Ադրբեջան-Պակիստան. պատերազմում թրծված «եղբայրական հարաբերություններ»
16 ր. | 2021-10-25Ա րցախյան 44-օրյա պատերազմում Պակիստանի միանշանակ աջակցությունն Ադրբեջանին Իսլամաբադ-Բաքու շուրջ երեսունամյա ռազմավարական հարաբերությունների արդյունքն էր և ոչ թե սկիզբը։ 2021թ. սկզբից իրականացվող երկկողմ բարձր մակարդակի այցերն ու քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության արդյունքները, սակայն, փաստում են Ադրբեջանի և Պակիստանի հարաբերություններում նոր շրջափուլի մասին։
Պակիստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսին, երբ 1991թ. դեկտեմբերի 12-ին Պակիստանը Թուրքիայից և Ռումինիայից հետո ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։
Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման իրավական հիմքը մինչև օրս ստորագրված թվով 36 փաստաթղթերն են, որոնցից առանձնակի կարևորություն ունի 2015թ․ Բաքվի համատեղ հռչակագիրը՝ «Ադրբեջանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին»։
Երկկողմ միջպետական հարաբերությունների շարժիչ ուժը, ընդհանուր առմամբ, եղել և մնում է ռազմաքաղաքական համագործակցությունը, որի զարգացման առանցքում մշտապես եղել է հակահայկականության գործոնը: Բացի այն, որ, ըստ մինչ օրս շրջանառվող լուրերի, արցախյան առաջին պատերազմում պակիստանցիներն Ադրբեջանի զորքերի կազմում կռվել են հայկական ուժերի դեմ, որպես համերաշխություն Բաքվին՝ Պակիստանը ցայժմ չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Ավելին՝ միջազգային հարթակներում այդ երկիրը մշտական իրավաքաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Խոջալուի հարցերում։ 1993թ. ապրիլի 30-ին Պակիստանի նախագահությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունվել է ԼՂ-ի վերաբերյալ հայտնի 822-րդ բանաձևը, որում ՄԱԿ-ի ԱԽ-ն նաև «մտահոգություն էր հայտնում Ադրբեջանի Քելբաջարի շրջան տեղի հայկական ուժերի վերջին ներխուժման կապակցությամբ», 2012թ․ փետրվարին Պակիստանի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, իսկ 2017թ․ նաև այդ երկրի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ճանաչել են Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն»:
Պակիստանը Հայաստանի դեմ է գործել և գործում նաև Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում։ Ադրբեջանը, իր հերթին, աջակցել և աջակցում է նրան Ջամուի և Քաշմիրի հակամարտության հարցում՝ ընդդեմ Հնդկաստանի։ Երկու երկրների միջև կապերը զարգանում են նաև եռակողմ՝ Անկարա-Բաքու-Իսլամաբադ ձևաչափով։
Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին արցախյան 44-օրյա պատերազմում
Ո րպես երկարամյա բազմոլորտ համագործակցության արդյունք՝ 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմի սանձազերծման օրվանից պաշտոնական Իսլամաբադն իր միանշանակ աջակցությունն է հայտնել պաշտոնական Բաքվին։ Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Պակիստանի պաշտպանության նախարարության թվիթերյան էջում միանգամից չորս հրապարակում է կատարվել՝ ի աջակցություն Ադրբեջանի, իսկ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Պակիստանն աջակցում է եղբայրական Ադրբեջանի ժողովրդին և ճանաչում նրա ինքնապաշտպանության իրավունքը»։ Ընդամենը երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, Բաքվում Պակիստանի նորանշանակ դեսպան Բիլալ Հայեն արդեն հայտարարել է, որ բարեբախտ են, քանի որ կարող են ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։
Առհասարակ, պատերազմի ամբողջ ընթացքում երկու երկրների ռազմաքաղաքական համագործակցության վառ պատկերներից է եղել այն, որ ադրբեջանական քաղաքներում և գյուղերում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների հետ միասին ծածանվում էր նաև Պակիստանի դրոշը։ Այդ օրերին նման տեսարաններից մեկի հրապարակմամբ՝ Պակիստանի ՊՆ-ն անգամ շրջանառում էր «մեկ ազգ երեք պետություն» կարգախոսը։
Համագործակցության մեկ այլ կարևոր դրվագ է արձանագրվել 2020թ․ հոկտեմբերի 9-ին. Իսլամաբադում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի և Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի պետ, բանակի գեներալ Նադիմ Ռազայի հանդիպմանը վերջինս նշել է, որ «Պակիստանի ԶՈւ-ն լիովին աջակցում է ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը» (1,2)։ Դա այն դեպքում, երբ այդ օրերին Պակիստանի ԱԳՆ-ն միանշանակ հերքում էր (1,2) մամուլի (այդ թվում՝ հնդկական) հրապարակումները, այնուհետև նաև՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի զինուժին Պակիստանի բանակի ցուցաբերած գործնական աջակցության մասին։ Հատկանշական է, որ Փաշինյանի հայտարարությունը հերքող Պակիստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում հղում էր արվում Ի. Ալիևի այն պնդմանը, որ Ադրբեջանը չունի ռազմական աջակցության կարիք, ուստի Թուրքիան ու Պակիստանն Ադրբեջանին միայն բարոյաքաղաքական աջակցություն են ցուցաբերում։ Իսկ այդ հայտարարությամբ Ալիևն անուղղակիորեն հավասարության նշան էր դնում Թուրքիայի և Պակիստանի միջև այն դեպքում, երբ Թուրքայի ռազմական ներգրավվածությունը 44-օրյա պատերազմում, կարծեք, արդեն չունի ապացուցման կարիք։
Ռազմական գործողությունների ընթացքում Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, իր հերթին, համերաշխություն էր հայտնում Ադրբեջանին՝ նշելով, որ «հարգանք են տածում Ադրբեջանի զինված ուժերի հանդեպ, որ քաջությամբ պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը», իսկ քաղաքական ղեկավարությունը պարբերաբար մտահոգություն էր հայտնում «ադրբեջանական բնակավայրերի թիրախավորման» առնչությամբ (1,2,3), ինչի արդյունքը եղավ Պակիստանի Ազգային ժողովում «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան և Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ դաժան հարձակումները խստորեն դատապարտող» բանաձևի ընդունումը։ Այդ օրերին Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով երախտագիտություն էր հայտնում Պակիստանին աջակցության համար (1,2,3), ադրբեջանական մամուլում նշվում էր, որ երբեք չեն մոռանա, որ Պակիստանն «Ադրբեջանի արդարացի պայքարում կանգնել է Բաքվի կողքին» և այլն։
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության հրապարակումից հետո պաշտոնական Իսլամաբադն առաջիններից է եղել, որ շնորհավորել է «Ադրբեջանի կառավարությանն ու եղբայրական ժողովրդին տարածքների ազատագրման կապակցությամբ»։
Պակիստան-Ադրբեջան գործակցությունն արցախյան 44-օրյա պատերազմից հետո
Ա րցախյան 44-օրյա պատերազմից հետո, սակայն, 2021թ. սկզբից, Ադրբեջանի և Պակիստանի հարաբերություններում առավել գործնական զարգացումներ եղան քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում։ Բարձր մակարդակի հանդիպումներով, հայտարարություններով և ստորագրված փաստաթղթերով, ըստ էության, երկկողմ գործակցությունը բարձրացվեց նոր մակարդակի, կամ առնվազն ամրապնդվեց առկա մակարդակը։
Քաղաքական համագործակցությունը
Հ ունվարի 13-14-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այց կատարեց Իսլամաբադ, որտեղ նրան ընդունեցին Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին, ԱԳ նախարար Մահմուդ Քուրեյշին, ԶՈւ ԳՇ պետ Գամար Ջավեդ Բաջվան և այլք։ Հերթական անգամ հանդիպումների ընթացքում Բայրամովին շնորհավորանքներ հղվեցին պատերազմում Ադրբեջանի հաղթանակի առիթով։ Նա, իր հերթին, շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով, որ շարունակելու են աջակցել Պակիստանին Քաշմիրի հարցում, ինչպես նաև կարևորվեց երկկողմ հարաբերություների խորացումը, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
Բայրամովի այցի գլխավոր դրվագը, սակայն, Իսլամաբադում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարների երկրորդ եռակողմ հանդիպումն ու համատեղ հռչակագրի ընդունումն էր։
Նոր հռչակագրում, որտեղ հղում էր արվում 2017թ. Բաքվում ԱԳ նախարարների առաջին հանդիպման արդյունքում կատարված ամրագրումներին, շեշտվում էր քաղաքական, ռազմավարական, առևտրատնտեսական, անվտանգության, գիտատեխնիկական, մշակույթի ոլորտներում եռակողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Ըստ նոր հռչակագրի՝ կողմերը նաև պայմանավորվում էին ակտիվացնել ջանքերն իսլամաֆոբիայի դեմ պայքարում։ Ընդգծվում էր ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի հիման վրա Ջամուի և Քաշմիրի խնդրի կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերը նաև աջակցություն էին հայտնում Կիպրոսի, Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի հարցերի «արդարացի» կարգավորմանը և հայ-ադրբեջանական հակամարտության ավարտին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա հարաբերությունների կարգավորմանը։
Բայրամովի այցից ամիսներ անց՝ հունիսին, պաշտոնական այցով Պակիստան է ժամանել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբե Գաֆարովան։ Պակիստանցի իր գործընկերոջ՝ Ասադ Գայսերիի հետ հանդիպմանը նա շեշտել է, որ Ադրբեջանը մեծ կարևորություն է տալիս Պակիստանի հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Պակիստանի նախագահ Ա. Ալվին նրան ընդունելիս ընդգծել է, որ Ադրբեջանի հետ իրենց երկրի հարաբերությունները ռազմավարական դաշնակցության մակարդակի վրա են։ Ս․ Գաֆարովան իր հանդիպումներում նշել է նաև խորհրդարանական կապերի զարգացման անհրաժեշտության մասին, ինչից շուրջ երկու ամիս անց արդեն՝ հուլիսի 27-ին, Բաքու քաղաքում կայացավ Ադրբեջանի, Պակիստանի, Թուրքայի խորհրդարանների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել էր, որ ԱԳ նախարարների եռակողմ հարթակն այսուհետ գործելու է նաև խորհրդարանների ղեկավարների մակարդակով։ Շեշտել է, որ առաջիկայում ստեղծվելու է նախագահների մակարդակով մեխանիզմ, որը ծառայելու է երեք երկրների միջև կապերի էլ ավելի ամրապնդմանը։ Գաֆարովայի կողմից «պատմական իրադարձություն» բնորոշված հանդիպման ավարտին ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։
Բաքվի հռչակագրի ստորագրումը
Բաքվի հռչակագրում, որտեղ ևս մեկ անգամ Ադրբեջանին շնորհավորանք էր ուղղված «պետության տարածքային ամբողջականությունը շուրջ 30 տարվա հայկական օկուպացիայից հետո վերականգնելու» համար, բազմաթիվ կետեր էին ամրագրվել, որոնք կարելի է ամփոփել հետևյալ ընդհանրական ձևակերպումներում․
- Կողմերը վճռականություն են հայտնել երկկողմ և բազմակողմ մակարդակում միջխորհրդարանական երկխոսությունը, համագործակցությունը զարգացնելու հարցում։
- Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու գլոբալ հարցերում և հայտարարել են, որ որպես «երեք եղբայրական պետություններ»՝ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում փորձելու են որդեգրել միևնույն դիրքորոշումը (նաև՝ իսլամաֆոբիայի և մուսուլման փոքրամասնություններին ուղղված ճնշումների դեմ պայքարում)։
- Կողմերը պայմանավորվել են աջակցել կառավարություններին տրանսպորտի, առևտրի, էներգետիկայի, ժողովուրդների շփման, կրթության, սոցիալական և մշակութային, տուրիզմի, տեղեկատվության, հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում էլ ավելի լավ տարածաշրջանային համագործացության համար։
- Կողմերը դատապարտել են Հայաստանին, որ վերջինս հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել ականադաշտերի քարտեզները և համերաշխություն հայտնել Ադրբեջանին՝ այսպես կոչված, «ազատագրված տարածքները վերակառուցելու և փախստականներին իրենց տներ վերադարձնելու» գործում։
Վերջին կետի վերաբերյալ հարկ է նշել, որ պակիստանական կողմը պատերազմի ավարտից հետո բազմիցս ամենատարբեր մակարդակով պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծման, վերականգնման և այդ տարածքներում ադրբեջանցիների բնակեցման աշխատանքներին, սակայն մինչ օրս դեռ առկա չեն տեղեկություններ և հայտարարություններ որևէ հստակ նախագծում Պակիստանի ներգրավվածության վերաբերյալ։
Հռչակագրի ստորագրման հաջորդ օրը՝ հուլիսի 29-ին, երեք խորհրդարանների նախագահների պատվիրակությունները խորհրդանշական այցով եղել են Շուշիում, Վարանդայում։ Նամազ են արել Շուշիի մզկիթում, եղել են Հունոտի կիրճում։ Հուլիսի 30-ին Գաֆարովան և Գայսերին առանձնազրույց են ունեցել, որի ավարտին Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների միջև ստորագրվել է նաև երկկողմ փոխըմբռնման հուշագիր։
Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմից հետո պակիստանական կողմը պարբերաբար, ինչպես նախկինում, շարունակում է զուգահեռներ անցկացնել ԼՂ հիմնախնդրի և Ջամուի ու Քաշմիրի հակամարտության միջև՝ այս դեպքում արդեն հույս հայտնելով, որ իրենց դեպքում նույնպես խնդիրը կստանա, այսպես կոչված, «արդարացի լուծում»։
«2021թ. օգոստոսի 5-ին լրանում է Ջամուի և Քաշմիրի միջազգայնորեն ճանաչված վիճելի տարածքում Հնդկաստանի կառավարության ապօրինի և միակողմանի գործողությունների երկրորդ տարին։ Բարձր ենք գնահատում բոլոր միջազգային ֆորումներում հանուն Քաշմիրի մղվող պայքարում Ադրբեջանի կառավարության և ժողովրդի ցուցաբերած աջակցությունը։ Մինչ Ադրբեջանի ժողովուրդն ապրում է իր հողերն օտարի բռնազավթումից ազատագրելու ուրախությունը, հույս ունենք, որ Ջամուի և Քաշմիրի ժողովուրդը ևս շուտով կկարողանան տոնել իրենց ազատումն օտարի տիրապետությունից և օտարի ապօրինի բռնազավթումից»,- նշել է, օրինակ, Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն իր՝ «Օգոստոսի 5․ Ջամուի և Քաշմիրի հակամարտության սարսափելի շրջադարձը» վերնագրով հոդվածում։
Ռազմական համագործակցությունը
Տարեսկզբից քաղաքական նմանօրինակ շփումներին զուգահեռ ակտիվ համագործակցություն է գրանցվել նաև ռազմական ոլորտում։
Ն ախ նշենք, որ երկկողմ ռազմական համագործակցության իրավական հիմքը կազմում է Ադրբեջանի և Պակիստանի կառավարությունների միջև 2002թ. Կարաչիում ստորագրված համաձայնագիրը՝ «Պաշտպանության և ռազմական ոլորտում համագործակցության մասին»։ Գործակցության խորացման համար կարևոր նշանակություն են ունեցել 2004թ. Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆի այցը Բաքու, երբ նա ընդգծեց, որ կողմերն ունեն ընդհանուր հետաքրքրություն ռազմական ոլորտում և 2010թ. Պակիստանի պաշտպանության նախարար Սայեդ Աթեր Ալիի Բաքվում կատարած պնդումը, որ Պակիստանը մտադրություն ունի ամրապնդել Ադրբեջանի հետ կապերն այդ ոլորտներում։ Ադրբեջանը, որը, իր հերթին, շահագրգռված էր համագործակցել աշխարհում միջուկային զենք ունեցող դեռևս միակ մուսուլման երկրի հետ, 2013թ. մասնակցեց պակիստանական AMAN-2013 միջազգային ռազմածովային վարժանքներին, իսկ արդեն 2014թ. երկու երկրների ռազմական համագործակցության աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպմանն ստորագրվեց երկկողմ ռազմական համագործակցության համաձայնագիր։ 2016թ. Պակիստանի նախկին վարչապետ Նևազ Շարիֆն Ադրբեջանում հայտարարեց, որ երկու երկրները ռազմական վարժանքներ են անցկացնելու, իսկ ավելի ուշ Ադրբեջանը հայտնեց, որ հետաքրքրված է պակիստանա-չինական JF-17 կործանիչ-ռմբակոծիներով, ինչպես նաև թեթև ուսումնամարզական PAC MFI-17 Mushshak (Super Mushshak) ինքնաթիռներով (1)։
2021թ. հունվար-սեպտեմբեր ամսիներին երկկողմ ռազմական համագործակցության դինամիկան, սակայն, նոր նշաձողի բարձրացավ։ Նախ նշենք, որ եթե 2019թ. ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունն արդեն հայտարարել էր Super Mushshak ինքնաթիռների ձեռք բերման և դրանցով վարժանքեր անցկացնելու մասին (ինքնաթիռների գնման պայմանագիրը ստորագրվել է 2017թ.), ապա JF-17 կործանիչները, ըստ ռուսական և ադրբեջանական մեդիա դաշտում 2021թ. հունվարին տարածված լուրերի, ադրբեջանական կողմը պետք է ձեռք բերած լիներ արդեն ընթացիկ տարվա փետրվարին։ Այս տեղեկությունները, ըստ որոնց նաև Բաքուն 10 տարվա ընթացքում Պակիստանից գնելու է 21 միավոր JF-17 կործանիչներ, ո՛չ հաստատվել են, ո՛չ էլ հերքվել ադրբեջանական պաշտոնական գերատեսչությունների կողմից։
Հունվար-սեպտեմբեր ամսիներին, սակայն, տարբեր այցերով Բաքվում եղան և բազում հանդիպումներ ունեցան պակիստանցի այնպիսի բարձրաստիճան զինվորականներ, ինչպիսիք են Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի պետ Նադիմ Ռազան (1,2,3,4,5), ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Մյուջահիդ Անվար Խանը (1,2,3), նրա տեղակալը՝ ավիացիայի մարշալ Ամիր Մասուդը (1,2), ավիացիայի փոխմարշալ Թարիք Զիյան (1,2), Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Գամար Ջավեդ Բաջվան (1,2,3,4,5), Պակիստանի բանակի ռազմական գործողությունների գլխավոր վարչության պետ Նաուման Զաքարիան (1,2) և այլք։ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Սյուբհան Բաքիրովը, իր հերթին, այցելեց Իսլամաբադ (1,2,3,4,5)։ Նման բարձր մակարդակի այցերին զուգահեռ Բաքվում Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն և Իսլամաբադում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն ևս հանդիպում, քննարկումներ էին ունենում համապատասխանաբար Ադրբեջանի և Պակիստանի ռազմական ղեկավարության հետ (1,2,3,4)։
Հանդիպումներում հիմնականում շեշտվել է, որ Պակիստանը և Ադրբեջանը կարևորում են երկու երկրների զինված ուժերի փորձի փոխանակման, փոխադարձ այցերի, համատեղ վարժանքների, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական համագործակցության հետագա ամրապնդումը։ Նշվել է, որ ռազմական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար զգալի ներուժ է առկա, ինչի զարգացումը բխում է երկուստեք շահերից և ընդգծվել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը։
Մարտի 3-ին Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի պետ Նադիմ Ռազային ընդունելիս Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը, խոսելով երկկողմ ռազմական համագործակցության ոլորտում առկա մեծ հնարավորությունների մասին, հայտարարել է, որ Բաքուն մտադիր է շարունակել Պակիստանից ռազմական տեխնիկա ձեռք բերելու գործընթացը և շեշտել է, որ «հասունացել է համատեղ զորավարժություններ անցկացնելու ժամանակը»։ Ալիևը նույն դիտարկումներն է կատարել նաև հունիսի 21-ին Պակիստանի Գլխավոր շտաբի պետ Գամար Ջավեդ Բաջվայի հետ հանդիպմանը։
Անհրաժեշտ է շեշտել, որ միասնական զորավարժության անցկացման պլանների մասին հստակ հայտարարվել էր 2020թ. ընթացքում։ Տարեսկզբին ադրբեջանական ԶԼՄ-ներում որոշ տեղեկությունների տարածումից զատ, սեպտեմբերի 11-ին ադրբեջանական լրատվականներից CBC-ին տված հարցարզույցում այդ մասին նշել էր Պակիստանում Ադրբեջանի ռազմական կցորդ, գնդապետ Մեհման Նովրուզովը։ 2021թ. Ի. Ալիևի այս հայտարարությունից հետո՝ հունիսի 26-ին, արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Real TV-ին տված հարցազրույցում ասաց, որ զորավարժություներն անցկացվելու են սեպտեմբերին և լինելու են եռակողմ, այն է՝ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ձևաչափով։
Ադրբեջան-Պակիստան ռազմական գործակցության հերթական ցուցիչը հանդիսացող այդ զորավարժությունը կայացավ Ադրբեջանում սեպտեմբերի 12-21-ն ընկած շրջանում՝ երեք երկրների ԶՈւ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։ Դրան տրվեց «Երեք եղբայր» խորհրդանշական անվանումը (1,2,3,4)։ Զորավարժության փակման արարողությանը նշվեց, որ եռակողմ կապերն այսուհետ ևս խորացվելու են։
Դրվագ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան զորավարժության բացման արարողությունից
Ռազմական ոլորտում նման սերտ և խորը գործակցությունը պատահական չէ, որ քաղաքական դաշտում սկսեց օգտագործվել որպես հակազդեցություն Ադրբեջանի դեմ դուրս գալ ցանկացող բոլոր պետությունների դեմ։ Մասնավորապես, Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունների լարվածության ընթացքում ադրբեջանական քաղաքական շրջանակներն սկսեցին շեշտել, որ Ադրբեջանի դեմ սխալ քայլի դեպքում պակիստանական զորքը կհայտնվի Թեհրանում։
Տնտեսական համագործակցությունը
2021թ. Ադրբեջանի և Պակիստանի միջև տնտեսական հարաբերությունները նույնպես զարգացել են, չնայած երկկողմ տնտեսական գործակցության մակադակը բարձր չէ և չի գոհացնում կողմերին։
Ադրբեջանը 1992թ.-ից Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) անդամ է, որը դեռևս 1985թ. ստեղծել են Պակիստանը, Թուրքիան և Իրանը։ Ադրբեջանի ու Պակիստանի միջև 1995թ.-ից ստորագրվել է և գործում է առևտրի և տնտեսության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որի կից արձանագրությամբ ստեղծված միջպետական հանձնաժողովի նիստերը գումարվում են երկու տարին մեկ անգամ (վերջին նսիտը գումարվել է 2016թ. ապրիլին Իսլամաբադում)։ Ադբեջանի և Պակիստանի միջև գործում է առևտրային ոլորտում համագործակցության միջկառավարական աշխատանքային խումբ (վերջին նիստը գումարվել է 2020թ. դեկտեմբերին)։ Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար կարևոր իրադարձություն է եղել Բաքվում Պակիստանի Ազգային բանկի մասնաճյուղի բացումը 2005թ., որի նպատակ է նպաստել տնտեսական կապերի զարգացմանը (2021թ. տվյալներով, սակայն, բանկի մասնաճյուղն աշխատում է վնասով)։
Այդուհանդերձ, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը փոքր է, և դանդաղ են նաև դրա զարգացման տեմպերը։
Տարեթիվ |
Արտահանում |
Ներմուծում |
Ընդհանուր առտևտրաշրջանառությունը |
2015 |
1 703,0 |
293,6 |
1 996,6 |
2016 |
5 862,2 |
1 433,2 |
7 295,4 |
2017 |
6 424,7 |
1 826,4 |
8 251,1 |
2018 |
10 359,4 |
808,1 |
11 167,5 |
2019 |
14 487,3 |
294,5 |
14 781,8 |
2020 |
11 625,5 |
1 657,6 |
13 283,1 |
Տվյալները վերցված են Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի կայքից |
Ըստ Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի տվյալների՝ երկու երկրների միջև մինչև կորոնավիրուսի համավարակն առևտրաշրջանառությունը տարեկան կազմել է 14 781,8 հազար ԱՄՆ դոլար, ինչը շատ չնչին տոկոսն է կազմում Ադրբեջանի առևտրաշրջանառության տարեկան ընդհանուր ծավալի, որը նույն թվականին կազմել է 33 302 678,5 հազար դոլլար։ Ադրբեջանը Պակիստանից ներմուծում է գյուղատնտեսական արտադրանք (հացահատիկներ, միրգ, բանջարեղեն, համեմունքներ, մսամթերք, բամբակ, շաքար), բժշկական և օպտիկական սարքավորումներ, դեղագործական և տեքստիլ արտադրանք, իսկ Պակիստանը՝ տրանսպորտային միջոցներ, երկաթյա և պողպատյա արտադրանք, հանքային վառելիք, յուղեր, էլեկտրոնային սարքեր, դեղագործական ու տեքստիլ արտադրանք և այլն։
Տնտեսական հարաբերությունների թերզարգացվածության հիմնական պատճառը երկու երկրների աշխարհագրական հեռավորությունն է, ինչպես նաև ենթակառուցվածքների բացակայությունը։
Ադրբեջանի և Պակիստանի միջև մինչև 2021թ. չեն իրականացվել ուղիղ թռիչքներ, ինչը խոչընդոտ է եղել առևտրատնտեսական կապերի զարգացման համար։ 2021թ. փետրվարին «Պակիստանի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը հայտարարեց, որ մարտի 14-ից ուղիղ չվերթներ է լինելու Բաքվից դեպի Լահոր։ Պակիստանում Ադրբեջանի արդեն իսկ նախկին դեսպան Ալի Ալիզադեն այդ տեղեկությունը հաստատեց պակիստանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում՝ նշելով, որ կորոնավիրուսային համավարակի տարածման նվազումից հետո իրականացվելու են ուղիղ թռիչքներ, ինչը դրական ազդեցություն է ունենալու տնտեսական և առևտրային հարաբերությունների վրա։ Ավելի ուշ, սակայն, պակիստանական ավիաընկերությունը հայտնեց, որ չվերթներն իրականացվելու են մայիսի 14-ից, բայց հուլիսի 7-ին դեռևս թռիչքները չէին իրականացվում, քանի որ այդ օրը Բաքվում Ադրբեջանի դեսպանը հայտարարում էր, թե ակնկալվում է, որ ուղիղ թռիչքները շուտով կմեկնարկեն։ Այդուհանդերձ, ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը լինելու է գործնական կարևոր քայլ տնտեսական գործակցության զարգացման ճանապարհին, որի ներուժի օգտագործման անհրաժեշտությունը մշտապես ընդգծում են երկու երկրների բարձրաստիճան շրջանակները։
Տարվա ընթացքում մեկ այլ նշանակալի իրադարձություն եղավ երկկողմ տնտեսական հարաբերություններում. բացվեց Ադրբեջան-Պակիստան տնտեսական համագործակցության պալատը (PAKAZCHAM), որը, ըստ նախատեսվածի, առևտրի և ներդրումների խթանման յուրատեսակ հարթակ է դառնալու։ Պալատի բացման ժամանակ Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Էլնուր Ալիևը հայտարարեց, որ քննարկումներ են ընթանում Պակիստանում Ադրբեջանի առևտրային տուն բացելու վերաբերյալ նույնպես։ Հարկ է նշել, որ տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել երկկողմ հարաբերությունները լոգիստիկայի ոլորտում ևս ընդլայնելու ուղղությամբ։ Հայտնի է, որ պակիստանական կողմը վաղուց հետաքրքրված է Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքին միանալու հնարավորությամբ և այն, որ Պակիստանը Բաքվին ժամանակին հրավիրել է միանալ Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքին (CPEC)՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական դիրքը՝ որպես հանգույց Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող Արևելք-Արևմուտք ճանապարհային միջանցքի համար, որը չինական ավելի մեծ նախագծի՝ Մետաքսի ճանապարհի մի մասն է։
Այսպիսով, ամփոփելով կարող ենք ասել, որ Ադրբեջանի և Պակիստանի հարաբերություններն արցախյան 44-օրյա պատերազմի օրերին դրսևորվել են ռազմավարական գործընկերության ամենաբարձր մակարդակում, և պատերազմից հետո դրանք զարգացման նոր, ակտիվ փուլ են թևակոխել։ 2021թ․ ընթացքում առավել քան երբևէ երկուստեք լուրջ ջանքեր են գործադրվել ռազմաքաղաքական, տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Չնայած, որ տնտեսական համագործակցության արդյունքները շարունակում են ոչ գոհացուցիչ մնալ կողմերի համար, և քայլեր են ձեռնարկվում տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունն օրեցօր ամրապնդվում է։ Ավելին՝ ռազմաքաղաքական համագործակցությունն ընդլայնվում է ոչ միայն երկկողմ, այլ նաև եռակողմ՝ Անկարա-Բաքու-Իսլամաբադ ձևաչափով՝ նոր տանդեմ ստեղծելով տարածաշրջանում։