ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ
3 ր. | 2020-12-21Ռ ուսաստանից Ս-400 ԶՀՀ-ի 4 դիվիզիոն ձեռք բերելու շուրջ Թուրքիան սկսեց բանակցել դեռևս 2016 թ.-ին։ ԱՄՆ հայտարարեց, որ գործարքը լուրջ հետևանքներ կունենա Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար: ԱՄՆ-ն ազդակներ էր ուղարկում, որպեսզի Թուրքիան հրաժարվի այդ համակարգերի ձեռքբերումից։ Մյուս կողմից՝ ԱՄՆ նախազգուշացրեց, որ «CAATSA»-ի՝ Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի շրջանակներում կկիրառի պատժամիջոցներ ՌԴ-ի հետ պաշտպանական ոլորտում համագործակցող մի շարք թուրքական ընկերություններ նկատմամբ։ Թրամփի վարչակազմը թուրքական կողմից պահանջեց հրաժարվել Մոսկվայի հետ գործարքից՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել, այդ թվում՝ F-35 կործանիչների պահեստամասերի և հենց կործանիչների մատակարարման կասեցումը։
2020թ. դեկտեմբերի 14-ին ԱՄՆ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության և գերատեսչության բարձր պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 համակարգի պատճառով։ Մասնավորապես, ԱՄՆ-ն հայտարարեց, որ այսուհետ պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի Հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) դեմ օրենքի 231-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանի «Рособоронэкспорт» ձեռնարկության հետ գործարքին մասնակցելու և Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: Պատժամիջոցները ներառում են ԱՄՆ արտահանման լիցենզիաների և թույլտվությունների արգելք SSB-ի համար, ինչպես նաև ակտիվների սառեցում և մուտքի արտոնագրերի սահմանափակումներ SSB-ի նախագահ Իսմայիլ Դեմիրի և SSB-ի այլ աշխատակիցների նկատմամբ: Մասնավորապես անհատական պատժամիջոցների տակ են հայտնվել Դեմիրի տեղակալ Ֆարուք Յիղիթը, հակաօդային պաշտպանության վարչությունների ղեկավարներ Մուստաֆա Ալփեր Դենիզն ու Սերհաթ Գենչօղլուն, որոնց մուտքը ԱՄՆ-ը արգելված է:
Ը ստ էության, «CAATSA»-ի համաձայն, Անկարայի նկատմամբ պատժամիջոցները ենթադրում են արտահանման լիցենզիա և թուրքական ռազմաարդյունաբերության համալիրին ամերիկյան ապրանքներ ու տեխնոլոգիաներ տրամադրելու արգելք։ Ընդ որում, ԱՄՆ ֆինանսական ընկերություններին արգելվում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությանը $10 մլն գերազանցող գումարների տրամադրում, իսկ ԱՄՆ Արտահանման-ներկրման բանկին (ExIm Bank) արգելվում է աջակցել Թուրքիայի պաշտպանական շահերից բխող արտահանումներին։ Բացի այդ, ԱՄՆ մտադիր է հետագայում խոչընդոտել միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Անկարային տրամադրվող վարկերի գործընթացին, եթե այդ ֆինանսական միջոցները նախատեսված են պաշտպանական կարիքների ձեռք բերման համար։
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Քեյլ Բրաունը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին պարզաբանումներ է ներկայացրել ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ՝ նշելով, որ պատժամիջոցները Թուրքիայի պաշտպանական ներուժի քայքայման նպատակ չեն հետապնդում, այլ ուղղված են Ռուսաստանի դեմ և նպատակ ունեն խանգարելու նրան ստանալ մեծ եկամուտներ սեփական զենքի իրացումից և զրկել Ռուսաստանին իր ազդեցությունից։ Միաժամանակ, Պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիային վերադառնալ ՆԱՏՕ-ի ձևաչափով ստանձնած պարտավորությունների կատարմանը և ձեռք բերել միայն այն զենքերը, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին:
ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի աշխատակից Վ. Կաշինի կարծիքով, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը նպտակ ունի լուծելու երկու խնդիր․ առաջին հերթին հարցականի տակ դնել ամերիկյան տեխնոլոգիաների, բաղադրամասերի և սարքավորումների կիրառմամբ նոր ռազմարդյունաբերական նախագծերի իրականացման Թուրքիայի հնարավորությունները։ Երկրորդ՝ խոչընդոտել թուրքական զինված ուժերի տրամադրության տակ գտնվող ամերիկյան ռազմական տեխնիկայի սպասարկումը: Նա գտնում է, որ ԱՄՆ-ի այս գործողությունները Անկարայի նկատմամբ՝ կավելացնեն ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում արտադրանքի տեսականու փոփոխման և ընդլայնման միտումները, նոր հնարավորություններ կստեղծվեն առաջին հերթին ռուսական և չինական սպառազինություն արտահանողների համար։
Տնտեսական և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի (EDAM) Պաշտպանության ծրագրի տնօրեն Ջան Քասափօղլուի գնահատականով, պատժամիջոցները թեթև չեն լինելու Թուրքիայի համար, նշելով, որ Թուրքիան պայմանագրեր ունի մի շարք երկրների հետ: Օրինակ՝ Ուկրաինային և Պակիստանին վաճառվող սպառազինության համակարգերն ու ենթահամակարգերը, բաղադրամասերը Թուրքիան գնում է ԱՄՆ-ից: Պատժամիջոցները այս տեսանկյունից կարող են խոչընդոտել գործընկեր երկրների հանդեպ ստանձնած և պայմանագրերով ամրագրված պարտավորությունները:
Ընդհանուր առմամբ, փորձագետները գտնում են, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը դեռ չի փլուզվի, սակայն, այն կկրի դժվարություններ ոչ միայն սպառազինությունների արտադրման և արտահանման մասով, այլև՝ տնտեսական: Որոշ հաշվարկներով պատժամիջոցները կարող են ազդել երկկողմ պայմանագրերի վրա: Խոսքը վերաբերում է $1,5-2,3 մլրդ. մասին, ինչ կազմում է ամերիկա-թուրքական երկկողմ առևտրի մոտ 5%-ը: