Հունաստան-Թուրքիա դիմակայությունը

7 ր.   |  2020-08-14

Հայացք Իսրայելից

Ա րևելյան Միջերկրածովում Անկարա-Աթենք դիմակայությունում Հունաստանին Իսրայելի ցուցաբերած ռազմաքաղաքական աջակցությունը ստանում է առարկայական ու ուղիղ ներգրավվածության բնույթ։ Փորձագետները սա աննախադեպ են համարում, քանի որ վերջին ամիսներին Թել Ավիվը գլխավորապես հետևում էր կողմերի միջև ճգնաժամի հասունացմանը։

2020-ի հունիսի կեսերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հյուրընկալեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին․ հանդիպմանը հաջորդեց երկու երկրների վարչապետերի համատեղ ասուլիսը։ Նեթանյահուն համատեղ հայտարարությունում նշում էր․ «Հունաստանի ու Իսրայելի միջև կապերը շատ բնական են․ առաջինը՝ մենք ունենք մտերմության հին պատմություն․ Երուսաղեմն ու Աթենքը արևմտյան քաղաքակրթության հիմնասյուներն են, և մենք հպարտությամբ ենք համատեղ կրում այդ ժառանգությունը։ Երկրորդ՝ արտառոց է, որ ինչ-որ պատճառով Արևելյան Միջերկրականի մեր երկու ժամանակակից ժողովրդավար պետությունները սերտ ու բնական հարաբերություններ չեն ունեցել։ Ուստի, երբ մենք հաստատեցինք այդ հարաբերությունները, մնացած ամեն ինչ շարժվեց ճիշտ հունով։ Մենք ունենք համընդհանուր շահեր, բախվում ենք համընդհանուր խնդիրների, կան ընդհանուր բացառիկ հնարավորություններ։ ․․․Առկա է համագործակցություն անվտանգության ոլորտում, ներառյալ համատեղ զորավարժությունները, իսկ այժմ առկա են անվտանգության ապահովման տարբեր նախագծեր, որոնց միջոցով կարող ենք զարգացնել համագործակցությունը՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման համար։ Դա վերաբերում է նաև կիբերանվտանգությանն ու այդ հարցում մեր համատեղ ջանքերին, ինչպես նաև յուրաքանչյուր հնարավոր ոլորտում հետախուզական տվյալների փոխանակմանը, ինչը թույլ կտա մեր ժողովրդավար երկրներին տարածաշրջանում ապահովել խաղաղություն ու կայունություն։ Հնարավորությունները ընդգրկուն են. որոնք ներառում են ֆիզիկական ռեսուրսներն ու մտավոր աշխատանքի արդյունքները։ Ֆիզիկական ակնհայտ ռեսուրս է գազը․ առափնյա շրջանում մենք, ինչպես և Կիպրոսը, ունենք գազի զգալի պաշարներ։ Եվ մեր ամենակարևոր նախագիծը, որը մենք մանրամասն քննարկել ենք և շարունակում ենք քննարկել, East-Med գազատարի կառուցումն է․ այն Իսրայելի ու Կիպրոսի գազի հանքավայրերը, Կիպրոսի ու Հունաստանի տարածքով, միավորելու է Եվրոպային»[1],[2]։


Աղբյուրը՝ https://mfa.gov.il/MFARUS/PressRoom/2020
Իսրայելի ու Հունաստանի վարչապետերի համատեղ ասուլիսը



EastMed գազատարի նախագիծը
Աղբյուրը՝ https://orbeli.am/hy/post/216/2019-05-29

2020-ի օգոստոսի կեսին Իսրայելն իր պաշտոնական աջակցությունը հայտնեց Հունաստանին Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրածովի Բացառիկ տնտեսական գոտիներում (ԲՏԳ) առկա հակասությունների ու դիմակայության հարցում։ Այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ Իսրայելի արտգործնախարարությունը․ Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Լիոր Հայաթը (Lior Haiat) իր թվիթերյան էջում այդ առիթով գրեց, որ Իսրայելը ուշադրությամբ հետևում է Արևելյան Միջերկրածովում լարվածության աճին. «Իսրայելն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հունաստանին վերջինիս ծովային գոտիների հարցերում և Բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման հարցում Հունաստանի իրավունքներին»[3]։

Իսրայելի պաշտոնական հայտարարությունից կարճ ժամանակ անց հետևեց Հունաստանում Իսրայելի դեսպան Յոսի Ամրանիի (Yossi Amrani) հանդիպումը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի (Nikos Dendias) հետ․ վերջինս, իր հերթին, ավելի ուշ հայտարարեց, որ օգոստոսի 13-ին նախատեսում է այցելել Իսրայել և հանդիպել վարչապետ Նեթանյահուի, արտգործնախարար Գաբի Աշքենազիի (Gabi Ashkenazi) հետ[4]։ Հասկանալի էր, որ հանդիպման օրակարգի առանցքային թեման Արևելյան Միջերկրածովում ռազմաքաղաքական իրավիճակն է ու Թուրքիայի հակաօրինական գործողությունները[5],[6]։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր՝ նորարարության, առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի (այդ թվում՝ EastMed գազատարի կառուցման նախագիծը) ոլորտներում։ Նախարարները կարևորեցին Իսրայելի ու Հունաստանի ռազմավարական ու քաղաքական շփումների խորացումն ու համագործակցության շարունակությունը՝ տարածաշրջանային ու միջազգային համատեքստում[7]։

Նշենք, որ Թել Ավիվի առարկայական ուղերձներն ուղղակիորեն պայմանավորված են 2020-ի օգոստոսի սկզբներին Արևելյան Միջերկրածով թուրքական ռազմանավերի մուտքով։ Այդ քայլն Անկարան պատճառաբանում է մայրցամաքային ափամերձ շրջանում թուրքական հորատման հետազոտական առաքելության պաշտպանության անհրաժեշտությամբ։ Անկարան փաստացի ձգտում է վերահսկել այդ գոտիները՝ համաձայն 2019-ի նոյեմբերին Լիբիայի հետ ստորագրած համաձայնագրի, որով հստակեցվում էին Թուրքիայի ու Լիբիայի ԲՏԳ-երը Արևելյան Միջերկրածովում։

Միջերկրականում Ծովային սահմանների հստակեցման համաձայնագիրը, ինչպես ակնկալվում էր, քննադատության արժանացավ Հունաստանի, Կիպրոսի ու Իսրայելի ղեկավարությունների կողմից։ Եվ վերջիններիս ակնհայտ դժգոհությունները հասկանալի են. Միջերկրական ծովում սահմանների հստակեցման թուրք-լիբիական հուշագիրը ակնհայտորեն խոչընդոտում է EastMed գազատարի կառուցման նախագծի իրականացմանը։ Ըստ նախագծի, գազատարն անցնելու է Թուրքիայի ու Լիբիայի կողմից սահմանված ԲՏԳ-երի հատման տարածքով։


Թուրքիայի և Լիբիայի ԲՏԳ-երը՝ ըստ ստորագրված երկկողմ պայմանագրի
Աղբյուրը՝ https://www.aa.com.tr/en/africa/analysis-strategic

Ա յդ քայլը Էրդողանը հիմնավորում է նրանով, որ Թուրքիան Միջերկրական ծովում ունի ամենաերկար ափը, ինչը ըստ նրա, թույլ է տալիս այս տարածաշրջանում ունենալ նաև համարժեք քաղաքական ու իրավական հավակնություններ։ Ծովային սահմանների հստակեցման թուրք-լիբիական համաձայնագիրը խթանեց հակադիր բևեռի երկրների միջև ԲՏԳ-երի սահմանազատման իրավական շղթայական գործընթացը։ 2020-ի օգոստոսի սկզբին Հունաստանն ու Եգիպտոսն, իրենց հերթին, համաձայնագիր ստորագրեցին, որով սահմանագծում էին իրենց ԲՏԳ-երը Արևելյան Միջերկրածովում՝ ի հակադրություն Թուրքիայի[8]։

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին (Sameh Shoukry) Հունաստանի արտգործնախարարի հետ Կահիրեում տեղի ունեցած համատեղ ասուլիսից հետո հայտարարեց․ «Այս համաձայնագիրը թույլ է տալիս երկու երկրներին առաջ շարժվել Բացառիկ տնտեսական գոտիներում հասանելի պաշարների, հատկապես խոստումնալից նավթագազային ռեսուրսների առավելագույնս յուրացման հարցում»[9]։

Հունաստանում դիվանագետները նշում են, որ Եգիպտոսի հետ համաձայնագիրը անվավեր է դարձնում Թուրքիայի ու Լիբիայի միջև համաձայնագիրը[10]։ Եգիպտոսն իր հերթին մեծ ակնկալիքներ ունի տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու առումով․ 2020-ի հունվարին Կահիրեն այլ երկրների հետ ձևավորեց այսպես կոչվող Արևելյան Միջերկրական գազային ֆորումը (Eastern Mediterranean gas forum)՝ տարածաշրջանի գազի շուկայի զարգացման նպատակով։ Ֆորումում ներառվում են Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Իսրայելը, Իտալիան, Հորդանանն ու Պաղեստինը[11]։ 

2020-ի հունիսին Հունաստանն ու Իտալիան նույնպես համաձայնագիր ստորագրեցին ծովային սահմանների վերաբերյալ, որով սահմանագծվում էին երկու երկրների միջև ԲՏԳ-երը․ համաձայնագրով լուծվեց նաև Հոնիական ծովում (Ionean sea) ձկնորսության իրավունքների շուրջ կողմերի միջև երկարատև հակասությունը[12]։

Նկատենք, որ վերջին շրջանում Հունաստանը բավական հաստատակամ ու կոշտ դիրքորոշում է ցուցադրում Արևելյան Միջերկրածովի իր ԲՏԳ-ի նկատմամբ Անկարայի ոտնձգությունների դիմագրավման հարցում․ Աթենքը բացահայտ հայտարարեց անհրաժեշտության դեպքում թուրքական ռազմանավերին հարվածելու պատրաստակամության մասին։ Այդ առիթով Հունաստանի զինված ուժերը բերվեցին բարձր պատրաստվածության աստիճանի՝ կապված Կաստելորիզո կղզուց ոչ հեռու հորատման աշխատանքներ սկսելու Թուրքիայի մտադրության հետ․ տեղանքում ակտիվացել է նաև Թուրքիայի օդուժը։ Արտգործնախարար Նիկոս Դենդիասը օգոստոսի սկզբին կոչ արեց Անկարային դուրս բերել թուրքական նավերը Հունաստանի մայրցամաքային ափամերձ տարածքից․ «Հունաստանը պաշտպանելու է իր սուվերենությունն ու իրավունքները․ մենք կոչ ենք անում Թուրքիային անմիջապես լքել Հունաստանի մայրցամաքային ափամերձ շրջանները»[13]։

Ը ստ հունական աղբյուրների, օգոստոսի կեսերին փոքր միջադեպ գրանցվեց Հունաստանի ու Թուրքիայի ռազմածովային ուժերի միջև․ Էրդողանը հայտարարեց, որ Հունաստանի ռազմածովային ուժերը հարձակվել են թուրքական Oruc Reis հետազոտական նավի վրա, ինչին պատասխանել են թուրքական ռազմանավերը[14]։

Վերջին շրջանում քաղաքական երկխոսությունից բացի, բավական արդյունավետ է Հունաստանի ու Իսրայելի համագործակցությունը անվտանգային ու ռազմական ոլորտներում։ Հունաստանի հետ ռազմական համագործակցության հարցը դարձել է Իսրայելում որոշումներ կայացնողների ու վերլուծական առաջատար կենտրոնների օրակարգային կարևորագույն հարցերից մեկը։ Սա խոսում է Արևելյան Միջերկրածովում Իսրայելի քաղաքականության ռազմավարության շեշտադրումների վերանայման մասին․ նախկինում Թել Ավիվը չուներ էական դերակատարում Միջերկրածովի տարածաշրջանային հարցերում[15]։


[1] https://mfa.gov.il/MFARUS/PressRoom/2020

[2] https://mfa.gov.il/MFA/PressRoom/2020/Pages

[3] https://twitter.com/LiorHaiat/status/129341

[4] https://www.jpost.com/middle-east/israel-takes

[5] https://www.mfa.gr/en/current-affairs/statements

[6] https://mfa.gov.il/MFARUS/PressRoom/2020

[7] https://mfa.gov.il/MFARUS/PressRoom/2020

[8] https://www.reuters.com/article/us-egypt-greec

[9] https://www.reuters.com/article/us-egypt-greec

[10] https://www.reuters.com/article/us-egypt-greec

[11] https://www.reuters.com/article/us-egypt-greece

[12] https://www.reuters.com/article/us-greece-italy

[13] https://www.jpost.com/breaking-news/greece

[14] https://www.newsru.co.il/mideast/13aug2020

[15] https://www.bnnbloomberg.ca/israel-is-diving