Բարեկամ և թշնամի երկրները Անդրկովկասի հանրապետությունների հասարակական կարծիքում

18 ր.   |  2022-01-22

Ա նդրկովկասը և Հայաստանի Հանրապետությունը գտնվում են գերտերությունների և տարածաշրջանային տերությունների սուր մրցակցության կիզակետում։ Այդ մրցակցությունում կարևորագույն դեր ունի այն, թե որոնք են անդրկովկասյան երկրների հասարակությունների ընկալումներում տվյալ երկրի բարեկամ և թշնամի երկրները։ Անդրկովկասի երկրներում մրցակցող գերտերությունների փափուկ ուժի կիրառման կարևորագույն նպատակներից են տվյալ երկրում իր դրական կերպարի ձևավորումը և հասարակական ընկալումներում իրեն որպես այդ երկրի բարեկամ նույնականացումը։ 

Հոդվածում ներկայացված է, թե որ երկրներն են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում համարվել իրենց երկրի «ամենամեծ բարեկամը» և «ամենամեծ թշնամին» 2013 և 2019 թվականներին։ Կիրառվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների այդ տարիներին Անդրկովկասում իրականացված «Կովկասյան Բարոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները։ 2013 թ․ հետազոտություններն իրականացվել են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, իսկ 2019 թ.-ին Հայաստանում և Վրաստանում։ 2013 թ․-ը վերջին տարին էր, երբ Ադրբեջանը մասնակցել է «Կովկասյան Բարոմետր» հետազոտությանը։ Սկսած այդ տարվանից Ադրբեջանում կամ չեն անցկացվում, կամ չեն հրապարակվում նաև այնպիսի այլ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներ, որոնք թույլ կտային պատկերացում կազմել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի, հասարակական տրամադրությունների վերաբերյալ։

Նշենք նաև, որ Հայաստանում «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտության տվյալները տեխնիկական պատճառներով հավաքագրվել են 2020 թ. հունվարին։

«Կովկասյան բարոմետրում» իրենց երկրի ամենաբարեկամական և ամենաթշնամական երկրների մասին տվյալները գնահատվել են հետևյալ հարցերի միջոցով։ 

  • «Ըստ Ձեզ՝ ներկայում ո՞րն է Հայաստանի/Վրաստանի/Ադրբեջանի ամենաբարեկամական երկիրը»։
  • «Ըստ Ձեզ՝ ներկայում ո՞րն է Հայաստանի/Վրաստանի/Ադրբեջանի ամենաթշնամական երկիրը»։ 

Հարցվողներին երկրների ցուցակ չի տրամադրվել։ Հավաքագրվել են ինքնաբերական պատասխանները։  

Աղյուսակ 1-ից 3-ում ներկայացված են համապատասխանաբար Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ստացված արդյունքները ամենաբարեկամական և ամենաթշնամական երկրների վերաբերյալ 2013 և 2019 թվականներին։

Ադրբեջան

Ա դրբեջանի հասարակությունում բարեկամ և թշնամի երկրների ընդհանուր փոխդասավորվածությունը վերահաստատում է, որ հասարակությունում որպես Ադրբեջանի ամենամեծ բարեկամ անվերապահորեն ընկալվում է Թուրքիան։ Դա նշել է հարցվածների 91%-ը, իսկ ամենամեծ թշնամին՝ Հայաստանն է, ինչը նշել է հարցվածների 90%-ը (Աղյուսակ 1)։

Ադրբեջանի  ամենաբարեկամ և ամենաթշնամի երկրները, 2013 և 2020 թթ․ 

 

Ամենաբարեկամ երկիրը

Երկիր

Ամենաթշնամի երկիրը

Երկիր

2013

2019

2013

2019

Թուրքիա

90.7%

-

Հայաստան

90.2%

-

Դժվարացել են պատասխանել

5.0%

-

ՌԴ

6.6%

-

Ոչ մեկը

1.3%

-

Իրան

1.8%

-

ՌԴ

1.1%

-

Դժվարացել են պատասխանել

0.8%

-

Իրան

0.9%

-

-

-

-

Ուկրաինա

0.4%

-

-

-

-

Եվրոպական որևէ երկիր

0.0%

-

-

-

-

Աղյուսակ 1 

Ռուսաստանն ընկալվում է ավելի շուտ որպես թշնամի (այդպես է գնահատել հարցվածների մոտ 7%-ը), քան բարեկամ (1.1%)։ Համանման կերպով Իրանը նույնպես՝ ավելի շուտ թշնամի է (2%), քան բարեկամ (1%): Ըստ էության, Ադրբեջանի հասարակությունում 2013 թ.-ին բարեկամ և թշնամի երկրների նույնականացումը պետության և հասարակության կողմից նույնական էին, ինչը նպաստել է, որպեսզի Ադրբեջանում հասարակությունը սատարի երկրի արտաքին քաղաքական ռազմավարությունները։ 

Հետազոտական տվյալների ադեկվատ ընկալման համար անհրաժեշտ է կատարել մեթոդաբանական մեկնաբանություն։ Երբ զանգվածային հարցումներում հավաքագրում են «ամենա-» մեծ/փոքր/լավ/վատ/բարեկամ/թշնամի տիպի գնահատականներ՝ հարցվողին թույլ տալով նշել միայն մեկ պատասխան, ինչպես իրականացվել է «Կովկասյան բարոմետրում», ապա, այն դեպքերում, երբ «ամենա»- օբյեկտը ստանում է շատ մեծ տոկոս, օրինակ՝ 70% և ավելի, ապա պետք է զգույշ լինել մնացած գնահատվող օբյեկտների վերաբերյալ դատողություններ կատարելիս։ Մեր դեպքում, եթե բարեկամ կամ թշնամի լինելու վերաբերյալ հարցը յուրաքանչյուր երկրի համար տրվեր առանձին, ապա պատկերը էապես կփոխվեր՝ երկրորդ և հաջորդ տեղերում գտնվող երկրները և՛ որպես բարեկամ, և՛ որպես թշնամի նշած հարցվողների քանակը էապես կաճեր։ Այդ դեպքում հնարավոր կլիներ ստանալ շատ խորը և բազմակողմանի պատկեր։ Սակայն, այս մեթոդը ադեկվատ կերպով կիրառելի է գնահատվող օբյեկտների փոքր քանակի դեպքում՝ առավելագույնը 6-8 երկիր։

Մյուս կողմից, «Կովկասյան բարոմետրում» կիրառված մոտեցումը արժեքավոր է այն տեսակետից, որ այն բացահայտում է հասարակական կարծիքի «հեգեմոնին», եթե այն գոյություն ունի, քանի որ անբացահայտորեն պարունակում է երկրների բոլոր զույգերի համեմատությունների ընդհանրացված արդյունքը։ Ազգաբանական տերմինաբանությամբ, մոտեցումը թույլ է տալիս նույնականացնել աշխարհի էթնիկ պատկերում «բարեկամ» և «թշնամի» կոնստանտների մոդալ (տվյալ ժամանակահատվածում առկա) բովանդակությունը։  

Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանում բավական քիչ են նրանք, ովքեր կողմնորոշված չեն, թե ովքեր են Ադրբեջանի  ամենամեծ բարեկամ և ով՝ ամենամեծ թշնամի երկիրը։ Կարելի է ենթադրել, որ ամենամեծ բարեկամ երկիրը նույնականացնելիս «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը նշած 5.0% անձինք մեծ հավանականությամբ Ադրբեջանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն են։

Վրաստան

Վ րաստանի ամենամեծ բարեկամ և ամենամեծ թշնամի երկրների վերաբերյալ Վրաստանի հասարակության դիրքորոշումները 2013 և 2019 թվականներին տրված են Աղյուսակ 2-ում։ 

Վրաստանի  ամենաբարեկամ և ամենաթշնամի երկրները, 2013 և 2020 թթ․ 

Երկիր

Ամենաբարեկամ երկիրը

Երկիր

Ամենաթշնամի երկիրը

2013

2019

2013

2019

ԱՄՆ

31.5%

21.4%

ՌԴ

43.5%

48.8%

Դժվարացել են պատասխանել

22.8%

20.3%

Դժվարացել են պատասխանել

29.1%

26.6%

Ոչ մեկը

15.7%

26.4%

Ոչ մեկը

16.8%

8.5%

Ադրբեջան

8.0%

7.4%

ԱՄՆ

3.5%

1.6%

ՌԴ

6.6%

3.3%

ՀՊ

2.7%

5.4%

Ուկրաինա

3.8%

9.6%

Թուրքիա

2.6%

4.2%

Թուրքիա

2.9%

4.3%

Հայաստան

0.5%

1.5%

Հայաստան

2.5%

1.7%

Ադրբեջան

-

0.5%

ՀՊ

1.6%

0.6%

Բոլորը

-

1.4%

Ֆրանսիա

1.2%

0.6%

-

-

-

Իսրայել

0.6%

0.4%

-

-

-

Եվրոպական որևէ երկիր՝ ներառյալ Ֆրանսիան

3.8%

4.4%

Եվրոպական որևէ երկիր՝ ներառյալ Ֆրանսիան

0.1%

0.0%

Աղյուսակ 2

Որպես կանոն երկրներում ամենամեծ բարեկամ և ամենամեծ թշնամի երկրների նույնականացումը հասարակության կողմից դժվարություն չի ներկայացնում։ Մարդկանց մեծամասնությունը կողմնորոշված է այդ հարցում, եթե նույնիսկ նրանց կարծիքները տարբերվում են։ Սակայն Վրաստանում վիճակը խիստ տարբերվում է նորմայից։ Ադեկվատ ընկալելու և մեկնաբանելու համար Վրաստանի տվյալներն անհրաժեշտ է դիտարկել նաև Վրաստանում ավելի վաղ տարիներին հավաքագրված նմանատիպ տվյալները։

  1. Չնայած Վրաստանում սկսած 1999 թ.-ից նախագահ Շևարդնաձեն, իսկ 2004 թ.-ից՝ Սահակաշվիլին տանում էին ինտենսիվ հակառուսական քաղաքականություն և քարոզչություն, ընդհուպ մինչև 2007 թ.-ը Վրաստանում խիստ բարձր էին պրոռուսական դիրքորոշումները։ 2007 թ-ին, համաձայն Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Տվյալների նախաձեռնություն 2007» հետազոտության տվյալների, Վրաստանում Ռուսաստանն ընկալվում էր որպես ամենակարևոր քաղաքական և տնտեսական գործընկեր։ Ռուսաստանի հետ տնտեսական «առավելագույն համագործակցությանը» կողմ էր բնակչության 80.4%-ը, իսկ քաղաքական «առավելագույն համագործակցությանը»՝ 79.2%-ը։ Ընդ որում՝ նույն ցուցանիշները ԱՄՆ համար զիջում էին Ռուսաստանի տվյալներին։ ԱՄՆ հետ «առավելագույն տնտեսական» համագործակցությանը կողմ էր 75.2%-ը, իսկ «առավելագույն քաղաքական» համագործակցությանը՝ 75.7%-ը։
  2. 2011 թ.-ից, երբ «Կովկասյան բարոմետր» հետազոտության շրջանակներում սկսեցին հետազոտվել Անդրկովկասի երկրների հասարակություններում դիրքորոշումներն ամենամեծ բարեկամ և ամենամեծ թշնամի երկրների մասին, Վրաստանում իրավիճակը դարձել էր «տարօրինակ», քանի որ մարդկանց անբնականորեն մեծ մասը սկսել էր դժվարանալ պատասխանել այդ հարցերին։ 2011 թ.-ին ո՞ր երկիրն է Վրաստանի ամենամեծ բարեկամը հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 25%-ը,  2013-ին՝ 23%-ը, իսկ 2019-ին՝ 20%-ը։ Ո՞րն է Վրաստանի ամենաթշնամի երկիրը հարցին 2011 թ.-ին դժվարացել է պատասխանել հարցվածների 35%-ը,  2013-ին՝ 29%-ը, իսկ 2019-ին՝ 27%-ը։ 
  3. Վրաստանում Ռուսաստանը բարեկամ համարող մարդկանց քանակը 2011 թ.-ին նվազել էր մինչև 4%, 2013-ին կազմել էր 7%, իսկ 2019-ին՝ 3%: Մյուս կողմից, Ռուսաստանը թշնամի համարող մարդկանց քանակը խիստ աճել էր՝ 2011-ին նրանց թիվը 51% էր, 2013-ին՝ 44%, իսկ 2019-ին՝ 49%:
  4. Վրաստանում 2007 թ. համեմատ էապես նվազել էր նաև ԱՄՆ-ն ամենամեծ բարեկամ համարող մարդկանց քանակը։ Որպես Վրաստանի ամենաբարեկամական երկիր, ԱՄՆ-ն նշել էր 2011-ին՝ հարցվածների 44%-ը, 2013-ին՝ 31%-ը, իսկ 2019-ին՝ արդեն 21%-ը։ 
  5. Վրաստանում 2011 թ.-ից առաջացել էր մարդկանց նոր շերտ, ովքեր սկսել են համարել, որ Վրաստանը «չունի ամենաբարեկամական երկիր»։ Տարիների ընթացքում այդ խմբի ծավալն աստիճանաբար նշանակալիորեն աճել է։ Եթե 2011-ին նրանց թիվը 2% էր, ապա 2013-ին՝ 16%, իսկ 2019-ին՝ 26%։

Վրաստանում նկարագրված իրավիճակի և դրա փոփոխության միտումների մեկնաբանությունը տրված է ստորև։

Ակնհայտ է, որ Վրաստանում բարեկամ և թշնամի երկրների մասին հասարակական կարծիքի ընդհանուր պատկերի արմատական փոփոխության վճռորոշ գործոնը 2008 թ. օգոստոսի 4-8-ի վրաց-օսական պատերազմն էր, որին Հարավային Օսիայի կողմից միջամտեց Ռուսաստանը։ Վրաստանը ծանր պարտություն կրեց։ 2008 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Այդ պատերազմի գործոնը Վրաստանում մնում է շատ ազդեցիկ։ Վրաստանի իշխանությունները 2008 թ.-ից մինչ օրս Ռուսաստանի հետ հարաբերությունների վերահաստատումը պայմանավորում են Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հետկանչով։ 

Այն փաստը, որ Վրաստանի հասարակության նշանակալի հատվածը դժվարանում է նույնականացնել Վրաստանի ամենամեծ թշնամի և ամենամեծ բարեկամ երկրները, վկայում է, որ հասարակությունում առկա է կոգնիտիվ դիսոնանս, երբ հասարակական կարծիքում միևնույն օբյեկտի վերաբերյալ առկա են իրարամերժ և հակասական դիրքորոշումներ։ Հասարակության մեծ մասը հիշում է Վրաստանի արտոնյալ վիճակը ԽՍՀՄ-ում։ Վրաստանի բնակչությունը նշանակալիորեն ավելի բարեկեցիկ էր, քան ԽՍՀՄ մյուս երկրների բնակչությունը։ Սովետական Վրաստանում աղքատություն չկար։ Վրացիները մինչ օրս հիշում են և հպարտանում, որ աշխարհի երկու գերտերություններից մեկը՝ ԽՍՀՄ-ը մոտ 30 տարի ղեկավարել է վրացի՝ Ի․ Ստալինը (Ջուղաշվիլի), ում հետ հաշվի էին նստում Ֆ. Ռուզվելտն ու Ու․ Չերչիլը։ Մյուս կողմից, հասարակության նշանակալի մասը համարում է, որ վրաց-օսական պատերազմից կարելի էր խուսափել։ Հարց է ծագում՝ ո՞վ է հրահրել և սկսել պատերազմը։ Եվրոպական Միության կողմից ստեղծված «Հարավային Կովկասում 2008 թ. օգոստոսի պատերազմի հանգամանքները քննող  հանձնաժողովը» եզրակացրել է, որ պատերազմը սկսել է վրացական կողմը։ Իրարամերժ կարծիքներ կան Մ. Սահակաշվիլիի նախագահության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Վրաստանում արդեն 35 տարի տևող ազգայնական գաղափարախոսությունը թույլ չի տալիս բացահայտ և անկեղծ քննարկել Վրաստանյան հակասական իրադարձությունները, այդ թվում՝ հարաբերությունները Հարավային Օսիայի, Աբխազիայի և հատկապես՝ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի նկատմամբ դրական դիրքորոշման արտահայտումը վտանգավոր է և՛ քաղաքական-հասարակական ուժերի և՛ սովորական մարդկանց համար։ Դա կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ։

Այս ամենը հասկանալի է դարձնում վրաց հասարակությունում Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումներում առկա կոգնիտիվ դիսոնանսը և այդ դիրքորոշումների ազատ արտահայտման վախը։ Հասկանալի է դառնում, թե ինչու Վրաստանում «ով է ամենամեծ թշնամին» հարցին ավելի քիչ մարդիկ են պատասխանում «Ռուսաստանը», քան կարելի էր սպասել։ Ինչո՞ւ են այդքան շատ նրանք, ովքեր չգիտեն, թե ով է Վրաստանի ամենամեծ թշնամին։

Վրաց հասարակությունում կոգնիտիվ դիսոնանս է առկա նաև ԱՄՆ վերաբերյալ դիրքորոշումներում։ Սկսած 1970-ականներից, երբ ԽՍՀՄ-ում թույլ տրվեց Հելսինկյան կոմիտեների գործունեությունը, Վրաստանի Հելսինկյան կոմիտեն, որին անդամակցում էր նաև Վրաստանի առաջին նախագահ Զ. Գամսախուրդիան, Վրաստանի այլախոհների և մտավորականության մի նշանակալի հատվածը ակտիվորեն դիմում էին ԱՄՆ-ին աջակցություն ստանալու համար, նրանք ԱՄՆ-ն համարում էին ազատության և ժողովրդավարության պաշտպանը, ԽՍՀՄ «ճնշված ժողովուրդների», այդ թվում նաև Վրաստանի ազատության երաշխավորը։ 1999 թ.-ից Է. Շևարդնաձեն վերջնականապես կողմնորոշվեց դեպի ԱՄՆ, որը ստանձնեց Վրաստանի հովանավորությունը ռուսական վտանգից, սկսեց զինել և մարզել վրացական բանակը։ ԱՄՆ-ն հասարակական կարծիքում համարվում էր Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների պաշտպանը։ 

Սակայն, երբ եկավ պահը, երբ Վրաստանը պետք էր պաշտպանել Ռուսաստանից՝ ԱՄՆ-ն փաստորեն ոչ մի օգնություն չցուցաբերեց։ Չնայած պատերազմից հետո ԱՄՆ առաջարկով ստեղծվեց Վրաստանի դոնորների միություն, որոնք Վրաստանին 4.5 միլիարդ դոլարի օգնություն տրամադրեցին պատերազմի հետևանքների հաղթահարման նպատակով, սակայն Աբխազիան և Հարավային Օսիան արդեն անվերադարձ դուրս էին եկել Վրաստանի կազմից։ Նրանց վերադարձը վերածվել է ազգային երազանքների և ինտենսիվորեն շահարկվում է քաղաքական համարյա բոլոր ուժերի կողմից։ Մինչ օրս չի կատարվել նաև 2008 թ. Բուխարեստում Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խոստումը։ Պարզ է դառնում, թե ինչու է Վրաստանում նվազել ԱՄՆ-ն մեծագույն բարեկամ համարողների թիվը և ինչու է կազմավորվել և աճել «Վրաստանը բարեկամ երկիր չունի» դիրքորոշումը։ 

Վրաստանում ամենամեծ բարեկամի և ամենամեծ թշնամու շարքում նշվել են նաև Ադրբեջանն ու Հայաստանը։ Ընդ որում, որպես Վրաստանի ամենամեծ բարեկամ, Ադրբեջանը նշանակալի գերազանցում է Հայաստանին։ 2019-ին Ադրբեջանը համարել են Վրաստանի լավագույն բարեկամ հարցվածների 7.4%-ը, իսկ Հայաստանը՝ 1.7%-ը։ Մյուս կողմից, 2019-ին Ադրբեջանը թշնամի էր համարում բնակչության 0.5%-ը, իսկ Հայաստանը՝ 1.5%-ը։ Կարելի է ենթադրել, որ տվյալների նման բաշխումը Վրաստանում հայերի և ադրբեջանցիների քանակի բաշխման հետևանքն է։ 2019 թ. Վրաստանում «Կովկասյան բարոմետր» հետազոտության հարցվածների 8.9%-ը ադրբեջանցի էր, իսկ 5.2%-ը՝ հայ։

Վրաստանում հակասական գործընթացներ են ընթանում Թուրքիայի նկատմամբ։ Միաժամանակ աճում է և՛ Թուրքիան ամենամեծ բարեկամ համարողների, և՛ ամենամեծ թշնամի համարողների թիվ։ Թուրքիան Վրաստանի լավագույն բարեկամ համարողների թիվը 2013-2019 թթ. ընթացքում աճել է 2.9%-ից մինչև 4.3%, իսկ ամենամեծ թշնամի համարողների թիվը՝ 2.6%-ից մինչև 4.2%։ Հիմնվելով վերոբերյալ մեթոդաբանական մեկնաբանությանը, պետք է ենթադրել, որ Թուրքիան «պարզապես» որպես բարեկամ և «պարզապես» որպես թշնամի համարողների թիվը նշանակալիորեն ավելի մեծ է։ Իսկ դա նշանակում է, որ Վրաստանում առկա են հասարակության նշանակալի շերտեր, որոնք Թուրքիայի նկատմամբ ունեն հակադիր դիրքորոշումներ։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Վրաստանում Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի հարցում կոնֆլիկտ է զարգանում։

Հատկանշական է, որ 2013-ին եվրոպական երկրներից միայն Ֆրանսիան է նշվել որպես Վրաստանի ամենաբարեկամ երկիր։ Այն նշել է հարցվածների 1.2%-ը, որը 2019-ին նվազել է մինչև 0.6%: Մյուս կողմից եվրոպական և ոչ մի երկիր Վրաստանում չի նշվել որպես ամենամեծ թշնամի։ 

Հայաստան

Հ այաստանի ամենամեծ թշնամիները, ինչպես և սպասելի էր, Ադրբեջանը և Թուրքիան են։ Ընդ որում Ադրբեջանը ամենամեծ թշնամի համարողների թիվը 2013-2020-ին աճել է 66.2%-ից 75.0%, իսկ Թուրքիան որպես ամենամեծ թշնամի համարողների թիվը նվազել է 28.2%-ից մինչև 22.8% (Աղյուսակ 3)։ Այդուհանդերձ, ավելի ադեկվատ է այդ երկու երկրների տվյալները դիտարկել համատեղ, քանի որ այդ երկու օբյեկտը հայ հասարակությունում ուժեղ շաղկապված են և հաճախ նույնացվում են։ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի ամենամեծ թշնամի համարողների ընդհանուր թիվն աճել է 94.4%-ից մինչև 97.8%։

Համանման կերպով, Հայաստանի ամենամեծ բարեկամը, ինչպես և սպասելի էր 2013-ին և 2020-ին Ռուսաստանն էր։  

Հայաստանի ամենաբարեկամ և ամենաթշնամի երկրները, 2013 և 2020 թթ․ 

Երկիր

Ամենաբարեկամ երկիրը

Երկիր

Ամենաթշնամի երկիրը

2013

2020

2013

2020

ՌԴ

83.0%

56.9%

Ադրբեջան

66.2%

75.0%

Ֆրանսիա

5.0%

11.7%

Թուրքիա

28.2%

22.8%

Եվրոպական որևէ երկիր` ներառյալ Ֆրանսիան

5.1%

12.5%

Եվրոպական որևէ երկիր՝ ներառյալ Ֆրանսիան

0.0%

0.0%

Դժվարացել են պատասխանել

4.0%

4.4%

Դժվարացել են պատասխանել

2.0%

0.9%

Ոչ մեկը

3.8%

17.0%

ՌԴ

0․5%

-

Վրաստան

1.5%

-

ԱՄՆ

0.5%

-

Իրան

1.3%

-

Վրաստան

0.1%

-

Մենք՝ ինքներս

-

4.2%

-

-

-

Աղյուսակ 3

Սակայն Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը էական փոփոխություն է կրել։ Եթե 2013-ին Ռուսաստանը որպես ամենամեծ բարեկամ երկիր նշել էր հարցվածների 83%-ը, ապա 2020-ին ընդամենը 57%-ը։ 

Մյուս կողմից, Հայաստանում ամենամեծ բարեկամ երկրի ընկալման հարցում տեղի է ունեցել ևս երկու էական փոփոխություն։ Առաջինը՝ նշանակալի աճել է Ֆրանսիան որպես Հայաստանի ամենաբարեկամական երկիր համարողների թիվը։ Եթե 2013-ին Ֆրանսիան որպես ամենամեծ բարեկամ երկիր նշել էր Հայաստանում հարցվածների 5%-ը, ապա 2019-ին արդեն 12%-ը։ 

Հայաստանում, ինչպես Վրաստանում, նշանակալի փոխվել է նաև այն անձանց ընդհանուր քանակը, ովքեր համարում են, որ Հայաստանը չունի ամենամեծ բարեկամ երկիր։ 2013-ին նրանց թիվը  3.8%-էր, իսկ 2020-ին արդեն 17.0%։ Ի հավելումն, 2020-ին Հայաստանում կազմավորվել էր մարդկանց շերտ՝ թվով 4.2%, ովքեր համարում են, որ «մեր լավագույն բարեկամը՝ մենք ինքներս ենք»։

Այսպիսով, Հայաստանում 2020-ին առկա էր մարդկանց բավական ստվար շերտ, ովքեր որևէ երկիր չեն ընկալում որպես Հայաստանի ամենամեծ բարեկամ։ Այդ շերտի ծավալը 25.6% է, այդ թվում, 17.0% նրանք են, ովքեր ուղղակիորեն նշել են, որ Հայաստանը չունի ամենամեծ բարեկամ երկիր, 4.2%-ը նրանք են, ովքեր համարել են, որ «մենք ինքներս ենք մեր ամենամեծ բարեկամը» և 4.4% նրանք են, ովքեր դժվարացել են պատասխանել այն հարցին, թե որ երկիրն է Հայաստանի ամենամեծ բարեկամը։

Հայաստանի հասարակությունում ամենամեծ բարեկամ երկրի վերաբերյալ դիրքորոշումների նկարագրված փոփոխությունն ունակ է գործարկելու տարբեր սոցիալական և քաղաքական բացասական պրոցեսներ։ Թուրքիայի հետ սահմանը պաշտպանում է Ռուսաստանը։ Եթե նվազում է Ռուսաստանի ընկալումը որպես Հայաստանի ամենաբարեկամական երկիր, ապա Հայաստանի հասարակությունում կնվազի իր ֆիզիկական պաշտպանվածության զգացողությունը, որը կխթանի արտագաղթը Հայաստանից։ 

Ռուսաստանի դերի նվազմանը զուգահեռ, որպես Հայաստանի ամենաբարեկամական երկիր, աճում է Ֆրանսիայի դերը։ Սակայն Ֆրանսիան օբյեկտիվորեն ունակ չէ պաշտպանելու Հայաստանն ու հայ հասարակությունն էքզիստենցիալ վտանգներից։ Բացի դրանից, կարող են առաջանալ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները խարխլող քաղաքական պրոցեսներ՝ խիստ բացասական իրավիճակների առաջացման հեռանկարով։ 

Որպես Հայաստանի ամենաբարեկամ երկիր երրորդ տեղում է Իրանը, որը նշել է հարցվածների 3%-ը: Հաշվի առնելով, վերոբերյալ մեթոդաբանական մեկնաբանությունը, դժվար է գնահատել, թե ինչպիսին է Իրանի նկատմամբ ընդհանուր դրական վերաբերմունքը։ 

Մնացած երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն և Վրաստանը ամենաբարեկամական երկիր են անվանել բնակչության 1-ական տոկոսը։ 

Եզրակացություններ

Ա դրբեջանի հիմնական բարեկամ երկիրը մնում է Թուրքիան։ Հիմքեր չկան ենթադրելու, որ որևէ այլ երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը, կարող են այդ հարցում նշանակալի տեղ զբաղեցնել Ադրբեջանի հասարակությունում։ Ադրբեջանի ամենաթշնամական երկիրը Հայաստանն է և այս դեպքում նույնպես հիմքեր չկան ենթադրելու, որ Հայաստանի նկատմամբ այդ դիրքորոշումն էապես կփոխվի։

Հայաստանում տեղի է ունենում Ռուսաստանի, որպես Հայաստանի ամենաբարեկամական երկրի դերի նվազում։ Ավելի ու ավելի մեծ հասարակական շերտ է համարում, որ Հայաստանի ամենաբարեկամ երկիրը Ֆրանսիան է։ Միաժամանակ, զարգանում է այն դիրքորոշումը, որ Հայաստանը չունի ամենաբարեկամական երկիր։ Այդ պրոցեսը կարող է հանգեցնել Հայաստանից արտագաղթի աճին։ 

Ադրբեջանը և Թուրքիան, որոնք Հայաստանի հասարակությունում ընկալվում են որպես «միասնական» երևույթ, մնում են Հայաստանի ընդհանրական հավաքական թշնամի։ Դրանց, որպես թշնամու դերի նվազումն իրատեսական չէ։

Վրաստանի հասարակական գիտակցությունում 2008 թ.-ից հետո բարեկամ և թշնամի երկրների նույնականացման հարցում առկա է ուժեղ կոգնիտիվ դիսոնանս։ Այդ դիսոնանսի հանգուցալուծման սցենարների շարքում կան այնպիսիք, որոնք ունակ են բարելավելու վրաց հասարակությունում Ռուսաստանի կերպարը։ Այդուհանդերձ, ներկայիս բարդ և սուր գլոբալ հակասությունների պայմաններում՝ մի կողմից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ, ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության միջև, հնարավոր են ամենատարբեր հանգուցալուծումներ, ինչպես նաև լարված հարաբերությունների հարատևում անորոշ երկար ժամանակահատվածում։