Ադրբեջանը դատապարտում է հայ ռազմագերիներին
9 ր. | 2021-09-14Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ակնհայտորեն խախտվում է
Գլխավոր լուսանկարը՝ Արմեն Երամիշյանի, hetq.am ։
Եռակողմ հայտարարության Ադրբեջանի խախտումների և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող ռազմական ագրեսիայի շուրջ զրուցել ենք գերմանացի գիտնական, պատմաբան, անկախ հեղինակ և հետազոտող, իրավապաշտպան Թեսսա Հովմանի հետ։
- 2020 թ. նոյեմբերի 10-ին կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունից անցել է ավելի քան տասն ամիս, սակայն ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ շարունակվում է։ Ադրբեջանը հարձակվում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարբեր ուղղություններից, այդ թվում` Նախիջևանի, Սյունիքի և Գեղարքունիքի շրջաններում։ Այս ամենի հետևանքով հայկական կողմը կրկին զոհեր ունի։ Բացի այդ, շարունակվում է նաև Ադրբեջանի պաշտոնական ռազմատենչ հռետորաբանությունը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը։
Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն ամբողջովին իր վերահսկողության տակ առնելն է, հավանաբար՝ ներառելով Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ, հատկապես՝ Սյունիքը, որը պարբերաբար ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք (Զանգեզուր)։ Ադրբեջանը, որին աջակցում է Էրդողանի կառավարությունը, Հայաստանին առաջարկում է բարիդրացիական լավ հարաբերություններ՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի հարևան երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սա կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ճանաչում է Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի պահանջները։
Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը հիմնված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման ու Ադրբեջանի ամբողջականության միջև սկզբունքների բարդ լուծելի անտագոնիզմի [հակադրության] վրա։ Այն թվագրվում է 1921-ին, երբ Լեռնային Ղարաբաղը դարձավ խաղաքարտ Խորհրդային Ռուսաստանի փոփոխվող քաղաքականության մեջ։ Հայերի ու ադրբեջանցիների համար հակամարտությունը խորապես կապված է իրենց ազգային ինքնաընկալումների հետ։ Հայերի համար Արցախը իրենց սեփական տարածքն է, որը խորհրդային շրջանում ապօրինի բռնակցվել է Ադրբեջանին: Առանց հասարակության ներգրավման և ընդունելի փոխզիջումներին նախապատրաստելու, և հատկապես առանց Հայաստանի անվտանգության և ոչնչացման վախի վերաբերյալ համոզիչ հստակ լուծումների, միջազգային ճնշման տակ տարվող խաղաղ բանակցությունները ոչ միայն չեն կանգնեցնում անվստահության և ռազմականացման շրջանը, այլ ընդհակառակը՝ ավելացնում են այն։ Ցավոք, այս, ինչպես նաև գործունեության շատ այլ ոլորտներում Հայաստանի կառավարությունը մինչև այժմ ձախողել է հանրային քննարկումների ակտիվ նախաձեռնողականությունը, քաղաքական իրազեկման և տեղեկացման գործընթացներ սկսելը։
Խաղաղ կամ ռազմական լուծումների առնչությամբ հանրային լայն քննարկումներ հազիվ թե անցկացվել են։ Մինսկի խմբի ոչ բավարար ներգրավվածությունը, անկասկած, հանգեցրել է ԵԱՀԿ միջնորդական ջանքերի ձախողման։ Ոչ պետական բոլոր կառույցները դուրս էին մնացել Մինսկի խմբից վաղ շրջանում, այդ թվում նաև հակամարտության անմիջական կողմը՝ Լեռնային Ղարաբաղը՝ որպես միջազգայնորեն չճանաչված կազմավորում, ինչպես նաև Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչները։ Այս էտատիստական մոտեցման մեկ վիճելի արդյունքն էր հակամարտության մեկնաբանության ընդարձակումը կամ տեղափոխումը Հայաստան՝ որպես հակամարտության (փոխարինող) անմիջական կողմ:
Խաղաղության շուրջ բանակցություններում որևէ առաջընթացի բացակայության պայմաններում 2016-ին և 2020-ին պատերազմական գործողությունների վերսկսումը միայն ժամանակի հարց էր։ Այն, ինչպես նախորդ դեպքերում, նախաձեռնել է Ադրբեջանը, որը տասնամյակի ընթացքում 16 անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն՝ 300 միլիոն դոլարից (2005) դարձնելով 4.8 միլիարդ (2015)։ Ըստ SIPRI-ի [Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտ]՝ 2012-2016թթ.-ին Ադրբեջանի զենքի ներմուծումը 20 անգամ գերազանցել է Հայաստանի ներմուծմանը։ Այդպիսով Բաքուն Հայաստանին ներքաշել է սպառազինության մրցավազքի մեջ։
— Ադրբեջանը մինչև հիմա հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ խախտելով եռակողմ հայտարարության պայմանները, ինչպես նաև չի ներկայացնում հայ ռազմագերիների իրական թիվը։ Հայտնել է միայն մի քանի ռազմագերու ինքնության մասին՝ ներկայացնելով որպես «հանցագործ», որոնց դեմ տարբեր կեղծ մեղադրանքներով դատավարություններ է անցկացնում։ Թուրքիայի նախագահի տիկնոջ հետ զրույցում էլ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը շեշտեց, որ Ադրբեջանում պահվող գերիներին կփոխանակեն ականապատ դաշտերի քարտեզների հետ։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայկական կողմի գերիներին ապօրինաբար պահում է քաղաքական սակարկությունների համար։ Որպես իրավապաշտպան՝ ինչպե՞ս կմեկնաբանեք պաշտոնական Ադրբեջանի գործողությունները հայ ռազմագերիների նկատմամբ։ Ի՞նչ սպասելիքներ ունի Ադրբեջանը, որ շարունակում է պահել ռազմագերիներին։
— Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 10-ին հրադադարի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետը։ Որպեսզի քողարկի համաձայնագրի այս ակնհայտ խախտումը, Ալիևի ռեժիմը քրեականացնում է գերիներին՝ մեղադրելով նրանց հանցագործությունների համար։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե կան բացահայտ խոստովաննություններ, դրանք չունեն ապացուցողական ուժ՝ հայերի նկատմամբ լայնորեն փաստագրված խոշտանգումների փորձի լույսի ներքո։ Ակնհայտ է, որ ձերբակալված հայ բանտարկյալները պատանդի դեր են կատարում: Մնում է տեսնել՝ ինչ նպատակներ են կորզվելու՝ ականապատ տարածքների քարտեզնե՞րը, թե՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։
— Մինչ Թուրքիան շարունակում է հերքել Արցախյան պատերազմին իր մասնակցությունը, Թուրքիայում պարգևատրում են զինվորականներին՝ «Ադրբեջանի պատերազմին ծառայության» համար, ինչը Ադրբեջանի կողմից Արցախյան պատերազմում Թուրքիայի մասնակցության ևս մեկ ապացույց է։ Ըստ ձեզ՝ ի՞նչ նպատակ է իրականում հետապնդում Թուրքիան և ի՞նչ ակնկալիքներ ունի։
— Արցախյան պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներգրավվածությունը ահռելի էր։ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության փոխարեն թուրքական կառավարությունը թույլ տվեց պատերազմի սրացում. մոտեցում, որն արտացոլում է դարավոր էթնիկ և կրոնական թշնամանքը։ Թուրքիան կարևոր դեր խաղաց Ղարաբաղյան առաջին պատերազմում՝ ապահովելով պաշտոնապես պաշտոնաթող եղած զինվորական խորհրդականներով։ Տարիներ շարունակ այն ադրբեջանցի սպաներին ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ռազմական վարժանքներով, և, Իսրայելի հետ միաժամանակ, զինել ԱԹՍ-ներով, մասնավորապես, տխրահռչակ Bayraktar TB2 մարտական և հետախուզական ԱԹՍ-ներով։
Այդուամենայնիվ, «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը թուրքական չէ, այլ Հեյդար Ալիևի գաղափարը։ Էրդողանի վարչակարգը մտահոգված է Հարվային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ազդեցության ոլորտի և ուժի ընդլայնմամբ ու կայունությամբ։ Ի թիվս այլնի՝ այն ֆինանսավորում է Ադրբեջանի սուննիական ներկայացուցչությունները, որտեղ մահմեդականների միայն մեկ քառորդն է սուննի (ներառյալ նախագահ Ալիևը)։ Հարց է՝ արդյո՞ք ադրբեջանցիների մեծամասնությունը պատրաստ է երկարաժամկետ կտրվածքով ենթարկվել Թուրքիային՝ որպես տարածաշրջանային հեգեմոն ուժի։
— Արցախի տարածքները բռնազավթելուց անմիջապես հետո Ադրբեջանն անցավ նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, որը հաստատող մի շարք փաստեր ու ապացույցներ կան։ 2021թ. մարտին մի խումբ գերմանացի ու հայ գիտնականներ, որոնց թվում էիք նաև Դուք, հանդես եկան Արցախում և Ադրբեջանի կողմից բռնագրավված տարածքներում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման կոչով։ Ո՞րն է Ադրբեջանի նպատակը և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու ուղղությամբ։
— Ադրբեջանը հայկական մշակութային հարստության դեմ ուղղված երկկողմ մոտեցում է ցուցաբերում. նյութական ոչնչացման կամ ռեինտերպրետացիայի [վերաիմաստավորման] (այս դեպքում՝ «ալբանացման») միջոցով: Մինչև 1970-ականների վերջը Բաքուն զգուշորեն թաքցրել է հայկական կոթողները կամ անտեսել դրանց գոյությունը: Քարտեզներում, ուղեցույցներում և այլ նյութերում, որոնք հրատարակվում էին Բաքվում, Մոսկվայում և արտասահմանում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ էջերը պարունակում էին մահմեդական կոթողների լուսանկարներ, որոնք ոչ մի կապ չունեին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի հետ:
1980-ականներին, վերակառուցման պատրվակով, Գանձակում հայկական եկեղեցիների բնորոշ ճարտապետական դետալները փոխվեցին այնպես, որ այդ սրբատեղիները հնարավոր լիներ ներկայացնել որպես ադրբեջանական ճարտարապետության գլուխգործոցներ: Նույն նպատակով Վաչագան Բարեպաշտի եկեղեցում հայ հիմնադրի արձանագրությունը և 12-րդ դարի խաչը հանվել է, և քարը հետագայում ցուցադրվել Աղդամի շրջանային թանգարանում որպես ադրբեջանական հնագույն հուշարձան:
Էթնոցիդի ավելի ագրեսիվ դրսևորումները հետևեցին Լեռնային Ղարաբաղի անկախության շարժմանը: 1989թ. հունիսին ադրբեջանցիները հրդեհեցին Շուշիում Սուրբ Ամենափրկչի (Ղազանչեցոց) նշանավոր տաճարը: 1989թ. դեկտեմբերի 25-ին նրանք ոչնչացրին Բաքվի հայկական եկեղեցին, այրեցին եկեղեցուն նվիրաբերված գրքերը, թալանեցին սրբապատկերները և պետական ունեցվածքը: Դրանից հետո, Առաքել գյուղի «Մեր աղջկա» եկեղեցին և Ամարասի (Մարտունու շրջան) վանական համալիրը հրետանակոծվեցին, որին հետևեցին Նորաշենի, Բանաձորի, Ցորի եկեղեցիները, Բերդաձորի մատուռը, ինչի համար հանցագործները պատասխանատվության չենթարկվեցին:
Մինչ Ղարաբաղի այն շրջանները, որոնք դեռ հայաբնակ էին, չնայած ավելի վաղ պաշտոնական անտեսումներին, շարժական նյութական մշակութային արժեքների հեռացման, ճարտարապետական հուշարձանների ինքնության կեղծման և այլ մանիպուլյացիաներին, կարողացան մեծամասամբ պահել իրենց հայկական մշակութային ժառանգությունը, այն շրջանների պատկերը, որոնց հայկական բնակչությունը տեղահանվել էր, շատ ավելի անհուսալի է: Սա վերաբերվում է, օրինակ, այն շրջաններին, որոնք սահմանակցում էին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանին հյուսիսում և պատկանում էին պատմական Ղարաբաղին: Միայն պատմական Գարդմանք (Գարդման) գավառում մի ժամանակ հաշվվել է մոտ 5000 հուշարձան, որոնց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:
Ադրբեջանի տարածքում էթնոցիդի առավել վառ դեպքերից մեկը վերաբերում է Նախիջևանի շրջանին, որի հայկական բնակչությունը վտարվել էր այս շրջանի խորհրդայնացման ամենասկզբում: Նախիջևանը (4000 կմ2) 1921թ. Թուրքիայի պահանջով տրվել էր խորհրդային Ադրբեջանին՝ որպես «ինքնավար հանրապետություն», չնայած այն Խորհրդային Ադրբեջանի հետ չի սահմանակցում։ Նախիջևանի վերջին 2000 հայերը տեղահանվել են 1988-ին, Ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո: 1922թ-ից սկսած, բայց հատկապես 1998-2003թթ. Ադրբեջանը համակարգված ձևով ոչնչացնում է այս պատմական հայկական շրջանի ամենանշանավոր հուշարձաններից մեկը՝ Ջուղայի 1500-ամյա հայկական գերեզմանատունը, որը տեղակայված է Իրանի հետ սահմանին, արդեն 20-րդ դարի սկզբերին 6000 խաչքարեր են հաշվվել: Յուրաքանչյուր հայկական խաչքար յուրահատուկ է և ըստ այդմ՝ անփոխարինելի: Ջուղայի խաչքարերը եղել են այս շրջանում հայկականության պատմության քարե տարեգրությունը և միաժամանակ՝ յուրահատուկ օբյեկտ (տարածաշրջանային) համեմատական ոճաբանության ուսումնասիրության համար:
2005թ-ի դեկտեմբերի կեսին, Իրանի սահմանին մի հայկական ֆիլմի նկարահանող խումբը վավերագրել էր Նախիջևանի հարավում Ջուղայի շրջանում պատմական հայկական գերեզմանատան և խաչքարերի համակարգված ոչնչացումը: 2006թ-ի մարտի 10-ին Թավրիզի Հայ ազգային առաջնորդարանը Իրանի տարածքից փաստագրել էր Ջուղայի պատմական գերեզմանատան ողբալի վիճակը: Քրիստոնեական մշակույթի մի եզակի և ըստ այդմ՝ անփոխարինելի խումբ ոչնչացվեց միջազգային հանրության աչքերի առաջ: Այս մշակութային սպանությունը տեղի ունեցավ լիարժեք անտարբերության պայմաններում՝ չնայած Արևելքում մահացածների անդորրն առանձնահատուկ կերպով հարգելու հանգամանքին։
Ի՞նչ կարելի է անել մշակութային ոչնչացման նմանատիպ դեպքերում: Արդեն իսկ անցյալում հայկական հասարակական կազմակերպությունները փորձել են ավելի մեծ միջազգային տեղեկացվածություն ապահովել, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Սա պետք է նաև հիմա անել: Այնուամենայնիվ, առանց Ռուսաստանի ներգրավման, Ղարաբաղում և դրա շրջակայքում հայկական մշակութային արժեքների արդյունավետ պաշտպանությունը պատկերացնել հնարավոր չէ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ-ի և այլ միջազգային կառույցների բոլոր առարկություններն ու բողոքներն ապարդյուն են անցել, ինչպես Նախիջևանի օրինակն է հստակ ցույց տալիս: Ավելին, մշակութային արժեքների պահպանությունը պետք է իրականացվի տեղում, որտեղ այս պահին միայն Ռուսաստանը կարող է արգելել Ադրբեջանի ոչնչացման փորձերը:
— Պատերազմից հետո միջազգային մակարդակում քիչ է քննարկվում Արցախի հարցը։ Ըստ ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է անի միջազգային հանրությունը ու ի՞նչ դեր կարող է խաղալ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների կանխարգելման հարցում։
— Ցավոք, չլուծված քաղաքական հակամարտություններն արագ անհետանում են մեդիայի լուսաբանումից և մեր գիտակցությունից։ Մենք դա բազմաթիվ օրինակներով կարող ենք տեսնել, մասնավորապես՝ Աֆղանստանը, որը բազմիցս դուրս է մնացել հասարակության աչքից վերջին 20 տարում, չնայած այնտեղ ոչ մի տևական առաջընթաց չի գրանցվել, ինչպես և Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի պարզաբանման հարցում։ Ինչպես և հայկական մշակութային հուշարձանների պահպանման դեպքում, այս դեպքում էլ հարցն այն է լինելու՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությանն ու հայկական սփյուռքին կհաջողվի այս հարցերը միջազգային ուշադրության կենտրոն հետ բերել։
— Պատերազմից հետո ադրբեջանական ագրեսիայի պատճառով օրակարգից գրեթե դուրս է մղվել արցախահայության համար ամենակարևոր՝ Արցախի ինքորոշման հարցը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող է Արցախն առկա թուրք-ադրբեջանական ճնշումների պայմաններում հասնել ինքնորոշման հիմանարար իրավունքը կրկին օրակարգ բերելուն։ Ի՞նչ դեր կարող է խաղալ միջազգային հանրությունն այս հարցում։
— Նախքան միջազգային հանրությունը կպաշտպանի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքը դա անի համոզիչ կերպով։ Ղարաբաղը նախ և առաջ ոչ թե վիճելի տարածք է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ տարածք՝ դատապարտված դե-ֆակտո պետականության, որն այդպիսով հաջողությամբ շուրջ 30 տարի խուսափեց Ադրբեջանի տիրապետությունից։
1992թ. ի վեր Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությունը (ԵԱՀԽ, ներկայումս՝ ԵԱՀԿ) ձգտում էր տևական խաղաղության համաձայնության և ձևավորեց «Մինսկի խումբը»՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի գործող նախագահությամբ։ Հետագայում Ղարաբաղը, որպես բանակցությունների անմիջական կողմ, դուրս մնաց բանակցություններից։ Չնայած Հայաստանը մշտապես հերքել է, որ հակամարտության անմիջական կողմ է, այդ ժամանակվանից ի վեր միայնակ է բանակցել Ղարաբաղի ճակատագրի շուրջ։ Հայաստանը անվտանգության հիմքով մերժեց ԵԱՀԿ «Մադրիդյան սկզբունքները» (2007-2009), որով նախատեսվում էր 1994թ. Ղարաբաղի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջանների վերադարձ և հարյուր հազարավոր ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձ։