Թուրքիան 2020-ին
6 ր. | 2020-12-292 020թ. Թուրքիան շարունակեց իր տարածաշրջանային ագրեսիվ և ապակայունացնող քաղաքականությունը, ինչը տարբեր երկրների քաղաքական գործիչների և փորձագետների կողմից գնահատվեց որպես Էրդողանի նեոօսմանական նկրտումներ։ Հոդվածում կանդրադառնանք 2020թ. թուրք-հունական, թուրք-լիբիական հարաբերություններում տեղի ունեցած գլխավոր իրադարձություններին, ինչպես նաև վերջին ամիսներին Թուրքիայի ռազմարդյունաբերությանն ու սպառազինության արտահանմանը։
Թուրքիա-Հունաստան։ Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն նկատվեց այս տարի, երբ Անկարան հետախուզական նավ ուղարկեց վիճելի հատվածներ։ Աթենքի և Անկարայի միջև լուրջ տարաձայնությունների պատճառ դարձան հատկապես Կիպրոսի մոտակայքում գտնվող գազի հանքավայրերի շահագործման և Էգեյան ծովում սահմանային հարցերը։ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ Հունաստանի և Կիպրոսի եվրոպական աջակցության հարցը քննարկման ենթակա չէ, իսկ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։ Հոկտեմբերին Թուրքիան և Հունաստանը ստեղծեցին կապի թեժ գիծ երկու կողմերի զինվորականների միջև՝ հույս ունենալով նվազեցնել բախումների սպառնալիքը Միջերկրական ծովում։
Այն հարցին, թե արդյոք Հունաստանին չե՞ն անհանգստացնում Թուրքիայի գործողությունները, արտգործնախարար Դենդիասը պատասխանել էր, որ «Թուրքիան չի ընդունում միջազգային իրավունքը և ծովային իրավունքի մասին միջազգային կոնվենցիան։ Ցանկացած երկիր իրավունք ունի 12 մղոն ջրային տարածքների վրա։ Նման իրավունք ունի նաև Հունաստանը։ Թուրքիան հայտարարում է, եթե Հունաստանը կիրառի այդ իրավունքը, դա կլինի «casus belli», այսինքն՝ պատերազմի հայտարարում։ Ըստ էության, չափազանց բարդ է։ Թուրքիան ուզում է անդամակցել Եվրամիությանը, բայց նաև նեոօսմանական երազանքներ ունի, ինչն անընդունելի է մեր համար»։
Դեկտեմբերի 11-ին Եվրախորհուրդը որոշեց ընդլայնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք կիրառվում էին Արևելյան Միջերկրծովյան տարածքում հորատման աշխատանքների պատճառով։ Բացի այդ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին հանձնարարվեց պատրաստել Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որը պետք է ներկայացվի 2021թ. մարտին։ Ընդ որում, հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի և Արևելյան Միջերկրծովյան շրջանի հետ կապված գործողությունները Եվրամիությունը պետք է համակարգի ԱՄՆ հետ։
Այս առիթով Հունաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ԵՄ-ն Թուրքիային դիտարկում է որպես տարածաշրջանն ապակայունացնող գործոն, սակայն, Եվրամիությանը ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հասնի պատժամիջոցների կիրառման ԱՄՆ մակարդակին, և եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, ապա հենց դա էլ տեղի կունենա։ Հավելենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին նաև, երբ Թուրքիայի Պետական խորհուրդը սթ. հուլիսին որոշեց Կ. Պոլսի ուղղափառ տաճարը՝ Սուրբ Սոֆիան, կրկին վերածել մզկիթի, որը 1935թ.-ից թանգարան էր։
Լիբիա-Թուրքիա։ 2020թ. հունվարի 2-ին թուրք պատգամավորները հավանություն էին տվել օրենքի նախագծին, որով նախատեսվում էր զորք ուղարկել Լիբիա՝ ի աջակցություն ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ)։ Էրդողանը հայտարարեց, որ կկիրառի իրեն հասանելի դիվանագիտական և ռազմական միջոցները՝ հարավային սահմանների կայունության ապահովման համար։ Անկարան Տրիպոլիի իշխանություններին տրամադրեց զրահամեքենաներ և անօդաչու թռչող սարքեր, իսկ թուրքական բանակի զինծառայողները «ուսուցման և խորհրդատվական» նպատակով տեղակայվեցին Լիբիայում։ Ընդ որում, 2020թ. հունվարին Բեռլինում կայացած Լիբիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի ընթացքում մասնակիցները համաձայնության էին եկել Լիբիա զենք մատակարարելու արգելքը պահպանելու վերաբերյալ։ Բացի այդ, պարտավորվել էին հրաժարվել Լիբիայի հակամարտության կողմերից որևէ մեկին աջակցությունից։ Սակայն, հետագա միտումները ցույց տվեցին, որ այդ պայմանավորվածությունները ընդհանուր առմամբ չպահպանվեցին։
Մասնավորապես, 2020թ. օգոստոսի 18-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան, Քաթարը և Լիբիան ռազմական համաձայնագիր են ստորագրել՝ լիբիական զինված ուժերի հնարավորությունները բարձրացնելու նպատակով։ Համաձայնագիրը ստորագրվել է Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ) հետ։ Համաձայնագրի շրջանակներում Թուրքիան և Քաթարը խորհրդատուներ և ռազմական անձնակազմ կուղարկեն Լիբիա, ինչպես նաև ԱՀԿ-ին ենթակա զինվորականներին տեղ կհատկացվի՝ թուրքական և քաթարական ռազմական ուսումնարաններում կրթություն ստանալու համար: Նախատեսվում է նաև նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ԱՀԿ ռազմական ուժերին։ Նշենք, որ Թուրքիան չի փոխել իր ահաբեկչական ձեռագիրը, ինչպես Սիրիայի և արցախյան հակամարտության ողջ ընթացքում էր, այնպես էլ Լիբիայի դեպքում՝ Հաֆթարի Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումների դեմ օգտագործում է աֆրիկյան և մերձավորարևելյան տարբեր երկրների վարձկան ահաբեկիչների։
Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանություն տվեց Լիբիայում թուրքական ռազմական ուժերի տեղակայման ժամկետների երկարաձգման առաջարկին։ Ըստ այդմ՝ թուրք զինծառայողները Լիբիայում կարող են ծառայել հաջորդ 18 ամիսներին՝ սկսած 2021թ. հունվարի 2-ից։
Այս համատեքստում Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խ. Հաֆտարը դիմեց իր ենթականերին՝ Լիբիան թուրք զինվորականներից ազատելու կոչով։ Մասնավորապես, նշեց. «Անկախությունն արժեք չունի, քանի դեռ թուրքական բանակը գրավում է մեր հայրենիքի մի մասը։ Նա հավելեց, որ «ագրեսորը չի դադարում վարձկաններ ու տարբեր տեսակի զենքեր ուղարկել, պատերազմ հայտարարել լիբիացիներին՝ անտեսելով մեր երկրի կամքը և թերագնահատելով մարդկային արժեքները»:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ընդունված որոշումից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Հ. Աքարի և ԶՈւ ԳՇ պետ Յ. Գյուլերի գլխավորած բարձրաստիճան պատվիարկությունը անակնկալ այցելեց Տրիպոլի։ Որոշ տեղեկություններով, Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են ռազմական փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Ռազմարդյունաբերություն։ Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում, Թուրքիան վերջին տասնամյակում զարգացնում է իր ռազմական արդյունաբերությունն ինչպես սեփական զինված ուժերի կարիքների բավարարման, այնպես էլ արտահանման նպատակով։ Վերջին ամիսներին մի շարք երկրների հետ ստորագրվել են սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր։ Մասնավորապես, սթ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հունգարիան Եվրամիության կազմում գտնվող առաջին պետությունն է, որ պատվիրել է 40 հատ թուրքական «Էժդեր Յալչին» (Ejder Yalçın) զրահապատ մեքենաներ։
Թուրքիան փորձում է նվաճել զենքի արտահանման նոր շուկաներ նաև ասիական տարածաշրջանի (Հարավ-արևելյան Ասիա) և աֆրիկյան մայրցամաքում։ Դեկտեմբերին Թունիսի ՊՆ և «Turkish Aerospace Industries» (TAI) ռազմական արդյունաբերական ընկերության միջև կնքված պայմանագրով Թուրքիայից պատրաստվում է գնել $80 մլն. ընդհանուր արժողությամբ «ANKA-S» տեսակի 3 ԱԹՍ և կառավարման կայան։ Պայմանագրով նախատեսվում է նաև շուրջ $70 մլն.-ի «Kirpi», «Ejder Yalçın» տեսակի զրահամեքենաների, ինչպես նաև օպտիկական էլեկտրոնային համակարգերի ձեռքբերում։
Վերջին տարիներին արձանագրված միտումները ցույց են տալիս, որ թուրքական ռազմարդյունաբերական համալիրը փնտրում է նոր գործընկերներ՝ համատեղ ընկերություններ և արտադրություն հիմնելու համար, ինչպես նաև ձգտում է ստանալ նոր տեխնոլոգիաներ: Այս համատեքստում, Թուրքիան հատկապես զարգացնում է ռազմարդյունաբերական կապերը Ուկրաինայի հետ։ Երկու երկրների միջև կնքվել են տեխնոլոգիաների փոխանակման, ռազմանավերի և հարվածային ԱԹՍ-ների համատեղ արտադրության մի շարք համաձայնագրեր:
Ռազմական գնումների և համագործակցության ընդլայնման մասին համաձայնագրի շրջանակներում Ուկրաինան Թուրքիայից ձեռք կբերի «Ադա» (կամ «ՄԻԼԳԵՄ») տեսակի չորս ռազմանավ STM (Savunma Teknolojileri Mühendislik)։ «Defense News»-ի տեղեկություններով, գործարքի արժեքը մոտ $ 1 մլրդ է։ Ուկրաինան 2021 թ.-ին ձեռք կբերի նաև թուրքական «Bayraktar TB2» տեսակի անօդաչու թռչող 5 սարքեր:
Ինչ վերաբերում է սպառազինության նոր տեսակների արտադրությանը, ապա վերջերս «Baykar Makina» թուրքական ավիաշինարարական ընկերության ղեկավար Ս. Բայրաքթարը հայտարարեց նոր սերնդի «MIUS» (National Unmanned Combat Aerial Vehicle) ԱԹՍ կործանիչների մշակման ինտենսիվ աշխատանքների մեկնարկի մասին։ Ընկերությունը նախատեսում է մինչև 2023թ. ավարտել դրանց մշակման աշխատանքները։
Թուրքական ռազմարդյունաբերական մեկ այլ ընկերության՝ «Turkish Aerospace Industries» (TAI) ղեկավար Թեմել Քոթիլը հայտարարել է, որ իրենց ընկերությունը 2020-2023թթ. նախատեսում է ցուցադրել թուրքական արտադրության «TF-X» 5-րդ սերնդի կործանիչները, «ATAK-2» մարտական ուղղաթիռը և «HÜRJET» ուսուցողական-մարտական ինքնաթիռը։ Ընդ որում, նշում է, որ ինքնաթիռների մատակարարումը տեղի կունենան 2025թ., իսկ դրանց կառուցման աշխատանքների ավարտից հետո ընկերությունը կունենա մոտ 6000 ինժեներ, ովքեր ռազմական ինքնաթիռների նախագծման փորձ կունենան։ Հավելենք, որ այս ընկերությունը ձգտում է մինչև 2028թ․համաշխարհային մասշտաբով ընդգրկվել պաշտպանական ընկերությունների լավագույն տասնյակում, ինժներեների թիվը հասցնել 10 հազարի և ապահովել $10 մլրդ.-ի շրջանառություն: