Ադրբեջանական ուժերի դիրքերը Գեղարքունիքի մարզում. Մաս 1
3 ր. | 2021-05-26Ա յս օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանում հետպատերազմյա ժամանակաշրջանի ամենալարված իրադրությունն է։ Մայիսի կեսերից ադրբեջանական զորքերը, խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանը, ներխուժել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածք։
Սև լճի շրջանում ստեղծված դրությանն անդրադարձել ենք նախորդ հոդվածում։ Այսօր կանդրադառնանք Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի շրջանում ստեղծված իրադրությանը։
Մայիսի 25-ին ադրբեջանական զինծառայողների կրակից զոհվել է կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել Վերին Շորժա գյուղի ուղղությամբ։
Լուսանկարների և ադրբեջանական դիրքերի գեոտեղորոշման արդյունքներից պարզ է դառնում, որ այս ուղղությամբ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում խորացել են 1-ից մինչև 3.5 կմ։
Հայ զինծառայողի սպանության ենթադրյալ տեղում կա ադրբեջանական մի քանի դիրք, որոնցից մեկը նախկին խորհրդային սահմանից 3.7 կմ հեռավորության վրա է՝ Հայաստանի տարածքում։
Ալ լճերից մինչև Վերին Շորժա հատման կետը փաստացի կտրված է ադրբեջանական դիրքերով։
Հասկանալի պատճառով քարտեզի վրա հայկական դիրքերը նշված չեն, սակայն տեղում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ողջ պարագծով հայկական և ադրբեջանական դիրքերը միմյանց շատ մոտ են, ինչը նաև հաստատվում է զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպերի տեսանյութերից, որոնք տարածում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական աղբյուրները։
Ադրբեջանական զորքը խորացել է Հայաստանի տարածքում ոչ միայն Վերին և Ներքին Շորժաների հատվածում, այլև Կութ գյուղի հարակից բարձունքներում, որին կանդրադառնանք մեր հետագա հոդվածներում։ Այստեղ ներկայացված են միայն Վերին Շորժա – Ներքին Շորժա գյուղերի ուղղությամբ ադրբեջանական մի քանի դիրքերի տեղակայումը՝ մոտավորապես 13 կմ երկարությամբ։
Որպես գեոտեղորոշման օրինակ ներկայացված են ադրբեջանական զորքերի երկու դիրք, սակայն ընդգծենք, որ քարտեզում նշված մյուս դիրքերը նույնպես արձանագրվել են մեր դիտարկումներով։
Լուսանկարներում նշված են Վերին Շորժա – Շողերավան – Ներքին Շորժա ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։
Ադրբեջանական զորքերը, հիմնվելով իրենց ակնհայտ կեղծ քարտեզների վրա, հայտարարում են, թե նշված տարածքները Ադրբեջանին են պատկանում։
Եղած բոլոր խորհրդային քարտեզներով ադրբեջանական դիվերսանտներն ակնհայտորեն թափանցել են Հայաստանի կազմում գտնվող տարածքներ։
ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի 1973թ. քարտեզը։ Կապույտ կետերով նշված են ադրբեջանական զորքերի դիրքերը Հայաստանի տարածքում։
Բացի այդ, խորհրդային շրջանի քարտեզների ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ ադրբեջանցիները ոչ միայն ներխուժել են Հայաստանի տարածք, այլև համաձայն 1920-30-ական թթ. քարտեզների, Ալ լճերի շրջանը նույնպես Խորհրդային Հայաստանի տարածքում էր և ավելի ուշ է տրվել Ադրբեջանին։
Հայկական ԽՍՀ 1928 և 1938թթ. քարտեզների համեմատությունը։ Կարմիրով նշված է Ալ լճերի շրջանը։ Աղբյուր՝ Ռուբեն Գալչյան, «Հորինված պատմություն. Ադրբեջան և Հայաստան. Կեղծիքներ և փաստեր», Լոնդոն, 2010թ., էջ 40-41։
Ստեղծված իրադրությունում ուշագրավ է ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, որին անդամակցում է նաև Հայաստանը։ Մայիսի 26-ի դրությամբ կազմակերպությունը մի քանի չեզոք հայտարարություն է արել, իսկ Հայաստանը, որը հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ հոդվածով (անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիք) է դիմել, այժմ դիտարկում է պայմանագրի չորրորդ հոդվածի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) հիմքով դիմել կազմակերպությանը։
Ակնհայտ է, որ քանի դեռ ադրբեջանական զորքերը անվերապահորեն դուրս չեն եկել Հայաստանի տարածքից, լարվածության քաղաքական լուծումն անհնարին է։