Վրաստանը 2021 թ. ՏԻՄ ընտրությունների շեմին
7 ր. | 2021-09-06Քաղաքական կոնյունկտուրան Վրաստանում
Ն ախորդ հոդվածում ցույց տրվեց, որ Վրաստանում 2020 թ.-ից մինչ օրս շարունակվող քաղաքական ճգնաժամի խորքային պատճառների շարքում է «Վրացական երազանք» կուսակցության իշխանության տարիներին Վրաստանում արտաքին տնտեսական հարաբերություններում ՌԴ դերի բարձրացումը։
Այս հոդվածում կդիտարկենք, թե որքանո՞վ է հավանական, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ի տեղական ինքնավարության մարմինների ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքը» կկարողանա հավաքել ընտրողների ձայների 43%-ից ավելին, խուսափել 2022 թ. արտահերթ պառլամենտական ընտրություններից[1] և պահպանել Վրաստանի պառլամենտում իր քաղաքական մենիշխանությունը։ Վերլուծությունը կկատարենք ԱՄՆ Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI – International Republican Institute) 2021 թ. հունիսի 15-30 Վրաստանում իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա[2]։
Առաջին հարցը, որը պարբերաբար արծարծվում է Վրացական լրատվամիջոցներում այն է, թե որքանո՞վ են զանգվածային սոցիոլոգիական հետազոտությունները, մասնավորապես IRI հետազոտությունները, ճիշտ արտացոլում հասարակական կարծիքը։ Գծապատկեր 6-ում տրված են IRI 2020 թ. օգոստոսին Վրաստանում կատարված հետազոտության և Վրաստանում 2020 թ. հոկտեմբերի 31-ի պառլամենտական ընտրությունների արդյունքները։
Գծապատկեր 6. Վրաստանում պառլամենտական ընտրությունների արդյունքները՝ 2020, հոկտեմբեր 31 և Միջազգային Հանրապետական Ինստիտուտի 2020 օգոստոսի նախընտրական հետազոտության արդյունքները։ Հետազոտության արդյունքները վերահաշվարկված են այնպես, որպեսզի ցույց տրվեն կուսակցությունների իրական ռեյտինգները։
Տվյալները ցույց են տալիս, որ հետազոտության և ընտրությունների արդյունքները շատ մոտ են միմյանց։ Մասնավորապես, «Վրացական երազանքին» տրված ձայները տարբերվում են հետազոտության արդյունքներից ընդամենը 1%-ով։ Այսինքն՝ «Վրացական երազանքի» հաղթանակը օրինաչափ էր։ Ինչ վերաբերվում է «Ազգային միացյալ շարժում» կուսակցությանը տրված ձայներին, ապա դրանք ավելի բարձր են, քան հետազոտական տվյալները, հավանաբար այն պատճառով, որ այն լինելով ընդդիմադիր ամենախոշոր կուսակցությունը, կարողացել է իրեն տրված ձայներն ավելացնել ավելի փոքր, սակայն իր բազային ընտրազանգվածը կիսող կուսակցությունների հաշվին։ Մասնավորապես, երրորդ տեղում գտնվող «Եվրոպական շարժում» կուսակցությունը հիմնադրվել է 2017 թ.-ին՝ անջատվելով «Ազգային միացյալ շարժումից»։ Այսինքն, «Ազգային միացյալ շարժումը», հետազոտությունից հետո երկու ամսվա ընթացքում, կարողացել է հետ բերել իր իսկ ընտրազանգվածի մի մասը, որն անցել էր «Եվրոպական կուսակցությանը»։
Ստացվում է, որ IRI հետազոտությունը և ընտրությունների արդյունքները փոխադարձաբար հիմնավորում են միմյանց։ Նշենք, որ «Ազատ ընտրություններ» ՀԿ-ի կողմից ընտրողների ձայների զուգահեռ հաշվարկը (exit-poll) գործնականում համընկել է Վրաստանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների հետ։ ԵՄ միջազգային դիտորդները, ԵՄ կառույցները և ԱՄՆ-ն ճանաչեցին ընտրությունների արդյունքները։
- Հետևաբար, հիմքեր կան վստահելու նաև IRI 2021 թ. հունիսի հետազոտության արդյունքներին։
Քաղաքական իրավիճակը Վրաստանում 2021թ. հունիսին
2 021 թ. օգոստոսի 2-ին Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակեց Վրաստանում հունիսի 15-30-ն իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները։ Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է երես-առ-երես մեթոդով։
Գծապատկեր 7-ում տրված են «Եթե ՏԻՄ ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, ապա ո՞ր կուսակցությանը կտայիք Ձեր ձայնը» հարցին տրված պատասխանները։
Գծապատկեր 7․
Տվյալները ցույց են տալիս, որ «Վրացական երազանքի» վարկանիշը շարունակում է նշանակալիորեն գերազանցել երկրորդ տեղում ընթացող «Ազգային միացյալ շարժմանը», որը կազմավորել է «Միությունը ուժ է» դաշինքը։ Սակայն հետազոտության «հում» տվյալները թույլ չեն տալիս որոշել, արդյո՞ք ընտրություններում «Վրացական երազանքը» կհավաքի ձայների 43%-ից ավելին։ Ստանալու համար այդ հարցի պատասխանը, տվյալներից պետք է հանել «Դժվարանում եմ պատասխանել» և «Հրաժարվում եմ պատասխանել» պատասխանների տարբերակները։ Այդ գործողությունից հետո, ձայների բաշխումը կուսակցությունների միջև տրված է Գծապատկեր 8-ում։
Գծապատկեր 8․
Տվյալների վերահաշվարկից հետո պարզվում է, որ․
- ՏԻՄ ընտրություններում «Վրացական երազանքը» շատ մեծ հավանականությամբ, կստանա ձայների 36%-ը, որն նշանակալիորեն փոքր է անհրաժեշտ 43%-ից։
- Հետևաբար, եթե Վրաստանի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև պահպանվի ապրիլի 19-ի միջկուսակցական համաձայնագիրը, ապա արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան։
Այն, որ այդ սցենարն ունի իրականացման մեծ հավանականություն, հուշում են հետազոտության մյուս տվյալները։
- Գ․ Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որը հիմնադրվել էր հետազոտությունից մոտ 20 օր առաջ, գտնվում է երրորդ տեղում՝ 12% ռեյտինգով։
- «Վրացական երազանքը» և «Ազգային միացյալ շարժումն» ունեն մեծ հակառեյտինգներ, համապատասխանաբար՝ 24% և 30% (Գծապատկեր 9), ինչը կդժվարացնի նրանց ռեյտինգների աճը։ Սակայն, Գախարիայի կուսակցության հակառեյտինգը շատ փոքր է՝ 3%, այսինքն՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության ռեյտինգն ունի աճ մեծ պոտենցիալ։
Գծապատկեր 9․
- Վրաստանի բնակչության ընդհանուր լոյալությունը երկրի քաղաքական կուրսի նկատմամբ 2020 թ. հունիսից մինչև 2021 թ. հունիս, նվազել է՝ 38%-ից մինչև 26%։ Դրան համապատասխան նվազել է նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության [«հում»] ռեյտինգը՝ 2021 թ. փետրվարին 35%-ից մինչև 26% հունիսին։
Հարկ է նշել, որ այդ նվազման կարևոր գործոն է նաև այն, որ, երբ Գախարիան «Վրացական երազանք» կուսակցության անդամ էր և Վրաստանի վարչապետ (2019 սեպտեմբերի 9-ից մինչև 2021 փետրվարի 18), նա ուներ շատ բարձր հեղինակություն։ Հեռանալով կուսակցությունից և հիմնադրելով նոր կուսակցություն, Գախարիան «իր հետ է տարել» նաև «Վրացական երազանքի» ընտրազանգվածի նշանակալի հատվածը։ «Հանուն Վրաստանի» կուսակցության շատ փոքր հակառեյտինգը հուշում է, որ Վրացական երազանքի ընտրազանգվածի արտահոսքը դեպի Գախարիայի կուսակցություն, մեծ հավանականությամբ կշարունակվի։ - 2021 թ. փետրվարից մինչև հունիս նվազել է նաև Ազգային միացյալ շարժման ռեյտինգը՝ 18%-ից մինչև 14%։
Նշենք, որ հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններին սպասվում է բարձր մասնակցություն՝ բնակչության 75%-ը «մեծ հավանականությամբ», իսկ 14%-ը՝ «հավանաբար» կմասնակցեն ընտրություններին։
Քանի որ ընտրություններում «Ազգային միացյալ կուսակցությունն» ակնհայտորեն չի ստանա առաջին տեղը՝ նրան կգերազանցի «Վրացական երազանքը» և, նույնիսկ, չի բացառվում, որ նաև՝ Գախարիայի՝ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը), հետևաբար․
- Եթե որևէ տեսքով վերականգնվի ապրիլի 19-ի միջկուսակցական համաձայնագիրը, ապա Վրաստանում 2022 թ.-ին շատ մեծ հավանականությամբ տեղի կունենան արտահերթ պառլամենտական ընտրություններ
- Եթե միջկուսակցական համաձայնագիրը չվերականգնվի, ապա ընտրություններից հետո պետք է սպասել «Ազգային միացյալ կուսակցության առաջնորդությամբ», ընդդիմության բողոքի ալիքի, որի նպատակն է լինելու արտահերթ պառլամենտական ընտրությունների իրականացումը 2022 թ.-ին։
Դրա հնարավորության բավական բարձր պոտենցիալի մասին են հուշում հետազոտության տվյալները բողոքի պոտենցիալի վերաբերյալ և, հատկապես, այդ ցուցանիշները բողոքի ցույցեր կազմակերպող հիմնական ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածում (Աղյուսակ 1)։
Ցուցանիշ |
Ընտրազանգված |
||
«Ազգային միացյալ շարժում» |
«Վրացական երազանք» |
Ընդամենը՝ Վրաստան |
|
Համարում են, որ հոկտեմբերի ՏԻՄ ընտրությունները չեն լինի ազատ և արդար |
70% |
6% |
38% |
Սատարում են արտահերթ պառլամենտական ընտրություն անցկացնելու գաղափարին |
82% |
24% |
51% |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չեն վստահում |
90% |
14% |
53% |
Աղյուսակ 1․
IRI հետազոտությունում առկա են ևս մի քանի տվյալներ, որոնք բնութագրում են բողոքի հնարավոր ալիքի պոտենցիալը։ Մասնավորապես, որ ՏԻՄ ընտրությունները չեն լինի ազատ և արդար Թբիլիսիում ավելի բարձր է, քան ընդամենը՝ Վրաստանում և կազմում է 46%, և չեն վստահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 18-29 տարեկան երիտասարդների 59%-ը։
Եզրակացություններ
Ա յսպիսով, հիմնվելով Վրաստանում 2020 նոյեմբերի պառլամենտական ընտրություններից հետո քաղաքական զարգացումների բովանդակությանը և 2021 թ. հունիսի զանգվածային հետազոտության արդյունքներին, կարող ենք եզրակացնել․
- Վրացական երազանք կուսակցության՝ Ապրիլյան համաձայնագրից դուրս գալու իրական պատճառը նրա անվստահությունն էր, որ ունակ կլինի հավաքել 43% ձայն և, ըստ պայմանավորվածության, խուսափել 2022 թ. արտահերթ պառլամենտական ընտրություններից։
- 2021 հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններում Վրացական երազանքը կգրավի 1-ին տեղը, սակայն, չի ստանա գերակշիռ մեծամասնություն։
- Գ․ Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում կստանա 3-րդ տեղը և կվերածվի Վրաստանում նոր ազդեցիկ քաղաքական ուժի։
- Վրաստանում երկբևեռ կուսակցական համակարգը կվերածվի եռաբևեռի։ Այդ կառուցվածքում կարևոր դերակատարում է ունենալու Գ․ Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։ Վերլուծական տեսակետից անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն այդ կուսակցության նկատմամբ, մասնավորապես արտաքին քաղաքական հարաբերություններում։
- Վրաստանում 2021 թ. հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո, եթե «Վրացական երազանքը» մերժի արտահերթ պառլամենտական ընտրությունների գաղափարը, ապա, մեծ հավանականությամբ, «Ազգային միացյալ շարժում կուսակցության» առաջնորդությամբ Վրաստանում կսկսվեն բողոքի ցույցեր և քաղաքական ճգնաժամը կշարունակվի։
[1] Ըստ 2021 թ. ապրիլի 19-ի իշխանության և ընդդիմադիր կուսակցությունների միջև ստորագրված համաձայնության, եթե 2021 հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններում «Վրացական երազանքը» չհավաքի 43% ձայն, ապա 2022 թ.-ն Վրաստանում պետք է նցկացվեն արտահերթ պառլամենտական ընտրություններ։
[2] https://www.iri.org/sites/default/files/iri_poll