությամբ դուրս էր թողնում մի ողջ նորագույն զինատեսակ՝ արդի հետախուզական/հարվածային ԱԹՍ-ները, որոնք գոյություն չունեին 1987-ին, սակայն այսօր օժտված են գլոբալ նավիգացիոն կարողություններով, հագեցած են բարձր ճշգրտության հեռահար հրթիռներով ու աէրոբալիստիկ ռումբերով, սովորական կամ միջուկային մարտագլխիկներով: ԱԹՍ-ների տակտիկատեխնիկական ցուցանիշները (մինչև 20 կմ թռիչքի բարձրություն և/կամ «Stealth» տեխնոլոգիաների կիրառում) նվազեցնում են արտացոլման մակերեսը՝ էականորեն դժվարեցնելով տեղորոշումն ու խոցումը:

Այսպիսով, Իրանի և Հս.Կորեայի շուրջ ռազմաքաղաքական զարգացումների պայմաններում ՓՄՀՀՀ համակարգի կազմաքանդման մասին հայտարարությունը ազդարարեց մարտական տեխնոլոգիական այս երեք ուղղություններում սպառազինության նոր մրցավազքի պաշտոնական մեկնարկը ու ռազմաքաղաքական սակարկումների նոր փուլը: Ամենևին էլ պատահական չէ, որ 2019թ. օգոստոսի 7-ին՝ ՓՄՀՀՀ-ից ԱՄՆ պաշտոնապես դուրս գալուց 5 օր անց, ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնեց «Stealth» տեխնոլոգիաների կիրառմամբ պատրաստված միջին հեռահարության ծանր հետախուզական/հարվածային «Охотник» ԱԹՍ-ի առաջին փորձարկումների մասին: Հասանելի տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ սա ՌԴ կողմից ԱՄՆ «Lockheed Martin» կորպորացիայի «Skunk Works» բյուրոյի «RQ-170 Sentinel»[14] ԱԹՍ-ի պատասխանն է ու ՓՄՀՀՀ վերացմամբ պայմանավորված նոր իրողությունների առաջին արձագանքը:

Ըստ բաց աղբյուրների տեղեկությունների, ռուսական «Охотник»-ը օժտված է արհեստական բանականության (AI) տարրերով և ունակ է գործել խմբով («стая»)՝ 3-4 այլ «Охотник»-ների հետ համատեղ, բարդ թիրախների դեմ և հարվածային ալգորիթմերի հընթացս փոփոխման հնարավորությունով:[15] Ընդ որում, «Охотник»-ների խմբային ղեկավարումը հնարավոր կլինի իրականացնել ՌԴ նորագույն Су-57 բազմաֆունկցիոնալ կործանիչից: Ըստ էության, խոսքը «մարդավար ինքնաթիռ – հարվածային/հետախուզական ԱԹՍ-ներ» ավիացիոն նոր տակտիկական միավորի մասին է: Նշված տեխնոլոգիաները պատկանում են «Առաջանցման 3-րդ ռազմավարության» տիրույթին, իսկ ընթացիկ զարգացումները վկայում են, որ ՌԴ-ն ընդունել է ԱՄՆ մարտահրավերը նաև այս ուղղությամբ:[16]

Առաջիկա տասնամյակում աշխարհը, և հատկապես՝ մեր տարածաշրջանը գտնվելու է «Առաջանցման 3-րդ ռազմավարության» իրականացման շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և գիտատեխնոլոգիական սուր մրցակցության իրողություններում:

ԱԹՍ-ների (այդ թվում՝ գրոհային) կիրառումը 2016թ. ապրիլյան պատերազմում, Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը և այս զինատեսակի մշակման, կիրառման ու տեխնոլոգիաների փոխանցման վերահսկողության գործուն մեխանիզմների բացկայությունը պետք է ստիպեն մեզ ուշադրության կենրոնում պահել հարցերի այս թնջուկը: Առավել ևս, որ ինչպես ցույց տվեց Սիրիայում «Խմեյմիմ» ռազմաբազայի վրա 2018թ. հունվարի 6-ի հարձակումը, հարվածային ԱԹՍ-ների խմբային գրոհ կարելի է իրականացնել նաև համեստ տեխնոլոգիական հնարավորություններով:

Սիրիայում մենք նաև ականտես եղանք ՌԴ թե՛ ռազմածովային ուժերի, թե՛ օդուժի, թե՛ ցամաքային ուժերի և հատուկ նշանակության ջոկատների միասնական գործողություններին: Օգտագործվեցին հետախուզական միջոցների տարբեր տեսակներ՝ արբանյակային միջոցներից մինչև տարատեսակ ավիացիոն հարթակներ, ԱԹՍ-ներից մինչև դասական գործակալական ցանց: Ամենատարբեր ֆիզիկական և կլիմայական պայմաններում կիրառվեցին ճշգրիտ նշանառության հեռահար միջոցներ:

Կարող ենք փաստել, որ 2015-ի դրությամբ Ռուսաստանը սերտել է «միասնական մարտական հրամանատարություն» հասկացության առաջին իմաստը և այսօր ունակ է իր ազգային տարածքներից զգալի (բայց ոչ գլոբալ, օրինակ՝ Վենեսուելա, կամ Մալաքի նեղուց) հեռավորության վրա հաջողությամբ իրականացնել օպերատիվ ու մարտավարական միասնական գործողություններ՝ զինված ուժերի գրեթե ողջ սպեկտրի կիրառումով («full spectrum»):

Վերջապես՝ չորրորդը, Սիրիայում իրականացված գործողությունները վկայում են, որ Ռուսաստանը սերտել է «միասնական մարտական հրամանատարություն» հասկացության և երկրորդ իմաստը՝ տարբեր իրավասությունների տարածքներում միասնական մարտական գործողությունների իրականացման դիվանագիտական, իրավական և քաղաքական ապահովումը:


Նկար
5. Իդլիբում (Սիրիա) գտնվող ԻՊ հենակետների վրա ՌԴ օդուժի ռազմավարական նշանակության Ty-160 ռմբակոծիչների ավելի քան 16 հազ. կմ երկարությամբ մարտական երթուղին, 2015թ. նոյեմբերի 20: Աղբյուր՝ BBC.


Նկար 6. ՌԴ ռազմածովային ուժերը Սիրիայի ափերի մոտ, 2018թ. նոյեմբեր: Աղբյուրը՝
Известия

Այսպես, 2015-ի «Կալիբրների» հարվածը, զուտ ռազմատեխնիկական ու նավիգացիոն խնդիրներից զատ, ենթադրում էր Իրանի և Իրաքի օդային տարածքով թռիչքի կազմակերպման դիվանագիտական ու իրավական ապահովման խնդիրը (նկ. 4): Նույնը վերաբերում է նաև լայն աշխարհագրական ընդգրկումով ՌԴ ռազմավարական օդուժի (նկ. 5) և ռազմածովային ուժերի (նկ. 6) կիրառմանը՝ նավարկում դանիական, Սև ծովի և Ջիբրալթարի նեղուցներով, տարբեր երկրների և միջազգային տարածքներով օդուժի և թևավոր հրթիռների ուղեծիրներ (пролетные траектории) և այլն:

Մեզ համար, սակայն, առաջնային կարևորություն ունեն ՌԴ այս միասնական մարտական ունակությունների հետևյալ երկու դրսևորումները.

  • Սիրիայում մարտական գործողություններին զուգահեռ ՌԴ կողմից տարվող հետպատերազմյան կարգավորման ու խաղաղության հաստատման քաղաքական համալիր գործընթացը,
  • ՌԴ ռազմածովային ուժերի և օդուժի կողմից Կասպից ծովի ջրային ավազանի օգտագործումը:

Առաջինը Հայաստանին հնարավորություն տվեց իր ռազմավարական դաշնակցի հետ համատեղ իր հնարավորությունների չափով առաջին անգամ ներգրավվելու տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում: Երկարաժամկետ հեռանկարում այսպիսի հնարավորության իրացման արդյունքը դժվար է թերագնահատել, թեև կան նաև կարճաժամկետ վտանգներ:

Երկրորդը՝ ՌԴ-ն Կասպիցի հարավային ջրավազանը սկսել է ընկալել և օգտագործել (նկ. 4) որպես մեր տարածաշրջանում ուժի պրոյեկտման ռազմավարական նշանակություն ունեցող հարթակ, ինչը մեզ համար կարևոր գործոն է ու պարունակում թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումների հնարավորություն:

Խնդիրը հասկանալու համար անհրաժեշտ է նշել, որ անցած մոտ երեք տասնամյակում Հայաստանի և Արցախի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը մեծապես ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումով մեկնարկած Հյուսիսային ու Կենտրոնական Կասպիցի սահմանզատման (delimitation) շուրջ ծավալվող գործընթացներով: Վաղ 90-ականներին Բաքվին հաջողվեց արտատարածաշրջանային ուժերի համար «բացել» Կասպիցի «փակ ծով» լինելու կարգավիճակը՝ ի հեճուկս ԽՍՀՄ-Իրան պայմանագրերի, որոնք առ այսօր միջազգային ուժ ունեցող միակ փաստաթղթերն են (տե՛ս այստեղ, Հավելված 3): Բաքվի կողմից հրադադարի Բիշքեկյան համաձայնագրի (1994թ. մայիս) փոխանակումը Կասպիցի «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» (ԱՉԳ) նավթադաշտի զավթման հետ (1994թ. սեպտեմբեր) այս գործընթացում Ադրբեջանի «նավթային գամբիտի» կենտրոնական դրվագն էր և «1994թ. Մեծ սակարկության» բաղադրիչը (տե՛ս այստեղ ու այստեղ):

Այսօր, սակայն, երբ ԱՉԳ-ում արդեն անցել է նավթարդյունահանման պիկը, իսկ ԱՉԳ-ից ստացված նավթով գործող «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի աշխահաքաղաքական նշանակությունը նվազում է (տե՛ս այստեղ, Գլ. 2), առաջին պլան են գալիս Ղազախստանի և Թուրքմենիայի նավթագազային հոսքերն արևմուտք՝ դեպի Ադրբեջան ու Թուրքիա ուղղորդող տրանսկասպիական ծրագրերը: Հետևաբար, Կասպիցի միջազգային կարգավիճակը և Հարավային հատվածի սահմանազատումը դառնում են ռազմավարական նշանակության գործոններ: Այս առումով կարող ենք խոսել Ադրբեջանի «գազային վերջնախաղի» աշխարհաքաղաքական փուլի մեկնարկի մասին: Ինչպես նշել էինք մեր հարցազրույցներից մեկում, այս իրողության գիտակցումն է ընկած նախագահ Ի.Ալիևի այն հայտարարության հիմքում, որ «Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ: Ավարտված է միայն այս պատերազմի առաջին փուլը»:

Իրադրությունն այստեղ մեզ համար պարունակում է ուղիղ և անմիջական սպառնալիք (direct and immediate threat): «Նավթային գամբիտի» շրջանակներում իրականացված «ԱՉԳ նավթադաշտի զավթում՝ հրադադարի Բիշքեկյան համաձայնագրի դիմաց» գործարքը չհանգեցրեց երկարատև խաղաղության: Ավելին, այն ուժեղացրեց տարածաշրջանում ադրբեջանական ռևանշիզմը ու թուրքական ծավալապաշտական նկրտումները, ինչը և հանգեցրեց թե՛ 2016թ. ապրիլյան պատերազմին, թե՛ Նախիջևանում թուրքական ազդեցության աճին: «Գազային վերջնախաղի» շրջանակներում ու գործող աշխարհաքաղաքական դասավորվածության պայմաններում առաջիկա տասնամյակում իրականացվելիք տրանսկասպիական գործարքները կարող են հանգեցնել տարածաշրջանում պատերազմի վերսկսմանը:

Առանց այդ էլ վտանգավոր այս իրադրությունը բարդանում է նրանով, որ Կասպիցի սահմանազատման գործում վերջերս ընդունված «ջուրը՝ բոլորին, հատակը՝ սահմանազատում ենք» բանաձևը միանգամայն տարբեր կերպ ընկալվեց ՌԴ և Իրանի կողմից: ՌԴ-ում այն ընկալվեց որպես ընդունելի ու պրագմատիկ արդյունք, քանի որ քիչ թե շատ հաստատում է արտատարածաշրջանային ուժերի համար Կասպիցի փակ լինելը և երաշխավորում ռուսական ռազմածովային ուժերի նավարկության ազատությունը, որից էլ օգտվեց Ռուսաստանը 2015թ. հոկտեմբերի սկզբին (տե՛ս նկ. 4): Մինչդեռ Իրանի որոշ շրջանակների կողմից այն ընկալվեց որպես խայտառակություն. խոսվում էր անգամ «2-րդ Թուրքմենչայի» մասին (տե՛ս օրինակ այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ): Եվ բոլոր կողմերը կարծես միակարծիք էին, որ ձեռք բերված պայմանավորվածություններն աշխարհաքաղաքական այս կարևորագույն ճակատում Ադրբեջանի և ՌԴ հաղթանակն է (տե՛ս օրինակ այստեղ, այստեղ և այստեղ):

Այլ խոսքերով՝ Կասպիցի սահմանազատման խնդրում և մեր ազգային անվտանգության տեսանկյունից ստեղծվում է վտանգավոր իրավիճակ, որը նման է վաղ 90-ականներին իրադրությանը: Այն ժամանակ ՌԴ-ին, ավելի ճիշտ՝ վաղ 90-ականների ռուսաստանյան օլիգարխիային, առաջարկվեց մասնաբաժին ԱՉԳ ծրագրում՝ նավթադաշտը Ադրբեջանի կողմից զավթելու, Կասպիցում «British Petroleum» ընկերության ներկայության և հրադադարի մասին Բիշքեկի արձանագրության դիմաց:[17] Այսօր այն կարող է ունենալ (և, կարծում ենք, ունի) հետևյալ տեսքը՝ ՌԴ Կասպիական տորմիղի ազատ նավարկումը Հարավային Կասպիցում՝ տրանս-կասպիական նավթագազային ծրագրերի իրականացման երաշխիքների և Հայաստանի հանդեպ որոշակի զսպվածության խոստումների դիմաց։

Աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանը առաջիկա տասնամյակում պետք է փորձի իր օգտին շրջել Հարավային Կասպիցի սահմանազատմամբ և տրանսկասպիական ծրագրերի իրականացմամբ պայմանավորված հակասությունները:

Այս հարցում մեզ համար կարևոր դերակատարություն կարող է ունենալ Չինաստանը. Կասպից ծովով Միջին Ասիայի նավթագազային պաշարների տեղափոխումը Արևմուտք հակասում է նրա երկարաժամկետ ռազմավարական շահերին[18] և «Մեկ ուղի – մեկ գոտի» գլոբալ ծրագրի «Միասնական ճակատագրի հանրություն» հիմնադրույթին: Կարևոր են նաև Իրանի վերապահումները սահմանազատման հարցում՝ հատկապես Հարավային Կասպիցի «Ալով-Շարգ» և այլ նավաթագազային դաշտերի վերաբերյալ:


[1] «Իջիս» հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ծովային բաղադրիչում իսպանական Ռոտայի դերակատարման մասին տես այստեղ:

[2] Այս ռազմաբազայի և այն այցելող հատուկ դիվերսիոն կարողություններով օժտված ԱՄՆ հարվածային ատոմային սուզանավերի մասին տե՛ս այստեղ:

[3] Թեև Իսրայելում ԱՄՆ ԸԾՌ ստորաբաժանումներ չկան, սակայն ԱՄՆ զինուժը ներկայացված է խորհրդականների, հատուկ նշանակության ստորաբաժանումների, տարատեսակ մասնագետների, ռազմական և հետախուզական նյութատեխնիկական ներուժի և ենթակառուցվածքների տեսքով: 2015-ին Թուրքիայում ԱՄՆ ԸԾՌ կազմում կար շուրջ 2,2 հազ. զինծառայող (նկ. 3):

[4] Դրանք ԱՄՆ ՄՄՀ Եվրոպական հրամանատարության կազմում են:

[5] ԱՄՆ թվարկված նավատորմերը (numberd fleets) առանձին օպերատիվ միավորներ են, և ուժի պրոյեկտման հիմնական միջոց են:

[6] Ըստ էության, այդպես էլ կա, և դա 1979թ. Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունն է, Իսրայելի հետ ռազմավարական համագործակցության խզումը (տե՛ս այստեղ, էջ 318-320) և Իրանից ամերիկյան կապիտալի արտաքսումը:

[7] Այս առումով խոսուն է «միացյալ և միավորված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի» (ՄևՄ ՀՈևՀՀՊ, ЕОС ПВО и ПРО) ՆԱՏՕ և ՀԱՊԿ մոտեցումների համեմատությունը (տե՛ս Марджанян А.А., ОДКБ – современные вызовы. Взгляд из Армении. ЕВРАЗИЙСКАЯ ИНТЕГРАЦИЯ: ЭКОНОМИКА, ПРАВО, ПОЛИТИКА, № 1 (27), 2019. С.61-66.), տե՛ս նաև այստեղ, էջ 26-33)

[8] Ինչպես անկեղծանում էր Թուրքիայում ԱՄՆ դեսպաններից մեկը, «չկա ավելի արդյունավետ բան, քան երբ տվյալ երկրում ԱՄՆ դեսպանը խոսում է տեղի իշխանությունների հետ այդ երկիրը ներառող ԱՄՆ ՄՄՀ հրամանատարության ղեկավարի ներկայությամբ ու նրա հետ միևնույն լեզվով» (ցիտում ենք ըստ՝ H.D. Belote, «Proconsuls, Pretenders, or Professionals? The Political Role of Regional Combatant Commanders». Chairman of the Joint Chiefs of Staff Strategy Essay Competition, 2004. P.8., տե՛ս նաև այստեղ, p. 60, footnote 130):

[9] «Աբրահամ Լինքոլն» ԱՀԽ կազմում իսպանական «Մենդես Նունյես» ՂՀԶ ֆրեգատի 2019թ. նավարկման մասին տե՛ս այստեղ:

[10] «Վարշավյան պայմանագրի» անդամ երկրների զինուժի միասնական մարտական հրամանատարության առումով, կոալիցիոն գործողությունների պլանավորման և իրականացման գործում ԽՍՀՄ զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ունիկալ փորձառությունը և ժառանգությունը մեզանում, ցավոք, բավարար ուսումնասիրված չէ:

[11] Ս.Իվանովի հիշյալ պնդումը տպագրվեց 2013թ. հոկտեմբերին: ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի այս հիշարժան նիստի շուրջ ծավալված բանավեճի մասին տե՛ս այստեղ:

[12] Ռուսական «Կալիբրների» կիրառման արդյունավետությունը Սիրիայում չէր զիջում, որոշ դեպքերում անգամ գերազանցում էր ամերիկյան «Թոմահուքների» արդյունավետությանը, տե՛ս այստեղ, այստեղ, այստեղ, և այստեղ:

[13] Mk. 41 արձակման ունիվերսալ կայանքներով ԱՄՆ «Իջիս» ՀՀՊ ցամաքային կայանները (Aegis Ashore) արդեն գործում են Ռումինիայում (տե՛ս այստեղ, նկ.7), իսկ Լեհաստանում դրանց շինարարական աշխատանքները սկսվել են 2016թ. մայիսին: ՓՄՀՀՀ կասեցման համատեքստում հարցը 2019թ. օգոստոսի 23-ին քննարկվել է ՌԴ անվտանգության խորհրդում:

[14] «Sentinel»-ը առաջին անգամ գաղտնի օգտագործվեց 2007-ին՝ Աֆղանստանում, իսկ դրա մասին առաջին պաշտոնական հայտարարություններն արվեցին միայն 2009թ. դեկտեմբերին: 2011թ. դեկտեմբերի 4-ին հայտնվեց, որ Իրանի օդային սահմանները հատած ամերիկյան RQ-170 ԱԹՍ-ը ստիպողաբար իջեցվել և բռանգրավվել է Իրանի զինված ուժերի էլեկտրոնային հակազդման ուժերի կողմից:

[15] Բարդ թիրախների դեմ թևավոր հրթիռների խմբով գործելու ունակությունները ԽՍՀՄ-ում իրացվել էին դեռ ուշ 70-ականներին՝ «Գրանիտ» (П-700, 3M45, ՆԱՏՕ-ի դասակարգումը՝ SS-N-19, «Shipwreck») թևավոր հրթիռի մշակման ժամանակ: ԽՍՀՄ/ՌԴ ռազմածովային ուժերում այն մարտական շահագործման մեջ է 1983-ից: Այս հրթիռների խմբով գրոհելու ունակությունը հիմնված էր ֆիքսված ալգորիթմների կիրառման վրա: Արհեստական բանականության (AI) տարրերի կիրառումը թույլ կտա բարձրացնել թևավոր հրթիռների և հարվածային ԱԹՍ-ների խմբով գործելու ճկունությունը, հաղթահարել ֆիքսված ալգորիթմների կիրառմանը բնորոշ սահմանափակումները:

[16] ՌԴ-ում «Stealth» տեխնոլոգիաների մշակման փորձերն ունեն առնվազն տասնամյա պատմություն: 2007-ին՝ MAKS-2007 միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ, առաջին անգամ ցուցադրվեց Ա.Միկոյանի անվան կոնստրուկտորական բյուրոյի «Stealth» տեխնոլոգիաներով պատրաստված «Սկատ» («Скат», «Mikoyan Skat») ԱԹՍ-ն, որի մշակումները սկսվել էին դեռ 2005-ին: Անցած տարիներին «Stealth» հարվածային/հետախուզական ԱԹՍ-ների մշակման ուղղությամբ «Միկոյան» և «Սուխոյ» ԿԲ-երի միջև ընթանում էր տեխնիկական ու քաղաքական լարված մրցակցություն: «Սուխոյ» կորպորացիայի «Охотник»-ի մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին 2018թ. դեկտեմբերին, դրա փորձարկումները նախատեսված էին 2018-ին, բայց մի քանի անգամ հետաձգվել էին:

[17] Հետագայում, բնական է, Ռուսաստանը զրկվեց ԱՉԳ արդյունահանման գործում իր մասնաբաժնից, տե՛ս այստեղ, այստեղ և այստեղ, Գլ. 2:

[18] Տե՛ս Марджанян А.А., «Энергетическая и Транспортная инфраструктура Южного Кавказа, Черноморско-Каспийского региона и перспективы интеграции в проект один пояс - один путь». Раздел Энергетика, ч.1. Азербайджан. СИИ, Ереван, февраль 2019.