Տեղեկության խեղաթյուրում

7 ր.   |  2018-12-25

Քարոզչությո՞ւն, թե՞ վրիպում

Ամբողջությամբ կամ մասնակի խեղաթյուրված տեղեկատվությունը մեդիայում երբեմն տարածվում է դիտավորյալ՝ ծառայելով քարոզչական կամ մանիպուլյացիոն նպատակների: Տեղեկատվությունը կարող է խեղաթյուրվել նաև թարգմանչական սխալի, հոմանիշների կիրառման, սկզբնաղբյուրից չօգտվելու, տեղեկությունը մասնակի փոխանցելու, համատեքստից կտրելու, սեփական խոսքերով վերարտադրելու կամ այլ պատճառներով: Այսինքն, լինում է բովանդակության փոխակերպում, որը կարող է հանգեցնել առաջնային իմաստի խեղաթյուրման:

«Մերիամ-Ուեբսթեր» բառարանում ապատեղեկատվությունը սահմանվում է որպես հասարակության գիտակցության վրա ազդելու, ճշմարտությունը թաքցնելու նպատակով դիտավորյալ, հաճախ՝ գաղտնի, կեղծ տեղեկատվության տարածում, իսկ «Օքսֆորդ»-ի բառարանում՝ մոլորության մեջ գցելու նպատակով կառավարական մարմինների կողմից՝ մրցակիցներին կամ լրատվամիջոցներին ուղղված տեղեկատվություն:

«Օքսֆորդ»-ում «խեղաթյուրում/աղավաղում» (distortion) ու «ապատեղեկատվություն» (disinformation) բառերի հոմանիշ է ներկայացվում նաև կեղծիքը (falsification), իսկ «խեղաթյուրման» համար՝ մանիպուլյացիան (manipulation):

Հաղորդակցության ոլորտի մասնագետ, ԱՄՆ Իլինոյս նահանգի համալսարանի հաղորդակցության դպրոցի պրոֆեսոր Սանդրա Մեթթսն առանձնացնում է  «ստի երեք հիմնական տեսակ». կեղծիք (falsification՝ ճշմարիտ/հավաստի տեղեկության հերքում կամ հակասող տեղեկության հաստատում), աղավաղում (distortion՝ չափազանցության, նվազեցման և երկիմաստության միջոցով ճշմարիտ տեղեկության խեղաթյուրում), բացթողում (omission՝ համապատասխան տեղեկատվության բոլոր հղումների քողարկում):

Կարելի է ասել, որ ապատեղեկատվությունն ու խեղաթյուրումը կարող են դիտարկվել որպես հոմանիշներ և երկուսն էլ քարոզչության և մանիպուլյացիայի մեթոդ են:

Աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցներում հանդիպում են դեպքեր, երբ ընթացիկ լուրերից բացի խեղաթյուրվում են նաև պաշտոնական ելույթները, հայտարարությունները կամ պետական կառույցների անունից ապատեղեկատվություն է տարածվում: 

2018թ. օգոստոսի 23-ին ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիզեր Նաուերթը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Պոմպեոն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում: Պոմպեոն մտահոգություն էր հայտնել Իդլիբում ռազմական գործողությունների վերաբերյալ և դիմել Լավրովին՝ խնդրելով Քիմիական զենքի արգելքի կազմակերպության (Organisation for the Prohibition of Chemical Weapons (OPCW) միջոցով պատասխանատվության ենթարկել Սիրիայի իշխանություններին՝ քիմիական զենք կիրառելու համար: Շուտով ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարում է, որ Նաուերթը խեղաթյուրել է Լավրովի և Պոմպեոյի հեռախոսազրույցը՝ ասելով, որ պետքարտուղարը նման խնդրանքով չի դիմել:

2018թ. հուլիսին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ ֆրանսիական ընկերություններն ազատվել են Ադրբեջանին ռազմական նշանակության արտադրանք վաճառելու սահմանափակումներից: Հուլիսի 10-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է այդ տեղեկությունը, իսկ ավելի ուշ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լակոտը հայտարարել էր, որ Ֆրանսիան հարգում է միջազգային պարտավորությունները և չի մատակարարում այնպիսի զենք կամ ռազմամթերք, որը կարող է օգտագործվել Արցախում: Այնուամենայնիվ, հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Ալիևը Ֆրանսիա այցի շրջանակներում հանդիպել է ռազմաարդյունաբերական NAVAL ընկերության գլխավոր տնօրեն Էրվե Գիյուին։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում նշվել էր, որ ռազմարդյունաբերության ոլորտում Ադրբեջանի և Ֆրանսիայի համագործակցության լավ հնարավորություններ կան, և կողմերը նոր նախագծեր են քննարկում:

2018թ. մայիսի 15-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան ասել է, թե, ի տարբերություն ամերիկյանի, ռուսական բանտերն առողջարան են [1, 2]: Մայիսի 16-ին ՄԻՊ մամուլի ծառայությունից ռուսական Tass լրատվական գործակալությանը հայտնել էին, որ լրատվամիջոցներից մի քանիսը սխալ են մեկնաբանել Մոսկալկովայի խոսքերը: «ՄԻՊ-ը նկատի ուներ օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի [1] ազատազրկման պայմանները»,- նշել էր ՄԻՊ ներկայացուցիչը:

2 018թ. օգոստոսի 26-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում նշվում էր, որ «...առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձագանքից դատելով՝ երեխաները կարող են պատվաստվել ու մահանալ, մոտավորապես, օրական մեկը...»: Այնուհետև ներկայացվում էր երեխաների մահացության 2017թ. վիճակագրական տվյալների մասին Ա. Թորոսյանի մեկնաբանությունը, որից տպավորություն էր ստեղծում, թե Թորոսյանը խոսում է պատվաստման հետևանքով մահացության մասին: Օգոստոսի 27-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ հաղորդման ժամանակ ներկայացվել է երեխաների մահերի վերաբերյալ խեղաթյուրված պատկեր, իսկ Թորոսյանը երբևէ չի հայտարարել, թե մահերը պատվաստման հետևանք են: «Մոր և մանկան մահերի հայաստանյան վիճակագրությունը ներկայացնելիս նախարարը խոսում է առհասարակ մանկական մահերի բոլոր դեպքերի մասին, ոչ թե պատվաստումների»,- նշված էր հաղորդագրության մեջ: Նախարարությունը նաև ներկայացրել էր նախարարի զրույցի տեսագրությունը:

2017թ. մայիսի 24-ին մոլդովական Zdg կայքը հայտնել էր, որ լեհ քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի անդամ Միխալ Բոնին (Michał Boni) մոլդովական Publika TV հեռուստաընկերությունից պահանջել էր հերքել մայիսի 16-ին Եվրախորհրդարանում իր ելույթի մասին տարածված ոչ հավաստի տեղեկությունները: Ըստ աղբյուրի՝ Եվրախորհրդարանը քննարկել էր Մոլդովային 100 միլիոն եվրո օգնություն տրամադրելու հարցը: Նիստի ժամանակ Բոնին հայտարարել էր, որ Մոլդովան չի կարող եվրոպական ճանապարհով գնալ՝ չապահովելով ԶԼՄ-ների անկախությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Publika TV, Prime և Canal 3 հեռուստաընկերությունները հրապարակել էին Բոնի ելույթի միայն Մոլդովային ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին միտքը՝ դուրս թողնելով ելույթի քննադատական մասը: Պատգամավորի պահանջով Publika TV-ին և մյուս հեռուստաալիքները հեռացրել էին ռեպորտաժը:

2016թ. մայիսի 18-ին Euronews-ը գրել էր, որ «Իտալիայի Վենետիկի շրջանի տարածաշրջանային խորհուրդը բանաձևով կոչ է անում ընդունել Ղրիմի փաստացի կարգավիճակն ու չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները» և որպես հղում՝ հրապարակել Սերգեյ Լավրովի «թվիթերյան էջի» էկրանային պատկերը (screenshot): Մայիսի 23-ին ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Ֆեյսբուքում գրառում էր արել, որ այս լուրն ապատեղեկատվություն է, քանի որ Լավրովը թվիթերում էջ չունի: Այն ավելի ուշ հեռացվել էր կայքից:

Լրատվամիջոցներում քիչ չեն նաև միջազգային կառույցների և դրանց ներկայացուցիչների անունից խեղաթյուրված տեղեկատվության կամ ապատեղեկատվության տարածման դեպքերը: 

2018թ. փետրվարի 19-ին ադրբեջանական Trend.az լրատվական գործակալությունը գրել էր, որ Հվ. Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայքի հետ հարցազրույցում նշել է, որ Եվրամիությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «լիովին աջակցում են» Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ադրբեջանցի գերիներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին [2] «ազատ արձակելու ջանքերին»: Նույն աղբյուրի ռուսերեն տարբերակում այս հատվածը ուղիղ խոսքով մեջբերված չէ, իսկ անգլերենում Կլաարը խոսում է «ԿԽՄԿ ջանքերին աջակցելու», և ոչ թե կոնկրետ այդ երկու անձին ազատելուն աջակցելու մասին։

Տեղեկատվությունը կարող է խեղաթյուրվել կամ հերքվել ինչպես լրատվամիջոցի, այնպես էլ պաշտոնյայի կողմից, ինչը կարող է արվել դիվանագիտական հարաբերությունների վրա բացասական ազդեցությունից խուսափելու կամ այլ նպատակով:

2018թ. հունվարի 11-ին ամերիկյան The Wall Street Journal թերթը հրապարակել էր հարցազրույց նախագահ Թրամփի հետ, որտեղ նա ասել էր. «Ես, հնարավոր է, շատ լավ հարաբերություններ ունեմ Հս. Կորեայի Կիմ Չեն Ընի հետ»: Ավելի ուշ Թրամփը թվիթերի իր էջում մեղադրել է թերթին իր խոսքերը խեղաթյուրելու համար՝ գրելով. «Ակնհայտորեն, ես նման բան չեմ ասել: Ասել եմ. «Ես լավ հարաբերություններ կունենայի Կիմ Չեն Ընի հետ»: Մեծ տարբերություն կա»: Թրամփի խոսքերը խեղաթյուրելու մասին հայտնել էր նաև Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը և հրապարակել հարցազրույցի ձայնագրությունը: The Wall Street Journal-ն էլ գրել էր, որ իրենք կրկին ուսումնասիրել են ձայնագրությունը, համոզված են, որ ճիշտ են գրել և որպես ապացույց հրապարակել հարցազրույցի ձայնագրությունը:

2017թ. սեպտեմբերի 4-ին Չեչնիայի նախագահ Կադիրովը, Ինսթագրամի ուղիղ հեռարձակմամբ անդրադառնալով Մյանմայում ռոհինջա մահմեդականների զանգվածային սպանությանը, ասել էր, որ եթե նույնիսկ Ռուսաստանը պաշտպանի «այդ շայթաններին... ես Ռուսաստանի դիրքորոշմանը դեմ եմ»: Իսկ հաջորդ օրը Կադիրովը լրատվամիջոցներին մեղադրել էր իր խոսքերը խեղաթյուրելու համար, և թելեգրամի իր էջում հավելել, որ ինքը «Պուտինի հավատարիմ զինվորն է»:

Ա յսպիսով,  կարելի է նշել, որ պաշտոնական հայտարարությունների խեղաթյուրումը տարածված է լրատվամիջոցներում ու սոցցանցում, որը գլխավորապես քարոզչական նպատակ ունի: Քարոզչության, հասարակայնության հետ կապերի և հարակից ոլորտներում ընդունված է հանրաճանաչ մարդկանց հայտարարություններն «օգտագործել» հանրային կարծիքի վրա ազդելու նպատակով: Լրատվամիջոցներն էլ հաճախ այս հնարքն օգտագործում են տեղեկատվությունն առավել ծանրակշիռ ու հեղինակավոր դարձնելու համար:

Այս երևույթը կարող է բացասական հետևանքներ ունենալ. օրինակ, «Սուր անկյուն» հաղորդաշարի թողարկումը կարող է պատճառ դառնալ, որ որոշ մարդիկ հրաժարվեն իրենց երեխաներին պատվաստելուց:

Տեղեկատվության խեղաթյուրման և ապատեղեկատվության բացասական ազդեցությունից խուսափելու համար, կարծում ենք, հասարակությունն ու լրագրողները պետք է փորձեն տեղեկատվությունը ճշտել տարբեր, հնարավորության դեպքում՝ առաջնային աղբյուրներից: Սա ապատեղեկատվությունից խուսափելու ամենապարզ ու մասնագետների կողմից բազմիցս բարձրաձայնված տարբերակն է:

Կարծում ենք, որ առավել աչալուրջ պետք է լինեն նաև պետական կառույցները, որոնք պետք է ուսումնասիրեն տեղեկատվական հոսքերը, պարզեն տեղեկատվության հավաստիությունը, իսկ անճշտություններ հայտնաբերելու դեպքում արագորեն հերքեն՝ տեղեկացնելով համապատասխան կառույցներին և լրատվամիջոցներին:


[1] Ռուս օդաչու  Յարոշենկոն ձերբակալվել է 2010թ. Լիբերիայում (Արևմտյան Աֆրիկա) և հետագայում արտահաձնվել ԱՄՆ-ին: 2011թ. սեպտեմբերին նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով :

[2] ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովը, Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և սպանված Հասան Հասանովը, ունենալով զենք և զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը և հուլիսին անցել Շահումյանի շրջան: Նրանց դիվերսիոն գործողությունների հետևանքով Քարվաճառում զոհվել էր 2 անձ, մեկը՝ վիրավորվել: 2014թ. դեկտեմբերին Ստեփանակերտի դատարանի կողմից Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: