Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը
5 ր. | 2020-12-28Վ երջին տարիներին Իրանի հետախուզական ծառայությունները դարձել են խոցելի արտաքին միջամտությունների նկատմամբ։ 2018-ին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելի հատուկ ծառայություններին հաջողվել է թափանցել Իրան և Թեհրանից Իսրայել տեղափոխել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ շուրջ 1 տոննա փաստաթուղթ։ Այդ առիթով Նեթանյահուն հատուկ ելույթ ունեցավ՝ հանրայնացնելով այդ գործողության որոշ մանրամասներ։ Իրանի հետախուզական ծառայությունների բացթողման հետևանք էր նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կազմակերպումը։
2020-ի նոյեմբերի վերջին Իրանում մահափորձի հետևանքով սպանվեց երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, երկրի միջուկային ու հրթիռային տեխնոլոգիաների գծով լավագույն փորձագետներից Մոհսեն Ֆահրիզադեն: Սա նրա նկատմամբ մահափորձի առաջին փորձը չէր։ Ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով Մոհսեն Ֆահրիզադեն հինգ իրանցիներից մեկն է, ով ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[1]։
Ըստ մեդիա ու փորձագիտական գնահատականների, Ֆահրիզադեին հնարավոր է եղել վնասազերծել արբանյակից հեռակառավարվող ժամանակակից բարձր տեխնոլոգիական հնարավորությունների կիրառման միջոցով։ Իրանական պաշտոնական աղբյուրները նշում են, որ Ֆահրիզադեի չեզոքացման գործողությունն իրականացվել է ավտոմատացված, այսպես կոչված, «խելացի» համակարգի միջոցով, որը կրակ է բացել Ֆահրիզադեի վարած ավտոմեքենայի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավիի (Ali Fadavi) գնահատմամբ, սա ահաբեկչական գործողություն էր՝ առանց տեղում ահաբեկիչների ներկայության[2]։
Իրանական աղբյուրների համաձայն, իրանցի միջուկայնագետը համարվում էր Իրանի միջուկային ծրագրի ամենաառանցքային դերակատարներից մեկը։ Ֆահրիզադեն Իրանի միջուկային գծով թվով 5-րդ առաջատար գիտնականն էր, ով չեզոքացվեց 2010-իվ ի վեր Իրանի տարածքում[3]։ Պաշտոնական Թել Ավիվը հերքում է Ֆահրիզադեի չեզոքացման գործողությունում իր մասնակցությունը։ Մինչդեռ իսրայելական ետկուլիսային աղբյուրները որոշ փակագծեր, այնուամենայնիվ, բացում են։ Իսրայելի ավագ պաշտոնյաներից մեկը, ով ցանկացել է մնալ անանուն, նշել է, որ «Մոհսեն ֆահրիզադեի գլխավորությամբ Իրանի միջուկային զենքի զարգացման հավակնություններն այնպիսի սպառնալիք էին ներկայացնում, որ աշխարհը դեռ պետք է շնորհակալություն հայտնի Իսրայելին»[4]։
Թ եհրանում հույսեր կան, որ Բայդենի հաղթանակով կարող է պատուհան բացվել Իրանի հետ միջուկային համաձայնագրին Վաշինգտոնի վերադարձի ու Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղարկման հարցերում[5]։ 2020-ի նոյեմբերին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ քննարկել միջուկային համաձայնագիրը, եթե վերջինս չեղարկի պատժամիջոցները. «Մենք պատրաստ ենք քննարկել, թե ինչպես է Միացյալ Նահանգները վերադառնալու համաձայնագրին»[6]։
Նշենք, սակայն, որ իրանցի ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը կարող է հավելյալ բարդություններ առաջացնել Բայդենի վարչակազմի համար Թեհրանի հետ առաջիկա հնարավոր քննարկումներին ու բանակցություններին։
Աղբյուրը՝ https://www.reuters.com/article/us-iran-nuclear
Ֆահրիզադեի սպանության առիթով Թեհրանում կազմակերպված ցույցը, նոյեմբեր 8, 2020
Որոշ փորձագետներ նկատում են, որ Ֆահրիզադեի չեզոքացման գործողության ետևում կանգնած են Իսրայելի հատուկ ծառայությունները, որի նպատակն էր տապալել Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ Բայդենի վարչակազմի հետագա բանակցությունների հնարավորությունը։ Միջադեպից օրեր անց Իրանի Պահապանների խորհուրդը (Guardian council) վավերացրեց երկրի խորհրդարանում ընդունված օրինագիծը, որով հորդորում է երկրի կառավարությանը կտրուկ սահմանափակել միջուկային համաձայնագրով Իրանի ստանձնած պարտավորությունները, արգելում է միջազգային տեսուչների մուտքը Իրանի միջուկային օբյեկտներ, պահանջում երկրի ատոմային էներգետիկ գործակալությունից ավելացնել ուրանի հարստացումը[7]։ Օրինագծի համաձայն, Թեհրանը երկու ամիս ժամկետ է սահմանում եվրոպական գործընկերների համար՝ դյուրացնելու Իրանի նավթային ու ֆինանսական սեկտորների նկատմամբ պատժամիջոցները[8]։
ԵՄ-ում մտահոգություն են հայտնում, որ Ֆահրիզադեի սպանությունը կարող է բացասաբար անդրադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանին բանակցություններին վերադարձնելու ջանքերի ուղղությամբ։ Ֆրանսիան, Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան զգուշացնում են Իրանին, որ վերջինիս օրենսդիր մարմնում միջուկային ծրագրին վերաբերող օրինագծի ընդունումը, ըստ էության, սահմանափակում է հարցի լուծման դիվանագիտական հնարավորությունը։
Այդուհանդերձ, օրինագծի ընդունման հարցի շուրջ Իրանի ղեկավարությունում ընկալումները միանշանակ չեն. եթե երկրի օրենսդիրները նման օրինագծի ընդունումը համարում են ստեղծված իրավիճակին համահունչ ու ճիշտ արձագանք, ապա կառավարությունում փորձում են չսրել առանց այդ էլ բարդ հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ։ Ռոհանիի կառավարությունը չի շտապում իրավիճակի դրդմամբ հետևություններ անել ու որոշումներ կայացնել. կառավարությունում կարծում են, որ միջուկայնագետի սպանությունը իսրայելական ծուղակ է, որից պետք է Թեհրանը խուսափի, և անհրաժեշտ է լավ մտածել յուրաքանչյուր պատասխանի շուրջ[9]։
Դեկտեմբերի 1-ին օրինագծի վավերացումից հետո երկրի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեին (Ali Rabiei) աննախադեպ քննադատության ենթարկեց օրենսդիրներին. «Միջուկային համաձայնագրի կարգավիճակի վերաբերյալ որոշումները խորհրդարանի իրավասություններից դուրս են»։ Այն դեպքում, երբ Իրանի խորհրդարանի Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը (Mohammad Bagher Ghalibaf) իր գոհունակությունը հայտնեց նախագծի հետ կապված՝ նշելով, որ «միջուկային համաձայնագիրը այլևս միակողմանի խաղ չէ»[10]։
Բ այդենը կարող է ժառանգել խառնաշփոթ մի իրավիճակ. նախագահ Թրամփը մտադիր է մինչ Բայդենի երդմնակալության օրը նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ։ Ամերիկյան պարբերականների համաձայն, նախագահ Թրամփին տարհամոզել են Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու մտքից, որն էական վնաս կհասցներ Իրանի հետ լարվածությունը թուլացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու Բայդենի վարչակազմի հետագա ջանքերին[11]։ Թրամփի վարչակազմում հավատում են, որ իրենց գործադրած ջանքերը Բայդենի համար ուղի են հարթում Իրանից հետագա զիջումներ ստանալու համար։
Փորձագետների մի մասը կարծում է, որ իրանցի միջուկայնագետի սպանությունը առժամանակ կուժեղացնի Իրանի ներիշխանական դաշտում և հանրային տրամադրություններում պահպանողականների դիրքերը։ Սա իր հերթին որոշ չափով կարող է բարդացնել ինչպես Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ առաջիկա բանակցությունները, այնպես էլ բացասաբար անդրադառնալ Իրանի ներքաղաքական դաշտում Ռոհանիի կառավարության դիրքերի ուղղությամբ[12]։
[1] https://armenpress.am/arm/news/1036129/
[2] Iran says AI and ‘satellite-controlled’ gun used to kill nuclear scientist | Iran | The Guardian
[3] Iran says AI and ‘satellite-controlled’ gun used to kill nuclear scientist | Iran | The Guardian
[4] Mohsen Fakhrizadeh: Iran scientist 'killed by remote-controlled weapon' - BBC News
[5] Orbeli Analitical Research
[6] https://www.al-monitor.com/pulse/originals/2020
[7] https://www.al-monitor.com/pulse/originals/2020
[8] https://www.reuters.com/article/us-iran-nuclear-law
[9] https://www.al-monitor.com/pulse/originals/2020
[10] https://www.al-monitor.com/pulse/originals/2020
[11] https://www.washingtonpost.com/world/2020/11
[12] What do we know about Mohsen Fakhrizadeh? - The Washington Post