Մշակութային տեղեկացվածության և արժեհամակարգի ազդեցությունը սոցիալական տարածությունների վրա Մաս 2․
22 ր. | 2023-11-20Նարինե Միքայելյան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, մագիստրատուրայի ուսանող
Գոհար Թորոսյան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, մագիստրատուրայի ուսանող
Ներածություն
Ն ախորդ հոդվածում ներկայացվել է ԵՊՀ ուսանողների շրջանում անցկացված բնական գիտափորձի արդյունքների առաջին մասը, որի նպատակն էր բացահայտել, ազդո՞ւմ է արդյոք ուսանողների մասնագիտությունը ֆրանսիացիների, ռուսների, պարսիկների և թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումների վրա։ Գիտափորձում դիտարկվել են չորս մասնագիտական խմբեր՝ թուրքագետներ, իրանագետներ, բանասիրական և հասարակագիտական մասնագիտությունների, ինչպես նաև բնական ու տեխնիկական մասնագիտությունների ուսանողներ։
Այս հոդվածում ներկայացված են գիտափորձի այն հատվածի արդյունքները, որոնք ուղղված էին բացահայտելու ազգերի վերաբերյալ մշակութային տեղեկացվածության առանձին տարրերի ազդեցությունները այդ ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա։
Մեթոդաբանությունը
Հ ետազոտությունում մշակութային տեղեկացվածության աստիճանի գնահատման համար կիրառվել է հետևյալ մոտեցումը՝ յուրաքանչյուր ուսանողի, անկախ նրա մասնագիտությունից, տրվել են հարցեր, որոնք թույլ են տալիս գնահատել դիտարկվող ազգերի մշակույթների վերաբերյալ ուսանողի տեղեկացվածությունը։
Ակնհայտ է, որ մշակութային տեղեկացվածությունը շատ լայն հասկացություն է և դրա բավարար ադեկվատ բովանդակային գնահատումը պահանջում է համակարգային ծավալուն հայեցակարգ։ Հետազոտության ռեսուրսային սահմանափակման պայմաններում[1] նման մոտեցումը իրականացվելի չէր։ Այդ պատճառով մշակվել է պարզեցված մոտեցում, որի շրջանակներում մշակվել են հարցախմբեր դիտարկվող չորս ազգերի վերաբերյալ ուսանողների մշակութային տեղեկացվածության գնահատման համար։ Մեթոդաբանության հիմնական նպատակն էր կազմավորել մշակութային տեղեկացվածության այնպիսի փոփոխականներ, որոնք բարձր հավանականությամբ կբացահայտեին մշակութային տեղեկացվածության ազդեցությունը ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա։
Որպես մշակութային տեղեկացվածության ցուցիչներ են սահմանվել հետևյալ չորս չափողականությունները, որոնք արտահատվել են հետևյալ հարցախմբերում։
- Որքանո՞վ է ուսանողը տիրապետում թուրքերեն, պարսկերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։ Չափման սանդղակը՝ Չի տիրապետում/Բավարար/Լավ/Գերազանց։ Նշենք, որ չի բացառվում, որ ուսանողը չլինելով իրանագետ կամ թուրքագետ տիրապետում է պարսկերենին կամ թուրքերենին։
- Այցելե՞լ է արդյոք ուսանողը Թուրքիա, Իրան, Ռուսաստան և/կամ եվրոպական որևէ երկիր։ Չափման սանդղակը՝ Այո/Ոչ։ Չի բացառվում, որ այցելությունը որևէ երկիր այդ երկրի պետականակերտ էթնոսի նկատմամբ կարող է առաջացնել ոչ միայն դրական, այլև՝ բացասական վերաբերմունք։
- Տեսե՞լ է արդյոք ուսանողը թուրքական, իրանական, ռուսական կամ ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ, որն «իրեն դուր է եկել»։ Չափման սանդղակը՝ Այո/Ոչ։ Հարցերում «իրեն դուր է եկել» արտահայտությունը կիրառվել է հնարավորինս ֆիլտրելու համար այն ֆիլմերը, որոնք ուսանողը դիտել է անտարբեր վիճակում, պարզապես ազատ ժամանակ ունենալու պատճառով։ Ենթադրվել է, որ եթե ֆիլմը «դուր է եկել», ապա դա հավանաբար դրական վերաբերմունք կառաջացնի ֆիլմի հետ շաղկապված երկրի կամ ազգի նկատմամբ։
- Ընթերցե՞լ է արդյոք ուսանողը թուրքական, իրանական, ռուսական կամ ֆրանսիական գեղարվեստական գիրք, որն «իրեն դուր է եկել»։ Չափման սանդղակը՝ Այո/Ոչ։ Հարցերում «իրեն դուր է եկել» արտահայտությունը կիրառվել է հնարավորինս ֆիլտրելու համար լեզվագիտական մասնագիտությունների ուսանողների պարտադիր ընթերցանության գրքերի ազդեցությունը։
Արդյունքներ
Ա ղյուսակ 1-ում տրված է, թե տարբեր մասնագիտությունների ուսանողների որ տոկոսն է «լավ» կամ «գերազանց» տիրապետում դիտարկված լեզուներին, այցելել համապատասխան երկրներ, տեսել գեղարվեստական ֆիլմեր, որոնք «իրենց դուր են եկել», ընթերցել գեղարվեստական գրքեր, «որոնք իրենց դուր են եկել»։ Տվյալների արագ ընկալման և համեմատության համար վանդակները գունավորված են։ Համեմատաբար ավելի մեծ թվեր պարունակող վանդակների գույներն ավելի մուգ են։
Աղյուսակ 1 Ուսանողների մշակութային տեղեկացվածության տարրերի տարածվածությունը
Մշակութային տեղեկացվածության տարր |
Մասնագիտություն |
||||
Թուր-քագետ |
Իրանա-գետ |
Բանաս. և հասար. |
Տեխն. և բնագիտ. |
Ընդ. |
|
Լավ կամ գերազանց տիրապետում են լեզվին (ինքնագնահատական) |
|
|
|
|
|
Ֆրանսերեն |
14% |
17% |
9% |
3% |
11% |
Ռուսերեն |
66% |
77% |
77% |
66% |
71% |
Ֆարսի |
6% |
43% |
0% |
0% |
12% |
Թուրքերեն |
34% |
6% |
3% |
0% |
11% |
Այցելել են երկիրը |
|
|
|
|
|
Եվրոպական երկիր |
11% |
3% |
31% |
29% |
19% |
Ռուսաստան |
57% |
46% |
37% |
46% |
46% |
Իրան |
3% |
20% |
0% |
11% |
9% |
Թուրքիա |
23% |
31% |
6% |
3% |
16% |
Դիտել են ֆիլմ, որն իրենց դուր է եկել |
|
|
|
|
|
Ֆրանսիական |
51% |
49% |
60% |
60% |
55% |
Ռուսական |
94% |
97% |
86% |
74% |
88% |
Իրանական |
31% |
46% |
14% |
9% |
25% |
Թուրքական |
49% |
51% |
29% |
31% |
40% |
Վերջին երեք տարվա ընթացքում ընթերցել են գեղարվեստական գիրք, որն իրենց դուր է եկել |
|
|
|
|
|
Ֆրանսիական |
20% |
31% |
23% |
9% |
21% |
Ռուսական |
26% |
14% |
29% |
14% |
21% |
Իրանական |
11% |
40% |
11% |
0% |
16% |
Թուրքական |
11% |
14% |
9% |
0% |
9% |
Ուսանողների շրջանում ռուսերենի իմացությունն ամենաբարձրն է, իսկ ըստ մասնագիտությունների ռուսերենի իմացության մակարդակը մոտավորապես նույնն է (հաշվի առնելով ընտրանքների փոքր ծավալները)։
Ինչպես և սպասելի էր թուրքագետների շրջանում՝ թուրքերենի, իսկ իրանագետների շրջանում ֆարսի լեզվի իմացությունն ամենաբարձրն է։ Սակայն, ստացված տվյալների հիման վրա պետք է ենթադրել, որ իրենց մասնագիտական լեզվի «լավ» կամ «գերազանց» իմացության մակարդակը անբավարար է՝ ըստ ուսանողների ինքնագնահատականների իրանագետների շրջանում ֆարսի «լավ» կամ «գերազանց» գիտեն ուսանողների 43%, իսկ թուրքագետների շրջանում թուրքերեն՝ 34%-ը։
Ուսանողների շրջանում Ռուսաստան այցելած անձանց հարաբերական քանակն ամենաբարձրն է՝ 46%։ Եվրոպական որևէ երկիր և Թուրքիա այցելած ուսանողների քանակը մոտավորապես նույնն է՝ 16-19%։ Իրան այցելած ուսանողների քանակը՝ մոտ 9%։
Ուսանողների մոտ 90%-ը դիտել է ռուսական գեղարվեստական ֆիլմ, որն «իրենց դուր է եկել»։ Այդ տեսակետից երկրորդը՝ ֆրանսիական ֆիլմերն են՝ 55%։
Չնայած թուրքագետների և իրանագետների շրջանում իրանական և թուրքական ֆիլմերի դիտումները բավական բարձր են, սակայն ընդհանուր առմամբ ուսանողների շրջանում իրանական և թուրքական ֆիլմերի նկատմամբ դրական վերաբերմունքը բավական ցածր է։ Չի բացառվում, որ ստացված ցածր ցուցանիշները արտահայտում են ոչ թե այն, որ ուսանողներին իրանական կամ թուրքական ֆիլմերը դուր չեն եկել, այլ, որ նրանցից շատերը իրանական կամ թուրքական ֆիլմեր պարզապես չեն տեսել։ Սակայն, անկախ պատճառից, մեր հետազոտական նպատակի համար կարևոր է ոչ թե ֆիլմի «պարզապես դիտումը, այլ ֆիլմի «դուր գալը», որը մեր ենթադրությամբ ազդեցություն է ունենում ազգի նկատմամբ դրական վերաբերմունքի կայացման վրա։
Բավական փոքր հարաբերական քանակ են կազմում այն ուսանողները, ովքեր կարդացել են նշված երկրների գեղարվեստական գրականություն, որն իրենց դուր է եկել։ Դա անուղղակիորեն վկայում է նաև մասին, որ ներկայումս ուսանողներն ընդհանրապես գեղարվեստական գրականություն քիչ են կարդում։
Արևելագետ ուսանողների մասնագիտական ընդգրկվածության և մշակութային տեղեկացվածության յուրօրինակ և արտահայտիչ ցուցիչ է այն, որ Ղուրանը կարդացել է թուրքագետների 3%-ը, իսկ իրանագետների շրջանում այդպիսի ուսանող ընտրանքում չի հայտնվել, այլ կերպ՝ արևելագետ 70 ուսանողներից Ղուրանը կարդացել է միայն մեկը։
Մշակութային տեղեկացվածության տարրերին վերաբերվող հարցախմբերին տրված պատասխաններով կառուցվել են ֆրանսիացիների, ռուսների, պարսիկների և թուրքերի վերաբերյալ ուսանողի տեղեկացվածության ինդեքսները։ Դրանք հաշվարկվել են որպես այդ հարցերին տրված «Այո» պատասխանների գումար։ Քանի որ լեզվին տիրապետելու մակարդակը չափվել է «Չեմ տիրապետում - 1», «Բավարար - 2», «Լավ - 3» և «Գերազանց - 4» սանդղակով, այդ փոփոխականը ինդեքսում ընդգրկվել է հետևյալ բանաձևով գծային ձևափոխությունից հետո. («Լեզվի իմացության ինքնագնահատական» - 1)/3:
Հետազոտական հիպոթեզն էր՝ տվյալ ազգի վերաբերյալ մշակութային տեղեկացվածության աճը նվազեցնում է նրա նկատմամբ սոցիալական տարածությունը։
Հաշվարկները ցույց տվեցին, որ․
- Մշակութային տեղեկացվածության ինդեքսը նվազեցնում է ազգի նկատմամբ սոցիալական տարածությունը ռուսների և թուրքերի դեպքում։
- Ֆրանսիացիների և պարսիկների դեպքում՝ այդպիսի կապ չի հայտնաբերվել։
Այդ եզրակացությունները հիմնավորող պարզ գծային ռեգրեսիաների հիմնական բնութագրերը տրված են Աղյուսակ 2-ում
Աղյուսակ 2.
Մոդել |
R2 |
F տեստի նշանակա-լիությունը |
Beta |
Beta-ն 0-ից տարբեր լինելու t տեստի նշանակալիությունը |
Ֆրանսիացիներ |
0.010 |
0.234 |
-0.101 |
0.234 |
Ռուսներ* |
0.068 |
0.002 |
-0.261 |
0.002 |
Պարսիկներ |
0.004 |
0.213 |
-0.106 |
0.213 |
Թուրքեր* |
0․156 |
0․000 |
-0․395 |
0․000 |
* - Մշակութային տեղեկացվածության ինդեքսի ազդեցությունը վիճակագրորեն հավաստի է։ |
Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ թուրքերի վերաբերյալ մշակութային տեղեկացվածության աճն ավելի արագ է նվազեցնում նրանց նկատմամբ սոցիալական տարածությունները, քան ռուսների նկատմամբ մշակութային տեղեկացվածության աճը՝ ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունը։
Հետազոտության հաջորդ քայլն էր՝ պարզել, թե տվյալ ազգի վերաբերյալ մշակութային տեղեկացվածության ո՞ր բաղադրիչներն են ազդեցություն գործում դրա նկատմամբ սոցիալական տարածությունների վրա։
Դրա համար կիրառվել է գործոնային վերլուծություն, որում որպես փոփոխականներ կիրառվել են տվյալ ազգի նկատմամբ սոցիալական տարածությունը (SD_[ազգ]) և մշակութային տեղեկացվածության չորս փոփոխականները՝ տվյալ ազգի լեզվի իմացությունը (L_[ազգ]), տվյալ ազգի երկիր այցելությունը (V_[ազգ]), ուսանողին դուր եկած գեղարվեստական ֆիլմի առկայությունը (F_[ազգ]), ուսանողին դուր եկած գեղարվեստական գրքի ընթերցումը (B_[ազգ])։ Արդյունքները ներկայացված են ստորև։
Ֆրանսիացիներ․ Ֆրանսիացիների դեպքում գործոնային վերլուծությունը չբացահայտեց ֆրանսիացիների նկատմամբ սոցիալական տարածության և ֆրանսիայի վերաբերյալ մշակութային տեղեկացվածության դիտարկված տարրերի միջև որևէ շաղկապվածություն։ Այդ փաստը հաղորդակցվում է վերը նշված այն դրույթի հետ, որ ֆրանսիացիների նկատմամբ սոցիալական տարածությունը շաղկապված չէր ֆրանսիացիների վերաբերյալ մշակութային տեղեկացվածության ինդեքսի հետ։
Ռուսներ. Գործոնային մոդելը (Գծապատկեր 1) ցույց է տալիս, որ.
- Ռուսական գեղարվեստական գրականության և ֆիլմերի դիտումները նվազեցնում են ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունը։
Դրա մասին է վկայում այն, որ Գծապատկեր 1-ում հորիզոնական «Գործոն 1» առանցքի վրա ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունը (SD_Rus) գտնվում է առանցքի ձախ հատվածում՝ դրա սկզբնակետից (0 կետից) բավական հեռու («Գործոն 1» առանցքի վրա կոորդինատը հավասար է -0.679): Իսկ ռուսական ֆիլմերի դիտումը (F_Rus) և ռուսական գեղարվեստական գրքերի ընթերցումը (B_Rus) գտնվում են «Գործոն 1» առանցքի աջ հատվածում՝ առանցքի սկզբնակետից բավական հեռու։ Այդ փոփոխականների կոորդինատներն են համապատասխանաբար՝ 0.611 և 0.733:
Գծապատկեր 1. Ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունների գործոնային մոդելը
Պարսիկներ. Իրանի վերաբերյալ մշակութային տեղեկացվածության տարրերի և պարսիկների նկատմամբ սոցիալական տարածությունների գործոնային մոդելը տրված է Գծապատկեր 2-ում։
Գծապատկեր 2. Պարսիկների նկատմամբ սոցիալական տարածությունների գործոնային մոդելը
Գործոնային մոդելը հուշում է պարսիկների նկատմամբ սոցիալական տարածության կարևոր առանձնահատկությունը՝ Իրան այցելությունները մեծացնում են այդ տարածությունները։ Այս արդյունքը կարող է բացատրվել նրանով, որ Հայաստանում ազատական վարքագծային համակարգում սոցիալականացված ուսանողների համար Իրանի ավանդական վարքագծային նորմերը նվազ ընդունելի են։
Մյուս կողմից՝ իրանական ֆիլմերի դիտումը և իրանական գրքերի ընթերցումը նվազեցնում են պարսիկների նկատմամբ սոցիալական տարածությունները։
Այսպիսով, պարսիկների նկատմամբ սոցիալական տարածությունների վրա առկա է մշակութային տարրերի տարաբնույթ ազդեցություն՝ Իրան այցելությունները մեծացնում են սոցիալական տարածությունը, իսկ գրքերի ընթերցումն ու ֆիլմերի դիտումը՝ նվազեցնում։ Չի բացառվում, որ այդ ազդեցությունների տարամետությունն է պատճառը, որ Աղյուսակ 2-ում պարսիկներին վերաբերվող ռեգրեսիոն մոդելը չունի բավարար վիճակագրական հավաստիություն (F = 0.213 > 0.05)։
Թուրքեր. Թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունների և մշակութային տեղեկացվածության տարրերի գործոնային մոդելը (Գծապատկեր 3) ցույց է տալիս, որ թուրքական գեղարվեստական ֆիլմերի դիտումը, թուրքերենի իմացությունը և, ավելի փոքր չափով՝ Թուրքիա այցելությունները նվազեցնում են թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունները։
Գծապատկեր 3. Թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունների գործոնային մոդելը
Ազատական արժեհամակարգերի ազդեցությունը սոցիալական տարածությունների վրա
Հ ոդվածի նախորդ հատվածում բացահայտված «Ընդհանուր հանդուրժողականության» գործոնի առկայությունը հուշում է, որ տարբեր սոցիալական հանրույթների, այդ թվում նաև ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումները կարող են պայմանավորված լինել մարդկանց արժեհամակարգերով և դրանց առանձին խմբերով։ Հանդուրժողականությունը որպես կանոն շաղկապված է ազատական արժեքների հետ։
Մեթոդաբանություն
Գ իտափորձում ներառված էին հարցեր, որոնք թույլ են տալիս գնահատել ուսանողների աշխարհայացքում մի քանի ազատական արժեքների և վարքագծային նորմերի առկայությունը։
Գիտափորձի հետազոտական հիպոթեզն այն էր, որ ազատականության աճը նվազեցնում է ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումները։
Գիտափորձի մասնակից ուսանողների շրջանում ազատականության գնահատման համար կիրառվել է հետևյալ հարցախումբը․
«Ձեր համար ավելի շուտ ընդունելի՞ է, թե՞ ավելի շուտ ընդունելի չէ, …»
- … որ չամուսնացած աղջիկն ապրի ծնողներից առանձին,
- … որ կինը երեխա ունենա առանց ամուսնանալու,
- … հղիության արհեստական ընդհատումը, եթե ծննդաբերությունը չի սպառնում կնոջ կամ երեխայի կյանքին կամ առողջությանը,
- … աղջկա կողմից իր ամուսնության հետաձգումը մինչև 30 տարեկան՝ լավ ուսում ստանալու կամ կարիերայի համար։»
- «Ո՞րն է Ձեր համար կյանքում ավելի կարևոր անձնական նվաճումները, թե՞ ընտանեկան երջանկությունը։ Ձեր պատասխանը տեղադրեք 1-10 սանդղակի վրա, որտեղ 1-ը նշանակում է անհատական նվաճումների ամենաբարձր կարևորությունը, իսկ 10-ը՝ ընտանեկան երջանկության ամենաբարձր կարևորությունը։ 5-ը նշանակում է՝ երկուսն էլ հավասար կարևոր են։»
Հետազոտության արդյունքներում 5-րդ հարցի սանդղակն ագրեգացվել է՝ 1-4 գնահատականները մեկնաբանվել են որպես առավել կարևոր են «անհատական նվաճումները», 5-ը՝ «երկուսն էլ հավասար կարևոր են», իսկ 6-10-ը՝ առավել կարևոր է «ընտանեկան երջանկությունը»։
Արդյունքներ
Վ երը նշված հարցերի պատասխաններն ամբողջ ընտրանքի համար (140 ուսանող), ըստ սեռի, տարիքի և մասնագիտության տրված են Աղյուսակ 3-ում։
Աղյուսակ 3 Ազատական արժեքների տարածվածությունը ուսանողների շրջանում
Ազատական արժեհամակարգի տարր |
Սեռ |
Տարիք |
Մասնագիտություն |
Ընդ. |
|||||
Իգ |
Ար |
20-24 |
25-30 |
Թուր. |
Իրան. |
Բան. |
Տեխն. |
||
«Ձեր համար ավելի շուտ ընդունելի՞ է, թե՞ ավելի շուտ ընդունելի չէ, որ …» |
|
|
|
|
|
|
|
|
|
Չամուսնացած աղջիկն ապրի ծնողներից առանձին (Ավելի շուտ ընդունելի է) |
65% |
48% |
62% |
51% |
43% |
43% |
69% |
71% |
56% |
Կինը երեխա ունենա առանց ամուսնանալու (Ավելի շուտ ընդունելի է) |
41% |
23% |
34% |
30% |
31% |
29% |
43% |
26% |
32% |
Հղիության արհեստական ընդհատումը, եթե ծննդաբերությունը չի սպառնում կնոջ կամ երեխայի կյանքին կամ առողջությանը (Ավելի շուտ ընդունելի է) |
35% |
9% |
31% |
13% |
17% |
29% |
20% |
23% |
22% |
Աղջկա կողմից իր ամուսնության հետաձգումը մինչև 30 տարեկան՝ լավ ուսման կամ կարիերայի համար (Ավելի շուտ ընդունելի է) |
97% |
55% |
82% |
71% |
74% |
69% |
83% |
80% |
76% |
Ո՞րն է Ձեր համար կյանքում ավելի կարևոր անձնական նվաճումները, թե՞ ընտանեկան երջանկությունը։ Ձեր պատասխանը տեղադրեք 1-10 սանդղակի վրա։ |
|||||||||
«Անձնական նվաճումներ» (1-4), «Երկուսն էլ» (5), «Ընտանեկան երջանկություն» (6-10) |
|||||||||
Նվաճումներ |
1% |
1% |
3% |
0% |
3% |
0% |
0% |
3% |
1% |
Երկուսն էլ |
76% |
58% |
65% |
70% |
49% |
69% |
69% |
83% |
67% |
Ընտանիք |
23% |
41% |
32% |
30% |
49% |
31% |
31% |
14% |
31% |
Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ․
- Աղջիկների շրջանում ազատական արժեհամակարգի դիտարկված տարրերը նշանակալիորեն ավելի տարածված են, քան երիտասարդ տղամարդկանց շրջանում։
- Այդ տարբերությունը հատկապես մեծ է հղիության արհեստական ընդհատման և ամուսնության հետաձգման հարցերում։
- Ազատականության տարրերն ավելի տարածված են համեմատաբար ավելի երիտասարդ (20-24 տարեկան) ուսանողների շրջանում։ Այսինքն՝ ժամանակի ընթացքում (երբ շարժվում ենք բարձր տարիքային խմբերից դեպի ցածր տարիքային խմբեր) ազատական արժեհամակարգի տարրերի տարածվածությունն աճում է։
- Աղյուսակում տարբեր մասնագիտությունների ուսանողների շրջանում ազատականության տարածվածության տվյալների բավական մեծ և անկանոն ցրվածքը դժվարացնում է դրանց ընդհանրացված ընկալումը։ Սակայն կլաստերային վերլուծությունը ցույց տվեց, որ ազատականության դիտարկված հինգ բնութագրերի բաշխումների տեսակետից միմյանց ավելի նման են մի կողմից՝ թուրքագետներն ու իրանագետները, իսկ մյուս կողմից՝ բանասերների ու հասարակագետների և տեխնիկական ու բնագիտական մասնագիտությունների խմբերը։
Ազատականության տարրերն արտապատկերող փոփոխականների միջոցով կառուցվել է ուսանողների «ազատականության ինդեքսը», որը փոփոխվում է [0; 4] միջակայքում, որտեղ 0-ն ազատականության ամենացածր մակարդակն է, իսկ 4-ը՝ ամենաբարձրը։ Այդ ինդեքսի կիրառմամբ ուսումնասիրվել է ազատականության ազդեցությունը ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա (Գծապատկեր 4)։
Գծապատկեր 4. Ազատականության ինդեքսի ազդեցությունը ֆրանսիացիների, ռուսների, պարսիկների և թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա։
Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ․
- Ազատականության ինդեքսի աճը նվազեցնում է բոլոր դիտարկված ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունները բացի թուրքերից։
Չորս մոդելներից որակով լավագույնն է ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունը ազատականության ինդեքսից կախվածությունն արտահայտող մոդելը, որտեղ R2 = 0.941 և Beta = -0.064։ Երկրորդը՝ ֆրանսիացիների նկատմամբ սոցիալական տարածությունների կախվածությունը ազատականության ինդեքսից նկարագրող մոդելը՝ R2 = 0.857 և Beta = -0.080։ Երրորդը՝ պարսիկների նկատմամբ սոցիալական տարածությունների մոդելը՝ R2 = 0.747 և Beta = -0.069։
Նույն եզրակացությունը հաստատում է նաև ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների և ազատականության ինդեքսի համատեղ գործոնային վերլուծությունը։ Այդ վերլուծությամբ կառուցված մոդելը տրված է Գծապատկեր 5-ում։ Ներկայացված մոդելը շատ նման է նախորդ հոդվածի Գծապատկեր 5-ի մոդելին։ Տարբերությունն այն է, որ Գծապատկեր 5-ի մոդելի կառուցմանը մասնակցել է նաև ազատականության ինդեքսը։
Այն հայտնվել է «Ընդհանուր հանդուրժողականության/Բարեկամ ազգերի» գործոնի կազմում, ընդ որում ունի բացասական նշան և բավական մեծ բացարձակ արժեք՝ -0.563: Գործոնի վրա սոցիալական տարածությունների և ազատականության ինդեքսի հակադիր նշանները նշանակում են, որ ազատականության ինդեքսի աճը նվազեցնում է սոցիալական տարածությունները ռուսների, պարսիկների և ֆրանսիացիների նկատմամբ, սակայն չի ազդում թուրքերի նկատմամբ սոցիալական տարածության վրա (թուրքերի նկատմամբ սոցիալական տարածության արժեքը «Ընդհանուր հանդուրժողականության» գործոնի վրա շատ փոքր է՝ 0.082)։
Գծապատկեր 5 Սոցիալական տարածությունների և լիբերալիզմի ինդեքսի գործոնային մոդելը։
Եզրակացություններ
Գ իտափորձի բոլոր արդյունքների ընդհանրացումը հանգեցնում է հետևյալ հիմնական եզրակացություններին։
Ուսանողները դիտարկված ազգերի շրջանակում ամենափոքր սոցիալական տարածությունն ընկալում են ֆրանսիացիների նկատմամբ (0.190)։ Նրանց ըստ սոցիալական տարածությունների աճման հետևում են ռուսները(0․333), պարսիկները (0.460) և թուրքերը(0.875)։
Ուսանողների մասնագիտությունն էապես ազդում է [դիտարկված] ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա։ Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ուսանողների շրջանում սոցիալական տարածությունների ընկալումներն ավելի փոքր են, քան տեխնիկական և բնական մասնագիտությունների ուսանողների շրջանում։
Թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունն ամենամեծն է և կախված չէ ուսանողի մասնագիտությունից։
Ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների համատեքստում ուսանողների աշխարհայացքում առկա է երկու հիմնական գործոն՝ «Բարեկամ ազգերի գործոն», որը համախմբում է ուսանողների սոցիալական տարածությունները ֆրանսիացիների, ռուսների և պարսիկների նկատմամբ, և «Թշնամի ազգերի գործոն», որի կազմում է թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունը։ Սոցիալական տարածությունների ուսումնասիրության նախորդ փորձը հուշում է, որ այդ գործոնի կազմում կընդգրկվի նաև ադրբեջանցիների նկատմամբ սոցիալական տարածությունը, եթե այն դիտարկվի համանման հետազոտությունում։
Ֆրանսիացիների, ռուսների և պարսիկների նկատմամբ սոցիալական տարածությունները՝ լինելով միևնույն աշխարհընկալման համալիրի կազմում, միասին են աճում կամ նվազում։
Ուսանողների շրջանում ֆրանսիացիների, ռուսների և պարսիկների հետ հասարակական շփումների ընդունելիության տեսակետից՝ տուրիզմ, համատեղ աշխատանք, հարևանություն, ընկերություն նշանակալի խնդիրների առաջացման հավանականությունը փոքր է։ Սակայն թուրքերի դեպքում առկա են նշված հասարակական շփումների մեծ խոչընդոտներ։
Ազգերի վերաբերյալ մշակութային տեղեկացվածության աճն ընդհանուր առմամբ նվազեցնում է դրանց նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունները։
Ընդհանուր դեպքում սոցիալական տարածությունների նվազեցման հարցում հատկապես ուժեղ ազդեցություն ունեն տվյալ ազգի (երկրի) ֆիլմերի դիտումները և գեղարվեստական գրականության ընթերցումը։ Որոշակի յուրահատկություն ունի տվյալ ազգի (երկրի) այցելությունը։ Եթե ֆրանսիացիների, ռուսների և թուրքերի դեպքում դրանք նվազեցնում են սոցիալական տարածությունները, ապա պարսիկների դեպքում՝ մեծացնում են։
Թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունը նվազեցնում են լեզվի իմացությունը և ֆիլմերի դիտումը։
Արժեհամակարգում ազատական արժեքների զարգացումը նվազեցնում է ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունները, բացառությամբ թուրքերի նկատմամբ սոցիալական տարածության։ Հարկ է նշել, որ ազատական արժեհամակարգի զարգացումը համակարգային կերպով նվազեցնում է հասարակությունում ծնելիության ցուցանիշները[2]։
[1] Հետազոտությունն իրականացվել է ՀՊՄՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի երկու մագիստրանտների և նրանց ղեկավարի ուժերով ուսանողական պրակտիկայի շրջանակներում։
[2] Սամվել Մանուկյան, Հայաստանում ծնելիության բարձրացման խնդրի շուրջ. արժեհամակարգային դինամիկան և երեխաների պահանջմունքը Հայաստանի հասարակությունում // «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման խնդիրներն ու ռազմավարությունը» միջազգային գիտա-գործնական համաժողով, հոկտեմբեր 2-3, 2019 թ.։ https://orbeli.am/storage
Հոդվածին կից ֆայլեր՝