Քաղաքակրթություն և ժողովրդագրություն
28 ր. | 2019-07-26Երեխաների պահանջմունքը որպես ծնելիության հիմնական գործոն
Խնդիրը
Ժ ողովրդագրական անցման փուլերը Հայաստանում հոդվածում ցույց է տրվել, որ Հայաստանում ծնելիության նվազման միտումները մի կողմից ժողովրդագրական անցման պրոցեսի հետևանք են (պայմանականորեն 1960թ.-ից Հայաստանի հասարակությունում սկսվել է անցման 3-րդ փուլը, որը համապատասխանում է զարգացած արդյունաբերական հասարակության պատմական ժամանակաշրջանին, իսկ պայմանականորեն 2005-ից՝ 4-րդ փուլը, որը համապատասխանում է հետարդյունաբերական ժամանակաշրջանին)։ Մյուս կողմից՝ 20-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններն ու գործընթացները յուրահատուկ ազդեցություն են թողել Հայաստանում ծնելիության մակարդակի փոփոխության վրա՝ երբեմն նպաստելով աճին, իսկ երբեմն՝ արագացնելով ծնելիության նվազումը։
Հ այտնի է, որ ժողովրդագրական անցման երրորդ և չորրորդ փուլերում ծնելիության նվազման հիմնական գործոնները մշակութային են և պայմանավորված են դրանց համապատասխանող պատմական ժամանակաշրջաններում տնտեսության և տեխնոլոգիաների բնույթի և զարգացման առանձնահատկություններով։
Ներկայացվող հոդվածում, սոցիոլոգիական զանգվածային հետազոտությունների շտեմարանների վերլուծության միջոցով, գնահատվել է վերջին 60 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մշակութային դինամիկայի ազդեցությունը և այդ ազդեցության բնույթը ծնելիությունը պայմանավորող հիմնական բնութագրի՝ երեխաների պահանջմունքի վրա։
Մեթոդաբանությունը
Տվյալները
Հ ոդվածի արդյունքները ստացվել են չորս զանգվածային սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների երկրորդային վերլուծության հիման վրա։ Դրանք են.
- «Կյանքի որակը Հայաստանում 2014»[1],
- «Կովկասյան բարոմետր 2017»[2],
- «Անկախության սերունդ. Հետազոտություն երիտասարդների շրջանում 2016»[3],
- «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011» [4]։
Հետազոտության մեթոդաբանական դրույթները
Հետազոտության մեթոդաբանական առաջին դրույթն այն է, որ
- Հասարակությունում ծնելիության պրոցեսը և մակարդակը պայմանավորող հիմնական և ինտեգրալ երկու ցուցանիշներն են.
- Երեխաներ ունենալու մարդու պահանջմունքը, այսինքն՝ քանի՞ երեխա է նա ցանկանում ունենալ և
- Երեխաներ ունենալու մարդու պահանջմունքի իրականացվածության մակարդակը։
Ծնելիության պրոցեսի ռազմավարական կառավարման տեսակետից մնացած նպատակային, գործոնային կամ գործիքային (ինստրումենտալ) ցուցանիշներն արժևորվում են նշված երկու ցուցանիշների վրա բարենպաստ կամ անբարենպաստ ազդեցություն գործելու տեսակետից։
Այս և հետագա հոդվածներում կդիտարկվեն տարբեր գործոնների ազդեցությունը նշված երկու ցուցանիշների վրա։
Երեխաներ ունենալու մարդու պահանջմունքը ձևավորվում է վաղ մանկական և պատանեկան շրջանում և կյանքի ընթացքում էապես չի փոխվում[5]։ Այն ձևավորվում է սոցիալական միջավայրի՝ նախ և առաջ ընտանիքի ազդեցությամբ։ Սակայն, ներկայում, աշխարհի բնակչության նվազեցմանը նպատակաուղղված գլոբալ ռազմավարություններն ու դրանց տարրերը[6], համակարգային կերպով ընդգրկվելով հայկական պետության սոցիալական, մշակութային և տնտեսական ռազմավարություններում, սոցիալականացման այլ ագենտների միջոցով «ներխուժել են» հայկական ընտանիք և սկսել են վաղ մանկական հասակից ազդել երեխայի հոգեբանության և աշխարհայացքի ձևավորման վրա։
Ժողովրդագրական, իսկ ավելի կոնկրետ՝ հասարակությունում ծնելիության պրոցեսի տեսակետից, երեխաներ ունենալու մարդու պահանջմունքի կարևորագույն բնութագիրն այն է, որ բոլոր անհրաժեշտ (բարենպաստ) պայմանների առկայության դեպքում, այդ պահանջմունքը վերևից սահմանափակում է մարդու (կամ ընտանիքի) իրականում ունեցած երեխաների քանակը (տես՝ հաջորդիվ)։ Ցանկացած գործոն միայն նվազեցնում է այդ ցուցանիշը։[7]
Օգտագործված տվյալների շտեմարաններում առկա էին փոփոխականներ, որոնք արտացոլում են մարդու՝ երեխաների պահանջմունքը և որոնց միջոցով կարելի է գնահատել այդ պահանջմունքի բավարարվածության (իրականացվածության) մակարդակը։ Երեխաների պահանջմունքի գնահատման համար կիրառվել են հետևյալ հարցերը.
- «Կյանքի որակի հետազոտություն 2014»՝ «Քանի՞ երեխա կուզեիք ունենալ, եթե լինեն բնակարանային, ֆինանսական և այլ անհրաժեշտ պայմանները:»
- «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011» «Քանի՞ երեխա կունենայիք, եթե նյութապես և բնակարանով ապահովված լինեիք:»
- ՀՌԿԿ 2017՝ «Որքա՞ն պետք է լինի» երեխաների իդեալական թիվը ընտանիքում»,
- «Անկախության սերունդ»՝ «Քանի՞ երեխա կուզեք ունենալ»։[8]
Բոլոր հետազոտություններում առկա էր. «Քանի՞ երեխա ունեք» հարցը։
Մարդու՝ երեխաների պահանջմունքի իրականացվածությունը նրա (արդեն առկա) երեխաների քանակի և երեխաների պահանջմունքի (ցանկալի քանակի) հարաբերությունն է։
Ակնհայտ է, որ վիճակագրորեն, բոլոր բարենպաստ պայմանների առկայության դեպքում, երեխաների պահանջմունքի իրականացման մակարդակի վերին սահմանը 1-ն է կամ՝ 100%-ը (չնայած՝ իրականում հնարավոր են բացառություններ, որոնց մասին՝ հաջորդիվ)։ Ցանկացած գործոն՝ նվազեցնում է այդ ցուցանիշը, քանի որ հակառակ դեպքում, այն կլիներ «բարենպաստ» գործոնների շարքում։
Հաջորդ մեթոդաբանական դրույթն այն է, որ հասարակությունում երեխաների պահանջմունքի ընդհանրացված ցուցանիշն իր բովանդակությամբ համարժեք է այդ հասարակությունում տվյալ ժամանակահատվածում կնոջ պտղաբերության գործակցի հնարավոր առավելագույն արժեքին (հիմնավորումը՝ հաջորդիվ)։
Յուրաքանչյուր ընտանիքում երեխաների պահանջմունքը ձևավորվում է ամուսնու և կնոջ պահանջմունքների միասնական ազդեցությամբ։ Սակայն, նշված չորս հետազոտություններում, յուրաքանչյուր տնային տնտեսությունից հարցվել է միայն մեկ անձ, որի պատճառով ամուսնու և կնոջ երեխաների պահանջմունքի առանձնացված («մաքուր») ազդեցություններն ընտանիքում երեխաների իրական քանակի վրա հնարավոր չէր հաշվարկել։
Արդյունքները
Երեխաների պահանջմունքի դինամիկան Հայաստանում
Հ ետազոտությունում երեխաների պահանջմունքի դինամիկան Հայաստանում ուսումնասիրվել է հետևյալ ցուցանիշների (փոփոխականների) միջոցով.
- Երեխաների քանակը հարցվողի ծնողների ընտանիքում,
- Հարցվողի երեխաների քանակը,
- Հարցվողի երեխաներ ունենալու պահանջմունքը,
- Հարցվողի երեխաներ ունենալու պահանջմունքի իրականացվածությունը։
Հարկ է հատուկ անդրադառնալ «երեխաների քանակը հարցվողի ծնողների ընտանիքում» ցուցանիշին։ Այն անուղղակիորեն բնութագրում է հարցվողի ծնողների մշակութային արժեհամակարգը։
- Եթե երեխաների քանակը հարցվողի ծնողների ընտանիքում մեծ է, ապա հարցվողի ծնողները կրել են ավանդական արժեհամակարգ[9]։
- Այդ պատճառով «Երեխաների քանակը հարցվողի ծնողների ընտանիքում» փոփոխականի շաղկապվածությունը (կորելյացիան) «Հարցվողի երեխաներ ունենալու պահանջմունքը» փոփոխականի հետ բնութագրում է հասարակությունում մշակութային ժառանգականության ուժը։
Այս չորս ցուցանիշների միջին արժեքը չորս տարիքային խմբերում՝ 18-29 տարեկաններ (ովքեր ծնվել են 1985-1996թթ.), 30-45 (ծնվել են 1969-1984թթ.), 46-60 (ծնվել են 1955-1968թթ.) և 60+ (ծնվել են մինչև 1954թ.), տրված է Գծապատկեր 1-ում։ Գծապատկերում տարիքային խմբերը ներկայացված են հակառակ կարգով, ինչը թույլ է տալիս «տեսնել» ժամանակի ազդեցությունն այդ ինդիկատորների վրա։
Գծապատկեր 1. Երեխաների պահանջմունքի և իրականացվածության մակարդակի միջին արժեքը տարիքային խմբերում։ Աղբյուրը՝ «Կյանքի որակը Հայաստանում, 2014»։
- Հայաստանի հասարակությունում ծնելիության պրոցեսը նկարագրող դիտարկված չորս ցուցանիշները՝ երեխաների պահանջմունքը, երեխաների քանակը ծնողների ընտանիքներում, հարցվողի երեխաների քանակը և հարցվողի երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակը ժամանակի ընթացքում նվազել են։
Երեխաների պահանջմունքը.
Եթե 60+ տարիքային խմբում 4.52 է, ապա 18-29 տարեկանների շրջանում այն նվազել է մինչև 3.12 կամ 45%-ով։ Նշենք, որ «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում» 2011թ. հետազոտության արդյունքում 18-29 տարեկանների խմբի համար ստացվել է համանման արդյունք՝ 3.14։ «Կովկասյան բարոմետր 2017»-ում՝ 3.00։
«Անկախության սերունդ» հետազոտությունում ցուցանիշի գնահատականը 18-29 տարեկանների շրջանում 2.63 է։ Սակայն, այդ հետազոտությունում հարցվողներին տրվել է «Քանի՞ երեխա կուզենք ունենալ» հարցը՝ առանց պայմանների սահմանման, ինչի հետևանքով հարցվողների պատասխանները «խարսխվում են» նրանց առկա սոցիալ-տնտեսական վիճակի վրա, որը, որպես կանոն, ավելի ցածր է, քան ցանկալի վիճակը։ Այդ պատճառով, պետք է ընդունել, որ ցուցանիշը գտնվում է 3.00-3.12 միջակայքում։
Հարցվողների երեխաների միջին քանակը
Եթե 60+ տարիքային խմբում այն 2.76 է, ապա, 45-60 տարեկանների խմբում այն նվազել է մինչև 2.38, իսկ 30-45 տարիքային խմբում նվազել է մինչև 1.96։
Պարզ է, որ 18-29 տարեկանների խմբի փաստացի ստացված ցուցանիշը (0.22) չի կարելի ընդունել որպես վերջնական արդյունք։ Այդ տարիքային խմբում ցուցանիշը երկու հիմնական պատճառով դեռ չէր հասել իր առավելագույն արժեքին։ Նախ՝ այդ խմբում դեռևս չէր հասել իր առավելագույն արժեքին ամուսնությունների մակարդակը (ամուսնությունների քանակը 1000 բնակչի հաշվով)։ Հետազոտության (2014թ.) տվյալներով այդ տարիքային խմբում ամուսնացած էր միայն 21.9%-ը կամ գրեթե յուրաքանչյուր հինգերորդը։ Նույնքան պարզ է նաև, որ այդ խմբում ամուսնացածների երեխաների քանակը նույնպես, մեծ հավանականությամբ, դեռ չէր հասել իր առավելագույն արժեքին։
Տվյալների էքստրապոլյացիայի արդյունքում 18-29 տարեկանների խմբում երեխաների միջին քանակի հավանական վերջնական արժեքի գնահատականը 1.57 է, որը գործնականում համընկել է Հայաստանում 2013թ.-ին պտղաբերության գործակցի արժեքին։
Երեխաների պահանջմունքի իրականացվածության մակարդակը
Եթե 60+ տարիքային խմբում այն 0.70 էր (կամ 70%), ապա 46-60 տարեկանների խմբում՝ 0.66, 30-45 տարեկանների խմբում՝ 0.59, իսկ 18-29 տարեկանների խմբում՝ 0.22։
Հաշվի առնելով վերը նշված դրույթը, որ 18-29 տարեկանների խմբում երեխաների փաստացի քանակը դեռ չէր հասել իր վերջնական արժեքին, այս դեպքում նույնպես, ավելի բարձր տարիքային խմբերում ցուցանիշի արժեքների հիման վրա, իրականացվել է էքստրապոլյացիա, որի արդյունքում 18-29 տարեկանների շրջանում ցուցանիշի վերջնական միջին արժեքը 0.52 է։
Երեխաների պահանջմունքի իրականացվածության մակարդակի դինամիկայի բնույթից բխում է, որ՝
- վերջին կես դարում, երբ Հայաստանի հասարակությունն ապրել է «լավ» սոցիալ-տնտեսական պայմաններում (խորհրդային շրջան), «վատ» սոցիալ-տնտեսական պայմաններում (1990-ականներ), և «բարելավվող» սոցիալ-տնտեսական պայմաններում (2000-ականներ), երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակը չի գերազանցել 0.70-ը։ Ավելին՝ այն անշեղորեն նվազել է։
Կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ։ Հարցի սոցիոլոգիական պատասխանը հետևյալն է.
- Սոցիալ-տնտեսական պայմանները, որոնք մարդը համարում է բավարար երեխաներ ունենալու իր պահանջմունքի իրականացման համար, մշակութայնորեն պայմանավորված են։
Երեխաների պահանջմունքի իրականացվածության մակարդակի նվազումը և հասարակության ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված չլինելը («անկախությունը»), հուշում են, որ ժամանակի ընթացքում մարդիկ բարեկեցության ավելի ու ավելի բարձր շեմ են սահմանում, այդ թվում՝ երեխաներ ունենալու «բավարար բարենպաստ» պայմանների համար։
Մյուս կողմից՝ մարդկանց փաստացի սոցիալ-տնտեսական վիճակի իրենց գնահատականները, որոնք նույնպես մշակութայնորեն պայմանավորված են, սիստեմատիկ հետ են մնում այդ բարձրացող շեմից, և, ինչն ավելի կարևոր է, այդ տարբերությունը ժամանակի ընթացքում աճում է։
Վերջին դրույթն արդի գլոբալ մշակութային դինամիկայի բնույթի արտապատկերում է Հայաստանում, որն ունի օբյեկտիվ հիմք, և պայմանավորված է արդի (կապիտալիստական) հասարակարգին բնորոշ երկու գործոնների փոխազդեցությամբ։ Առաջինը՝ տնտեսական և դրանից բխող սոցիալական անհավասարության աճն է,[10] երկրորդը՝ արդի կապիտալիստական հասարակարգի զարգացման հիմնարար գործոններից մեկը՝ սպառողական պահանջարկի հարատև և ինտենսիվ աճը, որի արդյունքում սպառողական մշակույթը ներմուծվում է մարդու կենսագործունեության բոլոր ոլորտները։ Սպառողական մշակույթը մարդկանց շրջանում արմատավորող և զարգացնող գովազդային ընդհանրացված ուղերձն է՝ «ունեցիր ամեն ինչ՝ հիմա և միանգամից»։
Ակնհայտ է, որ այս երկու գործոնների համատեղ ազդեցությունը նվազեցնում է և՛ երեխաների պահանջմունքը, և՛ այդ պահանջմունքի իրականացման մակարդակը։ Երեխան պահանջում է «զոհաբերություն». անհրաժեշտ է հրաժարվել «ունենալ ամեն ինչ», «ունենալ հիմա» և «ունենալ միանգամից» դիրքորոշումներից։ Այս դիրքորոշումները, որոնք պոստինդուստրիալ արժեհամակարգի տարր են, մրցակցում է երեխա ունենալու մարդու խորքային պահանջմունքի հետ և, ինչպես ցույց է տալիս աշխարհի երկրների մեծ մասում պտղաբերության գործակցի հարատև նվազումը, աստիճանաբար հաղթում է։
Ընդ որում, պոստինդուստրիալ արժեհամակարգի ներմուծումն այն հասարակություններում, որտեղ տնտեսությունը դեռևս չի հասել պոստինդուստրիալ զարգացման մակարդակին (ինչպիսին Հայաստանն է), շատ ավելի հզոր ազդեցություն է ունենում երեխաների պահանջմունքի իրականացվածության մակարդակի վրա, քան՝ տնտեսապես զարգացած երկրներում։ Տնտեսապես թույլ զարգացած երկրներում, որտեղ ներդրվել է պոստինդուստրիալ արժեհամակարգը, ավելի մեծ է «բավարար բարենպաստ» և «առկա» սոցիալ-տնտեսական պայմանների միջև տարբերությունը, հետևաբար, ավելի մեծ է նաև պոստինդուստրիալ արժեհամակարգի ազդեցությունը երեխաների պահանջմունքի իրականացվածության մակարդակի նվազեցման վրա։
Գծապատկեր 2. Երեխաների պահանջմունքի իրականացվածության մակարդակը տարիքային խմբերում։ 18-29 տարիքային խմբի համար տեղադրված է ցուցանիշի էքստրապոլացված արժեքը։ «Կյանքի որակը Հայաստանում»:
Հետազոտության արդյունքում.
- Արտահայտվել է ժողովրդագրության տեսությունից հայտնի այն դրույթը, որ անձի երեխաների պահանջմունքը մոտ է նրա ծնողների ընտանիքում երեխաների քանակին։
Դրա բովանդակային մեկնաբանությունն այն է, որ.
- Ծնողների (ընտանիքի) մշակութային արժեհամակարգը, այդ թվում՝ նաև երեխաների պահանջմունքը, նշանակալի չափով փոխանցվում է երեխաներին։
Գծապատկեր 1-ից երևում է, որ այդ երկու ցուցանիշներն արտապատկերող գծերը շատ մոտ են միմյանց։ Ընդ որում, հարցվողների շրջանում երեխաների պահանջմունքի միջին արժեքն ավելի բարձր է, քան նրանց ծնողների ընտանիքներում երեխաների միջին քանակը, ինչը նշանակում է, որ.
- Հայաստանի սոցիոմշակութային դինամիկայի առանձնահատկությունն այն է, որ մշակութային արժեքների միջսերնդային ժառանգումը բավական ավտոնոմ է սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխություններից։
Սոցիալ-տնտեսական վիճակը կարող է բարելավել կամ վատթարանալ, սակայն դա քիչ է ազդում միջսերնդային մշակութային ժառանգականության վրա։
Այս արդյունքը հուշում է, որ գոյություն ունի ծնելիության բարձրացման մշակութային գործոնի ռեզերվ։ Քանի որ ներկայիս տատիկների և պապիկների շրջանում նշանակալիորեն ավելի բարձր է երեխաների պահանջմունքը, իսկ թոռների հետ համատեղ բնակվելու դեպքում, այդ դիրքորոշումների ժառանգման հավանականությունն ավելի բարձր է, հետևաբար.
- Հայկական ընտանիքներում երեխաների պահանջմունքի բարձր մակարդակի պահպանման համար անհրաժեշտ է՝
- մշակել և ծնելիության բարձրացման ռազմավարություններում ընդգրկել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք պահպանում են առկա ընդլայնված ընտանիքները և խթանում են նոր ընդլայնված ընտանիքների առաջացումը[11],
- հասարակությունում կազմավորել այնպիսի պայմաններ, որոնք կհաճախացնեն և կինտենսիվացնեն մարդու ծնողների և երեխաների միջև հաղորդակցությունը։
Հարկ է հատկապես ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չնայած Հայաստանի հասարակությունում 18-29 տարեկան երիտասարդների շրջանում երեխաների պահանջմունքը մոնոտոն նվազել է, այնուամենայնիվ.
- Ներկայում 18-29 տարեկանների շրջանում երեխաների պահանջմունքի առկա մակարդակի (3.12) լիակատար բավարարման դեպքում Հայաստանում հնարավոր է բնակչության ընդլայնված վերարտադրությունը։
Հիշենք, որ բնական վերարտադրության համար անհրաժեշտ է, որպեսզի կնոջ պտղաբերության գործակիցը գերազանցի 2.15-ը։
Բնական աճի հիմնական ցուցանիշների կորելյացիաները
Քանի որ տվյալները ցույց են տվել, որ բոլոր դիտարկվող ցուցանիշները ժամանակի ընթացքում (ազդեցության տակ) նվազում են, ապա կարևոր է ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք այդ ցուցանիշները կախված կլինեն միմյանցից, եթե բացառվի (չեզոքացվի) ժամանակի ազդեցությունը։
Այդ հարցի պատասխանը հնարավոր է ստանալ Աղյուսակ 1-ի տվյալներից։ Աղյուսակի վերևի ենթաաղյուսակում տրված է բնակչության բնական աճին վերաբերող դիտարկված չորս ցուցանիշների և «տարիք» (ժամանակ) փոփոխականի կորելյացիոն մատրիցան, իսկ ներքևի ենթաաղյուսակում բնական աճի չորս դիտարկվող փոփոխականների մասնակի կորելյացիաների մատրիցան, երբ բացառված է տարիք փոփոխականի ազդեցությունը։
Կառավարվող փոփոխական |
Ծնելիության վրա ազդող ցուցանիշներ |
Ծնողների ընտանիքում երեխաների քանակը |
Երեխաների պահանջմունքը |
Երեխաների քանակը |
Երեխաների պահանջ. բավ. |
Տարիք |
Չկա |
Ծնողների ընտանիքում երեխաների քանակը |
1.000 |
0.189 |
0.346 |
0.214 |
0.391 |
Երեխաների պահանջմունքը |
0.189 |
1.000 |
0.300 |
-0.214 |
0.237 |
|
Երեխաների քանակը |
0.346 |
0.300 |
1.000 |
0.736 |
0.576 |
|
Երեխաների պահանջմունքի բավարարվածությունը |
0.214 |
-0.214 |
0.736 |
1.000 |
0.426 |
|
Տարիք |
0.391 |
0.237 |
0.576 |
0.426 |
1.000 |
|
Տարիք |
Ծնողների ընտանիքում երեխաների քանակը |
1.000 |
0.108 |
0.161 |
0.057 |
- |
Երեխաների պահանջմունքը |
0.108 |
1.000 |
0.206 |
-0.358 |
- |
|
Երեխաների քանակը |
0.161 |
0.206 |
1.000 |
0.663 |
- |
|
Երեխաների պահանջմունքի բավարարվածությունը |
0.057 |
-0.358 |
0.663 |
1.000 |
- |
Աղյուսակ 1. Ծնելիության աճի ցուցանիշների կորելյացիոն մատրիցաները։ Վերևի ենթաաղյուսակում տրված են 0-կարգի (Պիրսոնի) կորելյացիաները։ Ներքևի ենթաաղյուսակում տրված են մասնակի կորելյացիաները, երբ բացառվել է տարիք (ժամանակ) փոփոխականի ազդեցությունը։ Բոլոր կորելյացիաները նշանակալի են 0.000 մակարդակում:
Երկու ենթաաղյուսակների բոլոր կորելյացիաները վիճակագրորեն հավաստի են 0.000 մակարդակում, բացի «Երեխաների պահանջմունքի բավարարվածությունը» և «Ծնողների ընտանիքում երեխաների քանակը» փոփոխականների միջև կորելյացիայից, որի հավաստիության մակարդակն 0.012 է, ինչը նույնպես հավաստիության շատ բարձր մակարդակ է։
Դիտարկվող խնդրի տեսակետից վերևի ենթաաղյուսակի ամենակարևոր արդյունքն այն է, որ բնական վերարտադրության բոլոր ցուցանիշները շատ ավելի ուժեղ են կորելացված տարիք փոփոխականի, քան՝ միմյանց հետ (տես՝ վերևի ենթաաղյուսակի «Տարիք» սյունը)։ Դրանից հետևում է, որ ծնելիության վրա ազդող դիտարկվող բնութագրերի վրա առավել հզոր ազդեցությունն է գործում «ժամանակը»։
Մյուս կողմից, ներքևի ենթաաղյուսակում, որտեղ բացառված է տարիքի ազդեցությունը, բոլոր կորելյացիաները թեև էապես նվազել են (դրանք նշված են կապույտ գույնով), սակայն մնացել են վիճակագրորեն բարձր հավաստիություն ունեցող։
Սակայն, մեր համար կարևոր է, որ.
- «Ժամանակի» ազդեցության բացառման պայմաններում, բոլոր դիտարկվող փոփոխականները մնում են վիճակագրորեն հավաստի փոխկապակցված, հետևաբար՝ մեծ հավանականությամբ, ունեն պատճառահետևանքային կապ։
Աղյուսակ 1-ի հիմնական արդյունքները վիզուալ ներկայացված են Գծապատկեր 3-ում տրված մոդելում։ Գծապատկերում կանաչ քառակուսում տրված է մոդելի անկախ փոփոխականը՝ ժամանակը։ Կարմիր շրջանակներով պատկերված են բնական աճը պայմանավորող փոփոխականները։
Սլաքները ցույց են տալիս պատճառահետևանքային ազդեցությունների ուղղություններ։ Կարմիր սլաքը նշանակում է, որ «պատճառ» ցուցանիշի արժեքի աճը բարձրացնում է «հետևանք» ցուցանիշի արժեքը։ Կապույտ սլաքը նշանակում է, որ «պատճառ» ցուցանիշի արժեքի աճը նվազեցնում է «հետևանք» ցուցանիշի արժեքը։ Որքան հաստ է սլաքը, այնքան հզոր է ազդեցությունը։ Սլաքի կողքին գրված թիվը կորելյացիայի արժեքն է՝ բազմապատկած 100-ով։
«Ժամանակ» փոփոխականից դուրս եկող սլաքների արժեքները Աղյուսակ 1-ի վերևի ենթաաղյուսակի «տարիք» սյան տվյալներն են, իսկ բնական աճի ցուցանիշները միացնող սլաքների տվյալները՝ Աղյուսակ 1-ի ներքևի ենթաաղյուսակի։
Մոդելը թույլ է տալիս ավելի խորն ընկալել Աղյուսակ 1-ի ամբողջ կորելյացիոն մատրիցայի բովանդակությունը։
Գծապատկեր 3. Բնական աճի ցուցանիշների և ժամանակի շաղկապվածության մոդելը։
Գծապատկերում ուղղահայաց սև գծով մոդելը բաժանված է երկու մասի։ Գծից ձախ՝ «ժամանակն է» կամ Հայաստանի հասարակության արտաքին միջավայրը («գլոբալ աշխարհը»), որտեղ ձևավորվում են և Հայաստանի հասարակություն ներմուծվում գլոբալ կամ էկզոգեն ազդեցությունները՝ որպես պոստինդուստրիալ արժեհամակարգ։ Այդ ազդեցությունները (կապույտ գծերը) վատթարացնում են Հայաստանում ծնելիությունը պայմանավորող բոլոր բնութագրերը։
Գծից աջ՝ Հայաստանում ծնելիությունը պայմանավորող ներքին կամ էնդոգեն բնութագրերն են, որոնք ձևավորվում են Հայաստանում դեռևս գերակայող ավանդական արժեհամակարգի ազդեցությամբ։ Դրանք բոլորը, բացի մեկից, բարձրացնում են ծնելիությունը՝ ընտանիքում երեխաների քանակը։
Ընդ որում, մոդելը բացատրում է, թե ինչո՞ւ է ծնելիությունը Հայաստանում նվազում։ Գլոբալ գործոնի («ժամանակի») բացասական ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա ավելի ուժեղ է (կորելյացիոն գործակիցը՝ 0.237), քան ավանդական արժեհամակարգի ազդեցությունը։ Վերջինս ընդգրկված է «երեխաների քանակը ծնողների ընտանիքում» փոփոխականում։ Ծնողների ընտանիքում երեխաների քանակի և երեխաների պահանջմունքի միջև կորելյացիան ավելի փոքր է և հավասար է 0.108-ի, հետևաբար.
- Ներկայում Հայաստանում ծնելիությունը պայմանավորող գլոբալ ազդեցությունն ավելի հզոր է, քան ավանդական արժեհամակարգի ազդեցությունը՝ դիմադրողականությունը։
Ռազմավարական եզրակացությունն ակնհայտ է և պարզ.
- Հայաստանում ծնելիության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է նվազեցնել գլոբալ արժեհամակարգի և հզորացնել ավանդական արժեհամակարգի ազդեցությունը։
- Իսկ այդ ռազմավարական դրույթի իրականացման գործիքը համապատասխան համակարգային մշակութային (ավելի ճիշտ՝ կրթամշակութային) քաղաքականությունն է։[12]
Աղյուսակ 1-ում առկա է մեկ այլ կարևոր առանձնահատկություն. ժամանակի ազդեցության բացառումից հետո «երեխաների պահանջմունքի» և «երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակի» միջև կապն ավելի է ուժեղացել։ Ընդ որում, հարկ է ուշադրություն դարձնել, որ և՛ վերևի, և՛ ներքևի ենթաաղյուսակներում այդ փոփոխականների միջև կորելյացիաները բացասական են, այսինքն կորելյացիոն մատրիցաները և դրանց համապատասխանող մոդելը հուշում են, որ.
- Հայաստանյան ընդհանրացված կենսական միջավայրի բնույթն այնպիսին է, որ, ինչքան ավելի բարձր է մարդու երեխաների պահանջմունքը, այնքան կենսական միջավայրն ավելի հզոր կերպով է խոչընդոտում դրա իրականացմանը։
Հետևաբար,
- Հայաստանում բնական աճի բարձրացմանն ուղղված ռազմավարություններում պետք է լինի երեխաների բարձր պահանջմունք ունեցող ընտանիքների բացահայտումը և առաջանցիկ աջակցությունը։
Երեխաների պահանջմունքը սեռատարիքային խմբերում
Երեխաների պահանջմունքի դիտարկումը սեռատարիքային խմբերում (Գծապատկեր 4) վեր է հանում մի քանի առանձնահատկություններ, որոնք կարևոր են ծնելիության բարձրացման ռազմավարությունների համար։
Տվյալների վիճակագրական վերլուծությունը[13] ցույց տվեց, որ.
- Ե՛վ տղամարդկանց, և՛ կանանց համար երեխաների պահանջմունքի միջին արժեքները տարիքային խմբերում վիճակագրորեն նշանակալի տարբերվում են, բացի 46-60 և 60+ խմբերից։
- Յուրաքանչյուր տարիքային խմբում երեխաների պահանջմունքի միջին արժեքներն ըստ սեռի վիճակագրորեն նշանակալի տարբերվում են։
- Սեռ և տարիք փոփոխականների միջև փոխազդեցության ազդեցությունը երեխաների պահանջմունքի միջին արժեքի վրա չի հայտնաբերվել։
Գծապատկեր 4. Երեխաների պահանջմունքի միջին արժեքները սեռատարիքային խմբերում։ «Կյանքի որակը Հայաստանում, 2014»։
Գծապատկերի տվյալների և դրանց վիճակագրական վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ.
- Հայաստանի հասարակությունում, հետազոտությամբ ընդգրկված բոլոր ժամանակահատվածներում երեխաների պահանջմունքի նվազման ավանգարդում են եղել կանայք, ինչը համապատասխանում է ժողովրդագրության տեսության այն դրույթին, որ.
- ինդուստրիալ և պոստինդուստրիալ հասարակությունների կացութաձևերը նվազեցնում են ծնելիությունը առաջին հերթին և հիմնականում կանանց վրա ունեցած իրենց ազդեցությունով։
Երեխաների պահանջմունքը բնակավայրի տիպերում
Երեխաների պահանջմունքի միջին արժեքների վիճակագրական վերլուծությունն ըստ տարիքի և բնակավայրի տիպի ցույց տվեց, որ դրանց փոխազդեցությունը վիճակագրորեն հավաստի ազդեցություն ունի երեխաների պահանջմունքի միջին արժեքի վրա (տես՝ Գծապատկեր 5)։ Պարզվեց, որ.
- Ավագ՝ 60+ տարիքային խմբում (մինչև 1954թ. ծնվածները, նրանք, ովքեր իրենց վերարտադրողական տարիքին են հասել 1960-ականներին) երեխաների պահանջմունքի միջին արժեքը Երևանում վիճակագրորեն նշանակալիորեն ավելի ցածր է, քան մնացած քաղաքներում և գյուղերում (ցուցանիշի արժեքները քաղաքներում և գյուղերում միմյանցից վիճակագրորեն չէին տարբերվում)։
Սա նշանակում է, որ 1960-ականներին Երևանում արդեն հաստատվել էր ինդուստրիալ հասարակությանը հատուկ վերարտադրողական վարքը (ինչը հաղորդակցվում է նախորդ հոդվածում ստացված այն արդյունքի հետ, որ Հայաստանում ժողովրդագրական անցման երրորդ փուլը հաստատվել է պայմանականորեն 1960թ.-ից), սակայն փոքր քաղաքներում այն դեռևս «նման էր» գյուղական բնակավայրերին։
- 46-60 տարիքային խմբում (1955-1968թթ. ծնվածները) երեխաների պահանջմունքի միջին արժեքը քաղաքներում նվազել է և մոտեցել Երևանին։ Երևանում այն մնացել է մոտավորապես նույն մակարդակի, իսկ գյուղերում փոքր-ինչ նվազել է, սակայն մնացել վիճակագրորեն ավելի բարձր, քան Երևանում և այլ քաղաքներում։
Նշենք, որ այս տարիքային խմբի ակտիվ վերարտադրողական ժամանակաշրջանը եղել է 1977-1989թթ.-ն, ինչը նշանակում է, որ այդ տարիներին է Հայաստանի փոքր քաղաքներում հաստատվել ինդուստրիալ հասարակությանը հատուկ վերարտադրողական վարքը և այդ առումով Հայաստանի քաղաքներն սկսել են ավելի «նմանվել» Երևանին՝ «հեռանալով» գյուղերից։ Այս արդյունքը հաղորդակցվում է պատմական իրողություններին։ Հայտնի է, որ նշված տարիներին Խորհրդային Հայաստանում բուռն զարգանում էին փոքր քաղաքները։ Քաղաքներում հիմնադրվում էին ինչպես երևանյան, այնպես էլ միութենական ձեռնարկությունների բազմաթիվ մասնաճյուղեր։ Փոքր քաղաքների զարգացման ռազմավարական նպատակների շարքում էր Հայաստանի շրջանների համաչափ զարգացումը և Հայաստանի բնակչության տեղաբաշխման համաչափության պահպանումը։ Արդյունաբերության զարգացումը փոքր (շրջանային) քաղաքներում տեղում էր պահում նաև գյուղերից արտահոսող բնակչությունը։ Գյուղերից բնակչության արտահոսքի կարևոր գործոններից էր ագրոտեխնիկայի զարգացումը, որը բարձրացնելով գյուղատնտեսության արտադրողականությունը, առաջացնում էր աշխատուժի ավելցուկ։ Նշենք, որ շրջանային քաղաքների զարգացումը նպաստում էր նույնիսկ հեռավոր և լեռնային գյուղերի զարգացմանը, քանի որ մերձակայքում զարգացող արդյունաբերական քաղաքը նրանց համար վերածվում էր գյուղմթերքի հասանելի շուկայի։
- 30-45 (1969-1984թթ.) և 18-19 (1985-1996թթ.) տարեկանների խմբում երեխաների պահանջմունքի միջին արժեքը մոտ է Երևանի ցուցանիշին նաև գյուղերում։ Այդ տարիքային խմբերում ցուցանիշի միջին արժեքն ըստ բնակավայրի տիպերի (Երևան, քաղաքներ, գյուղեր) վիճակագրորեն չի տարբերվում։
Հիշենք, որ առաջին խմբի ակտիվ վերարտադրողական տարիքը սկսվել է 1991թ.-ից, իսկ երկրորդինը՝ 2007թ.-ից։
Ստացված արդյունքը համապատասխանում է Հայաստանի քաղաքներում և գյուղերում կնոջ պտղաբերության գործակցի դինամիկային (տես՝ Գծապատկեր 6)։[14] Սկսած 1991թ.-ից, երբ «Կյանքի որակը Հայաստանում, 2014» հետազոտության ընտրանքի 45-60 տարեկանների սերունդը մտավ վերարտադրողական ակտիվ փուլ, Հայաստանի քաղաքներում և գյուղերում պտղաբերության գործակցի տարբերությունը սկսեց կրճատվել, իսկ 2000-ականներից՝ գործնականում դարձավ հավասար 0-ի։ Սակայն, սկսած 2011թ.-ից պտղաբերության գործակցի արժեքը գյուղերում դարձավ ավելի փոքր, քան քաղաքներում (ներառյալ Երևանը)։
Գծապատկեր 5. Երեխաների պահանջմունքի միջին արժեքներն՝ ըստ տարիքի և բնակավայրի տիպի։ «Կյանքի որակը Հայաստանում, 2014»։
Գծապատկեր 6. Պտղաբերության գործակիցը Հայաստանում՝ ըստ քաղաքների և գյուղերի, 1958-2017թթ.։ ՀՀ ՎԿ
Ո՞րն է գյուղական բնակավայրերում պտղաբերության գործակցի նման «ոչ ստանդարտ» դինամիկայի պատճառը։ Սոցիոլոգիական տվյալների վերլուծությունը հուշում է, որ դրա կարևորագույն պատճառների շարքում է արտագնա աշխատանքային միգրացիան։ Բազմաթիվ աշխատանքային միգրանտներ Հայաստանից բացակայում են մեկ տարուց ավելի։ «Կյանքի որակը Հայաստանում» 2011-2016թթ. հետազոտությունների շարքը ցույց է տվել, որ.
- Աշխատանքային միգրանտների միջին տարեկան քանակը մոտ 200,000 մարդ է։
- Նրանց մոտ 97%-ը տղամարդիկ են,
- Մոտ 64%-ը՝ 18-45 տարեկան տղամարդիկ,
- 2014թ.-ին Երևանի ընտանիքների 12%-ն ուներ աշխատանքային միգրանտ, իսկ գյուղական ընտանիքների՝ մոտ 30%-ը,
- 2014թ.-ի աշխատանքային միգրանտների 49%-ը գյուղերից էին, այն դեպքում, երբ Հայաստանի գյուղական բնակչությունը կազմում է մոտ 36%։
Հետևաբար.
- Աշխատանքային միգրանտների ինչպես դրական (օրինակ՝ դրամական տրանսֆերտների տեսակետից), այնպես էլ բացասական (օրինակ՝ ամուսնությունների և ծնելիության նվազման տեսակետից) ազդեցությունը գյուղերում 1.7 անգամ ավելի հզոր է, քան քաղաքներում։
Այս հատվածի վերջում նշենք, որ դիսպերսիոն վերլուծությունը բարեկեցության և կրթամակարդակի վիճակագրորեն հավաստի ազդեցություն երեխաների պահանջմունքի միջին արժեքի վրա չի հայտնաբերել։ Չի հայտնաբերվել նաև այդ փոփոխականների և «տարիք» փոփոխականի միջև փոխազդեցությունների ազդեցությունը երեխաների պահանջմունքի միջին արժեքի վրա։
Երեխաների պահանջմունքի բավարարվածությունը
Այժմ անդրադառնանք երեխաների պահանջմունքի բավարարվածություն ցուցանիշին։ Հոդվածի մեթոդաբանական հատվածում նշել ենք, որ բոլոր անհրաժեշտ (բարենպաստ) պայմանների առկայության դեպքում մարդու իրականում ունեցած երեխաների քանակը վերևից սահմանափակված է երեխաներ ունենալու նրա պահանջմունքով։ Այս դրույթը հիմնավորվում է հետազոտական տվյալներով։
Աղյուսակ 2-ում տրված է Հայաստանի հասարակությունում մարդկանց մոտ երեխաների ցանկալի և իրական քանակի միջև տարբերությունների բաշխումը («Կյանքի որակը Հայաստանում 2014»)։ Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում մարդկանց մոտ երեք քառորդը՝ (74.5%) անկախ սեռից, ունեցել է ավելի քիչ երեխա, քան ցանկացել է, շուրջ մեկ քառորդն (24.3%) ունեցել այնքան երեխա, որքան ցանկացել է, և միայն հարյուրից մեկն է (1.1%) ունեցել ավելի շատ երեխա, քան ցանկացել է։
Երեխաների ցանկալի և իրական քանակի տարբերությունը |
Արական |
Իգական |
Ընդամենը |
Ունեցել են ավելի շատ երեխա, քան՝ ցանկացել են |
0.8% |
1.4% |
1.1% |
Ունեցել են այնքան երեխա՝ որքան ցանկացել են |
17.1% |
30.3% |
24.3% |
Ունեցել են ավելի քիչ երեխա, քան՝ ցանկացել են |
82.1% |
68.2% |
74.5% |
Այդ թվում. |
|
|
|
Ունեցել են 1 երեխա պակաս, քան՝ ցանկացել են |
11.2% |
23.3% |
17.8% |
Ունեցել են 2 երեխա պակաս, քան՝ ցանկացել են |
30.0% |
29.7% |
29.8% |
Ունեցել են 3 երեխա պակաս, քան՝ ցանկացել են |
18.4% |
8.5% |
13.0% |
Ունեցել են 4 և ավելի երեխա պակաս, քան՝ ցանկացել են |
22.5% |
6.7% |
13.9% |
Ընդամենը |
100.0% |
100.0% |
100.0% |
Աղյուսակ 2. Երեխաների ցանկալի և իրական քանակի տարբերությունը։ «Կյանքի որակը Հայաստանում 2014»։ Երեխաների ցանկալի քանակը հաշվառվել է «Քանի՞ երեխա կուզեիք ունենալ, եթե լինեն բնակարանային, ֆինանսական և այլ անհրաժեշտ պայմանները» հարցով:
Հետևաբար, Հայաստանում.
- Հասարակությունում երեխաներ ունենալու պահանջմունքի ընդհանրացված ցուցանիշը (միջին արժեքը) ընտանիքներում երեխաների հնարավոր իրական քանակի վերին սահմանն է, կամ, այլ կերպ, համարժեք է այդ հասարակությունում տվյալ ժամանակահատվածում և պայմաններում, կնոջ պտղաբերության գործակցի հնարավոր առավելագույն արժեքին։
Աղյուսակ 2-ում ներկայացված երեխաների ցանկալի և իրական քանակի տարբերություն ըստ սեռի դիտարկելիս ստացվում է հետևյալ պատկերը. տղամարդկանց 17.1%-ն է ունեցել այնքան երեխա, որքան ցանկացել է, իսկ ունեցել է իր ցանկացածից ավելի քիչ երեխա՝ 82.1%-ը, այն դեպքում, երբ կանանց 30%-ն ունեցել է այնքան երեխա, որքան ցանկացել է, իսկ իր ցանկացածից ավելի քիչ երեխա է ունեցել 68.2%-ը։
Նույն բովանդակությունն է արտահայտվել նաև Գծապատկեր 7-ում, որի տվյալները ներկայացնում են երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակը տղամարդկանց և կանանց շրջանում՝ ըստ տարիքային խմբերի։ Հիշենք, որ այդ ցուցանիշի 1 արժեքը նշանակում է, որ մարդն ունեցել է այնքան երեխա, որքան ցանկացել է ունենալ բոլոր նպաստավոր պայմանների առկայության դեպքում։ Ցուցանիշի 0 արժեքը նշանակում է, որ երեխաներ չի ունեցել, հետևաբար, երեխաների պահանջմունքի բավարարվածությունը հավասար է 0-ի։ Ցուցանիշի 1-ից մեծ արժեքը կնշանակեր, որ մարդն ունեցել է ավելի շատ երեխա, քան ցանկանում էր ունենալ բոլոր նպաստավոր պայմանների առկայության դեպքում։
Գծապատկեր 7. Երեխաների պահանջմունքի բավարարվածությունը Հայաստանում ըստ սեռի և տարիքի։ «Կյանքի որակը Հայաստանում, 2014»:
Գծապատկերից երևում է, որ տարիքային բոլոր խմբերում, կանանց շրջանում երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակը միշտ եղել է ավելի բարձր, քան տղամարդկանց շրջանում։ Այսինքն, չնայած և՛ տղամարդիկ, և՛ կանայք ունեցել են ավելի քիչ երեխա, քան ցանկացել են (բոլոր տվյալները փոքր են 1-ից), սակայն կանանց շրջանում այդ ցուցանիշը միշտ եղել է ավելի բարձր, քան տղամարդկանց շրջանում։
Հետևաբար.
- Հայաստանի ընտանիքներում երեխաների իրական քանակը, պայմանավորվում է առավելապես կանանց ցանկությամբ։
Եզրակացություններ և առաջարկներ
Ժողովրդագրական հետազոտությունների մեթոդաբանության տեսակետից.
- Հետազոտությամբ հաստատվել է այն հիպոթեզը, որ հասարակությունում երեխաների պահանջմունքի ընդհանրացված ցուցանիշն իր բովանդակությամբ համարժեք է այդ հասարակությունում տվյալ ժամանակահատվածում կնոջ պտղաբերության գործակցի հնարավոր առավելագույն արժեքին։
Ծնելիության ուսումնասիրության ինչպես տեսական, այնպես էլ գործնական ուսումնասիրություններում այս դրույթը նշանակալիորեն ընդլայնում է զանգվածային սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանական պոտենցիալը։
Հետազոտության հիմնական բովանդակային և գործնական-ռազմավարական արդյունքներն ու եզրակացություններն են.
- Երեխաների պահանջմունքը պայմանավորված է մշակութային գործոններով, իսկ երեխաների պահանջմունքի բավարարվածությունը՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական գործոններով, որոնք, իրենց հերթին, փոխակերպված են (մոդիֆիկացված են) մշակութային գործոններով։[15]
- Ներկայում, Հայաստանում ծնելիությունը պայմանավորող (նվազեցնող) գլոբալ ազդեցություններն ավելի հզոր են, քան Հայաստանի հասարակությունում դեռևս առկա ավանդական արժեհամակարգի դիմադրողականությունը։
- Հայաստանի հասարակությունում, հետազոտությամբ դիտարկված ժամանակահատվածում (1950-2014թթ.), մոնոտոն նվազել են և՛ երեխաների պահանջմունքը, և՛ երեխաների պահանջմունքի իրականացվածության մակարդակը։
- Այնուամենայնիվ, Հայաստանի 18-29 տարեկան երիտասարդների երեխաների պահանջմունքի մակարդակի (որը 3.12 է) 68 և ավելի տոկոսով իրականացնելու դեպքում Հայաստանում կապահովվի բնակչության ընդլայնված բնական վերարտադրությունը, այսինքն՝ ռազմավարական ապագայում բնակչության քանակը կաճի (Ներկայում, 18-29 տարեկանների խմբում, երեխաների պահանջմունքի իրականացման մակարդակի գնահատականը 52% է)։
- Հայաստանի ընտանիքներում երեխաների պահանջմունքը կանանց շրջանում նշանակալիորեն ավելի ցածր է, քան տղամարդկանց շրջանում։
- Հայաստանի ընտանիքներում երեխաների քանակը և երեխաների պահանջմունքի իրականացվածությունը պայմանավորված է առավելապես կանանց շրջանում երեխաների պահանջմունքի մակարդակով։
- Հայաստանի հասարակությունում, հետազոտությամբ ընդգրկված բոլոր ժամանակահատվածներում, երեխաների պահանջմունքի նվազման ավանգարդում են եղել կանայք, ինչը համապատասխանում է ժողովրդագրության տեսության այն դրույթին, որ ինդուստրիալ և պոստինդուստրիալ հասարակությունների կացութաձևերը նվազեցնում են ծնելիությունը առաջին հերթին և հիմնականում կանանց վրա ունեցած ազդեցությամբ։
- Հայաստանի սոցիոմշակութային դինամիկայի առանձնահատկությունն այն է, որ մշակութային արժեքների միջսերնդային ժառանգումը դեռևս ավտոնոմ է սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխություններից և, դրա պահպանման դեպքում, հանդիսանում է հասարակությունում ծնելիության բարձրացման հզոր գործոն։
- Հայաստանում ավագ սերնդի՝ ներկայիս տատիկների և պապիկների շրջանում երեխաների պահանջմունքը նշանակալիորեն ավելի բարձր է, քան իրենց՝ մանկահասակ և դեռահաս երեխաներ ունեցող երեխաների ընտանիքներում։ Հետևաբար, թոռների հետ համատեղ բնակվելը կամ նրանց հետ շփումների ակտիվացումը, կհզորացնի մշակութային ժառանգականության ազդեցությունը, դրանով իսկ կնպաստի հասարակությունում ծնելիության բարձրացմանը։
- Հայաստանյան ընդհանրացված կենսական միջավայրի բնույթն այնպիսին է, որ, որքան ավելի բարձր է մարդու երեխաների պահանջմունքը, այնքան կենսական միջավայրն ավելի է խոչընդոտում դրա իրականացմանը։
- Հայաստանի գյուղերում աշխատանքային միգրացիայի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցությունը (մասնավորապես՝ ամուսնությունների և ծնելիության նվազման տեսակետից) 1.7 անգամ ավելի հզոր է, քան քաղաքներում։
Վերոնշյալ կոնտեքստում ռազմավարական եզրակացություններն ակնհայտ են.
- Հայաստանում ծնելիության մակարդակը բարձրացնելու տեսակետից հիմնական ռազմավարական դրույթն այն է, որ դրա համար անհրաժեշտ է նվազեցնել գլոբալ արժեհամակարգի ազդեցությունը և հզորացնել ավանդական արժեհամակարգի ազդեցությունը։
- Նշված ռազմավարական դրույթի ունիվերսալ գործիքն է համապատասխան համակարգային կրթամշակութային քաղաքականությունը։
Ստացված հիմնական արդյունքների հիման վրա առաջարկվում է Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված ռազմավարություններում հաշվի առնել և կիրառել հետևյալ ռազմավարական դրույթները։
- Հայաստանում երեխաների պահանջմունքի բարձրացումը պետք է իրականացնել մանուկ և պատանի հասակում, առաջին հերթին՝ աղջիկների դաստիարակության միջոցով։ Այս դրույթը պետք է նախ և առաջ իրականացվի ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
- Մարդու վերարտադրողական տարիքում[16] պետք է ապահովել երեխաների պահանջմունքի իրականացման հնարավորինս բարձր մակարդակ։ Այս դրույթը պետք է իրականացվի աշխատանքային, հարկային, բյուջետային, տնտեսական և սոցիալական օրենսդրության և ռազմավարությունների միջոցով։
- Անհրաժեշտ է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շրջանակներում մշակել մանուկ և դեռահաս աղջիկների դաստիարակության հատուկ ռազմավարություն, որի նպատակն է նպաստել նրանց շրջանում երեխաներ ունենալու պահանջմունքի աճին։
- Հայաստանում բնական աճի բարձրացմանն ուղղված ռազմավարություններում պետք է առկա լինի երեխաների բարձր պահանջմունք ունեցող ընտանիքների բացահայտման և առաջանցիկ աջակցության բաղադրիչը, որը պետք է իրականացնի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
- Հայկական ընտանիքներում երեխաների պահանջմունքի բարձր մակարդակի պահպանման համար անհրաժեշտ է.
- Մշակել և ծնելիության բարձրացման ռազմավարություններում ընդգրկել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք պահպանում են առկա ընդլայնված ընտանիքները և խթանում են նոր ընդլայնված ընտանիքների առաջացումը։
- Հասարակությունում անհրաժեշտ է կազմավորել այնպիսի պայմանների համակարգ, որը կհաճախացնի և առավել ակտիվ կդարձնի մարդու ծնողների և երեխաների միջև հաղորդակցությունը։
- Այս ֆունկցիան պետք է իրականացնեն համատեղ՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև ՀՀ Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարությունը։ Հարկ է նշել, որ այս ռազմավարական մոտեցումը կնպաստի նաև ավագ տարիքի անձանց հետ կապված մի շարք խնդիրների լուծմանը։
- Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացման համար, անհրաժեշտ է.
- քննադատաբար մոտենալ պոստինդուստրիալ արժեհամակարգերի արհեստական ներմուծումանը[17],
- սոցիալական համակարգերի արդյունավետության գնահատման հարցում առևտրային ցուցանիշների կիրառումից,
- տնտեսության զարգացման նոր ինստիտուտների ներդրումից առաջ իրականացնել ժողովրդագրության ոլորտում դրանց հնարավոր ազդեցության օբյեկտիվ գնահատում։
- Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պարտավորությունների համապատասխան բաղադրիչների օբյեկտիվ գնահատում՝ հասարակությունում ծնելիության մակարդակի բարձրացմանը նպաստելու և/կամ խոչընդոտելու տեսակետից։
- Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության բոլոր սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական և տնտեսական ռազմավարությունների օբյեկտիվ գնահատում՝ հասարակությունում ծնելիության մակարդակի բարձրացմանը նպաստելու և/կամ խոչընդոտելու տեսակետից։
[1] Իրականացվել է ՀՀ Կառավարության պատվերով։ Համահայկական հետազոտություն 18+ տարեկան անձանց շրջանում։ Ընտրանքի ծավալը՝ 2000, հեղինակ՝ Ս. Մանուկյան, դաշտային աշխատանքները կատարել է IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը։
[2] Իրականացվել է Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոններ - Հայաստան կազմակերպության կողմից։ Համահայկական հետազոտություն 18-տարեկանների շրջանում։ Ընտրանքի ծավալը՝ 1648։ Շտեմարանը հասանելի է կայքում (վերջին այցելությունը՝ 12 հուլիսի, 2019)։
[3] Հայաստանում Հետազոտությունն իրականացրել են Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնագետները։ Հետազոտության արդյունքներով հրատարակվել է մենագրություն. Մկրտիչյան Ա., Վերմիշյան Հ., Բալասանյան Ս., Անկախության սերունդ. Հետազոտություն երիտասարդների շրջանում. Հայաստան 2016. // Հայաստան 2016. – Եր.։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, 2016, 232 էջ։ Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի 15-29 տարեկան երիտասարդների շրջանում։ Ընտրանքի ծավալը՝ 1200։ Տվյալների շտեմարանները հասանելի են. http://www.fes-caucasus.org/fileadmin/
http://www.fes-caucasus.org/fileadmin
[4] Իրականացվել է ՀՀ Երիտասարդության և սպորտի նախարարության պատվերով, հեղինակ՝ Ս. Մանուկյան, դաշտային հետազոտությունները կատարել է IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը։ Համահայկական հետազոտություն 18-30 տարեկան երիտասարդների շրջանում։ Ընտրանքի ծավալը՝ 1196։
[5] Борисов В. А. Демография — М.: Издательский дом NOTABENE, 1999, 2001. — 272 с., ст. 176.
[6] Մանուկյան, Ս. Ա. Արժեքային համակարգը որպես բնակչության բնական աճը խթանող գործոն // «21-րդ ԴԱՐ», 3 (73), 2017, էջ 51-72
[7] Մենք չենք դիտարկում բացառությունները, որոնք կարող են լինել ամենատարբեր պատճառներով, որոնք սակայն ծնելիության պրոցեսի վրա էական ազդեցություն չունեն։
[8] Հարցի 1-ին և 2-րդ ձևակերպումներն ըստ էության նույնական են և առավել համապատասխան են հոդվածի նպատակներին։ 3-րդ ձևակերպումն ընդունված է եղել ամերիկյան սոցիոլոգիայում և ընդգրկվել է ՀՌԿԿ «Կովկասյան բարոմետր» հետազոտության հարցաթերթում, քանի որ դրա մշակմանը մասնակցել են ամերիկյան փորձագետները։ 4-րդ ձևակերպումը սոցիոլոգիական հետազոտության մեթոդիկայի տեսակետից շատ լայն է, որի հետևանքով արդյունքների մեկնաբանությունը բազմիմաստ է։ Տես՝ Борисов В. А. Демография — М.: Издательский дом NOTABENE, 1999, 2001. — 272 с., ст. 175-176.
[9] Քրիստոնեական բարոյագիտությունում մեղքերը, մասնավորապես՝ ագահությունը, գոռոզությունը, սնափառությունը, ցանկասիրությունը, որկրամոլությունը և այլն, հակադրվում են առաքինություններին, մասնավորապես՝ սիրոն, հեզությանը, չափավորությանը, զսպվածությանը, ժուժկալությանը, բարությանը, կարեկցանքին, համբերատարությանը, աշխատասիրությանը և այլն։
Ավանդական արժեքներն են քրիստոնեական առաքինությունները և դրանցից բխող այլ արժեքներն ու վարքի տեսակները, մասնավորապես՝ հասարակական հարաբերություններում հանրության շահի գերակայությունը անհատականի նկատմամբ, հայրենասիրությունը, հարգանքը ավագների նկատմամբ, ընտանիքի բարձր գերակայությունը, երեխաների մեծ քանակը, սեռերի միջև բնական տարբերությունների և այդ տարբերություններից բխող վարքագծային և հասարակական ֆունկցիոնալ տարբերությունների ընդունումը և հարգանքը այդ տարբերությունների նկատմամբ, բարությունը և այլն։
[10] Неравенство доходов: один процент богачей получил 82 % благ, созданных миром в 2017 году.
[11] Ընդլայնված են կոչվում այն ընտանիքները, որոնցում առկա են երկուսից ավելի սերունդներ՝ ծնողներ, երեխաներ, տատիկներ և պապիկներ։
[12] Այդ քաղաքականության տարրերի մասին՝ հաջորդ հոդվածում։
[13] Կիրառվել է միաչափ երկգործոն դիսպերսիոն վերլուծություն։
[14] ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն իր ինդիկատորների մեծ մասի համար ներկայացնում է դրանց արժեքները «քաղաք - գյուղ» կտրվածքով։ Սակայն, ինչպես ցույց են տվել բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունները, այդ թվում նաև «Կյանքի որակը Հայաստանում» 2011-2016 թթ. հետազոտությունների շարքը, Երևանը, որում բնակվում է Հայաստանի բնակչության մոտ 36%-ը, մի շարք ցուցանիշներով էականորեն տարբերվում է Հայաստանի մնացած քաղաքներից, որոնցում բնակվում է Հայաստանի բնակչության մոտ 28%-ը։
[15] Սոցիոլոգիական մեթոդաբանական տեսակետից, ցանկացած գործոն ունի իր մշակութային «բեռնվածքը»։ Օրինակ, արդյո՞ք երկու անձից կազմված երիտասարդ ընտանիքի համար, որն ունի սեփական երկու սենյականոց բնակարան, այսօր, Երևանում ամսական 400,000 դրամ կայուն եկամուտը «բավարար» ֆինանսական պայման է երեխա ունենալու համար։ Ակնհայտ է, որ մի դեպքում ընտանիքն այն կարող է «բավարար» համարել, իսկ մյուս դեպքում՝ «անբավարար»։ Ավելին՝ ամուսիններից մեկն այն կարող է «բավարար» համարել, իսկ մյուսը ոչ։ Ակնհայտ է, որ տարբերությունների պատճառները մշակութային են։
[16] Վերարտադրողական տարիքն ունի իր կենսաբանական և մշակութայնորեն պայմանավորված միջակայքը։
[17] Դրանց արհեստականության մասին՝ հաջորդ հոդվածներում։