Իսրայելի ակնկալիքները նախագահ Բայդենից
10 ր. | 2020-12-21Ա ՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը և անձամբ Թրամփը մեծ ավանդ ունեցան Մերձավոր Արևելքում Իսրայելի ազդեցության պահպանման ու ընդլայնման հարցում։ Վաշինգտոնը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք՝ իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխելով Երուսաղեմ, ինչպես նաև՝ Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։
Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոն-Թել Ավիվ համագործակցությունը զարգացավ ի հաշիվ տարածաշրջանում Թեհրանի դիրքերի թուլացման։ ԱՄՆ նախագահի վարչակազմը զգալիորեն կոշտացրեց Իրանի նկատմամբ նախկին նախագահ Օբամայի վարած քաղաքականությունը. շարունակվեցին ու խստացվեցին Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Սպիտակ Տունը հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից միակողմանի դուրս գալու մասին։
Իսրայելում ի սկզբանե մտավախություն կար, որ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի դեպքում ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունը կարող է Իրանի հանդեպ «հանդուրժող» դառնալ։
Իսրայելցի փորձագետների մի մասը, սակայն, գտնում է, որ միգուցե Բայդենի վարչակազմում փորձեն Թեհրանի հետ երկխոսության առավել կառուցողական ուղիներ գտնել, ինչից, այնուամենայնիվ, Սպիտակ Տան մերձավորարևելյան քաղաքականությունն էապես չի փոխվի։ Հատկապես շեշտվում է այն հանգամանքը, որ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ առարկայական արդյունքներ են ստացվել Իսրայելի ու արաբական աշխարհի առաջատար պետությունների միջև հաշտեցման գործընթացի ուղղությամբ, և Իրանի հարցում «մեղմ» դիրքորոշման վերադարձը շատ ավելի բարդ կլինի, քան Օբամայի նախագահության ժամանակ էր։ Բացի այդ, նշվում էր, որ թեև նախագահ Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը ավանդական դեմոկրատներ են, սակայն «Բայդենը Օբամա չէ, և 2021-ը 2009 թվականը չէ»[1]։
Իսրայելական փորձագիտական ու մեդիա հարթակում կարծիքներ են հնչում, որ մերձավորաևելյան քաղաքականության հարցում Բայդենի վարչակազմը մեծապես տարբերվում է Օբամայից. եթե Օբաման Իսրայելն ընկալում էր որպես արաբական-իսլամական տարածքները զավթող գործոնի, ապա Բայդենի վարչակազմի համար Մերձավոր Արևելքն ու Իսրայելը առաջնային չեն համարվելու։ Բայդենի առաջնային խնդիրը երկրի հանրությունում հետընտրական փուլում ձևավորված երկպառակտության հաղթահարումն է, քանի որ հանրապետականները և նրանց ընտրազանգվածը այդպես էլ չեն համակերպվում Թրամփի պարտության հետ[2]։ Դրան ավելանում են նաև համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարման ու տնտեսության վերականգնման գործում Բայդենի առաջ կանգնած խնդիրները։
Բացի այդ, վերջին տարիներին Սպիտակ Տան համար գլխացավանք է դարձել Թուրքիան, և Բայդենի վարչակազմն է՛լ ավելի է կարևորելու մերձավորարևելյան իր վստահելի գործընկերների՝ Թել Ավիվի ու Էր Ռիադի նշանակությունը Անկարայի հետ հարաբերութունների կառուցման գործում։ Սպիտակ Տան մերձավորարևելյան քաղաքականությունում Իսրայելի նշանակությունը թերևս կշարունակի շոշափելի մնալ ոչ այնքան Իրանի, որքան Արևելյան Միջերկրածովում ընթացող զարգացումների համատեքստում, որտեղ Սպիտակ Տան համար Թուրքիան շարունակում է մնալ չլուծված խնդիր։ Անկարայի նկատմամբ չափից ավելի ճնշումները կարող են վերջինիս օտարել արևմուտքից ու նպաստել Ռուսաստանի հետ համագործակցության խորացմանը, մյուս կողմից՝ դեռևս չեն ուրվագծվում Վաշինգտոն-Անկարա, Բրյուսել-Անկարա հարաբերություններում խորացող ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները։
Բայդենի թիմակիցները գտնում են, որ ոչ միջուկային պատժամիջոցները, ինչպես օրինակ, հրթիռների արտադրությունը, մարդու իրավունքների ոլորտում բռնությունները, ահաբեկչության աջակցումը կպահպանվեն, և այդ հարցում Սպիտակ Տունը կարևորում է համագործակցությունը եվրոպական իր գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ Բայդենի վարչակազմը օրակարգային չի դարձնի պաղեստինյան հիմնահարցը, ինչպես դա կար Օբամայի նախագահության շրջանում։ Եվ ըստ էության, չի վնասի Իսրայել-արաբական պետություններ հարաբերությունների բարելավման ու հաշտեցման գործընթացին, որն ակտիվացել է Թրամփի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Ըստ այդ գնահատականների, Բայդենի վարչակազմը, ըստ ամենայնի, կաջակցի այդ հաշտեցման գործընթացին, սակայն դեռ պարզ չէ՝ որչափ և ինչպես։
Ա յլ փորձագետներ կարծում են, որ Բայդենի վարչակազմը կփորձի Իրանին բերել կառուցողական դաշտ, ինչը բացասական կազդի Իսրայելի ու Միացյալ Նահանգների երկխոսության նախկին ձևաչափի ու օրակարգի վրա։ Սա Իսրայելի կառավարության համար անվտանգային կարմիր գիծ է. Թել Ավիվում անթույլատրելի են համարում, եթե Բայդենի վարչակազմը սկսի մտածել Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու ու զրոյական կետից վերսկսելու հնարավորությունը։ Կարծիք կա, որ սկզբնական փուլում Բայդենը և նրա թիմը կարող են զգայուն լինել պաղեստինյան հիմնահարցի, հրեական բնակավայրերի և Իրանի միջուկայի ծրագրին առնչվող հարցերում. «այդ փուլում վարչապետ Նեթանյահուն որոշակի դժվարություններ է ունենալու Սպիտակ Տան հետ հարաբերությունները նախկին հունի մեջ բերելու հարցում»[3]։
Որոշ փորձագետներ գտնում են, որ Իսրայելի ղեկավարությունը կարծես արդեն ընտելացել էր մի իրավիճակի, երբ Թրամփը պատրաստակամ էր տալ ավելին, քան Թել Ավիվը կարող էր անգամ երբևէ ակնկալել Վաշինգտոնից. սա, իր հերթին, որոշ իմաստով կարող է բացասաբար ազդել Նեթանյահուի զգոնության ու նախաձեռնողականության վրա։ Նյու Յորքում Իսրայելի նախկին գլխավոր հյուպատոս Դենի Դայանը (Dani Dayan) կարծում է, որ Բայդենը վերադառնալու է Իրանի միջուկային ծրագրին, ինչը շատ լավ հասկանում է Նեթանյահուն. «Նեթանյահուին մնում է միայն փորձել հասնել նրան, որ հնարավոր փոխհամաձայնությունը առավելագույնս տարբերվի 2015-ի համաձայնագրից»[4]:
Նոյեմբերի 8-ին, ԱՄՆ նախագահական ընտրություններին դեմոկրատների՝ հաղթելու մասին հայտարարությունից մեկ օր անց Նեթանյահուն շտապեց շնորհավորել Բայդենին՝ ակնարկելով անձնական շուրջ 40 տարվա ջերմ հարաբերությունները[5]։
Congratulations @JoeBiden and @KamalaHarris. Joe, we’ve had a long & warm personal relationship for nearly 40 years, and I know you as a great friend of Israel. I look forward to working with both of you to further strengthen the special alliance between the U.S. and Israel.
— Benjamin Netanyahu (@netanyahu) November 8, 2020
Աղբյուրը՝ https://twitter.com/netanyahu/status/13253029
Նույն օրը, Բայդենին շնորհավերուց ընդամենը րոպեներ անց Իսրայելի վարչապետը թվիթերում շնորհակալություն հայտնեց նախագահ Թրամփին՝ Իսրայելի համար կատարած կարևոր քայլերի համար[6]։ Ըստ իսրայելական և արաբական տարբեր լուսաբանումների, Իսրայելի կառավարությունը և անձամբ վարչապետ Նեթանյահուն մինչև վերջին պահը հույս էին կապում նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի հետ։ Նեթանյահուն մեկ անգամ չէ նշել, որ Թրամփը ԱՄՆ նախագահների շարքում մինչ օրս միակն է, որ այդչափ առարկայական, գործնական քայլեր ու նախաձեռնություններ է կատարել հօգուտ Իսրայելի անվտանգության ու սուվերենության։ Այս առումով, հասկանալի է, որ Իսրայելի ղեկավարության համար ընտրություններին նախագահ Թրամփի հաղթանակն անհամեմատ գերադասելի էր մերձավորարևելյան այս երկրի ղեկավարության համար դեռևս անորոշ դեմոկրատ Բայդենի թեկնածությունից։
Ավելին, Նեթանյահուն հասցրել էր բավական ջերմ ընկերական հարաբերություններ հաստատել նախագահ Թրամփի հետ, որն ընդհանուր առմամբ դրական էր անդրադառնում Իսրայելում գործող վարչապետի քաղաքական ու հանրային հեղինակության վրա։ Որոշ փորձագետներ անգամ գնահատականներ տվեցին, որ Սպիտակ Տանից Թրամփի հեռացումը կարող է խարխլել Իսրայելում Նեթանյահուի քաղաքական դիրքերը՝ ամրապնդելով վերջինիս քաղաքական մրցակից Բենի Գանցի ազդեցությունը[7]։
Թրամփի պարտությամբ Իսրայելը Սպիտակ Տանը կորցրեց ոչ միայն վստահելի գործընկերոջ, այլև դեպի նախագահ Թրամփը տանող արդյունավետ գործող օրենսդրական, քաղաքական ու լոբբինգի խողովակների միջոցով մանևրելու անսահմանափակ պատուհանը[8]։ Քաղաքական դաշտից կարող է դուրս մղվել Իսրայելի հետ Միացյալ Նահանգների համագործակցության ամրապնդման գործում զգալի ներդրում ապահոված Թրամփի վարչակազմի թիմը՝ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների գլխավորությամբ։ Վերջինս Թրամփի դստեր՝ Իվանկայի ամուսինն է և անձնական ու գործնական կապեր ունի Իսրայելի քաղաքական վերնախավի հետ։ Հենց Քուշներն էր ստանձնել Իսրայելի ու արաբական աշխարհի միջև հաշտեցման գործընթացի դիվանագիտական ղեկը։
Թրամփի նախագահության շրջանում կողմերի միջև փոխվստահության մակարդակն այնքան բարձր էր, որ երբ նախագահ Թրամփը կանաչ լույս էր վառել Նեթանյահուի համար՝ Պաղեստինին պատկանող Հորդանան գետի արևմտյան ափի տարածքների նկատմամբ վերահսկողության հաստատման հարցում, Իսրայելի վարչապետն ընդառաջ գնաց Թրամփի խորհրդին՝ չշտապել այդ հարցում և չվնասել արաբական երկրների հետ վերսկսված խաղաղության ու հաշտեցման գործընթացին[9]։
Բայդենի հաղթանակով այդ տարածքների նկատմամբ Իսրայելի վերահսկողության հնարավորության հարցը դեռևս մնում է անորոշ. արդյո՞ք Սպիտակ Տունն իր քաղաքական աջակցությունը կհայտնի Իսրայելի ղեկավարությանը, եթե ոչ, ապա դա ինչպես կանդրադառնա Վաշինգտոնի ու Թել Ավիվի հարաբերությունների, ինչպես նաև անձամբ Նեթանյահուի քաղաքական ու հանրային դիրքերի վրա. Վերջինս քանիցս է հավաստիացրել երկրի հանրությանը, որ Հորդանան գետի արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի վերահսկողության հաստատումն ընդամենը առաջիկա ժամանակի հարց է։
Օբամայի նախագահության տարիներին, երբ Ջո Բայդենը զբաղեցնում էր երկրի փոխնախագահի պաշտոնը, 2016-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգները ձեռնպահ քվեարկեց ՄԱԿ Անվտանգության խորհրդում 2234 բանաձևին՝ չօգտվելով վետոյի իր իրավունքից և թույլատրելով բանաձևի անցկացումը (14 կողմ, 1 ձեռնպահ)։ Բանաձևում ասվում էր, որ Հորդանան գետի արևմտյան ափում հրեական նոր բնակավայրերը միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և իրավական ուժ չունեն [10],[11]։ Սյուզան Ռայսը (Susan Rice), ով այդ ժամանակ նախագահ Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, իսկ 2009-2013թթ.՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը, համարվում է նախագահ Բայդենի վարչակազմում պետքարտուղարի գլխավոր թեկնածուն։
Այդուհանդերձ, փորձագետները նկատում են, որ նախագահ Բայդենը կշարունակի խոսել հակամարտության՝ երկու-պետության ստեղծման ծրագրի մասին, որն առաջարկել էր Թրամփի վարչակազմը․ սակայն տպավորություն կա, որ այն կմնա որպես բանակցություն և ոչ ավելին։ Ըստ այդ գնահատականի, Իսրայելի ու պաղեստինցիների միջև բանակցությունները կարող են վերսկսվել, սակայն հնարավորությունը, որ Բայդենը ճնշում կբանեցնի Իսրայելի վրա, որպեսզի վերջինս դուրս գա Արևմտյան ափից ու ապամոնտաժի բնակավայրերը, գործնականում հավասար են զրոյի։
Փորձագետները նկատում են, որ եթե Բայդենի վարչակազմը վերադառնա Իրանի հետ միջուկային համաձայնագրի «թարմացմանը», ապա Իսրայելի կառավարությանն այլընտրանք չի մնում, քան ընդդիմանալ այդ դիրքորոշմանը. Թել Ավիվի ղեկավարությունը ներկայում ի վիճակի չէ հստակ կերպով հակազդել Բայդենի ծրագրի հնարավոր իրագործմանն այն պատճառով, որ այդ երկրում այսօր գործում է երկու մրցակիցներից ձևավորված կառավարություն՝ երկիշխանություն, որտեղ կողմերը քաղաքական օրակարգի տարբեր հարցերում հակադրվում են, այդ թվում՝ Իրանի ուղղությամբ Բայդենի քաղաքականության հակաքայլերի մշակման հարցում[12]։ Վարչապետ Նեթանյահուն Բայդենի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերադառնալու հնարավորությունը համարում է վտանգավոր, մինչդեռ փոխվարչապետ և պաշտպանության նախարար Բենի Գանցը չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել այդ վտանգը։ Վերջերս երկրի ԱԳ նախարար Գաբի Աշքենազին, ով Գանցի թիմակիցն է, Քնեսեթում հայտարարեց, որ Նեթանյահուի անզիջող դիրքորոշումը սխալ է, և Իրանի հարցում Իսրայելը կարող է Բայդենի վարչակազմի հետ գալ ընդհանուր հայտարարի։ Ըստ շրջանառվող լուրերի, Աշքենազին ձգտելու է համոզել Բայդենի աշխատակազմի անդամներին՝ Իրանի միջուկային ծրագիրը փոխկապակցել վերջինիս բալիստիկ հրթիռների ծրագրի ու նրա վարած տարածաշրջանային «ագրեսիայի» հետ։
2020-ի դեկտեմբերի 2-ին New York Times-ին տված հարցազրույցում Բայդենը վերահաստատեց 2015-ին Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրին Միացյալ նահանգների վերադարձի շուրջ իր մոտեցումը. «դա դժվար է լինելու, բայց հնարավոր է. Միացյալ Նահանգները կվերացնի Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները, եթե Իրանը պահպանի համաձայնագրով նախատեսվող միջուկային գործունեության սահմանափակումները։ Երբ դա տեղի ունենա, ԱՄՆ-ն կսկսի Իրանի հետ բանակցել նոր, երկարաժամկետ միջուկային համաձայնագրի շուրջ»[13],[14],[15]։
Հիշեցնենք, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրով Իրանի ցենտրիֆուգների սահմանափակումների ժամկետը լրանում է 2025-ին, իսկ 2030-ին դադարեցվում են Իրանի ուրանի հարստացման նկատմամբ գործող սահմանափակումները։ Հարցազրույցում Ջո Բայդենը նշեց, որ Միացյալ Նահանգները նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել իր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ հետագա համաձայնագրերի համատեքստում՝ խստացնելու ու երկարաձգելու Իրանի միջուկային սահմանափակումները, ինչպես նաև լուծել հրթիռային ծրագիրը։
Թ եհրանում հույս ունեն, որ Բայդենի հաղթանակով կարող է պատուհան բացվել Իրանի հետ միջուկային համաձայնագրին Վաշինգտոնի վերադարձի ու Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղարկման հարցերում։ 2020-ի նոյեմբերին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ Իրանը պատրաստակամ է քննարկել Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագիրը՝ այն դեպքում, եթե վերջինս նախ չեղարկի պատժամիջոցները[16]։ Նշենք, սակայն, որ իրանցի ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի չեզոքացումը կարող է հավելյալ բարդություններ առաջացնել Բայդենի վարչակազմի համար Թեհրանի հետ առաջիկա հնարավոր քննարկումներին ու բանակցություններին։
Բայդենը կարող է ժառանգել խառնաշփոթ մի իրավիճակ. նախագահ Թրամփը մտադիր է մինչ Բայդենի երդմնակալության օրը նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ։ Ամերիկյան պարբերականների համաձայն, նախագահ Թրամփին տարհամոզել են Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու մտքից, որն էական վնաս կհասցներ Իրանի հետ լարվածությունը թուլացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու Բայդենի վարչակազմի հետագա ջանքերին[17]։ Թրամփի վարչակազմում հավատում են, որ իրենց գործադրած ջանքերը Բայդենի համար ուղի են հարթում Իրանից հետագա զիջումներ ստանալու համար։
[1] https://www.haaretz.com/opinion/.premium-on
[2] https://www.jpost.com/us-elections/joe-biden-is
[3] https://www.latimes.com/world-nation/story/2020
[4] https://www.latimes.com/world-nation/story/2020
[5] https://twitter.com/netanyahu/status/132530295
[6] https://twitter.com/netanyahu/status/132530632
[7] https://www.middleeasteye.net/news/analysis-is
[8] https://www.middleeasteye.net/news/analysis-is
[9]https://lenta.ru/news/2020/06/26/noaann/?keep
[10] https://www.middleeasteye.net/news/analysis
[11] https://www.middleeasteye.net/news/us-abstains
[12] https://www.jns.org/opinion/biden-and-israels
[13] https://www.jns.org/opinion/biden-and-israels-u
[14] https://iranintl.com/en/world/biden-interview-rev
[15] https://www.nytimes.com/2020/12/02/opinion/bide
[16] https://www.al-monitor.com/pulse/originals/2020
[17] https://www.washingtonpost.com/world/2020/11