COVID-19-ի վերաբերյալ հասարակական ընկալումները Վրաստանում

9 ր.   |  2021-01-28

Խնդիրը

C OVID-19-ով մարդկանց վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են 2019 թ. դեկտեմբերին՝ Չինաստանի Ուհան քաղաքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թ․ հունվարի 30-ին հայտարարեց, որ COVID-19-ի բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ է և հրապարակեց դրա կանխարգելման վերաբերյալ մի շարք ժամանակավոր ցուցումներ։

Երկրները տարբեր կերպ արձագանքեցին։ Նրանց մեծ մասը անմիջապես սկսեց հետևել ԱՀԿ-ի ցուցումներին, մեկ այլ մասը՝ որոշ հապաղումով, իսկ մի քանիսը՝ օրինակ, Շվեդիան, Դանիան, Բելառուսը, որոշեցին, որ այդ ցուցումներին հետևելու հարկ չկա, քանի որ բոլոր համաճարակներն ի վերջո ավարտվում են, երբ տվյալ մարդկային հանրույթը ձեռք է բերում կոլեկտիվ իմունիտետ հիվանդության նկատմամբ։

Համաճարակի համաշխարհային միտումը ներկայացված է Գծապատկեր 1-ի ձախ կողմում։ 2021 թ. հունվարի 9-ից մինչև հունվարի 26-ը տեղի է ունեցել օրական դեպքերի թվի նվազում։ Դեռևս վաղ է եզրակացություններ կատարել՝ արդյո՞ք համաճարակը ընթանում է դեպի ավարտ։


Գծապատկեր 1

Օրական դեպքերի քանակը Վրաստանում և Հայաստանում տրված է Գծապատկեր 1-ի աջ կողմում։ Երևում է, որ Հայաստանում համաճարակն ունեցել է երկու բարձրակետ։ Երկրորդ բարձրակետը սկսվել է 2020 սեպտեմբերի վերջին, հավանաբար պայմանավորված դպրոցական դասերի սկսվելով, ինչպես նաև վարակի ինկուբացիոն շրջանով։ Վրաստանում համաճարակն ըստ էության սկսվեց նույն ժամանակահատվածում։ Դրանից առաջ, հավանաբար, Վրաստանի իշխանությունների հակահամաճարակային գործունեության արդյունքում հնարավոր է դարձել համաճարակի ինտենսիվ աճի հետաձգումը։

Համաճարակը լուրջ ազդեցություն է թողել բոլոր երկրների ոչ միայն տնտեսությունների, այլև հասարակական հարաբերությունների վրա։ Մարդիկ հոգնում են հակահամաճարակային երկարատև սահմանափակումներից, որի հետևանքով սկսում են բողոքել և երբեմն ընդվզել։

Հոդվածում դիտարկել է Վրաստանի հասարակությունում համաճարակի ազդեցությունը հասարակական գիտակցության և վարքի վրա, այդ թվում՝

  • ինչ տեղ է այն գրավում վրաստանյան այլ խնդիրների համատեքստում,
  • որքանով է բավարարված Վրաստանի հասարակությունը Վրաստանի կառավարության հակահամաճարակային գործունեությունից,
  • հաշվի առնելով, որ տարբեր երկրներում արդեն սկսվել են հակահամաճարակային պատվաստումները, ապա ինչպիսի՞ն է Վրաստանի հասարակության դիրքորոշումները այդ պատվաստումների նկատմամբ, ինչը հույժ կարևոր է մարդկանց առողջության պահպանման, մահերի կրճատման, տնտեսական հետևանքների վերացման և բնականոն կյանքին անցնելու տեսակետերից։
  • Դիտարկվել է նաև յուրահատուկ հարց՝ հնարավո՞ր է արդյոք համապետական ընտրությունների բարեհաջող անցկացումը համաճարակի պայմաններում։

Հետազոտությունն իրականացվել է Վրաստանում NDI-ի (National Democratic Institute) 2020 թ. դեկտեմբերին կատարած համապետական զանգվածային սոցիոլոգիական հետազոտության տվյալների շտեմարանով։ Նշենք, որ այն տեղի է ունեցել Վրաստանում համաճարակի առավել ինտենսիվ ժամանակահատվածում (տես՝ Գծապատկեր 1)։

COVID-19-ի տեղը պետական, առողջապահական և տնտեսական խնդիրներում

Գ ծապատկեր 2-ում ներկայացված է Վրաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրների տարածվածությունը։ Խնդիրները հարցվողներին չեն ներկայացվել, ընդունվել է մինչև երեք պատասխան։

Վրաստանի բնակչության գնահատականներով Վրաստանի առավել կարևոր չորս խնդիրներն են՝ աշխատատեղերի պակասը, աղքատությունը, գնաճը/դրամի արժեզրկումը և երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Համաճարակի խնդիրը՝ իր ամենաինտենսիվ ժամանակահատվածում չորրորդն էր և գերազանցում էր Վրաստանի բոլոր մնացած խնդիրներին, այդ թվում՝ ցածր թոշակներ, ցածր աշխատավարձեր, առողջապահության անմատչելիություն և մարդու իրավունքներ։


Գծապատկեր 2

Արդի աշխարհում առողջապահական խնդիրները և՛ հարուստ, և՛ աղքատ երկրներում մարդկանց գնահատականներում կարևոր տեղ են գրավում։ Որպես կանոն դրանք վերաբերվում են առողջապահության (դեղերի և ծառայությունների) ֆինանսական մատչելիությանը, իսկ տնտեսապես թերզարգացած երկրներում դրանց են միանում նաև բուժսպասարկման ֆիզիկական մատչելիության խնդիրները՝ բուժհաստատությունների, բժիշկների և բուժքույրերի պակասը, հեռավորությունը բնակության վայրերից, տրանսպորտային խնդիրները։

Վրաստանի հասարակությունում COVID-19-ի նշանակությունը առողջապահական այլ խնդիրների կոնտեքստում, ներկայացված է Գծապատկեր 3-ում (պատասխանները հարցվողներին չեն ներկայացվել, ընդունվել է մինչև երեք պատասխան)։ COVID-19-ը ներկայացված է ոչ թե որպես մեկ խնդիր, այլ բաժանված է չորս բաղադրիչի՝ COVID-19-ի բուժման համար թեստերի մատչելիություն, բժիշկների մատչելիություն, հիվանդանոցների մատչելիություն և ընդհանրացված՝ COVID-ին վերաբերվող այլ հարցեր (Գծապատկեր 3-ում դրանք տրված են կարմիր սյուներով)։


Գծապատկեր 3

Տվյալները ցույց են տալիս, որ չնայած COVID-ի համաճարակին, Վրաստանի առողջապահական համակարգի ամենամեծ խնդիրը մնում է դեղերի բարձր գները, որը նշել է հարցվածների 46%-ը: Այս  խնդրի տարածվածությունը երեք և ավելի անգամ գերազանցում է այլ առողջապահական խնդիրների տարածվածությանը։

Երկրորդ տեղում են «COVID-ին առնչվող այլ հարցերը», որը նշել է հարցվածների 25%-ը։ Շտեմարանում առկա չէ «այլ խնդիրների» բացվածքը, սակայն դրա մեծ տարածվածությունը հուշում է, որ COVID-ի հետ կապված խնդիրները շատ ավելի բազմազան են, քան դեղերի, բժիշկների և հիվանդանոցների մատչելիությունը։

  • Առողջապահական համակարգի խնդիրների շարքում երրորդ տեղում է «Հիվանդանոցների մատչելիությունը COVID-ով հիվանդների համար» (16%): Այս խնդիրը վերաբերվում է առողջապահական համակարգի բուն նպատակին և կազմավորման սկզբունքներին։

Հատկանշական է, որ այս խնդիրն ի հայտ է եկել ոչ միայն Վրաստանում և նման թույլ զարգացած երկրներում, այլ նաև բոլոր հարուստ և տնտեսապես զարգացած երկրներում, որոնց օրինակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դրդել էր նախկին ԽՍՀՄ երկրներին «օպտիմիզացնել» առողջապահական համակարգը, այդ թվում՝ կրճատել հիվանդանոցների և հիվանդանոցային մահճակալների քանակը։

ԽՍՀՄ-ն իր հիմնադրման առաջին իսկ տարիներից, սկսել էր կազմավորել հզոր պետական հիվանդանոցային համակարգ, որի առաջնային նպատակն էր ձերբազատել երկիրն ու հասարակությունը մահացու համաճարակներից՝ տիֆ, խոլերա, մալարիա, ժանտախտ, որոնք պարբերաբար բռնկվում էին, ինչպես քաղաքացիական պատերազմի ժամանակ, այնպես էլ դրան հաջորդող տարիներին, երբ երկիրը ավերակների մեջ էր՝ հակասանիտարական վիճակում։ Բացի դրանից, իր կազմավորումից մինչ լուծարումը ԽՍՀՄ-ը գտնվում էր Արևմուտքի զարգացած երկրների ագրեսիայի վտանգի ներքո, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքերի կիրառմամբ (միջուկային, բակտերիոլոգիական, քիմիական)։ Այդ պատճառով հզոր և այսօր առևտրային տեսակետից «ավելցուկային» հիվանդանոցային համակարգը դիտվում էր որպես անհրաժեշտություն։ Ժամանակը ցույց տվեց, որ խորհրդային մոտեցումը խորապես մտածված էր և արդիական նաև այսօր, երբ աճել են պատերազմների, այդ թվում նաև բակտերիոլոգիական հարձակումների, վտանգները։

Դժվարացել է նաև այն հարցի պարզաբանումը, արդյո՞ք նոր համաճարակների հարուցիչներն ունեն բնական, թե՞ արհեստական ծագում։

Վրաստանի տնտեսության խնդիրների շարքում COVID-19-ն իր տարածվածությամբ չորրորդն է և հետևում է գործազրկությանը, գնաճին, աղքատությանը (Գծապատկեր 4)։ Նշենք, որ հասարակական գիտակցությունում COVID-19-ի բացասական ազդեցությունն առկա է ոչ միայն ուղղակիորեն, այլև իր հետևանքներով, ինչպիսիք են՝ փակ սահմանները և զբոսաշրջիկների պակասը։


Գծապատկեր 4

Բավարարվածությունը կառավարության աշխատանքից՝ COVID-19-ին առընչվող հարցերում

Վ րաստանի հասարակության կողմից COVID-19-ին առնչվող հարցերում Վրաստանի Կառավարության աշխատանքների ընդհանուր գնահատականը կարելի է համարել բավարար՝ բնակչության մոտ երկու երրորդը՝ 60%-ը, այդ աշխատանքները գնահատել է «Շատ լավ» կամ «Լավ»։ Սակայն քիչ չէ նաև բացասական գնահատականների ընդհանուր քանակը՝  33%։


Գծապատկեր 5

Հարկ է նշել, որ COVID-19 համաճարակի ընթացքում, որպես կանոն, Կառավարությունների նկատմամբ վստահության մակարդակն աճել է։ Դա բացատրվում է նրանով, որ բոլորին սպառնացող վտանգի դեպքում մարդիկ հակված են համախմբվել որևէ կենտրոնի կամ առաջնորդի շուրջ և ներկայիս երկրների մեծամասնությունում այդպիսի կենտրոն է ընկալվում երկրի կառավարությունը։

Պառլամենտական ընտրությունները և COVID-19-ը

2 020 թ. հոկտեմբերի 31-ին Վրաստանում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ, որում հաղթեց իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը համամասնական ընտրություններում հավաքելով 48.2%։ Երկրորդ տեղը գրավեց «Ազգային միացյալ շարժում – Միասնությունը ուժ է միավորված ընդդիմություն» դաշինքը՝ 27.8%, երրորդ տեղը՝ «Եվրոպական Վրաստան – շարժում դեպի ազատություն» դաշինքը՝ 3.8%: Պարտված ընդդիմությունը հրաժարվեց պատգամավորական մանդատներից՝ պահանջելով նոր ընտրություններ։ Նշենք, որ համաձայն NDI-ի 2020 դեկտեմբերի հետազոտության «Վրացական երազանքին» պատրաստվում էին իրենց ձայնը տալ ընտրություններին մասնակցելու դիրքորոշում ունեցող և իրենց կուսակցական նախընտրություններում կողմնորոշված անձանց 63.5%-ը, իսկ «Ազգային Միացյալ շարժում» կուսակցությանը՝ 17.1%-ը։

Այդուհանդերձ մեզ հետաքրքրում է այն հարցը, թե որքանո՞վ էին ընտրություններին մասնակցած անձինք բավարարված ընտրությունների կազմակերպվածության աստիճանով, այդ թվում՝ նաև ընտրատեղամասերում հակահամաճարակային պաշտպանությամբ։

Արդյունքները տրված են Գծապատկեր 6-ում։ Դատելով պատասխաններից, Վրաստանի ընտրություններին մասնակցած անձանց բավարարվածության աստիճանը ընտրությունների կազմակերպվածության մակարդակից շատ բարձր է։ «Ընտրություններում ամեն ինչ լավ էր կազմակերպված» նշել է ընտրություններին մասնակցած անձանց 94%-ը, «Ընտրական հանձնաժողովների անդամները լավ էին պատրաստված» նշել է 89%-ը, «Ընտրատեղամասերում մարդկանց կուտակումներ կային» նշել է միայն 10%-ը։ Իսկ «Ընտրատեղամասերում COVID-19-ից պաշտպանության կանոնները լավ էին պահպանվում» նշել է 92%-ը։

Արդյունքները ցույց են տալիս, որ համաճարակի նույնիսկ սուր փուլում հնարավոր է համապետական ընտրությունները կազմակերպել բարձ մակարդակով։


Գծապատկեր 6

Այդուհանդերձ հակահամաճարակային կանոնների պահպանման իրական արդյունավետությունը խնդրահարույց է։ Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների պառլամենտական ընտրություններին մասնակցել է 1,992,891 մարդ կամ ընտրողների 56.7%-ը։

Գծապատկեր 1-ի աջակողմյան դիագրամի դիտարկումից երևում է, որ ընտրությունների ազդեցությունը համաճարակային իրավիճակի վրա եղել է բավական բացասական։ Մասնավորապես, եթե ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 1-ին գրանցվել է 320 դեպք (տրված են 7-օրյա սահող միջինները), ապա դրանից 14 օր անց՝ (ինկուբացիոն շրջան) հոկտեմբերի 15-ին, գրանցված դեպքերի քանակը կրկնակի աճել է և դարձել՝ 600, որից հետո սկսվել է օրական գրանցված դեպքերի կտրուկ աճի ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 30-ին օրական գրանցված դեպքերը թիվը դարձել է 1,800, իսկ դեկտեմբերի 9-ին հասել է իր առավելագույնին՝ 4,342։

COVID-19-ը և բնակչության վարքը

Բ նակչության վարքը դժվարին պայմաններում կանխատեսելու համար կարևոր է այն, թե մարդիկ ինչպե՞ս են գնահատում դժվար պայմանների հետագա ընթացքը։

Հետազոտության տվյալներով Վրաստանի բնակչության մեծամասնությունը՝ մոտ 40%-ը, 2020 դեկտեմբերին համարում էր, որ COVID-ի հետ կապված «ամենավատ հետևանքները դեռ առջևում են»։ Իսկ «ամենավատն արդեն անցել է» դիրքորոշումն ուներ բնակչության մեկ երրորդը՝ 33%-ը։ Բավական մեծ թիվ են կազմում նաև նրանք, ովքեր այդ մասին չունեն կազմավորված կարծիք՝ 22%։


Գծապատկեր 7

Վրաստանում խնդրահարույց կարող է դառնալ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական իրականացումը, քանի որ բավական մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր չեն ցանկանում պատվաստվել կամ պատվաստել իրենց երեխաներին։

                          
Գծապատկեր 8

Տեղեկացվածությունը COVID-19-ի բուժման հետ կապված հարցերից

Բ նակչության տեղեկացվածությունը, թե ինչպես պետք է վարվել COVID-ի դեպքում բուժօգնություն ստանալու համար՝ բավական բարձր է։ Խնդրահարույց է միայն սեփական ցանկությամբ տեստավորման խնդիրը։ Այն հարցին, թե գիտի՞ արդյոք հարցվողը ինչպես գտնել անվճար կամ մատչելի գնով COVID-19-ի տեստ, դրական է պատասխանել նրանց 65%-ը։


Գծապատկեր 9

Հիմնական եզրակացություններ

Վ րաստանում COVID-19-ի համաճարակը կարևոր տեղ է զբաղեցնում հասարակական գիտակցությունում, սակայն այն չի գերազանցում Վրաստանի համար ավանդական չորս խնդիրների կարևորությանը՝ աշխատատեղերի պակաս, աղքատություն, գնաճ և տարածքային ամբողջականության վերականգնում։

Հաշվի առնելով, որ, ըստ ԱՀԿ կանխատեսումների, նոր համաճարակների առաջացման հավանականություն աճել է, հետևաբար անհրաժեշտ է դիտարկել հիվանդանոցային արագ տեղակայվող մոդուլների ձեռքբերման կամ արտադրության, ինչպես նաև նրանց տարածքային տեղաբաշխման հարցերը։

Չնայած համաճարակի պայմաններում միանգամայն հնարավոր է պատշաճ կերպով կազմակերպել և անցկացնել համապետական մասշտաբի ընտրություններ, այդուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ այն կառաջացնի համաճարակի ինտենսիվացում։

Տարբեր երկրների գիտական կենտրոններ արդեն արտադրում են պատվաստանյութեր COVID-19-ի դեմ։ Սակայն զանգվածային պատվաստումների բարեհաջող ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է հասարակության շրջանում աշխատանքներ սկսել հակապատվաստումային դիրքորոշումների նվազեցման նպատակով։