Իրանի շուրջ զարգացումները

18 ր.   |  2019-06-03

ԱՄՆ ռազմածովային ուժերի Նիմից» դասի «Աբրահամ Լինքոլն» (CVN 72) ատոմային ավիակիրը «Al Salam» (Խաղաղության) կամուրջի մոտ՝ Պարսից Ծոց նավարկելիս: Սուեզի ջրանցք, 2019թ., 9-ը մայիսի: Աղբյուրը՝ US CENTCOM

2019թ. մայիսի 5-10-ը

«Մի խոսեք նրանց մտադրությունների մասին:
Ինձ հետաքրքրում են միայն նրանց հնարավորությունները
»:
Օտտո ֆոն Բիսմարկ (1818-1895)

Վերջին ամիսների ռազմաքաղաքական սրընթաց զարգացումները մեր տարածաշրջանում և, հատկապես, Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ բարդ են ու մտահոգիչ, որոնց հանգամանալից դիտարկումն այժմեական է թե՛ Հայաստանի և թե՛ տարածաշրջանային տեսանկյունից։ Հայրենական ԶԼՄ-ներում խնդրի լուսաբանումն անբավարար է ու մակերեսային, իսկ մասնագիտական գրականությունում գրեթե բացակայում է, ինչը մասամբ կարելի է բացատրել ոչ պակաս սրընթաց զարգացող ներքաղաքական գործընթացների վրա հանրային ուշադրության կենտրոնացմամբ:

Զարգացումները Իրանի շուրջ մեզ համար կարևոր են այն պարզ պատճառով, որ հյուսիսից, արևելքից և արևմուտքից Հայաստանը և Արցախը գտնվում են էներգատրանսպորտային շրջափակման մեջ Թուրքիայի, Ադրբեջանի և, մասամբ՝ Վրաստանի կողմից։ Այնպես որ, Հայաստանի և Արցախի համար, ըստ էության, գործում է միայն հարավային՝ իրանյան դարպասը։ Հասկանալի է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կողմից Հայաստանի շրջափակումն ունի տարբեր «խորություն», որի պատճառները յուրաքանչյուրի դեպքում տարբեր են։

Սակայն կարծում ենք, որ տարբերությունների հետ մեկտեղ առկա է աշխարհաքաղաքական և քաղաքակրթական ընդհանրություն, որը գերակշռող է։ Այս ընդհանրության թերագնահատումն ու աղոտ ընկալումը հղի է վտանգներով, հանգեցնում է ոչ համարժեք պատասխանի, նորից ու նորից ստիպում տեղապտույտ կատարել միևնույն աշխարհաքաղաքական սխալների ծուղակում (ավելի հանգամանալի տե՛ս օրինակ՝ այստեղ, с.3-38)։ Այնպես որ, Իրանի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները մեզ համար ունեն անմիջական ու կիրառական կարևորություն թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար, թե՛ աշխարհաքաղաքական և քաղաքարթական տեսանկյուններից։

Բացի այդ, վերջին ռազմաքաղաքական զարգացումների դիտարկումը հնարավորություն է ընձեռում վերհանել արդի աշխարհաքաղաքականության ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային ամենաուշագրավ միտումները։ Նկատի ունենք «հաղթանակած պոստ-մոդեռնի», տեխնոլոգիական նեոգաղութացման և ռեգիոնալիզացիայի մեր ժամանակներում ուժի (force) կիրառման գործող տրամաբանությունը, ուժի կիրառման թույլատրելիության շեմի և ընդունելի լինելու հարցը, ուժի պրոյեկտման և ճկունության խնդիրները:

Հարցեր, որոնք անմիջականորեն պայմանավորված են ռազմավարական և մարտավարական սպառազինության սահմանագծի լղոզմամբ, ծովում, օդում և տիեզերքում ուժի պրոյեկտման (projection of force) կարողության զարգացմամբ, նոր (emerging) ու ավերիչ (disruptive) տեխնոլոգիաների առաջընթացով (տես՛ այստեղ, այստեղ և այստեղ), դրանց փոխլրացնող զուգամիտմամբ (synergy)։ Նկատի ունենք նաև ուժային կենտրոնների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի կողմից ուժի գլոբալ պրոյեկտման նոր ռազմավարությունները (ամերիկյան «Դինամիկ ուժի ծավալում», ռուսական «Ակտիվ պաշտպանության ռազմավարություն»,  չինական «Մեկ ուղի, մեկ գոտի, ընդհանուր ապագա») ու դրանց առանձնահատկությունները։

Վերջապես, ծավալվող գործընթացները թույլ են տալիս հասկանալ և հայալեզու մասնագիտական քննարկման դաշտ բերել մեր տարածաշրջանում և Մեծ Միջին Արևելքում գոյություն ունեցող էներգատրանսպորտային ենթակառուցվածքների նշանակությունն ու ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանում ծավալվող ռազմաքաղաքական գործընթացների վրա, հստակեցնել աշխարհաքաղաքական գործընթացների և տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների կապի մասին մեր պատկերացումները և, ինչն ավելի կարևոր է, արդի ինտեգրացիոն համաշխարհային ծրագրերի համատեքստում զննել զարգացման սցենարներն ու հնարավորությունները, ուրվագծել Հայաստանի և Արցախի առջև կանգնած մարտահրավերները:

Այս հարցերին ենք փորձելու անդրադառնալ մեր հոդվածաշարում, որի առաջին մասում դիտարկելու ենք Իրանի շուրջ այս տարվա մայիսից ծավալվող ռազմաքաղաքական գործընթացները։ Դիտարկվող գործընթացները դեռ ավարտված չեն, «վերջնախաղը» մշուշոտ է և գտնվում է հավանականությունների լայն տիրույթում՝ տարածաշրջանային պատերազմից մինչև խաղաղ հանգուցալուծում:

Դիտարկվող ժամանակահատվածը պայմանական է, քանի որ գործընթացներն իրականում սկսվել են ավելի վաղ, նկատի ունենք 2018թ. մայիսի 9-ին Իրանի միջուկային համաձայնագրի միակողմանի չեղարկումը ԱՄՆ կողմից, Իրանից հում նավթի արտահանումների լիակատար արգելքը 2018թ. նոյեմբերի 4-ին, Երուսաղեմի և Գոլանի բարձունքների շուրջ վերջին զարգացումները և այլն։ Որոշ դեպքերում դրանք հասնում են մինչև անցած դարասկիզբ (օրինակ՝ ԱՄՆ «Մեծ Սպիտակ Նավատորմի» (The Great White Fleet) շուրջերկրյա նավարկումը 1907-09թթ., ծովակալ Ա. Մեհենի (Alfred Mahan) ռազմավարության դրույթները և այլն): Ուստի, գործընթացների լիարժեք ընկալումը կպահանջի ընդլայնել մեր դիտարկումների ժամանակային ու բովանդակային շրջանակները:

Միևնույն ժամանակ, 2019թ. մայիսյան «սրացումների» առանձնացումը հիմնավորված է, քանի որ լույս է սփռում մեզ հետաքրքրող մի շարք նոր և կարևոր ուղղություններով՝ ԱՄՆ ռազմուժի նոր ռազմավարություն, ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) բյուջեի հաստատում, զարգացման ռազմավարության մշակում, Կասպից ծովի հատակի սահմանազատում (delimitation), Իրան-Ռուսաստան ռազմածովային համագործակցություն, Սիրիայում և տարածաշրջանում ՌԴ օդատիեզերական ուժերի (ВКС ВС РФ) և Կասպյան տորմիղի (Каспийская флотилия ВМФ России) կողմից ուժի պրոյեկտման նոր ռազմավարություն և այլն:

Հոդվածում հիմնականում օգտագործել ենք սկզբնաղբյուրները և հրապարակված փաստաթղթերի բնագրերը՝ անհրաժեշտ թարգմանությամբ։ Թեև այսպիսի մոտեցումը էապես բարդացնում է աշխատանքը, սակայն, կարծում ենք, արդարացված է, քանի որ թույլ է տալիս խուսափել հնարավոր անճշտություններից, միտումնավոր և պատահական աղավաղումներից, որոնք անխուսափելի են երկրորդական աղբյուրներից օգտվելիս:  


Նկար 1. Նիմից դասի «Ջորջ Բուշ» (SVN 77) ատոմային ավիակիրը «Սըփլայ» օժանդակ տանկերի հետ (կենտրոնում)՝ թիվ 12 ԱՀԽ ռազմանավերի ուղեկցությամբ (վերևում ձախից՝ «Լեյթի Գալֆ» ՂՀԶ հածանավը, խմբակարգի (Order) մյուս անկյուններում՝ «Բեյնբրիջ», «Գոնսալես» և «Նիցե» ՂՀԶ էսկադրային ականակիրներ): Աղբյուրը՝ U.S. Navy/UPI

Ա. Ժամանակագրություն (2019թ. մայիսի 5-10-ը)

Իրանի շուրջ վերջին ռազմաքաղաքական զարգացումների ժամանակագրությունը նպատակահարմար է սկսել 2019թ. մայիսի 5-ից, երբ Սպիտակ տունը ԱՄՆ Նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջ.Բոլթոնի շուրթերով պաշտոնապես հայտարարեց, որ՝ «Ի պատասխան սրացման մտահոգիչ մի շարք նախանշանների, Միացյալ Նահանգները ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (U.S. CENTCOM) իրավասության տարածք են ուղարկում «Աբրահամ Լինքոլն» ավիակիր հարվածային խմբավորումը (ԱՀԽ, Carrier Strike Group) և ռմբակոծիչային առաջադրանքային խումբը (ՌԱԽ, Bomber Task Force), որպես հստակ և աներկբա ուղերձ Իրանի ռեժիմին առ այն, որ ցանկացած հարձակում Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների շահերի վրա կհանդիպի վճռական ուժի: Միացյալ Նահանգները պատերազմ չեն որոնում Իրանի ռեժիմի հետ, սակայն լիովին պատրաստ են արձագանքել ցանկացած հարձակման, լինի այն միջնորդված (proxy), թե Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի կամ Իրանական կանոնավոր զինված ուժերի կողմից» (թարգմանությունը մերն է – Ա.Մ.):

Այս հայտարարությունը իսկական փոթորիկ առաջացրեց միջազգային տեղեկատվական դաշտում՝ որակվելով որպես «անսպասելի» ու «աննախադեպ»։ Բոլթոնի հայտարարությունը նշանավորեց 2019թ. մայիսին Իրանի շուրջ աճող լարվածության մեկնարկը: Իրանի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումներում մեզ հետաքրքրում են հետևյալ հարցերը.

  • Հատկապես ի՞նչն էր «անակնկալ» ու «աննախադեպ» Բոլթոնի մայիսի 5-ի հայտարարության մեջ,
  • Ինչպիսի՞ն էր ԱՄՆ դաշնակիցների արձագանքը,
  • Ինչպիսի՞ն էր Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի արձագանքը,
  • Ի՞նչ եզրակացություն կարելի է անել Հայաստանի և տարածաշրջանի համար։


Նկար 2. Նիմից դասի «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակիրը պատրաստում է վերալիցքավորման «Սըփլայ» (USNS Supply, T-AOE-6) արագընթաց օժանդակ տանկերից: Ատլանտյան օվկիանոս, 2018թ., մարտի 26: Աղբյուրը` US NAVY.

Դ եռ 2019թ. ապրիլի 2-ին ԱՄՆ ՌԾՈւ և ռազմարդյունաբերական համալիրի հեղինակավոր navaltoday.com կայքը հայտնում էր, որ «ԱՄՆ ՌԾՈւ Աբրահամ Լինքոլն ատոմային ավիակիրը դուրս է եկել Նորֆոլկ նավահանգստից՝ սկսելով իր շուրջերկրյա նավարկումը դեպի նոր կայանատեղի՝ Սան Դիեգո: Նավարկությանը կմիանան Տիկոնդերոգա դասի «Լեյթի Գալֆ» կառավարվող հրթիռային զենքով (ԿՀԶ) հածանավը (USS Leyte Gulf, CG 55), Առլի Բերք դասի «Բեյնբրիջ» (USS Bainbridge, DDG 96), «Մասոն» (USS Mason, DDG 87) և «Նիցե» (USS Nitze, DDG 94) ԿՀԶ էսկադրային ականակիրները: Պլանավորվում է նրանց նավարկումը Ատլանտյան օվկիանոսում, Միջերկրական և Կարմիր ծովերում, Պարսից ծոցում, Հնդկական օվկիանոսում, Հարավչինական ծովում և Խաղաղ օվկիանոսում» (թարգմանությունը մերն է – Ա.Մ.):

ԱՄՆ ռազմանավերի ափից ափ (Ատլանտյան Նորֆոլկից՝ Խաղաղօվկիանոսյան Սան Դիեգո) շուրջերկրյա նավարկությունները սկսվել են անցած դարասկզբից և ունեն հարուստ պատմություն։ Ըստ ավանդույթի՝ ԱՄՆ ԱՀԽ-ները կանգի, վերազինման կամ պարապուրդի ժամանակ պաշտոնական աղբյուրներում թվագրվում են, օրինակ, ԱՀԽ 12 (Carrier Strike Group 12, տես՛ նկար 1): Նրանց հատուկ անուն է շնորհվում միայն որևէ առաջադրանքի ժամանակ, երբ ԱՀԽ կազմ է ընդգրկվում գլխանավ ավիակիրը, որից հետո ԱՀԽ-ն կոչվում է ավիակրի անունով, օրինակ՝ Abraham Lincoln Strike Group, հապավումը՝ ABECSG:

12-րդ ԱՀԽ-ի գլխանավին՝ «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակրին (նկար 2) կցված է 9-ը էսկադրիլիայից բաղկացած 7-րդ ավիակրային ավիացիոն թևը (Carier Air Wing, CVW 7)՝ շուրջ 80 տարբեր տիպի տախտակամածային ինքնաթիռ և ուղղաթիռ։ Շուրջ 6-7,5 հազ. զինծառայողներով ավիակիր խմբավորումը ԱՄՆ ՌԾՈւ հիմնական օպերատիվ հարվածային միավորումներից է, որի կազմում հաճախ ընդգրկվում է նաև առնվազն մեկ բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավ։ Որքան գիտենք, ABECSG կազմում սուզանավ ներառելու մասին բաց տեղեկատվություն չի հրապարակվել: Դատելով նախորդ տասնամյակներում համանման ծավալումների փորձից՝ ABECSG կազմում սուզանավի առկայությունը շատ հավանական է:

Ըստ 2019թ. մայիսի 22-ի կատարած մեր որոնման արդյունքների՝ մինչև 2019թ. մայիսի 22-ը ABECSG հապավումը navaltoday.com կայքում օգտագործվել է 5 անգամ, առաջինը՝ հունվարի 29-ին:

Այսպիսով, առնվազն 2019թ. հունվարի վերջից հայտնի էր «Աբրահամ Լինքոլն» ԱՀԽ կազմավորման փաստը, գլխանավային հապավումը, ծավալման առաջադրանքները: Հայտնի էր նաև ABECSG գլոբալ ծավալման (global deployement) աշխարհագրությունը՝ Ատլանտյան օվկիանոսից դեպի Պարսից ծոց, հետևաբար նաև՝ Սուեզի ջրանցք, Բաբ էլ-Մանդեբի և Հորմուզի նեղուցներ:


Նկար 3. «Մենդես Նունյեսը» Նորֆոլկի նավահանգստում, Աղբյուրը՝ U.S. Navy

2019թ. հունվարի 16-ին navaltoday.com կայքը հայտնում է. «Հունվարի 14-ին իսպանական ռազմածովային ուժերի Ալվարո դե Բազան դասի «Մենդես Նունյես» (ESPS Méndez Núñez, F 104) ֆրեգատը ժամանել է Նորֆոլկ և միացել 12-րդ ԱՀԽ-ին՝ իրականացնելով համակցված անձնակազմի համալիր վարժանք (Composite Training Unit Exercise, COMPTUEX)։ ԱՀԽ էսկադրային ականակիրների հրամանատարի խոսքերով՝ «այսօրվա բարդ և դինամիկ ծովային մարտական միջավայրում վերին աստիճանի կարևոր է սերտ համագործակցությունը։ Այս առումով «Մենդես Նունյեսի» միանալը ոգեշնչող է, որի AEGIS զինհամակարգերը զգալիորեն կմեծացնեն մեր կարողությունները։ COMPTUEX վարժանքների ավարտից հետո իսպանական ֆրեգատը կմնա 12-րդ ԱՀԽ-ի կազմում՝ մասնակցելով օպերատիվ ծավալմանը և Ֆեռոլ կվերադառնա միայն 2019թ. նոյեմբերին» (թարգմանությունը մերն է – Ա.Մ.):

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ 2006թ. իսպանական նավատորմում ընդգրկված «Մենդես Նունյես» ֆրեգատը զինված է «Իջիս» (The Aegis) հակաբալիստիկ հրթիռային պաշտպանության համակարգով (ՀՀՊ): Այն Իսպանիայի ՌԾՈւ առաջին նավն էր, որը 2012-ին կարողացավ իրականացնել բալիստիկ հրթիռի հայտնաբերումը, տեղորոշումը և հետևումը: Համաձայն իսպանական ՌԾՈւ-ի՝ իսպանական ռազմանավերը 4-րդ անգամ են միանում ԱՄՆ ՌԾՈւ խմբավորումների ծավալումներին (deployments): Վերջին տարիներին Իսպանիայից բացի ամերիկյան ԱՀԽ-ներում ներառվել են նաև Նորվեգիայի, Դանիայի և  Գերմանիայի ֆրեգատները։

Ավելի վաղ՝ 2019 թ. հունվարի 4-ին կայքը հայտնում էր, որ «դեպի Նորֆոլկ  է նավարկում Իսպանական «Մենդես Նունյես» ֆրեգատը, որը 2019 թ. հունվարի 3-ին դուրս էր եկել Ֆեռոլ (Ferrol) նավահանգստից։ Հաջորդ ամիսներին «Մենդես Նունյեսը» «Աբրահամ Լինքոլն» ԱՀԽ-ի կազմում կմասնակցի համատեղ վարժանքների, որոնց առաջին փուլի ավարտից հետո 2019թ. փետրվարի վերջին կվերադառնա կայանատեղի։ Նախատեսվում է, որ ֆրեգատը նորից կսկսի իր նավարկումը 2019թ. ապրիլին՝ կրկին միանալով 12-րդ ԱՀԽ-ին։ Խմբավորման կազմում այն Միջերկրականով կնավարկի դեպի Կարմիր ծով, Պարսից ծոց, Հնդկական օվկիանոս, Հարավչինական ծով և Խաղաղ օվկիանոս՝ ԱՄՆ ՌԾՈւ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 3-րդ նավատորմերի հրամանատարության ներքո։ Ֆրեգատը ծավալումը կավարտի 2019թ. հոկտեմբերին՝ Սան Դիեգո նավահանգստում (Կալիֆորնիա, ԱՄՆ), որից հետո կվերադառնա Իսպանիա» (թարգմանությունը մերն է – Ա.Մ.):


Նկար 4. ԱՄՆ ՌԾՈւ նավատորմերի իրավասության տարածքների (AOR) քարտեզը։
2018թ. փոփոխությունները բնագրում բացակայում են, դրանք նշում ենք կարմիրով։
Աղբյուրը՝ U.S. NAVY and Marine Corps Prof.Book, Class of 2019.

Այստեղ նկատենք, որ ԱՀԽ հրամանատարը ենթարկվում է ԱՄՆ ՌԾՈւ այն թվագրված նավատորմի (numbered fleet) հրամանատարին, ում իրավասության տարածքում (ԻՏ, AOR) գտնվում է առաջադրանքի կատարման ժամանակ։ Ինչպես հետևում է հաղորդագրությունից, նախատեսվում էր, որ ABECSG ԱՀԽ-ն 2019թ. իր գլոբալ ծավալման ընթացքում փոխանցվելու է մի նավատորմից մյուսը. 6-րդից (Միջերկրական ծով, ակտիվ գործողության մեջ է 1950-ից) 5-րդ նավատորմ (Պարսից ծոց, գործում է 1995-ից), ապա՝ 7-րդ Արևմտյան (Խաղաղ օվկիանոս, գործում է 1950-ից) և վերջում՝ 3-րդ Հյուսիսային (Խաղաղ օվկիանոս,  գործում է 1973-ից) նավատորմերին (նկար 4)։ Նկարում բերված է 6-րդ նավատորմի՝ մինչ 2018թ. մայիսը գործող ԻՏ-ը, իսկ 2018թ. օգոստոսին վերահիմնադրված ԱՄՆ ՌԾՈւ 2-րդ նավատորմը (2F) այստեղ պարզապես բացակայում է։ Այս փոփոխությունները քարտեզում կատարել ենք կարմիրով։

2019թ. հունվարի 4-ի հաղորդագրությունում չի հստակեցվում, թե որ նավատորմի ԻՏ-ում (հետևաբար՝ օպերատիվ ենթակայության տակ) է գտնվել ABECSG-ը Նորֆոլկից դուրս գալու պահին (հավանաբար FFC, կամ այսպես կոչված, «1-ին նավատորմ»): Եվ ինչն ավելի կարևոր է, արդյո՞ք Ատլանտյան օվկիանոսը նավարկելիս այն փոխանցվել է ԱՄՆ նորաստեղծ 2-րդ նավատորմին։ Հարցն այս ամենևին հռետորական չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ նավատորմի վերահաստատումը ԱՄՆ-ում պայմանավորում են 2018թ. նոր ռազմական դոկտրինի (US National Defense Strategy, 2018) ընդունումով և «Հյուսիսային Ատլանտիկայում Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումների զսպման անհրաժեշտությամբ»։ Կարելի է ենթադրել, որ չնայած որոշ հումորային մեկնաբանություններին, ՌԴ ՌԾՈւ «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի 2016թ. հոկտեմբեր-նոյեմբերյան նավարկությունը ՌԴ Հյուսիսային նավատորմի Մուրմանսկ նավահանգստից Միջերկրական ծով և դրա մասնակցությունը Սիրիայում մարտական գործողություններին, այնուամենայնիվ, խորը տպավորություն է թողել Արևմուտքում: Այնպես որ, այս հարցի պատասխանից է կախված, թե ABECSG 2019թ. գլոբալ ծավալումը ի սկզբանե ունե՞ր «ռուսական բաղադրիչ», թե ոչ։

Այս առնչությամբ ուշագրավ են նաև իսպանական «Մենդես Նունյես» ֆրեգատի 2019թ. մայիսյան նավարկման առնձնահատկությունները, մասնավորապես, այն հանգամանքը, որ իսպանական այս ռազմանավը, դուրս գալով Իսպանիայի հյուսիսատլանտյան Ֆեռոլ նավահանգստից, հատեց Ջիբրալթարի նեղուցը ABECSG կազմում՝ «ցուցադրելով», այնուամենայնիվ, իսպանական թագավորական ՌԾՈւ դրոշը Ջիբրալթարը վերահսկող Բրիտանական թագավորական ուժերին (ABECSG կազմում «Մենդես Նունյեսի» նավարկության մյուս առանձնահտկությանը կանրադառնանք հաջորդ հոդվածում):

Ընդհանրապես պետք է նշել, որ Իրանի շուրջ «մայիսյան սրացումներին» զուգահեռ ընթացող Միացյալ Թագավորության «Բրեքսիթի» դժվարին գործընթացը, դրա իրականացման այս կամ այն սցենարը կարող է հանգեցնել Ջիբրալթարը հատող ռազմանավերի գործող կարգի փոփոխման՝ առաջացնելով հեռու գնացող ռազմաքաղաքական, ռազմավարական և աշխարհաքաղաքական հետևանքներ:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին Իսպանիան արգելեց «Ծովակալ Կուզնեցով» ավիակրին մուտք գործել իսպանական Սեուտա (Ceuta) նավահանգիստ՝ տեղակայված Ջիբրալթարի նեղուցի մյուս՝ աֆրիկյան ափին, որպես իսպանական անկլավ Մարոկոյում:

2019թ. ապրիլի 16-ին navaltoday.com կայքը տեղեկացնում է, որ «Աբրահամ Լինքոլն» ԱՀԽ-ն ապրիլի 15-ին հասել է Իսպանիա, ապա՝ մայիսի 2-ին, հայտնում. «ABECSG-ը Միջերկրական ծովում միացել է Իտալական ՌԾՈւ «Ջուզեպպե Գարիբալդի» (ITS Giuseppe Garibaldi) ավիակրին՝ «Մարե Ապերտո» (Mare Aperto) միջազգային զորավարժություններին մասնակցելու նպատակով։ «Մարե Ապերտո-2019»-ին մասնակցում են Կանադայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի և ԱՄՆ ռազմածովային ուժերի 40 նավ և 5 սուզանավ։ Նախատեսվում է վարժանքները սկսել ապրիլի 29-ին և ավարտել մայիսի 10-ին» (թարգմանությունը մերն է – Ա.Մ.):

Ամփոփելով նշենք, որ ո՛չ «Աբրահամ Լինքոլն» ԱՀԽ-ի կազմը, ո՛չ դրանում AEGIS զինհամակարգով իսպանական ՌԾՈւ նավի առկայությունը, ո՛չ 2019թ. պլանավորված շուրջերկրյա նավարկությունը, ո՛չ ԱՀԽ այցելությունը Պարսից ծոց, Հորմուզ ու Բաբ էլ-Մանդեբ 2019թ․ հունվարի վերջից անակնկալ չէին, իսկ մասնագիտական կառույցները տեղյակ էին այդ մասին առնվազն 2018թ. կեսից։ Սպիտակ տան մայիսի 5-ի հայտարարության իրական անակնկալն այն էր, որ «ABECSG-ը անցնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության իրավասության տակ»։

Հայտնի է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (U.S. CENTCOM, կայանատեղին՝ Մակ Դիլլ, Ֆլորիդա, ԱՄՆ) ԱՄՆ ռազմուժի կենտրոնական ինը հրամատարություններից մեկն է և պատասխանատու է Միջին Արևելքում, Արևելյան Աֆրիկայում և Կենտրոնական Ասիայում մարտական գործողություների օպերատիվ պլանավորման և իրականացման համար։ Ուստի, U.S. CENTCOM-ի հիշատակումը հայտարարությունում հիմք է տալիս ենթադրելու, որ ABECSG-ի 2019թ. գլոբալ ծավալումը մայիսի 5-ին այլևս դուրս է բերվել ԱՄՆ ՌԾՈւ պլանային շուրջերկրյա նավարկումից և դիտարկվում է Միջին Արևելքի տարածաշրջանում մարտական գործողությունների ծավալման տրամաբանության մեջ։  

Մյուս անակնկալը «Մարե Ապերտո» վարժանքներին ABECSG-ի մասնակցության վաղաժամկետ և «անակնկալ» ընդհատումն էր. չէ՞ որ նախատեսված էր ավարտել միայն մայիսի 10-ին։ Սա ուշագրավ հարց է, որի զննումը հնարավորություն է ընձեռում վերհանել կարևոր մանրամասներ, որոնք ամբողջությամբ դուրս են մնացել մեր վերլուծական հանրության ուշադրությունից։

Մինչ այս հարցին անդրադառնալը մի դիտարկում անենք։ Հայալեզու մասնագիտական գրականությունում ռազմական ու ռազմավարական «deployment» եզրը սովորաբար թարգմանվում է որպես «տեղակայում» և կորցնում իր դինամիկ իմաստը, հարափոփոխ ու ճկուն բնույթը։ Որակներ, որոնք այդքան բնութագրական են արդի ռազմարվեստին։

Մեզանում «deployment»-ի փոխարեն կիրառվող «տեղակայում»-ն ունի առավելապես ստատիկ գործողության բնույթ, այսպես ասած՝ խրամատային, դիրքային երանգ։ Հանգամանք, որը, կարծում ենք, բնութագրական է ոչ միայն ծովազուրկ ժողովրդի լեզվամտածողությանը՝ ապավինող բերդերին ու կայազորերին, այլև մեր մարտավարական արվեստին։ «Deployment» եզրի ռուսերեն «развертывание» թարգմանությունը զուրկ է այս թերությունից։ Հոդվածում մենք «deployment» եզրն ամենուրեք ներկայացնում ենք որպես «ծավալում», ինչը, միգուցե, լավագույն լուծումը չէ, բայց թույլ է տալիս արտացոլել արդի ռազմաքաղաքական գործընթացների արագ փոփոխվող էությունը։

Հ ամաձայն navaltoday.com կայքի 2019թ. մայիսի 8-ի հաղորդագրության՝ ABECSG-ի ավիացիոն ուժերին է միացել ԱՄՆ օդուժի (U.S. Air Force) Օդային վերահսկման 603-րդ էսկադիլիան (603rd Air Control Squadron)՝ նպատակ ունենալով Ռումինիայի օդային տարածքում մայիսի 3-ից 5-ը իրականացնել Օդային սերտ օժանդակում (ՕՍՕ, CAS) զորավարժությունը։ Վարժանքներին մասնակցում էր Ռումինիայի օդուժի միացյալ տերմինալային օդային վերահսկիչների (ՄՏՕՎ, joint terminal air controllers, JTACs) խմբավորումը, ինչպես նաև ԱՄՆ օդուժի օդային տանկերների ստորաբաժանումները։ Վերջիններիս նպատակն էր ապահովել ՕՍՕ վարժանքի առաջադրանքով նախատեսված մոտ 1300 կմ շառավղով օդային երթերի իրականացումը: ABECSG-ի էսկադիլիաներից մեկի հրամանատարի խոսքով «ՕՍՕ վարժանքի ռազմավարական նպատակն է վերահաստատել և ուժեղացնել մեր համագործակցությունը Սև ծովի ավազանի երկրների հետ»։


Նկար 5.
Իոնյան ծովի սահմանները Միջերկրականում։

Համադրելով «Մարե Ապերտո-2019» ապրիլի 16-ի և Ռումինիայի օդուժի հետ ՕՍՕ վարժանքների մասին մայիսի 8-ի հաղորդագրությունները, կարելի է ենթադրել, որ ՕՍՕ վարժանքներն իրականում «Մարե Ապերտո-2019» վարժանքների բաղադրիչն էին։

Մայիսի 8-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնական կայքը հայտնում է, որ մայիսի 6-ին «Աբրահամ Լինքոլն» ԱՀԽ-ն Իոնյան ծովում (նկար 5) 7-րդ ավիակրային ավիացիոն թևի (ԱԱԹ, CVW-7) «Ուրախ Ռոջեր» VFA-103 հարվածային էսկադրիլիայով (նկար 6), բրիտանական օդուժի և Լիտվայի հատուկ գործողությունների (Special Operations) ստորաբաժանումների հետ միասին Լիտվայի օդային տարածքում մասնակցում է ՕՍՕ վարժանքներին:


Նկար 6. FA-18F Super Hornet տախտակամածային բազմաֆունկցիոնալ կործանիչը 7-րդ ավիակրային ավիացիոն թևի «Ուրախ Ռոջեր» հարվածային էսկադրիլիայից՝ «Աբրահամ Լինքոլնի» տախտակամածին: Ատլանտյան օվկիանոս, 2018 թ. օգոստոսի 1: Աղբյուրը` US NAVY

Նախատեսված ավելի քան 1600 կմ շառավղով օդային երթերի իրականացումը նույնպես ապահովում էին ԱՄՆ օդային տանկերների ստորաբաժանումները: Վարժանքներին մասնակցում էին նաև ԱՄՆ օդուժի օդային վերահսկման 603-րդ էսկադիլիան և Լիտվայի օդուժի ՄՏՕՎ խմբավորումը:

Վարժանքի տակտիկական սցենարը նախատեսում է հեռահար օդային հարվածներ՝ ի պատասխան Լիտվական ՄՏՕՎ-ի ձայնային և/կամ ավտոմատ թվային կանչի: Համաձայն աղբյուրի՝ «Վարժանքների ընթացքում Աբրահամ Լինքոլն ԱՀԽ-ի, ԱՄՆ օդուժի և լիտվական ստորաբաժանումների միջև սերտ համակարգումը խորհրդանշական է և ընդգծում է տարածաշրջանում ԱՄՆ և NATO-ի համագործակցության կենտրոնական դերակատարությունը: Լավ է, որ առաջին իսկ կանչով մենք կարող ենք աջակցություն ստանալ հազարավոր կիլոմետր հեռավորությունից,– ասել է Լիտվայի ՄՏՕՎ ստորաբաժանման հրամանատարը: ՕՍՕ վարժանքները Լիտվայի հետ զարգացրին մեր երկու երկրների համագործակցությունը, խորացրին մեր պաշտպանական կարողությունը անհրաժեշտության դեպքում կռվել ազատ և բարգավաճ եվրոպական տարածաշրջանի համար» (թարգմանությունը մերն է – Ա.Մ.):

Այսպիսով, առկա են բավարար հիմքեր պնդելու, որ

  • Հաշվի առնելով «Մարե Ապերտո-2019» վարժանքներին «Իջիս» ՀՀՊ զինհամակարգով առնվազն երեք արևմտյան պետությունների 8 նավի մասնակցությունը և Ռումինայում ԱՄՆ ՀՀՊ ցամաքային համակարգերի առկայությունը (նկար 7)՝ կարելի է ենթադրել, որ այս վարժանքի հիմնական խնդիրը հետևյալն էր.
  1. Արևմտյան Եվրոպայի հարավում և Միջերկրական ծովի ավազանում միացյալ հակահրթիռային պաշտպանության ծովային բաղադրիչի ծավալումը,
  2. Արևելյան Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ՀՀՊ ցամաքային համակարգերի տարրերի պաշտպանության դինամիկ ծավալումը,
  3. Արևելաեվրոպական դաշնակիցների հրատապ կանչով օդային հարվածների իրականացումը Միջերկրական ծովից:
  • Լիտվական հատուկ ստորաբաժանումների և Լիտվայի օդային տարածքում 2019թ. մայիսի 6-ին իրականացված ՕՍՕ վարժանքը մայիսի 3-5-ը ռումինական հատուկ ստորաբաժանումների և Ռումինիայի օդային տարածքում իրականացված համանման վարժանքների շարունակությունն էր։
  • ՕՍՕ վարժանքները «Մարե Ապերտո-2019» միջազգային վարժանքների բաղադրիչն էին։
  • Լիտվայի հետ ՕՍՕ վարժանքները ամենայն հավանականությամբ տևել են ոչ թե մեկ օր (մայիսի 6-ին), այլ առնվազն 48 ժամ և ավարտվել մայիսի 7-ին կամ 8-ի առավոտյան։
  • «Աբրահամ Լինքոլն» ԱՀԽ-ն Միջերկրական ծովում էր ՕՍՕ վարժանքների ընթացքում՝ մինչև մայիսի 8-ը, այսինքն՝ ԱՄՆ Սպիտակ տան մայիսի 5-ի հայտարարությունից 72 ժամ անց:


Նկար 7. Ռումինիայի Դևեսելու (Deveselu) ռազմաբազայում տեղակայված 12 հակահրթիռային կայանքներով ԱՄՆ «Ցամաքային Իջիս» ՀՀՊ  կայանը (Aegis Ashore station): 2016 թ. մայիսի 12: Աղբյուրը՝ Defensenews

Եզրափակելով Միջերկրականում «Աբրահամ Լինքոլն» ԱՀԽ-ի առաքելության և  «Մարե Ապերտո-2019» վարժանքների մեր դիտարկումները՝ բերենք, մեր կարծիքով, դրանց հետ առնչություն ունեցող ևս մեկ ուշագրավ դրվագ:

Մայիսի 1-ին navaltoday.com կայքը հայտնում էր, որ Միացյալ Թագավորության «Էխո» հետազոտական-հետախուզական նավը (survey ship HMS Echo, H87, նկար 8) խարիսխ է գցել Վրաստանի Բաթում նավահանգստում: Համաձայն Մոնտրյոյի համաձայնագրի՝ նավը կարող էր Սև ծովում մնալ 21 օր: Սա վերջին 5 ամսում «Էխո»-ի երկրորդ այցն էր Բաթում. նախորդը 2018թ. դեկտեմբերին էր: Համաձայն նշված հաղորդագրության՝ ՄԹ ՌԾՈւ «Էխո» հետազոտական/հետախուզական նավի մայիսմեկյան այցը Բաթում տեղի է ունեցել «Սև ծովում իրականացվող համալիր գործողությունների շրջանակում։ Վրաստանի ծովային սահմանապահ ուժերի (Georgian Coastguard) հետ «Էխո»-ն կմասնակցի համակցված վարժանքներին՝ ամրապնդելով երկու տերությունների ռազմածովային ուժերի համագործակցությունը, որը սկսվել է 2018-ի դեկտեմբերին» (թարգմանությունը մերն է – Ա.Մ.):

Հետաքրքիր է, որ 2019թ. մայիսի 1-ին «Էխո»-ն Բաթում էր ժամանել Ռումինիայի Կոնստանց նավահանգստից, որտեղ, համաձայն կայքի, «Ռումինական կողմին ներկայացվել էր նավի «Սապֆիր» (Sapphire) մոտորանավակի (նկար 8) կարողությունները» (թարգմանությունը մերն է – Ա.Մ.):


Նկար 8. Բրիտանական ՌԾՈւ «Էխո» հետախուզական նավը և ավստրալական ՌԾՈւ «P-3 Օրիոն» (P-3 Orion) ծովային հետախուզական ինքնաթիռը Կիպրոսի մոտ համատեղ վարժանքներում:
2018թ. հունիսի 13: Աղբյուրը՝ UK Defence Journal

Սակայն, համաձայն ՄԹ ՌԾՈւ պաշտոնական կայքի, «5 հազ. տ. ջրատարողությամբ, 90 մ երակարությամբ և 88 հոգի անձնակազմով «Էխո» հետախուզական նավը հետազոտական և փրկարարական տարաբնույթ առաջադրանքների համար է՝ ներառյալ սուզանավերի և դեսանտային գործողությունների օժանդակումը» (թարգմանությունը մերն է – Ա.Մ.)։ Համաձայն նույն աղբյուրի՝ «Էխո» նավը կարող է իրականացնել հիդրոլոգիական, օվկիանոսագրական և բատիմետրիկ հետազոտություններ։ «Էխո»-ի կազմում գտնվող Sapphire մոտորանավակը կարող է ինքնուրույն գործել, ինչպես նաև օժանդակել թագավորական ծովային հետևակի «կոմանդոս» խմբերին (Royal Marines Commandos)»։ Համաձայն որոշ մասնագիտական աղբյուրների՝ խոսքն այստեղ ՄԹ ծովային հետևակի հատուկ ստորաբաժնումների միջև ափեզրյա բազայի և կենտրոնակայանի հետ արբանյակային կապի, համալիր տեղեկատվական հոսքերի ապահովման և արբանյակային տեղորոշման բազմաֆունկցիոնալ հնարավորությունների մասին է:

Այստեղ մենք չենք մեկնաբանի կայքի յուրօրինակ պատկերացումները «հետազոտական և փրկարարական» բնույթի առաջադրանքների մասին: Նշենք միայն, որ բաց աղբյուրներից հայտնի են «Էխո» նավի հատուկ առաջադրանքները Պարսից ծոցում (2002-10թթ., 2014թ.), Հնդկաչինում՝ (2008թ.), Լիբիայի ափերի մոտ (2013թ. հուլիս) և իրական փրկարարական առաքելություններում Միջերկրական ծովում։

2018թ. նոյեմբերի 21-ին ՄԹ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ 2019-ին նախատեսված է «Էխո»-ի ծավալումը ուկրաինական ՌԾՈւ-ի օժանդակության և Սև ծովում նավարկության ազատության երաշխավորման համար։ 2018թ. դեկտեմբերի 22-ին «Էխո»-ն Օդեսա նավահանգստում էր՝ ՄԹ պաշտպանության նախարարի խոսքով՝ «ուժեղ ազդակ հղելով ՌԴ նախագահ Վ.Պուտինին»։ Ինչպես այդ օրերին հայտնում էր BBC-ին, «Սև ծովում իր ծավալման ընթացքում «Էխո»-ն խելամտորեն խուսափեց հայտնվել Կերչի նեղուցում և, ընդհանրապես, Ղրիմ թերակղզու մոտ»։


Նկար 9.
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Առլինգտոն» (USS Arlington, LPD-24) ամֆիբիա-դեսանտային դոկ-նավը՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի «Գեդիզ» (TCG Gediz, F495) ֆրեգատի ուղեկցությամբ: Միջերկրական ծով, 2016թ. ապրիլի 7: Աղբյուրը` US NAVY.

Այնպես որ, 2019թ. ապրիլ-մայիսին ռումինական Կոնստանցում, ապա վրացական Բաթումում «Էխո» հետախուզական և հատուկ գործողությունների ապահովման նավը ունակ էր իրականացնելու շատ ավելի ուշագրավ առաքելություններ, մասնավորապես՝ մայիսի 5-10-ը պլանավորված «Մարե Ապերտո-2019» վարժանքների առաջադրանքների տեսանկյունից, քան «Սապֆիր» մոտորանավակի հնարավորությունների ցուցադրումը։

Մ այիսի 9-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Աբրահամ Լինքոլն» ԱՀԽ-ն մտավ Սուեզի ջրանցք՝ նավարկելով դեպի Կարմիր ծով և Պարսից ծոց (գլխավոր նկարում), իսկ մայիսի 10-ին ԱՄՆ ՌԾՈՒ հրամանատարությունը հանդես եկավ պաշտոնական նոր հայտարարությամբ, համաձայն որի՝ «հրամայված է «Առլինգտոն» (նկար 8) ամֆիբիա դոկ-նավի և «Փեթրիոթ» հրթիռային մարտկոցի տեղաշարժը ԱՄՆ ԿՀ իրավասության տարածք՝ ի պատասխան ԱՄՆ ԿՀ ավելի վաղ ներկայացրած հայցի: Միջին Արևելքում այս ուժերը կմիանան «Աբրահամ Լինքոլն» ԱՀԽ-ին և ՌԱԽ-ին... ԱՄՆ պաշտպանության նախարարությունը շարունակում է ուշադիր հետևել Իրանի ռեժիմի, նրա ռազմուժի և միջնորդված ուժերի (proxies) գործողություններին: Օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք չենք քննարկի [մեր] ուժերի ծավալման ժամանակացույցը կամ տեղակայման վայրը» (թարգմանությունը մերն է – Ա.Մ.):

2019թ. մայիսի 10-ի պաշտոնական այս հայտարարությունը նշանավորեց Իրանի շուրջ ռազմաքաղաքական զարգացումների սրման նոր փուլը։