Անկարա-Աթենք. լարվածության թուլացում

4 ր.   |  2021-02-02

Թ ուրքիայի ու Հունաստանի միջև տարիներ շարունակ ձգվող խիստ դիմակայությունը լարվածության թուլացման զգուշավոր միտումներ է նշմարում։ Հնգամյա դադարից հետո Անկարան և Աթենքը պատրաստակամություն են հայտնել ի վերջո նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ փորձելու ընդհանուր եզրեր գտնել կողմերի միջև խորացած հակասությունների կարգավորման գործընթացը մեկնարկելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ 2016-ի մարտից ի վեր երկկողմ հարաբերությունները վատթարացան այն աստիճանի, որ Անկարան ու Աթենքը դադարեցրեցին անգամ արտգործնախարարների մակարդակով շփումները։

Հասկանալի է, որ բանակցությունների առանցքային թեման Էգեյան տարածաշրջանում և Արևելյան Միջերկրածովում հակամարտող կողմերի միջև ռազմականացված դիմակայության հաղթահարման քաղաքական, դիվանագիտական մոտեցումներ գտնելն է։

Նկատենք, որ վերջին շրջանում Հունաստանը բավական հաստատակամ ու կոշտ դիրքորոշում էր ցուցադրում Արևելյան Միջերկրածովի իր Բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) նկատմամբ Անկարայի ոտնձգությունների դիմագրավման հարցում․ ամիսներ առաջ Աթենքը բացահայտ հայտարարեց անհրաժեշտության դեպքում թուրքական ռազմանավերին հարվածելու պատրաստակամության մասին։ Այդ առիթով Հունաստանի զինված ուժերը բերվեցին բարձր պատրաստվածության աստիճանի՝ կապված Կաստելորիզո կղզուց ոչ հեռու հորատման աշխատանքներ սկսելու Թուրքիայի մտադրության հետ․ տեղանքում ակտիվացել էր նաև Թուրքիայի օդուժը։ Արտգործնախարար Նիկոս Դենդիասը 2020-ի օգոստոսի սկզբին կոչ արեց Անկարային դուրս բերել թուրքական նավերը Հունաստանի մայրցամաքային ափամերձ տարածքից․ «Հունաստանը պաշտպանելու է իր սուվերենությունն ու իրավունքները․ մենք կոչ ենք անում Թուրքիային անմիջապես լքել Հունաստանի մայրցամաքային ափամերձ շրջանները»։

Այդ փուլում անգամ փոքր միջադեպ գրանցվեց Հունաստանի ու Թուրքիայի ռազմածովային ուժերի միջև․ Էրդողանը հայտարարեց, որ Հունաստանի ռազմածովային ուժերը հարձակվել են թուրքական Oruc Reis հետազոտական նավի վրա, ինչին պատասխանել են թուրքական ռազմանավերը[1]։ Ի աջակցություն Աթենքի, Վաշինգտոնը սկսեց ակտիվորեն խաղարկել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից ամերիկյան ռազմական ռեսուրսները Հունաստան տեղափոխելու հարցը՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրացման համատեքստում։

2 021-ի հունվարի վերջին կողմերի միջև կայացած բանակցություններին փորձագետները ոչ ավելորդ զգուշավոր լավատեսությամբ են մոտենում՝ հաշվի առնելով այն, որ երկարատև հակասությունների խորացման միտումները, թերևս, կարելի է հաղթահարել միայն փուլերով՝ բանակցությունից մինչ հաջորդ բանակցություն տրամաբանությամբ։ Դա է թերևս պատճառը, որ տարբեր փորձագիտական գնահատականներում ավելի շուտ հնչում են «քննարկումներ», «քաղաքական առերեսում» կամ «խորհրդակցություններ» որակումները, քան թե բանակցություններ։

Ստամբուլում նախատեսված երկկողմ խորհրդակցությունների նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ հույս հայտնելով, որ կողմերին, այնուամենայնիվ, կհաջողվի լուծել ծովային սահմանազատման հարցերի շուրջ հակասությունները։ Հունաստանի վարչապետի հայտարարությունում ընդգծվում էր նույն զգուշավոր և իրատեսական լավատեսությունը՝ առանց ավելորդ մեծ սպասումների։

Եվ իսկապես, բավական բարդ և գրեթե անիրականալի է թվում տարիներ տևած ու խորացած առճակատումը բանակցությունների միջոցով հեշտությամբ հաղթահարելը․ հատկապես, երբ կողմերը կրել են փոխադարձ խորը անվստահություն, ագրեսիվ հռետորաբանություն՝ քաղաքական ու ռազմական ոլորտների պատասխանատուների ամենաբարձր մակարադակներում։

Բացի այդ, ընդամենը ամիսներ առաջ էր, երբ կողմերին աննշան սահման էր բաժանում ուղիղ ռազմածովային ռազմական գործողություններ սկսելուց։ Արդյունքում, Աթենքը հարկադրված եղավ թարմացնելու իր ռազմատեխնիկական, ռազմածովային, ռազմաօդային զինանոցն ու հնարավորությունները՝ պատրաստվելով հնարավոր ռազմական ուղիղ բախման։

Այստեղ կա ևս մեկ կարևորագույն հարց․ եթե բանակցությունները չունենան որևէ դրական տեղաշարժ կամ կողմերը չկարողանան այս բանակցությունների միջոցով գալ ընդհանուր հայտարարի, շատ ավելի ռիսկային կարող է դառնալ ետբանակցային դիմակայությունը։ Կողմերը, ըստ այդմ, միգուցե փորձեն բարելավել, վերադասավորել իրենց քաղաքական կամ ռազմական դիրքերը, որպեսզի հաջորդ հնարավոր խորհրդակցություններին ներկայանան խախտված հավասարակշռության տրամաբանությունում, որտեղ կողմերից մեկը կկարողանա համեմատաբար լինել թելադրողի դիրքերից։

Եվ այսպես, 2021-հունվարի 25-ին Ստամբուլում կայացան սպասված խորհրդակցությունները, որոնք տևեցին շուրջ 3 ժամ։ Դատելով վերսկսված երկկողմ բանակցությունների նախնական արձագանքներից, հանդիպումը դրական տեղաշարժ է արձանագրել. կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բարձր մակարդակի հանդիպումները։ Երկրորդ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել Աթենքում[2]։  

Բանակցությունների դրական արդյունքները համահունչ արձագանքներ են գտնում միջազգային հանրությունում և առաջին հերթին ԵՄ-ում, որն այդ դիմակայության ուղիղ շահագրգիռ կողմերից մեկն է։ Գերմանիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ բանակցությունները հնարավորություն կընձեռեն վերականգնել կողմերի միջև փոխադարձ վստահությունը։  

Հունաստանի փորձագիտական շրջանակները ակտիվորեն քննարկում ու վերլուծում են ստեղծված նոր իրավիճակը։ Քաղաքագետ Կոստաս Իֆանտիսը (Kostas Ifantis) նշում է, որ «շատ բան կախված է այս բանակցություններից. եթե առաջընթաց չարձանագրվի խորհրդակցություններում, մենք ստիպված կլինենք վերադառնալ նախկին իրավիճակին, երբ բռնության ներուժը բավական մեծ էր»[3]։

Քաղաքական-դիվանագիտական շրջանակներում արձանագրում են, որ բանակցությունների անցկացումն ինքնին արդեն ձեռքբերում է, սակայն համաձայնում են, որ հետագա գործընթացները շարունակում են մնալ բավականին անորոշ։ Փորձագետները նկատում են, որ Ստամբուլում կայացած երկկողմ խորհրդակցություններին մասնակցում էր Թուրքիայի նախագահականից Իբրահիմ Քալինը (Ibrahim Kalin), ով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ներկայացված չէր մասնակիցների ցուցակում։ Ըստ այդ գնահատականի, խորհրդակցություններին Քալինի մասնակցության մասին որոշումը Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձն էր՝ ցույց տալու Անկարայի մտադրությունը շարունակելու վերսկսված բանակցությունների գործընթացը[4]։

Սա նաև ուղերձ էր Հունաստանին ու ԵՄ-ին առ այն, որ Անկարան համենայն դեպս այս փուլում պատրաստակամություն է հայտնում իրապես թուլացնել կողմերի միջև առկա լարվածությունը և լուծել խնդիրները, այլ ոչ ստեղծել դրա իմիտացիան։


[1] Orbeli Analitical Research

[2] https://www.theguardian.com/world/2021/jan/25

[3] https://www.theguardian.com/world/2021/jan/25

[4] https://www.ekathimerini.com/261646/article/ek