Կասպից ծովի էներգետիկ խճանկարը
7 ր. | 2018-12-26Կասպյան ավազանի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների համար, որտեղ առանձնահատուկ կարևորություն ունեն ածխաջրածնային պաշարները։ Սակայն տարածքային վեճերի և ոչ ափամերձ (օֆշորային) հատվածների սահմանափակ հետազոտությունների պատճառով Կասպից ծովի բնական պաշարների իրական ծավալների վերաբերյալ ստույգ տեղեկություն չկա:
Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների կարևորությունը չի սահմանափակվում միայն մերձկասպյան երկրներով՝ այն կարևոր դերակատարություն ունի նաև Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման համար։ ԵՄ-ն էներգետիկ ռեսուրսների ստացման ուղիների դիվերսիֆիկացման տեսանկյունից կարևորում է Կասպյան ավազանի պաշարները՝ դրանք դիտարկելով որպես Ռուսաստանից կախվածության նվազեցման միջոց։ Այս մոտեցումը կյանքի կոչվեց 2008թ.՝ Հարավային Էներգետիկ միջանցքի նախաձեռնությամբ, որն ամրագրվել էր Ռազմավարական էներգիայի երկրորդ զեկույցում (Second Strategic Energy Review - COM/2008/781)` «ԵՄ էներգետիկ անվտանգությունը և Համերաշխության գործողություններ ծրագրում»: Ծրագրի նպատակն է ապահովել Կասպյան և մերձավորարևելյան տարածաշրջանից գազի մատակարարումը Եվրոպա։ Տարածաշրջանը էներգետիկ ռեսուրսները եվրոպական և համաշխարհային շուկաներ արտահանելու, ինչպես նաև ԵՄ-ի էներգետիկ կախվածությունը թուլացնելու տեսանկյունից կարևոր է նաև Միացյալ Նահանգների համար։
Մերձկասպյան երկրների էներգետիկ պաշարները
ԱՄՆ էներգետիկայի տեղեկատվական վարչության (U.S. Energy Information Administration) տվյալներով Կասպյան ավազանում կա մոտ 48 մլրդ բարել նավթ և 8.7 տրիլլիոն մետր3 բնական գազ: Նավթի պաշարների շուրջ 75%-ը և բնական գազի 67%-ը ափից 100 մղոն հեռավորության վրա են:
Կասպից ծովի էներգետիկ պաշարների հիմնական շահագործողները մերձկասպյան 5 երկրներն են՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, ՌԴ-ն և Իրանը:
Եթե Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի էներգետիկ պաշարների հիմնական աղբյուրը Կասպից ծովն է, ապա ՌԴ-ն և Իրանն ունեն էներգետիկ այլ պաշարներ:
Ըստ Բրիթիշ Փեթրոլիումի 2018թ. Համաշխարհային էներգիայի վիճակագրական վերլուծության (The 2018 British Petroleum (BP) Statistical Review of World Energy) տվյալների՝ Ադրբեջանի ապացուցված նավթի պաշարները կազմում են համաշխարհային նավթի պաշարների 0,4%-ը կամ 7 միլիարդ բարել (2017թ.)։ Օրական արտադրվում է 795000 բարել նավթ, որից 92000-ն օգտագործվում է սեփական կարիքների համար։ Բնական գազի պաշարը 1,3 տրիլիոն մետր3 է։ Տարբեր ժամանակներում Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության ոլորտում ընդգրկվել են միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «BP»-ն, «Chevron»-ը, «Statoil»-ը, «Eni»-ն, «Total»-ը, «INPEX»-ը, «ExxonMobil»-ը և «ONGC»։ Որպես դասական ռենտային պետություն[1]՝ Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտի զգալի հատվածը ձևավորվում է նավթի և գազի արտահանումից ստացվող մաքսային վճարից։
Ղազախստանի ապացուցված նավթի պաշարը համաշխարհային նավթի պաշարի 1.8%-ն է, կամ 30 մլրդ բարել (2017թ.), և օրական արտադրվում է 1835000 բարել նավթ, որից սեփական սպառումը 135000 բարել է։ Բնական գազի պաշարը 1,1 տրիլիոն մետր3 է (0,6%)։
Մերձկասպյան մյուս երկրների համեմատությամբ՝ Թուրքմենստանն ունի Կասպից ծովի նավթի պաշարի ամենափոքր մասը՝ 100 միլիոն տոննա։ Փոխարենը Թուրքմենստանն առանձնանում է տարածաշրջանում գազի մեծ պաշարով՝ 19,5 տրիլիոն մետր3 կամ համաշխարհային գազի պաշարի 10,1%-ը։
Ռուսաստանի ապացուցված նավթի պաշարը 106,2 մլրդ բարել է կամ համաշխարհային պաշարի 6,3%-ը։ Բնական գազի պաշարը 35 տրիլիոն մետր3 է (18,1%), որի միայն աննշան մասն է ՌԴ-ն ստանում Կասպից ծովից։
Նույնն է իրավիճակը նաև Իրանում, որի ապացուցված նավթի պաշարը 157,2 մլրդ բարել է կամ համաշխարհային նավթի պաշարի 9,3%-ը։ Բնական գազի պաշարը 33,2 տրիլիոն մետր3 է (17,2%)։ Թերևս սա է պատճառովը, որ Ռուսաստանի և Իրանի համար Կասպից ծովն ունի առավելապես աշխարհաքաղաքական, ոչ թե տնտեսական նշանակություն։
Կասպից ծովի հանքավայրերի խնդիրները
Խ ՍՀՄ փլուզումից հետո Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ Ղազախստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի միջև ի հայտ եկան մի շարք տարաձայնություններ։ Մինչ 2018թ. օգոստոսին Կասպից ծովի իրավական կարգավիճակը հստակեցնող կոնվենցիայի կնքումը, ծովի հատակի 68-70%-ը առանձին պայմանագրերով արդեն բաժանված էր ՌԴ-ի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի միջև: 1998թ. հուլիսին Ռուսաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել և 2002-ի մայիսին վավերացվել էր Կասպից ծովի հյուսիսային հատվածի սահմանազատման համաձայնագիրը: Ղազախստանն ու Ադրբեջանը համանման համաձայնագիր ստորագրել էին 2001թ. նոյեմբերին:
2003թ. մայիսի 14-ին Ղազախստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը Կասպից ծովի հարակից հատվածների սահմանազատման համաձայնագիր են ստորագրում: 2004թ. տարածքային ջրերը սահմանազատելու համաձայնագիր են ստորագրում Ղազախստանն ու Թուրքմենստանը, որը վավերացվում է միայն 2015թ.: Փաստորեն ծովի հատակի միայն 30%-ն էր վիճելի: Մինչ օրս հանքավայրերի օգտագործման շուրջ որոշ տարաձայնություններ կան Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև:
Ադրբեջանի ու Թուրքմենստանի տարաձայնությունները վերաբերում են Օմար և Ալթին Ասիր, Օսման, Սերդար (ադրբեջանական տարբերակով՝ Ազերի, Չարգ, Չիրաք, Քյափազ) նավթային և գազային հանքավայրերին: Սերդար (2012թ. հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ. բարել նավթ) հանքավայրի շուրջ իրավիճակն ավելի բարդ է, քանզի նրա նկատմամբ հավակնություններ ունի նաև Իրանը:
Ըստ էության, այս խնդրի հիմքում Բաքվի և Աշխաբադի կողմից որդեգրված ծովի ընդերքի բաժանման սկզբունքների տարբերությունն է: Պաշտոնական Աշխաբադը Ադրբեջանից պահանջում է դադարեցնել վիճելի հանքավայրերի հետազոտումն ու շահագործումը՝ նշելով, որ վերոհիշյալ նավթագազային կառույցները թուրքմենական ազգային հատվածում են: Պաշտոնական Բաքուն իր հավակնությունները հիմնավորում է խորհրդային տարիներին նավթահորերը իր տնտեսական գործունեության գոտում լինելով:
Իրան-Ադրբեջան հարաբերություններում տարաձայնությունները վերաբերում են Ալով (Ալբրոզ)-Արազ-Շարք, Սերդար և Աստարա-Հասանկուլի նավթահորերին, որոնց շուրջ վեճը սկսվել է 2001թ., երբ իրանական նավերն ու ինքնաթիռները «սպառնացին» ադրբեջանական հետազոտական նավերին, ինչի արդյունքում նավթահորի օպերատոր British Petroleum-ը դադարեցրեց գործունեությունը:
2018թ. մարտի 28-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բաքվում ստորագրում է Կասպից ծովի ածխաջրածնային հանքահորերի համատեղ զարգացման փոխըմբռնման հուշագիր: Հանքահորերի անունները չեն հրապարակվել, սակայն, ըստ տարբեր գնահատականների, այն վերաբերում է վերոնշյալ տարածքներին։
2018թ. օգոստոսի 12-ին Ակտաուում տեղի ունեցած մերձկասպյան երկրների ղեկավարների 5-րդ գագաթաժողովում ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի 8-րդ հոդվածն ամրագրում է Կասպից ծովի հատակի և ստորջրյա հատվածի բաժանումը ազգային հատվածների, նախատեսվում է իրականացնել կողմերի համաձայնությամբ՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները։
Փաստաթղթում, սակայն, նշված չէ, թե միջազգային իրավունքի ո՞ր նորմերի և սկզբունքների հիման վրա պետք է իրականացվի ազգային հատվածների սահմանազատումը:
Ըստ էության, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիան ևս վերջնականապես չի լուծում ծովի ստորջրյա հատվածի և ընդերքի (այդ թվում՝ վիճելի նավթահորերի) բաժանման խնդիրը։ Կոնվենցիայի ստորագրումից հետո Իրանի նախագահ Ռոհանին հայտարարել է, որ Կասպից ծովի հատակի պետք է բաժանվի առանձին համաձայնագրով:
Խողովակաշարերի կառուցումը
Կ ասպից ծովի էներգետիկ ներուժի իրացման համար կարևոր է խողովակաշարերի կառուցումը, ինչը նույնպես մերձկասպյան երկրների հակասությունների պատճառ է: Ի տարբերություն Իրանի և Ռուսաստանի՝ Ադրբեջանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը կողմ են եղել գազատարի կառուցմանը։ Խոսքն առաջին հերթին Տրանսկասպյան գազատարի մասին է, որը, շրջանցելով Ռուսաստանն և Իրանը, թուրքմենական գազն Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի տարածքով կարող է հասնել Եվրոպա:
Իրանն ու Ռուսաստանը մշտապես դեմ են եղել, որ այլ պետությունները մուտք ունենան Կասպյան տարածաշրջան։ Եթե Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի համար Կասպից ծովի ածխաջրածնային ռեսուրսներն ունեն տնտեսական նշանակություն, ապա Իրանն ու Ռուսաստանը Կասպից ծովում իրենց գործունեությունը դիտարկում են աշխարհաքաղաքական տեսանկյունից և համարում ազդեցության գոտի: Ցանկացած արտատարածաշրջանային տերության «հայտնվելն» այստեղ (ի դեմս Արևմուտքի) Ռուսաստանի և Իրանի կողմից դիտարկվում է որպես սպառնալիք։ Ռուսաստանն ու Իրանը մշտապես պնդել են, որ Կասպից ծովում ցանկացած խողովակաշարի կառուցում հնարավոր է Մերձկասպյան երկրների համաձայնությամբ: Մերձկասպյան մյուս պետությունները՝ Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը խողովակաշարի կառուցումը հնարավոր են համարում երկկողմ պայմանավորվածությամբ։
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին 2018թ. օգոստոսի 12-ին կնքված կոնվենցիայի 14-րդ հոդվածն ամրագրում է, որ կողմերը կարող են խողովակաշարեր կառուցել Կասպից ծովի ստորջրյա հատվածում։ Սակայն դրանք պետք է համապատասխանեն միջազգային պայմանագրերով սահմանված բնապահպանական պահանջներին։ Սահմանվում է նաև, որ խողովակաշարի անցկացման ճանապարհը համաձայնեցվում է այն երկրի հետ, որի ստորջրյա տարածքով անցնելու է խողովակաշարը։ Կարելի է ենթադրել, որ համաձայնություն ձեռք է բերվում միայն խողովակաշարն անցկացնող կողմերի միջև, իսկ մյուսները պարզապես իրազեկվելու են:
2003թ. մերձկասպյան երկրները ստորագրել են Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան (Թեհրանյան կոնվենցիա), որի 5-րդ արձանագրությունը՝ «Կասպից ծովում նախագծերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու կարգի վերաբերյալ», ստորագրվել է 2018թ. հուլիսին: Այն նախատեսում է Կասպից ծովում խոշոր նախագծերի (ներառյալ խողովակաշարերի կառուցում) բնապահպանական չափանիշների համաձայնեցում բոլոր ափամերձ երկրների հետ: Ըստ էության, այս դրույթի շնորհիվ մերձկասպյան երկրները ստացել են համապատասխան լծակ Կասպից ծովում ցանկացած խողովակաշարի կառուցման վրա ազդեցություն ունենալու համար։ Համաձայն արձանագրության՝ Կասպից ծովում ցանկացած նախագծի իրականացման համար նախաձեռնող կողմերը պետք է նախագծի չափանիշները նախօրոք տրամադրեն մյուս երկրներին։ Վերջիններս առավելագույնը 180 օր կունենան այն ուսումնասիրելու և շրջակա միջավայրի անվտանգության վերաբերյալ պահանջներն ու առաջարկությունները ներկայացնելու համար: Դրանից հետո բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կազմակերպեն խորհրդատվություններ` նախագծային անհամաձայնությունները լուծելու համար։ Կոնվենցիան և արձանագրությունը չի սահմանում, թե անհամաձայնության դեպքում կողմերն ինչ քայլերի կարող են դիմել։
Կասպյան ավազանի էներգետիկ պաշարների պատկանելիության և շահագործման շուրջ մերձկասպյան 5 պետությունների շահերի տարբերությունն ավելի էր բարդացնում Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման գործընթացը: Թեև երկարատև ջանքերով Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան ստորագրվեց, սակայն այն չի կարգավորում մերձկասպյան երկրների բոլոր տարաձայնությունները: Այս տարիների ընթացքում մերձկասպյան առնվազն 2 երկիր՝ ՌԴ-ն և Իրանը, ամեն ինչ արել են, որպեսզի իրավական կարգավիճակի հստակեցման պահին անգամ կասպյան տարածաշրջանում ունենան ազդեցության լծակներ։
[1] Ռենտային է համարվում այն պետությունը, որի եկամուտը հիմնականում պայմանավորված է հումքային ռեսուրսներով և դրանք վերազգային նավթային ընկերություններին վարձակալության տալով։