ASRIKA. Իսլամական համադաշնության գաղափարը

4 ր.   |  2021-01-31

Թուրքիայի աշխահաքաղաքական նկրտումները 

2 020 թ. դեկտեմբերի 12-ին Ստամբուլում տեղի ունեցավ «Միջազգային իսլամական միության» խորագրով չորրորդ կոնգերսը, որը կազմակերպել էր թուրքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը՝ ASSAM-ը: Ինչպես ավելի վաղ գրել էինք, «ASSAM»-ը, ինչպես նաև թուրքական «SADAT» մասնավոր ռազմական ընկերությունը ձևավորվել է պաշտոնաթող գեներալ Ադնան Թանրըվերդիի կողմից: Էրդողանի նախկին ռազմական խորդականին պատկանող այս հետազոտական կենտրոնը, իսլամական պետություններին համախմբելու նպատակով իրականցնում է մի շարք նախագծեր, որոնցից մեկը «ASRIKA»-ի (Ասիա-Աֆրիկա թուրքերեն հապավումը) գաղափարն է, որը ենթադրում է իսլամական պետությունների միջև տարածաշրջանային դաշնությունների ստեղծում: Այս առիթով, դեռևս 2018թ. Թանրըվերդին իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ իրենք ցանկանում են իսլամական երկրների հետ ստեղծել մի միություն և դա իրենց գլխավոր նպատակներից է:

Հ ամաձայն այս հավակնոտ նախագծի, այսպես կոչված, Իսլամական պետությունների «Ասրիկա» համադաշնությունը բաղկացած է լինելու 61 իսլամական պետություններից (28-ը՝ Ասիայում, 27-ը՝ Աֆրիկայում, 4-ը՝ Եվրոպայում, 2-ը՝ Հարավային Ամերիկայում), որոնք կազմելու են ինը տարածաշրջանային դաշնություններ՝ առանց այդ երկրների պետական սահմանները փոփոխելու:

Ըստ այդմ, ինչպես ներկայացված է կենտրոնի կողմից հրապարկված քարտեզի, պետք է ստեղծվի ինը դաշնություն, որոնք են՝

  1. Միջին Արևելքի իսլամական պետությունների դաշնություն — Սաուդյան Արաբիա, Սիրիա, Իրաք, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հորդանան, Եմեն, Օման, Բահրեյն, Քաթար, Քուվեյթ, Պաղեստին:
  2. Կենտրոնական Ասիայի իսլամական պետությունների դաշնություն — Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:
  3. Մերձավոր Արևելքի իսլամական պետությունների դաշնություն — Իրան, Աֆղանստան, Բանգլադեշ, Պակիստան:
  4. Հարավարևելյան Ասիայի իսլամական պետությունների դաշնություն — Ինդոնեզիա, Մալայզիա, Բրունեյ, Մալդիվներ:
  5. Հյուսիսային Աֆրիկայի իսլամական պետությունների դաշնություն — Ալժիր, Եգիպտոս, Թունիս, Լիբիա, Մարոկկո, Չադ:
  6. Արևելյան Աֆրիկայի (կամ Կարմիր ծովի ավազանի) իսլամական պետությունների դաշնություն — Սուդան, Էրիթրեա, Սոմալի, Ջիբութի, Մոզամբիկ, Կոմորյան կղզիներ:
  7. Հյուսիսարևմտյան Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի իսլամական պետությունների դաշնություն — Գամբիա, Գվինեա, Գվինեա Բիսաու, Գայանա, Մավրիտանիա, Մալի, Սենեգալ, Սիերա Լեոնե, Սուրինամ:
  8. Հարավարևմտյան Աֆրիկայի իսլամական պետությունների դաշնություն —Բենին, Բուրկինա Ֆասո, Գաբոն, Կամերուն, Կոտ դ'Իվուար, Նիգեր, Նիգերիա, Տոգո:
  9. Եվրոպայի իսլամական պետությունների դաշնություն — Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո, Հյուսիսային Մակեդոնիա:

Թուրքական մամուլի տեղեկություններով, իսլամական պետությունների «Ասրիկա» համադաշնությունը լինելու է հանրապետություն, որի մայրաքաղաքը պետք է լինի Ստամբուլը, իսկ լեզուն՝ արաբերենը: Արդեն հրապարակվել է իսլամական պետությունների համադաշնության սահմանադրության մոդելը, որտեղ նշված է, որ «Ասրիկա» համադաշնության գործունեության հինգ հիմնական ոլորտներն են լինելու արդարադատությունը, պաշտպանությունն ու ռազմական արդյունաբերությունը, ներքին և արտաքին գործերը:

Տարածաշրջանային մակարդակով՝ իսլամական պետությունների դաշնությունները պետք է գործունեություն իրականացնեն նաև հետևյալ վեց ոլորտում՝ մաքսային և առևտրի, տրանսպորտային և ծովային (փոխադրումներ), տնտեսության, գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների զարգացման, մշակույթի և զբոսաշրջության:


Ինը դաշնությունների աշխարհագրությունը

Իսկ ահա դաշնությունների մեջ մտնող պետությունները գործունեություն կծավալեն հետևյալ ոլորտներում՝ կրթություն, ֆինանսներ, էներգետիկա և բնական պաշարներ, առողջապահություն, գյուղատնտեսություն և անասնաբուծություն, երիտասարդություն և սպորտ, անտառտնտեսություն և ջրերի կառավարում, աշխատուժ և սոցիալական ապահովություն, սոցիալական քաղաքականություն, բնապահպանություն: Բացի այդ, շեշտվում է, որ անհրաժեշտ է լինելու ստեղծել «Իսլամական միության նախարարություններ», այն երկրների նախարարների խորհուրդներում, որոնք ցանկանում են ստեղծել իսլամական միություն: Ինչպես նաև պետք է ձևավորվի «Իսլամական երկրների խորհրդարան»:

Ն շենք, որ ASSAM-ի կողմից կազմակերպված վերջին երկու կոնգրեսները վերաբերել են իսլամական միության երկրների միջև ռազմական արդյունաբերության և ընդհանուր պաշտպանական համակարգի ստեղծման ձևերին և սկզբունքներին: Մասնավորապես, նման միության ձևավորումից հետո նախատեսվում է ստեղծել Իսլամական պետությունների համադաշնության «Ռազմական արդյունաբերության նախարարություն», որին առընթեր պետք է գործեն «Պաշտպանության նախագահություններ»՝ իսլամական երկրների ինը տարածաշրջանային դաշնություններում և, այս նախագահությունները պետք է հիմնադրվեն դաշնության մեջ մտնող յուրաքանչյուր ազգային պետությունում: Ռազմական արտադրանքի, հետազոտությունների և ստանդարտացման, հավաստագրման, կոդավորման, սպասարկման և նորոգման հետ կապված պետք է հիմնադրվեն ռազմական արտադրության համար նախատեսված կենտրոններ: Մյուս կողմից՝ գիտական հետազոտությունների շրջանակներում պետք ստեղծվեն նաև ռազմական արդյունաբերությանն աջակցող համատեղ հիմնադրամ, տիեզերական տեխնոլոգիաների և մասնիկների արագացման համատեղ կենտրոններ:

 Համադաշնությունը պետք է ունենա նաև պաշտպանության նախարարություն իր ստորաբաժանումներով՝ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար: Համաձայն «ASSAM»-ի զեկույցի, իսլամական համադաշնության կենտրոնում գտնվող գլխավոր շտաբը (հավանաբար տեղակայվելու է Թուրքիայում) պետք է տա ինը տարածաշրջանային դաշնությունների կենտրոնում գտնվող բանակների համատեղ գործողությունների հրամաններ՝ ցամաքային, ծովային, օդային, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության, կիբեր և էլեկտրոնային անվտանգության ոլորտներում:

Այսպիսով, Ա. Թանրըվերդին «SADAT» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադրումից հետո այժմ փորձում է իսլամական համադաշնության գաղափարի շրջանակներում ստեղծել «Ասրիկա»-ի բանակը։ Մյուս կողմից, կարծում ենք, որ ռազմարդյունաբերության բնագավառում համագործակացությունը իսլամական միության երկրների հետ, եթե, իհարկե, նախագիծը կյանքի կոչվի, Թուրքիային հնարավորություն կտա ձեռք բերել նաև ռազմական նոր տեխնոլոգիաներ։

Առայժմ այս ձևաչափով քննարկումները շարունակվում են, որին մասնակցում են ոչ միայն թուրքական, այլև այն պետությունների գիտավերլուծական հանրությունները, որոնք ենթադրվում է, որ պետք է մասնակցեն միության հիմնադրմանը։ Նշենք, որ մինչև 2023թ. տեղի են ունենալու ևս մի քանի համաժողովներ, որոնք վերաբերելու են համատեղ արտաքին քաղաքականությանն ու անվտանգային հարցերին։