Ռազմաքաղաքական զարգացումները Իրանի շուրջ Մաս 3.
20 ր. | 2019-07-02
Վրացի երեխաների պարողջույնը ԱՄՆ «Գոնսալես» էսկադրային ականակրի անձնակազմի համար: Բաթում, Վրաստան, 2010թ. նոյեմբերի 29: Աղբյուրը՝ US Navy
2019թ. մայիսի 16-ի հայտարարությունները
Ի րանի շուրջ վերջին ռազմաքաղաքական զարգացումների էությունը հասկանալու ու տարաբնույթ ասպեկտներն ուսումնասիրելու համար առանձնակի նշանակություն ունեն 2019թ. մայիսի 16-ի հայտարարությունները: Ավելի ճիշտ՝ դրանց հետևած ռազմական ծավալումներն ու ռազմաքաղաքական իրողությունները:
Այդ օրը ԱՄՆ ՌԾՈւ Ինստիտուտի (US NI) կայքը հայտնեց, որ ԱՄՆ «Գոնսալես» (USS Gonzalez, DDG-66) և «ՄաքՖոլ» (USS McFaul, DDG-74) ՂՀԶ (ղեկավարվող հրթիռային զենք, УРО, управляемое ракетное оружие) էսկադրային ականակիրները (guided-missile destroyers), անարգել անցնելով Հորմուզի նեղուցը, մտել են Պարսից ծոց: Համաձայն աղբյուրի՝ «ԱՄՆ ԿՀ հրամանատարությունը հրաժարվեց որևէ այլ տեղեկություն հայտնելուց՝ հավելելով միայն, որ այն հանգամանքը, որ ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց չի հանդիպել որևէ խոչնդոտի Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապան Կորպուսի (ԻՀՊԿ, IRGC) ՌԾՈւ կողմից, վկայում է նախորդ շաբաթ Վաշինգտոնի և Թեհրանի միջև աճող լարվածության թուլացման մասին»:
Չնայած զուսպ լավատեսությանը՝ մայիսի 16-ին Լոս Անջելես Թայմս պարբերականը, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի իր աղբյուրներին, հայտնեց, որ «Իրաքում ոչ հիմնական դիվանագիտական անձնակազմին հրահանգված է լքել Իրաքը: Ի պատասխան ԱՄՆ որոշ դաշնակիցների և կոնգրեսականների հարցերին՝ Պետդեպարտամենտը հրաժարվել է մանրամասներ հայտնել»: Սակայն այս հանգամանքը չէ, որ առանձնացնում է մայիսի 16-ը Իրանի շուրջ ծավալվող զարգացումների ժամանակագրությունում, այլ պաշտոնական հայտարարություններում «Գոնսալես» և «ՄաքՖոլ» ՂՀԶ էսկադրային ականակիրների հիշատակումը:
ԱՄՆ «Գոնսալես» էսկադրային ականակիրը
«Գոնսալես» ականակրի ժամանումը տարածաշրջան կարելի է համարել անակնկալ: Համաձայն ԱՄՆ ՌԾՈւ պաշտոնական կայքի (hարցումը՝ 2019թ հունիսի սկիզբ)՝ ՌԾՈւ 2-րդ ականակիր էսկադրան (Destroyer Squadron TWO) կազմված է 6 նավից. «Նիցե» (Nitze, DDG 94), «Բեյնբրիջ» (Bainbridge DDG 96), «Միթչեր» (Mitscher, DDG 57), «Չերչիլ» (Churchill, DDG 81), «Մասոն» (Mason, DDG 87) և «Գոնսալես» (Gonzalez, DDG 66): Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածում՝ ABECSG ԱՀԽ-ը կազմավորված էր «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակրի և 2-րդ ականակիր էսկադրայի հենքի վրա: Ուստի, տարածաշրջանում «Գոնսալեսի» առկայությունը ABECSG ԱՀԽ-ի կազմում առաջին հայացքից միանգամայն հասկանալի է ու տրամաբանական:
A BECSG կազմում նշվում էին միայն «Նիցե», «Բեյնբրիջ» և «Մասոն» ականակրերը, ինչպես նաև «Լեյթի Գալֆ» ՂՀԶ հածանավը: Այլ հաղոդագրություններում նշվում էին նաև «Միթչերը» և «Չերչիլը», բայց ոչ երբեք՝ «Գոնսալեսը»: Սա ուշագրավ փաստ է, արժանի ավելի հանգամանալից դիտարկման, ինչը թույլ կտա վեր հանել Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործընթացների մի շարք կարևոր մանրամասներ և նրբերանգններ:
«Գոնսալեսը» (USS Gonzalez, DDG 66) Արլի Բերք դասի 16-րդ ՂԶՀ ականակիր է, որը ԱՄՆ ՌԾՈւ-ին է հանձնվել 1996-ին: 2006-08թթ. այն վերանորոգվել և վերազինվել է, իսկ 2008-ից ծավալումներն իրականացնում է Միջերկրական ծովում: Մեզ համար այստեղ կարևոր է ընդգծել, որ 2008թ. փետրվարից «Գոնսալեսը» NATO ծավալված 2-րդ նավախմբի (նավատորմի, Standing NATO Maritime Group Two) հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի հրամանատար նավն է (Air Defense Commander) և էական դերակատարություն ունի ԱՄՆ/NATO եվրոպական տարածքի ՀՀՊ համակարգի ծովային («Իջիս» Aegis) բաղադրիչի հերթապահ և մարտական գործողությունների կազմակերպման, համակարգման և ղեկավարման գործում:
2015թ. փետրվարի 24-ին «Բարրի» (USS Barry, DDG 52) և «Քարնեյ» (USS Carney, DDG 64) էսկադրային ականակիրների հետ միասին «Գոնսալեսը» մասնակցել է «Իջիս» (Aegis) ՀՀՊ էտապային փորձարկումներին, որտեղ հաջողությամբ հայտնաբերվել և ուղեկցվել էին կարճ հեռահարությամբ բալիստիկ երեք հրթիռ՝ արձակված NASA-ի Ուոլոփս Կղզի հրթիռային փորձադաշտից (Wallops Island Flight Facility): Փորձարկումների ժամանակ իրականացվել է «Իջիս» (Aegis) ՀՀՊ համակարգի SM-3 Block IB հակահրթիռների (նկար 1) մոդելային (ոչ իրական) արձակումներ՝ այսպես կոչված բաշխված հարվածային ենթահամակարգի (Distributed Weighted Engagement Scheme, DWES) կիրառմամբ (հավանաբար տեղակայված «Գոնսալեսի» վրա): Սա թույլ է տվել «Բարրի» և «Քարնեյ» նավերին գրեթե համազարկով (raid) արձակված երեք բալիստիկ հրթիռները հաջողությամբ (մոդելային) խոցել ուղեծրի միջնամասում՝ տարբեր անկյուններից և ազիմուտներից: Ընդ որում, խոցման ժամանակ տվյալների ողջ հոսքի համակարգումն ու բաշխումը, առաջնային կրակողի որոշումը, խոցման հաջորդականությունն ու ալգորիթմը և ղեկավարման այլ տարրերը իրակացնում էր «Գոնսալեսը»:
Նկար 1. «Իջիս» ՀՀՊ համակարգի SM-3 Block IB հակահրթիռի արձակումը հածանավի անդրտախտակամածային ունիվերսալ ուղղահայաց արձակման կայանքից: Աղբյուրը՝ Raytheon Co.
2008-16թթ. ծավալումների ժամանակ «Գոնսալեսը» մի քանի անգամ եղել է իսպանական Ռոտա, թուրքական Աքսազ և Անթալիա, իսրայելական Հայֆա և Միջերկրականի այլ նավահանգստներում: 2010թ. նոյեմբերի 29-ին այն այցելել էր Բաթում (տե՛ս գլխագիր նկարը), ըստ պաշտոնական աղբյուրների՝ «վրացական ՌԾՈւ մերձափնյա սահմանապահ (Coast Guard) ուժերի հետ վարժանքների» և «Մախինջաուրիի մանկապարտեզի վերանորոգմանը օժանակելու»: Հաշվի առնելով «Գոնսալես»-ի սպառազինությունը (SM-2MR հակահրթիռներ, ASROC, Tomahawk հականավային և հարվածային հրթիռներ, Sea Sparrow զենիթային հրթիռներ և այլն)՝ Բաթում այցի առաքելության այսօրինակ նկարագիրը, մեղմ ասած, տարօրինակ է:
2016-18թթ. ընթացքում «Գոնսալեսը» ԱՄՆ 5-րդ և 6-րդ նավատորմերի իրավասությունների տարածքում էր՝ բազմիցս անցնելով Հորմուզի նեղուցը և Սուեզի ջրանցքը՝ դեպի հարավ և հյուսիս:
Համաձայն բաց աղբյուրների՝ «Գոնսալեսը» 2019թ. նավարկման նախապատրաստությունը սկսել է հունվարի 25-ին՝ Նորֆոլկից, «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակրի (CVN 72) և 12-րդ ԱՀԽ այլ նավերի հետ COMPTUEX վարժանքներին մասնակցելու նպատակով: Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածում, այս վարժանքների նպատակն էր իրական նավարկման ընթացքում ձևավորել ABECSG ԱՀԽ-ը, սերտացնել դրա կազմում ընդգրկված նավերի ու անձնակազմերի միջև համագործակցությունը: Այսպիսով, 2019թ. հունվար-մարտ ամիսներին «Գոնսալեսն» ընկալվում էր ձևավորվող ABECSG ԱՀԽ կազմում: Հիշեցնենք, որ ABECSG ԱՀԽ-ը իր 2019թ. շուրջերկրյա ծավալումը սկսել էր 2019թ. ապրիլի 1-ին:
Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ ծավալումը «Գոնսալեսը» սկսել էր 2019թ. մարտի 13-ին, այսինքն՝ մոտ երկու շաբաթ ավելի շուտ, քան ABECSG ԱՀԽ պլանավորվող ծավալումը: Մարտի 23-ին «Գոնսալեսն» արդեն իսպանական Ռոտայում էր, իսկ մարտի 24-ին՝ Միջերկրական ծովում: 2019թ. ապրիլի 1-ին, երբ Նորֆոլկից սկսվեց ABECSG ԱՀԽ ծավալումը արևելք, «Գոնսալեսն» արդեն հունական Սոուդա Բեյ (Souda Bay) ռազմաբազայում էր (Կրետե), իսկ ապրիլի 14-ին Սուեզի ջրանցքով մտել էր Կարմիր ծով: Համաձայն մի շարք մասնագիտական աղբյուրների՝ «Գոնսալեսի» 2019թ. այս ծավալումը «իրականացվում էր Միջինարևելյան տարածաշրջանում հատուկ և առանձին առաքելության շրջանակներում, որի առանցքում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ, Ballistic Missile Defense) գործողություններն էին»:
Հավելենք, որ թեև 2019թ. ապրիլի 15-ից մայիսի 4-ը «Գոնսալեսի» տեղակայման մասին բաց տվյալները բացակայում են, սակայն հայտնի է, որ 2019թ. մայիսի 1-ից 4-ը այն կայանել էր Օմանի Սալալահ նավահանգստում (Port of Salalah), իսկ 2019թ. մայիսի 9-ին ուղեկցել է Կանահա (USNS Kanawha, T-AO 196) ծովային տանկերը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով դեպի հյուսիս՝ Կարմիր ծով: Հետևաբար, այն չէր կարող մասնակցել «Մարե Ապերտո 2019» վարժանքներին (մայիսի 1-10-ը, տե՛ս մեր նախորդ հոդվածում):
Ինչպես նշել էինք վերը, մայիսի 16-ին «Գոնսալեսը» նավարկել էր Հորմուզի նեղուցով և մտել Պարսից ծոց: Ուստի, պետք է ենթադրել, որ մայիսի 9-16-ը ականակիրը նորից հատել էր Բաբ էլ-Մանդեբը, այս անգամ՝ դեպի հարավ՝ Ադենի ծոց և Արաբական ծով: Հունիսի 3-8-ը «Գոնսալեսը» կայանել էր Բահրեյնի KBSP նավահանգստում, ավելի ճշգրիտ՝ ԱՄՆ 5-րդ նավատորմի բազայում, իսկ հունիսի 22-ի դրությամբ այն էր Աբու Դաբիի Մինա Զայեդ նավահանգստում էր:
Այսպիսով, հաշվի առնելով ABECSG ԱՀԽ և «Գոնսալեսի» նավարկումների ժամանակագրությունը և ծավալման առնձնահատկությունները, կարելի է եզրակացնել, որ՝
- Թեև «Գոնսալեսը» ականակիրների 2-րդ էսկադրայի կազմում է, որն իր հերթին 12-րդ ԱՀԽ-ի մասն է ու ABECSG ԱՀԽ-ի հենքը, 2019թ. նրա ծավալումը Միջերկրական ծովում (ԱՄՆ ԵՀ իրավասության տարածք) և Միջին Արևելքի տարածաշրջան (ԱՄՆ ԿՀ իրավասության տարածք) անհրաժեշտ է դիտարկել ABECSG ԱՀԽ առաքելությունից առանձին։ Ինչպես կտեսնենք ստորև, այդ առաքելությունը, ամենայն հավանականությամբ, կապված է Իսրայելի ՀՀՊ ապահովման հետ:
- «Գոնսալեսի» ռազմական յուրահատուկ սպառազինությունը («Իջիս» ՀՀՊ համակարգ) 2019թ. մայիսի առաջին կեսին հավանաբար անհրաժեշտ էին Օմանի և Ադենի ծոցերի տարածքում, այսինքն՝ ԱՄՆ ԿՀ (և ԱՄՆ 5-րդ նավատորմի) իրավասության տարածքում (US CENTCOM): Եվ դա այն ժամանակ, երբ մայիսի 1-10-ը Միջերկրականում (ԱՄՆ ԵՀ ԻՏ, US EUCOM, նկար 5) ընթանում էին ԱՄՆ/NATO «Մարե Ապերտո 2019» վարժանքները, որոնց մասնակցում էր ABECSG ԱՀԽ-ը, և որոնք ունեին «Իջիս» ՀՀՊ համակարգի ծովային բաղադրիչի ծավալման, ինպես նաև դրա տարրերի պաշտպանության ընդգծված բնույթ (ՕՍՕ վարժանքներ Լիտվայի և Ռումինիայի օդային տարածքում:
- Դեպքերի նմանօրինակ զարգացումը հանգեցնում է երկակի եզրահանգման. կամ «Մարե Ապերտո 2019» վարժանքներում ՀՀՊ պաշտպանության ծովային բաղադրիչի Միջերկրականի և Հարավային Եվրոպայի տարածքներում (ԱՄՆ ԵՀ տարածք) ծավալումից զատ, ներառված էր նաև ԱՄՆ ԿՀ տարածքը կամ «Գոնսալեսը» այստեղ իրականցում էր ՀՀՊ պաշտպանության այլ առաքելություն։ Հիշեցնենք, որ ֆորմալ առումով Իսրայելը և Թուրքիան ներառված են ԱՄՆ ԵՀ տարածքում, ինչը բազմիցս հարուցել է ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության որոշ բարձրաստիճան անդամների տարակուսանքն ու դժգոհությունը:
- Բոլոր դեպքերում 2019թ. մայիսի 16-ից մինչ առնվազն հունիսի 22-ը «Գոնսալեսը» նավարկում էր Պարսից ծոցի ջրերում՝ կայանելով Բահրեյնի և ԱՄԷ-ի ԱՄՆ ռազմածովային բազաներում: Հաշվի առնելով, որ «Գոնսալեսը» NATO 2-րդ ծավալված նավախմբի ՀՀՊ համակարգի գլխանավն է, կարելի է խոսել Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործընթացներում նաև NATO (անուղակի) մասնակցության մասին։
ԱՄՆ «ՄաքՖոլ» էսկադրային ականակիրը
Ն ույնքան անականկալ է «ՄաքՖոլ» (DDG-74, Նկար 2) ՂՀԶ էսկադրային ականակրի հիշատակումը ԱՄՆ ՌԾՈւ ինստիտուտի (US Naval Institute) մայիսի 16-ի հաղորդագրությունում: Նախ՝ այս ռազմանավը ընդհանրապես ընդգրկված չէ ԱՄՆ ՌԾՈւ ականակրային 2-րդ էսկադրայում և ոչ էլ՝ 12-րդ ԱՀԽ-ի կազմում: Ուստի, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Միջերկրականում և Պարսից ծոցի տարածաշրջանում 2019թ. «ՄաքՖոլի» ծավալումն ունի հատուկ և առանձին առաքելություն:
«ՄաքՖոլը» (USS McFaul, DDG 74) Արլի Բերք դասի 24-րդ ՂԶՀ ականակիր է, որն ԱՄՆ ՌԾՈւ կազմում է 1998-ից: 2013թ. այն վերազինվել է մինչև «Իջիս» ՀՀՊ համակարգի Standard Missile 3 (RIM-161) հակահրթիռային դաս: Մեր տարածաշրջանում «ՄաքՖոլի» ծավալման պատմությունից ուշագրավ է նրա այցը վրացական Բաթում 2008թ. օգոստոսի 24-ին՝ վրաց-ռուսական պատերազմի ավարտից օրեր անց: Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների՝ այդ օրը «ՄաքՖոլը» հունական Կրետե կղզում գտնվող Սոուդա Բեյ (Souda Bay) բազայից Բաթում էր հասցրել 55տ հումանիտար բեռ, այդ թվում՝ շշալցված ջուր:
Նկար 2. «ՄաքՖոլ» ՂՀԶ էսկադրային ականակիրը պատրաստվում է ծավալման Նորֆոլկից: 25-ը հունվարի, 2019թ.: Աղբյուրը՝ U.S. Navy
Փոքր-ինչ ավելի լուրջ էր «ՄաքՖոլի» ծավալումը Լիբիայի ափերի մոտ 2012թ. սեպտեմբերի 12-ին: Պենտագոնն այն բնութագրում էր որպես Լիբիայում ԱՄՆ դեսպանության վրա հարձակման հետևանքով «հնարավոր չնախատեսված իրադարձություներում հրթիռային հարված հասցնելու ունակության ապահովում»: Ի դեպ, նույն հաղորդագրությունը նշում էր, որ «սովորաբար ԱՄՆ ռազմածովային ուժերը «Իջիս» ՀՀՊ համակարգերով զինված մինչև 4 ռազմանավ են պահում Միջերկրականի արևելյան հատվածում, որպեսզի օժանդակեն Իսրայելի, ինչպես նաև Հարավային Եվրոպայի հակահրթիռային պաշտապանությանը: «ՄաքՖոլը» և «Լաբունը» (USS Laboon, DDG-58) հենց այս ուժերի մի մասն են»:
Հիշեցնենք, որ Արլի Բերք դասի ՂԶՀ ականակիրները, ինչպես և ԱՄՆ ատոմային հարվածային սուզանավերը, հրթիռների ուղահայաց արձակման ունիվերսալ կայանքներից կարող են արձակել ոչ միայն Standard Missile 2 կամ 3 դասի հակահրթիռներ, այլև Tomahawk թևավոր և այլ տիպի հարվածային հրթիռներ՝ ինչը և ցուցադրեցին 1990-ին ու 2003-ին՝ Իրաքում, 1999-ին`Հարավսլավիայում և 2011-ին՝ Լիբիայում: Սակայն մեզ համար այստեղ հատկապես կարևոր են «ՄաքՖոլի» օպերատիվ մարտական առանձնահատկությունները և 2019-ի ծավալման աշխարհագրությունն ու ժամանակագրությունը:
Սկսենք նրանից, որ «ՄաքՖոլը» ԱՄՆ ՌԾՈւ միակ ռազմանավն է, որն անվանակոչված է ծովային ոչ կադրային ավագ սպայի անունով (Chief Petty Officer): Խոսքն ԱՄՆ ՌԾՈւ հատուկ նշանակության զորախմբի, այսպես կոչված, «Ծովային փոկերի» (US Navy Sea, Air, and Land Teams, SEALs, «морские котики») ավագ սպա Դոնալդ ՄաքՖոլի (Donald Lewis McFaul) մասին է: Նա զոհվել էր 1989թ. դեկտեմբերի 20-ին Պանամա ԱՄՆ ներխուժման ժամանակ (Operation «Just Cause»)՝ Պանամա Սիթի քաղաքի գրոհի և գեներալ Նոյեգայի փախուստը կանխելու առաջադրանքը կատարելիս: Ընդհանրապես, «ՄաքՖոլի» օպերատիվ ծավալումների ժամանակ նրա անձնակազմում գրեթե միշտ առկա են լինում «Ծովային փոկերի», այլ խոսքերով՝ ստորջրյա դիվերսանտների ստորաբաժանումներ և դրանց գործողությունը ապահովող սարքավորումներ:
Ուշագրավ են նաև 2019-ի «ՄաքՖոլի» ծավալման առանձնահատկությունները: Համաձայն ԱՄՆ ՌԾՈւ պաշտոնական կայքի՝ «ՄաքՖոլը» 2019թ. պլանային ծավալման դուրս էր եկել հունվարի 25-ին (նկար 2.), այսինքն՝ «Գոնսալեսի» ծավալումից 2.5 ամիս և ABECSG ԱՀԽ-ի ծավալումից մոտ երեք ամիս ավելի շուտ: Ըստ այս հաղորդագրության՝ «ՄաքՖոլի» «ծավալման նպատակը լայն տիրույթի խնդիրների իրականացումն է՝ ներառյալ ՀՀՊ-ն»:
Նկար 3. «Ֆլորիդա» սուզանավը (USS Florida, SSGN 728) հատում է Սուեզի ջրանցքը դեպի հյուսիս: 2019թ. մարտի 8: Սուզանավի իրանին հստակ նշմարելի է DDS կոնտեյները (նկարներ 5-7): Աղբյուրը՝ US Navy:
2019թ. փետրվարի 7-ին «ՄաքՖոլը» կայանել էր իսպանական Ռոտայում, փետրվարի 8-ին Ջիբրալթարով մտել Միջերկրական ծով, փետրվարի 10-ին՝ արևելյան ուղությամբ հատել Սիցիլիայի նեղուցը: 2019թ. փետրվարի 13-ին «ՄաքՖոլը» կայանել էր հունական Լիմասոլ նավահանգստում (Կիպրոս), իսկ փետրվարի 18-ին անցել Սուեզի ջրանցքով դեպի հարավ՝ Կարմիր ծով: Այստեղ «ՄաքՖոլի» նավարկման մասին տվյալները հակասական են, սակայն, համաձայն մասնագիտական կայքերի, 2019թ. մարտի 8-ին այն կրկին հատել է Սուեզի ջրանցքը, այս անգամ՝ դեպի հյուսիս՝ Միջերկրական ծով, ուղեկցելով ԱՄՆ ՌԾՈւ «Ֆլորիդա» ատոմային հարվածային (USS Florida, SSGN 728) սուզանավը, (նկար 3), ինչը, մեր կարծիքով, չափազանց կարևոր է:
Մարտի 10-ին «ՄաքՖոլը» կրկին հատել է Սուեզի ջրանցքը դեպի հարավ ու կայանել իսրայելական Էյլաթ նավահանգստում՝ Կարմիր ծովի ափին: Էյլաթից «ՄաքՖոլի» դուրս գալու մասին հավաստի տվյալները բացակայում են, սակայն հայտնի է, որ մարտի 20-ին այն հատել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցը դեպի հարավ: Նավարկելով Ադենի ծոցում և Արաբական ծովում՝ մարտի 26-ին այն հատել է Հորմուզի նեղուցը՝ մուտք գործելով Պարսից ծոց: 2019թ մարտի 30-ին «ՄաքՖոլը» կայանել է Բահրեյնի KBSP նավահանգստում (Հիդդ, Hidd): Այստեղ ապրիլի 1-ին տեղի է ունեցել «ՄաքՖոլի» հրամանատարության փոփոխության արարողությունը (change-of-command ceremony):
Նկար 4. ԱՄՆ Նիմից դասի «Ջոն Սթեննիս» ատոմային ավիակիրը (ձախից), ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ատոմային ավիակիրը (աջից), «ՄաքՖոլ» էսկադրային ականակիրը (երկրորդ շարքում՝ ձախից առաջինը) այլ ռազմանավերի հետ: Կարմիր ծով, 15-ը ապրիլի, 2019թ.: Աղբյուր՝ UK Defence Journal
Ապրիլի 7-ին «ՄաքՖոլը» նորից հատել էր Հորմուզի նեղուցը՝ դուրս գալով Արաբական ծով և լիցքավորվելով՝ նավարկել Ադենի ծոց: Ապրիլի 13-ին հատել էր Բաբ էլ-Մանդեբի նեղուցը դեպի հյուսիս՝ մուտք գործելով Կարմիր ծով: Ապրիլի 15-ին «ՄաքՖոլը» մասնակցել էր ԱՄՆ Նիմից դասի «Ջոն Սթեննիս» ատոմային ավիակրի (USS John C. Stennis, CVN 74), ամերիկյան ՂՀԶ «Մոբայլ Բեյ» հածանավի (USS Mobile Bay, CG 53), ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ատոմային ավիակրի (FS Charles de Gaulle, R91), Հորիզոն դասի ֆրանսիական «Ֆորբին» ֆրեգատի (FS Forbin, D620) և դանիական Իվեր Հյութֆելդ դասի «Նիլս Ջուել» ֆրեգատի (HDMS Niels Juel F363) ռազմանավերի հետ համատեղ վարժանքներին (նկար 4): Ապրիլի 17-ին «ՄաքՖոլը» նորից հատել էր Բաբ էլ-Մանդեբի նեղուցը դեպի հարավ՝ դուրս գալով Կարմիր ծովից Ադենի ծոց:
«ՄաքՖոլի» հետագա տեղավայրի մասին տեղեկություն է հրապարակվում միայն 2019թ. մայիսի 3-ին, երբ այն կրկին հատել էր Հորմուզի նեղուցը՝ մուտք գործելով Պարսից ծոց՝ ուղեկցելով ամերիկյան Ցիկլոն դասի «Ուայրլուինդ» պարեկային ռազմանավը (USS Whirlwind, PC 11), Լյուիս և Քլարկ դասի «Սեզար Չավես» ռազմամթերքի բեռնանավը (USNS Cesar Chavez, T-AKE 14) և Սփիրհեդ դասի «Չոքտաու Քաունթի» արագընթաց դեսանտային ռազմանավը (USNS Choctaw County, EPF 2):
5 օր անց՝ մայիսի 7-ին, այն կրկին հատել էր Հորմուզի նեղուցը, այս անգամ՝ դեպի հարավ, ուղեկցելով Պարսից ծոցից դուրս եկող Վասփ դասի «Կարսարջ» դեսանտային ուղաթիռակրին (USS Kearsarge, LHD 3) և «Ալան Շեպարդ» տանկերին (USNS Alan Shepard):
Այսպիսով, հաշվի առնելով «ՄաքՖոլի» նավարկումների ժամանակագրությունը, մարտական կարողությունների և ծավալման առաջադրանքի առանձնահատկությունները, կարելի է եզրակացնել, որ՝
- «ՄաքՖոլը» ԱՄՆ 5-րդ (ԱՄՆ ԿՀ) և 6-րդ (ԱՄՆ ԵՀ) նավատորմերի իրավասությունների տարածքում հավանաբար «Գոնսալեսի» հետ համատեղ իրականացնում էր Իսրայելի ՀՀՊ տարածքային ապահովումը՝ «Իջիս» ՀՀՊ համակարգի կարողություններով:
- Նման եզրահանգումը ամրապնդվում է այն փաստով, որ նախորդ տասնամյակում Իսրայելի ՀՀՊ տարածքային ապահովումը մասամբ իրականացվում էր նաև «ՄաքՖոլ» և «Լաբուն» (USS Laboon, DDG 58) էսկադրային ականակիրների ուժերով: Սակայն մասնագիտական կայքերի հրապարակումներից հայտնի է, որ 2019թ. մայիսից «Լաբունը» իր կայանատեղիում էր՝ Նորֆոլկում (ԱՄՆ), չոր դոկում, «սահմանափակ հասանելիության արգելանքի» (Selected Restricted Availability) տակ, և 2019թ. ձմռանից պիտանի չէր նավարկության համար: Ամենայն հավանականությամբ, 2019-ին Իսրայելի ՀՀՊ տարածքային ապահովման առաքելությունում «Լաբունին» փոխարինում է «Գոնսալեսը»՝ NATO 2-րդ ծավալված նավախմբի ՀՀՊ համակարգի հրամանատար նավը:
- Չլինելով NATO անդամ՝ Իսրայելը անուղղակիորեն օգտվում է ԱՄՆ/NATO ՀՀՊ համակարգի որոշ հնարավորություններից, առնվազն՝ դրա ծովային «Իջիս» բաղադիչի մասով: Նմանօրինակ եզրահանգումը ամրապնվում է նաև «ՄաքՖոլի»՝ 2019թ. ապրիլի 7-ի Կարմիր ծովում «ուժի ցուցադրման» համատեղ վարժանքներին մասնակցությամբ՝ «Ջոն Սթեննիս» ԱՀԽ-ի, ֆրանսիական ատոմային ավիակրի և ֆրանսիական ու դանիական ռազմանավերի հետ միասին։
- Մինչև 2019թ. մայիսի 16-ի հաղորդագրությունը «ՄաքՖոլը» արդեն առնվազն երեք անգամ՝ մարտի 26-ին, ապրիլի 17-ին և մայիսի 3-ին, «անխոչընդոտ» հատել էր Հորմուզի նեղուցը դեպի հյուսիս՝ Պարսից ծոց: Եվ նույնքան անգամ դուրս էր եկել Պարսից ծոցից՝ հատելով այն դեպի հարավ՝ Օմանի ծոց: Այնպես որ մայիսի 16-ի հաղորդագրության «նորությունն» ու կարևորությունը դժվար թե պայմանավորված լիներ մայիսի 16-ին Պարսից ծոց «ՄաքՖոլի» վերջին ամիսներին կատարված 4-րդ մուտքի «անխոչընդոտ լինելով»:
- Ավելի հավանական է, որ մայիսի 16-ի հայտարարությունը պայմանավորված էր 2019թ. մայիսի 12-ին և մայիսի 15-ին Ս. Արաբիայի տարածքում տեղի ունեցած սադրանքներով, որին անգամ ԱՄՆ ամենահավատարիմ դաշնակիցները թերահավատորեն էին վերաբերվում: Հավանաբար այն 2019թ. մայիսի 3-ին Հորմուզի նեղուցով Պարսից ծոց անմիջական դեսանտավորման համար նախատեսված նոր ուժերի ծավալումից ուշադրությունը շեղելու համար էր:
- 2019թ. մարտի 8-ին «ՄաքՖոլի» կողմից ԱՄՆ «Ֆլորիդա» ատոմային հարվածային սուզնավի ուղեկցումը Սուեզի ջրանցքով դեպի Միջերկրական ծով ոչ միայն ընդգծում է վերջինիս տարածաշրջանում լինելու փաստը, այլև ուշադրություն է հրավիրում այս ռազմանավերի հատուկ մարտական հնարավորությունների վրա:
Նկար 5. «Ֆլորիդա» ատոմային հարվածային սուզանավը Կրետե կղզու մոտակայքում:
21 մայիսի, 2013թ.: Աղբյուրը՝ US Navy
ԱՄՆ «Ֆլորիդա» ատոմային հարվածային սուզանավը
«ՄաքՖոլի» 2019թ. ծավալման այս մանրամասները կարևոր են, քանի որ ի ցույց են դնում Միջինարևելյան տարածաշրջանում՝ ԱՄՆ ՌԾՈւ 6-րդ և 5-րդ նավատորմերի ԻՏ-ում «Ֆլորիդա» ատոմային հարվածային սուզանավի գտնվելու փաստը: ԱՄՆ (նաև ՌԴ, Ֆրանսիայի, ՄԹ և Չինաստանի) ատոմային սուզանավերի երեք հիմնական դասերի՝ գրոհային (SSN, ПЛА), հարվածային (SSGN, ПЛАРК) և ռազմավարական նշանակության (SSBN, ПЛАРБ) ծավալումների մասին տեղեկությունները հիմնականում գաղտնի են, բաց աղբյուրներում դրանց մասին խոսվում է շատ հազվադեպ և հիմնականում՝ միջնորդված:
Ու ստի, 2019թ. «ՄաքՖոլի» ծավալման ժամանակագրությունից բխող հետևությունը, որ 2019թ. մարտի 8-ին «Ֆլորիդա» սուզանավը «ՄաքՖոլի» ուղեկցությամբ նավարկել է Սուեզի ջրանցքով դեպի Միջերկրական ծով, արժեքավոր է և թույլ է տալիս եզրակացնել որ «Ֆլորիդան» տարածաշրջանում էր առնվազն 2019թ. փետրվար-մայիս ժամանակահատվածում:
«Ֆլորիդան» ԱՄՆ ռազմավարական նշնակության Օհայո դասի ատոմային սուզանավ է (SSBN)՝ զինված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով (Trident I, C-4), և ԱՄՆ ՌԾՈւ կազմում է 1983թ.-ից: Ռազմավարական զսպման վերջին հերթապահությունն (strategic deterrent patrol) իրականացրել է 2002թ. սեպտեմբեր-դեկտեմբերին: 2003թ. այն վերազինվել և վերակառուցվել է որպես ղեկավարվող հրթիռներով ատոմային հարվածային սուզանավ (SSGN, ռուսերեն ընդունված հապավումը՝ ПЛАРК)՝ զինված նաև «Թոմահոուք» (Tomahawk, մինչև 154 միավոր) թևավոր հրթիռներով՝ ուղահայաց արձակման կայանքներով, որոնց առաջին հաջող արձակումը 2003թ. հունվարին էր:
Որպես ատոմային հարվածային սուզանավ (SSGN) «Ֆլորիդան» իր առաջին ծավալմանն էր դուրս եկել 2008թ. ապրիլի 26-ին՝ ԱՄՆ ատլանտյան ափի իր կայանատեղիից՝ ատոմային սուզանավերի Քինգս Բեյի բազայից (Naval Submarine Base Kings Bay, Ֆլորիդա նահանգ): Երկրորդին՝ 2010թ. փետրվարի 16-ին: 2011թ. մարտի 19-ին «Ֆլորիդան» ավելի քան 90 ցամաքային «Թոմահոուք» հրթիռ էր արձակել Լիբիայի թիրախների վրա, ինչը կազմում է 2011թ. մարտի 19-28-ը Լիբիայում ոչ թռիչքային գոտու հաստատման ժամանակ արձակված 184 «Թոմահոուքների» մոտ կեսը (Operation Odyssey Dawn, Table 1, p. 25):
Ատոմային հարվածային սուզանավի կարգավիճակով 5-րդ առաջադրանքային ծավալումը «Ֆլորիդան» սկսել էր 2018թ. փետրվարի 26-ին՝ «Քինգս Բեյից»: 2018թ. մարտի սկզբին «Ֆլորիդան» հատել էր Ջիբրալթարը դեպի արևելք ու մուտք գործել Միջերկրական ծով: Մարտի 18-ին ՂՀԶ «Լաբուն» էսկադրային ականակրի ուղեկցությամբ այն հատել էր Սուեզի ջրանցքը դեպի հարավ՝ մուտք գործելով Կարմիր ծով: 2018թ. օգոստոսի 31-ին «Ֆլորիդայի» երկրորդ՝ ոսկյա (Gold crew) [1] անձնակազմի հրամանատարը հեռացվեց ծառայությունից՝ «հրամանատարությունն իրակացնելու իր կարողությունների նկատմամբ վստահության կորստի պատճառով»:
«Ֆլորիդայի» մասին հաջորդ բաց հրապարակումը 2019թ. մարտի 8-ին էր՝ Սուեզի ջրանցքը դեպի հյուսիս հատելու մասին (նկար 3): Հաշվի առնելով «Ֆլորիդայի» նախկին նավարկումների փորձը՝ կարելի է ենթադրել, որ 2019թ. մարտին այն Կարմիր ծով էր հասել Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ/ՄԹ «Դիեգո Գարսիա» բազայից (նկար 4):
2019թ. մարտի 14-22-ը «Ֆլորիդան» կայանել էր հունական Կրետե կղզու Սոուդա Բեյ (Souda Bay) ռազմաբազայում, իսկ մայիսի 3-ին Սոուդա Բեյում էր: Մարտի 22-ից մայիսի 3-ը, ինչպես նաև մայիսի 3-ից մինչ հունիս «Ֆլորիդայի» տեղակայման մասին տվյալները բացակայում են:
Նկար 6. Վերևում`Օախու կղզու մոտակայքում խառը անձնակազմի ՀՆՈւ ջոկատը պատրաստվում է հատուկ մոտորանավակների իջեցմանը «Հավայի» (USS Hawaii, SSN-776) գրոհային ատոմային սուզանավից: Հավայի, Խաղաղ օվկիանոս, 2018թ. հուլիսի 9: Աղբյուրը`US Navy: «Փոկերի» 2-րդ ջոկատի (SDVT-2) սուզորդները «Հավայի» սուզանավից ստորջրյա դեսանտավորման վարժանքներին: Աղբյուրը՝ Special operations forces
ԱՄՆ ՌԾՈւ «Փոկերի» հատուկ նշանակության ջոկատները
Ա յստեղ տեղին է անդրադառնալ «Ֆլորիդա» սուզանավի մարտական առանձնահատկություններից մեկին: Հրթիռային կարողություններից զատ, «Ֆլորիդան» իրակացնում է նաև ստորջրյա քողարկված հատուկ գործողություններ, որի համար անձնակազմին են կցվում ԱՄՆ ՌԾՈւ հատուկ նշանակության «Ծովային փոկերի» (SEALs, “морские котики”) ջոկատները՝ մինչև 66 «փոկ»:
«Փոկերի» ստորջրյա փրկարարական, հետախուզական, ականապատման և դիվերսիոն այլ գործողությունների իրականացման համար ԱՄՆ ՌԾՈւ կազմում կան, այսպես կոչված, «փոկերի» տեղափոխման ստորջրյա միջոցներ (SEAL Delivery Vehicle, SDV): Դրանց վերջին արդիականացված մոդելները, առանձին փոքր սուզանավեր են, որոնք ունակ են ինքնուրույն գործել՝ 70-120 կմ օպերացիոն շառավղով՝ կախված անձնակազմի թվից և սպառազինությունից: Արդի SDV-ները կարող են տեղափոխել մինչև 6 «փոկ», որոնցից երկուսը՝ հիմնական և փոխարինող վարորդներն են: Համաձայն որոշ աղբյուրների՝ 8-րդ և 9-րդ սերնդի SDV-ները ունակ են արձակել մեկ կամ երկու տորպեդ (նկար 8) կամ կրել մինչև երկու (այլ տվյալներով՝ չորս) խոշոր տրամաչափի ծովային մագնիսական ական (limpet mine, նկար 8):
Նկար 7. «Փոկերի» 2-րդ ջոկատի ստորջրյա վարժանքները SDV Mark VIII մինի սուզանավով՝ «Ֆլորիդա» ատոմային սուզանավի իրանի վրա:
Քի Ուեսթ, Ֆլորդա, ԱՄՆ: 27-ը հուլիսի, 2007թ.: Աղբյուրը՝ US Navy
SDV-ները պահվում են անշարժ չոր կոնտեյներներում (dry dock shelter, DDS), որոնք, իրենց հերթին, ամրացվում են ատոմային հարվածային սուզանավերի իրանի վրա: Ատոմային հարվածային սուզանավի վրա կարող է տեղակայվել մեկ (նկար 3) կամ երկու (նկար 5) DDS կոնտեյներ: Ընդ որում, սուզանավից «փոկերի» մուտքը DDS կոնտեյներ հնարավոր է իրականացնել ջրի տակ՝ կոնտեյների ստորին հատվածում գտնվող հերմետիկ չոր շլյուզով:
Նկար 8. SDV Mark IX մինի սուզանավի կտրվածք-սխեման՝ երկու SWA Mk.37 տորպեդոներով: Լուսանկարում՝ SDV Mark IX-ը LAM Mk.5 մեծ տրամաչափի մագնիսական ծովային ականով (Limpet Assemble Modular, LAM, Mk.5 MOD 0): Աղբյուրը՝ http://www.hisutton.com
Գալով Իրանի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին՝ նշենք, որ 2019թ. մարտի 8-ին «ՄաքՖոլ» ականակրի ուղեկցությամբ «Ֆլորիդա» ատոմային սուզանավի Սուեզի ջրանցքով նավարկման ընթացքում (նկար 3) «Ֆլորիդայի» կորպուսի վրա հստակորեն տեսանելի էր «փոկերի» տեղափոխման SDV Mark VIII մինի սուզանավի DDS կոնտեյները՝ տեղակայված «Ֆլորիդայի» կորպուսի վրա՝ աջակողմյան մասում: «Ֆլորիդայի» վրա այն հստակորեն նշմարելի էր նաև վերջինիս հունական Սոուդա Բեյ բազա 2019թ. մարտի 14-ի այցի ժամանակ, ( նկար 9, ձախից):
Նկար 9. Ձախից՝ «Ֆլորիդա» (USS Florida, SSGN-728) ատոմային հարվածային սուզանավը Սոուդա Բեյ բազայում, 14 մարտի, 2019թ.: Աջից՝ «Ջորջիա» (USS Georgia, SSGN-729) ատոմային հարվածային սուզանավը Սոուդա Բեյում, 2009թ. օգոստոսի 25: Կրետե, Հունաստան: Աղբյուրները՝ US Navy
Այսպիսով, հաշվի առնելով վերը բերված և մեր նախորդ հոդվածում շարադրված փաստերը, կարելի է եզրակացնել, որ.
- 2019թ. ծավալման ընթացքում «ՄաքՖոլ» և «Գոնսալես» էսկադրային ականակիրները «Իջիս» ՀՀՊ համակարգի իրենց կարողություններով հավանաբար իրականացնում էին Իսրայելի ՀՀՊ տարածքային ապահովումը, փոխարինելով 2018-ին գործող «Լաբուն» և «ՄաքՖոլ» և 2011-12թթ. գործող «Ջեյսոն Դունհամ» (USS Jason Dunham, DDG 109) և «Ֆորեստ Շերման» (USS Forrest Sherman, DDG 98) «Իջիս» ՀՀՊ համակարգերով ՂՀԶ էսկադրային ականակիրներին:
- Իսրայելի ՀՀՊ իրականացնող ակնակիրները նաև պատասխանատու են Սուեզի ջրանցքով և, հավանաբար, Հորմուզի և Բաբ Էլ-Մադեբի նեղուցներով ԱՄՆ ատոմային հարվածային սուզանավերի ուղեկցման համար:
- 2019թ. մարտից ԱՄՆ 5-րդ (ԱՄՆ ԿՀ) և 6-րդ (ԱՄՆ ԵՀ) նավատորմերի իրավասությունների տարածքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերն իրենց կազմում ունեին ստորջրյա դիվերսիոն գոծողությունների իրականացման համար նախատեսնված և վարժված հատուկ նշանակության ուժեր ու միջոցներ:
- Հասկանալի է, որ դրանք տարածաշրջանում այսպիսի հնարավորություններով միակ ուժերը չէին (թեև ամենազորեղն էին): Նմանօրինակ կարողություններ ունեն նաև Իրանը և Իսրայելը: Ամեն դեպքում այս հանգամանքը պետք է հաշվի առնել 2019թ. մայիսի 12-ին, մայիսի 15-ին և հունիսի 13-ին տարածաշրջանում իրականացված երեք սադրանքներն ուսումնասիրելիս: Մասնավորապես, մայիսի 12-ին և հունիսի 13-ին նավթային տանկերների ենթադրաբար մագնիսական ծովային ականներով պայթեցումների դիվերսիոն գործողություններում:
[1] Ավանդաբար ԱՄՆ ռազմավարական և հարվածային ատոմային սուզանավերը ունեն երկու ամբողջովին կազմավորված անձնակազմ՝ ա.կ. «Կապույտ» և «Ոսկյա» անձնակազմեր, (Gold and Blue crews), որոնք, միմյանց փոխվելով՝ երաշխավորում են սուզանավերի արդյունավետ ծավալումը: