Վրաստանյան իրադարձությունների համառոտ ժամանակագրություն

21 ր.   |  2022-03-11
Մաս 4․ Վրաստանը Շևարդնաձեի ժամանակաշրջանում

(Մաս 3)

1 992 մարտի 7 — Ռազմական Խորհրդի ղեկավարների (Իոսելիանի, Կիտովանի, Սիգուա) հրավերով Վրաստան վերադարձավ Շևարդնաձեն։

1992 մարտ 10 — Կազմավորվեց Վրաստանի Պետական Խորհուրդը, որի նախագահը դարձավ Վրաստան վերադարձած Է. Շևարդնաձեն, տեղակալ՝ Ջ. Իոսելիանին, Խորհրդի անդամներ ընտրվեցին նաև Թ. Կիտովանին և Թ. Սիգուան։ Խորհրդին մասնակցում էր 20 կուսակցություն։ Խորհրդի որոշմամբ Վրաստանի պառլամենտը լուծարվեց։[1]

            «Շևարդնաձեին լուռ ընդունեցին Կախեթիայում․ նրա կինը (Նանուլի Ցագարեիշվիլի) Սագարեջոյից էր և լավ ծանոթություններ ուներ կախեթական ղեկավարների հետ։ Սվաններն ընդունեցին Շևարդնաձեին այն պատճառով, որ «սվան» էին Կիտովանին և Իոսելիանին։ Աջարիան չեզոք դիրք գրավեց։ Սամցխե-Ջավախեթին չհամարձակվեց բողոքել՝ վախենալով, որ դա կարող է անջատողականություն հրահրել հայկական շրջաններում։ Կատեգորիկ դեմ էին մեգրելները, այդ թվում՝ աբխազական։ Աբխազիան անջատված էր Վրաստանից՝ անհնազանդ Մեգրելիայով, իսկ Աբխազիայի պառլամենտը կիսով չափ զվիադական էր՝ չնայած այն ընդունել էր նոր իշխանությունը։»[2]

1992 մարտ 9 — Շևարդնաձեի իշխանության գալն ընդվզում առաջացրեց Մեգրելիայում, որը մարտի վերջին մի քանի օրվա ընթացքում ճնշվեց։

1992 մարտի 13 — Գամսախուրդիան Գրոզնիում ստորագրում է Չեչենական հանրապետության ճանաչման մասին հրամանագիրը։ Գամսախուրդիայի կողմնակիցների (զվիադականների) կենտրոնը դարձավ Մեգրելիան։

1992 մարտ 28 — Զվիադականները հարձակում են սկսում և գրավում են Մեգրելիայի Զուգդիդի, Սենակի, Խոբի, Աբաշա և Փոթի քաղաքները։

1992 ապրիլի 1 — Պետական Խորհրդի զորքերը մտնում են Մեգրելիա և վերցնում կորցրած քաղաքները, իսկ ապրիլի 3-ին մոտենում վրաց-աբխազական սահմանին: Աբխազական զինված աշխարհազորը, որն արդեն զինված էր, վրացական զորքին թույլ չտվեց մտնել Աբխազիա։

1992 ապրիլ 20 — Ավարտելով հարցերը Մեգրելիայում՝ վրացական նոր իշխանությունները (Շևարդնաձե, Կիտովանի, Իոսելիանի) ռազմական գործողություններ սկսեցին Հարավային Օսիայի դեմ։ Սկսվեց Ցխինվալի հրետակոծությունը։

1992 մայիս-հունիս — Շարունակվում էին ռազմական ընդհարումները։ Հունիսին վրացական զորքերը պատրաստ էին գրավելու Ցխինվալը։ Ելցինը, որն այդ ժամանակ Շևարդնաձեի դաշնակիցն էր, որոշել էր չօգնել Հարավային Օսիային, սակայն, Հյուսիսային Կովկասի հանրապետությունների ճնշման տակ նա ստիպեց, որ Շևարդնաձեն բանակցի Հարավային Օսիայի հետ՝ հարցի խաղաղ լուծման նպատակով։

1992 հունիս 24 — Է. Շևարդնաձեն և Բ. Ելիցինը ստորագրեցին վրաց-օսական հակամարտության կարգավորման «1992 թ. Դագոմիսի (Սոչիի) համաձայնագիրը»։ Հարավային Օսիան դարձավ փաստացի անկախ հանրապետություն։ Այդ համաձայնագիրը գործեց մինչև 2008թ․ վրաց-օսական պատերազմը։

1992 հունիս-օգոստոս — Փոփոխական հաջողությամբ մարտեր են ընթանում Կառավարական զորքերի և զվիադականների միջև։ 

1992 հունիս — Աբխազիայում սկսեցին կազմավորվել զինված ուժեր՝ Աբխազիայի ներքին զորքերի գունդը և տեղի վրացիների զինված կազմավորումները։

1992 մայիս 5 — Աբխազիայի Գերագույն Խորհրդի վրացական խմբակցությունը հեռացավ խորհրդարանից։

1992 հուլիս 6-7 — Երրորդ մեգրելական ապստամբություն, որը ճնշվեց Կառավարական զորքերի կողմից՝ Ցելենջիխա և Զուգդիդի քաղաքներում։ Մեգրելական կոնֆլիկտը երկարաձգվեց։ Քաղաքները վերահսկում էին Կառավարական զորքերը, իսկ գյուղերը՝ մեգրելները։

1992 հուլիս 14 — Հարավային Օսիայում հակամարտող կողմերի միջև կրակը դադարեցվեց։ Տեղակայվեցին «Խաղաղության պահպանման միավորված ուժերը»՝ մեկական ռուսական, վրացական և օսական գումարտակ։ Ցխինվալում տեղակայվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդները։ Վրաց-օսական պատերազմում ռազմական գործողություններն ավարտվեցին։ Պատերազմի ընթացքում օսական կողմը ունեցավ մոտ 1000 զոհ և 2500-ից ավելի վիրավոր։

Հարավային Օսիայում ակտիվ գործողությունները դադարեցին ընդհուպ մինչև Մ. Սահակաշվիլիի իշխանության գալը։ Այդ ընթացքում Վրաստանը Հարավային Օսիան և դրա ղեկավարությունը համարում էր միջազգային մաքսանենգության, թմրամիջոցների և զենքի անօրինական առևտրի կենտրոն, որը զրկում է Վրաստանին մաքսային մուտքերի նշանակալի մասից և նպաստում է Հարավային Օսիայում անջատողականության ամրապնդմանը։

1992 հուլիս 24 — Աբխազիայի ԳԽ-ն որոշում ընդունեց վերականգնել 1925 թ. Սահմանադրությունը, համաձայն որի Աբխազիան, գտնվելով Վրաստանի կազմում, ուներ Վրաստանի հետ հավասար կարգավիճակ, ինչը նշանակում էր, որ Վրաստանը դաշնային հանրապետություն է։ Սակայն Վրաստանը դա ընդունեց որպես անջատողականություն և չեղյալ հայտարարեց այդ որոշումը։

1992 հուլիս 25 — Վրաստանը չեղյալ հայտարարեց Աբխազիայի հուլիսի 24-ի որոշումը։

1992 օգոստոս 14-1993 սեպտեմբեր 30 — Աբխազական պատերազմ։

Պատերազմում զոհվել են մոտ 4,000 աբխազ և 10,000 վրացի, անհետ կորել է մոտ 1,000 աբխազ[3], փախստական դարձան մոտ 250,000 վրացի, որոնցից 70,000 հետագայում վերադարձան Գալիի շրջան։

1992 օգոստոսի 14 — Շևարդնաձեի հրամանով Վրաստանի Պետական Խորհրդի զորքերը երկաթուղու պաշտպանության պատրվակով մտան Աբխազիա։ Այդ օրը Աբխազիայի նախաձեռնությամբ նախատեսված էր Վրաստանի և Աբխազիայի միջև բանակցությունների սկիզբը՝ Վրաստանի և Աբխազիայի միջև դաշնային հարաբերությունների հաստատման մասին։ Ներխուժումը վերածվեց օդուժի, հրետանու և այլ ծանր զինատեսակների կիրառմամբ լայնամասշտաբ պատերազմի։

1992 օգոստոս 15 — Վրացական զորքերը հասան աբխազ-ռուսական սահմանին։ Աբխազիան հայտնվեց շրջափակման մեջ։ Աբխազիայի ԳԽ Նախագահ Արձինբան նահանջեց Գուդաուտայի շրջան, որտեղ նրան միացան Հյուսիսային Կովկասի Ժողովուրդների Կոնֆեդերացիայի (ՀԿԺԿ) կամավորները։ Հրամանատարների շարքում էին Շամիլ Բասաևը և Ռուսլան Գելաևը։ Պատերազմն ուղեկցվում էր անմարդկային վայրագություններով։

1992 օգոստոս — Վրացական հարձակումը կասեցվեց։

1992 սեպտեմբեր 16 — Սկսվեց աբխազների հարձակումը Սուխումիի վրա։

1992 սեպտեմբեր — Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ զինադադար կնքվեց։

1992 հոկտեմբերի 1 — Աբխազական զորքերը Հյուսիսային Կովկասի կամավորների հետ հարձակման անցան, գրավեցին Գագրան և սկսեցին հարձակում նախապատրաստել Սուխումիի վրա։

1992 — Աբխազիայում սկսված մարտական գործողություններին զուգահեռ զվիադականները Վախթանգ Կոբալիայի գլխավորությամբ համախմբում են իրենց ուժերը։

1992 հոկտեմբեր 3 — Է. Շևարդնաձեի դեմ 1-ին մահափորձը Աբխազիայում` ռմբահարման միջոցով։[4] Վրաստանի իշխանությունները մեղադրեցին Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ՝ Իգոր Գեորգաձեին, ով մահափորձից հետո թաքնվեց Ռուսաստանում։ Գեորգաձեն ժխտում է այդ մեղադրանքը։

1992 հոկտեմբեր 11 — Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում։ Է. Շևարդնաձեն ընտրվեց Վրաստանի ԳԽ Նախագահ՝ պրեզիդենտական լիազորություններով, հավաքելով ձայների 98.0%։[5] Մասնակցությունը՝ 74.2%։

1993 մայիս — Թ․ Կիտովանին և Ջ․ Իոսելիանին զրկվում են Վրաստանի զինված ուժերում իրենց պաշտոններից։ 

1993 հունիս 3 — Զվիադականները գրավեցին Աբխազիայի Գալի քաղաքը և ամբողջ շրջանը։ 1993-1998 տեղի է ունեցել վրացիների պարտիզանական պատերազմը Աբխազիայի Գալիի շրջանում։

1993 հուլիս 27 — Սոչիում կնքվեց կրակի ժամանակավոր դադարեցման պայմանագիր՝ Վրաստանի, Աբխազիայի միջև՝ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների ղեկավարների ներկայությամբ և ՌԴ երաշխիքներով։

1993 սեպտեմբեր 16-27 — Աբխազական ուժերը խախտելով հրադադարի պայմանագիրը հարձակում սկսեցին Սուխումի վրա։ Վրացական կողմը սկսեց քաղաքացիական ինքնաթիռներով զորքերի գաղտնի տեղափոխումը Սուխում, իսկ աբխազական կողմը հրթիռներով կործանում էր այդ ինքնաթիռները, ինչը աննախադեպ գործողություն էր, քանի որ զենքը կիրառվում էր քաղաքացիական ինքնաթիռների դեմ։

Սեպտեմբերի 27-ին աբխազները գրավեցին Սուխումը։ Շևարդնաձեն այդ ժամանակ Սուխումում էր։

1993 սեպտեմբեր 28 — Ռուս դեսանտայինները փրկեցին շրջափակված Է. Շևարդնաձեին։ Նա ժամանել էր Սուխում՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և վրացական զորքերի մարտական ոգին բարձրացնելու համար։[6]

1993 սեպտեմբերի 30 — Աբխազական զորքերն ազատագրելով հանրապետության տարածքը հասան վրաց-աբխազական սահմանին։

1993 հուլիս-հոկտեմբեր — Զվիադականների ռազմական հաջողություններն Արևմտյան Վրաստանում։ Նրանք հուլիսին գրավեցին Զուգդիդի, օգոստոսին՝ Սենակի, Աբաշա, Խոբի, սեպտեմբերի 15-ին շրջափակեցին՝ Բաթում-Թբիլիսի երկաթուղին:

1993 սեպտեմբերի 24 — Գամսախուրդիան վերադարձավ Զուգդիդ և գլխավորեց «Վտարանդի կառավարությունը»՝ նպատակադրվելով Վրաստանում վերականգնել «օրինական իշխանությունը»։ Նրան միացան Աբխազիայից նահանջած վրացական զորքերը։ Վրաստանը նորից առճակատվեց քաղաքացիական պատերազմի վտանգին։ Հոկտեմբերի 17-ին զվիադականները գրավեցին Սամտրեդիան, 19-ին՝ Լանչխուտին, 20-ին սկսեցին հարձակումը Քութայիսի վրա։ Շևարդնաձեի իշխանությունը հայտնվեց ծանրագույն կացության մեջ։

1993 հոկտեմբերի վերջ — Շևարդնաձեն մեկնեց Մոսկվա՝ օգնություն ստանալու։ Ըստ Շևարդնաձեի հարցազրույցի, Բ․ Ելցինը նրան առաջարկեց, որպեսզի Արևելյան Վրաստանում՝ Թբիլիսի մայրաքաղաքով իշխի Շևարդնաձեն, իսկ Արևմտյան Վրաստանում՝ Գամսախուրդիան։ Պահպանելու համար Վրաստանի միասնականությունը՝ Շևարդնաձեն առաջարկեց, որպեսզի Վրաստանն ընդգրկվի ԱՊՀ կազմում և Վրաստանում տեղակայվեն ՌԴ ռազմակայաններ։ ՌԴ խաղաղապահներից ստանալով երաշխիքներ, որ նրանք թույլ չեն տա աբխազական զորքերի ներխուժումը Վրաստան, Շևարդնաձեն կենտրոնացրեց ուժերը Քութայիսիի ուղղությամբ և սկսվեց Վրաստանի Կառավարական ուժերի հակահարձակումը։ Նրանք հետ գրավեցին Խոնի, Լանչխուտի, Օզգուրետի, Սենակի, Խոբի և Զուգդիդի քաղաքները։ Գամսախուրդիայի կողմնակիցները նահանջեցին և թաքնվեցին Սամեգրելո-Վերին Սվանեթիայի անտառներում, իսկ Գամսախուրդիան թաքնվում էր Մեգրելիայում՝ շարունակաբար փոխելով իր գտնվելու վայրը։

1993 դեկտեմբերի 9 — Վրաստանն անդամակցեց ԱՊՀ-ին։

1993 դեկտեմբերի 31 — Սամեգրելո նահանգի Աբխազիային սահմանակից լեռնային Ձվելի Խիբուլա լեռնային գյուղում չպարզված հանգամանքներում զոհվեց Գամսախուրդիան։ Կա նրա մահվան վերաբերյալ երկու վարկած՝  ինքնասպանություն և սպանություն։

1994 փետրվար 3 — Ելցինը մեկօրյա այց կատարեց Վրաստան։ Արդյունքում որոշվեց Վրաստանում կազմավորել ՌԴ ռազմակայաններ, վերակազմավորել և զինել վրացական բանակը, թուրք-վրացական սահմանը պահպանել ռուս սահմանապահներով։

1994թ. ապրիլի 27 — Վրաստանի պաշտպանության նախարար նշանակվեց ազգությամբ վրացի, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Վադիկո Նադիբաիձեն։ Նա մանկությունը և երիտասարդությունն անց է կացրել Վլադիկավկազում։ Վրացական բանակի կազմավորմամբ սկսում են զբաղվել ռուս գեներալները։

1994 մայիս14 — Վրաստանի և Աբխազիայի միջև Մոսկվայում ստորագրվեց կրակի դադարեցման և զորքերի տարանջատման համաձայնագիրը։ Վրաստանը պետք է դուրս բերեր իր զինյալներին Կոդորի կիրճից, իսկ Վրաստանի և Աբխազիայի միջև սահմանն անցնելու էր Ինգուր գետով։

1994 հունիսի 20 — Ռուս խաղաղապահները տեղակայվեցին նաև աբխազ-վրացական սահմանին և պահպանում էին խաղաղությունը 1994-2008 թթ. ընթացքում։

1995 հոկտեմբերի 2 — Վրաստանում շրջանառության մեջ մտավ վրացական դրամը՝ լարին։ Այն փոխարինեց ռուսական ռուբլուն և 1993 ապրիլի 5-ից շրջանառության մեջ մտած վրացական կուպոնին։ Փոխանակությունը կատարվեց 1 լարին = 1,000,000 կուպոն փոխարժեքով։ Լարիի նախնական փոխարժեքը սահմանվեց՝ $1 = 1.28 լարի։ Վրաստանում բնակչության սոցիալական վիճակը բնութագրում է այն, որ այդ ժամանակ Վրաստանում նվազագույն աշխատավարձ կազմում էր 3 լարի, որով կարելի էր գնել 9 կգ հաց։

            Սկսվեց ակտիվ սեփականաշնորհումը, որին անհամբեր սպասում էին Գամսախուրդիային տապալողները, այդ թվում ԽՍՀՄ ժամանակաշրջանի ստվերային (քրեական) տնտեսության ներկայացուցիչները և անկախության ժամանակաշրջանում ձևավորված հանցագործ շրջանակները։ Որոշվեց սեփականաշնորհել 7,500 օբյեկտ, որոնցից 5,500-ը հոկտեմբերի սկզբին արդեն սեփականաշնորհված էր։ Սեփականաշնորհումը տնտեսական արդյունք ըստ էության չտվեց։

1995 օգոստոսի 24 — Ընդունվեց Վրաստանի սահմանադրությունը, որով վերականգնվեց երկրի Նախագահի պաշտոնը։ Նախագահի ընտրությունները նշանակվեցին նոյեմբերի 5-ին։

Շևարդնաձեն հիմնադրեց «Վրաստանի քաղաքացիների Միություն» կուսակցությունը, որի նախագահ նշանակվեց Զուրաբ Ժվանիան (գիտնական – ֆիզիոլոգ և «կանաչների շարժման» ակտիվիստ)։ Նա կուսակցություն հրավիրեց հանցագործ աշխարհից հեռու մարդկանց, այդ թվում՝ Նյու Յորքից նոր վերադարձած Միխայիլ Սահակաշվիլիին և Նինո Բուրջանաձեին։

Շևարդնաձեի հիմնական մրցակիցն էր Ջումբեր Պաթիաշվիլին՝ 1985-1989 թթ․ Վրաստանի Կոմունիստական Կուսակցության քարտուղարը։ Նա ծնունդով Կախեթիայի Լագոդեխի քաղաքից էր։ Անհանգստանալով մրցակցի հաջող նախընտրական քարոզարշավից՝ Շևարդնաձեն լայնորեն կիրառեց ադմինիստրատիվ ռեսուրսը և, միաժամանակ, իրեն՝ որպես այդ ժամանակվա ԽՍՀՄ բարձրագույն իշխանության ներկայացուցչի, հայտնի տեղեկություններն այն մասին, որ Պաթիաշվիլին առնչվել է 1989 ապրիլի 9-ի դեպքերին և իր դեմ մահափորձին։

1995 օգոստոս 29 Շևարդնաձեի դեմ 2-րդ մահափորձը Թբիլիսիում՝ Պառլամենտի շենքի մոտ ռմբահարման միջոցով։ Այդ պատրվակով Է. Շևարդնաձեն ձերբակալեց Մխեդրիոնիի ղեկավարներին՝ տեռորիստական գործունեությամբ զբաղվելու, պետական հեղաշրջում իրականացնելու և Վրաստանում հանցագործ ռեժիմ հաստատելու մեղադրանքով։ Արդյունքում հանցագործ աշխարհի ազդեցությունը Վրաստանում կտրուկ նվազեց։ Լուրեր տարածվեցին, թե մահափորձը «բեմականացում էր»։

1995 հոկտեմբեր 30 — Վրաստանի և Հարավային Օսիայի միջև ՌԴ և ԵԱՀԿ միջնորդությամբ, բանակցություններ սկսվեցին։

1995 նոյեմբերի 5 — Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում, երկրորդ փուլը՝ նոյեմբերի 19-ին։ Հաղթեց «Վրաստանի քաղաքացիների միությունը»՝ 25.2%: «Ազգային Ժողովրդավարական Միություն»՝ 8.4%: Մասնակցությունը՝ 66.6%: Ժվանիան, որպես հաղթող կուսակցության նախագահ՝ դարձավ Վրաստանի խորհրդարանի նախագահը։

1995 նոյեմբերի 5 — Նախագահական ընտրություններ Վրաստանում, որոնք տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունների հետ նույն օրը։ Հաղթեց Է. Շևարդնաձեն՝ հավաքելով ձայների 74.9%։[7] Ջումբար Պատիաշվիլի՝ 19.5%։ Մասնակցությունը՝ 68.3%:

Նոյեմբերի 6-ին, զրկվելով պատգամավորական անձեռնմխելիությունից, ձերբակալվեց Ջ․ Իոսելիանին և բանտում մնաց 6 տարի։ Լուրեր էին պտտվում, որ նա ցանկանում էր, որպեսզի Վրաստանի նախագահ դառնա պետանվտանգության նախարար Գիորգաձեն, սակայն Գիորգաձեն հրաժարվեց, իբր ասելով․ «Ջաբա Կոնստանտինովիչ, պատկերացրեք Շևարդնաձեի ձերբակալության հաջորդ օրվա լրագրային վերնագրերը․ «Օրենքով գողը և ԿԳԲ-ի գեներալը ձերբակալել են կարկառուն դեմոկրատին»։ Մի քանի օր հետո Շևարդնաձեի վրեժից խուսափելու համար Գիորգաձեն լքեց Վրաստանը։

1996 հունվար 13 — Թ․ Կիտովանին Սիգուայի աջակցությամբ մոտ 700 զինյալներով արշավեց Աբխազիա, սակայն Վրաստանի ոստիկանությունը նրան կանգնեցրեց, ձերբակալեց նրան և Սիգուային՝ անօրինական զինված խմբեր կազմավորելու մեղադրանքով 1996-ի հոկտեմբերին դատապարտելով 8 տարվա ազատազրկման։ Այդպիսով, ռազմական հեղաշրջման երեք անդամները, ովքեր իշխանության բերեցին Շևարդնաձեին՝ երկու տարվա ընթացքում ազատազրկվեցին։

1999 թ. մայիսի 22-ին Շևարդնաձեն Կիտովանիին և Սիգուային ներում շնորհեց առողջության վատացման հանգամանքով և նրանք մեկնեցին Մոսկվա։ 2012 դեկտեմբերի 21-ին Կիտովանին վերադարձավ Վրաստան: Վերադառնալուց հետո նա հայտարարեց․ «Ես առաջինն եմ ասել, որ Ժվանիան սպանվել է, ոչ թե թունավորվել գազով։ Միայն նա չի սպանվել։ Շատերն են սպանվել։ Սահակաշվիլիի կառավարութունն իրեն ճիշտ չէր պահում՝ լկտիացել էին»։

Նախագահ Մարգվելաշվիլին 2014-ին Կիտովանիին զրկեց Վրաստանի քաղաքացիությունից։[8]

1996 մայիս 16 — Մոսկվայում ստորագրվեց «Վրաց-օսական կոնֆլիկտում կողմերի միջև անվտանգության ապահովման և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումների մասին» հուշագիրը։[9]

1998 Վրաստանը սկսեց վարել արմատական արևմտամետ քաղաքականություն։

Ըստ Daily Telegraph-ի գնահատականի՝ «Չեչենական պատերազմում Շևարդնաձեն սատարում էր և ապաստան տրամադրում չեչեն ահաբեկիչներին, որին ի պատասխան ՌԴ-ն սկսեց աջակցել Վրաստանի անջատողականներին։

ՌԴ հետ հակասությունները պայմանավորված էին նաև ԱՄՆ հետ Շևարդնաձեի սերտ հարաբերություններով, որը Շևարդնաձեին համարում էր Անդրկովկասյան ռազմավարական տարածաշրջանում հակակշիռ ՌԴ դեմ։

Երբ Շևարդնաձեի արտաքին քաղաքականությունը դարձավ խիստ արևմտամետ, Վրաստանը դարձավ ԱՄՆ արտաքին ֆինանսական և ռազմական օգնության հիմնական շահառուն։ Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության պայմանագիր և հայտարարեց ՆԱՏՕ-ի և ԵՄ կազմի մեջ մտնելու իր  ցանկության մասին։

Վրաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխությունը կապված էր նաև Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման հետ։ Վտանգավոր էր համարվում այն անցկացնել ՌԴ ռազմակայանների կողքով, հատկապես՝ Ախալքալաքում։

1998 փետրվար 9 — Երրորդ  մահափորձը Է. Շևարդնաձեի դեմ։

Մահափորձի կազմակերպման մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալվեց 16 անձ, որոնց շարքում կային Գամսախուրդիայի կողմնակիցներ։[10] Մահափորձում մեղադրում էին նաև ռուսական կողմին՝ կապված Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարության հետ։ Կար նաև երրորդ վարկածը, որ մահափորձը բեմականացում էր՝ Կառավարությունում պաշտոնանկություններ կատարելու նպատակով։

Հետևանքները արագ ի հայտ եկան՝ ապրիլին պաշտոնանկ արվեց «ռուսական» գեներալ, Պաշտպանության նախարար Նադիբաիձեն, նրան փոխարինեց ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոններում ուսուցում ստացած սուխումցի՝ Դավիթ Տևսաձեն։ Վրաստանը սկսեց ՌԴ-ից պահանջել դուրս բերել իր ռազմակայանները՝ պատճառաբանելով, թե դրանք կապված են եղել մահափորձին։ Վրացական բանակի կատարելագործման համար հրավիրեցին ամերիկյան հրահանգիչները։

1998 մայիս 20-26 — «Վեցօրյա պատերազմ»՝ զինված լայնամասշտաբ կոնֆլիկտ Աբխազիայում։ Աբխազիայի զինված ուժերը չեզոքացնում են վրացական պարտիզանական ջոկատները, որոնք փորձում էին վերահսկողություն հաստատել Աբխազիայի Գալիի շրջանում։[11] Պատերազմի արդյունքում Աբխազիան վերահսկողության տակ վերցրեց ամբողջ Գալիի շրջանը։

1998 հոկտեմբեր 19 — Գամսախուրդիայի կողմնակիցների ապստամբությունը Վրաստանի պետական անվտանգության փոխգնդապետ Ակակի Էլիավայի գլխավորությամբ՝ Է. Շևարդնաձեի պաշտոնաթողության պահանջով։[12] Ապստամբությունը սկսվեց Սենակի քաղաքում։ Ապստամբները տանկերով և դեսանտի մարտական մեքենաներով գրավեցին Սամտրեդիան, հետո՝ Քութայիսիի արվարձանները, մարտի մեջ մտան կառավարական ուժերի հետ։ Կառավարական զորքերը շրջապատեցին ապստամբներին և ստիպեցին վերադառնալ իրենց ռազմակայանները։ Էլիավային հաջողվեց փախչել։ Նա սպանվեց 2000 թ. հուլիսի 9-ին՝ Զեստաֆոնիում։

1998 հոկտեմբեր 28 — Անկարայում ստորագրվեց Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության պայմանագիրը։ Այն խիստ դժվարացրեց վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Նավթատարի շինարարական աշխատանքները սկսվեցին 2003 թ.-ին։

1999 ապրիլի 27 — Վրաստանն անդամակցեց Եվրոպայի Խորհրդին։

1999 հոկտեմբեր 31 — Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում, «Վրաստանի քաղաքացիների միությունը» ստացավ ձայների 44.5%, «Վրաստանի վերածնունդ» դաշինքը՝ 26.8%: Մասնակցությունը՝ 67.9%:

1999 օգոստոս 7 Չեչեն հրամանատարներ Բասաևի և Խատտաբի գրոհայինները ներխուժեցին Դաղստան։ Սկսվեց «Չեչենական երկրորդ պատերազմը»։ 2000 թ. փետրվարի 6-ին ՌԴ զորքերը գրավեցին Գրոզնին։ Սկսվեց փախստականների ներհոսքը Վրաստան։

Վ րաստանի Կառավարությունը հակված չէր ընդունելու փախստականներին, սակայն Շևարդնաձեի դիրքորոշումն այլ էր․ «Կայսրությունները գալիս ու գնում են, իսկ չեչենները մնալու են մեր հարևանները»։ Մյուս կողմից, անհնար էր արգելափակել փախստականների ներհոսքը։ Չեչենների մի մասին Թբիլիսիով տեղափոխում էին երրորդ երկրներ, իսկ մնացածները տեղափոխվում էին Պանկիսի կիրճ։ Առաջացավ «Պանկիսի կիրճի խնդիրը»։ Աշնանը Չեչնյայից իր զինված ջոկատով Պանկիս տեղափոխվեց չեչեն հեղինակավոր հրամանատարներ Ռուսլան Գելաևը։ Պանկիսը վերածվում էր Վրաստանի կենտրոնական իշխանությունից անկախ տարածքի։

2000 ապրիլ 9 — Է. Շևարդնաձեն վերընտրվեց Վրաստանի նախագահ ստանալով՝ 79.2% (սատարում էր «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունը): Ջումբար Պատիաշվիլին՝ 16.7% (սատարում էին Վրաստանի ժողովրդական և Վրաստանի սոցիալիստական կուսակցությունները)։ Մասնակցությունը՝ 75.9%։ Ընտրությունների օրը «համընկավ» 1989 թ. ապրիլի 9-ի իրադարձության օրվա հետ, երբ Պաթիաշվիլին Վրաստանի Կոմունիստական Կուսակցության 1-ին քարտուղարն էր։ Շևարդնաձեն ակտիվորեն օգտագործում էր այդ փաստը։

2001 մայիս 25 — Ազգային Գվարդիայի գումարտակը պետական հեղաշրջման փորձ կատարեց, սակայն հաջորդ օրը նախագահ Շևարդնաձեի հետ բանակցություններից հետո՝ վերադարձավ իր տեղակայման վայրը։[13]

2001 հունիսի 29 — Վազիանիից դուրս բերվեց ՌԴ ռազմակայանը, որը Ռուսաստանի համար մեծ կորուստ էր. օդանավակայանն ունակ էր ընդունելու ռազմական ծանր բեռնատար ինքնաթիռներ։

2001 հուլիս 26 — Վաղ առավոտյան իր բնակարանում, սպանվեց «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հայտնի հեռուստահաղորդավար և լրագրող Գեորգի Սանայան։ Նրա հոգեհանգիստը կատարեց Վրաստանի Կաթողիկոսը։ Երբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է՝ սկսվեցին սպանության հետաքննություն պահանջող հանրահավաքներ։ Սկսեց զարգանալ քաղաքական ճգնաժամ, որն ի վերջո հանգեցրեց «Վարդերի հեղափոխությանը»։

2001 սեպտեմբեր 1 — Արդարադատության նախարար Մ․ Սահակաշվիլին կառավարությանը մեղադրեց կոռուպցիայի մեջ և հրաժարական տվեց։ Շևարդնաձեն ստիպված էր արձագանքել ընդդիմության պահանջին։

Վրացական ճգնաժամի զարգացումը տեղի էր ունենում գլոբալ լուրջ փոփոխությունների ֆոնին։ 2001 թ. սեպտեմբեր 11-ին Նյու Յորքի զույգ աշտարակների պայթեցումից հետո ԱՄՆ-ն «պատերազմ հայտարարեց» միջազգային տեռորիզմին և զորք մտցրեց Աֆղանստան։ Պանկիսի չեչենները սկսեցին խանգարել ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ ԱՄՆ-ին։ Սակայն Շևարդնաձեն ճիշտ չարձագանքեց փոխված իրադրությանը։ Մասնավորապես, 2001 հոկտեմբեր 4-18, տեղի ունեցավ զինված կոնֆլիկտ Կոդորի կիրճում։ Վրաստանի նախագահի ներկայացուցիչ Էմզար Կվիցիանի հրամանատարությամբ վրացական «Մոնադիրե»[14] աշխարհազորայինները և չեչենական դաշտային հրամանատար Ռուսլան Գելաևի զինյալները հարձակվեցին Աբխազական զինված ուժերի վրա։

2001 նոյեմբեր 1 — Շևարդնաձեն պաշտոնանկ արեց Կառավարությունը։ Թբիլիսիում հանրահավաք սկսվեց Շևարդնաձեի հրաժարականի պահանջով։ Նույն օրը Ժվանիան հեռացավ կառավարությունից և Շևարդնաձեի «Վրաստանի քաղաքացիների Միություն» կուսակցությունից։ Նրա տեղը զբաղեցրեց Նինո Բուրջանաձեն, ինչը դարձավ նրա լուրջ քաղաքական կարիերայի սկիզբը։ Քաղաքական վերնախավի պառակտումն ի վերջո հանգեցրեց Շևարդնաձեի պաշտոնանկությանը։

2002 փետրվար 26 — Ինքնասպանություն գործեց Վրաստանի Ազգային Անվտանգության ղեկավար Նուկզար Սաջայան։ Նա 30 տարի Շևարդնաձեի կողմնակիցն էր և օգնականը։ Խորհրդարանում նրան մեղադրում էին Գամսախուրդիայի, Չանտուրիայի և ուրիշների սպանությունը կազմակերպելու համար։ Ինքնասպանությունը հզոր հարված էր Շևարդնաձեին։ Սաջայայի ինքնասպանությունը տեղի ունեցավ ՌԴ դաշնային անվտանգության պետ Պատրուշևի հետ հանդիպումից մի քանի օր անց, որում քննարկվում էր Պանկիսի կիրճի խնդիրը։

Պանկիսի կիրճի խնդիրը սրվում էր ողջ 2002 թ. ընթացքում՝ ՌԴ-ն պահանջում էր հանձնել այնտեղ թաքնվող չեչեն զինյալներին։ Շևարդնաձեն հանձնեց նրանցից մի քանիսին, սակայն նրանց պարագլուխ Գելաևը մնաց կիրճում, որտեղ կազմավորեց իր հիմնական շտաբը։ Կիրճը դարձել էր անկախ տարածք, որի սահմանները հսկվում էին զինյալներով։

Օգոստոսին վրացական զորքերը մտան Պանկիս։ Չնայած Գելաևը հեռացավ, սակայն այն մնաց չեչենների վերահսկողության ներքո։ Այս իրավիճակը ճակատագրական դարձավ Շևարդնաձեի համար՝ ԱՄՆ-ն ցանկանում էր, որպեսզի Վրաստանում լինի կանխատեսելի քաղաքական համակարգ, այդ պատճառով սկսեց աջակցել վրացական ընդդիմությանը։  

2002 գարուն — Շևարդնաձեն ԱՄՆ ֆինանսավորմամբ և տեխնիկական աջակցությամբ սկսեց վերակազմավորել վրացական բանակը։

Մայիսի 1-ին,  «Georgia Train and Equip Program» ծրագրի շրջանակներում, Վրաստան ժամանեցին ՆԱՏՕ-ի առաջին հրահանգիչները։ ՆԱՏՕ-ի ստանդարտներով կազմավորվեց չորս գումարտակ, որոնք ունակ էին գործողություններ իրականացնել ՆԱՏՕ-ի զորամիավորումների հետ համատեղ։

2002 նոյեմբեր — ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Շևարդնաձեն հայտարարեց, որ Վրաստանը ցանկանում է ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում։ «Անդամակցումը ՆԱՏՕ-ին չի խանգարի Վրաստանին մնալ ԱՊՀ կազմում»,— ասել էր նա։[15]

2003 փետրվար 25 —  Մարտի 4-ին ուղեղի արնազեղումից մահացավ Ջ․ Իոսելիանին։ Շևարդնաձեն մասնակցեց նրա թաղմանը։

            Պառլամենտական ընտրությունների մոտենալուն զուգընթաց Շևարդնաձեն և իր կուսակցությունը կորցնում էին իրենց դիրքերը, իսկ ընդդիմություն, չնայած միավորված չէր, աստիճանաբար ուժեղանում էր։ Շևարդնաձեին դրական էր վերաբերվում բնակչության 27%-ը, իսկ նրան աջակցող կուսակցությանը՝ «Վրաստանի քաղաքացիների միություն», 8%-ը։ Առավել կարևոր էր, որ հասարակությունը «հոգնել էր» Շևարդնաձեից՝ նրան սատարող կուսակցությանը «երբեք ձայն չէր տա» ընտրողների 42%-ը



        Ռեսուրսային տեսակետից Շևարդնաձեի  ամենաուժեղ մրցակիցներն էին համարվում՝ Զուրաբ Ժվանիան, ում ենթադրաբար ֆինանսավորում էր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին, Մ․ Սաակաշվիլին, ում ենթադրաբար ֆինանսավորում էին ամերիկացիները, իսկ մեկ այլ վարկածով՝ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին և «Նոր աջեր» կուսակցությունն իր դաշնակիցներով, ում, ենթադրաբար, նույնպես ֆինանսավորում էր Պատարկացիշվիլին։

Զուգահեռաբար, սերբական օրինակով, 2003 թ. ապրիլին կազմավորվել էր «Կմարա» («Բավական է») երիտասարդական շարժումը, որը ֆինանսավորվում էր Սորոսի հիմնադրամի գրանտներով (Սորոսի հիմնադրամը «Կմարային հատկացրել էր $160,000»)։ Նրանք, համախմբում էին երիտասարդներին և ուսանողներին՝ Շևարդնաձեին մեղադրելով կոռուպցիայի և այլ անհաջողությունների համար։ Վրաստանում կոռուպցիայի ընկալման ինդեքսը 2003 թ.-ին խիստ բարձր էր։ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո, երկու տարի պահանջվեց, որպեսզի ինդեքսը սկսի նվազել։


Գծապատկեր 1․ Կոռուպցիայի ընկալման ինդեքսը Վրաստանում 1999-2019 թթ., Թրանսփերենսի Ինտերնեյշնլ

«Կմարան» չէր կառավարվում կամ ուղղորդվում որևէ կուսակցության կողմից, այն ընդդիմության դաշնակիցն էր։

2003 նոյեմբեր 2 — Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում։

Միաժամանակ տեղի էր ունենում հանրաքվե՝ որով խորհրդարանի անդամների քանակը կրճատվում էր 235-ից 150։ Չնայած սոցիոլոգիական հարցումները և ընտրության ընթացքում exit-poll-երը ցույց էին տալիս, որ Շևարդնաձեի «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը չի հաղթում, սակայն, այնուամենայնիվ դաշինքը հաղթեց հավաքելով ձայների 21.3%։ Շևարդնաձեին աջակցող Ասլան Աբաշիձեի «Վրաստանի ժողովրդավարական վերածննդի միությունը» ստացավ՝ 18.8%։

Ընդդիմությունը՝ Ազգային շարժումը (Մ․ Սահակաշվիլի) ստացավ 18.1%,  Լեյբորիստական կուսակցությունը (Շալվա Նաթելաշվիլի) ստացավ 12.0%, Բուրջանաձե-դեմոկրատներ դաշինքը ստացավ 8.8%:[16]

ԱՄՆ-ն հանդես եկավ ընտրությունների անցկացման վերաբերյալ խիստ քննադատությամբ։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Ադամ Էրելին հայտարարեց․ «Ընտրությունների արդյունքները չեն արտահայտում վրաց ժողովրդի կամքը, այլ ապացուցում են քվեարկության ընթացքում վրացական որոշ շրջաններում զանգվածային խախտումների մասին։»[17] Մ․ Սաակաշվիլին խոստացավ թույլ չտալ խորհրդարանի աշխատանքների սկիզբը, իսկ Ժվանիան հայտարարեց, որ Շևարդնաձեն չունի բարոյական և իրավական հիմքեր իրեն անվանելու Վրաստանի նախագահ։

2003 թ. նոյեմբեր 3 — «Վարդերի հեղափոխության» սկիզբը: Դրա հիմքում էին՝ տնտեսության ծանր վիճակը, ցածր կենսամակարդակը, մարդու իրավունքների սիստեմատիկ և զանգվածային խախտումները, կաշառակերության բարձր մակարդակը, իսկ առիթը՝ նոյեմբերի 2-ի ընտրությունների լայնամասշտաբ կեղծարարությունը։ Չի կարելի բացառել նաև այն գործոնը, որ Շևարդնաձեն գերտերությունների աչքում կորցրել էր իր «արժեքը»։

2003 նոյեմբերի 5 — Սկսվեցին զանգվածային հանրահավաքներ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու և իշխանությունների պաշտոնանկության պահանջներով։ Կազմակերպիչները հայտարարում էին, որ ցույցերը կրելու են բացառապես խաղաղ բնույթ։

2003 նոյեմբեր 17 — Սաակաշվիլին հայտարարեց, որ նոյեմբերի 19-ին սկսվելու է գավառների բնակչության երթը դեպի Թբիլիսի։ Սկսվեց մեգրելների երթը։ Իսկ Ն․ Բուրջանաձեն երթ կազմակերպեց Քութայիսիից դեպի Թբիլիսի։

2003 նոյեմբեր 20 — Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընդդիմությունը չընդունեց այդ արդյունքները։ ՌԴ-ն ճանաչեց արդյունքները, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ։

2003 նոյեմբեր 22 — Երբ Է. Շևարդնաձեն խորհրդարանում հայտարարում էր 1-ին նստաշրջանի բացումը, Ազգային ժողովի դահլիճ է ներխուժում Մ. Սաակաշվիլին իր համախոհներով։ Շևարդնաձեն ստիպված լքում է դահլիճը և վերադառնում իր նստավայր:

2003 նոյեմբեր 23 — Շևարդնաձեն հայտարարում է իր հրաժարականի մասին։ Ն. Բուրջանաձեն ստանձնում է Վրաստանի նախագահի պաշտոնակատարի գործառույթները և հայտարարում նախագահական արտահերթ ընտրություններ։

Հիմնական դրույթներ

Գ որբաչովյան վերակառուցումը, հատկապես՝ հասարակական-քաղաքական կյանքի ազատականացումը, որն անվանվեց դեմոկրատացում, ԽՍՀՄ-ում հանգեցրեց ազգային հակասությունների սրմանը, այդ թվում՝ նաև Վրաստանում։

Հասարակական-քաղաքական պրոցեսներին ակտիվորեն մասնակցում էին պայմանականորեն երեք տիպի խմբեր։ Առաջինը՝ ազգային անկախության իդեալիստական-ռոմանտիկ գաղափարներով առաջնորդվող մտավորականության խմբեր, ովքեր պարզունակ պատկերացումներ ունեին քաղաքականության բուն էության մասին և այդ էությունը սկսում էին ադեկվատ ընկալել միայն քաղաքական պայքարի ընթացքում։ Որպես կանոն ա՛յս խմբի գործունեությունն էր գտնվում ինֆորմացիոն հոսքերի կիզակետում։

Երկրորդը՝ կազմավորվում էին խորհրդային կուսակցական-նոմենկլատուրային և կուսակցական-տնտեսական (որը կոչվում էր «դիրեկտորական կորպուս») խմբեր, որոնք լավ ընկալելով, որ երկիրն ընթանում է դեպի քաղաքական կազմալուծում և տնտեսակարգի փոփոխություն (կապիտալիզմի վերահաստատում), պատրաստվում էին ազգային հարստության սեփականաշնորհմանն ի օգուտ իրենց։

Վրաստանում դեմոկրատական, բազմակուսակցական քաղաքական համակարգի առանձնահատկությունները կազմավորվել են Վրաստանում դարեր շարունակ առկա ֆեոդալական մասնատվածության և էթնոմշակութային խմբերի միջև հակասությունների հանգուցալուծման ավանդույթների ներքո։ Կարևորագույն առանձնահատկությունն էր՝ կոնֆլիկտների բռնի հանգուցալուծումը։ Այդ առանձնահատկության հետևանքների շարքում էր Գամսախուրդիայի իշխանության գալը, նրան իշխանությունից հեռացնելը, դրան հաջորդած քաղաքացիական պատերազմը։

Վրաստանյան քաղաքական մրցակցությունում նախ՝ ռոմանտիկ ազգայնականները (դիսիդենտները) պարտության մատնեցին հին նոմենկլատուրային՝ որպես քաղաքական «ուղեկից» ունենալով կրիմինալը։ Ապա՝ կրիմինալը հաղթեց և երկրորդ պլան մղեց դիսիդենտներին։ Հետո՝ կրիմինալը, ներկայանալի դառնալու համար Վրաստանի շրջապատին, միջազգային հանրությանը, որպես իրեն դաշնակից «հրավիրեց» հին նոմենկլատուրային։ Հետո՝ հին նոմենկլատուրան հաղթեց և «կրտսեր դաշնակցի» վերածեց կրիմինալին։ Իսկ այդ ժամանակահատվածում՝ հին նոմենկլատուրայի (Շևարդնաձե) հովանու տակ աճեց նոր քաղաքական վերնախավը (Սահակաշվիլի, Բուրջանաձե, Ժվանիա)՝ նրանք, ովքեր կրթություն էին ստացել Եվրոպայում և ԱՄՆ-ում և, ի վերջո, քաղաքականության առաջին շարքերից դուրս մղեց հին նոմենկլատուրային։[18]

Շևարդնաձեի առաջնահերթ խնդիրն էր բուն Վրաստանում միասնականության հաստատումը՝ Գամսախուրդիայի խնդրի հանգուցալուծմամբ, Հարավային Օսիայում և Աբխազիայում կենտրոնական իշխանության վերահաստատումը։ Այդ գործունեությունն ուղեկցվում էր պատերազմներով՝ ավելի խորացնելով ինչպես ներվրացական, այնպես էլ օսերի և աբխազների հետ միջէթնիկ հարաբերությունների վատթարացումը։

1992 հուլիսին օսական կոնֆլիկտը սառեցվեց մինչև Սահակաշվիլիի իշխանության գալը, սակայն աբխազական կոնֆլիկտը էլ ավելի սրվեց և վերածվեց, խաղաղ բնակչության դեմ դաժանություններով ուղեկցվող, պատերազմի։ Պատերազմին աբխազների կողմից մասնակցեցին՝ ՌԴ կենտրոնական կառավարությունից փաստացի անկախացած, Հյուսիսային Կովկասի ժողովուրդները՝ վերականգնելով վրացիների և լեռնային ժողովուրդների միջև հակամարտության հիշողությունները։

Ի վերջո Շևարդնաձեն, ՌԴ Նախագահ Բ․ Ելցինի աջակցությամբ, սառեցրեց մեգրելական և աբխազական կոնֆլիկտները, Վրաստանն անցավ ՌԴ հովանավորության տակ, ընդգրկվեց ԱՊՀ կազմում։

Աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսակետից՝ Շևարդնաձեն խուսանավում էր Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Ի վերջո, նա, հավանաբար, ենթադրեց, որ 1998 թ. ՌԴ տնտեսական ճգնաժամը, ռազմաքաղաքական թուլացումը և Հյուսիսային Կովկասում իսլամական տեռորիստների ռազմական նախապատրաստությունները[19] (երկրորդ չեչենական պատերազմը սկսվեց 1999-ի օգոստոսի 7-ին) նշանակում են ՌԴ-ի վերջնական արտամղումը Անդրկովկասից և Արևմտյան կողմնորոշումը շատ ավելի շահեկան է Վրաստանի համար։ Բացի դրանից Շևարդնաձեն վախենում էր, որ իսլամական տեռորիզմը Հյուսիսային Կովկասից կարող է անցնել Վրաստան։

Վրաստանն ամբողջությամբ կողմնորոշվեց դեպի ԱՄՆ, ԵՄ և ՆԱՏՕ, սկսեց ստանալ խոշոր ֆինանսական աջակցություն։ Բաքու – Ջեյհան նավթատարի կառուցումը ամրապնդեց Վրաստանի կողմնորոշումը դեպի Արևմուտք։

2001 թ.-ին, երբ պարզ դարձավ, որ ՌԴ նոր Նախագահ Վ․ Պուտինը բարեհաջող կերպով է լուծում Հյուսիսային Կովկասում իսլամական տեռորիզմի խնդիրը, Շևարդնաձեն փորձեց նորից բարելավել հարաբերությունները ՌԴ հետ։ Սակայն՝ արդեն ուշ էր։

Ներվրացական հարաբերություններում Շևարդնաձեն վարում էր ուժերի բալանսի քաղաքականություն, որը չնայած ապահովում էր նրա իշխանությունը, սակայն խիստ բացասաբար էր ազդում երկրի և բնակչության տնտեսական վիճակի վրա։

Մարդիկ աստիճանաբար սկսեցին մոռանալ, որ Շևարդնաձեն խաղաղություն բերեց Վրաստանին։ Նրանց համար ավելի կարևոր դարձավ աղքատության խնդիրը։


[1] «Власть в Грузии перешла к Государственному совету»․ «Известия» / Учредитель: журналистский коллектив «Известий». – 1992. – 11 марта, среда. – № 60 (23634). http://www.yeltsincenter.ru/digest/release/den-za-dnem-11-marta-1992-goda

[2] Алексей Мухранов, Эпоха Шеварднадзе, http://travelgeorgia.ru/184/

[3] Хроника грузино-абхазского конфликта 1989‑2008 гг. Справка, https://ria.ru/20080504/106510243.html

[4] Покушение на Седого лиса: Вся суть 90-х в одном фото из Грузии․  https://tsargrad.tv/news/pokushenie-na-sedogo-lisa-vsja-sut-90-h-v-odnom-foto-iz-gruzii_309486

[5] Теперь Шеварднадзе возвратился законно․ "Коммерсантъ" №7 от 13.10.1992․ https://www.kommersant.ru/doc/26436

[6] Екатерина Тесемникова, Как россияне спасали Шеварднадзе. Независимая Газета, 25.01.2000, https://www.ng.ru/cis/2000-01-25/5_savers.html

[7] Марина Разоренова, Грузия в сентябре — октябре 1995 года. http://www.igpi.ru/monitoring/1047645476/oct_95/gruz.html

[8] Тенгиз Китовани вернулся в Грузию, 21.12.2012, Грузия online, https://www.apsny.ge/2012/soc/1356143705.php

[9] Меморандум о мерах по обеспечению безопасности и укреплению взаимного доверия между сторонами в грузино-осетинском конфликте.  http://docs.cntd.ru/document/1902534

[10] Грузия просит у России боевиков окушавшихся на Эдуарда Шеварднадзе. Газета "Коммерсантъ" №230 от 21.12.2002, стр. 3 https://www.kommersant.ru/doc/356881

Россия выдала Грузии обвиняемых в покушении на Шеварднадзе. Lenta.ru 28 декабря 2002 https://lenta.ru/news/2002/12/28/extradition/

[11] Олег Татарченков, Шестидневная война в Гальском регионе, http://okopka.ru/t/tatarchenkow_o_n/text_0030.shtml

[12] Андрей Колесников, Однодневная война. Коммерсантъ Власть, №41, 27.10.1998, стр. 20․

Георги Двали, Восстание в Западной Грузии․ "Коммерсантъ" №195 от 20.10.1998, стр. 1․ https://www.kommersant.ru/doc/207194

[13] В Грузии взбунтовалась национальная гвардия․ Грузинские власти назвали выход из подчинения батальона национальной гвардии страны "попыткой государственного переворота". РБК, https://www.rbc.ru/economics/25/05/2001/5703b41a9a7947783a5a346a

Попытки государственных переворотов в странах СНГ. Справка․ РИА Новости, 02.03.2006 (обновлено: 02:58 07.06.2008). https://ria.ru/20060302/43873865.html 

[14] «Որսորդներ» - վրաց – աբխազական 1992 թ. պատերազմի ընթացքում Կոդորի կիրճում Էմզար Կվիցիանիի կողմից կազմավորված տեղաբնիկ սվանների զինված աշխարհազորային ջոկատներ։ Այդ ջոկատները թույլ չտվեցին աբխազական ուժերին իրենց վերահսկողությունը հաստատել Կոդորի կիրճի վերին հատվածներում։ Մյուս կողմից Վրաստանի իշխանությունները մինչև 2006 թ․-ը այդ տարածքը փաստորեն չէին վերահսկում։ Դրանք պատկանում էին սվան դաշտային հրամանատարներին, որոնց շարքում ամենահեղինակավորը Կվիցիանին էր։

[15] Шеварднадзе решил совместить НАТО и СНГ, 16 декабря 2002, https://lenta.ru/news/2002/12/16/shevardnadze

[16] Революция роз. http://travelgeorgia.ru/446/

[17] США: Выборы в Грузии прошли с нарушениями․ https://www.rbc.ru/politics/21/11/2003/5703b5b19a7947783a5a4d9d

[18] Ըստ Ա․ Մուխրանովի՝ Շևարդնաձեի հրաժարականով Վրաստանում փոխվեց մի ամբողջ ժամանակաշրջան, որի առաջին փուլում «ավազակները սպանում էին նախկին դիսիդենտներին, իսկ հետո՝ իրենք հայտնվեցին բանտում»։ Իսկ Պառլամենտում հասունանում էր նոր ընդդիմությունը՝ երիտասարդ քաղաքական գործիչները, ովքեր կերտելու էին հաջորդ ժամանակաշրջանը։ Алексей Мухранов, Эпоха Шеварднадзе, http://travelgeorgia.ru/184/

[19] Флориан Хассель, Чеченские боевики на службе у Шеварднадзе․ ИноСМИ.ру, https://inosmi.ru/untitled/20020729/153905.html