Վրաստանյան իրադարձությունների համառոտ ժամանակագրություն
11 ր. | 2022-10-31Մաս 6․ Վրաստանը Սահակաշվիլիից հետո
2013 հունվար 13 — Վրաստանում սկսվեց Սահակաշվիլիի իշխանության օրոք բանտարկվածների համաներման գործընթացը։
Ա ռաջինը բանտից դուրս եկան քաղբանտարկյալ ճանաչված 190 անձ, այդ թվում նրանք, ովքեր դատապարտվել էին ՌԴ օգտին լրտեսության մեղադրանքով։ Համաներումը վերաբերվեց մոտ 3000 անձի։ Պառլամենտի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ քաղբանտարկյալների գործերը գաղտնազերծվելու են։ Ընդդիմադիրները կանխատեսում էին, որ զանգվածային համաներումը կառաջացնի հանցագործությունների կտրուկ աճ, սակայն դա տեղի չունեցավ։
«Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո ձերբակալվեցին Սահակաշվիլիի կառավարության 20-ից ավելի պաշտոնյաներ։
2013 մայիս 17 — Վրաստանում անցկացվեց առաջին գեյ-շքերթը, որը հզոր բացասական ալիք առաջացրեց։
Իրադարձությունը պառակտեց ոչ միայն հասարակությունը, այլև «Վրացական երազանքի» անդամներին։ Տրադիցիոնալիստներին պաշտպանեց Վրաստանի Պատրիարքը, իսկ կուսակցությունում տրադիցիոնալիստներին առաջնորդելու հայտ ներկայացրեց Լևան Վասաձեն, ում կարծիքի հետ հաշվի էր նստում նաև Բ․ Իվանիշվիլին։
2013 հոկտեմբեր 27 — Նախագահական ընտրություններ: Մասնակցում էր 23 թեկնածու։ Արդյունքները՝ Գեորգի Մարգվելաշվիլի 62.1%, («Վրացական երազանք»), Դավիթ Բակրաձե («Ազգային Միացյալ Շարժում») 21.7%, Նինո Բուրջանաձե («Դեմոկրատական շարժում – Միացյալ Վրաստան») 10.2%, Շալվա Նաթելաշվիլի՝ 3%, Գեորգի Թարգամաձե՝ 1%, Կոբա Դավիթաշվիլի՝ 0.6%։
Ըստ Վրաստանի Սահմանադրության Սահակաշվիլին իրավունք չուներ երրորդ անգամ մասնակցելու նախագահական ընտրություններին։
Նախագահ Գ․ Մարգվելաշվիլիի առանձնահատկությունն այն էր, որ նա չուներ խարիզմատիկ առաջնորդի հատկանիշներ, ինչպես Վրաստանի նախորդ երեք նախագահները։ Սահակաշվիլին, իր պաշտոնավարման վերջին օրերին, Վրաստանի քաղաքացիություն շնորհեց Վրաստանում աշխատող բազմաթիվ ռուսների, հայերի և ադրբեջանցիների։
2013 հոկտեմբերի 29 — Մ․ Սահակաշվիլին գիշերը ինքնաթիռով մեկնեց Բրյուսել։ Այդ քայլը Վրաստանում մեկնաբանեցին որպես հետապնդումներից խուսափելու միջոց։
2013 նոյեմբեր 2 — Իվանիշվիլին հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Նա իր հաջորդ հայտարարեց Իրակլի Ղարիբաշվիլիին, ով դարձավ Վրաստանի փաստացի առաջին դեմքը մինչև 2015 թ. դեկտեմբերը։
2014 մարտ — Սահակաշվիլին կանչվեց Վրաստանի դատախազություն մի շարք քրեական հանցագործությունների վերաբերյալ որպես վկա, այդ թվում Զ․ Ժվանիայի մահվան կապակցությամբ։ Հուլիսին նրան ներկայացվեցին մեղադրանքներ, մասնավորապես 2007 թ. նոյեմբերի 7-ի հանրահավաքի ուժային կերպով ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակ հատուկ ջոկատայինների ներխուժման, եթերազրկելու և հեռուստաընկերությունը նրա սեփականատիրոջից՝ Բ. Պատարկացիշվիլիից, անօրինականորեն խլելու դեպքերի կապակցությամբ։
Օգոստոսի 2-ին դատախազությունը որոշում ընդունեց Մ. Սահակաշվիլիին ձերբակալելու մասին։ Նրան մեղադրանք առաջադրվեց 2005 թ. պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու կապակցությամբ, ինչպես նաև 2006 թ. Սանդրո Գիրգոլիանիի սպանության, պետական միջոցների (մոտ 9 միլիոն լարի) վատնման կապակցությամբ։ Արգելք դրվեց նախագահի, նրա մոր և կնոջ Վրաստանում գտնվող գույքի վրա։ Սահակաշվիլիի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, և Վրաստանը երկու անգամ դիմեց Ուկրաինային, սակայն մերժում ստացավ, քանի որ Սահակաշվիլին ընդունել էր Ուկրաինայի քաղաքացիություն։
2014 մարտ 14 — Նախագահական նստավայրի հետ կապված հարցում տարաձայնություններ առաջացան Մարգվելաշվիլիի և Իվանիշվիլիի միջև, որոնք համարվում են Նախագահի և «Վրացական երազանքի» միջև ապագա քաղաքական կոնֆլիկտի սկիզբը։
2014 հոկտեմբեր 14 — սկսվեց վրացական լարիի անկումը։ Այն մինչև դեկտեմբերի վերջը նվազեց $1-ի դիմաց 1.6-ից մինչև 2.0 լարի։
2015 հունիս 13 — Տարվա ամենանշանակալի իրադարձությունը ջրհեղեղն էր։ Զոհվեց 20 մարդ, մեկ հարկանի շինություններն ամբողջության ծածկվեցին ցեխով, ավերվեց Թբիլիսիի կենդանաբանական այգին։
2015 դեկտեմբեր 23 — Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվեց Գիորգի Կվիրիկաշվիլին։ Քաղաքական կարիերան նա սկսել է 1999 թ.-ից, երբ հիմնադրեց օլիգարխ Բ․ Պատարկացիշվիլիի կողմից ֆինանսավորվող «Նոր աջեր» կուսակցությունը։ «Վարդերի հեղափոխությունից» հետո նա սկսեց ղեկավարել Բ․ Իվանիշվիլիին պատկանող բանկերից մեկը։ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո Իվանիշվիլին նրան նշանակեց նախ էկոնոմիկայի, իսկ 2015 թ. սեպտեմբերի 1-ից՝ արտաքին գործերի նախարար։
2016 Թուրքիայի և Եգիպտոսի հետ ՌԴ-ի հարաբերությունների վատթարացման հետևանքով, Ռուսաստանյան տուրիստների հոսքն աստիճանաբար ուղղվեց դեպի Վրաստան, ինչը սկսեց բարելավել տնտեսական վիճակը։
2016 հոկտեմբեր 30 — Պառլամենտական ընտրություններ: Արդյունքներ՝ «Վրացական երազանք» (Գ. Կվիրիկաշվիլի) 48.7%, 115 տեղ Պառլամենտում, «Ազգային միացյալ շարժում»՝ 27.1%, 27 տեղ Պառլամենտում, «Վրաստանի հայրենասերների ալյանս»՝ 5.0%, 5 տեղ Պառլամենտում։ Պառլամենտ չանցած կուսակցություններն էին՝ «Ազատ դեմոկրատներ»՝ 4.6%, «Դեմոկրատական շարժում – Միացյալ Վրաստան»՝ 3.5%, «Պետությունը ժողովրդի համար»՝ 3.5%, «Լեյբորիստական կուսակցություն»՝ 3.14%: Մասնակցությունը՝ 51.6%:
Ընտրությունները ցույց տվեցին, որ Վրաստանում քաղաքականությունը կորցրել է իր սրությունը, նվազել է ընտրողների ակտիվությունը, ընդդիմությունը ավելի ու ավելի է տարրաբաժանվում փոքր կուսակցությունների։
2017 հունվար 6 — Բանտից դուրս եկավ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան։ Նա հայտարարեց, որ «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը պառակտվել է, որի մեղավորը Սահակաշվիլին է։ Հունվարի 12-ին պառլամենտում հայտարարվեց, որ կուսակցության անջատված թևը կոչվելու է «Եվրոպական Վրաստան»։ Նոր կուսակցության առաջին դեմքեր դարձան Ուգուլավան և Բակրաձեն։
2018 — Վրաստանում տուրիստական հոսքն է՛լ ավելի աճեց։
Գծապատկեր 4. International tourism, number of arrivals - Georgia, The World Bank Data
2018 մարտ — Սահմանադրական փոփոխություն Վրաստանում համաձայն որի 2018 թ․-ի նախագահական ընտրություններից հետո այն վերածվում է պառլամենտական պետության։
2018 հունիս 20 — Վարչապետ Կվիրիկաշվիլիի պաշտոնաթողությունը։ Դա տեղ ունեցավ երկու դեռահասների սպանության գործի երկարաձգման հետևանքով, որը հանգեցրեց հասարակական սուր բողոքի, որի արդյունքում պաշտոնից հեռացավ Վրաստանի գլխավոր դատախազը, հետո՝ վարչապետը։ Վարչապետ դարձավ Մամուկա Բախտաձեն։
2018 հոկտեմբեր 28 — Նախագահական ընտրությունների 1-ին տուր։
Արդյունքները՝ Ս․ Զուրաբիշվիլի (ինքնաառաջադրված թեկնածու, նրան պաշտպանում էր «Վրացական երազանքը»)՝ 38.6%, Գրիգոլ Վաշաձե («Ազգային միասնական շարժում»)՝ 37.7%, Դավիդ Բակրաձե («Եվրոպական Վրաստան»)՝ 11.0%, Շալվա Նատելաշվիլի («Լեյբորիստական կուսակցություն»)՝ 3.7%, Դավիդ Ուսուպաշվիլի («Զարգացում» շարժում)՝ 2.3%, Զուրաբ Ջափարիձե (Գիրչի)՝ 2.3%։ Բոլոր exit-poll-երը ցույց են տվել համարյա նույն արդյունքները։ Հատկանշական է, որ բոլոր թեկնածուները Մ․ Սահակաշվիլիի իշխանության ժամանակաշրջանի քաղաքական գործիչներ էին։
2018 նոյեմբեր 28 — Նախագահական ընտրությունների 2-րդ տուր։ Ս․ Զուրաբիշվիլի՝ 59.5%, (ինքնաառաջադրված թեկնածու, նրան պաշտպանում էր «Վրացական երազանքը»), Գրիգոլ Վաշաձե («Ազգային միասնական շարժում»)՝ 40.5%: Ընդդիմությունը փորձեց հանրահավաքի միջոցով վիճարկել ընտրության արդյունքները, սակայն հանրահավաքին մասնակցեց ընդամենը մոտ 5,000 մարդ։
2018 դեկտեմբեր 30 — Զուրաբիշվիլին հայտարարեց, որ հրաժարվում է համագործակցել Ռուսաստանի հետ։ Իսկ հետո հայտարարում է, որ, եթե Արևմուտքը երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ, ապա Վրաստանը «մի կող քաշված չի մնա»։
2019 ապրիլ 20 — Նախագահ Ս․ Զուրաբիշվիլին այցելեց Վրաստանի և Ադրբեջանի սահմանագծին գտնվող Դավիդ–Գարեջի մենաստանը։ Այցելությունը կատարվեց մենաստանի այն հատվածը՝ Տետրի-Ուդաբո քարանձավները, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում, և լուսանկարվեց այդ վիճելի հատվածի վրա։ Ադրբեջանը արգելափակեց մենաստանի իր տարածքում գտնվող հատվածի մուտքը։ Վրաստանից ակտիվիստներ մեկնեցին Գարեջի և այնտեղ հանրահավաք անցկացրեցին։
2019 հունիս 20 — Հակառուսական սկանդալ Թբիլիսիում տեղի ունեցող Ուղղափառության Միջազգային Ասամբլեայի նիստի ժամանակ։ Վրացական կողմի կազմակերպիչը նիստը վարելու համար ՌԴ պատվիրակ Ս․ Գավրիլովին հրավիրեց նստել Պառլամենտի նախագահի աթոռին։ Նիստին ներկա վրաց ընդդիմադիր պատգամավորները աղմուկ բարձրացրեցին՝ պահանջելով Վրաստանի իշխանություններին մեղադրելով հայրենիքի դավաճանության մեջ։ Ընդմիջումից հետո «Միացյալ ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» պատգամավորները գրավեցին Պառլամենտի նախագահության հարթակը և աղմկոտ ցույց կազմակերպեցին։ Երեկոյան հակառուսական ակցիան վերաճեց հակակառավարական անկարգությունների։ Ցուցարարները ներխուժեցին պառլամենտ։ Ոստիկանությունը ռետինե փամփուշտների արցունքաբեր գազի կիրառմամբ ցրեցին հանրահավաքը։ Տուժեց մոտ 240 անձ, այդ թվում՝ 80 ոստիկան։
Նիստի նախօրեին Վրաստանում կեղծ լուր էր տարածվել իբր Ս․ Գավրիլովը զինված մասնակցություն է ունեցել Աբխազական կոնֆլիկտում։ Արդյունքում հրաժարական ներկայացրեց պառլամենտի նախագահ՝ Արչիլ Տալակվաձեն։
2019 հուլիս 7 — Ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր հաղորդումը սկսեց ռուսերեն՝ ՌԴ Նախագահ Վ․ Պուտինի և նրա ծնողների հասցեին ուղղված փողոցային հայհոյանքներով։ «Ռուսթավի-2»-ը համարվում է Մ․ Սահակաշվիլիի հեռուստաալիքը։ Հետո՝ վրացերենով սկսվեց Վրաստանի իշխանությունների քննադատությունը, ովքեր իբր պրոպուտինյան քաղաքականություն են իրականացնում։ Հաղորդումը արագորեն տարածվեց սոցիալական ցանցերով։
Շատերը, այդ թվում՝ «Վրացական երազանքի» կողմնակիցները, Գաբունիային անվանեցին «պատերազմ հրահրող»։ Չնայած ուշ ժամին՝ փողոցները լցվեցին այդ արարքից դժգոհ մարդկանցով, ովքեր վախեցել էին, որ ՌԴ նախագահը, ազդվելով այդ արարքից, կարող է ռազմական ներխուժում սկսել Վրաստան՝ հատկապես, որ Ռուսական տանկերը գտնվում են Հարավային Օսիայում՝ Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա։
2019 հոկտեմբեր — Վրաստանի Սրբազան Սինոդը Արքեպիսկոպոս Պետրե Ցաավային զրկեց իր կոչումից, քավության համար մենաստան ուղարկեց և զրկեց քարոզելու իրավունքից։ Արքեպիսկոպոս Ցաավան Կաթողիկոս Եղիա II-ին մեղադրել էր, որ հովանավորում է արվամոլներին։ Պատժից հետո Արքեպիսկոպոսը հայտարարեց օնլայն պլատֆորմի ստեղծման մասին, որը նպատակադրվում է բացահայտել Պատրիարքարանի «ստերը»։
2019 նոյեմբեր — Ընդդիմության բողոքի ցույցեր այն առիթով, որ Պառլամենտը չընդունեց սահմանադրական փոփոխությունները, որոնցով պառլամենտական ընտրությունները խառը համակարգից անցնելու էին ամբողջությամբ համամասնական համակարգին։ Ցուցարարները արգելափակում էին պատգամավորների մուտքը Պառլամենտ։ Տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության ընդհարումներ։ Ոստիկանությունը կարգը վերահաստատեց ջրցան մեքենաների կիրառմամբ։
2019 դեկտեմբեր — Նախագահ Ս․ Զուրաբիշվիլին հայտարարեց․ «Չկա և չի լինի ոչ բանակ, ոչ զենք, չունենք նաև այնպիսի տնտեսական պոտենցիալ, որպեսզի արագ գրավենք տարածաշրջանը։ Մյուս կողմից, Վրաստանի զենքը՝ գիտելիքն է, գիտությունը և մշակույթը»։ Հայտարարությունն առաջացրեց իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների սուր քննադատությունը, այդ թվում՝ վարչապետ Գախարիայի, պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի։ Նախագահի աշխատակազմից հայտարարեցին, որ նրա խոսքերը կտրել են կոնտեքստից և աղավաղել։
2020 հոկտեմբեր 31 — Պառլամենտական ընտրություններ։ Արդյունքները՝ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան»՝ 48.2%, պառլամենտում՝ 90 տեղ, «Միությունը՝ ուժ է»՝ 27.1%, 36 տեղ, «Եվրոպական Վրաստան»՝ 3.8%, 5 տեղ, «Լելո Վրաստանի համար»՝ 3.2%, 4 տեղ, «Ստրատեգիա Ագմաշենեբելի»՝ 3.2%, 4 տեղ, «Վրաստանի հայրենասերների ալյանս»՝ 3.1%, 4 տեղ, «Գիրչի»՝ 2.9%, 4 տեղ, «Քաղաքացիական շարժում - Ալեկո Էլիսաշվիլի»՝ 1.3%, 2 տեղ, «Լեյբորիստական կուսակցություն»՝ 1%, 1 տեղ։ Մասնակցությունը՝ 56.1%: Պառլամենտում 150 տեղ, 120-ը՝ համամասնական, 30-ը՝ մեծամասնական։ Անցողիկ շեմը՝ 1%։ Վրաստանում առաջին անգամ իշխող կուսակցությունը հաղթեց երրորդ անգամ անընդմեջ։ Բոլոր նախընտրական սոցիոլոգիական հարցումները Վրաստանում ցույց էին տվել, որ «Վրացական երազանքը» նշանակալիորեն ավելի բարձ վարկանիշ ունի, քան բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, սակայն ընդդիմությունը վիճարկեց ընտրությունների արդյունքները, կոչ արեց ընդդիմադիրներին հրաժարվել մանդատներից, անցկացնել նոր ընտրություններ։ Սկսվեցին բողոքի ցույցեր։ «Ազատ ընտրություններ» ՀԿ-ի կողմից ընտրողների ձայների զուգահեռ հաշվարկը գործնականում համընկան Վրաստանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին։ Միջազգային հանրությունը ընտրությունները ճանաչեց լեգիտիմ։ Վրաստանի ընդդիմության ներսում հակասության հիմնական հարցը Մ․ Սահակաշվիլին է։ Շատերը, որպես ընդդիմության միասնականության պայման են համարում նրա հեռացումը «Ազգային միացյալ շարժումից»։
2020 դեկտեմբերի 11 — Նախագահ Զուրաբիշվիլին կոչ արեց Վրաստանի իշխանություններին երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ։ Հետո ավելացրեց, որ դա չի նշանակում որևէ բանից հրաժարում կամ զիջում և անհրաժեշտ է Վրաստանի աջակցությունը միջազգային գործընկերների կողմից։
2020 դեկտեմբերի 25 — Գրիգոլ Վաշաձեին հրաժարվեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնից։
2021 հունվար 11 — Բ. Իվանիշվիլին հայտարարեց, որ թողնում է քաղաքականությունը։ Դրան հետևեցին Վրաստանի ներքին քաղաքականության հետ կապված տարաբնույթ մեկնաբանություններ։ Մյուս կողմից, նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ն մտահոգություն էր արտահայտել Վրաստանի իշխանությունների դեպի Ռուսաստան դրեյֆի կապակցությամբ, նշել էր, որ Վրաստանը հեռանում է դեմոկրատիայից և վերածվում է հերթական «հետխորհրդային հանրապետության»։
2021 փետրվար 10 — Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները սկսեցին իրենց ղեկավար կազմերի վերակառուցում։ «Ազգային միացյալ շարժման» ղեկավար դարձավ իր էքսցենտրիկ վարքով հայտնի Նիկա Մելիան:
2021 փետրվար 18 — Հրաժարական տվեց Վրաստանի Վարչապետ Գ. Գախարիան։
Թբիլիսիում 1.5 տարի շարունակվում էր 2019 թ. հունիսի 20-ին Ուղղափառության միջազգային ասամբլեայի հետ կապված հասարակական անկարգությունների հրահրման մեղադրանքով Ն. Մելիայի դատավարությունը։ Որպես խափանման միջոց սահմանվել էր 30,000 լարի գրավ և էլեկտրոնային ապարանջանի կրում։ 2019 թ. ընտրություններից հետո, Մելիան՝ հանրահավաքի ժամանակ, ցուցադրաբար հանեց իր ձեռքից ապարանջանը և դեն շպրտեց։ Դատախազությունը միջնորդեց ձերբակալել Մելիային։ Նա պատսպարվեց «Ազգային միացյալ շարժում» կուսակցության գրասենյակում, որտեղ նրան պաշտպանելու համար հավաքվեցին կուսակցության բազմաթիվ անդամներ։ Ոստիկանությունը չկարողացավ նրան ձերբակալել։
«Վրացական երազանքի» ղեկավարները կոշտ դիրք գրավեցին և որոշեցին այնուամենայնիվ ձերբակալել։ Գախարիան համարում էր, որ մեկ անձի ձերբակալման համար կարիք չկա ենթարկվել ընդդիմության սադրանքին, որը կարող է նորից հասարակական բռնություններ հրահրել։ Այդ տարաձայնության առիթով Գախարիան հրաժարական տվեց։
Հրաժարականն ուղեկցվեց խորքային պատճառների վերաբերյալ մի շարք ենթադրություններով՝ այդ թվում, որ Իվանիշվիլիի հրաժարականից հետո, ով միշտ սատարում էր Գախարիային, նա չուներ համախոհների բավարար հզոր խումբ։ Մյուս կողմից, առկա էին տարաձայնություններ կուսակցության առաջնորդների հետ, այդ թվում՝ կուսակցության գլխավոր քարտուղար՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեի, Պաշտպանության նախարարի և նոր վարչապետի ամենահավանական թեկնածու էին համարվում Իրակլի Ղարիբաշվիլին, պառլամենտի նախագահ Արչիլ Տալակվաձեն, կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և պառլամենտում կուսակցական խմբի քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Որոշ վերլուծաբանները զուգահեռներ անցկացրին տեղի ունեցող իրադարձությունների և 2003 թ. իրադարձությունների միջև։
Գ. Գախարիան բարձր հեղինակություն ուներ Վրաստանի հասարակության շրջանում՝ շնորհիվ իր բնավորության։ Նա զերծ էր մնում սին խոստումներից, անհանդուրժող էր կաշառակերության և հովանավորչության նկատմամբ։
Հիմնական դրույթներ
2 013 թ.-ին «Վրացական երազանքի» հաղթանակով Վրաստանում հանդարտվեցին քաղաքական ընդհարումները, ինչպես նաև հակառուսական սուր քարոզչությունն ու թշնամական քայլերը։
2016 թ. պառլամենտական ընտրությունները ցույց տվեցին, որ Վրաստանում քաղաքականությունը կորցրել է իր սրությունը՝ նվազել էր ընտրողների ակտիվությունը, իսկ ընդդիմությունն ավելի ու ավելի է տարրաբաժանվում փոքր կուսակցությունների։
Քաղաքական ակտիվությունը վերսկսվեց 2017 թ.-ն, երբ բանտից դուրս եկավ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան։ Նա հայտարարեց, որ «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը պառակտվել է, որի մեղավորը Սահակաշվիլին է: Նա դուրս եկավ «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունից և հիմնադրեց «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը»։ Ակտիվացան Բ. Իվանիշվիլիին ուղղված մեղադրանքները. իբր թե նա վարում է պրոռուսական քաղաքականություն։ Քննադատությունը տեղի ունենում և՛ Վրաստանից, և՛ ԱՄՆ-ից, և՛ ԵՄ-ից։
Իվանիշվիլիի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի օրինակ է Washington Examiner լրագրում նրան տրված հետևյալ գնահատականը։
«Իվանիշվիլին իսկական պուտինյան օլիգարխ է, ով իր միլիարդները ստացել է ԽՍՀՄ կազմալուծումից հետո մնացած ռուսական արդյունաբերության հափշտակման միջոցով։ Եթե իշխանության գալու նախնական շրջանում նա զգույշ խաղ էր վարում՝ ձևացնելով, որ գնահատում է Արևմուտքի հետ կապերը, ապա ներկայիս Իվանիշվիլին Պուտինի «հպարտ» մանկլավիկն է։ Այժմ նա ոչնչացնում է ամերիկյան և եվրոպական ինվեստիցիոն պրոյեկտները և անհեթեթ հարգանք է ցուցադրում Պուտինի նկատմամբ։ Իվանիշվիլին այս ամառ ցույց տվեց իր դեմքը։ Նա զանգվածային բողոքի ալիք հրահրեց՝ թույլ տալով, որպեսզի ռուս ուլտրա ազգայնական քաղաքական գործիչը նստի Վրաստանի պառլամենտի նախագահի աթոռին։ Եվ Իվանիշվիլիի կրնկի տակ Վրաստանը ստիպված հանդուրժում է Ռուսաստանի ահագնացող ագրեսիան։»
2019 թ.-ին՝ պառլամենտական նախընտրական տարում Վրաստանի ընդդիմությունը նախաձեռնեց հակառուսական գործողություններ հասարակությունում «թարմացնելու համար ռուսական վտանգը», նվազեցնելու համար պրոռուսական գործչի պիտակ ունեցող Բ. Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» վարկանիշը։ Արդյունքում ստացվեց հակառակը՝ հասարակական գիտակցությունում ընդլայնվեց լոյալությունն իշխանությունների նկատմամբ և 2020 հոկտեմբերի պառլամենտական ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթեց։ Ընդդիմությունը մերժեց ընդունել ընտրությունների արդյունքները։ Մարդաշատ հասարակական ճնշում կազմակերպելու փորձերը չհաջողեցին։ Ընդդիմությունը հրաժարվեց վերցնել իր պատգամավորական մանդատները։
2021 թ. սեպտեմբեր – նոյեմբերի արցախյան պատերազմը արմատապես փոխել է Անդրկովկասում աշխարհաքաղաքական կառուցվածքը։ Արևմուտքի և ՌԴ միջև սառը պատերազմն ավելի ինտենսիվ է դարձել, Թուրքիան լուրջ հայտ է ներկայացրել որպես Անդրկովկասում վճռորոշ սուբյեկտներից մեկը։ Մոտ ապագայում սպասվում է ԱՄՆ և ԵՄ լուրջ ակտիվացում Անդրկովկասում։ Անմասն չի մնա նաև Իրանը։
Այդ ամենը Վրաստանի համար նոր խնդիրներ են առաջացրել։ Անհրաժեշտ է ճիշտ կանխատեսել և կողմնորոշվել նոր իրավիճակի ռիսկերի ու հնարավորությունների համակարգում։
Վրաստանյան իրադարձությունները կարևոր են նաև Հայաստանի համար։ Եթե նախկինում Աբխազական երկաթուղու բացումը համարյա անհավանական էր, ապա այսօր, երբ օրակարգային է դարձել Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը, այն տեղափոխվել է մեծ անորոշության տիրույթ և առաջացրել տարբեր սցենարների հավանականության աճ։ Խնդրի համակարգային ուսումնասիրությունը դարձել է խիստ արդիական։