«Բազմամշակութային Ադրբեջանում» թալիշների խնդիրը դեռ ակտիվ է

5 ր.   |  2021-10-11

Ն երկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող բնիկ ժողովուրդներից թալիշներն այսօր ինչպես սոցիալ-տնտեսական, քաղաքական, այնպես էլ ազգային-մշակութային կյանքում բախվում են բազմաթիվ խնդիրների և երկակի մոտեցումների։ Մասնավորապես, ազգային-մշակութային համատեքստում օրակարգային են սեփական ազգության բարձրաձայնման, սեփական լեզվով կրթություն ստանալու, լրատվամիջոց ունենալու խնդիրները։ Ադրբեջանում ապրող թալիշների թիվը ևս խնդրահարույց է։ Ըստ 2009թ․ մարդահամարի տվյալների՝ Ադրջանում թալիշների թիվը 112 հազար է, մինչդեռ որոշ հետազոտողներ և տեղի բնակիչները նշում են, որ թալիշերեն լեզվի և մշակույթի կրողների թիվը մոտ տասն անգամ ավելի է(1,2,3):

Դեռևս 1993թ․ հունիսին թալիշները փորձեցին ստեղծել Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետություն ներկայիս Ադրբեջանի տարածքի հարավ-արևելյան՝ թալիշներով բնակեցված հատվածում։ Սակայն, նույն թվականի օգոստոսին՝ ինքնավար հանրապետություն ստեղծելու ձախողված փորձից հետո ազգությամբ թալիշ հասարակական-քաղաքական գործիչներից շատերն ստիպված եղան արտագաղթել Ադրբեջանից և շարունակել գործունեություն ծավալել այլ երկրներում։ Այժմ ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ երկրից դուրս բազմաթիվ թալիշական հասարակական-քաղաքական կազմակերպություններ պայքարում են հանուն սեփական ժողովրդի ազատության և իրավունքների (1,2,3,4,5):

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես թալիշների իրավունքների խախտումների և ազատությունների սահմանափակումների մասին բազմիցս է բարձրաձայնվել՝ չնայած երկրի իշխանությունները համառորեն շարունակում են հերքել և փորձում են Ադրբեջանը ներկայացնել «բազմամշակութային պետություն» փաթեթավորմամբ։ Վերջին շրջանում Ադրբեջանում թալիշների խնդիրների թեման հերթական անգամ մեծ հնչեղություն ստացավ, երբ Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը (ATİŞ) հրապարակեց և Եվրոպայի Խորհուրդ ուղարկեց այլընտրանքային զեկույց՝ 2016-2021թթ․ Ադրբեջանի Հանրապետությունում թալիշների նկատմամբ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի կատարման վերաբերյալ։ 

Ադրբեջանը դեռևս 2000թ․ միացել է «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիային և 2001թ․-ից սկսած 5 տարին մեկ ազգային փոքրամասնությունների հետ կապված զեկույց է ներկայացնում Եվրոպայի խորհրդին։ Զեկույց ներկայացնելու հնարավորություն տրվում է նաև հասարակական կազմակերպություններին, ինչից և օգտվել է Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը։ 

Այլընտրանքային զեկույցում նշվել է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները վարում են խտրական քաղաքականություն, անում են առավելագույնը՝ հնարավորինս կարճ ժամանակում թալիշների ձուլման համար։ Ընդհանուր առմամբ, անդրադարձ է կատարվել պաշտոնական տվյալներում թալիշների թվի նվազեցմանը, «Թալիշ» անվան արգելմանը, թալիշերենով կրթություն ստանալու խնդրին, թալիշերեն նյութեր հրապարակող կայքերի փակմանն ու խոսքի ազատության սահմանափակմանը, ազգային պատկանելությամբ պայմանավորված հետապնդումներին։ Խորհուրդը եզրակացության մեջ նշել է, որ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան» թալիշների նկատմամբ չի պահպանվում:

Զեկույցը բուռն քննարկումների պատճառ է դարձել։ Իշխող վարչակարգի աջակիցներն շտապեցին հերքել զեկույցում ներկայացված պնդումները, արշավ սկսեցին զեկույցի կազմակերպիչների և խնդրի վերաբերյալ իրենց կարծիքը բարձրաձայնողների դեմ, ավելին՝ թալիշական կազմակերպության կողմից ներկայացված փաստերը փորձեցին դիտարկել քաղաքական ենթատեքստում, իսկ այլընտանքային զեկույցը որակել որպես անջատողական քայլ (1,2,3,4

Ա դրբեջանում թալիշներով բնակեցված շրջաններից ընտրված պատգամավորներ Ջ․ Փաշազադեն, Ռ․ Գուլիևը մեղադրեցին զեկույցի հեղինակներին կեղծ տեղեկություն տարածելու մեջ՝ նշելով, որ «Ադրբեջանում ապրող թալիշները որևէ խնդիր չունեն»։ Երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների կողմից նման կտրուկ ձևակերպումն արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս, քանի որ ԵԽ խորհրդատվական կոմիտեի պատվիրակության Ադրբեջան այցից հետո 2019թ․ փետրվարի 4-ին հրապարակված կարծիքի մեջ ևս ներկայացվել են տարբեր ոլորտներում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ թալիշների ունեցած  խնդիրները, ինչն իր արտացոլումն է գտնել 2021թ․ փետրվարի 3-ին Ադրբեջանի կառավարության համար ներկայացված անհապաղ և լրացուցիչ առաջարկություններում։ 

Հանրային դաշտում քննարկումների հակասությունների աստիճանը պատկերացնելու համար կարելի է դիտարկել հետևյալ օրինակը։ Քաղաքագետ Գ․ Հուսեյնլին, հերքելով զեկույցում նշված պնդումները, փորձել է փաստեր ներկայացնել՝  նշելով, որ Լենքորանի պետական համալսարանում թալիշերեն լեզվի և գրականության համար դասախոսներ պատրաստող հատուկ ֆակուլտետ կա, Լենքորանի պետական թատրոնում թալիշերենով ներկայացումներ են ցուցադրվում, շաբաթական երեք օր թալիշերեն լեզվով տարածաշրջանային հեռուստատեսությամբ հաղորդումներ են հեռարձակվում։ Իրավաբան Ա․ Աբիլովն ամբողջովին հերքել է այս պնդումները՝ հավելելով, որ «Թալիշերեն լեզվի» դասագիրք վերջին անգամ տպագրվել է 2006թ․։  Նման քննարկումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ կա խնդիր, և կողմերից մեկն առնվազն ստում է կամ փաստերը ներկայացնում է խեղաթյուրված։ 

Քննարկումները տեղափոխվեցին նաև իշխանություն-ընդդիմություն դաշտ։ Ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես Ազգային Ժողովրդական Ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) մի շարք անդամներ հրապարակումներով հանդես եկան և մեղադրեցին իշխանություններին։ Օրինակ՝ Գ․ Զայիդովն իր հրապարակումներից մեկում նշել է, որ ոմանք կարծում են՝ հայերից բացի որևէ ազգի հետ խնդիր չկա, բայց Ադրբեջանում պետական իշխանության խնդիր կա․ «Պետությունը ոչ մարդու իրավունքներն է ճանաչում, ոչ էլ առանձին-առանձին ժողովուրդների իրավունքը»։  Նման կոշտ շեշտադրումներին ի պատասխան` Ադրբեջանում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը հրապարակում է տարածել՝ մեղադրելով ԱԺՃԿ-ին անջատողական միտումներ ամրապնդելու և հասարակության մեջ խուճապ տարածելու մեջ։ 

Ադրբեջանում ազգային փոքրամասնություն որակված թալիշների խնդիրների վերաբերյալ հանրային դաշտում ակտիվ ընթացք ստացած քննարկումները հնարավորինս արագ օրակարգից դուրս բերելու և խնդիրը բուն էությունից շեղելու համար գործի դրվեցին վաղուց արդեն ծանոթ թեզերը՝ հարցին տրվեց քաղաքական երանգավորում։ Մասնավորապես, որոշ փորձագետներ, քաղաքական դաշտի ներկայացուցիչներ այլընտրանքային զեկույցը փորձեցին կապել Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության հետ, ավելին՝ որոշներն էլ այս քայլը որակեցին որպես «հայկական սադրանք» (1,2)։ 

Խորհրդի անդամներից Հ․ Մեմմեդովը հարցազրույցներից մեկում շեշտել է, որ զեկույցի հրապարակումը որևէ կերպ պայմանավորված չէ Ադրբեջան-Իրան հարաբերությունների հետ։ Պարզապես զեկույցն ունի հրապարակման ժամկետ, և այս տարի չհրապարակելու դեպքում խորհուրդը պետք է սպասեր ևս 5 տարի։ Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը, անդրադառնալով բոլոր տեսակի մեղադրանքներին, մանրամասներ է ներկայացրել զեկույցի հրապարակման ժամկետի, բովանդակության վերաբերյալ և շեշտել՝ այլընտրանքային զեկույցի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են Ադրբեջանում ապրող թալիշները։ 

Այսպիսով՝ Ադրբեջանի թալիշների հասարակական խորհրդի զեկույցը, նրան հաջորդող ակտիվ քննարկումները, հակասական փաստերն ու փոխադարձ մեղադրանքները հավաստում են, որ  Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ թալիշների խնդիրները շարունակում են մնալ օրակարգային, իսկ «բազմամշակութային Ադրբեջանը» հետևողականորեն պատշաճ ուշադրություն չի դարձնում այս հարցին,   ավելին՝ ցանկանում է լռեցնել, առավելագույնս ճնշել  խնդիրների բարձրաձայնման ցանկացած փորձ՝ նաև թեմային քաղաքական ենթատեքստ հաղորդելու միջոցով։