Անդրկովկասյան հանրապետությունների երիտասարդության հետազոտություն
23 ր. | 2024-02-22Ոչ լրիվ ընտանիքներ և միջսերնդային հարաբերություններն ընտանիքում
Ներածություն
Դժվար է գերագնահատել երկրի երիտասարդությանը վերաբերվող համապետական մակարդակով իրականացվող զանգվածային սոցիոլոգիական հետազոտությունների նշանակությունը երկրի և հասարակության ներկա վիճակի, զարգացումների, ապագա վիճակների և բնութագրերի կանխատեսման հարցերում։ Նախկինում Հայաստանում իրականացվել են այդպիսի մի շարք հետազոտություններ[1], դրանց թվում էր նաև «Անկախության սերունդ․ Հետազոտություն երիտասարդների շրջանում 2016» հետազոտությունը, որն իրականացվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ։
Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը 2022 թ.-ին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում նորից իրականացրել է համապետական երիտասարդական հետազոտություններ, որտեղ ուսումնասիրվել են այդ երկրների 14-29 տարեկան երիտասարդները, նրանց կարգավիճակը, դիրքորոշումները, հայացքները և պատկերացումները կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ, այդ թվում․
- Ընտանեկան վիճակը և ընտանեկան հարաբերությունները,
- Կրթությանը, զբաղվածությանը և եկամուտներին վերաբերվող հարցեր և դրանց վերաբերյալ երիտասարդների դիրքորոշումները,
- Երիտասարդների էթնիկ և կրոնական պատկանելությունը և խոսակցական լեզուն,
- Երիտասարդների դիրքորոշումները ԽՍՀՄ-ի և 1990-ականների նկատմամբ,
- Երիտասարդների քաղաքական մշակույթի տարրերը, քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումները և դրանց միջսերնդային տարբերությունները,
- Երիտասարդների աշխարհագրական մոբիլության հարցերը, այդ թվում՝ արտասահմանում լինելու փորձը, ուսումնական կամ աշխատանքային միգրացիայի հակվածությունը, երկրից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումները,
- Արտասահմանում ընկերների, բարեկամների առկայությունը և նրանց հետ սոցիալական կապերի ինտենսիվությունը,
- Երիտասարդների սոցիալական տարածությունների ընկալումները տարբեր փոքրամասնությունների նկատմամբ,
- Կարծիքները կլիմայի գլոբալ փոփոխության վերաբերյալ,
- Կարծիքներն իրենց երկրների կարևորագույն խնդիրների և քաղաքական հիմնահարցերի վերաբերյալ,
- Դիրքորոշումները պետական և միջազգային քաղաքական ինստիտուտների նկատմամբ,
- Երիտասարդների տարածքային ինքնությունը,
- Կողմնորոշումները միջազգային հարաբերություններում և այդ կողմնորոշումները պայմանավորող պատճառները,
- Երիտասարդների սոցիալական արժեքները,
- Երիտասարդների նկատմամբ ընկալվող խտրականությունը։
- Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, բացի վերը նշված ընդհանուր հարցերից, դիտարկվել են նաև այդ երկրի յուրահատուկ հարցեր։
Վրաստանում հետազոտության դաշտային փուլը տևել է 2022 թ. մայիսի 30-ից մինչև հունիսի 14-ը, Հայաստանում՝ հունիսի 19-ից մինչև օգոստոսի 17-ը, Ադրբեջանում՝ հունիսի 8-ից մինչև հուլիսի 21-ը։ Ընտրանքի ծավալը Վրաստանում՝ 1206, Հայաստանում՝ 1200, Ադրբեջանում՝ 1605։
Հետազոտությունը չի իրականացվել Արցախում և Նախիջևանում։
Հայաստանյան հետազոտողների համար կարևոր է, որ 2022 թ. հետազոտություններում առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել դիտարկել նաև Ադրբեջանի հասարակությունը, որի վերաբերյալ 2013 թ․-ից հետո մինչ օրս որևէ տվյալների շտեմարան հասանելի չի եղել[2]։
Ներկայացվող հոդվածով «Օրբելի» կենտրոնը սկսում է Անդրկովկասի երեք երկրներում 2022 թ. կատարված հետազոտություններում թվարկված թեմաների համեմատական վերլուծությունը և ներկայացումը ընթերցողին։
Միջսերնդային հարաբերություններն ընտանիքում
Ամուսնություններ և ամուսնալուծություններ։
Աշխարհում, հատկապես հարուստ երկրներում 1960-ականներից սկսվել է ընտանիքի ճգնաժամը, որը հաճախ անվանում են ընտանիքի ինստիտուտի փոխակերպում[3]։ Նվազում է ամուսնությունների և աճում է ամուսնալուծությունների թիվը, աճում է առանց գրանցման, զուգընկերային հարաբերություններով, համատեղ կամ առանձին բնակվող ապրող մարդկանց թիվը։ Ավելանում է ոչ լրիվ ընտանիքներում ապրող երեխաների թիվը։ Ընտանիքի ճգնաժամը զարգացած երկրներում ժողովրդագրական ճգնաժամի կարևորագույն գործոններից է, ինչպես նաև գլոբալ միգրացիոն ճգնաժամի խորքային պատճառներից մեկը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում նույնպես ընթանում են վերարտադրողական վարքի բաղադրիչների համանման փոփոխություններ, որոնք թուլացնում են բնակչության բնական վերարտադրության պրոցեսը։ Հայաստանում ամուսնությունների ընդհանուր գործակիցը սկսած 2011 թ.-ից ունի նվազման միտում (Գծապատկեր 1): Այդ միտումը 2020-2022 թվականներին խախտվել է։ 2020 թ. գործակցի կտրուկ նվազումը պայմանավորված էր Կովիդ-19 համաճարակով։ Իսկ 2021 և 2022 թթ. գործակցի կտրուկ աճը 44-օրյա պատերազմի հետևանք է։ Հայտնի է, որ բնակչության կտրուկ անկումից հետ դիտվում է դրա աճի կարճատև միտում։[4] Մյուս կողմից Գծապատկեր 1-ի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում դանդաղ աճում է ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը։ 2002-2022 թթ. ընթացքում այն 1000 բնակչի հաշվով 0․5-ից աճել է մինչև 1․5։
Գծապատկեր 1 Ամուսնությունները և ամուսնալուծությունները Հայաստանում 1990-2022 թթ.
Հայաստանում կատարվում են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնք թուլացնում են բնակչության բնական վերարտադրության գործընթացը։ Մասնավորապես առաջին ամուսնության տարիքը 2001-2022 թթ. ընթացքում աճել է տղամարդկանց համար՝ 26.9 տարեկանից մինչև 29.9 տարեկան, իսկ կանանց համար՝ 22.8 տարեկանից մինչև 26.6 տարեկան։ Նույն ժամանակահատվածում մոր միջին տարիքն առաջին երեխային ծննդյան ժամանակ աճել է 22.4 տարեկանից մինչև 25.9 տարեկան, ինչն առավելապես ամուսնությունների ուշացման հետևանք է, իսկ կանանց երեխաներ ունենալու միջին տարիքը՝ 24.3-ից մինչև 28.7 տարեկան, ինչը ոչ միայն ամուսնությունների ուշացման, այլև ընտանիքներում երեխաներ ունենալը հետաձգելու հետևանք է։
Անդրկովկասյան երկրներում 2022 թ. երիտասարդության հետազոտական շտեմարանը թույլ է տալիս ավելի խորը և լայն պատկերացում ստանալ ամուսնությունների և երեխաներ ունենալու հետ կապված հարցերի և դրանց հետագա միտումների և հետևանքների վերաբերյալ։
Ամուսնական վիճակ։
Հայտնի է, որ երեխաների մեծ մասը ծնվում է ընտանիքներում։ Որքան ավելի վաղ են ամուսնանում երիտասարդները, որքան ավելի վաղ է ծնվում առաջին երեխան, որքան ավելի փոքր է հաջորդական ծնունդների միջև ժամանակահատվածը, այնքան ավելի արագ է ընթանում բնակչության բնական վերարտադրության պրոցեսը։ Այդ համատեքստում առաջին հերթին անհրաժեշտ է պատկերացում կազմել և համեմատել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդների ամուսնական վիճակը հետազոտության պահին՝ 2022 թ․ մայիս - օգոստոս ամիսներին։ Այդ պատկերը ներկայացված է Գծապատկեր 2-ում։
Գծապատկեր 2 Ամուսնացած երիտասարդների քանակը տարիքային խմբերում
Անդրկովկասի հանրապետություններում 14-17 և 18-24 տարեկան ամուսնացածների տոկոսային քանակները միմյանցից համարյա չեն տարբերվում։ Բոլոր երեք հանրապետություններում 14-17 տարեկան տղաների և աղջիկների շրջանում ամուսնացածներ չեն հայտնաբերվել, բացի Վրաստանից, որտեղ ամուսնացած են այդ տարիքային խմբի աղջիկների 0.7%-ը[5]։ Նշենք, որ Հայաստանում և Վրաստանում չափահասության տարիքը սահմանված է 18 տարեկանը[6], Ադրբեջանում՝ տղամարդկանց համար՝ 18, իսկ կանանց համար՝ 17 տարեկանը։
Երեք երկրներում էլ 18-24 տարեկան տղաներից ամուսնացած են 2-5%-ը, իսկ աղջիկների՝ 23-24%-ը։
Երկրների միջև ամուսնական վիճակի տեսակետից նշանակալի տարբերություններ են առաջանում 25-29 տարեկանների խմբերում։ Ադրբեջանում և՛ ամուսնացած տղաների, և՛ ամուսնացած աղջիկների տոկոսը նշանակալիորեն գերազանցում է Հայաստանի և Վրաստանի ցուցանիշներին։ Եթե Ադրբեջանում ամուսնացած են 25-29 տարեկան երիտասարդների 67%-ը, ապա Վրաստանում՝ 37%, իսկ Հայաստանում՝ 26%։ Ադրբեջանում ամուսնացած են 25-29 տարեկան աղջիկների 84%-ը, այն դեպքում, երբ Վրաստանում՝ 71%, իսկ Հայաստանում՝ 69%։
Հայաստանում երիտասարդների ամուսնական վիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ տվյալներ են տրված Աղյուսակ 1-ում, որոնք ցույց են տալիս, որ 2011-2022 թթ. ընթացքում Հայաստանում նշանակալիորեն նվազել է ամուսնացած երիտասարդների՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց թիվը և՛ 18-24, և՛ 25-29 տարեկանների շրջանում։ Ամենամեծ նվազումը տեղի է ունեցել 18-24 տարեկան տղամարդկանց շրջանում՝ 24.3%։
Աղյուսակ 1 Հայաստանում 18-24 և 25-29 տարեկան ամուսնացած տղամարդկանց և կանանց տոկոսը 2011 և 2022 թթ.: 2011 թ. տվյալները վերցված են Մանուկյան Ս. Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց / «Հայաստանի երիտասարդությունը և հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի զարգացումը» զեկույցից։
Տարի |
18-24 |
18-24 |
||
Ար․ |
Իգ․ |
Ար․ |
Իգ․ |
|
2011 |
11.7% |
35.0% |
49.8% |
73.9% |
2022 |
2.3% |
23.4% |
25.5% |
69.0% |
2022-2011 |
-9.4% |
-11.6% |
-24.3% |
-4.9% |
Ոչ լրիվ ընտանիքներ։
Նոր սերունդների սոցիալականացման ամենահզոր ինստիտուտն ընտանիքն է։ Նորմալ նուկլեար ընտանիքը կազմված է ծնողներից՝ հորից, մորից և երեխաներից։ Հայրերն ու մայրերը ընտանիքում ունեն տարբեր, սակայն միմյանց փոխլրացնող դերեր և ֆունկցիաներ, որոնք ապահովում են ազգային, մշակութային, ենթամշակութային և ընտանեկան արժեքային համակարգերի և վարքագծային նորմերի ներդաշնակ և ամբողջական փոխանցումը իրենց երեխաներին։
Ընտանեկան լիարժեք հարաբերությունների համար հիմնարար և պարտադիր պայման է ընտանիքում և՛ հոր, և՛ մոր առկայությունը։ Ամուսնալուծությունների թվի աճը նշանակում է ոչ լրիվ ընտանիքներում գտնվող երեխաների թվի աճ։ Բացի ամուսնալուծությունից՝ ոչ լրիվ ընտանիքների առաջացման հիմնական պատճառներ են նաև արտամուսնական ծնունդները, ծնողների առանձին բնակությունը և ծնողներից մեկի մահը։
Ոչ լրիվ ընտանիքների և դրանցում երեխաների թվի աճը անմիջականորեն ազդում է հասարակության ներկա և ապագա հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա։ Ոչ լրիվ ընտանիքներում, որտեղ բացակայում է կամ մայրը, կամ հայրը կամ երկուսը միաժամանակ, երեխաների շրջանում համեմատաբար ավելի տարածված են բարձր կոնֆլիկտայնությունը, անհանգստությունը, վախերը, ագրեսիվությունն ու թշնամանքը շրջապատի նկատմամբ։ Մարդկանց հետ շփումներում այդ երեխաներն ավելի մակերեսային են և ավելի ձևական, ունեն հուզականության պակաս։ Ծնողներից մեկի բացակայությունը հանգեցնում է երեխայի անհատական զարգացման լուրջ խաթարումների, նվազեցնում է երեխայի սոցիալական ակտիվությունը, խեղում է նրա անհատականությունը, խաթարում է երեխայի սեռա-դերային նույնականացումը, հանգեցնում է հոգեկան վիճակի և առողջության որոշ շեղումների։
Հոր բացակայությամբ ընտանիքում ձևավորված անձինք ավելի հաճախ են լինում դեպրեսիվ, ունենում ցածր ինքնագնահատական, իրենց ուժերի նկատմամբ անվստահություն, համարում են, որ ունակ չեն կյանքում հաջողությունների հասնելու։ Հոր բացակայությունը կարող է նաև հետևանքներ ունենալ երեխայի ֆիզիկական առողջության վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ասթմայով, ճարպակալմամբ, դիաբետով, նրանց մոտ ավելի հաճախ են հանդիպում սթրեսային վիճակներ, որոնք կարող են հանգեցնել սիրտանոթային հիվանդությունների։[7]
Անդրկովկասի երիտասարդության հետազոտական շտեմարանը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում որքան են ոչ լրիվ ընտանիքներում բնակվող երիտասարդները։ Պարզ է, որ դրանք անչափահասներն են՝ 14-17 տարեկանները։ Քանի որ այդ խմբերում ամուսնացած անձինք եզակի են, հետևաբար նրանց դեպքում առանց հոր կամ առանց մոր բնակվելը նշանակում է բնակվել ոչ լրիվ ընտանիքում։ Դրա մասին են վկայում Գծապատկեր 2-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ երկրներից ոչ մեկում 14-17 տարեկան ամուսնացած պատանիներ հետազոտությունում չեն հանդիպել, իսկ ամուսնացած աղջիկներ հանդիպել են միայն Վրաստանում՝ 0.7%:
Առանց հոր կամ առանց մոր ապրող անչափահաս երիտասարդները
Գծապատկեր 3 և Գծապատկեր 4-ում տրված են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ընտանիքներում համապատասխանաբար՝ առանց հոր և առանց մոր բնակվող անչափահասների թիվը։
Ադրբեջանում առանց հոր բնակվող 14-17 տարեկանների տեսակետից վիճակը բարվոք է։ Այստեղ 14-17 տարեկանների շրջանում առանց հոր կամ առանց մոր բնակվող երիտասարդները համեմատած Վրաստանի և Հայաստանի շատ փոքր թիվ են կազմում։ Առանց հոր ապրում է 14-17 տարեկան պատանիների 2%-ը, իսկ աղջիկների՝ 4%-ը։ Առանց հոր բնակվող 14-17 տարեկանների դեպքում առավել անբարենպաստ է իրավիճակը Վրաստանում որտեղ առանց հոր բնակվում է պատանիների 21%-ը և աղջիկների՝ 25%-ը, իսկ առանց մոր՝ տղաների 11%-ը և աղջիկների 12%-ը։
Հայաստանում իրավիճակը նույնպես անբարենպաստ է, սակայն ոչ այնքան, որքան Վրաստանում՝ առանց հոր ապրում են 14-17 տարեկանների և՛ տղաների, և՛ աղջիկների 17%-ը։ Չի բացառվում, որ դրա պատճառների շարքում են ոչ միայն ամուսնալուծությունները, այլև հարատև աշխատանքային միգրացիայի հետևանքով կազմալուծված ընտանիքները և պատերազմական կորուստները։
Գծապատկեր 3 Առանց հոր բնակվող երիտասարդները
Գծապատկեր 4 Առանց մոր բնակվող աղջիկները
Ծնողների հետ բնակվող չափահաս երիտասարդները
Սոցիալական հարաբերությունների տեսակետից կարևոր է, թե ամուսնացած երիտասարդների որ տոկոսն է բնակվում իրենց ծնողների հետ, այսինքն՝ ընդլայնված ընտանիքներում:
Ծնողների հետ բնակվելը լուծում է մի շարք ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական խնդիրներ։ Ընդլայնված ընտանիքներում հարաբերականորեն ավելի ցածր են կենցաղային ծախսերը՝ բնակարանային վարձի, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի և կոմունիկացիաների։ Ընդլայնված ընտանիքում ծնողները իրենց փորձով օգնում են երիտասարդ զույգին երեխաների խնամքի հարցերում։ Բացի դրանից ընտանիքում ավագ սերնդի անձինք բարձրացնում են երիտասարդների ազատության աստիճանը՝ տանից բացակայելու դեպքում նրանք խնամում են փոքրահասակ երեխաներին, զբաղվում են դպրոցական տարիքի երեխաների խնդիրներով, օրինակ, ուղեկցում են նրանց սպորտային կամ արվեստի խմբակ, երաժշտական դպրոց, հետևում են երեխաների վարքին բակում։
Ապագայում, երբ ծնողները տարիքի և ուղեկցող տարիքային հիվանդությունների պատճառով դառնում են անգործունակ և նրանց անհատական խնամքի կարիք է առաջանում, ապա ընդլայնված ընտանիքներում այն ավելի դյուրին է իրականացնելը։ Ծերերի հոգեկան վիճակի և առողջության տեսակետից կարևորագույն նշանակություն ունի իրենց երեխաների և թոռների հետ շփումները և նրանց կողքին ապրելը։
Ընդլայնված ընտանիքը մեծ չափով նպաստում է մշակութային արժեքների պահպանմանն ու երիտասարդ սերունդներին փոխանցմանը։ Դա մասնավորապես վերաբերվում է ընտանեկան արժեքներին և երեխաների պահանջմունքի բարձր մակարդակի պահպանմանը, ինչը ցույց է տրվել «Հայաստանում ծնելիության բարձրացման խնդրի շուրջ. արժեհամակարգային դինամիկայի ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա Հայաստանի հասարակությունում» հոդվածում։
Հետազոտական տվյալները ցույց են տալիս, որ Անդրկովկասի երեք երկրներում իրենց ծնողների հետ է բնակվում ամուսնացած երիտասարդների 22-27%-ը (Գծապատկեր 5)։ Այդ թիվը նշանակալիորեն գերազանցում է կանանց ցուցանիշին, ինչը նշանակում է, որ, եթե ամուսնացածները բնակվում են ծնողների հետ, ապա առավելապես՝ ամուսնու։ Ամուսնու ծնողների հետ բնակվող ընտանիքը կոչվում է պատրիլոկալ, կնոջ ծնողների հետ բնակվող ընտանիքը կոչվում է մատրիլոկալ։ Ծնողներից առանձնացված բնակվող ընտանիքը կոչվում է նեոլոկալ։
Գծապատկեր 5
Իրենց ծնողների հետ բնակվող ամուսնացած տղամարդկանց թիվն ամենաբարձրն է Հայաստանում՝ 72%, իսկ Վրաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշները մոտավորապես հավասար են, համապատասխանաբար՝ 50% և 46%։
Իրենց ծնողների հետ բնակվող ամուսնացած կանանց (մեծ հավանականությամբ դրանք մատրիլոկալ ընտանիքներ են) հարաբերական թիվն ամենաբարձրն է Վրաստանում՝ 18%, Հայաստանում նրանք համեմատաբար ավելի փոքր թիվ են կազմում՝ 14%։ Ադրբեջանում մատրիլոկալ ընտանիքներում են բնակվում ամուսնացած երիտասարդների 5%-ը։
Ծնողների հետ բնակվելու դիրքորոշումները
Հայտնի է, որ ժամանակակից երիտասարդների նշանակալի մասը գերադասում է ամուսնանալիս բնակվել ծնողներից առանձին։ Օրինակ, 2011 թ.-ին Հայաստանում կատարված երիտասարդական հետազոտության[8] տվյալներով, անկախ ամուսնական վիճակից, երիտասարդ տղամարդկանց 44.3%-ը և կանանց 65.5%-ը համարում էին, որ երիտասարդ ընտանիքը գերադասելի է, որ ապրի ծնողներից առանձին։
Մեր տրամադրության տակ գտնվող շտեմարանները թույլ են տալիս գնահատել իրենց ծնողների հետ բնակվող ամուսնացած և չամուսնացած երիտասարդների դիրքորոշումներն այդ հարցի վերաբերյալ։ Աղյուսակ 2-ում ներկայացված են իրենց հոր և/կամ մոր հետ բնակվող չափահաս (18-29 տարեկան) երիտասարդների դիրքորոշումներն իրենց ծնողների հետ ապրելու վերաբերյալ։ Հարցվողներին ներկայացվել է ծնողների հետ ապրելու վերաբերյալ դիրքորոշումների երեք տարբերակ, որոնցից նրանք պետք է ընտրեին միայն մեկը։ Այդ տարբերակներն էին․
- Ես կցանկանայի ծնողների հետ չապրել, սակայն նրանք դեմ են,
- Ես կցանկանայի ծնողների հետ չապրել, եթե ֆինանսական հնարավորությունները դա թույլ տային,
- Ես ապրում եմ իմ ծնողների հետ, քանի որ դա ամենահարմար լուծումն է։
Առաջին երկու տարբերակը ներկայացնում է այն դեպքերը, երբ երիտասարդները ծնողների հետ են բնակվում «ստիպված», իսկ երրորդը՝ ռացիոնալ որոշման հետևանք[9]։
Աղյուսակ 2․ Ինչու են ապրում ծնողների հետ միասին։ Տոկոս այն անձանցից, ովքեր ապրում են հոր և/կամ մոր հետ։
«Հետևյալ դատողություններից ո՞րն է լավագույնս բնութագրում Ձեզ» |
Վրաստան |
Հայաստան |
Ադրբեջան |
Ես կցանկանայի ծնողների հետ չապրել, սակայն նրանք դեմ են |
1.9% |
1.6% |
7.9% |
Ես կցանկանայի ծնողների հետ չապրել, եթե ֆինանսական հնարավորությունները դա թույլ տային |
31.1% |
14.6% |
13.5% |
Բնակվում են ծնողների հետ «ստիպված» |
33.0% |
16.2% |
21.4% |
Ես ապրում եմ իմ ծնողների հետ, քանի որ դա ամենահարմար լուծումն է |
65.8% |
81.4% |
45.2% |
Այլ |
0.8% |
1.4% |
14.5% |
Դժվարացել են պատասխանել |
0.3% |
0.8% |
16.1% |
Հրաժարվել են պատասխանել |
0.2% |
0.2% |
2.9% |
Ընդամենը՝ Այլ, ԴՊ, ՀՊ |
1.3% |
2.4% |
33.5% |
Ընդամենը |
100.0% |
100.0% |
100.0% |
Տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանում իրենց ծնողների հետ ապրող ամուսնացած անձանց շրջանում նշանակալիորեն ավելի շատ են նրանք, ովքեր «ստիպված են» ապրում ծնողների հետ (33.0%), քան Հայաստանում (16.2%) և Ադրբեջանում (21.4%): Սակայն Ադրբեջանի առանձնահատկությունն այն է, որ այստեղ դիտարկվող տարբերակներից բացի նշվել են մեծ թվով «այլ» պատասխաններ[10], ինչպես նաև անձինք, ովքեր դժվարացել են պատասխանել այդ հարցին։ Նրանց ընդհանուր թիվը կազմել է իրենց ծնողների հետ բնակվող երիտասարդների մեկ երրորդը (33.5%): Այս փաստը աղոտ է դարձնում Ադրբեջանի տվյալների մեկնաբանությունը[11]։
Եվ՛ Հայաստանում, և՛ Վրաստանում իրենց ծնողների հետ «ստիպված» ապրող երիտասարդների բացարձակ գերակշիռ մասը դա պայմանավորում է նրանով, որ չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներն առանձին բնակվելու համար։ Շատ քիչ են նրանք, ովքեր կարող էին բնակվել ծնողներից առանձին, սակայն դրան դեմ են ծնողները, Հայաստանում՝ 1.6%, Վրաստանում՝ 1.9%: Սա նշանակում է, որ ծնողներից առանձին ապրելու հարցերում ծնողների կարծիքը Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մեծ մասի համար կարևոր չէ։ Իրավիճակն Ադրբեջանում այլ է՝ իրենց ծնողների հետ «ստիպված» ապրում է ծնողների հետ բնակվող երիտասարդների 7.9%-ը, այսինքն՝ Ադրբեջանում այդ հարցում ծնողների կարծիքը նշանակալիորեն ավելի մեծ է, քան Հայաստանում և Վրաստանում։
Վրաստանում իրենց ծնողների հետ «ստիպված» բնակվող անձանց հարաբերական թիվը մոտավորապես նույնն է (Գծապատկեր 6)։ Հայաստանում այդպիսիք հարաբերականորեն ավելի շատ են չամուսնացածների շրջանում, իսկ Ադրբեջանում՝ ամուսնացածների։
Գծապատկեր 6
Միջսերնդային կոնֆլիկտներ
Բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում եղել են արժեքային և նորմատիվային միջսերնդային տարբերություններ և հակասություններ, որոնք արտահայտվել են կյանքի բոլոր, այդ թվում նաև ընտանեկան ոլորտում։ Պետք է ենթադրել, որ ընտանիքում միջսերնդային կոնֆլիկտների տարածվածության աստիճանը վկայում է հասարակությունում արժեքանորմատիվային փոփոխությունների ինտենսիվության մասին։ Դա վերաբերվում է ոչ միայն ընտանեկան հարցերին։ Կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ պատկերացումների և դիրքորոշումների տարբերությունները կարող են ընտանեկան կոնֆլիկտների պատճառ դառնալ։ Որքան ընտանիքում ավելի տարածված են միջսերնդային կոնֆլիկտները, այնքան, մնացած հավասար պայմաններում, հասարակությունում ավելի ինտենսիվ բնույթ ունեն միջսերնդային արժեքային փոփոխությունները։
Հետազոտությունում երիտասարդների և նրանց ծնողների միջև հարաբերությունների բնույթն ուսումնասիրվել է․ «Հետևյալ դատողություններից ո՞րն է լավագույնս նկարագրում ձեր հարաբերությունները Ձեր ծնողների հետ» հարցի միջոցով։ Պատասխանների տարբերակներն էին․
- Մենք ունենք շատ լավ հարաբերություններ,
- Մենք ունենք լավ հարաբերություններ, չնայած երբեմն որոշ հարցերի շուրջ տարակարծիք ենք լինում,
- Հիմնականում մենք չունենք լավ հարաբերություններ, հաճախ վիճում ենք,
- Իմ և ծնողներիս հարաբերությունները շատ կոնֆլիկտային են։
Հարցը տրվել է բոլորին։
Ադրբեջանում միջսերնդային կոնֆլիկտներն ավելի տարածված են (8.9%), քան Հայաստանում (1,0%) և Վրաստանում (2.5%): Նկատենք, որ Ադրբեջանում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր խուսափել են այդ հարցին պատասխանել՝ 4.5%, ինչը վկայում է այն մասին, Ադրբեջանում ծնողների հետ կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող երիտասարդների թիվը հավանաբար մի փոքր ավելի մեծ է։
Նկատենք նաև, որ ծնողների հետ «երբեմն տարակարծություններ» ունեցող երիտասարդների թիվը երեք հանրապետություններում մոտավորապես նույնն է և գտնվում է 33.5-38.3% միջակայքում։
Աղյուսակ 3
Հետևյալ դատողություններից ո՞րն է լավագույնս նկարագրում ձեր հարաբերությունները Ձեր ծնողների հետ |
Վրաստան |
Հայաստան |
Ադրբեջան |
Մենք ունենք շատ լավ հարաբերություններ |
57.7% |
64.5% |
52.8% |
Մենք ունենք լավ հարաբերություններ, չնայած երբեմն որոշ հարցերի շուրջ տարակարծիք ենք լինում |
38.3% |
33.5% |
33.9% |
Ունեն լավ հարաբերություններ |
96.1% |
98.0% |
86.7% |
Հիմնականում մենք չունենք լավ հարաբերություններ, հաճախ վիճում ենք |
1.7% |
0.4% |
6.8% |
Իմ և ծնողներիս հարաբերությունները շատ կոնֆլիկտային են |
0.8% |
0.7% |
2.1% |
Ունեն կոնֆլիկտային հարաբերություններ |
2.5% |
1.0% |
8.9% |
ԴՊ, ՀՊ |
1.4% |
1.0% |
4.5% |
Ընդամենը |
100.0% |
100.0% |
100.0% |
Միջսերնդային կոնֆլիկտներն Ադրբեջանում տղամարդկանց տարիքին զուգահեռ աճում են, ինչը չի կարելի ասել կանանց մասին (Գծապատկեր 7)։
Գծապատկեր 7
Վրաստանում տարիքի աճին զուգահեռ միջսերնդային կոնֆլիկտն աճում է տղամարդկանց և նվազում՝ կանանց շրջանում։ Հայաստանում տարիքից կախված միջսերնդային կոնֆլիկտների տարածվածության փոփոխության հստակ միտում չի հայտնաբերվել ո՛չ տղամարդկանց և ո՛չ էլ կանանց շրջանում։
Ադրբեջանում կանանց շրջանում միջսերնդային կոնֆլիկտի բարձր արժեքը և տարիքային կախվածության բնույթը (25-29 տարեկանների շրջանում միջսերնդային կոնֆլիկտի տարածվածությունը նվազում է) հուշում են, որ գոյություն ունի այդ բնույթը մոդիֆիկացնող փոփոխական։ Տվյալների խորացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք երկուսն են՝ ամուսնացած լինել/չլինելը և ծնողների հետ բնակվել/չբնակվելը։
Ադրբեջանում կոնֆլիկտների տարածվածությունն ըստ սեռի, ծնողների հետ բնակության և ամուսնական վիճակի տրված է Գծապատկեր 8-ում։ Տվյալները բացատրում են Ադրբեջանում կանանց շրջանում միջսերնդային կոնֆլիկտների տարածվածության բնույթը։
Գծապատկեր 8
Կանանց շրջանում ծնողների հետ առանձին կամ միասին բնակվելն էապես ազդում է միջսերնդային կոնֆլիկտների տարածվածության վրա՝ Ադրբեջանում, երբ կանայք բնակվում են ծնողների հետ միասին, միջսերնդային կոնֆլիկտների տարածվածությունը կտրուկ աճում է՝ գծապատկերում ձախից երկրորդ տվյալների խումբը համեմատած ձախից առաջին խմբի հետ (Ադրբեջանում չի հայտնաբերվել կին, որն ապրում է ծնողներից առանձին և ամուսնացած չէ)։ Մյուս կողմից՝ կանանց ամուսնական կարգավիճակը նույնպես էապես ազդում է միջսերնդային կոնֆլիկտների տարածվածության վրա՝ Ադրբեջանում ամուսնացած կանանց շրջանում ընտանեկան կոնֆլիկտները նշանակալիորեն ավելի տարածված են, քան չամուսնացածների շրջանում՝ անկախ ծնողների հետ բնակվելու/չբնակվելու փաստից։
Դուրս բերված օրինաչափությունները նշանակում են, որ Ադրբեջանում տեղի ունեն ընտանեկան արժեքների և միջսերնդային հարաբերությունների և արժեքային-բարոյական համակարգերի ինտենսիվ փոփոխություններ, որոնց սուբյեկտները կանայք են։ Պետք է ենթադրել, որ դրանք Արևմտյան արժեքները Ադրբեջանի հասարակությունում ինկորպորացնող ՀԿ-ների[12] և կրթական համակարգի բովանդակության փոփոխությունների արդյունք են։ Չի բացառվում, որ այդ փոփոխությունները և դրանց առաջամարտիկները՝ հասարակականորեն ակտիվ երիտասարդ կանայք, կարող են վերածվել քաղաքական գործոնի։
Հիմնական արդյունքներ
Ուշ ամուսնությունների հետ կապված պրոբլեմները Հայաստանում և Վրաստանում բավական մեծ են։ Հայաստանում ամուսնացած չէ 25-29 տարեկան տղամարդկանց 74%-ը, Վրաստանում՝ մոտ 40%-ը։ Հայաստանում և Վրաստանում ամուսնացած չեն 25-29 տարեկան կանանց մոտ 30%-ը: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ սեռով պայմանավորված աբորտների հետ կապված անհանգստությունները[13] ուռճացված են՝ խնդիրը ոչ թե «հարսնացուների», այլ ամուսնությունների պակասությունն է։ Ավելին՝ այս տեսակետից պետք է հաշվի առնել, որ տղամարդիկ ամուսնանում են իրենցից մի քանի տարով ավելի երիտասարդ աղջիկների հետ, որոնց 75%-ը Հայաստանում ամուսնացած չէ։
Ամուսնության տարիքի տեսակետից Անդրկովկասի երկրների միջև տարբերություններն առաջանում են 25-29 տարեկանների խմբերում։ Ադրբեջանում այդ տարիքային խմբում և՛ տղամարդկանց, և՛ կանանց նշանակալիորեն ավելի մեծ տոկոսն է ամուսնացած, քան Հայաստանում և Վրաստանում։ Վրաստանում այդ տարիքային խմբում ամուսնացած կանանց տոկոսն ավելի բարձր է, քան Հայաստանում։
Վրաստանում և Հայաստանում բավական մեծ թիվ են կազմում ոչ լրիվ ընտանիքներում ապրող 14-17 տարեկան (անչափահաս) երիտասարդները։ Վրաստանում առանց հոր ընտանիքում է նրանցից յուրաքանչյուր հինգերորդը, իսկ Հայաստանում՝ յուրաքանչյուր վեցերորդը։ Այս երկրներում առանց հոր ընտանիքներում մեծացած երեխաների պրոբլեմներն արդեն չի կարելի անտեսել։ Դրանք շուտով վերածվելու են ընդհանուր հասարակական պրոբլեմների։ Ադրբեջանում այդ պրոբլեմները համարյա բացակայում են՝ առանց հոր բնակվում է 14-17 տարեկան տղաների 2%-ը, իսկ աղջիկների՝ 4%-ը։
Իրենց ծնողների հետ բնակվող 18-29 տարեկան ամուսնացած երիտասարդների հարաբերական թիվը Անդրկովկասի երկրներում քիչ է տարբերվում միմյանցից և գտնվում է 22-27% միջակայքում։ Այդ անձանց բավական մեծ հատված ծնողների հետ է բնակվում «ստիպված», ինչի գերակշիռ պատճառը առանձին բնակվելու համար ֆինանսական միջոցների պակասն է։ Ամուսնացած և ծնողների հետ «ստիպված» բնակվող երիտասարդների քանակը ամենաբարձրն է Վրաստանում, այդպիսիք են նրանց 33.0%-ը։ Հայաստանում այդպիսի երիտասարդների թիվը կրկնակի ցածր է՝ 16.2%: Ադրբեջանում այդ հարցը չի ստացել պատասխանների հստակ բաշխում՝ այստեղ երիտասարդների նշանակալի հատված կամ խուսափել է պատասխանից, կամ տվել է «այլ» պատասխաններ։
Ծնողների հետ բնակվելու դիրքորոշումները։ Ամուսնացած երիտասարդների շրջանում իրենց ծնողների հետ «ստիպված» բնակվողների թիվը Վրաստանում և Հայաստանում ավելի փոքր է, քան չամուսնացածների շրջանում։ Դա կարելի է բացատրել նրանով, որ ամուսնացած երիտասարդների մի հատվածի համար ծնողների հետ բնակվելու առավելությունները գերակշռում են առանձին բնակվելու առավելություններից։ Ադրբեջանում իրավիճակը հակառակն է՝ ամուսնացած երիտասարդների շրջանում ծնողների հետ «ստիպված» բնակվողների տոկոսը ավելի բարձր է, քան չամուսնացածների շրջանում։
Միջսերնդային կոնֆլիկտներ։ Ընտանիքներում միջսերնդային կոնֆլիկտները առավել տարածված են Ադրբեջանում։ Այստեղ ծնողների հետ կոնֆլիկտային հարաբերություններ ունեն երիտասարդների մոտ 9%-ը։ Ընտանեկան միջսերնդային կոնֆլիկտներն Ադրբեջանում դիրքավորված են ամուսնացած և [ամուսնու] ծնողների հետ բնակվող կանանց շրջանում, որտեղ ցուցանիշը 24% է։ Ամուսնացած և ծնողների հետ բնակվող տղամարդկանց շրջանում [նրանց բացարձակ գերակշիռ մեծամասնությունը բնակվում է իր ծնողների հետ] միջսերնդային ընտանեկան կոնֆլիկտների մակարդակը 3.1% է։
Վրաստանում և Հայաստանում ընտանեկան միջսերնդային կոնֆլիկտների մակարդակը Ադրբեջանի համեմատ նշանակալիորեն ավելի ցածր է, համապատասխանաբար՝ 2.5% և 1.0%: Վրաստանում տարիքի նվազմանը զուգահեռ ծնողների հետ կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող երիտասարդ տղամարդկանց թիվը նվազում է, իսկ կանանց շրջանում՝ աճում։ Այսինքն՝ Վրաստանում միջսերնդային կոնֆլիկտները կրողները առավելապես երիտասարդ աղջիկներն ու կանայք են։ Հայաստանում ընտանեկան միջսերնդային կոնֆլիկտի շաղկապվածություն տարիքի հետ չի հայտնաբերվել։
[1] Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց / Կազմ․՝ Ա․ Պապյան, Դ․ Հայրապետյան, Ա․ Պետրոսյան, Ս․ Մանուկյան – Եր․։ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՄԱՍ I – հետազոտական մաս, 2011 թ.,104 էջ։ https://escs.am/files/files
Մանուկյան Ս. Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց / «Հայաստանի երիտասարդությունը և հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի զարգացումը» / Ս. Մանուկյան; Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն; Երիտասարդական պրոբլեմների ուսումնասիրման ասոցիացիա. -Եր. : Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն, 2012: Մաս II: Վերլուծական մաս. -208 էջ: https://escs.am/files/files
Ղազարյան Դ. Հայաստանի երիտասարդների ձգտումները և ակնկալիքները: Զեկույց / Դ. Ղազարյան, Եր.: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակ, 2012.–200 էջ: https://escs.am/files/files
Մանուկյան Ս․ Ա․ Հայաստանի պետական բուհերի ուսանողությանն աջակցության և բոլոնյան գործընթացին մասնակցության ուսումնասիրություն․ Սոցիոլոգիական հետազոտություն․ / «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ։ Երևան, 2013, 89 էջ։
Մանուկյան Ս. Ա. ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտություն. սոցիոլոգիական հետազոտություն / Մանուկյան Ս. Ա., «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ: Երևան 2015․ - 77 էջ։
Մանուկյան Ս․ Ա․ ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտություն․ սոցիոլոգիական հետազոտություն / Ս․ Ա․ Մանուկյան, «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ։ Երևան 2016․ - 106 էջ։
Մանուկյան Ս. Ա. Սոցիալական լարվածությունները Հայաստանում / 21-րդ ԴԱՐ, 2014, № 2, էջ 54-77։
Մանուկյան Ս․ Ա․ Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում․ Սոցիոլոգիական հետազոտություն / Ս. Մանուկյան, «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ։ Երևան 2011․ - 89 էջ։
Մանուկյան Ս., Հայաստանի էթնո-սոցիո-մշակութային համակարգի զարգացման միտումների շուրջ / 21-րդ դար, 2012, № 5, էջ 68-96: https://cyberleninka.ru
Անկախության սերունդ․ Հետազոտություն երիտասարդների շրջանում / Հայաստան 2016.- Եր.: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, 2016, 232 էջ։ https://library.fes.de/pdf-files
[2] Ադրբեջանի վերաբերյալ վերջին հասանելի տվյալների շտեմարանը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Կովկասյան բարոմետր 2013» շտեմարան էր։ https://caucasusbarometer.org
[3] Van De Kaa DJ. Europe's second demographic transition. Popul Bull. 1987 Mar;42(1):1-59. PMID: 12268395.
[4] Л.А. Хачатрян, «Рождаемость в современном российском обществе: особенности и последствия» // Вестник Пермского университета. Философия. Психология. Социология. Выпуск 4(8), 2011, ст. 98-106.[5] Ըստ մամուլի հրապարակումների Վրաստանում բավական մեծ թիվ են կազմում 18-ից ցածր տարիքի կանանց ամուսնությունները։ Տես՝
Ранние браки в Грузии: традиция или дурная привычка? https://www.kavkaz-uzel.eu/articles/361511
В Грузии вводятся новые ограничения на ранние браки․ Нина Ахметели, Би-би-си, Тбилиси, 31 декабря 2015․ https://www.bbc.com/russian
[6] Ըստ Հայաստանի Հանրապետության Ամուսնական օրենսգրքի․ Հոդված 10-ի․
«Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:»
[7] McLanahan S, Tach L, Schneider D. The Causal Effects of Father Absence. Annu Rev Sociol. 2013 Jul; 39:399-427. doi: 10.1146/annurev-soc-071312-145704. PMID: 24489431; PMCID: PMC3904543.
[8] Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց / Կազմ․՝ Ա․ Պապյան, Դ․ Հայրապետյան, Ա․ Պետրոսյան, Ս․ Մանուկյան – Եր․։ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՄԱՍ I – հետազոտական մաս, 2011 թ.,104 էջ։ https://escs.am/files/files
[9] Սոցիոլոգիական հետազոտության մեթոդիկայի տեսակետից օգտագործված տարբերակների համախմբությունը չի ծածկում հնարավոր դեպքերի ամբողջ բովանդակությունը։ Մասնավորապես բացակայում են ծնողների հետ բնակվելու արժեքային բարոյական դիրքորոշումները, օրինակ՝ «բնակվում են ծնողների հետ, որովհետև իրենք զգում են ծնողների ներկայության կարիքը», «բնակվում են ծնողների հետ, որովհետև ծնողները զգում են իրենց ներկայության կարիքը», «բնակվում են ծնողների հետ, որովհետև ծնողներին խնամելը երեխաների պարտականությունն է» և այլն։
[10] Հետազոտության սխեմայում նախատեսված չէր «Այլ» պատասխանների բովանդակության բացահայտման հնարավորություն։
[11] Մեր կարծիքով Ադրբեջանում «Այլ պատասխանների» առատությունը բացատրվում է 8-րդ ծանոթագրությունում տրված պատճառով։
[12] Ադրբեջանի ՀԿ-ների ցանկը տես. https://www.azerbaijans.com
[13] ՄԱԶԾ փորձագետները համարում են, որ նորածինների շրջանում տղաների և աղջիկների հարաբերությունը, որը Հայաստանում հավասար է մոտավորապես 1.07-ի, ապագայում կարող է հանգեցնել «հարսնացուների պակասի», ինչը կազդի ծնելիության մակարդակի վրա։