Հայաստանում ինտերնետային լսարանի նկարագիրը

18 ր.   |  2023-04-03

Ինտերնետից օգտվողների ընդհանուր նկարագիրը

2 021 թ․ տվյալներով որպես Հայաստանի վերաբերյալ տեղեկությունների ստացման 1-ին կամ 2-րդ առավել տարածված աղբյուր ինտերնետը հավասարվել է հեռուստատեսությանը։ Ե՛վ հեռուստատեսությունը, և՛ ինտերնետը որպես ինֆորմացիայի ստացման աղբյուր օգտագործում է Հայաստանի բնակչության 71%-ը։ Այդ պատճառով Հայաստանի ինտերնետային լսարանի ուսումնասիրությունը կարևոր է Հայաստանի հասարակությունում սոցիալական և քաղաքական զարգացումների ադեկվատ ընկալման, ինչպես նաև հասարակության հետ տարվող աշխատանքների արդյունավետության համար։

Հոդվածը լրացնում է «Հայաստանի հիմնական հեռուստաալիքների լսարանների նկարագրությունը» հոդվածում ներկայացված տվյալները։   

Հոդվածում ներկայացված տվյալները ստացվել են ՀՌԿԿ «Կովկասյան բարոմետր 2021» Հետազոտության տվյալների շտեմարանի երկրորդային ուսումնասիրությամբ։

Ընդհանուր տվյալների Հայաստանում ինտերնետից օգտվողների վերաբերյալ

Ն երկայիս Հայաստանում ինտերնետի նշանակության մասին ընդհանուր պատկերացում են տալիս հետևյալ ցուցանիշները։ 2021 թ.-ին ինտերնետից օգտվում էր Հայաստանի չափահաս բնակչության 82%-ը։ Ամեն օր ինտերնետից օգտվում էր Հայաստանի չափահաս բնակչության 72%-ը (Գծապատկեր 1), իսկ առնվազն շաբաթը մեկ անգամ ինտերնետից օգտվում էր Հայաստանի բնակչության 6%-ը։ Սա նշանակում է, որ, երբ անձը սկսում է օգտվել ինտերնետից, ապա նա արագորեն վերածվում է ինտերնետի ակտիվ օգտագործողի։

Ինտերնետից երբեք չէր օգտվել կամ չգիտեր, թե ինչ է ինտերնետը Հայաստանի չափահաս բնակչության 18%-ը։

Ինտերնետային սոցիալական որևէ ցանցից օգտվում է Հայաստանի բնակչության 79.4%-ը, այսինքն՝ համարյա բոլոր ինտերնետից օգտվողները միաժամանակ օգտվում են նաև սոցիալական որևէ ցանցից։ Առավել կիրառելի սոցիալական ցանցերն են Ֆեյսբուքը, որից օգտվում է Հայաստանի բնակչության 71%-ը և Յութուբը, որից օգտվում է Հայաստանի բնակչության 60%-ը։

Գծապատկեր 1. Ինտերնետից օգտվելու հաճախությունը Հայաստանում

Ինտերնետի օգտագործումը սոցիալ-ժողովրդագրական խմբերում

Ի նտերնետից ամեն օր օգտվողների քանակը սոցիալ-ժողովրդագրական խմբերում տրված է Գծապատկեր 2-ում։

Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ ամեն օր ինտերնետ օգտագործողների հարաբերական քանակը գյուղերում (69%) շատ քիչ է զիջում Երևանին (73%) և այլ քաղաքներին (75%): Ամեն օր ինտերնետից օգտվող տղամարդկանց և կանանց հարաբերական քանակները մոտավորապես նույնն են` համապատասխանաբար 73% և 72%:

Ամեն օր ինտերնետ օգտագործելու տեսակետից էական տարբերություններ են առկա տարիքային, կրթական և բարեկեցության խմբերում։

Ամեն օր ինտերնետ օգտագործողները 18-29 տարեկանների խմբում կազմում են 92%, այն դեպքում, երբ 60 և ավելի տարեկանների խմբում՝ 46%։ Այդուհանդերձ այն փաստը, որ տարեց անձանց խմբում ինտերնետից ամեն օր օգտվում է նրանց մոտ կեսը, նշանակում է որ տեղեկություններ ստանալու տեսակետից ինտերնետն արդեն կարևոր գործիք է նաև այդ խմբի համար։

Մոտավորապես նույն պատկերն է նաև կրթամակարդակի տարբեր խմբերում։ Ամեն օր ինտերնետից օգտվողները ամենից մեծ տոկոս են կազմում թերի բարձրագույն կրթությամբ անձանց խմբում (որոնց բացարձակ մեծամասնությունը պատկանում 18-29 տարեկանների խմբին)՝ 94%։ Այդ ցուցանիշն ամենից ցածրն է միջնակարգից ցածր կրթամակարդակ ունեցող անձանց խմբում՝ 52%։ 

Ունևորների  և հարուստների խմբերում ամեն օր ինտերնետ օգտագործողների քանակը համապատասխանաբար կազմում է 84% և 87%, իսկ չքավորների և աղքատների խմբերում՝ 61% և 62%։

Գծապատկեր 2. Ինտերնետից ամեն օր օգտվողները սոցիալ-ժողովրդագրական խմբերում

Ինտերնետից երբեք չօգտվող կամ ինտերնետից անտեղյակ մարդկանց հարաբերական քանակը սոցիալ-ժողովրդագրական խմբերում ունի ճիշտ հակառակ պատկերն, ինչ ամեն օր ինտերնետից օգտվողների դեպքում (Գծապատկեր 3):

Գծապատկեր 3. Ինտերնետից երբեք չօգտվողները սոցիալ-ժողովրդագրական խմբերում

Ինտերնետից օգտվելու գերակա ուղղությունները

«Կովկասյան բարոմետր» հետազոտությունների շարքում սկսած 2011 թ.-ից դիտարկվել է ինտերնետի օգտագործման գերակա ուղղությունները: Դրա համար կիրառվել է հետևյալ հարցը․ «Նշվածներից ո՞ր գործողություններն եք ամենաշատը անում, երբ օգտվում եք համացանցից։ Խնդրում եմ նշել երեք ամենահաճախակի արվող գործողությունները»։ [1]

Ինտերնետի օգտագործման գերակա (առավել հաճախակի) ուղղությունները 2011-2021 թթ. ընթացքում ներկայացված են Աղյուսակ 1-ում։ Հարկ է նշել, որ տարբեր տարիներին հետազոտական հարցաշարերում ինտերնետի կիրառման գերակա ուղղությունների սահմանումները փոքր-ինչ տարբերվել են։ Այդ պատճառով աղյուսակում անհամատեղելի տվյալների դեպքում համապատասխան վանդակում տվյալը բացակայում է։

Աղյուսակ 1․ Ինտերնետից օգտվելու գերակա ուղղությունները («Նշվածներից ո՞ր գործողություններն եք ամենաշատը անում, երբ օգտվում եք համացանցից։ Խնդրում եմ նշել երեք ամենահաճախակի արվող գործողությունները։»)։ Թույլ է տրվել նշել երեք առավել հաճախ օգտագործվող ուղղությունները։

Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ վերջին 10 տարիների ընթացքում ինտերնետի օգտագործման գերակա ուղղությունները կրել են մի քանի կարևոր փոփոխություններ։ Մասնավորապես․

  • 2011-2021 թթ. ընթացքում նշանակալիորեն աճել է Ֆեյսբուքի օգտագործումը՝ 16%-ից մինչև 65%։ Նույն ժամանակահատվածում նշանակալիորեն նվազել է այլ սոցիալական ցանցերի առավել հաճախակի օգտագործումը՝ 43%-ից մինչև 17%:
  • Նշանակալի աճել է տեսահոլովակների/երաժշտության դիտումը/ներբեռնումը և նորությունների դիտումը։
  • Մյուս կողմից նշանակալի նվազել է ինֆորմացիայի փնտրումը և նամակների ստացումը/ուղարկումը։ Տվյալներից կարելի է ենթադրել, որ նամակների ուղարկումը/ստացումը փոխարինվել է տարբեր մեսենջերներով ինֆորմացիայի արագ փոխանակմամբ։

Ինտերնետից օգտվելու սարքերը

Ի նտերնետից օգտվելու ամենատարածված սարքը հեռախոսն է, որն օգտագործում է ինտերնետից օգտվողների 93%-ը, երկրորդը համակարգիչն է՝ 23%, իսկ երրորդը՝ պլանշետը՝ 6%։

Գծապատկեր 4. Ինտերնետից օգտվելու սարքերի տարածվածությունը

Հեռախոսով ինտերնետից օգտվելը շատ տարածված է բոլոր սոցիալ-ժողովրդագրական խմբերում (Գծապատկեր 5)։ Այդ տարբերությունները շատ փոքր են ըստ բնակավայրի տիպի։ Կանայք մի փոքր ավելի շատ են հեռախոսով ինտերնետ մտնում (95%), քան տղամարդիկ (90%):

Գծապատկեր 5. Հեռախոսով համացանցից օգտվողները սոցիալ-ժողովրդագրական խմբերում

Երիտասարդ տարիքային խմբերում՝ 18-29 և 30-45 տարեկան հեռախոսով ինտերնետից օգտվում են համարյա բոլորը (97-98%):

Ըստ բարեկեցության և կրթամակարդակի խմբերի տարբերությունները մեծ չեն։ Կարող է տարօրինակ թվալ, որ հեռախոսով ինտերնետից օգտվելը համեմատաբար ավելի փոքր թերի բարձրագույն  անձանց (ուսանողների) շրջանում։ Սակայն դա կոմպենսացվում է նրանով, որ այդ անձանց շրջանում հարաբերականորեն ավելի շատ են համակարգչով ինտերնետից օգտվողները (Գծապատկեր 6)։

Համակարգչով հարաբերականորեն ավելի շատ են օգտվում ինտերնետից Երևանում (31%), տղամարդիկ (27%), ունևորները (34%), ավագ տարիքի անձինք՝ 45-59 տարեկան և 60-ից բարձր տարիքի անձինք , թերի բարձրագույն և բարձրագույն կրթությամբ անձինք (որոնց շարքում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում նրանք, ում համար համակարգիչը աշխատանքի գործիք է)։

Գծապատկեր 6. Համակարգչով համացանցից օգտվողները սոցիալ-ժողովրդագրական խմբերում

Պլանշետով ինտերնետից օգտվելը համեմատաբար ավելի տարածված է Երևանում (9%) և բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում (10%) և համեմատաբար ավելի քիչ է տարածված երիտասարդ 18-29 տարեկանների խմբում (3%):

Գծապատկեր 7. Պլանշետով համացանցից օգտվողները սոցիալ-ժողովրդագրական խմբերում

Սոցիալական ցանցերի օգտագործումը

Հ այաստանի ամբողջ չափահաս բնակչության 71%-ը օգտվում է Ֆեյսբուքից, իսկ 60%-ը՝ Յութուբից (Գծապատկեր 9)։ Երրորդ տեղում է Ինստագրամը, որն իր տարածվածությամբ նշանակալիորեն զիջում է Ֆեյսբուքին և Յութուբին և որից օգտվում է բնակչության 33%-ը։

Իրենց տարածվածությամբ հաջորդ տեղերում են Տիկտոկը, որն օգտագործում է Հայաստանի չափահաս բնակչության 13%-ը, Օդնոկլասնիկի (7%), Վկոնտակտե (4%) և Թվիթերը (3%):

Հայաստանի բնակչության մեկ տոկոսն օգտվում է այլ սոցիալական ցանցերից։

Գծապատկեր 8․ Հայաստանի հասարակությունում սոցիալական ցանցերից օգտվողներ։ Տոկոսները հաշվարկված են ամբողջ ընտրանքից (1648):

Եթե սոցիալական ցանցերից օգտվողների քանակը հաշվենք միայն ինտերնետից օգտվող բնակչության ընդհանուր քանակից, ապա վերը նշված տվյալները նշանակալիորեն աճում են (Գծապատկեր 8):

Գծապատկեր 9․ Սոցիալական ցանցերից օգտվողներ՝  ինտերնետից օգտվողների ընդհանուր քանակից (1340):

Սոցիալական ցանցերի լսարանների քաղաքական մշակույթի տարրերը

Ը ստ Գ. Ալմոնդի և Ս. Վերբայի (Gabriel A. Almond, Sidney Verba, 1963)[2] հասարակության քաղաքական մշակույթը բնորոշող հիմնական բաղադրիչներն են հետաքրքրվածությունը քաղաքականությամբ, քաղաքական կոմպետենտության զգացողությունը, քաղաքական սուբյեկտության զգացողությունը և քաղաքական մասնակցությունը։

«Կովկասյան բարոմետր 2021» հետազոտության հարցաշարում առկա են հարցեր, որոնք թույլ են տվել կառուցել Հայաստանի հասարակության քաղաքական մշակույթի նշված հիմնական բաղադրիչներն արտապատկերող ինդեքսներ, այդ թվում՝ քաղաքականությամբ հետաքրքրվածության ինդեքս, քաղաքական կոմպետենտության զգացողության ինդեքս և քաղաքական ազդեցիկության զգացողության ինդեքս։ Որպես էլեկտորալ մասնակցության գնահատական կիրառվել է մասնակցությունը 2021 թ. հուլիսին ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին։[3]

Ինդեքսները նորմավորված են այնպես, որպեսզի դրանց արժեքները գտնվեն 0-ից մինչև 1 միջակայքում։ Ինդեքսի 0 արժեքը նշանակում է, որ քաղաքական մշակույթի այդ բաղադրիչը տվյալ անձի մոտ բացակայում է, իսկ 1 արժեքը նշանակում է, որ քաղաքական մշակույթի տվյալ բաղադրիչը տվյալ անձի մոտ ունի ամենամեծ արժեքը։

Քաղաքականությամբ հետաքրքրվածության, քաղաքական կոմպետենտության զգացողության և քաղաքական ազդեցիկության զգացողության ինդեքսների բաշխումները տրված են Գծապատկեր 11-ում։

Գծապատկեր 10. Քաղաքական մշակույթի հիմնական բաղադրիչների բաշխումները Հայաստանի հասարակությունում

Սոցիալական ցանցերի օգտագործումը լուրեր և քաղաքական նորություններ ստանալու համար

Հ այաստանում ընթացող քաղաքական պրոցեսների վրա սոցիալական ցանցերի ազդեցության չափի մասին պատկերացում է տալիս հետազոտությունում առկա հետևյալ հարցը․ «Ձեր նշած սոցիալական ցանցերն օգտագործո՞ւմ եք լուրերի և քաղաքականության մասին նորություններ ստանալու համար»։

Քանի որ մեզ հետաքրքրում է սոցիալական ցանցերի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ամբողջ հասարակության վրա։ Այդ պատճառով նշված հարցում տոկոսները հաշվարկվել են ամբողջ ընտրանքից, ոչ թե միայն սոցիալական ցանցեր կամ ինտերնետ օգտագործող անձանց թվաքանակից։ Հաշվարկված տվյալները տրված են Գծապատկեր 10-ում։

Տվյալները դիտարկելիս հարկ է հաշվի առնել, որ հետազոտության հարցաշարում դիտարկվող հարցը տրվել է որևէ սոցիալական ցանց օգտագործող հարցվածներին։ Այդ պատճառով անհնար է առանձին-առանձին ուսումնասիրել յուրաքանչյուր սոցիալական ցանցի լսարանները՝ դրանցով քաղաքական նորություններ ստանալու տեսակետից։ Այդուհանդերձ, եթե ենթադրենք, որ ցանցը քաղաքական լուրերի համար օգտագործողների քանակը համեմատական է դրանք օգտագործողների քանակին, ապա հնարավոր է մոտավոր պատկերացում կազմել տվյալ ցանցի ազդեցության վերաբերյալ։

Գծապատկեր 10-ի տվյալներից երևում է, որ Հայաստանի չափահաս բնակչության 66%-ը որևէ սոցիալական ցանց է օգտագործում (մեկ կամ մեկից ավելի) լուրեր և քաղաքական նորություններ ստանալու համար։

Սոցիալական ցանցերից լուրեր և քաղաքական նորություններ ստացող անձինք հարաբերականորեն ավելի շատ են 30-45 և 18-29 տարեկանների շրջանում՝ համապատասխանաբար 79% և 73%: Այդ ցուցանիշը բավական մեծ է նաև 60 և ավելի տարեկանների շրջանում՝ 45%։

Գծապատկեր 11․ Սոցիալական ցանցերի օգտագործումը լուրեր և քաղաքական նորություններ ստանալու համար՝ Հայաստանի Հանրապետությունում (1648)

Սոցիալական ցանցերից լուրեր և քաղաքական նորություններ ստացող անձանց քանակը հարաբերականորեն ավելի մեծ է միջին և ունևոր բնակչության շրջանում, համապատասխանաբար՝ 71% և 69%։

Այդ ցուցանիշն ամենաբարձրն է ուսանողության (թերի բարձրագույն կրթությամբ անձանց) շրջանում՝ 82%, ինչպես նաև բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում՝ 73%:

Կանանց և տղամարդկանց, համար այդ ցուցանիշն էականորեն չի տարբերվում։ Ցուցանիշի տարբերությունները էական չեն նաև տարբեր բնակավայրի տիպերի (Երևան, քաղաքներ, գյուղեր) բնակչության համար։

Քաղաքական մշակույթի հիմնական բաղադրիչները սոցիալական ցանցերի լսարաններում

Ք աղաքական մշակույթի հիմնական բաղադրիչների՝ քաղաքական հետաքրքրվածության, քաղաքական կոմպետենտության ինքնագնահատականի, քաղաքական սուբյեկտության ինքնագնահատականի ինդեքսների և ընտրական մասնակցության միջին արժեքները Հայաստանում և սոցիալական ցանցերի լսարաններում տրված են Գծապատկեր 13-ում։

Գծապատկերի տվյալների ադեկվատ ընկալման և մեկնաբանության համար հարկ է հիշել, որ անձը կարող է լինել մեկից ավելի սոցիալական ցանցի օգտագործող։ Մասնավորապես, Հայաստանի չափահաս բնակչության  13%-ն օգտվում է միաժամանակ չորս և ավելի սոցիալական ցանցերից, երեք և ավելի ցանցերից է օգտվում Հայաստանի բնակչության 33%-ը, երկու և ավելի ցանցերից՝ 60%-ը, գոնե մեկ սոցիալական ցանցից օգտվում է Հայաստանի բնակչության 79.4%-ը (Գծապատկեր 12)։ Գծապատկերից երևում է, որ Հայաստանի չափահաս բնակչության 20.6%-ը չի օգտվում որևէ սոցիալական ցանցից։

Գծապատկեր 12. Հայաստանի չափահաս բնակչության կազմում տարբեր քանակով սոցիալական ցանցերի օգտագործողները

Երբ անձը օգտագործում է մեկից ավելի սոցիալական ցանց, ապա բազմիմաստություն է առաջանում՝ ո՞ր սոցիալական ցանցն է նա օգտագործում լուրեր և քաղաքական նորություններ ստանալու համար՝ մե՞կը, թե մեկից ավելի», թե բոլորը, կամ՝ իր կողմից օգտագործվող ցանցերի որևէ ենթաբազմություն։ Մյուս կողմից, գնահատելու համար առանձին սոցիալական ցանցի «մաքուր» ազդեցությունը, անհրաժեշտ է տվյալ ցանցից օգտվողների քանակից դուրս բերել այլ ցանցեր օգտագործողներին։ Սակայն, այդ դեպքում, որպես կանոն միայն գնահատվող սոցիալական ցանցն օգտագործողների քանակը կարող է այնքան նվազել, որ գնահատումը կարող է կորցնել իր վիճակագրական հավաստիությունը, իսկ մյուս կողմից՝ վերանում է ստացված արդյունքն ամբողջ հասարակության վրա տարածելու հնարավորությունը։

Այդուհանդերձ, եթե տվյալ սոցիալական ցանցն ազդեցություն ունի հասարակության տարբեր բնութագրերի վրա և այդ ազդեցությունը բավական ուժեղ է, ապա այն կարող է բացահայտվել առանց դրա ազդեցության չափի։ Չնայած որոշ դեպքերում այդ ազդեցության գոյությունը հնարավոր է բացահայտել, այնուամենայնիվ այդ ազդեցության չափի գնահատականը մնում է խնդրահարույց։

Նշված վերապահումների շրջանակում դիտենք սոցիալական ցանցերի ազդեցությունը Հայաստանի հասարակության քաղաքական մշակույթի բաղադրիչների վրա։ Այդ ազդեցությունների գնահատականները տրված են Գծապատկեր 13-ում։

Գծապատկերում տրված են Հայաստանի չափահաս բնակչության շրջանում քաղաքական հետաքրքրվածության, քաղաքական կոմպետենտության և քաղաքական սուբյեկտության ինդեքսների միջին արժեքները և ընտրական մասնակցության գնահատականը տվյալ սոցիալական ցանցն օգտագործող սեգմենտներում։ Գծապատկերում յուրաքանչյուր գիծը միացնում է քաղաքական մշակույթի տվյալ բաղադրիչի արժեքները սոցիալական ցանցերն օգտագործողների խմբերում։ Գծերի ամենաձախ կողմում, համեմատաբար ավելի մեծ պայմանանշաններով տրված են քաղաքական մշակույթի տվյալ բաղադրիչի միջին արժեքը ամբողջ հասարակությունում, որը տվյալների մեկնաբանության համար վերածվում է գնահատման շեմային արժեքի։

Գծապատկեր 13. Քաղաքական մշակույթի բաղադրիչների միջին արժեքները սոցիալական ցանցերում

Գծապատկերից բխող հիմնական եզրակացություններն են․

  • Ամենամեծ լսարաններ ունեցող սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում և Յութուբում քաղաքական մշակույթի դիտարկված չորս բաղադրիչների միջին արժեքները համարյա չեն տարբերվում համահանրապետական միջիններից։
  • Ինստագրամ, Տիկտոկ, Օդնոկլասնիկի Վկոնտակտե ցանցերի լսարաններում համեմատաբար ավելի ցածր են քաղաքական հետաքրքրվածությունը և էլեկտորալ մասնակցությունը։
  • Թվիթերի լսարանում ամենից բարձր են քաղաքական հետաքրքրվածությունը, քաղաքական սուբյեկտության զգացողությունը, քաղաքական կոմպետենտության զգացողությունը, սակայն ամենացածրն է քաղաքական մասնակցությունը։

Վստահությունը սոցիալական ինստիտուտներին

Բ ացի Գ. Ալմոնդի և Ս․ Վերբայի տեսության շրջանակներում նշված քաղաքական մշակույթի հիմնական բաղադրիչներից կարևոր նշանակություն ունի նաև հասարակության վստահության աստիճանը երկրի քաղաքական և սոցիալական ինստիտուտների նկատմամբ։ Վստահության ցածր աստիճանը դժվարացնում է պետական քաղաքականությունների իրականացման հնարավորության չափը և որակը։ Իսկ Պետական կառավարման ինստիտուտների նկատմամբ վստահության աստիճանը շաղկապված է երկրի հասարակական և քաղաքական կայունության հետ։

Աղյուսակ 2-ում տրված է սոցիալական և քաղաքական ինստիտուտների «լիովին» և «ավելի շուտ վստահող» անձանց գումարային տոկոսը սոցիալական ցանցերի լսարաններում։ Չի բացառվում, որ տվյալ սոցիալական ցանցի լսարանի անդամները օգտագործում են նաև այլ սոցիալական ցանցեր։

Աղյուսակում որքան ավելի մուգ կարմիր է վանդակի գույնը, այնքան ավելի բարձր է տվյալ ինստիտուտի նկատմամբ վստահության մակարդակը տվյալ սոցիալական ցանցի լսարանում։ Որքան ավելի մուգ կապույտ է վանդակի գույնը, այնքան ավելի ցածր է տվյալ ինստիտուտի նկատմամբ վստահության աստիճանը տվյալ սոցիալական ցանցի լսարանում։ Ամբողջ աղյուսակում գույները համադրելի են։ Աղյուսակի գունավորումից երևում է, որ վերևի տողերում են համեմատաբար ավելի բարձր վստահության մակարդակ ունեցող ինստիտուտները, իսկ ներքևում՝ համեմատաբար ավելի ցածր վստահության մակարդակ ունեցողները։  

Աղյուսակ 2. Վստահությունը քաղաքական և սոցիալական ինստիտուտներին սոցիալական ցանցերի լսարաններում։

2021 թ.-ին Հայաստանում ամենաբարձր վստահության մակարդակ ունեցող ինստիտուտներն էին մարդու իրավունքների պաշտպանը[4] (օմբուդսմենը, 81%) և, չնայած 44-օրյա պատերազմում պարտությանը, Հայկական բանակը (81%)։ Ընդ որում այդ ինստիտուտներին վստահության մակարդակը հավասարապես բարձր էր բոլոր սոցիալական ցանցերի լսարաններում։

Երրորդ տեղում էր Եվրոպական Միությունը (53%):

Ամենից ցածր վստահության մակարդակ ունեին ԶԼՄ-ները (9%), Ազգային Ժողովը (13%), տեղական ինքնակառավարման մարմինները (17%), դատական համակարգը (18%) և ոստիկանությունը։

Առանձին սոցիալական ցանցերի լսարաններում պետական և հասարակական ինստիտուտներին վստահության մակարդակների պատկերներն ընդհանուր առմամբ կրկնում են Հայաստանի մասշտաբով տվյալների պատկերը։ Բացառություն է կազմում միայն Թվիթերի լսարանը, որը մնացած սոցիալական ցանցերի լսարանների շարքում ամենափոքրն է և որում ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակներն ընդհանուր առմամբ համեմատաբար ավելի բարձր են, քան մնացած սոցիալական ցանցերի լսարաններում։

Լոյալությունը երկրի քաղաքական կուրսին

Ե րկրում ընթացող քաղաքական և հասարակական պրոցեսների նկատմամբ հասարակության դրական դիրքորոշումներն ընդունված է համարել երկրի քաղաքական կուրսի նկատմամբ լոյալություն։ «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտությունում առկա է հարց, որը պատկերացում է տալիս երկրի ներքին քաղաքական զարգացումների նկատմամբ Հայաստանի հասարակության լոյալության վերաբերյալ։ Հարցը հետևյալն է. «Կան տարբեր կարծիքներ այն մասին, թե ինչ ուղղությամբ է զարգանում Հայաստանի ներքին քաղաքականությունը: Քարտում թվարկվածներից ո՞ր տեսակետի հետ եք համաձայն»։ Պատասխանների տարբերակներն են․ «Քաղաքականությունն, անկասկած, զարգանում է սխալ ուղղությամբ», «Քաղաքականությունը զարգանում է հիմնականում սխալ ուղղությամբ», «Քաղաքականությունը բոլորովին չի փոխվում», «Քաղաքականությունը զարգանում է հիմնականում ճիշտ ուղղությամբ», «Քաղաքականությունն, անկասկած, զարգանում է ճիշտ ուղղությամբ», «Դժվարանում եմ պատասխանել», «Հրաժարվում եմ պատասխանել»։

Հայաստանի հասարակությունում ներքին քաղաքական զարգացումների նկատմամբ հասարակության և սոցիալական ցանցերի լսարանների լոյալության մակարդակները տրված են Աղյուսակ 3-ում։ Աղյուսակում խմբավորված են դրական և բացասական պատասխանները։

Աղյուսակ 3. Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների նկատմամբ հասարակության լոյալության մակարդակը Հայաստանում և սոցիալական ցանցերի լսարաններում։

Յուրաքանչյուր սոցիալական ցանցի դեպքում «Չի օգտ․» (Չի օգտագործում) սյունում տրված է տվյալ սոցիալական ցանցը չօգտագործող սեգմենտում տվյալ պատասխանն ընտրած հարցվողների քանակը։ «Օգտ.» սյունում տրված է տվյալ սոցիալական ցանցը օգտագործող սեգմենտում տվյալ պատասխանն ընտրած հարցվողների քանակը։

Այսինքն՝ «Չի օգտագործում» և «Օգտագործում է» պատասխանների զույգը ցույց է տալիս, թե ինչպես է ազդում տվյալ ցանցի օգտագործումն իր լսարանի անդամների դիրքորոշումների վրա։ Ընդ որում այդ զույգում ավելի փոքր թիվ պարունակող վանդակը ներկված է կապույտ, իսկ ավելի մեծ թիվ պարունակող վանդակը՝ կարմիր, ինչը թույլ է տալիս արագորեն տեսնել, թե ինչպիսին է տվյալ սոցիալական ցանցի ազդեցության բնույթը՝ բարձրացնո՞ւմ է մարդկանց լոյալությունը, թե՞ նվազեցնում։ Ընդ որում գունավորված են միայն վիճակագրորեն հավաստի փոփոխություններ ցույց տվող վանդակների զույգերը։

Աղյուսակի վերջին սյունում տրված է  տվյալ պատասխանի տարբերակն ընտրած  մարդկանց քանակը ամբողջ Հայաստանում։ Այդ սյան տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության լոյալության մակարդակը Հայաստանում ընթացող ներքին քաղաքական զարգացումների նկատմամբ ցածր է՝ «Քաղաքականությունը զարգանում է հիմնականում ճիշտ ուղղությամբ» կամ «Քաղաքականությունն, անկասկած, զարգանում է ճիշտ ուղղությամբ» պատասխանների գումարը կազմել է 18%, այն դեպքում, երբ բացասական պատասխանների գումարը 44% է, իսկ «Քաղաքականությունը բոլորովին չի փոխվում» պատասխանել է հարցվածների 27%-ը։

Սոցիալական ցանցերին վերաբերվող սյուների տվյալները ցույց են տալիս, որ Ֆեյսբուքը, Ինստագրամը և Տիկտոկը նվազեցնում են իրենց լսարանների լոյալության մակարդակը, իսկ Օդնոկլասնիկի սոցիալական ցանցը՝ բարձրացնում է «Քաղաքականությունը չի փոխվում» տարբերակն ընտրած մարդկանց քանակը՝ «Քաղաքականությունն ընթանում է ճիշտ ուղղությամբ» և «Քաղաքականությունն ընթանում է սխալ ուղղությամբ» պատասխանների նվազման հաշվին։

Քաղաքակրթական կողմնորոշումներ

Հ այաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար կարևոր է տեղյակ լինել թե ինչպիսին են հասարակության շրջանում առկա քաղաքակրթական դիրքորոշումների բաշխումները։ «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտությունում կան հարցեր, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել այդ կողմնորոշումները և, դրանց հիման վրա վերլուծել, թե ինչպես են այդ դիրքորոշումների վրա ազդում սոցիալական ցանցերը։

Որպես քաղաքակրթական դիրքորոշումներ դիտարկվել են պրոեվրոպական և պրոռուսական դիրքորոշումները։[5]

Հասարակության քաղաքակրթական դիրքորոշումների վերաբերյալ «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտության հարցերի շարքում առկա էին հետևյալ չորսը՝

  1. «Որքանո՞վ եք հավանություն տալիս Հայաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,
  2. «Որքանո՞վ եք հավանություն տալիս Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը»,
  3. «Որքանո՞վ եք հավանություն տալիս, որ Հայաստանը շարունակի անդամակցել Ռուսաստանի կողմից առաջնորդվող Եվրասիական տնտեսական միությանը» և
  4. «Որքա՞նով եք կողմ Հայաստանի՝ Ռուսաստանի դաշնության և Բելառուսի հետ միասին միութենական պետություն կազմելուն»։

Պատասխանների տարբերակներն էին «Ընդհանրապես դեմ եմ», «Ավելի շուտ դեմ եմ», «Որոշ չափով կողմ եմ, և որոշ չափով դեմ եմ», «Ավելի շուտ կողմ եմ», «Լիովին կողմ եմ», «Դժվարանում եմ պատասխանել» և «Հրաժարվում եմ պատասխանել»։

Ընդհանրացնելով նշված չորս հարցերին տրված պատասխանները, բոլոր հարցվածները բաժանվել են չորս սեգմենտի՝  

  1. Ոչ մի կողմնորոշում չունեցող անձինք, այս սեգմենտի ծավալը կազմում է 4.7%,
  2. Պրոռուսական դիրքորոշման գերակայությամբ սեգմենտ, որի ծավալը կազմում է 12.0%,
  3. Պրոեվրոպական դիրքորոշման գերակայությամբ սեգմենտ, որի ծավալը կազմում է 21.2% և
  4. Սեգմենտ, որտեղ ակնհայտորեն չեն գերակշռում, ո՛չ պրոռուսական և ոչ էլ պրոեվրոպական դիրքորոշումները, որի ծավալը կազմում է 62.0% (Գծապատկեր 14)։

Գծապատկեր 14. Քաղաքակրթական սեգմենտները Հայաստանի հասարակությունում, 2021 թ.

Աղյուսակ 4-ում տրված են հասարակության քաղաքակրթական դիրքորոշումների վրա սոցիալական ցանցերի ազդեցություններն արտապատկերող տվյալները։ Աղյուսակ 4-ը կառուցած է նույն սկզբունքով ինչ Աղյուսակ 3-ը։ Աղյուսակում տրված են տվյալ սոցիալական ցանցն օգտագործող և չօգտագործող խմբերում յուրաքանչյուր քաղաքակրթական սեգմենտին պատկանող անձանց քանակը։ Տվյալ քաղաքակրթական սեգմենտում (տողում)  տվյալ սոցիալական ցանցն օգտագործող և չօգտագործող վանդակների զույգում (սյուներում) կարմիր գույն ունի ավելի մեծ թիվ պարունակող վանդակը։

Գունավորված են միայն վիճակագրորեն հավաստի ազդեցություններ պարունակող վանդակների զույգերը։

Աղյուսակ 4. Սոցիալական ցանցերի ազդեցությունը Հայաստանի հասարակությունում քաղաքակրթական կողմնորոշումների վրա

Տվյալները ցույց են տալիս, որ․

  • Ֆեյսբուք օգտագործող սեգմենտում պրոեվրոպական դիրքորոշումները վիճակագրորեն ավելի բարձր են, քան Ֆեյսբուքը չօգտագործող սեգմենտում։
  • Ինստագրամ օգտագործող սեգմենտում պրոռուսական սեգմենտը վիճակագրորեն ավելի փոքր է, քան չօգտագործողների սեգմենտում։ Միաժամանակ, Ինստագրամ օգտագործողների սեգմենտում խառը կողմնորոշումներ ունեցողների հարաբերական քանակն ավելի մեծ է, քան չօգտագործողների սեգմենտում։
  • Թվիթեր օգտագործող սեգմենտում պրոեվրոպական դիրքորոշումները նշանակալիորեն ավելի բարձր են, քան Թվիթեր չօգտագործողների սեգմենտում։ Թվիթերի լսարանում պրոեվրոպական դիրքորոշումներն ամենաբարձրն են համեմատած մնացած բոլոր սոցիալական ցանցերի լսարանների հետ։ Թվիթերում պրո-եվրոպական սեգմենտի աճը տեղի է ունենում հիմնականում խառը դիրքորոշումներով սեգմենտի հաշվին։
  • Յութուբի լսարանում պրոեվրոպական դիրքորոշումները վիճակագրորեն ավելի բարձր են, քան Յութուբը չօգտագործողների շրջանում։
  • Մնացած սոցիալական ցանցերի վիճակագրորեն հավաստի ազդեցություն առկա տվյալների շրջանակում չի հայտնաբերվել։
     

[1] Նշենք, որ ինտերնետը տվյալ նպատակով կիրառող անձանց քանակն ավելի մեծ է, քան նույն նպատակով «առավել հաճախ օգտագործողների» քանակը, ընդ որում, հատկապես այն դեպքերում, երբ սահմանափակվում է «առավել հաճախ օգտագործվող» նպատակների նշումների թիվը։

[2] Gabriel A. Almond, Sidney Verba. (1963). The Civic culture. Political attitudes and democraty in five nations. N.Y. : Princeton.

[3] Ընտրությունների մասնակցության մակարդակը տարբերվում է դրա պաշտոնական ցուցանիշից, քանի որ Ընտրանքային հետազոտություններում ստացվում է ընտրություններին մասնակցած անձանց քանակը հաշվարկված փաստացի առկա ընտրելու իրավունք ունեցող բնակչությունից, իսկ պաշտոնական տվյալները ստացվում են կիրառելով ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիներից, որոնց նշանակալի զանգված ընտրությունների ժամանակ գտնվել են Հայաստանից դուրս։

[4] Հետազոտության ժամանակահատվածում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն էր Արման Թաթոյանը։

[5] Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին և՛ Արևմուտքի՝ մասնավորապես Եվրոպական Միության երկրների, և՛ Ռուսաստանի քարոզչական ոլորտներում ինտենսիվորեն զարգացվում է այն թեզը, որ Ռուսաստանը և Եվրոպան իրենցից ներկայացնում են տարբեր քաղաքակրթական տարածքներ։ Այդ պատճառով հոդվածում պրոռուսական և պրոեվրոպական դիրքորոշումները անվանվել են ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական, այլ՝ քաղաքակրթական։