Մշակութային տեղեկացվածության ազդեցությունը սոցիալական տարածությունների ընկալումների վրա Մաս 1
13 ր. | 2023-10-12Համահեղինակներ՝
Նարինե Միքայելյան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, մագիստրատուրայի ուսանող
Գոհար Թորոսյան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, մագիստրատուրայի ուսանող
Ներածություն
է թնիկ խմբերի կողմից այլ էթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումներն ընդհանրացված ցուցանիշներ են, որոնք պատկերացում են տալիս դրանց միջև սոցիալական հարաբերությունների սերտության և հնարավոր բնույթի վերաբերյալ։ Այդ տարածությունների չափման համար առավել հաճախ կիրառվում է սոցիալական տարածությունների Բոգարդուսի սանդղակը։[1] Սանդղակը կառուցվում է ընդհանրացնելով տվյալ էթնիկ խմբի ներկայացուցիչների կողմից մեկ այլ էթնիկ խմբի ներկայացուցչի հետ մի շարք սոցիալական հարաբերությունների ընդունելիության աստիճանը, այդ թվում՝ ամուսնությունը հարազատի հետ, մոտ ընկերությունը, մոտ հարևանությունը, աշխատանքը նույն խմբում/բիզնես գործընկերությունը, իր երկրի քաղաքացիության շնորհումը, մուտքն իր երկիր միայն որպես զբոսաշրջիկ և ցանկացած հարաբերության բացառում։
Սոցիալական տարածությունները կախված են բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ միջէթնիկ հարաբերությունների պատմական և անձնական փորձից, արժեհամակարգից և մշակութային այլ առանձնահատկություններից։ Սոցիալական տարածությունները ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Ներկայիս միջազգային քաղաքական հարաբերությունների ոլորտում Հայաստանի հասարակության համար աստիճանաբար ավելի են կարևորվում միջէթնիկ ընկալումների հետ կապված խնդիրները, մասնավորապես մեր հարևան ազգերի՝ պարսիկների, վրացիների, թուրքերի, ադրբեջանցիների, ինչպես նաև մի քանի այլ ազգերի, մասնավորապես՝ ռուսների և ֆրանսիացիների նկատմամբ։
Ենթադրվում է, որ միմյանց ճանաչելը, կենցաղային շփումների փորձը, միմյանց մշակույթների վերաբերյալ տեղեկացվածությունը և հասարակությունում ընդհանուր հանդուրժողականության մշակույթը, մնացած հավասար պայմաններում, ունակ են նվազեցնելու միջէթնիկ սոցիալական տարածությունների ընկալումները։
Օրբելի վերլուծական կենտրոնը մի քանի անգամ անդրադարձ է կատարել հայերի, վրացիների և ադրբեջանցիների կողմից տարբեր ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումներին։
Հոդվածում ներկայացված է, թե ինչպես է ազդում թուրքերի, պարսիկների, ռուսների և ֆրանսիացիների վերաբերյալ մշակութային տեղեկացվածությունն այդ ազգերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունների վրա։
Հետազոտության ընդհանուր նկարագիրը
Հ ետազոտության նպատակն է բացահայտել՝ արդյո՞ք տվյալ ազգի մշակույթի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանն ազդում է այդ ազգի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածության վրա։ Փորձարկվող ազգերն էին՝ ֆրանսիացիները, ռուսները, պարսիկներ և թուրքերը։
Ռեսուրսային սահմանափակումների պատճառով իրականացվել է բնական գիտափորձ[2]։ Որպես հետազոտության օբյեկտ են սահմանվել Երևանի պետական համալսարանի ուսանողները։
Հետազոտության կախյալ փոփոխականները․ Գիտափորձի կախյալ փոփոխականներն էին հետազոտված ուսանողների շրջանում սոցիալական տարածությունների ընկալումները ֆրանսիացիների, ռուսների, պարսիկների և թուրքերի նկատմամբ։ Այդ սոցիալական տարածությունները չափվել են Բոգարդուսի սանդղակով։
Հետազոտության անկախ փոփոխականները․ Որպես հիմնական անկախ փոփոխական, այսինքն՝ գործոն, որն ազդում է տվյալ ազգի նկատմամբ սոցիալական տարածության վրա, սահմանվել է ուսանողի մասնագիտությունը։ Կազմավորվել է չորս խումբ՝ ըստ ուսանողների մասնագիտությունների՝ թուրքագիտություն, իրանագիտություն, այլ հասարակական կամ հումանիտար մասնագիտություններ և տեխնիկական ու բնագիտական մասնագիտություններ։ Ենթադրվել է, որ թուրքագետ ուսանողներն ավելի լավ են ծանոթ թուրքական մշակույթին, իսկ իրանագետ ուսանողները՝ իրանական մշակույթին։[3]
Հետազոտության փորձարարական և ստուգողական խմբերը․ Հետազոտությունում առանձնացված բոլոր չորս խմբերը սկզբունքորեն փորձարարական խմբեր են։ Դա հատկապես վերաբերվում է թուրքագետ և իրանագետ ուսանողական խմբերին։ Իսկ հասարակագետ և հումանիտար մասնագիտությունների և տեխնիկական ու բնագիտական մասնագիտությունների ուսանողների խմբերը կարելի է դիտարկել որպես և՛ ստուգողական, և՛ փորձարարական խմբեր։
Հետազոտության ընտրանքը․ Յուրաքանչյուր մասնագիտական խմբից ընտրվել են 35-ական ուսանողներ։ Յուրաքանչյուր մասնագիտական խմբում ընտրվել են հավասար թվով երիտասարդներ և աղջիկներ՝ երկու տարիքային խմբերից՝ 20-24 տարեկան և 25-30 տարեկան։ Յուրաքանչյուր քվոտային խմբում ուսանողներն ընտրվել են պատահականության սկզբունքով։ Գիտափորձի ընտրանքի կառուցվածքը տրված է Աղյուսակ 1-ում։
Աղյուսակ 1 Գիտափորձի ընտրանքի կառուցվածքը
Մասնագիտություն |
20-24 |
25-30 |
Ընդամենը |
||||||
Իգ. |
Ար. |
Ընդ. |
Իգ. |
Ար. |
Ընդ. |
Իգ. |
Ար. |
Ընդ. |
|
Թուրքագետ |
8 |
9 |
17 |
10 |
8 |
18 |
18 |
17 |
35 |
Իրանագետ |
9 |
9 |
18 |
9 |
8 |
17 |
18 |
17 |
35 |
Բանասիրական կամ հասարակագիտական |
9 |
9 |
18 |
9 |
8 |
17 |
18 |
17 |
35 |
Տեխնիկական կամ բնագիտական |
9 |
9 |
18 |
8 |
9 |
17 |
17 |
18 |
35 |
Ընդամենը |
35 |
36 |
71 |
36 |
33 |
69 |
71 |
69 |
140 |
Արդյունքներ
Հաշվարկները ցույց տվեցին, որ
- Ուսանողների շրջանում (ամբողջ ընտրանքում) սոցիալական տարածությունն ամենափոքրն է ֆրանսիացիների նկատմամբ (0.190), որին՝ աճման կարգով հետևում են ռուսների (0․333), պարսիկների (0.460) և թուրքերի (0.875) նկատմամբ սոցիալական տարածություններ (Գծապատկեր 1)։
Ա յդուհանդերձ, գծապատկերը հուշում է, որ դիտարկված չորս ազգերից երեքի՝ ֆրանսիացիների, ռուսների և պարսիկների նկատմամբ սոցիալական տարածությունները համեմատաբար ավելի մոտ են միմյանց, քան թուրքերին։
Գծապատկեր 1 Սոցիալական տարածությունների ընկալումները ֆրանսիացիների, ռուսների, պարսիկների և թուրքերի նկատմամբ ուսանողների մասնագիտական խմբերում։
Ստացված արդյունքն ավելի լայն կոնտեքստում և դինամիկայի մեջ ընկալելու համար Աղյուսակ 2-ում տրված են Հայաստանում սոցիալական տարածությունները ռուսների, եվրոպացիների/ֆրանսիացիների, իրանցիների/պարսիկների և թուրքերի նկատմամբ 2007, 2013 և 2021 թվականներին, որոնք հաշվարկված են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) հետազոտությունների 2007, 2013 և 2021 թթ. տվյալների շտեմարանների կիրառմամբ։ Նշենք, որ այդ երեք հետազոտություններում կիրառվել է ոչ թե պարսիկ, այլ՝ «իրանցի» տերմինը, իսկ 2013 թ. հետազոտությունում՝ ոչ թե ֆրանսիացի, այլ՝ «եվրոպացի» տերմինը։ Չծանրացնելու համար աղյուսակի կառուցվածքը, աղյուսակի տողերի անուններում այդ տերմինները պայմանականորեն փոխարինված են համապատասխանաբար «պարսիկ» և «ֆրանսիացի» տերմիններով[4]։ Աղյուսակում տրված են նաև սոցիալական տարածությունները «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտության 18-30 տարեկան թերի բարձրագույն և բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում, ինչպես նաև 2022 թ. գիտափորձի արդյունքները։
Աղյուսակ 2 Սոցիալական տարածությունները ռուսների, եվրոպացիների/ֆրանսիացիների, իրանցիների/պարսիկների և թուրքերի նկատմամբ ՀՌԿԿ «Կովկասյան բարոմետր» 2007, 2013, 2021 թթ. հետազոտություններում և 2022 թ. գիտափորձում։
|
ԿԲ 2007 |
ԿԲ 2013 |
ԿԲ 2021 |
ԿԲ 2021 տարիք՝ 18-30, կրթ. ԹԲ և Բ |
2022 գիտափորձ, ուսանողներ, տարիք՝ 18-30, կրթ. ԹԲ և Բ |
Ֆրանսիացի |
- |
0.430* |
0.326 |
0.208 |
0.190 |
Ռուսներ |
0.249 |
0.328 |
0.355 |
0.289 |
0.333 |
Իրանցիներ |
0.649 |
0.691 |
0.565 |
0.438 |
0.460** |
Թուրքեր |
0.763 |
0.822 |
0.907 |
0.858 |
0.875 |
ԿԲ – «Կովկասյան բարոմետր» |
- Նկատենք, որ ժամանակի ընթացքում ռուսների նկատմամբ սոցիալական տարածություններն աճել են։
- Այդուհանդերձ՝ «Կովկասյան բարոմետր 2021»-ում 18-30 տարեկան թերի բարձրագույն կամ բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում այն նշանակալիորեն ավելի փոքր է, քան ամբողջ Հայաստանում և մոտավորապես նույնը՝ ինչ 2022 թ. գիտափորձի ընտրանքում։ Կարելի է եզրակացնել, որ Հայաստանում երիտասարդության շրջանում հանդուրժողականությունը տարբեր ազգերի նկատմամբ համեմատաբար ավելի բարձր է, քան ամբողջ հասարակությունում։
Եթե համեմատենք «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտությունում 18-30 տարեկան թերի բարձրագույն և բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում սոցիալական տարածությունները գիտափորձի ընտրանքի տվյալների հետ, ապա, հաշվի առնելով այդ ընտրանքների կառուցվածքների և կիրառված ազգերի անունների միջև տարբերությունները, ապա կարող ենք ընդունել, որ դրանք բավական մոտ են միմյանց։
Այն հարցի պատասխանը, թե ընդհանուր առմամբ որքանո՞վ են միմյանց նման դիտարկված ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումները տարբեր մասնագիտությունների ուսանողների շրջանում, տրված է Գծապատկեր 2-ում, որտեղ ներկայացված է ուսանողների մասնագիտական խմբերի կլաստերային վերլուծության արդյունքները։ Կլաստերացման համար կիրառվել են ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների միջին արժեքների պրոֆիլները յուրաքանչյուր մասնագիտական խմբի ուսանողների համար։
Գծապատկեր 2 Մասնագիտական խմբերում ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների պրոֆիլների կլաստերային վերլուծության դենդրոգրամը։
Գծապատկերը ցույց է տալիս, որ․
- Ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումների տեսակետից միմյանց շատ նման են իրանագետները և բանասիրական ու հասարակագիտական մասնագիտությունների ուսանողները։ Նրանց բավական մոտ են թուրքագետները։ Այդ երեք մասնագիտությունների ուսանողները դիտարկված ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների տեսակետից կազմում են մեկ մեծ խումբ։
- Իսկ տեխնիկական և բնագիտական մասնագիտությունների ուսանողներն առանձնանում է այդ մեծ խմբից՝ կազմելով երկրորդ «խումբը»։
Պարզելու համար, թե ինչպե՞ս են միմյանցից տարբերվում չորս մասնագիտական խմբերը, Գծապատկեր 3-ում տրված են ուսանողների մասնագիտական խմբերում դիտարկված ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների միջին արժեքները և դրանց 90% հավաստիության միջակայքերը։ Յուրաքանչյուր մասնագիտության համար ֆրանսիացիների, ռուսների, պարսիկների և թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունների համախմբությունները կազմում են այն պրոֆիլները, որոնք կիրառվել են մասնագիտությունների կլաստերացման համար, որի արդյունքները տրված են Գծապատկեր 2-ում։
Գծապատկեր 3 Սոցիալական տարածությունների ընկալումները ֆրանսիացիների, ռուսների, պարսիկների և թուրքերի նկատմամբ ուսանողների մասնագիտական խմբերում։
Գծապատկեր 3-ի տվյալները ցույց են տալիս, որ
- Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական կրթությունը ներառյալ՝ թուրքագիտություն և իրանագիտություն մասնագիտությունները, նվազեցնում է ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունները։ Իրանագետների, թուրքագետների և հումանիտար ու հասարակագիտական մասնագիտական խմբերում ազգերի նկատմամբ սոցիալական տարածություններն որպես կանոն ավելի փոքր են, քան տեխնիկական ու բնագիտական մասնագիտությունների ուսանողների շրջանում։ Դա առավել ակնառու է ֆրանսիացիների, պարսիկների և մասամբ՝ ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունների դեպքում։
- Գծապատկերի տվյալները վերահաստատում են կլաստերային վերլուծության արդյունքները՝ իրանագետների և բանասերների ու հասարակագետների խմբերում ազգերի նկատմամբ սոցիալական տարածություններն համեմատաբար ավելի մոտ են միմյանց, քան թուրքագետների խմբին, չնայած այդ տարբերությունները վիճակագրորեն նշանակալի չեն։
- Բանասիրական և հասարակագիտական մասնագիտությունների ուսանողների շրջանում համեմատաբար ավելի ցածր է պարսիկների նկատմամբ սոցիալական տարածությունը։
- Իրանագետները, թուրքագետները, բանասիրական և հասարակագիտական մասնագիտությունների ուսանողները հստակ սահմանազատում են միմյանցից պարսիկներին ու թուրքերին՝ պարսիկների նկատմամբ սոցիալական տարածությունները նշանակալիորեն ավելի փոքր են, քան թուրքերի դեպքում։ Իսկ տեխնիկական ու բնագիտական մասնագիտությունների ուսանողների շրջանում պարսիկների և թուրքերի սահմանազատումը նվազ հստակ է։
- Թուրքագետները մնացած մասնագիտությունների ուսանողներից տարբերվում են նրանով, որ նրանց շրջանում ամենափոքրն է ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունը։ Չի բացառվում, որ դա հայ-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի հայանպաստ դերի վերաբերյալ ավելի լավ տեղեկացվածության հետևանք է։
Գծապատկեր 4-ում տրված են այն տվյալները, որոնք ցույց են տալիս, թե որքանո՞վ են ընդունելի տարբեր սոցիալական հարաբերությունները, դիտարկված ազգերի նկատմամբ ուսանողների դիտարկված մասնագիտական խմբերում։ Դրանք թույլ են տալիս ավելի խորը և մանրամասն պատկերացում կազմել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ երիտասարդների հնարավոր սոցիալական հարաբերությունների վերաբերյալ։
Գծապատկեր 4 Տարբեր ազգերի հետ սոցիալական հարաբերությունների ընդունելիությունը։
Գծապատկերը ցույց է տալիս, որ բոլոր սոցիալական հարաբերությունների տեսակետերից դիտարկված ազգերի հետ դրանց ընդունելիության գերակայությունները (ռանգերը) կրկնում են սոցիալական տարածությունների գերակայությունները, այն է՝ ֆրանսիացի, ռուս, պարսիկ, թուրք։
Գծապատկերի տվյալները հուշում են, որ
- Տուրիզմի զարգացման տեսակետից Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը ժամանակավրեպ է և կոնֆլիկտային։ Ուսանողների 60%-ի համար ընդունելի չէ թուրքերի տուրիստական այցերը Հայաստան։ Իսկ պարսիկների դեպքում տուրիզմի ոլորտում խնդիրներ ըստ էության չկան՝ խնդիրների առաջացման հավանականությունն ավելի բարձր չէ, քան ֆրանսիացիների կամ ռուսների դեպքում։
- Մոտ ընկերության կամ մոտ հարևանության տեսակետերից ուսանողների շրջանում ռուսների և ֆրանսիացիների դեպքում տարբերություններ ըստ էության չկան։
- Ֆրանսիացիների դեպքում բավական բարձր են նաև միասին աշխատելու և ֆրանսիացիներին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու դիրքորոշումները։ Ռուսների դեպքում այդ դիրքորոշումները նշանակալիորեն ավելի ցածր են։
- Ուսանողների շրջանում թուրքերի հետ դիտարկված սոցիալական հարաբերությունները ըստ էության բացառվում են՝ դրանք ընդունելի չեն ուսանողների 90 և ավելի տոկոսի համար։
Սոցիալական տարածությունների ընկալումներն ուսանողության շրջանում ունեն ևս մի առանձնահատկություն, որը բացահայտվել է գործոնային վերլուծության կիրառմամբ (Գծապատկեր 5)։
- Ուսանողների շրջանում ֆրանսիացիների, ռուսների և պարսիկների նկատմամբ սոցիալական տարածությունները ոչ միայն մոտ են միմյանց, ինչպես բացահայտվել է կլաստերային վերլուծությամբ (Գծապատկեր 2), այլև դրական են շաղկապված (կորելացված)։ Այսինքն, երբ աճում է այդ սոցիալական տարածություններից որևէ մեկը, ապա աճում են նաև մյուս երկուսը։ Այդ փաստի սոցիոլոգիական մեկնաբանությունն այն է, որ ուսանողության աշխարհայացքում առկա է «ընդհանուր հանդուրժողականության» կոգնիտիվ կառուցվածք, որի ազդեցության տակ միաժամանակ նվազում կամ աճում են սոցիալական տարածությունները ռուսների, ֆրանսիացիների և պարսիկների նկատմամբ։ Սակայն, այդ գործոնը չի ազդում թուրքերի նկատմամբ սոցիալական տարածության վրա։ Նշված դրույթների համատեքստում բացահայտված գործոնն անվանվել է «Բարեկամ ազգերի գործոն»։
- Նկատենք, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանը հայերի մեծամասնությունը համարում է Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված պետություններ, այդ պատճառով «ընդհանուր հանդուրժողականության» գործոնը քաղաքագիտական հարթությունում կարելի է անվանել «Բարեկամ ազգերի» գործոն։
- Ուսանողության շրջանում թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունը բացահայտվում է որպես առանձին գործոն, որը կապված չէ «Ընդհանուր հանդուրժողականության» գործոնի հետ։
Գծապատկեր 5 Ֆրանսիացիների, ռուսների, պարսիկների և թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունների գործոնային մոդելը։
(Շարունակությունը՝ հաջորդ հոդվածում)
[1] Emory S. Bogardus. "Social Distance in the City." Proceedings and Publications of the American Sociological Society. 20, 1926, 40-46.
Bogardus, E. S. (1947). Measurement of Personal-Group Relations. Sociometry, 10(4), 306–311. https://doi.org/10.2307/2785570
[2] Գիտափորձում, որպես կանոն կիրառվում են էքսպերիմենտալ և ստուգողական խմբեր, որոնք կազմավորվում են հնարավորինս համասեռ, հաճախ կիրառելով հետազոտվող օբյեկտը որևէ խմբում ընդգրկելու պատահական վերագրման սկզբունքը (ռանդոմիզացում)։
[3] Հետազոտությունում կիրառվել է «պարսիկ» էթնոնիմը, քանի որ իրանցիներն ունեն բաղադրյալ էթնիկ կազմ՝ պարսիկներ՝ մոտ 50%, ադրբեջանցիներ՝ մոտ 25%, քրդեր՝ մոտ 10% և այլն։
[4] Հայաստանի հայերի գիտակցությունում «իրանցի» տերմինը բազմանշանակ է, քանի որ շատերը գիտեն, որ իրանցիների կազմում կան մեծ քանակությամբ ադրբեջանցիներ, որոնց հայերը շատ հաճախ նույնականացնում են թուրքերի հետ։ Սակայն «ֆրանսիացի» տերմինը հայերի գիտակցությունում նշանակում է էթնիկ ֆրանսիացի։