Անդրկովկասյան հանրապետությունների երիտասարդության հետազոտություն․ վերարտադրողական վարք

20 ր.   |  2024-03-14

Ներածություն

Նախորդ հոդվածում ներկայացվել է Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը, ամուսնական վիճակը երիտասարդության շրջանում, ոչ լրիվ և ընդլայնված ընտանիքներում բնակվող երիտասարդները և միջսերնդային կոնֆլիկտներն ընտանիքներում։ Նույն հոդվածում ներկայացված է նաև Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի ֆինանսավորմամբ կատարված երիտասարդական հետազոտության ընդհանուր նկարագիրը։

Ն երկայացվող հոդվածում դիտարկվում են բնակչության բնական վերարտադրությունը (ծնելիությունը) պայմանավորող մի քանի բնութագրերի համեմատական պատկերը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 14-29 տարեկան երիտասարդների շրջանում։ Տեքստում «երիտասարդ» բառը նշանակում է և՛ կին, և՛ տղամարդ։ Կոնկրետացման անհրաժեշտության դեպքում կիրառվել է «երիտասարդ կին» և «երիտասարդ տղամարդ» բառակապակցությունները։      

Ամուսնական կարգավիճակը

Ճ իշտ ընկալելու և մեկնաբանելու համար հոդվածում ներկայացված թվային տվյալները` անհրաժեշտ է մեթոդաբանական բացատրություն տալ հետազոտության հարցաշարում կիրառված ամուսնական կարգավիճակների դասակարգման վերաբերյալ։

Հետազոտությունը նախագծել և դրա հարցաթերթերը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար մշակել է R-Research LTD կազմակերպությունը[1]։ Հետազոտությունում հարցվողների ամուսնական կարգավիճակները հավաքագրվել են «Ո՞րն է Ձեր ներկա ամուսնական կարգավիճակը» հարցի միջոցով։ Հարցվողներին է ներկայացվել կարգավիճակների ցանկ, որից նա պետք է ընտրեր իրեն առավել համապատասխանող կարգավիճակը։ Այդ կարգավիճակներն անգլերեն և հայերեն հարցաթերթերում տրված են Աղյուսակ 1-ում։

Աղյուսակ 1 Ամուսնական կարգավիճակների կատեգորիաները հետազոտության հարցաթերթերի անգլերեն և հայերեն տարբերակներում։

Ձևակերպումը հարցաթերթի հիմնական՝ անգլերեն տարբերակում

Ձևակերպումը հարցաթերթի հայերեն տարբերակում

1.        Single

Միայնակ

2.        Married

Ամուսնացած

3.        In a relationship, living with a partner

Ունեմ հարաբերություններ, ապրում եմ զուգընկերոջս հետ

4.        In a relationship, not living together

Ունեմ հարաբերություններ, չեմ ապրում զուգընկերոջս հետ

5.        Divorced

Ամուսնալուծված

6.        Widowed

Այրի/ամուրի

7.        DK

ԴՊ

8.        Refused /NA

Հրաժարվում եմ պատասխանել/Կիրառելի չէ

Հայաստանում իրականացվող հետազոտություններում տասնյակ տարիներ կիրառվել և ներկայում կիրառվում է «Երբեք չամուսնացած» կատեգորիան, որը լիովին համապատասխանում է սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկայի պահանջներին, մասնավորապես՝ այն իր բովանդակությամբ միարժեք է և բացառում է թյուրըմբռնումները։ R-Research մշակած հարցաթերթում կիրառվել է «Միայնակ» կատեգորիան, որը կարող է թյուրըմբռնում առաջացնել իր ավելի լայն բովանդակության պատճառով։ Օրինակ, միայնա՞կ է արդյոք չգրանցված ամուսնությամբ կինը, որի ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքում և երկար ժամանակ նրանից տեղեկություն չկա։ Կովկասյան մշակույթներում սխալ հասկանալով «միայնակ» կատեգորիայի իմաստը՝ իրեն կարող է «միայնակ» չհամարել նաև իր ծնողների ընտանիքում ապրող աղջիկը/կինը և դրա պատճառով ընտրել «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը կամ հրաժարվել պատասխանից։

Ամուսնական կարգավիճակի «Ունեմ հարաբերություններ, ապրում եմ/չեմ ապրում զուգընկերոջս հետ» ձևակերպումները կովկասյան մշակույթներում չեն խրախուսվում։ Հարցվող կանանց մի մասը կարող է խուսափել այդ տարբերակներն ընտրելուց, քանի որ դրանք մարդկանց պատկերացումներում հաճախ շաղկապվում են «սոցիալական ցածր պատասխանատվությամբ» անձանց, հիմնականում՝ կանանց հետ։ Մյուս կողմից, այդ կարգավիճակների բովանդակության մեջ մտնող մի շարք իրավիճակներ համապատասխանում են «չգրանցված ամուսնություն» ձևակերպմանը, որը հաճախ է հանդիպում անդրկովկասյան հասարակություններում և հասարակականորեն ընդունելի կարգավիճակ է։  Մեր, ինչպես նաև անդրկովկասյան և կովկասյան այլ մշակույթներում և՛ տղամարդիկ, և՛ կանայք «չգրանցված ամուսնությունը», որը տեղի է ունեցել տվյալ հասարակությունում ընդունելի ծեսերի և նորմերի պահպանմամբ, համարում են լիարժեք ամուսնություն և հաճախ չեն խուսափում դրանից։ Բացի դրանից, քանի որ այս հասարակություններում ամուսնության առաջնային իմաստը երեխաներ ունենալն է, քիչ չեն դեպքերը, երբ ամուսնությունը գրանցվում է երեխայի ծննդից հետո, խուսափելու համար ամուլ ամուսնություններից։ «Չգրանցված ամուսնության» տեսակ է նաև եկեղեցական ծեսով կատարված ամուսնությունը, որը հասարակականորեն ընդունելի կարգավիճակ է։ Ներկայում «զուգընկեր/զուգընկերուհի» հասկացությունները հասարակական խոսույթում շաղկապված են նաև համասեռամոլ կապի հետ, որը բնակչության բացարձակ մեծամասնության համար անընդունելի է։ Դրա պատճառով հարցվողը կարող է խուսափել այդ տարբերակից և ընտրել, օրինակ՝ «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակը, կամ ընդհանրապես չպատասխանել հարցին։

Մյուս կողմից, սոցիոլոգիական հետազոտության էթիկան ուղղակիորեն արգելում է հետազոտություններում և մասնավորապես հետազոտության գործիքում՝ հարցաթերթում, կիրառել այնպիսի բառեր և հասկացություններ, որոնք հարցվողների շրջանում կարող են մշակութային դիսոնանս, արտաքին կամ ներքին դժգոհություն առաջացնել։ Բացի դրանից, նման չկշռադատված մոտեցումները կարող են ինֆորմացիոն ոլորտում մեկնաբանվել որպես զանգվածային հարցումներում «Օվերտոնի լուսամուտի» կիրառմամբ սադրիչ «միջամտություն հասարակության ինքնության հետ կապված նուրբ արժեհամակարգային հարցերին»։

Նշենք նաև, որ այն իրավիճակներում, երբ կան կարգավիճակների կատեգորիաներ, որոնք ինչ-ինչ պատճառներով կարող են դուրս մնալ հետազոտությունում մշակված դասակարգումից, կիրառվում է «Այլ պատասխան» տարբերակը, որի բովանդակությունն անհրաժեշտության դեպքում բացահայտվում է հաջորդող բաց հարցով։

Կարևոր է նաև այն, որ սոցիոլոգիական տեսակետից «ամուսնությունը» (անկախ դրա տեսակից) և «զուգընկերային հարաբերություններն» ունեն միմյանցից ֆունդամենտալ տարբերվող բովանդակություններ։ Զուգընկերային հարաբերությունների բովանդակության հիմնարար բնութագիրը բնական սեռական պահանջմունքի բավարարումն է, որը չի ենթադրում և առավել ևս չի պարտադրում զուգընկերների միջև որևէ հարաբերություն, նույնիսկ հուզական կապ, բացի սեռականից։ Իսկ ամուսնությունը ամուսինների՝ տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների հասարակականորեն սահմանված և ակնկալվող իրավունքների և պարտականությունների համակարգ է, որն ունի մշակութային առանձնահատկություններ։ Այդ պատճառով սոցիոլոգիական հետազոտություններում այս ֆունդամենտալ տարբերությունների անտեսումը նվազեցնում է դրանց գիտական արժեքը։

Այժմ, հաշվի առնելով վերը շարադրվածը, դիտենք ամուսնական կարգավիճակները երեք Հանրապետություններում (Աղյուսակ 2)[2]։ Տվյալները վերաբերվում են 18-29 տարեկան երիտասարդներին՝ տղամարդկանց և աղջիկներին/կանանց։

Աղյուսակ 2 18-29 տարեկան երիտասարդների ամուսնական կարգավիճակները

Ամուսնացածներ։ 18-24 տարեկան կանանց շրջանում ամուսնացածների հարաբերական թիվը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում մոտավորապես նույնն է և գտնվում է 23.5-24.5% միջակայքում։ Նույն տարիքի տղամարդկանց շրջանում ամուսնացածների թիվը նշանակալիորեն ավելի փոքր է և գտնվում է 2.3-5.5% միջակայքում։ Ցուցանիշն ամենացածրն է Հայաստանում՝ 2.3%։

Երեք երկրներում էլ 25-29 տարեկան կանանց շրջանում ամուսնացածների թիվը կտրուկ աճում է։ Ցուցանիշն ամենաբարձրն է Ադրբեջանում՝ 83.7% և նշանակալիորեն ավելի ցածր՝ Հայաստանում՝ 69.% և Վրաստանում՝ 70.7%։

Նույն տարիքի տղամարդկանց շրջանում ամուսնացածների թիվը նշանակալիորեն ավելի ցածր է, քան կանանց շրջանում։ Այս սեռատարիքային խմբում նույնպես Ադրբեջանի ցուցանիշը շատ ավելի բարձր է (67.1%), քան Վրաստանում (37.9%)։ Ցուցանիշը Հայաստանում՝ 25.5% նշանակալիորեն է զիջում ոչ միայն Ադրբեջանին, այլև Վրաստանին։

Զուգընկեր ունեցող երիտասարդները։ Ներկայացված հետազոտությունում ամուսնական կարգավիճակների հետազոտությունում գնահատվել է նաև զուգընկերներ ունեցող երիտասարդների թիվը։ Այդ կատեգորիան ներկայացված է երկու կարգավիճակով՝ «ունեն հարաբերություններ, ապրում են զուգընկերոջ հետ» և «ունեն հարաբերություններ, ապրում են/չեն ապրում զուգընկերոջ հետ»։[3]  

Ադրբեջանում զուգընկեր ունեցող տղամարդիկ և կանայք, ոչ մի տարիքային խմբում չեն հայտնաբերվել։

Հայաստանում զուգընկեր ունեցող 18-29 տարեկանների թիվը 6.4% է, իսկ Վրաստանում՝ 2.4%: Զուգընկեր ունեցողների թիվը կանանց շրջանում գերազանցում է տղամարդկանց ցուցանիշը, Հայաստանում՝ համապատասխանաբար՝ 6.7% և 6.0%, իսկ Վրաստանում՝ 3.0% և 1.9%:

Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի ֆինանսավորած նախորդ՝ «Անկախության սերունդ․ Հետազոտություն երիտասարդների շրջանում 2016» հետազոտությունում ամուսնական կարգավիճակներն ուսումնասիրվել են «Ու՞մ հետ եք հիմնական ապրել վերջին մեկ տարվա ընթացքում» հարցի միջոցով։ Պատասխանների տարբերակներում առկա էին երկուսը, որոնք վերաբերվում են զուգընկերջ/զուգընկերուհու հետ ապրելուն, դրանք էին․ «Զուգընկերոջս/զուգընկերուհուս հետ» և «Զուգընկերոջս/ զուգընկերուհուս և երեխա/ների հետ»։ Այդ կարգավիճակները միասին նշել էր Հայաստանում 18-29 տարեկան բոլոր հարցվածների 0.25%-ը, ընդ որում՝ տղամարդկանց 0.28% և կանանց 0.23%-ը։

2022 թ.-ին Հայաստանում զուգընկեր ունեցող 18-24 տարեկանների հարաբերական թիվն (8.2%) ավելի մեծ է, քան 25-29 տարեկանների շրջանում (4.5%) (Գծապատկեր 1-Ա)։ Եթե հաշվի առնենք նաև Հայաստանին վերաբերվող նաև 2016 թ. տվյալները, ապա ակնհայտ է, որ

  • Հայաստանում երիտասարդների շրջանում 6 տարվա ընթացքում նշանակալիորեն տարածվել է բարքերի ազատականացումը։

Ընդ որում՝

  • Երիտասարդ կանանց շրջանում բարքերի ազատականացման մակարդակն ավելի բարձր է և ազատականացման պրոցեսը տեղի է ունենում ավելի արագ տեմպերով։

Նույնը կարելի է ասել նաև Վրաստանի մասին․

  • Վրաստանում նույնպես երիտասարդության շրջանում տեղի է ունենում սեռական բարքերի ազատականացում, սակայն ավելի փոքր արագությամբ (Գծապատկեր 1-Բ)։
  • Վրաստանում նույնպես բարքերի ազատականացումն առաջնորդում են կանայք։

Նշենք, որ Վրաստանում կանանց ավելի երիտասարդ խմբում (18-24 տարեկան) զուգընկեր ունեցողների հարաբերական թիվը (3.3%) ավելի մեծ է, քան ավելի ավագ (25-29) տարիքային խմբում (2․6%):

Գծապատկեր 1 Զուգընկեր/զուգընկերուհի ունեցող երիտասարդները Հայաստանում (Ա) և Վրաստանում (Բ) ըստ սեռի և տարիքի։

Ամուսնալուծվածներ։

  • Երիտասարդների շրջանում ամուսնալուծվածների հարաբերական թիվն (Աղյուսակ 2) ամենաբարձրն է Վրաստանում (2.5%), երկրորդը Ադրբեջանն է (1.1%), երրորդը՝ Հայաստանը (0.9%)։

Ամուսնալուծվածների հարաբերական թիվն Ադրբեջանում և Վրաստանում 25-29 տարեկանների խմբում նշանակալիորեն ավելի բարձր է, քան 18-24 տարեկանների խմբում (Վրաստանում՝ 1.0% և 4.5%, Ադրբեջանում՝ 0.3% և 2.1%): Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ տարիքային խմբերում ամուսնալուծվածների հարաբերական քանակը մոտավորպես նույնն է (0.9% և1.0%)։

Ադրբեջանում ամուսնալուծությունների աճը տարիքային ցածր խմբից բարձրին ացնելիս տեղի է ունենում հիմնականում կանանց հաշվին[4]։ Վրաստանում 18-24 տարեկան կանանց շրջանում ամուսնալուծված է 1.3%, իսկ 24-29 տարեկանների՝ 6.7%-ը։ Ադրբեջանում համապատասխանաբար՝ 0.6% և 3.9%: Տղամարդկանց շրջանում տարիքի աճին զուգահեռ ամուսնալուծվածների քանակն էապես աճում է Վրաստանում (0.7% և 2.1%), Ադրբեջանում այդ աճը շատ փոքր է (0.0% և 0.4%), իսկ Հայաստանում բացակայում է (0.5% և 0.5%)։

Երեխաների առկայությունը

Երեխաներ ունեցող 18-29 տարեկան երիտասարդների թիվը։ Ակնհայտ է, որ բնակչության վերարտադրության տեսակետից գերադասելի է երիտասարդների շրջանում երեխաների առկայության բարձր մակարդակը։

  • Երեխաներ ունեցող 18-29 տարեկան երիտասարդները Ադրբեջանում կազմում են այդ տարիքի անձանց 42.9%-ը, Վրաստանում և Հայաստանում նրանք նշանակալիորեն ավելի փոքր տոկոս են կազմում, համապատասխանաբար՝ 31.4% և 27.5% (Գծապատկեր 2):

Գծապատկեր 2 Երեխա ունեցող 18-29 տարեկան երիտասարդները, տոկոս այդ տարիքի բոլոր երիտասարդներից։

Մեր հետաքրքրության շրջանակներում կարևոր է նկարագրել երեխաներ ունեցող երիտասարդների ամուսնական կարգավիճակները։ Նախորդ հոդվածում դիտարկվել է, թե հետազոտված երիտասարդների որ տոկոսն է ապրում ոչ լրիվ ընտանիքներում։ Այստեղ կդիտարկենք, թե այդ երիտասարդների երեխաների (եթե դրանք կան) որ տոկոսն է բնակվում ոչ լրիվ ընտանիքներում։

Երեխա ունեցող 18-29 տարեկան երիտասարդների ամուսնական կարգավիճակները տրված են Աղյուսակ 3-ում։

Աղյուսակ 3 Երեխա ունեցող 18-29 տարեկան երիտասարդների ամուսնական կարգավիճակները

Ամուսնական կարգավիճակ

Վրաստան

Հայաստան

Ադրբեջան

Ամուսնացած

85.3%

92.2%

96.6%

Ունեն հարաբերություններ, ապրում են զուգընկերոջ հետ

1.2%

3.7%

0.0%

            Ընտանիքներում ապրող երեխաները

86.5%

95.9%

96.6%

Չամուսնացած

5.6%

1.5%

1.4%

Ունեն հարաբերություններ, չեն ապրում զուգընկերոջ հետ

1.0%

0.3%

0.0%

Ամուսնալուծված

6.9%

2.0%

1.7%

Ամուրի/այրի

0.0%

0.3%

0.2%

            Ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաները

13.5%

4.1%

3.3%

Ընդամենը

100.0%

100.0%

100.0%

Ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաները

13.5%

4.1%

3.3%

Ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակն արտապատկերվում է լրիվ և ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաների թվերի ընդհանուր պատկերի վրա։ Ադրբեջանում երեխաներ ունեցող երիտասարդների 96.6%-ն ամուսնացած է, Հայաստանում նրանք 92.2% են, Վրաստանում՝ 85.3%։ Եթե պայմանականորեն համարենք, որ «ունեն հարաբերություններ, ապրում են զուգընկերոջ հետ» անձանց թիվը համարժեք է «չգրանցված ամուսնություն» կարգավիճակ ունեցող անձանց, ապա կարող ենք փաստել, որ Ադրբեջանում ամուսնացած է երեխաներ ունեցող երիտասարդների 96.6%, Հայաստանում՝ 95.9%, իսկ Վրաստանում՝ 86.5%։

  • Համապատասխանաբար, Վրաստանում շատ բարձր է ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաների թիվը՝ 13.5%, Հայաստանում 4.1%, Ադրբեջանում՝ 3.3%:
  • Արտամուսնական երեխաների հարաբերական թիվն ամենաբարձրն է Վրաստանում (2.9%):

Վրաստանի հասարակության արժեհամակարգերի վերաբերյալ մեր մի շարք նախկին հրապարակումները հանգեցրել էին եզրակացության, որ

  • Վրաստանի հասարակությունը բաժանված է մի քանի միմյանցից «հեռու» հատվածների։ Ավելի կոնկրետ՝ արժեհամակարգային տեսակետից Թբիլիսիի հասարակությունը «շատ հեռու» է Վրաստանի գյուղական հասարակությունից։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք արժեհամակարգային տարբերությունները Վրաստանում ըստ բնակավայրերի նույնպես շատ են տարբերվում։ Դրա համար դիտենք ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաների քանակը Թբիլիսիում, Վրաստանի քաղաքներում և գյուղերում (Աղյուսակ 4)։

Աղյուսակ 4 Երեխա ունեցող 18-29 տարեկան երիտասարդների ամուսնական Վրաստանում ըստ բնակավայրի տիպի

Ամուսնական կարգավիճակ

Թբիլիսի

Քաղաք

Գյուղ

Ամուսնացած

75.0%

86.6%

91.3%

Ունեն հարաբերություններ, ապրում են զուգընկերոջ հետ

1.8%

0.0%

2.0%

            Ապրում են ընտանիքներում

76.8%

86.6%

93.3%

Չամուսնացած

10.4%

4.3%

2.0%

Ունեն հարաբերություններ, չեն ապրում զուգընկերոջ հետ

2.2%

1.4%

0.0%

Ամուսնալուծված

10.6%

7.6%

4.8%

Ամուրի/այրի

0.0%

0.0%

0.0%

            Ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաները

23.2%

13.3%

6.8%

Ընդամենը

100.0%

100.0%

100.0%

Աղյուսակ 4-ում ներկայացված հետազոտական տվյալները վկայում են, որ․

  • Ամուսնական արժեքների և նորմերի ոլորտում Թբիլիսիի և Վրաստանի գյուղական հասարակությունների միջև նույնպես առկա են նշանակալի տարբերություններ։

Մասնավորապես՝

  • Թբիլիսիում ոչ լրիվ ընտանիքներում են ապրում 23.2%-ի երեխաները, քաղաքներում՝ 13.3%-ի, իսկ գյուղում՝ 6.8%:

Ցուցանիշների այդպիսի տարբերությունը վկայում է մի կողմից Թբիլիսիի, իսկ մյուս կողմից՝ Վրաստանի գյուղերի և քաղաքների երիտասարդների արժեհամակարգային տարբերությունների մասին։

Քանի որ ներկայումս արժեհամակարգային տարբերությունները հասարակությունների քաղաքական սեգմենտների միջև կարևոր ջրբաժանների շարքում են, հետևաբար

  • Վրաստանում այդ տարբերությունները կարող են կիրառվել ներքաղաքական պայքարում, եթե մրցակցող կուսակցություններն իրենց և իրենց մրցակիցներին դիրքավորեն «պահպանողական-ազատական» առանցքի վրա։  

Արդյո՞ք նման իրավիճակն առկա է նաև Հայաստանում։ Դրա համար դիտենք Աղյուսակ 5-ի տվյալները։

Աղյուսակ 5 Երեխա ունեցող 18-29 տարեկան երիտասարդների ամուսնական կարգավիճակը Վրաստանում ըստ բնակավայրի տիպի

Ամուսնական կարգավիճակ

Երևան

Քաղաք

Գյուղ

Ամուսնացած

94.5%

90.0%

92.2%

Ունեն հարաբերություններ, ապրում են զուգընկերոջ հետ

0.0%

5.2%

4.8%

            Ապրում են ընտանիքներում

94.5%

95.2%

97.0%

Չամուսնացած

0.0%

2.6%

1.6%

Ունեն հարաբերություններ, չեն ապրում զուգընկերոջ հետ

0.0%

0.0%

0.6%

Ամուսնալուծված

4.2%

2.2%

0.8%

Ամուրի/այրի

1.3%

0.0%

0.0%

            Ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաները

5.5%

4.8%

3.0%

Ընդամենը

100.0%

100.0%

100.0%

  • Աղյուսակ 5-ի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ըստ բնակավայրի տիպերի չկան արժեհամակարգային կոնֆլիկտածին այնպիսի մեծ տարբերություններ, ինչպես Վրաստանում։

Երեխաներ չունենալու դիրքորոշումը

Ն երկայումս Արևմտյան երկրներում ժողովրդագրական միտումների շարքում է երեխաներ ունենալ չցանկացող[5] անձանց քանակի աճը։ Մեր տվյալների շտեմարանը թույլ է տալիս այդ տեսակետից գնահատել իրավիճակն անդրկովկասյան երկրներում։

16 տարեկանից ցածր տարիքի անձանց և երեխաներ չունեցող 16-ից բարձր տարիքի անձանց հարց է տրվել «Մտադի՞ր եք երեխաներ ունենալ ապագայում» (Գծապատկեր 3)։

Գծապատկեր 3 Երեխաներ չունեցող անձինք, ովքեր չեն պատրաստվում ապագայում երեխաներ ունենալ

Տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանում և Հայաստանում 14-15 տարեկան աղջիկների շրջանում շատ բարձր է նրանց տոկոսը, ովքեր չեն ցանկանում «ապագայում երեխաներ ունենալ», համապատասխանաբար՝ 9.8% և 7.7%։ Նույն տարիքի տղաների շրջանում այդ տոկոսները նշանակալիորեն ավելի ցածր են, համապատասխանաբար՝ 3.2% և 2.8%։ Հայաստանում նույնպիսի թիվ են կազմում (7.8%) 16 տարեկանից բարձր երեխա չունեցող և երեխա ունենալ չցանկացող կանայք։ Վրաստանում այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է՝ 3.5%:

Ադրբեջանում «ապագայում երեխա ունենալ չցանկացող» երիտասարդներ չեն հանդիպել։

Երեխաների պահանջմունքը 14-15 տարեկանների շրջանում

Ու սումնասիրվել է այն հարցը, թե քանի՞ երեխա կցանկանային ունենալ Անդրկովկասի երկրների 14-15 տարեկան տղաներն ու աղջիկները։ Հիշենք, որ երեխաների ցանկալի քանակի միջին արժեքը մոտարկում է կանանց պտղաբերության գործակիցը[6]։

Աղյուսակ 6-ում տրված է «Քանի՞ երեխա եք մտադիր ունենալ» հարցին տրված պատասխանների միջին արժեքները 14-15 տարեկան տղաների և աղջիկների շրջանում Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։

Աղյուսակ 6 Երեխաների պահանջմունքը 14-15 տարեկանների շրջանում

Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ․

  • Անդրկովկասի երկրներում երեխաների պահանջմունքը 14-15 տարեկան աղջիկների շրջանում միմյանցից վիճակագրորեն չի տարբերվում և [2.27; 2.39] միջակայքում։
  • Տղաների շրջանում այդ պահանջմունքն ամենաբարձրն է Ադրբեջանում՝ 2.57, որին հետևում է Հայաստանը` 2.32 և վերջին տեղում է Վրաստանը` 2.19։

Հիմնական եզրակացություններ

Ե թե վերարտադրողական վարքի բնութագրերը դրական գնահատենք այն դեպքերում, երբ դրանք նպաստում են բնակչության ավելի արագ աճին, ապա Ադրբեջանում երիտասարդների ամուսնական վարքը նշանակալիորեն ավելի բարենպաստ է, քան Հայաստանում և Վրաստանում։ Դա վերաբերվում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց։

Մինչև 24 տարեկանը՝ Անդրկովկասի հանրապետությունների միջև ամուսնությունների մակարդակը չի տարբերվում։ Բոլոր երկրներում այն տարբերվում է ըստ սեռի՝ ամուսնացած կանայք կազմում են 18-24 տարեկանների մոտ 25%-ը, իսկ տղամարդիկ՝ մոտ 5%-ը։ Հանրապետությունների միջև էական տարբերություններն արտահայտվում է սկսած 24 և ավելի տարեկանից, երբ Ադրբեջանում և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում ամուսնացածների տոկոսը նշանակալիորեն գերազանցում է և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի ցուցանիշներին։ Ադրբեջանում 24-29 տարեկան կանանց 84%-ն ամուսնացած է, իսկ Հայաստանում և Վրաստանում համապատասխանաբար՝ 69% և 71%։ Նույն տարիքի տղամարդկանցից ամուսնացած են համապատասխանաբար՝ 67%, 25% և 38%:

Ամուսնական և մասնավորապես սեռական վարքի ազատականացումը նվազեցնում է բնակչության աճի տեմպը։ Հայաստանում և հատկապես Վրաստանում արագորեն տարածվում է ազատական ամուսնական/սեռական վարքը, մասնավորապես առանց ամուսնության պետական գրանցման կամ հասարակականորեն ընդունելի հաստատման սեռական (զուգընկերային) հարաբերությունները։ Այդ հարաբերությունների տարածվածությունը և աճի ինտենսիվությունն ավելի բարձր է երիտասարդ աղջիկների և կանանց շրջանում։ Հետազոտության շրջանակում Ադրբեջանում զուգընկերային հարաբերություններ չեն դիտարկվել։

Ամուսնալուծությունները նույնպես բացասաբար են ազդում բնակչության բնական վերարտադրության պրոցեսի վրա։ Երիտասարդների շրջանում ամուսնալուծությունների մակարդակը ամենաբարձրն է Վրաստանում, իսկ Հայաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշները ավելի ցածր են։

Երեխաների առկայությունը երիտասարդների շրջանում դրական է բնակչության վերարտադրության տեսակետից։ Ադրբեջանում երեխա ունի երիտասարդների 43%-ը, որը անդրկովկասյան հանրապետությունների ամենաբարձր ցուցանիշն է։ Վրաստանում երեխա ունի երիտասարդների 31%-ը, իսկ Հայաստանում՝ 28%-ը։

Ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաների մեծ թիվը վատ է անդրադառնում բնակչության վերարտադրության պրոցեսի վրա, քանի որ ոչ լրիվ ընտանիքներում, որտեղ մեծամասամբ ծնողը մայրն է, այլևս երեխաներ համարյա չեն ծնվում։  Վրաստանում ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաների մեծ թիվն արդեն լուրջ պրոբլեմ է՝ երիտասարդների երեխաների 13.5%-ը ապրում է ոչ լրիվ ընտանիքներում։ Հայաստանում և Ադրբեջանում այդ երեխաների թիվը նշանակալիորեն ավելի փոքր է՝ համապատասխանաբար 4.1% և 3.3%: Վրաստանում նշանակալիորեն ավելի մեծ է այն երեխաների թիվը, որոնք ապրում են միայնակ (չամուսնացած) կամ ամուսնալուծված ծնողի հետ, համապատասխանաբար՝ 5.6% և 6.9%։

Վերարտադրողական վարքի արժեհամակարգային տարբերությունները շատ մեծ են Վրաստանում՝ Թբիլիսիի և գյուղական բնակչության միջև։ Թբիլիսիում երիտասարդների ոչ լրիվ ընտանիքներում է բնակվում չորս երեխայից մեկը (23.2%), իսկ գյուղերում՝ 6.8%: քաղաքային բնակչությունը գտնվում է այդ երկուսի միջև՝ 13.3%:

Հայաստանում նման արժեհամակարգային մեծ տարբերություններ երևանաբնակ, քաղաքաբնակ և գյուղաբնակ երիտասարդների միջև չկան։ Հայաստանում բարքերի ազատականացումը բնակավայրերի տիպերում ընթանում է զուգահեռ։

Միասնաբար դիտելու համար հոդվածում բացահայտված դրույթները՝ Աղյուսակ 7-ում տրված են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում վերարտադրողական վարքը պայմանավորող բնութագրերի համեմատական պատկեր-աղյուսակը։ Բնութագրերի մի մասի դեպքում դրական բովանդակություն ունի ավելի բարձր ցուցանիշը, մյուսների դեպքում՝ ավելի ցածր ցուցանիշը։ Դյուրացնելու համար համեմատական պատկերի ընկալումը՝ աղյուսակում բնութագրերն ուղեկցվում են գունավոր սլաքներով։ Դեպի վեր կանաչ սլաքը նշանակում է դրական իրավիճակ, դեպի ներքև կարմիր սլաքը՝ բացասական իրավիճակ, դեպի աջ դեղին սլաքը՝ միջանկյալ իրավիճակ։ Համեմատություններն ադեկվատ են դիտարկված երեք երկրների միջև։ 

Աղյուսակ 7 Բնակչության վերարտադրողական պրոցեսի վրա ազդող բնութագրերի համեմատական պատկերը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ (Դեպի վեր կանաչ սլաքը նշանակում է դրական իրավիճակ, դեպի ներքև կարմիր սլաքը՝ բացասական իրավիճակ, դեպի աջ դեղին սլաքը նշանակում է միջանկյալ իրավիճակ։ Համեմատություններն ադեկվատ են դիտարկված երեք երկրների միջև։)


[1] Կազմակերպության անունը և հասցեն՝ R-RESEARCH LTD, Cranbrook House 287-291, Banbury Road, Oxford, OX2 7JQ, UK․ +44 7947 350579 | [email protected] | www.r-research.net։
[2] Նախորդ հոդվածում ամուսնական կարգավիճակները դիտարկվել են երկու՝ «ամուսնացած» և «չամուսնացած» կատեգորիաներում։
[3] Ընտանեկան կարգավիճակներն ուսումնասիրելիս հաճախ կիրառվող «չգրանցված ամուսնություն» տարբերակի բովանդակությունը վերածածկվում է «ունեմ հարաբերություններ, ապրում եմ զուգընկերոջ հետ» տարբերակի բովանդակության հետ։ Կոնկրետ ինչ են նկատի ունեցել հետազոտության հարցաթերթի կառուցողները և, հետևաբար, ինչ ցուցումներ են ստացել զրուցավարները հարցազրույց անցկացնելու համար անհայտ է։ Դրա պատճառով «չգրանցված ամուսնություն» և «ունեմ հարաբերություններ, ապրում եմ զուգընկերոջ հետ» տարբերակների հստակ տարանջատումը հնարավոր չէ։
[4] Սեռերի միջև այդ տարբերությունը կարող է բացատրվել նրանով, որ ամուսնալուծված կանանց ամուսինների նշանակալի մասի տարիքը հավանաբար 29 տարեկանից ավելի բարձր է, ինչի հետևանքով նրանք չեն ընդգրկվել հետազոտության ընդհանուր համակցությունում և հետևաբար՝ ընտրանքում։  
[5] Childfree (childless by choice, voluntary childless) «երեխաներից ազատ» դա ենթամշակույթ և գաղափարախոսություն է, որը կրողները գիտակցաբար չեն ցանկանում երեխաներ ունենալ։ Կարևոր է նշել, որ դրանք այն անձինք չեն, ովքեր հետաձգում են երեխա ունենալը։
[6] Այդ հարցի մանրամասն ուսումնասիրությունը Հայաստանում տես՝ «Հայաստանում ծնելիության մակարդակի կանխատեսում» և «Հայաստանում ծնելիության բարձրացման խնդրի շուրջ․ արժեհամակարգային դինամիկան և երեխաների պահանջմունքը Հայաստանի հասարակությունում»։