ԱՄԷ-Իսրայել խաղաղության համաձայնագիրը

11 ր.   |  2020-10-02

Վ երջին տարիներին, պայմանավորված Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության ընդլայնմամբ, Իսրայելի ու Պարսից ծոցի արաբական երկրների շահերը սկսեցին համընկնել։ Եթե տասնամյակներ առաջ այդ համագործակցությունը գլխավորապես կրում էր ետկուլիսային ու միջնորդավորված բնույթ, ապա վերջին շրջանում այն դառնում է առավել անթաքույց և ուղիղ։

Իսրայելի և ԱՄԷ-ի ետկուլիսային շփումներն ակտիվացան 2000-ականներին։ 2009-ին ԱՄՆ նախագահ Օբամայի երդմնակալությունից կարճ ժամանակ անց Իսրայելի և ԱՄԷ-ի կառավարություններն առաջին անգամ համատեղեցին ջանքերը Իրանից եկող սպառնալիքի հակազդման ուղղությամբ՝ ճնշում գործադրելով ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմի վրա։ ԱՄՆ-ում ԱՄԷ-ի և Իսրայելի դեսպաններ Յուսեֆ ալ Օթայբան (Yousef al Otaiba)  և Սալայ Մերիդորը (Sallai Meridor) Իրանի հարցով համատեղ կոչով դիմեցին ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Պարսից ծոցի և Հարավարևելյան Ասիայի հարցերով հատուկ խորհրդական Դենիս Ռոսին (Dennis Ross)։

2012-ի սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցավ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդուլահ բին Զայեդ ալ Նահյանի (Abdullah bin Zayed Al Nahyan) գաղտնի հանդիպումը, որտեղ կողմերը վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Իրանի հարցում։

2020-ի մայիսին Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում պատմության մեջ առաջին անգամ վայրէջք կատարեց ԱՄԷ-ի ազգային Etihad airways ավիանկերության ինքնաթիռը, որն ուղիղ չվերթով ժամանել էր Աբու Դաբիից։ Սա ԱՄԷ-ի պետական սեփականություն հանդիսացող ավիաուղիների առաջին թռիչքն էր Իսրայել։ Թռիչքն իրականացվել էր Իսրայելի տարածքով՝ Պաղեստինում ու Գազայում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար հումանիտար օգնության առաքման նպատակով[1]։

Ե վ այսպես, 2020-ի օգոստոսի կեսերին Իսրայելն ու ԱՄԷ-ն համաձայնեցին բարելավել երկկողմ հարաբերությունները և ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Փաստաթղթի ստորագրման դեպքում ԱՄԷ-ն կդառնա Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրած Պարսից ծոցի արաբական առաջին և արաբական աշխարհի երրորդ երկիրը՝ Եգիպտոսից (1979թ․) և Հորդանանից (1994թ․) հետո[2]։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ նախագահ Թրամփը՝ անվանելով գործարքը խոշոր պատմական առաջընթաց[3]։

 


Աղբյուրը՝ https://twitter.com/realDonaldTrump/status

 

Օգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Թրամփը, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամադ բին Զայեդը (Mohammed Bin Zayed) հանդես եկան Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման մասին համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր․ «Այս պատմական դիվանագիտական առաջընթացը նպաստելու է խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում։ Այն վկայում է երեք պետությունների առաջնորդների հմուտ ու հեռատես դիվանագիտության, ԱՄԷ-ի ու Իսրայելի՝ նոր ճանապարհ հարթելու վճռականության մասին, որը կբացահայտի տարածաշրջանի մեծ ներուժը։ Երեք երկրներն էլ բախվում են բազմաթիվ համընդհանուր խնդիրների հետ և փոխադարձաբար շահում են այսօրվա պատմական ձեռքբերումից։ Երկկողմ հարաբերությունների բարելավումն ու խաղաղության դիվանագիտությունը կմիավորի ԱՄՆ-ի երկու ամենավստահելի ու գործունակ տարածաշրջանային գործընկերներին»[4]։  

Նախատեսվում էր, որ համատեղ հայտարարությանը հաջորդող շաբաթների ընթացքում Իսրայելի և ԱՄԷ-ի պատվիրակությունները կհանդիպեն ստորագրելու երկկողմանի համաձայնագրեր, որոնք ենթադրում են համագործակցության լայն ասպարեզ՝ դիվանագիտական ու առևտրատնտեսական հարաբերությունների հաստատում, ներդրումների իրականացում, հեռահաղորդակցություն ու ուղիղ չվերթների կազմակերպում, զբոսաշրջություն, տեխնոլոգիաներ, էներգետիկա, առողջապահություն, մշակույթ[5]։

Իսրայել-ԱՄԷ խաղաղության համաձայնագրի առանցքային բաղադրիչներից է տարածաշրջանային անվտանգային համագործակցությունն ու համընդհանուր սպառնալիքների հակազդումը. հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Թեհրանին ու վերջինիս հովանավորությամբ տարածաշրջանում գործող ռազմականացված սուբյեկտներին (proxies)[6]։

ԱՄԷ կառավարության համաձայն, Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիրը ենթադրում է դրույթ, ըստ որի Իսրայելը դադարեցնում է Արևմտյան ափի որոշ շրջանների բռնակցման քաղաքականությունը՝ հնարավորություն տալով պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար[7]. որոշ փորձագիտական գնահատականներով, Աբու Դաբիի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով[8]։   

Այլ փորձագետների կարծիքով, սակայն, ԱՄԷ-ն պարզապես խաղարկեց պաղեստինյան հարցը. Արևմտյան ափի շրջանների նկատմամբ Թել Ավիվի սուվերենության հաստատման գործընթացի հետաձգումն օգտագործեց որպես պաղեստինյան կողմին բարի կամքի դրսևորում՝ դրա դիմաց Իսրայելի հետ սկսելով բանակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Պարզ է, որ փաստացի երկկողմ հարաբերությունների բարելավման հարցը վաղուց հասունացել էր, և ընդամենը ծանրակշիռ պատրվակ էր պետք այն կյանքի կոչելու համար։

2020-ի օգոստոսի 31-ին Իսրայելի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակություններն իսրայելական ազգային EL AL ավիաընկերության ինքնաթիռով ժամանեցին ԱՄԷ․ սա առաջին ուղիղ չվերթն էր Իսրայելից ԱՄԷ՝ Սաուդյան Արաբիայի օդային տարածքով։ Ավելացնենք, որ վերջերս Բահրեյն ու Սաուդյան Արաբիան հայտարարեցին, որ բացում են իրենց օդային տարածքը իսրայելական բոլոր չվերթների իրականացման համար[9]։

Վ երջին տարիներին Պարսից ծոցի արաբական երկրների ու Իսրայելի միջև համագործակցությունը վկայում է Մերձավոր Արևելքում շահերի որակապես նոր դասավորության մասին։ Տասնամյակներ շարունակ արաբական աշխարհը Իսրայելը դիտում էր որպես հակառակորդ, սակայն վերջին տարիներին սուննի արաբական քաղաքական վերնախավերը սկսեցին ընկալել Իսրայելը որպես տարածաշրջանում ռազմավարական պոտենցիալ գործընկեր ընդդեմ շիա Իրանի։ Իսրայելում Թեհրանին շարունակում են ընկալել որպես գոյութենական սպառնալիք։

Վաշինգտոնը փորձում է կոնսոլիդացնել Մերձավոր Արևելքում իր գործընկերների շահերը՝ Իրանի շուրջ օղակը սեղմելու նպատակով։ Նախագահ Թրամփը մեծ ջանքեր է կենտրոնացրել Իսրայելի և արաբական աշխարհի առաջատար խաղացողների, առաջին հերթին՝ Ծոցի արաբական երկրների միջև փոխվստահության մթնոլորտի ամրապնդման ու համապարփակ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

Ուստի, Վաշինգտոնում Իսրայելի ու ԱՄԷ-ի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը նախևառաջ դիտարկում են Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի տարածաշրջանում Թեհրանի ազդեցության զսպման ու դիրքերի թուլացման համատեքստում[10]։

Սեպտեմբերի սկզբին պետքարտուղար Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄԷ-ն ու Իսրայելը Իրանին ընկալում են որպես մեծ սպառնալիք՝ ակնարկելով, որ խաղաղության գործարքի հասցեատերը Թեհրանն է[11]։

 


Աղբյուրը՝ https://twitter.com/statedept/status/1302

 

Տարածաշրջանի պետություններից Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների բարելավմանը հրապարակային աջակցություն հայտնեցին Բահրեյնը, Եգիպտոսը, Հորդանանը և Օմանը։ Սաուդյան Արաբիան, ըստ էության, իր լուռ համաձայնությամբ աջակցում է խաղաղության համաձայնագրին. Էր Ռիադի նման դիրքորոշումը թերևս բացատրվում է առաջին հերթին սուննի աշխարհում իր առաջնորդության պահպանման համատեքստում։

Սպիտակ Տանն արդեն վստահությամբ խոսում են առաջիկայում Թել Ավիվի հետ Պարսից ծոցի արաբական այլ երկրների՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամության մասին. շրջանառվում էին Բահրեյնն ու Օմանը, որոնք վերջին տարիներին սերտացրել են իրենց շփումները Իսրայելի հետ։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում ԱՄԷ-ում հստակեցրին, որ շարունակում են աջակցել Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետականության ստեղծման ջանքերին, իսկ համաձայնագիրը նպաստելու է երկու պետությունների ստեղծման գործընթացին[12]։  

2020-ի օգոստոսի 13-ին ՝ Իսրայելի ու ԱՄԷ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թրամփի հայտարարությանը անմիջապես հետևեց ԱՄԷ արտգործնախարար Անվար Գարգաշի (Anwar Gargash) արձագանքը. «Իսրայելի հետ խաղաղության գործարքը հաղթանակ-հաղթանակ լուծում է, որն իչիքի է դարձնում Արևտմյան ափի բռնակցման սպառնալիքը»[13]։ Կարծում ենք, որ այդ հայտարարությունը հասցեագրված էր նաև պաղեստինյան կողմին։

Նախագահ Թրամփն անդրադառնալով խաղաղության համաձայնագրին, նշում էր․ «Բոլորն ասում էին, որ դա ահնհար է․ այժմ, երբ սառույցը հալվել է, ակնկալվում է, որ ավելի շատ արաբական ու իսլամական պետություններ կհետևեն ԱՄԷ-ի օրինակին»[14]։ Թրամփի հատուկ բանագնաց Բրայան Հուքը (Brian Hook) համաձայնագիրն անվանեց գիշերային մղձավանջ Իրանի համար։ Նեթանյահուն այս խաղաղության գործարքը որակեց պատմական՝ անվանելով այն լուսաբաց Մերձավոր Արևելքի հարաբերություններում[15]։

Սպասելի էր, որ համաձայնագրի հարցում կոշտ դիրքորոշմամբ հանդես կգան հատկապես Իրանում ու Թուրքիայում, որոնք ընդհուպ սպառնացին ետ կանչել իրենց դեսպաններին ԱՄԷ-ից։ Նախագահ Ռոհանին զգուշացրեց, որ եթե համաձայնագիրը հանգեցնի տարածաշրջանում Իսրայելի ազդեցության ընդլայնմանը, իրավիճակը կփոխվի, և նրանց նկատմամբ այլ մոտեցում կլինի»։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամադ Բաղերին (Mohammad Baqeri) դիտարկմամբ, «եթե որևէ բան պատահի Պարսից ծոցում և նույնիսկ աննշան վտանգվի ԻԻՀ ազգային անվտանգությունը, ապա մենք մեղադրելու ենք ԱՄԷ-ին»[16]։

Պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասը, ինչպես և ակնկալվում էր, քննադատությամբ ընդունեց հարաբերությունների բարելավման մասին ԱՄԷ-ի դիրքորոշումը՝ դիտելով այն «դավաճանություն Երուսաղեմին, Ալ Աքսա մզկիթին ու պաղեստինյան հարցին»[17]։ Պաղեստինի իշխանություններն ակնկալում էին ստանալ Արաբական պետությունների լիգայի աջակցությունը՝ ընդդեմ Թել Ավիվ-Աբու Դաբի գործարքի, սակայն Լիգայում այդպես էլ ընդառաջ չգնացին[18]։

Թերևս սխալ չի ասել, որ արդյունքում պաղեստինյան հարցը դուրս է գալիս արաբական համերաշխության համատեքստից ու տրամաբանությունից՝ դառնալով այլ խաղացողների՝ Թեհրանի ու Անկարայի խաղաթուղթ։

Սպիտակ տանը Թել Ավիվ-Աբու Դաբի խաղաղության գործարքը դիտում են նաև որպես հնարավորություն տարածաշրջանում ԱՄԷ-ի ազդեցության ընդլայնման, ինչպես և Վաշինգտոն-Աբու Դաբի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համար։ Թրամփը հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրմամբ Վաշինգտոնն ուսումնասիրում է ԱՄԷ-ին ժամանակակից ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման հնարավորությունը, ինչին դեմ է արտահայտվել արդեն Իսրայելի վարչապետ Նեթանյահուն[19]. ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրում չկա որևէ դրույթ ԱՄԷ-ին ամերիկյան սպառազինության մատակարարման գործում Թել Ավիվի համաձայնության վերաբերյալ։ Հասկանալի է, որ Իսրայելում նման գործարքը դիտարկում են տարածաշրջանում Թել Ավիվի ռազմատեխնիկական որակական առավելության պահպանման համատեքստում։

Ըստ որոշ փորձագետների, ամերիկյան F-35-ի մատակարարման հարցն այնքան սկզբունքային է ԱՄԷ-ի համար, որ Նեթանյահուի դիմադրության պատճառով Աբու Դաբիում չեղարկեցին օգոստոսի վերջին նախատեսված ԱՄՆ-ԱՄԷ-Իսրայել հանդիպումը[20]։ Այլ փորձագիտական գնահատականով, ԱՄԷ-ի համար ամերիկյան ռազմավարական սպառազինության մատակարարման հարցը կարող էր լինել Իսրայելի հետ հարաբերությունների համապարփակ կարգավորման նախապայմաններից մեկը։ ԱՄԷ-ում ամերիկյան ժամանակակից սպառազինությունների մատակարարումը տեսնում են նախևառաջ Իրանի հետ ուժային հավասարակշռության պահպանման համատեքստում. մյուս կողմից, դա թույլ կտա էապես ընդլայնել Աբու Դաբիի տարածաշրջանային կշիռը։

Հիշեցնենք, որ 1967-ի հոկտեմբերի «Ահեղ դատաստան» պատերազմից հետո Վաշինգտոնը համաձայնեց հաշվի առնել Իսրայելի շահերը՝ Մերձավոր Արևելք սպառազինությունների մատակարարման հարցում. ըստ էության, արգելափակելով ԱՄԷ-ին ռազմավարական սպառազինության մատակարարումը, տասնամյակներ շարունակ տարածաշրջանում Իսրայելն ստացել է ռազմատեխնիկական-տեխնոլոգիական առավելություն։ Այդ առիթով Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարեց. «Անկախ ԱՄՆ-ի ու ԱՄԷ-ի միջև որևէ հնարավոր գործարքից, Իսրայելը պահպանելու է Մերձավոր Արևելքում իր որակական ռազմական առավելությունը, ինչը կրիտիկական նշանակություն ունի Իսրայելի համար. մենք նույնպես իրականացնում ենք գործարքներ Միացյալ Նահանգների հետ և կարող ենք ձեռք բերել նոր համակարգեր»[21]։

Եվ այսպես, սեպտեմբերի 15-ին Սպիտակ Տանը տեղի ունեցավ Իսրայելի և ԱՄԷ-ի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին վարչապետ Նեթանյահուի և ԱՄԷ արտգործնախարար Աբդուլահ բին Զայեդ ալ Նահյանի գլխավորած պատվիրակությունները[22]։ Մինչ այդ Նեթանյահուն գրառում կատարեց իր թվիթերյան էջում․ «Հպարտ եմ հաջորդ շաբաթ նախագահ Թրամփի հրավերով Վաշինգտոնում գտնվելու և Սպիտակ Տանը նախատեսվող Իսրայելի ու ԱՄԷ-ի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական արարողությանը մասնակցելու համար»[23]։

 


Աղբյուրը՝ https://twitter.com/IsraeliPM/status/1303

 

Նախագահ Թրամփի ակտիվ միջնորդության արդյունքում հաջողվեց գործարքում ընդգրկել նաև Բահրեյնին. փաստաթղթի ստորագրման նպատակով Սպիտակ Տուն էր ժամանել Բահրեյնի արտգործնախարար Աբդուլատիֆ բին Ռաշիդ ալ Զայանին (Abdullatif bin Rashid al-Zayani)[24]: Արդյունքում արաբական աշխարհում Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրած պետությունների թվաքանակը դարձավ 4, որից երկուսը Պարսից ծոցի արաբական երկրներ են։

Մ եծ հաշվով Իսրայելի և ԱՄԷ-ի, Բահրեյնի միջև խաղաղության համաձայնագիրը մեծացնում է Թել Ավիվի տարածաշրջանային կշիռն ու ազդեցությունը՝ ի հաշիվ Թեհրանի։ Սա նաև հնարավորություն է Աբու Դաբիի համար՝ տարածաշրջանում առավել լայնածավալ ռազմավարական խնդիրներ լուծելու համար։ Բացի այդ, ըստ որոշ փորձագետների, համաձայնագիրն ուղղված է նաև տարածաշրջանում Անկարայի նեոօսմանյան հավակնությունների զսպմանը. վերջին շրջանում ինչպես Թել Ավիվում, Աբու Դաբիում մտահոգություն կա տարածաշրջանում շահերի ներկայիս հարաբերակցության փոխման՝ Անկարայի փորձերի շուրջ։

Չմոռանանք, որ ԱՄԷ-ն ներգրավված է Լիբիայում Թուրքիայի դեմ միջնորդավորված պատերազմում։ Աբու Դաբին փորձում է ամրապնդվել նաև Արևելյան Միջերկրածովում Թուրքիա-Հունաստան դիմակայության հակաթուրքական ճամբարում։ 2020-ի օգոստոսի վերջին Հունաստանի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով ԱՄԷ-ն Կրետե կղզի ուղարկեց իր F-16 կործանիչները[25]։


[1] https://orbeli.am/hy/post/480/2020-06-24

[2] https://www.reuters.com/article/us-israe

[3] https://www.nbcnews.com/news/world/

[4] https://www.whitehouse.gov/briefings-

[5] https://www.whitehouse.gov/briefings-st

[6] https://www.cfr.org/in-brief/whats-behind

[7] https://www.cfr.org/in-brief/whats-behind

[8] https://www.cfr.org/in-brief/whats-behind

[9] https://www.jpost.com/middle-east/kushne

[10] https://www.reuters.com/article/us-israel

[11] https://twitter.com/statedept/status/13023

[12] https://www.reuters.com/article/us-israel

[13] https://www.cnbc.com/2020/08/14/the-uaes

[14] https://www.reuters.com/article/us-israel

[15] https://www.nbcnews.com/news/world

[16] https://www.atlanticcouncil.org/blogs/iransource

[17] https://www.reuters.com/article/us-israel

[18] https://www.jpost.com/middle-east/palestinians

[19] https://foreignpolicy.com/2020/08/31/israel

[20] https://www.axios.com/uae-f-35-arms-

[21] https://www.jpost.com/middle-east/gantz

[22] https://www.theguardian.com/world/2020

[23] https://twitter.com/IsraeliPM/status/1303

[24] https://www.theguardian.com/world/2020/sep

[25] https://www.jpost.com/middle-east/uae-sends