Թուրքական սոցհարցման արդյունքները. Արտաքին քաղաքականություն

2 ր.   |  2021-02-10

2 021թ. հունվարին Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը հրապարակել է «Թուրքիա. միտումներ 2020» սոցհարցումների վրա հիմնված հետազոտական զեկույցը։ Հարցումները, որոնք վերաբերում են Թուրքիայի սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտներին, անց է կացվել Թուրքիայի 26 նահանգներում՝ 18 և ավելի բարձր տարիքի 1000 անձանց շրջանում։ Անդրադառնանք արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցումների արդյունքներին։

Հետազոտության արտաքին քաղաքական հիմնախնդիրներին նվիրված բաժնում, ո՞ր երկրների կամ երկրի հետ Թուրքիան առավել սերտորեն պետք է համագործակցի իր արտաքին քաղաքականության մեջ հարցին, հարցվածների 19,5%-ը պատասխանել է՝ թյուրքախոս պետությունների, 18,4%-ը՝ մուսուլմանական երկրների, 11,3%-ը՝ Ռուսաստանի, 10,8%-ը՝ ԱՄՆ-ի, 10,6%-ը՝ ՆԱՏՕ-ի երկրների, 10,2%-ը՝ պետք է գործի միայնակ, 9,8%-ը՝ ԵՄ երկրների։ Ընդհանուր առմամբ` հարցվածների 46,5%-ը կարծում է, որ Թուրքիայի կառավարության արտաքին քաղաքականությունը հաջողված է։

Ներկայիս միջազգային պայմաններում արդյո՞ք ՆԱՏՕ-ին անդամակցությունը կենսական նշանակություն ունի Թուրքիայի համար, հարցվածների 48%-ը դրական պատասխան է տվել: Ուշագրավ է, որ արտերկրում Թուրքիայի ռազմական ներկայությանը կամ ռազմական բազաների ստեղծմանը դեմ են արտահայտվել հարցվածների 48,8%-ը (կողմ՝ 31,3%-ը): Ի դեպ, նույն համալսարանի կողմից 2017թ. իրականցված հետազոտության տվյալներով հարցվածների 48,1%-ը աջակցում էր Թուրքիայի այդ գործողություններին։ Հարցումներին մասնակցած անձանց 45%-ն էլ (կողմ` 38,2%) դեմ է Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողություններին։

Հ ետազոտությունում նաև ներկայացված է Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող և բարեկամ (կամ դաշնակից) պետությունները։ Այսպես, «ի՞նչ եք կարծում, հետևյալ երկրները վտանգ ներկայացնո՞ւմ են Թուրքիայի համար» հարցին, առաջին հնգյակում, որպես թշնամի պետություններ հայտնվել են ԱՄՆ-ն, այնուհետ՝ Իսրայելը, Հայաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլն (Տես՝ գրաֆիկ 1)։


Գրաֆիկ 1

Ըստ հարցվածների՝ Թուրքիայի դաշնակից կամ բարեկամ պետություններ են հետևյալ երկրները՝ Ադրբեջան, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, Վրաստան, Ուզբեկստան, Քաթար և այլն (տես գրաֆիկ 2)։


Գրաֆիկ 2

Թուրք ռեսպոնդենտներին տրված հարցերից է նաև, թե ի՞նչ քաղաքական հայացքներ ունեն։ Այս հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. 25,7%-ը՝ պահպանողական, 22%-ը՝ ազգայնական (ավելի մոտ պանթյուրքիստներին – Հեղ.), 13,9%-ը՝ սոցիալ-դեմոկրատ, 10,3%-ը՝ քեմալականության կողմնակիցներ, 8,9%-ը՝ քաղաքական իսլամի կողմնակիցներ, 5,9%-ը՝ ապաքաղաքական, 4,3%-ը՝ սոցիալիստ/կոմունիստ։