Խաղաղապահների խնդիրը

3 ր.   |  2020-11-03

Վ երջին օրերին կրկին ակտիվացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը։ Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Ալիևն առաջինը հայտարարեց, որ դեմ չէ Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների կամ խաղաղապահների տեղակայմանը, սակայն ադրբեջանական կողմի առաջ քաշած պայմաններով։

«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չի համընկնում Հայաստանի պատկերացումների հետ: Եվ եթե պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը»:

Մի քանի օր անց, անդրադառնալով այս խնդրին, վարչապետը նշեց, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ «Ըստ էության, Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է։ Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Ադրբեջանը դրան նույնպես կողմ լինի»։

Շուտով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման շուրջ հայտարարությամբ հանդես եկավ նաև ամերիկյան կողմը։ Նախագահ Թրամփի ազգային անվտանգության հացերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահների տեղակայման առաջարկով։ Ամերիկյան կողմի կարծիքով՝ առանց բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման երկարատև հրադադարի հնարավոր չի լինի հասնել։ Բացի այդ, ըստ Օ՛Բրայանի, խաղաղապահները չպետք է լինեն Մինսկի խմբի անդամ երկրներից։ Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը, ապա ամերիկյան կողմը դեմ է այդ ձևաչափին։

«Թուրքիայի ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ առաքելություն ընդունելի չէ ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար։ Կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը։ Շատ բարդ իրավիճակ է, երկու կողմն էլ տարբեր դաշնակիցներ ունեն, դրա համար չեզոք դիտորդների անհրաժեշտություն կա։ Ուստի, գտնում ենք, Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից խաղաղապահները կբավարարեն երկու կողմերի պահանջներն էլ»,- ասել էր ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը։

Սկանդինավյան խաղաղապահ առաքելության տեղակայման մասին Վաշինգտոնի հայտարարությունը մեկնաբանեցին Ռուսաստանում։ Նոյեմբերի 2-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը պետք է համաձայնեցվի հակամարտության կողմերի հետ՝ հավելելով, որ ՌԴ ԱԳՆ-ում տեղյակ չեն խաղաղապահների վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկության մանրամասներից․ «Դա պետք է ամերիկացիներից հարցնել, թե որտեղից են վերցրել այդ առաջարկներն ու գաղափարները։ Խաղաղապահների տեղակայման հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ չափանիշները պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում»։

Ն ախապես արձանագրենք, որ սրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են, որոնք նախևառաջ կոչված են հարցի առնչությամբ շոշափելու հակամարտող ու արտաքին տարբեր կողմերի տրամադրությունները։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ առկա են տարատեսակ հակասություններ՝ ինչպես հակամարտող, այնպես էլ արտաքին տարածաշրջանային ու միջազգային շահագրգիռ կողմերի միջև։ Տարակարծությունները կարող են լինել ինչպես խաղաղապահների տեղակայման նպատակահարմարության, այնպես էլ խաղաղապահների կազմին վերաբերող հարցերի շուրջ։

Հասկանալի է, որ Մոսկվայի համար թերևս անընդունելի կարող է լինել  սկանդինավյան խաղաղապահների տեղակայման վաշինգտոնյան առաջարկը այն պարզ պատճառով, որ այդ առաքելության մաս են կազմելու ՆԱՏՕ-ին անդամակցող Դանիան ու Նորվեգիան։ Միգուցե Վաշինգտոնն ու Մոսկվան գտնեն ընդհանուր եզրեր, եթե խաղաղապահների կազմը ներկայացնեն ՆԱՏՕ-ին չանդամակցող Շվեդիան ու Ֆինլանդիան։

Ռուս խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցում նույնպես շատ են հակասությունները․ Ալիևն ամեն գնով ձգտելու է խաղաղապահ հնարավոր առաքելության հանրակազմում տեսնել թուրք խաղաղապահներին, ինչն սկզբունքորեն անընդունելի է հայկական կողմի համար։