Պատերազմ և էներգատրանսպորտային ենթակառուցվածք
16 ր. | 2019-08-081 Մաս. մեր տարածաշրջանը
Հոդվածը լրացնում է Իրանի շուրջ ռազմաքաղաքական զարգացումներին վերաբերյալ մեր նախորդ անդրադարձը (տե՛ս այստեղ և այստեղ)՝ համալրելով մեր տարածաշրջանի էներգատրանսպորտային ենթակառուցվածքի մասին քիչ հայտնի դրվագներով, որոնք անմիջականորեն վերաբերում են Հայաստանին ու հայությանը, ընդգծում են դրանց դերակատարությունը տարածաշրջանային գործընթացներում:
Տարածաշրջանային աշխարհաքաղաքականության աքսիոմները
Ն այելով մեր օրերի Եվրոպայի հայտնի քաղաքների բաշխվածության քարտեզին՝ դժվար չէ, ավելին՝ ուսանելի ու անհրաժեշտ է տեսնել այդ պատկերի ետևում երևակվող Հռոմեական կայսերության լեգեոնների կայանատեղիների ու ռազմական ճամբարների ուրվագծերը, իսկ Եվրոպայի ու Միջերկրականի արդի տրանսպորտային ցանցում նշմարել Աքեմենյան կամ Հռոմեական կայսերության ճանապարհացանցի կմախքը, դարավոր վաղեմության առևտրային ճանապարհները, Կյուրոս Մեծի, Ալեքսանդրի կամ Կրասոսի արշավանքների ուղիները:
Այսպիսի պատմական դիտարկումը թույլ է տալիս խորքային իմաստով հասկանալ «աշխարհաքաղաքականություն» եզրի մեջ աշխարհագրություն գիտության առկայությունը: Աշխարհաքաղաքականության անքակտելի կապը պատմության՝ (իսկ դա առաջին հերթին պատերազմների ու միացումների պատմությունն է)[1] և քաղաքականության (այլ խոսքերով՝ առևտրի, ուժի և ազդեցության պրոյեկտման արվեստի) հետ:
Խուսափելու համար մեր իրականությունից ժամանակով ու տարածությամբ զգալիորեն կտրված օրինակների («Շումերական ժառանգություն» կամ «Սինգապուրյան հրաշք») ինքնամոռաց դիտարկումից, որը զուրկ է պատմական, աշխարհագրական, քաղաքական ու քաղաքակրթական հենքից, բայց այդքան սիրված ու տիպական է մեր քաղաքագիտական ու հրապարակախոսական «դիսկուրսին», կենտրոնանանք անմիջականորեն մեր իրողություններին, մեր տարածաշրջանին և աշխարհաքաղաքականությունը բնութագրող գործոններին՝ առանձնացնելով առաջին հերթին ռազմական և էներգատրանսպորտային ենթակառուցվածքների դերը: Առավել ևս, որ դրանք գրեթե միշտ համընկնում են:
Թերևս ավելորդ չէ այսօր կրկնել 16 տարի առաջ տպագրված աշխարհաքաղաքականության և էներգետիկայի մասին մեր աշխատության կենտրոնական հետևությունները.
- Մոտակա տասնամյակում մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացների հիմնական շարժիչ ուժը կհանդիսանա Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտությունը:
- Տարածաշրջանի հիմնական ապահավասարակշռող գործոնը կշարունակի հանդիսանալ միջազգային կառույցների վերահսկումից դուրս գտնվող Իսրայելի միջուկային պոտենցիալը՝ հանգեցնելով իրադրությունը հավասարակշռելուն միտված Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ջանքերին:
- Տարածաշրջանում զգալի կլինի Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ավելի ակտիվ ու ինքնավստահ միջամտությունը:
- Պարզունակ (1960-ականներ) և համակարգված (1970-ականներ) նավթային էմբարգոների քաղաքականությունը հակամարտությունների դիալեկտիկ բնույթի հետևանքով անհրաժեշտաբար հանգեցնում է «զարգացած աշխարհի» կողմից ֆինանսական պատժամիջոցների և տեխնոլոգիական սահմանափակումների (տեխնոլոգիական նեոգաղութատիրության) աշխարհաքաղաքականությանը:
- Էներգետիկ հակամարտությունների գլոբալացման փուլում (1980-ականներից մինչ օրս) այսպիսի իրավիճակը կդառնա «նոր նորմ»:
Մեր տարածաշրջանում իրադարաձությունները, կարծես թե, հաստատում են 2003-ին արված այս հետևությունները: Բացի այդ, հիշյալ աշխատությունում ձևակերպվել էին աշխարհաքաղաքական երկու «աքսիոմ»:
Միջուկային աքսիոմ. «Արդի իրողությունում բոլոր այն երկրները, որոնք ունեին հստակ արտահայտված քաղաքական կամք՝ սնվող տարածաշրջանում գերիշխելու կամ հակամարտության համար ծավալված պայքարից, կոշտ ներքին սոցիալ-քաղաքական հասարակարգ և ՀՆԱ-ի բավարար աճ (կամ արտաքին օժանդակություն), կարող են դառնալ և դառնում են ռազմամիջուկային տերություն»: Հեռու չգնալու համար հիշենք մեր տարածաշրջանի դե-ֆակտո միջուկային չորս տերությունների (Իսրայել, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան) և միջուկային երեք շեմային երկրների (Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա) օրինակները:
Էներգետիկ աքսիոմ. «Մեր իրողությունում բոլոր այն տերությունները, որոնք ունեն էներգակիրների բնական պաշար (առաջին հերթին` նավթ և գազ), որոնց արտահանումը կախվածության մեջ է դնում այլ երկրների կամ տարածաշրջանների, օգտագործում են այն իրենց աշխարհաքաղաքական և ռազմավարական նպատակների համար»: Ընդ որում, իրադրությունն այստեղ փոխադարձ է (ավելի մանրամասն տե՛ս այստեղ, Գլ.3): Հայաստանի 3-րդ հանրապետության և մեր տարածաշրջանի պատմությունը հատկապես լի է այս «աքսիոմի» երևակման խոսուն օրինակներով:
Այս աքսիոմները հակված են միավորվելու «էներգամիջուկային շանտաժի» միացյալ քաղականության մեջ, երբ տվյալ երկրի միջուկային կարողությունների ռազմական բաղադրիչը փոխանակվում է ֆինանսատեխնոլոգիական ու էներգետիկ դիվիդենտների և/կամ սակարկվում աշխարհաքաղաքական որոշակի պարտավորություների դիմաց (վերջերս՝ Հս. Կորեա, Իրան, Ղազախստան, Ուկրաինա, Ադրբեջան, ավելի վաղ՝ Բրազիլիա, Արգենտինա, Հր. Աֆրիկա, Ճապոնիա, Շվեյցարիա, Շվեդիա և այլն): Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական բնապատկերը որոշիչ կերպով ձևավորված է հենց այսպիսի բնույթի գործարքով, այսպես կոչված՝ «1994թ. մեծ սակարկությամբ» (Grand Bargain of 1994, ավելի մանրամասն տե՛ս այստեղ և այստեղ):
Մյուս կողմից՝ գաղափարախոսական դաշտում ածխաջրածնային էներգետիկ (և միջուկային) շանտաժի քաղականությունը չեզոքացնելու նպատակով մշակվեցին պարզունակ երկակի շաբլոններ՝ «լավ ու պրոգրեսիվ այլընտրանքային էներգետիկան ընդեմ վատ ու հնացած ավանդականի (առաջին հերթին՝ ատոմային և ածխաջրածնային էներգետիկաների)» կամ «նավթի ու գազի մեծ պաշարներ ունեցող, նավթադոլարներով սնվող չարակամ ու ծավալապաշտ տերություններն ընդեմ խաղաղասեր, ընդամենը տրանզիտային նավթատարներ ունեցող բարեպաշտ երկրների»: Այս առնչությամբ կուզենայինք հիշեցնել Վ.Պելևինի «ածխաջրածնային բռնապետություններ» և «խողովակաշարային դեմոկրատիաներ» սրամիտ հեգնական սահմանումը[2]:
Դժվար չէ մտաբերել մեր տարածաշրջանում այս շաբլոնների քաղաքական ու աշխահաքաղաքական կիրառման օրնակները՝ Ուկրաինան կամ Վրաստանը: Ի դեպ, այսօր շատ քչերը գիտեն, որ 1920-ականներին նորանկախ Վրաստանը հաճախ հեգնորեն անվանվում էր «Վրաստանի նավթատարային հանրապապետություն»[3]: Հանրապետության անվանման մեջ «դեմոկրատական» բառի փոխարինումը «նավթատարով», ընդգծում էր այս հանրապետության ձևագոյացման, դրա տարածական կապակցվածության, քաղաքական ու տնտեսական կայցման գործում «Բաքու-Բաթում» նավթատարի կենտրոնական դերակատարումը: Շատ ավելի զորեղ, քան, օրինակ, այս տարածքում ապրող ժողովրդների էթնիկ, լեզվական կամ կրոնական միասնականությունը, կամ «դեմոկրատիայի» հանդեպ ժողովուրդների վերաբերմունքը կամ էլ մեկ այլ մի բան:
Մոռացվել է նաև, որ մեր տարածաշրջանում առաջին՝ «Բաքու-Բաթում» նավթամուղի (կերոսինատարի՝ ինչպես ասում էին այն ժամանակ) կառուցման գործում որոշիչ դեր է ունեցել Ա.Մանթաշովը՝ Գ.Գյուլբենկյանի և Ղուկասով եղբայրների հետ: Մենք կփորձենք շտկել այս իրավիճակը «Պատերազմ և էներգատրանսպորտային ենթակառուցվածք» խորագրով մեր հաջորդ հոդվածում:
Բնութագրական է, որ այս իրադրությունը գրեթե նույնականորեն կրկնվեց մեզ մոտ ԽՍՀՄ փլուզումից հետո: Երբ 90-ականներին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի, կամ «Բաքու-Թբիլիսի-Կարս» գազատարի և այլ տրանզիտային ծրագրերն ըստ էության կանխեցին կամ դանդաղեցրին Վրաստանի և Ադրբեջանի տրոհումը: Բայց և պայմանավորեցին մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոթորքոտ զարգացումները ու դրա ներկայիս երկփեղկված, պառակտված (cloven)[4] վիճակը երկու ինտեգրացիոն գործընթացների միջիև՝ «արևելք-արևմուտք» ու «հարավ-հյուսիս» առանցքներով:
XX դարի առաջին կեսին մշակված այս «շաբլոնը» հետագայում հաջողությամբ կիրառվեց նաև XXI դարասկզբին, երբ Վրաստանը սկսեց ներկայացվել որպես մեր տարածաշրջանում միակ համակարգային ժողովրդվարություն ունեցող երկիր (տե՛ս այստեղ և այստեղ): Ակտիվորեն կիրառվող այս շաբլոնները գաղափարախոսական հակամարտությունների, հիբրիդային և հոգեբանական պատերազմների առավել գործուն միջոցներ են մեզ մոտ, մեր տարածաշրջանում (Վրաստան, ՌԴ, Ուկրաինա, Մոլդովա, Գերմանիա, Լեհաստան և այլն) և նրա սահմաններից դուրս (Բրազիլիա, Վենեսուելա, Ճապոնիա և այլն):
Հետագա ուսումնասիրությունները (տե՛ս այստեղ և այստեղ) թույլ տվեցին լրացնել «աքսիոմների» այս շարքը ևս մեկով, որը սինթեզում է գիտատեխնոլոգիական առաջնթացի ներկայիս առանձնահատկությունները, լեզվական գերընտանիքների մրցակցության, գիտատեխնոլոգիական գաղութատիրության և նոր ռեգիոնալիստիկայի արդի միտումները: Մենք այն անվանեցինք «Ապագայի օնոմաստիկայի[5] աքսիոմ» հետևյալ ձևակերպումով. «Ապագան կանվանակոչվի այն երկրի (երկրների խմբի) լեզվով, որոնք աշխարհաքաղաքական համախմբմամբ ունակ կլինեն ձևափոխելու իրենց աշխարհատնտեսական և քաղաքակրթական ներուժը՝ գիտատեխնոլոգիական, տեղեկատվական և իմաստային ներուժի»:
Հետագա շարադրանքի համար անհրաժեշտ է գոնե թռուցիկ ուրվագծել, թե ինչ ենք հասկանում մեր տարածաշրջան ասելով:
Մեր տարածաշրջանը
Մ եր տարածաշրջան հասկացությունն առաջին հայացքից՝ պարզ, սակայն դժվար սահմանելի է, ինչը հանգեցնում է երկարատև ու շատ դեպքերում անպտուղ բանավեճերի՝ ներազդված օրվա աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից և անհատական նախասիրություններից: Մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել մեր տարածաշրջանի ամենատարբեր անվանումներին (naming, именование)՝ Անդրկովկաս, Այսրկովկաս, Հարավային Կովկաս, Կասպյան - Սև ծովյան տարածաշրջան, Կասպյան - Սև ծովյան - Միջին Ասիական տարածաշրջան, Մեծ Միջին Արևելքի տարածաշրջան և այլն:
Ավելին՝ գլոբալ ուժային կենտրոնների և հեղինակավոր միջազգային կառույցների տարածաշրջանային դասակարգումներում, թե «ո՞ր տարածաշրջանում դիտարկել Հայաստանը» հարցում հաճախ կարելի է նշմարել յուրօրինակ մի դժվարություն, շարադրանքի իմաստային կարճատև մի դադար, խոսքի ու մտքի հատկանշական սայթաքում. կարծես՝ հեղինակներն իրենք էլ վստահ չեն, թե, ի վերջո, որտեղ տեղակայել Հայաստանը (տե՛ս այստեղ, էջ 14-24, այստեղ, էջ 20-26, և այստեղ, գլ.3 ):
Չընկղմվելու համար «մեր տարածաշրջանի» սահմանումների շուրջ բանավեճերի ճահիճը, ստորև որդեգրել ենք պրագմատիկ մոտեցում. «մեր տարածաշրջանի» սահմանման հիմք ենք ընդունել ԱՄՆ Միացյալ մարտական հրամանատարությունների (ՄՄՀ, COCOM) իրավասությունների տարածքների 2011թ. պաշտոնական քարտեզը (Նկ. 1), ինչը, մեր կարծիքով, գործնական առումով պատճառաբանված է:
Նկար 1. «Մեր Տարածաշրջանը» (կարմիր էլիպս)՝ պատկերված ԱՄՆ ՄՄՀ 2011թ. քարտեզի հենքի վրա: Աղբյուրը՝ U.S. DoD
ԱՄՆ ռազմուժի ՄՄՀ համակարգը (և դրա նախորդները) անցած գրեթե մեկ դարում և առաջիկա առնվազն մեկ տասնամյակում կշարունակի լինել ուժի և ազդեցության պրոյեկտման միակ գլոբալ համակարգը: Քննադատական որոշ առարկումներից խուսափելու համար նկատենք, որ ԽՍՀՄ-ն իր գոյության վերջին տասնամյակում թեև ընդհուպ մոտեցել էր նմանօրինակ համակարգի ստեղծմանը, սակայն այս գործընթացը կասեցվեց վերջինիս փլուզման հետևանքով՝ բարեբախտաբար (Բ. և Հ. Կլինտոններ, Յ.Ստոլթենբերգ, Դ.Տուսկ) կամ ցավալիորեն (Վ.Պուտին): Արդի Ռուսաստանը դեռ հեռու է նմանօրինակ գլոբալ համակարգի ստեղծումից: Այստեղ հաճախ է հանդիպում տարածված մի սխալ՝ նույնականացվում է միջուկային հարվածային պոտենցիալը ուժի և ազդեցության գլոբալ պրոյեկտման համակարգի հետ:
Իրոք, ռազմավարական նշանակության ատոմային և ջերմամիջուկային զենքը գործնականում «մեկանգամյա» օգտագործման զենք է: Այս առումով չափազանց խոսուն է ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի (РВСН) կարգախոսը` «Մեզանից հետո՝ միայն լռություն»: Այլ խոսքերով, այս պոտենցիալը մահվան ու վերջնական լուծման միջոց է և պիտանի չէ կյանքի, հետևաբար՝ երկարատև ու բազմակի օգտագործման համար:
Մինչդեռ ուժի և ազդեցության գլոբալ պրոյեկտման համար բառիս բուն իմաստով կենսականորեն անհրաժեշտ է առաջին հերթին «փափուկ ուժի» գործուն բաղադրիչը՝ գրավիչ ապագայի տեսլականով, տարածաշրջանային կամ գլոբալ արդյունավետ ֆինանսատնտեսական համակարգով, լեզվական տարածվածության բարձր աստիճանով, ճյուղավորված գիտատեխնոլոգիական ներուժով և այլն: Դե, իսկ բուն ռազմական ուժի բաղադրիչով այստեղ առաջին հերթին անհրաժեշտ են ընդառաջ ծավալված բազմաֆունկցիոնալ ռազմուժը (Forward deployed forces), ավիացիոն (ԱՀԽ) և ամֆիբիային (ԱֆՀԽ) հարվածային խմբավորումները և այլն (տե՛ս այստեղ): Այսօր ԱՄՆ-ում ակտիվ ծավալման մեջ են տասը ԱՀԽ՝ 100 հազ. տ ջրատարողությամբ ատոմային 10 ավիակիր գլխանավերով: 2020-ին նախատեսվում է դրանց թիվը հասցնել 12-ի: Մինչև վերջերս ՌԴ-ն ուներ միայն մեկ ատոմային ավիակիր՝ մոտ 50 հազ. տ. ջրատարողությամբ, իսկ 2018թ. հոկտեմբերի լուրջ վթարից հետո՝ ոչ մի հատ: Այնպես որ այսօր «հաշիվն» այստեղ 10:0 է, իսկ մոտ ապագայում կդառնա 12:0:
Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա XV դարում իր՝ այդ ժամանակ իսկապես գլոբալ նշանակության նավատորմի «առեղծվածային» ինքնավոչնչացումից[6], և դարեր տևող ռազմավարական ու քաղաքակրթական ինքնամեկուսացումից հետո այն դեռ պետք է դառնա ուժի գլոբալ պրոյեկտման կենտրոն: Համաձայն որոշ գնահատականների այն կարող է դառնալ այդպիսին առաջիկա տասնամյակում:[7] Բայց դեռ պետք է ապրել այս տասնամյակը՝ ԱՄՆ-Չինաստան տեխնոլոգիական ու ֆինանսական պատերազմի, Թայվանի, Հոնկոնգի և ույղուրական գործոնների պայմաններում: Այնպես որ, այսօր և վաղը ԱՄՆ ՄՄՀ-ն ուժի և ազդեցության գլոբալ պրոյեկտման միակ ու դոմինանտ համակարգն է, և այլ հավակնորդներ մոտակա տարիներին չեն հայտնվի:
Ուստի, ԱՄՆ տարածաշրջանային ընկալումները ու մոտեցումները մարմնավորող ՄՄՀ վեց աշխարհագրական կենտրոնական հրամանատարությունների քարտեզի օգտագործումը «մեր տարածաշրջանի» սահմանման և ընկալման համար ոչ միայն հարմար է և պիտանի, այլև՝ պարզապես պրագմատիկ անհրաժեշտություն: Այդ պատճառով ՄՄՀ քարտեզի հենքի վրա (Նկ. 1) մենք կառուցում ենք Արևելք-Արևմուտք առանցքով ձգված էլիպս, որի կենտրոնը համընկնում է Հայաստանի հետ, իսկ էլիպիսի մեծ տրամագիծը ձգվում է հյուսիսային կիսագնդի 400-րդ զուգահեռականով:
Էլիպսի, և ոչ, oրինակ, շրջանագծի ընտրությունը կամայական չէ, և պայմանավորված է բազմանշանակ մի հանգամանքով. եվրասիական գերմայրցամաքի վրա առնվազն մեկ հազարամյակ գործում են Արևելք-Արևմուտք լայնական ձգվածության (широтная протяженность, latitudinal extent) պատմական, քաղաքակրթական, առևտրային, ռազմաքաղաքական և այլ կապեր՝ գոյացնելով յուրօրինակ ձևագոյացնող մի դաշտ: «Վեկտորական դաշտ»՝ կասեին մաթեմատիկոսները, որը ձգում է մայրցամաքի տարատեսակ հատկանիշներով տարածաշրջանները Արևելք-Արևմուտք առանցքով: Պատահական չէ, որ մեր օրերի, թերևս, ամենամասշտաբային ինտեգրացիոն գործընթացը՝ չինական «Մեկ գոտի–Մեկ ուղի» ենթակառուցվածքային ծրագիրն ունի ընդգծված զուգեհառական բնույթ՝ Արևելք-Արևմուտք առանցքով (տե՛ս օրինակ այստեղ և այստեղ): Ահա այս դաշտի ազդեցությունն է, որ ստիպում է գրեթե բոլոր մայրցամաքային աշխարհաքաղաքական տարածաշրջաններին ընդունել լայնացված տեսք, որի պարզագույն տարբերակը Արևելք-Արևմուտք առանցքով ձգված էլիպսն է:
Կամայական չէ նաև էլիպսի մեծ տրամագծի չափը, որի երկարությունն ընտրված է այնպես, որ մեր տարածաշրջանի արևմտյան հատվածն ընդգրկի Ջիբրալթարը և Բիսկայան ծոցը, հյուսիս-արևմուտքը՝ Լամանշը, Դանիական նեղուցները, հյուսիսում՝ Բալթիկ ծովը ու մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը՝ իր արևմտյան հատվածի հիմնական հաղորդակցային ուղիներով (Նկ. 1): Այսինքն` ծովային ու ցամաքային այն ուղիները, որոնցով անցած երեք տասնամյակում Հայաստանի 3-րդ Հանրապետություն են հասցվել և հուսով ենք՝ դեռ կհասցվեն, մեր երկրին անհրաժեշտ շատ ապրանքներ, այդ թվում՝ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքերի համար անհրաժեշտ խոշորածավալ սարքավորումները: Օրինակ՝ Հրազդանի ՋԷԿ-ի հիմնական սարքավորումները (տե՛ս այստեղ և այստեղ), Հրազդանի բարձրավոլտ ենթակայանի ավտոտրանսֆորմատորը, Հայկական (Մեծամորի) ատոմակայանի տուրբոգեներատորները և այլն:
Այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանի էներգատրանսպորտային շրջափակման հետևանքով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի սարքավորումները, որոնք պատրաստ էին դեռ 1992-ին, Հայաստան հասան միայն 2009թ. մայիսին: 17 տարի տևող այս հերոսապատումը ոչ միայն էականորեն խոչընդոտեց ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի բնականոն զարգացմանը, այլև շոշափելի վնաս հասցրեց Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացման ծրագրի արդյունավետությանն ու տնտեսական գրավչությանը, բարձրացրեց ՀՀ էներգետիկ համակարգի խոցելիությունը, մանավանդ՝ Հայկական ԱԷԿ-ի պլանային անջատումների դեպքում: Իսկապես, վերջին երկու տասնամյակում ՀՀ էներգետիկ համակարգի երկու խոշորագույն համակարգային վթարները (բայց ոչ՝ «բլեքաութները», տե՛ս այստեղ և այստեղ), տեղի են ունեցել 2013թ. նոյեմբերին և 2019թ. հուլիսին, երկուսն էլ՝ Հայկական ԱԷԿ-ի պլանային կանգի ժամանակ: Այս հարցին մենք դեռ կանրադառնանք «Պատերազմ և էներգատրանսպորտային ենթակառուցվածք» շարքի հետագա հոդվածներում:
Վերջապես, կամայական չէ նաև մեր տարածաշրջանը պատկերող էլիպսի փոքր տրամագծի չափը (նկ. 1): Այն ընտրված է այնպես, որ մեր տարածաշրջանի հարավային և արևելյան հատվածը ամբողջությամբ ներառի ԱՄՆ Կենտոնական հրամանատարության իրավասության տարածքը (ԱՄՆ ԿՀ, US CENTCOM): Այն պատկերված է նկ. 2-ում, և, ինչպես տեսնում ենք, ներառում է ողջ միջինասիական տարածաշրջանը, Բաբ էլ-Մանդեբի և Հորմուզի նեղուցները, Ադենի, Օմանի և Պարսից ծոցերը, Սուեզի ջրանցքը, Կարմիր և Արաբական ծովերը՝ ներառյալ Աֆրիկյան Եղջյուրի ափեզրը, ընդհանուր՝ մոտ 10.36 մլն քառ. կմ տարածք, որտող ապրում է 18 լեզուներով խոսող 22 էթնիկ խումբ՝ մոտ 550 մլն բնակչությամբ:
Հասկանալի է, որ Հայաստանը, մեղմ ասած, ԱՄՆ չէ ո՛չ իր ֆիզիկական չափերով ու ժողովրդագրական ծավալով, ո՛չ իր աշխարհատնտեսական ու ռազմաքաղաքական ներուժով, ո՛չ էլ որևէ այլ կիրառական իմաստով: Բայց հասկանալի է նաև, որ սեփական տարածաշրջանի սահմանման մեջ մենք պետք է առնվազն հաշվի առնենք այս առումով գերակա ուժի՝ ԱՄՆ ՄՄՀ համակարգի աշխարահագրական ըմբռնումներն ու ռազմաքաղաքական տրամաբանությունը:
Նկար 2. Ամերիկյան ՄՄՀ համակարգի Կենտոնական հրամանատարության (ԱՄՆ ԿՀ, US CENTCOM) իրավասության տարածքի քարտեզը: Իսրայելը և Թուրքիան չեն մտնում ԱՄՆ ԿՀ իրավասության տարածաք: Աղբյուրը՝ US CENTCOM
Իսկապես, դժվար չէ նկատել, որ ԱՄՆ ԿՀ տարածքը, ըստ էության, «Կասպյան-Սևծովյան-Միջինասիական» այն տարածաշրջանն է (ԿՍՄԱՏ), որն ակտիվորեն քննարկվում էր ԱՄՆ Կենտրոնական hետախուզական գործակալության (CIA), այսպես կոչված, «Tier» ծրագրում: Այս ծրագիրը կյանքի էր կոչվել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը (DNI) վաղ 90-ականներին, որի նպատակն էր ուրվագծել փլուզվող Խորհրդային Միության հարավում և հարավ-արևելքում ձևավորվող «նորանկախ» հանրապետությունների աշխարհաքաղաքական ապագան և նրանց համար մշակել մեկ ընդհանուր պլատֆորմ: Հենց այս տիրույթում վաղ 90-ականներին իրականացվեցին այն բազմաշերտ ու բազմակողմ սակարկումներն ու համաձայնությունները, որոնց ամբողջությունը մենք, հետևելով Ղազախստանում ԱՄՆ դեսպաններից մեկի օրինակին, անվանում ենք «1994թ. մեծ սակարկություն»: Այն մարմնավորվեց ոչ միայն Ղազախստանին, Ուկրաինային, Բելառուսին և մասնակիորեն ՌԴ-ին առնչվող 1994թ. Բուդապեշտյան հուշագրերում, այլև հրադադարի մասին Բիշքեկյան համաձայնագրում և Կասպիցի նավթային պաշարների յուրացման Բաքվի «Դարի գործարքում»: Այսինքն՝ այն իրողություններում, որոնք արդեն երեք տասնամյակ ձևավորել են մեր աշխարհաքաղաքական իրականությունը և քաղաքական պատմությունը: Կարճ ասած՝ ԱՄՆ ԿՀ իրավասությունների տարածքը մեր համար, իրավամբ, կենսական կարևորություն ունի, իսկ ԿՍՄԱՏ-ը դրա սիրտն է, աշխարհաքաղաքական կորիզը, «Հարթլանդը», ինչպես կասեր Մակքինդերը:
Համաձայն որոշ ուսումնասիրությունների՝ «Tier» ծրագիրն իր աշխարհագրական ընդգրկումով ու ժամանակային հորիզոնով ավելի մեծ, այսպես կոչված, Մեծ Միջին Արևելք տարածաշրջանի կերտման ծրագրի հիմքում էր: Այնպես որ, ԱՄՆ ԿՀ տարածքի ամբողջական ներառումը «մեր տարածաշրջան»-ում ոչ միայն բնական է ու պատճառաբանված, այլև պարզապես անհրաժեշտ՝ մեկ կարևոր բացառությամբ:
Խնդիրն այն է, որ ԱՄՆ ԿՀ իրավասության տարածքից արտաքսված են Իսրայելը և Թուրքիան. ԱՄՆ ստրատեգներն ու որոշում կայացնողներն այս երկրները ներառում են ՄՄՀ Եվրոպական հրամանատարության (ՄՄՀ ԵՀ, US EUCOM) իրավասության տարածքում (տե՛ս նկ.1), ինչը, կարծես թե, հասկանալի է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պարագայում: Հատկանշականորեն հարցեր կառաջանան նաև մոտ ապագայում՝ Թուրքիային ռուսական Ս-400 հակաօդային և հակահրթիռային համակարգերի մատակարարումներից և ԱՄՆ կողմից F-35 նորագույն կործանիչների մատակարարումների արգելքից հետո:[8] Դե իսկ Իսրայելի դիտարկումը ՄՄՀ ԵՀ իրավասության տարածքում և՛ անցյալում, և՛ հիմա արտառոց է, բայց ոչ ավելի արտառոց, քան XX դարի աշխարհաքաղաքական պատմության մեջ նմանը չունեցող ԱՄՆ–Իսրայել ռազմավարական համագործակցությունը:[9] Թեև ասենք, որ այս մոտեցումը մեկ անգամ չէ, որ հարցականի տակ է դրվել ԱՄՆ մի շարք ականավոր գեներալների և ռազմական գործիչների կողմից:
Բոլոր դեպքերում հասկանալի է, որ մենք չենք կարող հետևել ԱՄՆ ԿՀ տրամաբանությանը և մեր տարածաշրջանում ներառել ենք մեր պատմության ու ճակատագրի համար կարևոր այս երկու երկրները (տե՛ս այստեղ, այստեղ և այստեղ):
Վերջապես, Աֆրիկյան Եղջյուրի (Էրիտրեա, Ջիբութի, Սոմալի, Եթովպիա, նկ. 3) ներառումը «մեր տարածաշրջանում» այսօր կարող է հեգնական ժպիտ ու տարակուսանք առաջացնել: Եվ միանգամայն անտեղի: Այս տարածքն ամբողջությամբ ներառված է ԱՄՆ ԿՀ քարտեզում՝ որպես ռազմավարական նշանակության Բաբ էլ-Մադեբի նեղուցի վերահսկման արևմտյան ափ (տե՛ս նկ. 2 և 3):
Նկար 3. Աֆրիկյան Եղջյուրի տարածաշրջանի քարտեզը: Աղբյուրը՝ Maps of the World
Ցավոք, շատերն են այսօր մոռացել անցած դարի 80-ականներին Հայաստանի և Եթովպիայի (Ethiopia) բավական լուրջ համագործակցությունը: Հասկանալի է, որ այն հիմնականում ԽՍՀՄ – Եթովպիա ռազմաքաղաքական մերձեցման ծիրում էր, որն էի, իր հերթին, XX դարի 2-րդ կեսի ԱՄՆ - ԽՍՀՄ գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության մի դրվագ էր: Այն արտացոլում էր ԽՍՀՄ ջանքերն իր ուժն ու ազդեցությունը պրոյեկտելու Բաբ էլ-Մանդեբի նեղուցի վրա ու մարտահրավեր նետելու այստեղ ԱՄՆ (և ՄԹ) մենիշխանությանը: Բայց 1977-ին ԽՍՀՄ-ը կորցրեց «Բերբերա» (Berbera, նկ.3) ռազմածովային բազան Սոմալիում, 1991-ին՝ «Նոկրա» ռազմածովային բազան Եթովպիայում (Դահլակ արշիպելագ, Mitsiwa, նկ.3): Հիշեցնենք նաև Յեմենի Սոկոտրա (Sokotra, նկ.3) կղզում ԽՍՀՄ ռազմաբազայի պատմությունը:[10]
Մինչդեռ այն շատ ուսանելի էր և ուներ լուրջ պատմական, մշակույթային, անգամ քաղաքակրթական հենք՝ միանգամայն զատ օրվա աշխարհաքաղաքական խնդիրներից: Այն նշանակալի է թե՛ իր համեստ, բայց որոշակի ձեռքբերումներով, թե՛ վերջնական ձախողումով:
Իսկ թե ինչպես Էրիտրեայի (Eritrea), Ջիբութիի (Djibouti)[11] և Սոմալիի (Somalia) միջոցով Եթովպիան ամբողջությամբ զրկվեց իր ծովափից (տե՛ս նկ. 3) ու դարձավ «կողպված երկիր» (land locked country), չափազանց ուսանելի պատմություն է ծովազուրկ Հայաստանի համար՝ ցավոք, չուսումնասիրված և չյուրացված:
[1] Նրանց համար, ովքեր արդեն մոռացել են, որ Հայաստանի նորագույն պատմությունը սկսվել է «Միացում» պահանջ-կարգախոսով, հիշեցնենք մեծն Մոմզենի հետևյալ միտքը. «Եթե պատմությունը որևէ իմաստ ունի, ապա դա հետևողական միացումների պատմությունն է»:
[2] Виктор Пелевин, “Македонская критика французской мысли”: Տողերիս հեղինակին ոգևորում է այն հանգամանքը, որ Վ.Պելևինը՝ արդի Ռուսաստանի թերևս ամենազդեցիկ գրողն ու մտածողը, նաև ինժիներ-էներգետիկ է, Մոսկվայի Էներգետիկ ինստիտուտի շրջանավարտ, իսկ նրա հիշյալ սքանչելի ակնարկը առաջին անգամ տպագրվեց հենց 2003-ին:
[3] «Грузинская Нефтепроводная Республика» (տե՛ս Дэвенпорт Е., Кук Р., Нефтяные тресты и англо-американские отношения, М.: «Военный вестник», 1925. С.ХХVI): Տե՛ս նաև այստեղ:
[4] Marjanyan, А.H., “South Caucasus - the Cloven Region”. Lecture at International Conference “15 Years of Achievements: Celebrating the 15th Anniversary of Iran and the Caucasus”. BRILL, Leiden, July 02, 2011.
[5] Անունների և անվանումների մասին գիտություն:
[6] Չինական Մին դինաստիայի ծովակալ (և արքունիքի գլխավոր ներքինի) Չժեն Հեի (鄭和, Чжэн Хэ, Zhèng Hé, 1387-1435թթ.) գլխավորած Չինական Մեծ Նավատորմը (250 նավ, մոտ 30-35 հազ. մարդ) 1430-1460թթ. ոչնչացվեց, Հնդկական օվկիանոսի, Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցների իր 7 նավարկությունների արխիվի, անգին քարտեզների ու հաշվետվությունների գրադարանի հետ միասին, Չժու Դի (Յոնգ Լե) կայսրի մահվանից (1424թ.) հետո իշխանության եկած նոր ուժերի կողմից: Չժեն Հեի նավարկումների մասին տվյալները նորից երևան եկան միայն XX դարի սկզբին: 1997-ին հանրահայտ Life ամսագիրը վերջին հազարամյակի պատմության վրա առավել ազդեցություն թողած 100 անհատների ցուցակում Չժեն Հեին հատկացրել էր 14-րդ տեղը: Այսօր Չժեն Հեն արդի Չինաստանի պատմության, քաղաքական ու աշխարհաքաղաքական կարևորագույն գործիչներից է: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նա չինական «մեկ գոտի – մեկ ուղի» գլոբալ ծրագրի յուրօրինակ «պատմական կնքահայրն է»:
[7] ԱՀԽ-ներով այսօր ԱՄՆ-Չինաստան «հաշիվը» կազմում է 10:0.5, մոտակա ապագայում այն կկազմի 12:1:
[8] Իսկ ավելի ճշգրիտ՝ թուրքական «Ինջիրլիք» բազայից տակտիկական նշանակության ջերմամիջուկային B-61 տիպի ռումբերի տարհանումից հետո: Այս հարցի շուրջ տե՛ս այստեղ:
[9] Իսրայելի հակահրթիռային պաշտպանության գործում ԱՄՆ ծովային «Իջիս» (Aegis) համակարգի մասին տե՛ս Իրանի շուրջ ռազմաքաղաքական զարգացումներին նվիրված հոդվածաշարում (այստեղ և այստեղ):
[10] 2017-ին հայտնվեց ՌԴ կողմից այս կղզով նոր հետաքրքրության մասին (տե՛ս նաև հաջորդ ծանոթագրությունը):
[11] 2017-ին Չինաստանը Ջիբութիում հիմնեց արտերկրում իր առաջին ռազմածովային բազան՝ հայտ ներկայացնելով Բաբ էլ-Մանդեբի նեղուցի, Կարմիր ծովի և Ադենի ծոցի շրջաններում ուժի պրոյեկտման առումով: