Սինայի թերակղզու վերադարձը

6 ր.   |  2020-11-23

1 967-ի վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը կարողացավ վերահսկողություն հաստատել Եգիպտոսի Սինայի թերակղզու նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ Իսրայելը ռազմական գործողություններ էր վարում միաժամանակ պատերազմի մեջ մտած մի քանի արաբական պետությունների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Իրաքի դեմ։ 6 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելին հաջողվեց Սիրիայից գրավել Գոլանի բարձունքները, Հորդանանից՝ Հորդանան գետի արևմտյան ափը, Եգիպտոսից՝ Սինայի թերակղզին ու Գազայի հատվածը։ Իսրայելի զինված ուժերի կողմից վերահսկողության տակ անցած այդ տարածքներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 70 հազ․ կմ2։


Նկարում Սինայի թերակղզու ուղղությամբ Իսրայելի ռազմական գործողությունների հրամանատար Արիել Շարոնն է
Աղբյուրը՝ https://www.bbc.com/russian/international/2015

Ընդ որում, Իսրայելը բլից-կրիգով կարողացավ օրերի ընթացքում գրավել իր տարածքից (շուրջ 21 հազ․ կմ2) գրեթե 3 անգամ մեծ մակերեսով Սինայի թերակղզին (60 հազ․ կմ2): Իսրայելական կողմին դա հաջողվել է իրականացնել նաև այն պատճառով, որ տարածքը անապատային-տափաստանային է։  


Աղբյուրը՝ http://rushist.com/index.php/jewry/3703-vojna
1967-ին Իսրայելի վերահսկողության տակ անցած տարածքները

Սինայի թերակղզու գրավումից հետո առաջիկա տարիներին (1967-1970թթ․) Իսրայելի դեմ Եգիպտոսը նախաձեռնեց մի շարք ռազմական գործողություններ՝ թերակղզին ազատագրելու նպատակով, սակայն եգիպտական կողմի փորձերը ձախողվեցին։ Արդյունքում թիրախավորվեցին եգիպտական մի քանի քաղաքներ, ինչի հետևանքով Եգիպտոսը զինվորականության, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում ունեցավ մարդկային ու նյութական զգալ կորուստներ։ Տարբեր տվյալներով, 1967-ի ռազմական գործողություների հետևանքով իսրայելական կողմն ունեցավ մինչև 900-1000 զոհ, 2500 վիրավոր, եգիպտական կողմի զոհերը գնահատվում են ընդհանուր վերցրած ավելի քան 11 հազ․, 20 հազ․ վիրավոր։

Իսրայելի զինված ուժերը շուրջ 15 տարի իրենց վերահսկողության տակ պահեցին թերակղզին։ 1979-ին Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ սկիզբ դրվեց Իսրայելի կողմից Եգիպտոսին Սինայի թերակղզու վերադարձին։ Տարածքների վերադարձման գործընթացը թեև սկսվեց 1979-ին, սակայն իրականացվեց փուլ առ փուլ․ արդյունքում Իսրայելի զինված ուժերն ամբողջությամբ լքեցին թերակղզին միայն 1982-ին։

1978-ին սեպտեմբերին Քեմփ Դեյվիդում ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի միջնորդությամբ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի և Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինի միջև գաղտնի բանակցություների արդյունքում ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների բարելավման սկզբունքների մասին նախնական համաձայնագրեր (The Camp David Accords)։  


Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը
Աղբյուրը՝ https://share.america.gov/ru/%D0%B4%D0%

Այդ համաձայնագրերը հիմք հանդիսացան 1979-ին երկու երկրների միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որով վերջ դրվեց երկու երկրների միջև պատերազմներին, կողմերը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ։ Եգիպտոսն արաբական աշխարհում առաջին պետությունն էր, որը խաղաղության պայմանագիր ստորագրեց Իսրայելի հետ։

Իսրայելի զինված ուժերի վերահսկողության տարիներին Սինայի թերակղզում Իսրայելի կառավարությունը հիմնեց 2 ռազմաօդային բազա, մեկ ռազմածովային բազա, այլ ռազմական նշանակության օբյեկտներ, կառուցվեցին ավտոճանապարհներ, քաղաքացիական ու ռազմական ենթակառուցվածքներ։ Երկրի ղեկավարությունն անցավ գրավյալ տարածքների բնակեցման քաղաքականության իրագործմանը։ Այդ տարիներին հիմնվեցին ընդհանուր առմամբ շուրջ 2 տասնյակ իսրայելական բնակավայրեր, որոնք տեղակայվում էին Աքաբայի ծոցի երկայնքով և Գազայի հատվածից դեպի հարավ։

1982-ին, սակայն, Իսրայելը հարկադրված էր քանդել, ապամոնտաժել թվով 18 իսրայելական բնակավայրերի մեծ մասը և հարկադրաբար տարհանել տեղի հրեա բնակիչներին։ Յամիթի շրջանի բնակավայրերը ապամոնտաժվեցին Իսրայելի զինված ուժերի կողմից՝ մինչ իսրայելական զորքերի դուրսբերումը, իսկ երկրորդ մասի՝ այսպես կոչված, Պարսից ծոցի շրջանների բնակավայրերը (Օֆիրա, Դի Զահավ, Նեվիոթ) մնացին չապամոնտաժված և վերակառուցվեցին արդեն Եգիպտոսի կողմից՝ թերակղզուց իսրայելական զորքերի դուրս բերումից հետո։

Սինայի թերակղզին Եգիպտոսին հանձնելու Իսրայելի կառավարության որոշման դեմ շարժում ձևավորվեց, որը կրում էր «Սինայում նահանջի կանխման շարժում» անվանումը։ Այդ շարժման առաջնորդներն ու ներկայացուցիչները ստանձնեցին Յամիթի բնակավայրի պաշտպանության կազմակերպումը։ Շարժումը հիմնականում ղեկավարում էին ազգայնական թևի ու հոգևորականների դասի ներկայացուցիչները։ Իսրայելի պաշտպանության բանակը ստիպված էր շրջափակել Յամիթ քաղաքը, որին հաջորդեց քաղաքի վրա հարձակումը։

1982-ի դրությամբ թերակղզու Յամիթ շրջանի համանուն՝ Յամիթ բնակավայրում բնակվում էր շուրջ 2500 իսրայելցի։ 1982-ին բնակավայրը հատուկ տեխնիկայի գործադրմամբ ապամոնտաժվեց ու քանդվեց, իսկ բնակավայրի բնակիչների մեծ մասը հարկադրաբար տարհանվեց Իսրայել։


Աղբյուրը՝ https://evreimir.com/77922/YAmit-YA-byl-tam/
Յամիթի բնակավայրից իսրայելցի զինվորականները ուժով տարհանում են տեղի իսրայելցի բնակիչներին

Յամիթի տարհանված բնակիչներից էր Ամնոն Բեերին, ով ժամանակին կիսվել էր այդ դեպքերի մասին իր հուշերով․ «Մեր ընտանիքում երբեք չենք զղջացել, որ վերադարձել ենք Իսրայել։ Կարծում եմ, լավ գին է վճարվել խաղաղության համար․ Եգիպտոսը Իսրայելի ամենամեծ ու ամենաուժեղ թշնամին էր, և Սինայից իսրայելական զորքերի դուրս գալուց հետո, սահմանը դարձավ շատ վստահելի ու կայուն»։  


Աղբյուրը՝ https://honestreporting.com/tag/camp-david-accords/
Իսրայելի զինված ուժերը գրոհում են Յամիթի բնակավայրը

Ականատեսները նշում են, որ զինվորականներից շատերը իրենց զորակցությունն էին հայտնում Յամիթի բնակավայրի պաշտպաններին․ ոմանք անգամ միացան պաշտպաններին, սակայն զինված ուժերը կարողացան ուժով կոտրել դիմադրությունը և տարհանել բնակիչներին։ Բնակավայրի պաշտպանության առջև կանգնած խնդիրներից մեկն էլ այն էր, որ չկար շարժման միասնական ղեկավարություն․ պաշտպանությունը չուներ նաև համընդհանուր ծրագիր։ Յամիթ բնակավայրի տարհանման Իսրայելի զինված ուժերի օպերացիան կրում էր «Կարմիր աղավնի» անվանումը։

Յամիթի հանձնման վերաբերյալ հոդված տպագրվեց, որտեղ իրենց հուշերով կիսվել են տարհանման ականատեսները, քաղաքի պաշտպանության ներկայացուցիչները․ «Յամիթն այլևս չկա․ քաղաքի հետ անհետացան 17 բարգավաճող բնակավայրերը։ Այդ ամենը տեղի ունեցավ իմ աչքերի առաջ, մի քանի օրերի ընթացքում, և ես երբեք չեմ մոռանա տեսածս մինչև կյանքիս վերջ։ Մենք լքում ենք քաղաքը ավտոբուսով, մեզ հետ են մի քանի զնվորականներ ու ռաբիների խումբը․․․։ Այսօր 1982-ի ապրիլի 25-ն է, և ավարտվեց հրեական Սինայի 15-ամյա ժամանակաշրջանը։ Այժմ Յամիթի ավերակների վրա ծածանվում են տասնյակ եգիպտական դրոշներ։ Քաղաքը ժամերի ընթացքում ավերակ դարձավ․․․։ Մենք չենք տարհանվում, մեզ վտարեցին․․․։ Ճամփին փակցված էր մեծ պաստառ՝ «մենք չենք նահանջել, մենք զիջել ենք հանուն խաղաղության» գրությամբ»։

Յամիթից ոչ շատ հեռու գտնվող Նեթիվ հա-Ասարան Սինայի թերակղզու իսրայելական բնակավայրերից մեկն էր, որը հիմնադրվեց 1973-ին։ Քեմփ Դեյվիդի համաձայնություններից հետո բնակավայրում բնակվող շուրջ 70 ընտանիքներ նույնպես տարհանվեցին թերակղզուց և բնակություն հաստատեցին Իսրայելի Նեգև անապատում։ 1979-ին Իսրայելի ու Եգիպտոսի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրով, Սինայի թերակղզին, անցնելով Եգիպտոսի վերահսկողության ներքո, պետք է բաժանվեր 4 ուղղահայաց գոտիների․

1․ Արևմտյան գորտում Եգիպտոսը իրավունք էր ստանում պահել մոտոհրաձգային դիվիզիա՝ ընդհանուր առմամբ 20 հազ․ զինվորականով։

2․ Երկրորդ գոտում տեղակայվելու էր սահմանապահ զորքերի 4 գումարտակ, որոնք տեղական ոստիկանության հետ ապահովելու էին անվտանգությունը։

3․ Դեպի արևելք ընկած գոտում արգելվում էր ունենալ եգիպտական ռազմական ներկայություն․ այդ շրջաններում խաղաղության ապահովման նպատակով զբաղվում էր ՄԱԿ միջազգային խաղաղապահ առաքելությունը, որի կազմում էին 12 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ինչպես նաև Եգիպտոսից ու Իսրայելից։

4․ Վերջին ուղղահայաց գոտին նեղ մի տարածք էր, որը ձգվում էր Իսրայելի հետ սահմանի ամբողջ երկայնքով։

Խաղաղության համաձայնագրից հետո, Եգիպտոսը հայտնվեց արաբական աշխարհի քննադատության թիրախում՝ մեղադրելով նախագահ Սադաթին արաբական համերաշխության գործում դավաճանության մեջ։ 1981-ի հոկտեմբերին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը, թեև Իսրայելի հետ խաղաղության պայմանագրով Եգիպտոսին վերադարձրեց ամբողջ Սինայի թերակղզին, այդուհանդերձ, գնդակահարվեց իսլամական ծայրահեղականների կողմից՝ Իսրայելի հետ պայմանագիր ստորագրելու համար։

Եգիպտոսից հետո, 1994-ին Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրեց Հորդանանը, 2020-ի սեպտեմբերին՝ ԱՄԷ-ն։