Իսրայելի խորհրդարանի ինքնալուծարման պատճառները
7 ր. | 2019-07-262019 թ. ապրիլի 9-ին Իսրայելում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք, թերևս, աննախադեպ էին ինչպես կիրառված ռեսուրսների, այնպես էլ արձանագրված «արտաքին միջամտության» տեսանկյունից: Ընտրությունների արդյունքների համաձայն՝ աջակողմյան և կրոնական ուժերը միասին 120 տեղ ունեցող Քնեսեթում ստացել էին 65 մանդատ: Այդ երկրի օրենսդրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանականների մեծամասնության աջակցությունը ստացած պատգամավորին, ով տվյալ դեպքում գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր, նախագահի կողմից վստահվեց նոր կոալիցիոն կառավարության ձևավորման գործընթացը: Մինչդեռ, Նեթանյահուին այդպես էլ չհաջողվեց ձևավորել նոր կառավարություն ճիշտ նույն պատճառով, որը հանգեցրել էր նախորդ կառավարության ձախողմանը, այն է՝ ուղղափառ հրեաներին՝ «հարեդիմներին» պարտադիր զորակոչելու պայմանը, որը պնդում էր նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:
Օրենսդրությամբ նախատեսված 6-շաբաթյա ժամկետում կոալիցիոն կառավարության գործընթացի տապալումից հետո տեղի ունեցավ Իսրայելի պատմության մեջ աննախադեպ զարգացում. նորընտիր խորհրդարանն ինքնալուծարվեց, չնայած որ այդ երկրի օրենսդրությունը նախատեսում էր նաև լուծման այլ տարբերակներ: Իսկ ստեղծված իրավիճակի և նման ճանապարհով իրադարձությունների ընթացքի հիմնական պատճառներից են նաև վարչապետ Նեթանյահուի անձնական նկրտումները: