«Գորշ գայլերը» Եվրոպայում
5 ր. | 2020-11-17Վ երջին շրջանում Եվրոպայում տեղի ուենցող ահաբեկչական գործողությունները (Ֆրանսիայում ուսուցչի սպանությունը, Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունը և այլն) կրկին ակտիվացրեցին արմատական իսլամի, ինչպես նաև ազգայնամոլական կազմակերպությունների սպառնալիքների մասին քննարկումները, որտեղ հիշատակվում է նաև «Գորշ գայլեր» թուրքական ազգայնամոլական կազմակերպությունը։ Եվրոպայում, որպես կանոն «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները գործում են բազմաթիվ մշակութային կազմակերպությունների քողի տակ։ Առավել հիմնավորված են Գերմանիայում և Ավստրիայում, սակայն նրանց անդամները գործում են նաև Նիդերլանդներում, Բելգիայում և Ֆրանսիայում։
Ֆրանսիայի Միջազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (IRIS) փոխտնօրեն Դիդիե Բիյոնը, նշում է, որ ազգայնամոլական այս շարժումը արմատացել է Ավստրիայում և Գերմանիայում, իսկ Ֆրանսիայում նրանց ներկայացուցիչները մեծ թիվ չեն կազմում։ Այստեղ նրանք կենտրոնացած են Լիոնի շրջանում։ Խոսքը փոքր խմբավորման մասին է, որը լարված իրադրության պայմաններում կարող է հավաքագրել մի քանի երիտասարդ ծայրահեղականների։
Հետազոտողներ Դ. Պիպեսի և Խ. Դուրանի հավաստիացմամբ, 1993թ. դրությամբ այդ երկրներում «Գորշ գայլերի» կառավարման ներքո գործել են 30 իսլամական մշակութային կենտրոններ, որոնց ճնշող մեծամասնությունը՝ Գերմանիայում։ Ունեն սերտ հարաբերություններ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության հետ, որոշ տվյալների համաձայն՝ միայն Գերմանիայում այս շարժման համախոհների քանակը հասնում է յոթ հազարի։
Ներկայումս Գերմանիայում կան առնվազն քսան հազար թուրք ծայրահեղ ազգայնական, իսկ Ավստրիայում՝ մոտ 5000, բայց կողմնակիցների թիվն աճում է և ինչպես վերը նշեցինք գործում են տարբեր կառույցների ներքո:
Ա յս համատեքստում նշենք, որ Գերմանիայում մի քանի տարի շարունակվում է գերմանական բանակում «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության մասին հետաքննությունը, որի արդյունքում բացահայտվել էր բունդեսվերի զինվորների և Թուրքիայի ծայրահեղականների միջև համագործակցության փաստեր։ Գերմանացի մասնագետները կարծում, որ երկրի զինված ուժերում ներդրված գործակալները կապ ունեն թուրքական հատուկ ծառայությունների հետ։ Մանավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները խոսում են Գերմանիայի «Գորշ գայլեր»-ի և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) միջև ենթադրյալ կապերի մասին։
Խմբավորման մասնակիցներն ակտիվորեն մարզվում են հրաձգարաններում։ Բունդեսթագի պատգամավորները հայտարարել են, որ Թուրքիայում գործող գաղտնի խմբավորումները մեծ սպառնալիք են Եվրոպայի համար։ Բունդեսթագի ձախ կուսակցության ներկայացուցիչ Ուլփա Յոլքեն նշում է, որ «Գորշ գայլերը» ղեկավարվում է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից և անհրաժեշտ է կասեցնել նրանց անօրինական գործունեությունը[1]։
Դեռևս 2018թ.-ին Գերմանիայի քաղաքական գործիչները պատրաստվում էին օրենք ընդունել, որով պետք է արգելվեր Գերմանիայում «Գորշ գայլեր»-ի նշանների կիրառումը։ Մասնավորապես, նախատեսում էր արգելել «գայլի» տեսք ունեցող ողջույնի ժեստը, որը հիշեցնում է նացիստական ողջույնը։ Այս առնչությամբ «Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության» պատգամավոր Քրիստոֆ դե Վրիզը նշել էր, որ «Ֆաշիզմի ցանկացած դրսևորում հակամարդկային է և սպառնում է մեր լիբերալ հասարակությանը»։
Գերմանական աղբյուրների համաձայն այդ երկրում գործող ամենազդեցիկ կառույցը, որի քողի տակ գործում են «Գորշ գայլերի» անդամները՝ «Եվրոպայի թուրք դեմոկրատ իդեալիստների ընկերակցությունների ֆեդերացիան» է (ADÜTDF) կամ հակիրճ՝ «Իդեալիստների» ֆեդերացիան, որը հիմնադրվել է 1978 Ֆրանկֆուրտում: Գերմանական հետախուզության տվյալներով, այս կազմակերպությանն անդամագրված են շուրջ յոթ հազար թուրքեր և Գերմանիայում ունեն 170-ի հասնող գրասենյակներ[2]։ Նշենք, որ 1980-ականներին «ADÜTDF»-ն ղեկավարում էր Սերդար Մուսա Չելեբին, ում օրոք, կառույցի առանցքային պաշտոններում ընդգրկված էին Ազգայնական շարժում կուսակցության անդամներ, որոնք բնակություն էին հաստատել Գերմանիայում։
Մինչև 1987թ. ֆեդերացիայի գաղափարախոսությունը զուտ ազգայնամոլական էր, շովինիստական՝ թուրքական, սակայն 1980թ.-ականների վերջին, երբ կառույցը գաղափարախոսական հողի վրա պառակտվեց, «ADÜTDF»-ն սկսեց օգտագործել ծայրահեղ իսլամական կարգախոսներ։
Պառակտման արդյունքում, այսպես կոչված, «Չելեբի թևը» հիմնադրեց «Գորշ գայլերին» համախմբող, Գերմանիայում գործող երկրորդ ազդեցիկ կառույցը՝ «Թուրք-իսլամական ընկերակցությունների միություն»-ը (TIKDB), որի անդամները բացահայտ քարոզում էին իսլամը՝ որպես թուրքական ինքնության բաղկացուցիչ մաս: Համաձայն կազմակերպության ղեկավարի՝ 2019թ. տվյալներով այն ուներ 8 հազար անդամ և 80 գրասենյակ։ Գերմանական հետախուզությունը նշում է, որ այս երկու կազմակերպված կառույցներից բացի կան նաև «Գորշ գայլերի» համախոհ այլ խմբավորումներ, որոնք այնքան էլ կազմակերպված չեն, և թուրանական գաղափարախոսությունը տարածում են համացանցի միջոցով՝ ատելություն սերմանելով նաև քրդերի, հույների, հայերի, հրեաների և ամերիկացիների նկատմամբ։
Նշենք, որ Էրդողանի համար ազգայնամոլական այս խմբերը և Եվրոպայում նրան սատարող թուրքական մյուս կառույցներն ևս կարևոր նշանակություն ունեն արտաքին քաղաքական նպատակների համար, և հավանաբար դա է պատճառը, որ նա Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի որդուն՝ Թուղրուլ Թյուրքեշին 2016թ. նշանակել էր փոխվարչապետի պաշտոնում, որը պետք է իր լիազորությունների շրջանակներում զբաղվեր կիպրոսյան խնդրով, արտերկրի թուրքական համայնքների և ընդհանրապես սփյուռքի համակարգման աշխատանքներով։ Ավելորդ չէ նշել, որ Էրդողանին նաև հաջողվել է սերտ հարաբերություններ հաստատել Գերմանիայում և արևմտյան մի քանի պետություններում գործող «Ազգային տեսակետ» (Milli Görüş) շարժման ներկայացուցիչների հետ[3]։ «Ազգային տեսակետ»-ը Եվրոպայում ունի 514 հաստատություն (որից 323-ը՝ Գերմանիայում), որոնց անդամակցում են Եվրոպայի հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար թուրք քաղաքացիներ:
Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ս.Քորնելը, խոսելով վերոհիշյալ և նմանատիպ կազմակերպությունների մասին, նշում է. «Այդ համակարգված խմբերը հանրությանը հայտնի են դարձել վերջերս, սակայն ոչ գլխավորապես թուրքական սփյուռքի շրջանում նախընտրական արշավի մեկնել ցանկացող թուրք նախարարների՝ եվրոպական որոշ երկրներ մուտքի արգելման վերաբերյալ դիվանագիտական խնդիրների պատճառով: Փաստացի, դրանք ավելի շուտ թուրքական հետախուզության անօրինական գործողության ավելի խոր և անհանգստացնող մեղադրանքների հետևանք են»։
Նոյեմբերի 4-ից Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց «Գորշ գայլերի» գործունեությունը։ Իսկ ներկայում Գերմանիայի, Ավստրիայի քաղաքական շրջանակները զգալով այդ կառույցներից և նրա անդամներից եկող վտանգը, դրանց գործունեության կասեցման կամ ընդհանրապես արգելման շուրջ քննարկումներ են անցկացնում։
[1] https://armflot.ru/armii-mira/1839-turetskie-terroristy
[2] https://www.dw.com/tr/%C3%BClk%C3%BCc
[3] Е.Чулковская, Турецкая диаспора Германии: Между Анкарой и Берлином, М., 2014, с.14