Վրաստանյան իրադարձությունների համառոտ ժամանակագրություն

20 ր.   |  2022-05-23

Մաս 5․ Վրաստանը Սահակաշվիլիի օրոք 

2004 հունվար 4 — Նախագահական ընտրություններ, Մ Սահակաշվիլի 96․3%։ Մասնակցությունը՝ 88.0%:

Վ րաստանը ծանր տնտեսական վիճակում էր, Կենտրոնական իշխանությունը փաստացի կորցրել էր Աբխազիան, Հարավային Օսիան, Աջարիան, Սվանեթիան և Պանկիսի կիրճը, ծաղկում էր հանցագործությունը։

2004 հունվար 25 — Մ․ Սահակաշվիլին կատարեց երկու սիմվոլիկ գործողություն։

Վրաստանի «հոնագույն» դրոշը փոխարինվեց Գեորգի Պայծառափայլի (XV դար)՝ սպիտակ ֆոնի վրա հինգ կարմիր խաչերով, դրոշով։

Հունվարի 26-ին Թբիլիսիի Քաշվեթի տաճարում արարողության ընթացքում հայտարարվեց, որ Գամսախուրդիայի աճյունը տեղափոխվելու է Վրաստան (արարողության իմաստը՝ հաշտությունը մեգրելների հետ):

2004 փետրվարի 17 — Պառլամենտը Զ․ Ժվանիային ընտրեց վարչապետ։

Նախարարներ դարձան արևմտյան կրթություն ստացած երիտասարդ անձինք, այդ թվում՝ Սալոմե Զուրաբիշվիլին ( 2018 թ.-ից Վրաստանի Նախագահ) նշանակվեց Արտաքին գործերի նախարար։

Վրաստանը հայտարարեց, որ իր արևմտյան կողմնորոշումը չի խանգարում ՌԴ-ի հետ հարաբերություններին։ 

2004 մարտ 24-25 — Կենտրոնական իշխանության վերահաստատումը Սվանեթիայում։

Վրաստանի Ներքին զորքերի և Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների մարտական գործողության արդյունքում Վրաստանի Կենտրոնական իշխանությունը վերահաստատվեց Վերին Սվանեթիայի Էցերի տարածաշրջանում, որը գտնվում էր Ապրասիձե կլանի վերահսկողության տակ։ Գործողությունը տևեց 40 րոպե, որին մասնակցել է 10 մարտական ուղղաթիռ։ Կլանը բնակվում էր մի քանի սվանական լեռնային անհասանելի աշտարակներում։ Այն դեռևս 1970-ականներից վերահսկում էր Սվանեթիան, իսկ 1990-ականներից զբաղվում էր տուրիստների թալանով և տեղական բնակչության ահաբեկմամբ

2004 ապրիլ – մայիս, կենտրոնական իշխանության վերահաստատումը Աջարիայում։

Աջարական Ինքնավար Հանրապետությունը Վրաստանում քաղաքացիական պատերազմի ընթացքում խուսափում էր կոնֆլիկտից։ Աջարիայի ԳԽ Նախագահ Ա․ Աբաշիձեն անկախության չէր ձգտում, այլ հանրապետությունը զարգացնում էր որպես ազատ տնտեսական գոտի, մասնավորապես նա իրավունք ստացավ մաքսավճարները մուտքագրել Աջարիայի բյուջե։ Բաթումում էր գտնվում ՌԴ 145-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որի ղեկավարության հետ Աբաշիձեն ուներ բարեկամական հարաբերություններ։

«Վարդերի հեղափոխության» ժամանակ Աբաշիձեն աջակցեց Շևարդնաձեին։ Վրաստանի համար կարևոր էր ինքնիշխանությունը վերահաստատումը Բաթումի նավահանգստի և վրաց-թուրքական սահմանի վրա։ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո Վրաստանի և Աջարիայի հարաբերությունները սկսեցին սրվել։ Ապրիլին երկրները գտնվում էին պատերազմի շեմին։

2004 մայիսի 5 — ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ի․ Իվանովը Բաթումում բանակցություններ անցկացրեց Աբաշիձեի հետ, որից հետո Աբաշիձեն թողեց իր նստավայրը և մեկնեց Մոսկվա։

2004 մայիսի 10 — Սահակաշվիլին անձամբ նստելով բուլդոզերի ղեկին քանդեց Աբխազիայի սահմանին գտնվող մաքսատունը։

2004 գարուն — Վրաց-օսական հարաբերությունների սրում։

2004 մայիս 31 — Վրաստանը, մաքսանենգության դեմ հայտարարված պայքարի շրջանակներում, կոնֆլիկտի գոտի (որտեղ իրավունք ունեին գտնվելու միայն խաղաղապահները) մտցրեց ներքին զորքերի ստորաբաժանումներ, ծանր տեխնիկա և հունիսի կեսերին փակեց Վրաստանի և Օսիայի սահմանին գտնվող Էրգենտի շուկան։[1] Այդ շուկան Հարավային Կովկասի ամենամեծ ապրանքափոխանակության վայրն էր։ Շուկայում էր աշխատում Հարավային Օսիայի և Գորիի շրջանների բնակչության նշանակալի հատվածը։ Շուկան ուներ նաև սոցիալական նշանակություն. այն նպաստում էր վրացիների և օսերի միջև տնտեսական համագործակցությանը և հարաբերությունների վերահաստատմանը։ ԵԱՀԿ առաքելությունը դատապարտեց վրացական զորքի մուտքը կոնֆլիկտի գոտի։

2004 օգոստոս 8 — Վրացական կողմը սկսեց Ցխինվալի հրետակոծումը և գնդակոծումը։ Օգոստոսի 11-ից ռազմական ընդհարումները սաստկանում են։ Վրաստանը զորքեր է կուտակում Ցխինվալի մերձակայքում։ Թուրքիան պատրաստակամություն է հայտնում իր զորամիավորումներով մասնակցել խաղաղապահ առաքելությանը։

2004 օգոստոս 18 — Սահակաշվիլին անձնական ուղերձ է հղում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կառավարություններին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Հարավային Օսիայի հարցով միջազգային արտակարգ համաժողով անցկացնելու և խաղաղապահների կազմը միջազգայնացնելու կոչով, որպեսզի նրանք կարողանան վերահսկել Ռոկի թունելը, որով Հարավային Օսիան կապվում էր ՌԴ-ին (Հյուսիսային Օսիային)։

2004 օգոստոս 20 — Վրացական զորքերը սկսում են դուրս բերվել հակամարտության գոտուց։

2004 օգոստոս 24 — Մ. Սահակաշվիլին առաջին անգամ հայտարարում է, որ «Վրաստանը շատ մոտ է Ռուսաստանի հետ պատերազմին»։

2004 օգոստոս 27 — Սահակաշվիլին հայտարարում է. «Թշնամին (Ռուսաստանը) պետք է իմանա, որ ագրեսիայի դեպքում նրան դիմակայելու է ոչ միայն բանակը, այլև ամբողջ ժողովուրդը»։ Հակամարտության ընթացքում Հարավային Օսիայի Նախագահը, խորհրդարանը և հասարակայնությունը շարունակում էին դիմել ՌԴ ղեկավարությանը՝ Հարավային Օսիան ՌԴ կազմի մեջ ներառելու և Հյուսիսային Օսիայի հետ վերամիավորվելու խնդրանքով։ Միաժամանակ, նրանք խնդրում էին պահպանել խաղաղապահ ուժերի մանդատը, իսկ ՌԴ խաղաղապահներին համարում էին իրենց անվտանգության գլխավոր երաշխավորը։

2004 մարտ – սեպտեմբեր — Պետական ապարատի բարեփոխումները։ Նշանակալիորեն կրճատվեց պետական ծառայողների քանակը։ Երբեմն կրճատվում էին ամբողջական վարչություններ։ Զգալի բարձրացվեցին պետական ծառայողների աշխատավարձը։ Ապրիլ-հոկտեմբեր ամիսներին պետական ծառայողների աշխատավարձը՝ մոտ 5 միլիոն դոլար, տրամադրում էր ՄԱԿ-ը՝ Սորոսի հիմնադրամից։ 

2004 հուլիսի 15 — Սկսվեց պետական գույքի սեփականաշնորհման նոր փուլը, որի մոտեցումը մշակել և կառավարում էր ռուսաստանյան օլիգարխ Կախա Բենդուկիձեն։ Ի տարբերություն Շևարդնաձեի ժամանակաշրջանի, այդ տարիների սեփականաշնորհումը ապահովում էր պետական բյուջեի մոտ 10%-ը։

2004 — Տնտեսական բարեփոխումներ։ Իրավական դաշտ վերադարձվեցին տնտեսվարող խոշոր ձեռնարկությունները, միջին և փոքր բիզնեսը, որոնք Շևարդնաձեի իշխանության ընթացքում, ըստ էության, հարկեր չէին վճարում։ Բոլոր առևտրի կետերին պարտադրվեց ունենալ հաշվիչ դրամարկղային մեքենաներ։ Չգրանցված բիզնեսները փակվեցին։ Առաջանում էր Սահակաշվիլիից դժգոհների նշանակալի խավ։

2004 — Բանակի բարեփոխում։ Պաշտպանության ամերիկամետ նախարար Դավիթ Թևզաձեն նշանակվեց ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան։ Հաջորդաբար պաշտպանության նախարարի պաշտոնը գրավեցին Գելա Բեժուաշվիլին, հունիսին՝ Գեորգի Բարամիձեն, դեկտեմբերին՝ Իրակլի Օկրուաշվիլին։ Քաոսը բանակում, ծառայությունում և բանակի մատակարարումներում սկսեց վերանալ։

2004 հուլիս — Ոստիկանության ռեֆորմ։ Շևարդնաձեի իշխանության ժամանակ ոստիկանությունն աշխատում էր «ինքնաֆինանսավորմամբ»՝ քաղաքացիներից կատարվող շորթումներով։ Պետությունը ոչ միայն չէր հոգում այդ համակարգի ծախսը, այլև ստորին օղակում շորթված գումարների մոտ 80%-ը փոխանցվում էր ղեկավար կազմին։ Ռեֆորմի ընթացքում շորթումների համար ոստիկաններին սկսեցին ձերբակալել, ազատազրկել և զանգվածաբար աշխատանքից ազատել։ Ոստիկանական համակարգում՝ հատկապես ճանապարհային ոստիկանությունում կարգ ու կանոն հաստատվեց։ Մյուս կողմից՝ համակարգից հեռացված զանգվածը սկսեց հարել ընդդիմությանը։

Ոստիկանական ռեֆորմն իրականացնում էր Վանո Մերաբիշվիլին։ Նա 2004 թ. հունիսի 10-ին դարձավ Ազգային անվտանգության ծառայության պետ, 2004-ի դեկտեմբերի 28-ին ԱԱԾ-ն քանակապես կրկնակի կրճատվեց և ընդգրկվեց ՆԳՆ կազմում, Մերաբիշվիլին դարձավ ՆԳ նախարար և պաշտոնավարեց մինչև 2012 թ.։

2004 հոկտեմբեր 1 — Փոխվեց Վրաստանի զինանշանը:

Նոր զինանշանը կարմիր գույնի վահան է, որի վրա պատկերված է վիշապին նիզակահարող՝ Վրաստանի պահապան, սուրբ Գեորգին՝ ձիու վրա։ Վերևի մասում ոսկե առյուծները պահում են վրացական Բագրատունիների ոսկե թագը։


2004 – 2005 —
Պայքար կազմակերպված հանցագործությունների դեմ։ Հետխորհրդային Վրաստանում հանցագործ աշխարհը ներթափանցել էր հասարակական համարյա բոլոր ոլորտները։ «Գողական աշխարհին» պատկանելը հպարտության առարկա էր։ 2004 թ.-ին ընդունվեց օրենք՝ «գողական» ենթամշակույթ կրելու դեմ։ Քանի որ ըստ հանցագործ աշխարհի օրենքների «Օրենքով գողին» արգելվում էր թաքցնել իր կարգավիճակը, ապա ոստիկանությունը կարող էր անձին հարցնել՝ արդյո՞ք նա «գող» է և ստանալով դրական պատասխան այդ անձը դատապարտվում էր 10 տարվա ազատազրկման։

Օրենքով գողերն ազատազրկումն անց էին կացնում հատուկ բանտերում, որտեղ նրանք զրկված էին իրենց կարգավիճակի արտոնություններից, օրինակ՝ նրանց արգելվում էր հարկ հավաքել ազատազրկվածներից, օգտվել բջջային հեռախոսից, ինչը նրանց կտրում էր հանցագործ աշխարհից։ Այդ կանխարգելիչ միջոցը 2006 թ.-ին  բանտային ընդվզում     առաջացրեց։ Օրենքը բողոքի ալիք բարձրացրեց։ Սակայն գլխատված հանցագործ աշխարհը սկսեց կազմալուծվել։

2004 մարտ 28 — Խորհրդարանական ընտրություններ։ Միացյալ ազգային շարժումը (Մ․ Սահակաշվիլի) ստացավ ձայների 67%-ը, «Աջ ընդդիմությունը» («Նոր աջեր» և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը») ստացավ 7.6%, «Դեմոկրատական վերածննդի միություն»՝ 6.0%, «Լեյբորիստական կուսակցություն»՝ 5.8%, «Ազատություն»՝ 4.2%, «Ազգային դեմոկրատական ալյանս» («Ազգային դեմոկրատական կուսակցություն» և «Վրաց տրադիցիոնալիստների միություն»)՝ 2.5%, «Պաթիաշվիլի միություն» («Միություն» կուսակցություն և «Վրաստանի մտավորականների լիգա»)՝ 2.4%։

2005 հունվար — Մ. Սահակաշվիլին Հարավային Օսիային առաջարկեց լայն ինքնավարություն Վրաստանի կազմում։ Նոր պլանի շրջանակում առաջարկվում էր Խառը վերահսկող խմբի կազմում ընդգրկել ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչներին և կոնֆլիկտի գոտուց դուրս բերել ՌԴ խաղաղապահներին։

2005 փետրվար 3 — Իր բնակարանում անհայտ պատճառով մահացավ Վարչապետ Զ․ Ժվանիան։ Ենթադրվում էր, որ շատ մեծ լիազորություններով օժտված վարչապետի և Սահակաշվիլին լուրջ հակասություններ ունեին բարեփոխումների իրականացման մեթոդների հարցերում։ Մահվան պատճառի կապակցությամբ սկսեցին տարբեր լուր տարածվել, այդ թվում՝ Սահակաշվիլիին վարկաբեկող։

2005 հոկտեմբեր — Հարավային Օսիայի ՌԴ քաղաքացիների միությունը, որոնք կազմում էին Հարավային Օսիայի բնակչության 95%-ը, դիմեց ՌԴ Նախագահ Պուտինին՝ երկու Օսիաների վերամիավորման խնդրանքով։[2]

2005 մայիսի 9 — ԱՄՆ նախագահ Ջ․ Բուշի այցը Վրաստան։ Այցը երկրի համար ունեցավ կարևոր խորհրդանշական իմաստ` այն ցուցադրում էր, որ Վրաստանը գտնվում է աշխարհի ամենահզոր գերտերության ուշադրության կենտրոնում։

2005 աշուն — Սալոմե Զուրաբիշվիլին[3] մեղադրեց իշխող կուսակցությանը և խորհրդարանի խոսնակ Ն. Բուրջանաձեին՝ Վրաստանում «կլանային դիկտատուրա» հաստատելու նկրտումներում։ Զուրաբիշվիլին պաշտոնանկ արվեց, իսկ մեկ ամիս անց հիմնադրեց «Վրացական ուղի» ընդդիմադիր կուսակցությունը։ 2018-ին Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի նախագահ։

2006 փետրվար 6 — փետրվարի 5-ին ռուս խաղաղապահների բեռնատար մեքենայի և վրացական քաղաքացիական մարդատար մեքենայի վթարի առիթով, Վրաստանի և ՌԴ փոխադարձ մեղադրանքների ինտենսիվությունն աճեց։ Փետրվարի 6-ին Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ՝ Գիվի Թարգամաձեն հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահները պետք է դուրս բերվեն Վրաստանից, իսկ անհրաժեշտության դեպքում դա կարվի ուժի կիրառմամբ։

2006 փետրվար 8 — Վրացական կողմը գումարտակ մոտեցրեց հակամարտության գոտի։ Խաղաղապահները նրանց դեմ կենտրոնացրին ծանր զինտեխնիկա և Վրաստանը ստիպված հետ քաշեց զորքը։ Միջադեպերից հետո վրացական կողմը հայտարարեց, որ ռուս խաղաղապահները պատշաճ չեն իրականացնում իրենց առաքելությունը։ Վրաստանի խորհրդարանը պատրաստվում էր ՌԴ խաղաղապահներին Վրաստանից դուրս բերելու որոշում կայացնել, սակայն Վրաստանի ԱԳ Նախարար Գելա Բեժուաշվիլին զգուշացրեց. «Արևմուտքի մեր ընկերները մեզ զգուշության կոչ են անում, մենք պետք է հաշվարկենք խաղաղապահների դուրս բերման հետ կապված ռիսկերը»։

2006 փետրվարի 15 — Վրացական խորհրդարանը միաձայն ընդունում է՝ ՌԴ խաղաղապահներին դուրս բերելու և այլ երկրի խաղաղապահներ ներգրավելու մասին որոշումը։

2006 փետրվար 17 — Հարավային Օսիայի խորհրդարանը դիմում է ՌԴ խորհրդարանին՝ ռուս խաղաղապահներին դուրս չբերելու խնդրանքով։ Իր հերթին ՌԴ խորհրդարանը դիմում է նախագահ Պուտինին՝ ապահովել Հարավային Օսիային անվտանգությունը՝ կապված իրավիճակի սրման հետ։ ԵՄ ներկայացուցիչների խորհրդով Վրաստանը սկսեց թուլացնել Հարավային Օսիայի խնդրի շուրջ լարվածությունը։

2006 մարտի 28 — ՌԴ-ն արգելեց վրացական գինիների և հանքային ջրերի ներմուծումը։ Վրացական գինիների արտահանման 80%, իսկ «Բորժոմի» հանքային ջրի արտահանման 35%-ը բաժին էր հասնում ՌԴ-ին։

2006 մայիս 11 — Վրաստանի խորհրդարանն ընդունեց ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման որոշում։

2006 մայիս 26 — Վրաստանի ազգային թանգարանում բացվեց «Խորհրդային օկուպացիայի թանգարան» բաժինը։

2006 հունիս 13 — Սանկտ Պետերբուրգում Վ․ Պուտինի և Մ․ Սահակաշվիլիի հանդիպման ընթացքում Վ․ Պուտինն ընդգծեց ազգերի ինքնորոշման իրավունքը։

2006 հուլիս 13 — Գործարկվեց Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարը։[4]

2006 հուլիս — Վրաստանը Ցխինվալիի մերձակայքում 4000 զինծառայողի և 400 օժանդակ կազմի համար նախատեսված ռազմակայան է կառուցում։ Հարավային Օսիան այն գնահատում է որպես հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուն ուղղված քայլ։

2006 հուլիս 26 — Վրաստանն իր վերահսկողության տակ վերցրեց Կոդորի կիրճը։ 1992-1993 թթ. վրաց-աբխազական կոնֆլիկտի ժամանակ, Կոդորի կիրճում, որը Աբխազիայի մասն էր, որտեղ սակայն հիմնականում բնակվում էին սվանները, կազմավորվեց «Մոնադիրե» զինյալ ջոկատը, որը ղեկավարում էր Էմզար Կվիցիանին։ 1999-ին Շևարդնաձեն ջոկատը հայտարարել էր վրացական բանակի մաս, իսկ Կվիցիանին՝ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչ Կոդորի կիրճում։ Ջոկատը մարտնչում էր Վրաստանի կողմում։

2003 թ. Կվիցիանին աջակցել էր Շևարդնաձեին։ 2004-ին Սահակաշվիլին նրան պաշտոնանկ արեց, 2005-ին՝ պաշտպանության նախարար Օկրուաշվիլին իր հրամանագրով լուծարեց ջոկատը, իսկ 2006-ին նախաձեռնեց ջոկատի զինաթափումը։ Կվիցիանին հայտարարեց, որ Օկրուաշվիլին և Մերաբիշվիլին պատրաստվում են ոչնչացնել սվաններին և սպառնաց քաղաքացիական անհնազանդությամբ, ընդհուպ մինչև զինված դիմադրություն։  

2006 օգոստոս – նոյեմբեր — տեղի են ունենում Հարավային Օսիայում իրավիճակը սրող բազմաթիվ միջադեպեր, փոխհրաձգություններ և օրենսդրական նախաձեռնություններ։

2006 սեպտեմբեր 14 — Վրաստանի և ԳՈՒԱՄ երկրների նախաձեռնությամբ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի աջակցության ներքո, չնայած ՌԴ դիմադրությանը, ՄԱԿ-ի 61-րդ ասամբլեայի օրակարգում ընդգրկվեց «Նախկին ԽՍՀՄ տարածքում սառեցված հակամարտությունների» հարցը։

2006 սեպտեմբեր 22 — ՄԱԿ-ի 61-րդ ասամբլեայում Մ. Սահակաշվիլին իր ելույթում հայտարարեց, որ ՌԴ-ն խոչընդոտում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը և, որ ՌԴ-ն անեքսիայի է ենթարկել Հարավային Օսիան և Աբխազիան։ Հայտարարությունն աննախադեպ խիստ էր, քանի որ ՌԴ-ն երբեք չէր մեղադրվել «անեքսիայի» կամ «օկուպացիայի» մեջ, առավել ևս՝ ՄԱԿ-ի ամբիոնից։[5]

2006 սեպտեմբեր 27 — Վրաստանի հատուկ ծառայությունները ձերբակալեցին ՌԴ չորս զինվորականների՝ Վրաստանի դեմ լրտեսության մեղադրանքով։ Միջադեպը տեղի ունեցավ ռուս-վրացական խիստ լարված հարաբերությունների ֆոնին՝ Վրաստանը մեղադրում էր ՌԴ-ին Աբխազիային և Հարավային Օսիային քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Ի պատասխան՝ ՌԴ-ն հետ կանչեց իր դեսպանին, տարհանեց իր դիվանագիտական անձնակազմը և նրանց ընտանիքները, ՌԴ զորքերը Վրաստանում փոխադրեց բարձր պատրաստության, դադարեցրեց տրանսպորտային և փոստային հաղորդակցությունը Վրաստանի հետ։

Հոկտեմբերի 2-ին վրացական իշխանություններն ազատ արձակեցին ձերբակալվածներին և արտաքսեցին երկրից՝ միաժամանակ միջադեպի վրա գրավելով միջազգային հանրության ուշադրությունը։

Նոյեմբերի 10-ին պաշտոնանկ արվեց իր հակառուսական կտրուկ հայտարարություններով և գործողություններով հայտնի Վրաստանի պաշտպանության նախարար՝ Իրակլի Օկրուաշվիլին։ ՌԴ դեսպանը Վրաստան վերադարձավ 2007 թ. փետրվարին։

2006 հոկտեմբեր 25 — Ստորագրվեց Վրաստանում ՌԴ ռազմակայանների փակման համաձայնագիրը։[6]

2007 ապրիլ 1 — Նախագահ Գամսախուրդիայի հանդիսավոր վերահուղարկավորությունը։ Արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ հազար մարդ։ Մասնակիցները կրում էին 1918-1921 թթ. Վրաստանի բալագույն դրոշը։ Նոր Վրաստանի սպիտակ դրոշը բացակայում էր։ «Զվիադի՛» գոչում էր ամբոխը՝ Վրաստանում քաղաքացիական պատերազմի հանրահայտ կարգախոսը։ Կանայք բղավում էին՝ «Զվիա՛դ, մենք սիրում ենք քեզ, Շևարդնաձեն կործանեց Վրաստանը»։ Ծերունիներն ասում էին, որ հուղարկավորությունը համարյա չէր զիջում Իոսիֆ Ստալինի հուղարկավորությանը։[7]

2007 նոյեմբեր 15 — Վրաստանից դուրս բերվեցին ՌԴ ռազմակայանները՝ 12-րդ ռազմակայանը Բաթումից և 62-րդ ռազմակայանը՝ Ախալքալաքից։[8]

2007 սեպտեմբեր — Վրաստանում սկսվեցին ընդդիմության բողոքի հանրահավաքները։ Ի․ Օկրուաշվիլին Սահակաշվիլիին մեղադրեց Զ․ Ժվանիայի սպանության մեջ։

2007 նոյեմբեր 2-7 — Թբիլիսիում խորհրդարանի առջև սկսվեց մոտ 100,000 մասնակիցներով հանրահավաք։ Ցուցարարները պահանջում է ին Մ. Սահակաշվիլիի հրաժարականը, գարնանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և քաղբանտարկյալների ազատ արձակում։

Մինչև նոյեմբերի 7-ը ցուցարարների քանակն աստիճանաբար նվազեց, որից հետո Վրաստանի ներքին զորքերը ռետինե փամփուշտների, ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառմամբ նրանց ցրեցին։ Տուժեց 500-ից ավելի մարդ։

Երեկոյան հատուկ ջոկատայինները գրավեցին Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող «Իմեդի» հեռուստաընկերությունը և դադարեցրին հեռարձակումը։ Նոյեմբերի լույս 8-ի գիշերը հայտարարվեց արտակարգ դրություն։[9]

 2007 նոյեմբեր 8 — Սահակաշվիլին համաձայնեց 2009 թ. նախագահական ընտրություններն անցկացնել՝ 2008 թ. հունվարի 5-ին։ Այդ հայտարարությունից հետո Սահակաշվիլին հրաժարական ներկայացրեց։ Նախագահի պաշտոնակատար դարձավ Ն. Բուրջանաձեն։

Ընդդիմության հիմնական առաջնորդներն էին՝ Շևարդնաձեի նախկին կողմնակից Լևան Գաչեչիլաձեն, Իրակլի Օկրուաշվիլին և Շալվա Նաթելաշվիլին։         

2008 հունվար 5 — արտահերթ նախագահական ընտրություններ, հաղթեց՝ Մ․ Սահակաշվիլին 53.5%, Լևան Գաչեչիլաձեն ստացավ  ձայների 25.7%, Բադրի Պատարկացիշվիլին՝ 7.1%, Շալվա Նաթելաշվիլին՝ 6.5%: Մասնակցությունը՝ 56.2%:

Սահակաշվիլին ստացել էր բոլոր ընտրողների ձայների 30%-ը։

Ընդդիմությունը բողոքարկեց ընտրությունները և բողոքի հանրային ակցիաներ նախաձեռնեց։ Ձայների հաշվարկը ձգվեց մինչև հունվարի 13-ը։

2008 հունվար 5 — Հանրապետական հանրաքվե։ Հանրաքվեի էր դրվել երկու հարց։ Առաջինը՝ պառլամենտական ընտրությունները տեղափոխել 2008 թ. հոկտեմբերից՝ 2008 թ. ապրիլ – մայիս։ Տեղափոխելուն «կողմ» քվեարկեց 79.7%:

Երկրորդ հարցը՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին թե՞ ոչ։ ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ քվեարկեց -ին՝ 77.0%:

2008 փետրվար 12 — Բադրի Պատարկացիշվիլիի մահը՝ Լոնդոնի մերձակայքում գտնվող իր տանը։ Բրիտանական ոստիկանությունը նրա մահվան գործն ուղարկեց հույժ կարևոր քրեական հանցագործությունների բաժին, սակայն հետո տարածվեց այն վարկածը, որ 52-ամյա միլիարդատիրոջ մահվան պատճառն էր սրտի իշեմիկ հիվանդությունը։ Մահվանից մի քանի ամիս առաջ նա սկսել էր զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, մասնակցել էր 2008 թ. նախագահական ընտրություններին, հայտարարել էր ընդդիմադիր կուսակցության հիմնադրման մտադրության մասին։ Լուրեր էին շրջանառվում նրա և Վ. Պուտինի միջև մտերիմ հարաբերությունների վերաբերյալ։

2018 թ. հոկտեմբերի 18-ին Վրաստանի դատախազությունը հայտարարեց, որ Մ. Սահակաշվիլին առընչություն է ունեցել այդ սպանությանը։[10]

2008 փետրվարի 17 — Հռչակվեց Կոսովոյի անկախությունը։ Այն խախտեց 1975 թ․ Հելսինկյան համաձայնագրով սահմանված Եվրոպայում սահմանների անփոփոխելիության սկզբունքը։

2008 ապրիլ 30 — Աբխազիայի վրա հարձակվելու համար Վրաստանը 1500 զինյալ տեղակայեց Կոդորի կիրճում։ Վրաստանը ժխտում էր այն մեղադրանքները, որ պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Աբխազիայում։ Ի պատասխան՝ ՌԴ-ն ուժեղացրեց իր խաղաղապահների կոնտինգենտը, ինչն էլ ավելի լարեց իրավիճակը։

Համաձայն 1994 թ. պայմանավորվածության տարածաշրջանում էին գտնվում 1000 խաղաղապահ։ Այդ ուժերը հետագայում մասնակցեցին 2008 թ. օգոստոսի պատերազմին։

2008 մայիս 21 — Պառլամենտական ընտրություններում հաղթեց «Միացյալ ազգային շարժումը» 59.2% (Մ․ Սահակաշվիլի), «Միացյալ ընդդիմությունը» ստացավ 17.6%, Քրիստոնյա դեմոկրատները՝ 8.2%, Լեյբորիստական կուսակցությունը՝ 7.5%,  «Հանրապետականները» 3.8%։

2007 հունիսի 7 — Ն. Բուրջանաձեի փոխարեն պառլամենտի խոսնակ դարձավ Դավիթ Բակրաձեն։ Բուրջանաձեն իր հեռանալու մասին հայտարարել էր դեռևս ապրիլին։

2008 օգոստոս 1 — Վրաց-օսական սահմանին իրավիճակի սրում։ Դրան հաջորդող շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում հաճախակի փոխհրաձգություններ։

2008 օգոստոսի 7-12 — Վրաց-օսական պատերազմ։

Զոհերի և վիրավորների վերաբերյալ կան բազմաթիվ իրարամերժ տվյալներ։ ՄԱԿ-ի Փախստականների հարցով Գերագույն Կոմիսարի տվյալներով, իրենց տները լքել են 118,000 մարդ, այդ թվում՝ 30,000 օս տեղափոխվել է ՌԴ, 15,000 վրացի՝ Հարավային Օսիայից տեղափոխվել է Վրաստան, 73,000 վրացի պատերազմի գոտուց տեղափոխվել է Վրաստանի այլ վայրեր։

2008 օգոստոս 9 — ՌԴ նախագահ Մեդվեդևը որոշում ընդունեց վրաց-օսական պատերազմին ՌԴ մասնակցության մասին։[11]

2008 օգոստոս 14 — Վրաստանի պառլամենտը միաձայն որոշում ընդունեց դուրս գալ ԱՊՀ կազմից։

2008 օգոստոս 26 — ՌԴ-ն ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

2008 հոկտեմբեր 23 — Բրյուսելում դոնորների կոնֆերանսում որոշում կայացվեց 4.5 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Վրաստանին։  Մասնավորապես, Համաշխարհային բանկը՝ $530 միլիոն, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը՝ $927 միլիոն, Ասիական զարգացման բանկը՝ $300 միլիոն, Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ $350 միլիոն, Եվրոպական ինվեստիցիոն բանկը՝ $330 միլիոն, ԱՄՆ՝ $1 միլիարդ, ԵՄ՝ $638 միլիոն, ԵՄ անդամ պետություններ՝ $174 միլիոն, Ճապոնիան՝ $200 միլիոն, ևս մի քանի երկիր՝ $88 միլիոն։[12] Վրաց-օսական պատերազմը խորացրեց Սահակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանում հասունացող տնտեսական ճգնաժամը։[13]

2009 ապրիլի 9 – հուլիսի 24 — Հանրահավաքներ՝ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով։ Սահակաշվիլին մեղադրվում էր, որ իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ իշխանությունը, հատուկ ջոկատայինների միջոցով է ցրել 2007 թ. հանրահավաքները, սկսել վրաց-օսական պատերազմը, որի արդյունքում Վրաստանը կորցրել է իր տարածքի 20%-ը։[14] Հանրահավաքները սկսվելուց առաջ՝ ապրիլի 7-ին Fitch Ratings կազմակերպությունը զգուշացրեց, որ Վրաստանում քաղաքական անկայունության սկսվելու դեպքում կիջեցնի երկրի երկարաժամկետ ռեյտինգը։

Հանրահավաքները սկսվեցին ապրիլի 9-ին՝ նորից սիմվոլիկ կերպով հիշեցնելով 1989 թ․ ապրիլի 9-ի իրադարձությունները։ Այդ օրը հանրահավաքին մասնակցեց 60,000 մարդ։ Հանրահավաքները շարունակվեցին երեք ամիս։ Դրանք զուգորդվում էին ճանապարհների արգելափակումներով, նախագահի պալատի առջև վրանային պիկետներով և բողոքի այլ միջոցներով։

Մայիսից սկսվեցին ցուցարարների ընդհարումները ոստիկանների հետ։ Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին հանրահավաքին մասնակցեց մոտ 50,000 մարդ։ Հունիսի 15-ին տեղի ունեցավ ընդհարում, բռնության ենթարկվեցին բազմաթիվ լրագրողներ, այդ թվում նաև Եվրոպական երկրների լրատվամիջոցներից։[15] Հունիսի 24-ին՝ 107 օր տևած հանրահավաքներն ավարտվեցին։

2010 հունիս 25 — Գորիի կենտրոնական հրապարակում 1952 թ.-ից գտնվող Ստալինի արձանը, գիշերը, երեք ժամվա ընթացքում տեղափոխվեց Գորիում գտնվող Ստալինի թանգարանի դիմաց։ Իրադարձությունն ունեցավ տարաբնույթ հասարակական արձագանքներ։

2011 մայիս 25 — Թբիլիսիում, անկախության տոնի զինվորական շքերթի նախորդ օրը, մոտ 10,000 մասնակցով հանրահավաքը, որն առաջնորդում էր Ն․ Բուրջանաձեն, պահանջեց Սահակաշվիլիի հրաժարականը։ Համանման հանրահավաք տեղի ունեցավ նաև Բաթումում։ Գիշերը ոստիկանությունը ռետինե փամփուշտներով, ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով ցրեց հանրահավաքը։ Զոհվեց 2, վիրավորվեց 37, ձերբակալվեց մի քանի հարյուր մարդ։[16]

2011 հոկտեմբեր — Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ որոշել է զբաղվել քաղաքականությամբ։ Նոյեմբերին նա հիմնադրեց «Վրացական երազանք» կուսակցությունը։

2012 մայիս 7 — Ընդդիմադիր կուսակցությունները սկսեցին համախմբվել «Վրացական երազանքի» շուրջը՝ նախապատրաստվելով աշնանային պառլամենտական ընտրություններին։

2012 սեպտեմբեր 18 — Վրաստանի հեռուստաընկերությունները ցուցադրեցին Թբիլիսիի Գլդանի կալանավայրում դատապարտյալների նկատմամբ անմարդկային դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ տղամարդու արժանապատվությունը ստորացնող կադրերով հոլովակները։

Պառլամենտական ընտրությունների նախաշեմին դա շատ ծանր հարված էր Սահակաշվիլիին, ում իշխանության կարևորագույն ձեռքբերումն էր համարվում ոստիկանական համակարգի բարեփոխումը։ Տեսահոլովակները նշանակալի բացասական ազդեցություն ունեցան Սահակաշվիլիի և «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ռեյտինգների վրա։

2012 հոկտեմբեր 1 — Պառլամենտական ընտրություններ, Սահակաշվիլիի կուսակցությունը պարտվեց։ Հաղթեց՝ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» (Բ․ Իվանիշվիլի) դաշինքը՝ 54.9%։ «Միացյալ Ազգային Շարժումը» (Սահակաշվիլի) ստացավ ձայների 40.4%, «Քրիստոնյա – Դեմոկրատական Միությունը՝» 2.0%։ «Վրացական երազանքը» պառլամենտում ստացավ 85 տեղ, իսկ «Միացյալ ազգային շարժումը»՝ 65։


Նկար 4․ 2012 հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքները։ Կապույտ գույնով տրված են «Վրացական երազանքին» սատարած շրջանները, կարմիր գույնով՝ «Միացյալ ազգային շարժումին» սատարած շրջանները։

2012 հոկտեմբերի 2 — Սահակաշվիլին ընդունեց ընտրությունների արդյունքները։

2012 հոկտեմբեր 25 — Բ․ Իվանիշվիլին վարչապետ։ Չնայած Սահակաշվիլին ևս մեկ տարի նախագահելու էր Վրաստանում, սակայն նրա հնարավորությունները խիստ կրճատվեցին։

Հիմնական դրույթներ

Մ․ Սահակաշվիլիի նախագահության առաջին ժամկետում իրականացվեցին մի շարք բարեփոխումներ, որոնք դրական ազդեցություն ունեցան Վրաստանի կառավարչական, տնտեսական և սոցիալական հարցերում։

Ն ա հանդարտեցրեց Մեգրելիան (Արևմտյան Վրաստանը), որտեղ Շևարդնաձեի իշխանության ժամանակ Վրաստանի իշխանություններն ընկալվում էին որպես օկուպանտներ։ Կարևոր է հաշվի առնել նաև այն, որ հեղափոխության ընթացքում Սահակաշվիլի – Բուրջանաձե – Ժվանիա եռյակի հենարանը մեգրելներն էին (նշենք, որ մեգրել էին՝ Գամսախուրդիան և Ժվանիան)։[17] Համարվում է, որ Վարդերի հեղափոխությունում Վրաստանի «գավառը» հաղթեց «մայրաքաղաքին», իսկ 2012-ին՝ հակառակը՝ «մայրաքաղաքը» հաղթեց «գավառին»։[18] Կենտրոնական իշխանությունը վերահաստատվեց Մեծ Կովկասի լանջերին գտնվող, նախորդ 15 տարիների ընթացքում կիսաանկախացած շրջաններում և Աջարիայում։

Իրականացվեց ոստիկանության բարեփոխումը, հատկապես՝ ճանապարհային ոստիկանությունում, որտեղ իսպառ վերացվեց դրամաշորթությունը։ Սկսվեց պայքարը կազմակերպված հանցագործությունների դեմ։ Իրականացվեց պետական ապարատի բարեփոխում՝ բյուրոկրատական ապարատի կրճատում և աշխատավարձերի բարձրացում։ Վերսկսվեց պետական գույքի թափանցիկ սեփականաշնորհումը։ Իրականացվեց տնտեսական ռեֆորմ՝ բիզնեսը տեղափոխվեց հարկային դաշտ։ Բանակում կարգ ու կանոն հաստատվեց։

Մյուս կողմից՝ Սահակաշվիլին նպատակասլաց կերպով վատթարացնում էր հարաբերությունները ՌԴ հետ։ ՄԱԿ-ում վրաց-օսական և վրաց աբխազական կոնֆլիկտի գոտում ռուս խաղաղապահների միջազգայնորեն ընդունված ներկայությունը մեկնաբանում էր որպես ագրեսիա։ Հայտարարում էր, որ Վրաստանը շատ մոտ է ՌԴ հետ պատերազմին։ Արագացնում էր Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու պրոցեսը։ Սրում էր իրավիճակը Հարավային Օսիայի հետ հարաբերություններում։

Չնայած հակառուսական ինտենսիվ քարոզչությանը, որն իրականացվում էր 1988 թ.-ից, այնուհանդերձ, մինչև վրաց – օսական 2008 թ. պատերազմը վրաստանի հասարակությունը Ռուսաստանին ընկալում էր որպես Վրաստանի առավել նախընտրելի քաղաքական և տնտեսական գործընկեր (Գծապատկեր 1)։


Գծապատկեր 2. Իրենց երկրի առավել նախընտրելի տնտեսական և քաղաքական գործընկերը Երևանում, Թբիլիսիում և Բաքվում, 2004։ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ, «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն»։

Ռուսաստանը որպես Վրաստանի լավագույն տնտեսական և քաղաքական գործընկեր դիրքորոշումների մակարդակը Վրաստանում 2005-2007 թ․ ընթացքում աճում էր։ Վրացիների ընկալումներում ոչ միայն Վրաստանին ամենամոտ երկիր էր ընկալվում Ռուսաստանը, այլև վրացիների ընկալումներում ռուսներն էին վրացիներին սոցիալական տարածության տեսակետից ամենամոտ ազգը։


Գծապատկեր 3․ Վստահության մակարդակը Սահակաշվիլիի նկատմամբ 2004-2007 թթ․, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ, «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն»։

Մյուս կողմից, Սահակաշվիլիի կառավարման ոճն աստիճանաբար դառնում էր ավելի ու ավելի ավտորիտար։ Նրանից սկսեցին հեռանալ դաշնակիցները։ Սահակաշվիլիի կերպարի վրա բացասաբար ազդեցին նաև նրա իշխանության օրոք տեղի ունեցած Զ․ Ժվանիայի (2005)  և օլիգարխ Բ. Պատարկացիշվիլիի (2008) մահերը։

Չնայած տնտեսական բարեփոխումներին, հասարակական կարծիքում աճում էր դժգոհությունը Վրաստանի և սեփական ընտանիքների տնտեսական վիճակից։ Արդյունքում չորս տարվա ընթացքում կտրուկ նվազել էր Սահակաշվիլիի նկատմամբ Վրաստանի հասարակության վստահության աստիճանը՝ 2004 թ.-ին 87%-ից, մինչև 30%՝ 2007 թ.-ին։ Ակնհայտ էր, որ 2009 թ․ ընտրություններում Մ. Սահակաշվիլիի հաղթանակի շանսերը շատ ցածր էին։ Այս իրավիճակը հանդուրժելի չէր, ոչ Սահակաշվիլիի, ոչ էլ ԱՄՆ և ԵՄ համար։

Վրաց-օսական 2008 թ. օգոստոսի 8-12 պատերազմից հետո Վրաստանի հասարակությունում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը դարձավ ընդգծված բացասական։[19] Հասարակական դիրքորոշումներում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն սկսեցին ընկալվել, որպես Վրաստանի ռազմական պաշտպանության երաշխիքներ, իսկ ԵՄ-ն՝ որպես Վրաստանին տնտեսական օգնություն տրամադրող հիմնական սուբյեկտ։[20]

Սահակաշվիլիի երկրորդ նախագահության ընթացքում շարունակվում էր հասարակական ընկալումներում Վրաստանի տնտեսական վիճակի գնահատականների վատթարացումը։ Ընդդիմությունը նրան մեղադրում էր վրաց-օսական պատերազմը սկսելու և պարտության համար։ Պարբերաբար ոստիկանությունը ընդդիմության հանրահավաքները ցրում էր ջրցան մեքենաներով, արցունքաբեր գազերով և ռետինե փամփուշտներով։ Ակնհայտ էր դառնում, որ ավարտին է մոտենում «Վարդերի հեղափոխությամբ» սկսված Սահակաշվիլիի ժամանակաշրջանը։


[1] Южная Осетия: предисловие к войне․ Кавказский узел. 19 июня 2006.  

[2] Южная Осетия: предисловие к войне․ Кавказский узел, 19 июня, 2006. 

[3] Սալոմե Զուրաբիշվիլի, ծնվել է Փարիզում 1952 թ., 1921 թ.-ից քաղաքական վտարանդում՝ Լևան Զուրաբիշվիլու ընտանիքում։ Ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտը։ 1974 թ.-ից աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում, 2001-2003 թթ․ Ֆրանսիայի Ազգային պաշտպանության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր քարտուղարության ղեկավարն էր, 2003 թ.-ից Ֆրանսիայի դեսպանը Վրաստանում։ 2004 թ.-ից Վրաստանի ԱԳ նախարար։ 2018 թ. Վրաստանի նախագահ։

[4] Нефтепровод Баку-Тбилиси-Джейхан им. Гейдара Алиева. Справка РИА Новости, 17.04.2009 (обновлено: 12:29 17.04.2009). 

[5] НАТО придет на Кавказ: Грузия потянет за собой Армению и Азербайджан. PrognosiS.ru

[6] Соглашение между Российской Федерацией и Грузией о сроках, о порядке временного функционирования и выводе российских военных баз и других военных объектов Группы российских войск в Закавказье, расположенных на территории Грузии

[7] Звиад Гамсахурдиа вернулся в родную землю․ Грузия похоронила своего первого президента․ "Коммерсантъ" №53 от 02.04.2007, стр. 10․ 

Маркедонов С. Земля и воля Звиада Гамсахурдиа 04 04 2007 

[8] Россия вывела войска из Грузии, Комерсантъ, 15.11.2007, 

[9] Обострение кризиса в Грузии: хроника разгона митинга оппозиции. Источник:  Кавказский Узел.

[10] Прокуратура Грузии заявила о причастности Саакашвили к убийству Патаркацишвили.  Комерсантъ17.17.2018

[11] Южная Осетия: пятидневная война и мир.  Кавказский Узел, 10 ноября 2008.

[12] Зураб Кукуладзе,  Экономику Грузии спасла война. Business Грузия. 18/11/2009

[13] Зураб Кукуладзе,  Экономику Грузии спасла война. Business Грузия. 18/11/2009

[14] Georgians Plan Big Protest of President, By Samantha Shields, April 9, 2009․

[15] Police beat protesters in Georgian capital, By Reuters Staff․

В Тбилиси разогнали митинг оппозиции, Дойче Велле, 15.06.2009, 

[16] Полиция Грузии жестоко подавила митинг оппозиции, Вести.ru 

 После разгона акции протеста в Тбилиси умер еще один человек, Вести.ru, 

[17] Маркедонов С. Земля и воля Звиада Гамсахурдиа 04 04 2007 

[18] Революция роз, 

[19] Վրաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի բացահայտ արտահայտումը դարձավ սոցիոլոգիական տեսակետից «նուրբ հարց», այսինքն՝ հարց, որին մարդիկ խուսափում են տալ ուղղակի կամ անկեղծ պատասխան։ Այս մասին ավելի մանրամասն՝ հետագա հրապարակումներում։

[20] Այդ մասին մանրամասն՝ հաջորդ հրապարակումներում։