Պակիստանի միջուկային զինանոցը

5 ր.   |  2021-02-22

Թեև Պակիստանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրերը իրականացվել են դեռևս անցյալ դարի 1950-ականերին, սակայն ծրագրի լիարժեք իրականացման սկիզբը համարվում է 1972 թ.-ը, երբ նախագահ Զուլֆիքար Ալի Բհուտոն ստորագրեց Միջուկային էներգիայի հանձնաժողովի գործունեության ընդլայնման և Գիտության և տեխնոլոգիայի նախարարության հիմնադրման վերաբերյալ հրամանագիր: Նա երկրի գիտնականների առջև խնդիր դրեց ստեղծել միջուկային ռումբ («իսլամական միջուկային ռումբ»), հայտարարելով, որ. «Միջուկային ռումբ ունեն քրիստոնյաները, հրեաներն ու հնդիկները՝ նույնպես։ Պակիստանի համար պատվի խնդիր է դառնալ մուսուլմանների համար միջուկային ռումբ ստեղծած երկիր: Պակիստանը խոտ կամ տերև կուտի, նույնիսկ սովից կտառապի, բայց կստեղծի միջուկային ռումբ» ։

1 975թ. Պակիստանի միջուկային ծրագրի ղեկավար դարձավ Եվրոպայում (ԳԴՀ-ում)  կրթություն ստացած և հետագայում Ամստերդամի ֆիզիկայի լաբորատորիայում եվրոպական «Urenco» կոնսորցիումի կողմից ուրանի հարստացման գաղտնի հետազոտությունների աշխատանքներին մասնակցած Աբդուլ Քադիր Խանը, որի անունը սերտորեն կապված է Պակիստանի առաջին միջուկային ռումբի փորձարկումների հետ: Նրա տրամադրության տակ էր Պակիստանի ուրանի արդյունաբերական հարստացման հետազոտական լաբորատորիան։  Զուգահեռ դրան, Պակիստանի Ատոմային էներգիայի հանձնաժողովը, որը ղեկավարում էր Մունիր Ահմադ Խանը, մշակում էր պլուտոնիումի հիմքով միջուկային ռումբ: Հետագայում այդ երկու ծրագրերը միավորվեցին[1]:

Որոշ աղբյուրների համաձայն՝ միջուկային տեխնոլոգիաների մասին գծագրերն ու մշակումները Աբդուլ Քադիր Խանը հափշտակել էր «Urenco»-ում աշխատած տարիներին, որի համար 1983թ.-ին հեռակա կարգով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման Ամստերդամի դատարանի կողմից: Վերջինս իր ունեցած կապերով կարողացել էր նաև Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք կազմակերպություններից ձեռք բերել սարքավորումներ, որոնց արտահանումն ոչ միջուկային երկրներ արգելվում է: Միայն Գերմանիայում հայտնաբերվել է 70 ընկերություն, որոնք, խախտելով Գերմանիայի օրենսդրությունը, Պակիստան են մատակարարել այն ամենն, ինչ պատվիրել էր Աբդուլ Քադիր Խանը։  Ինչևէ, միջուկային ռումբը ստեղծվել է Պակիստանի հյուսիսում գտնվող Կահուտա նահանգի հետազոտական լաբորատորիայում, որի առաջին փորձարկումը տեղի ունեցավ 1998թ.-ին։ Դրան հաջորդեցին ևս հինգ ստորգետնյա միջուկային պայթյուններ՝ Բելուջիստան նահանգի փորձադաշտում:

Արդի իրավիճակը

Փորձագիտական գնահատականներով, Իսլամաբադը շարունակում է քանակապես ընդլայնել իր միջուկային զինանոցը և տասը տարի անց կարող է դառնալ աշխարհի երրորդ միջուկային տերությունը՝ առաջ անցնելով ոչ միայն Հնդկաստանից, այլև Չինաստանից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից: Ավելին՝ փորձագետները նշում են, որ Պակիստանը ձգտելու է, որպեսզի իր միջուկային զինանոցը միշտ ավելի մեծ լինի Հնդկաստանի համեմատ (A Normal Nuclear Pakistan, 2015, p.22): Պակիստանի փորձագիտական շրջանակներն էլ չեն թաքցնում, որ ձգտում են առավելություն ունենալ Հնդկաստանի նկատմամբ։ Անվտանգության ոլորտի պակիստանցի մասնագետ Հասան Ռիզվիի խոսքերով. «Իսլամաբադի միջուկային ծրագիրը ստեղծվել է բացառապես որպես կանխարգելիչ միջոց Հնդկաստանի դեմ։ Քանի որ Պակիստանը սովորական սպառազինության տեսանկյունից շատ հետ է Հնդկաստանից, ուստի ստիպված է ավելի շատ հույսը դնել միջուկային զենքի վրա»։ Ի դեպ, հաշվի առնելով «SIPRI»-ի 2020թ.-ի հրապարկած տվյալները, միջուկային մարտագլխիկների քանակով Պակիստանն արդեն անցել է Հնդկաստանին (ունի 150 մարտագլխիկ)։

Ընդհանուր առմամբ, 2014թ. տվյալներով Պակիստանի միջուկային զինանոցում առկա էր 100-120 պահեստավորված մարտագլխիկ (World wide deployments of nuclear weapons, 2014, p. 97)։ 2018թ. դրանց քանակը գնահատվում էր 140-150 (Pakistani nuclear forces, 2018, p. 349), իսկ 2020թ. հունվարի դրությամբ հասնում էր 160-ի (SIPRI Yearbook 2020, World nuclear forces, p. 326)։ Հաշվի առնելով մարտագլխիկների քանակական աճը՝ մասնագետների մի խումբ գտնում է, որ մինչև 2025թ. Պակիստանի միջուկային մարտագլխիկների պաշարները կարող են ավելանալ՝ հասնելով 220-250-ի, ըստ «Քարնեգի» հիմնադրամի հետազոտողների՝ 350-ի:

Մ իջուկային զենքի մշտական պահեստավորման վայրերի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։ Ենթադրվում է, որ դրանք տեղակայված են վեց տարբեր վայրերում։ Պակիստանի նախկին նախագահ և վարչապետ Փերվեզ Մուշարաֆը այս առիթով նշել է, որ միջուկային զենքի տեղափոխման և պահպանման նպատակով Պակիստանը կառուցել է հսկայական թունելային համակարգ, որոնք խորն են և պաշտպանված նույնիսկ միջուկային հարձակումից։ Պակիստանցի միջուկային զենքի փորձագետներից մեկն էլ նշել է, որ թունելներն անհնարին կդարձնեն արբանյակի միջոցով միջուկային բաղադրիչների շարժի վերահսկումը ամերիկյան հետախուզական ծառայությունների կողմից։ 

Ինչ վերաբերում է միջուկային օբյեկտների և սպառազինության պաշտպանությանը, ռուս քաղաքագետ, Պակիստանի միջուկայի սպառազինության ոլորտի փորձագետ Իգոր Խոխլովը նշում է, որ կադրային քաղաքականությունը ամերիկյանի կրկնօրինակն է և ներառում է համալիր միջոցառումներ։ Առաջին հերթին միջուկային  օբյեկտների պաշտպանության նպատակով Պակիստանի զինված ուժերում իրականացվում է զինվորական պահակախմբի մանրակրկիտ ընտրություն: Պահակախումբը  բաղկացած է առավելապես Փենջաբի շրջանի զինվորականներից։ Համարվում է, որ նրանք ավելի քիչ են հակված իսլամական պրոպագանդային և համեմատաբար քիչ են կապված կրոնական ծայրահեղականների հետ: Անվտանգության ծառայություններում գրեթե բացակայում են փուշթունները, քանի որ ըստ մասնագետի, ենթադրվում է, որ նրանք մեծապես ենթարկվում են Թալիբանի ազդեցությանը և Պակիստանի թալիբների միջուկն են։

Երկրորդ՝ Պակիստանում գործում է «անձակազմի վստահության» ծրագիր, որը ամերիկյան «PRP» (Personnel Reliability Program) ծրագրի նմանօրինակն է: Այդ ծրագրի շրջանակներում, միջուկային օբյեկտների պահպանման ծառայության անցնելիս յուրաքանչյուր աշխատակից ստուգվում է մի քանի կետերով՝ սկսած իսլամիստների հանդեպ ունեցած համակրանքից, ընդհուպ արտասահմանի հետ կապերի առկայությունունից  (ինչպես նաև թմրանյութերի և ալկոհոլի չարաշահում և այլն): 

Ի նչ վերաբերում է հրթիռների առկայությանը, ապա Պակիստանը ընդլայնում է միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների (կարճ ու միջին հեռահարության) իր զինանոցը: Կարճ հեռահարության շարժական բալիստիկ հրթիռներ են «Abdali» (Hatf-2, 200 կմ), «Ghaznavi» (Hatf-3, 300 կմ), «Shaheen-I» (Hatf-4, 750 կմ) և «Nasr» (Hatf-9, 60-70 կմ)։ «Shaheen-IA» (Hatf-4, 900 կմ) հրթիռը դեռ մշակման փուլում է: Ներկայում Պակիստանի զինանոցում առկա է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների երկու տեսակ՝ «Ghauri»-ին (Hatf-5), որի հեռահարությունը 1250 կմ է և «Shaheen-II» (Hatf-6)-ը՝ 2000 կմ հեռահարությամբ: 2022թ. նախատեսվում է ավարտին հասցնել նաև 2750 կմ հեռահարությամբ «Shaheen-III» հրթիռի մշակումը (մանրամասն տես, SIPRI Yearbook 2020, Pakistani nuclear forces, p.369-374

Հաշվի առնելով այս զարգացումները՝ փորձագետները եզրակացնում են, որ եթե Հնդկաստանը չընդլայնի իր զինանոցը կամ հզորացնի իր սովորական սպառազինությունները, ապա Պակիստանի միջուկային զինանոցը ոչ թե համաչափ կզարգանա, այլ բոլորովին նոր մակարդակի վրա կհայտնվի, երբ կավարտվեն սպառազինությունների  ներկայիս զարգացման ծրագրերը։


[1] Алена Гуськова, Как Пакистан стал ядерной державой, https://warspot.ru/3251-kak-pakistan-stal-yadernoy-derzhavoy