Թուրքիան ակնարկում է Ադրբեջան զորք ուղարկելու մասին

5 ր.   |  2020-10-23

Ա դրբեջան թուրքական զորքեր ուղարկելու թեման շրջանառության մեջ դրվեց Արցախի դեմ ագրեսիայի առաջին իսկ օրերից։ Ռազմական գործողությունների սկզբում այն ակտիվորեն լուսաբանվում էր թուրքական մեդիայում և փորձագիտական դաշտում։ Աստիճանաբար հարցին անդրադարձան նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները՝ սկզբում այդ մասին խոսեց երկրի խորհրդարանի խոսնակը, այնուհետև՝ Թուրքիայի փոխնախագահը։

Սեպտեմբերի վերջին Թուրքական Milliyet պարբերականի «Հայկական թիրախներին հարվածում է Bayraktar-ը» (Bayraktar striking Armenian targets) խորագրով հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորություններին։ Մեջբերվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի Ադրբեջանին կաջակցեն այնպես, ինչպես վերջինս կցանկանա։ Նման աջակցությունը ենթադրում է նաև թուրքական զինված ուժեր Ադրբեջան ուղարկելու տարբերակը[1]:

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի պաշտոնյաներին հստակ փոխանցվել է, որ կտրամադրվի ամեն տեսակի աջակցություն, ներառյալ՝ այդ տարբերակը[2]: Նշվում է, սակայն, որ Ադրբեջան զորք ուղարկելու տարբերակը հնարավոր է միայն Թուրքիայի նախագահի միջնորդությամբ, որը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: Ըստ աղբյուրի՝ նման միջնորդության համար հիմք կարող է հանդիսանալ 2010-ի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը[3]։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին երկրի օրենսդիր մարմինը կարող է դիտարկել Ադրբեջան թուրքական զորքեր ուղարկելու հարցը, սակայն դեռևս դրա անհրաժեշտությունը չկա։ Խորհրդարանի խոսնակը դա պատճառաբանել է նրանով, թե իբր Ադրբեջանի զինված ուժերը ինքնուրույն են կարողանում խնդիրները լուծել․ «Հետևաբար, ես չեմ կարծում, որ հակամարտության գոտում թուրքական զորքերի օգտագործման նման առաջարկը կլինի անհրաժեշտ, քանի դեռ երրորդ կողմերը չեն ներքաշվել այս հակամարտությունում՝ արհամարհելով ՄԱԿ բանաձևերը։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը հարկադրված կլինի օգտագործել ինքնապաշտպանության իր անբաժանելի իրավունքը, որը ենթադրում է այդ ուղղությամբ հավաքական ջանքեր․ եթե Ադրբեջանը այդ համատեքստում դիմի, այն ըստ արժանվույն կքննարկվի ու կորոշվի ինչպես Թուրքիայի նախագահի, այնպես էլ խորհրդարանի կողմից»[4]։

Հոկտեմբերի 21-ին CNN Turk-ին տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը վերահաստատեց Անկարայի պատրաստակամությունը՝ Ադրբեջան թուրքական զորքեր ուղարկելու հարցում՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում․ «Մեր նախագահն այդ մասին հայտարարել է ռազմական գործողությունների առաջին օրվանից։ Թուրքիան չի երկմտի, մեր նախագահը չի երկմտի այդ հարցում»[5]։

Նշենք, որ Ադրբեջան թուրքական զորք ուղարկելու վերաբերյալ Թուրքիայում ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները չեն սահմանափակվում Հայաստանի ու մեր հանրությանն ուղղված քարոզչական, հոգեբանական ճնշում գործադրելու, վախի մթնոլորտ ստեղծելու նպատակներով։ Չի բացառվում, որ այդ սցենարն իսկզբանե մշակվել է Թուրքիայում՝ որպես ռազմական գործողությունների շարունակման երկրորդ փուլ, կամ մտադրություն կա այն այժմ իրականացնելու․ հնարավոր է՝ Թուրքիայում արդեն ունեն հաշվարկներ, որ Ադրբեջանի ռեսուրսները կարող են շուտով սպառվել։

Նման սցենարի իրագործման բարձր հնարավորությունը վերահաստատում է նաև լիբիական ճգնաժամը․ Թուրքիան միջամտելով քաղաքացիական ճգնաժամում հայտնված երկրի ներքին գործերին, կարողացավ ստանալ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության համաձայնությունը՝ Լիբիա թուրքական զորքեր մտցնելու վերաբերյալ։ Արդյունքում 2020-ի հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստում հավանություն տվեց Լիբիա թուրքական զորքեր ուղարկելու օրինագծին։

Թ ուրքիայի հետ ունենալով տասնամյակի միջնորդավորված հակամարտության փորձառություն Սիրիայում, այժմ արդեն՝ Լիբիայում, Ռուսաստանում շատ հստակ են գիտակցում Արցախի դեմ հրահրված պատերազմում Թուրքիայի հեռահար ծրագրերը, և Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումներում առկա հակասություններն աստիճանաբար սկսեցին ընդգծվել։

Հոկտեմբերի 14-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակեցրեց, որ Թուրքիան Ռուսաստանի ռազմակավարական դաշնակիցը չէ, սակայն մի շարք ուղղություններով ունի գործընկերային հարաբերություններ ՌԴ-ի հետ․ «Մենք Թուրքիային երբեք չենք որակել որպես ռազմավարական դաշնակից․ Թուրքիան մտերիմ գործընկեր է մի շարք ուղղություններով․․․»[6]։

Հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբի նիստում իր տեսաելույթում ՌԴ նախագահ Պուտինն անդրադարձավ նաև Արցախի դեմ ռազմական գործողություններին, որտեղ վերահաստատվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջև դիրքորոշումների հակադրությունը․ «Մենք առանձնահատուկ կապեր ունենք թե՛ Հայաստանի հետ, թե՛ Ադրբեջանի հետ, մեզ համար թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են։ Այս հակամարտությունը չի սկսվել պարզապես տարածքների համար պայքարով, հակամարտությունն սկսվել է էթնիկական առճակատումից։ Ցավոք, փաստ է, երբ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք ընդհանուր առմամբ․․․։ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ մենք գտնում ենք, որ նման հարցերը պետք է լուծել ոչ թե ուժի կամ զենքի միջոցով, այլ դիվանագիտական ճանապարհով[7]։

Օրերս կրկին արդիական դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դիտորդական և խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը։ Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Ալիևն առաջինը հայտարարեց, որ դեմ չէ Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների կամ խաղաղապահների տեղակայմանը՝ սակայն ադրբեջանական կողմի առաջ քաշած պայմաններով[8]։

Նույն օրը Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չի համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եվ եթե այստեղ պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը»[9]։

Հարցի առնչությամբ կարևոր է հասկանալ, որ խաղաղապահների տեղակայման հարցում կողմերի դրական արձագանքն ընդամենը քաղաքական հայտարարություն է, որը տեղավորվում է ընթացիկ քաղաքական խորհրդակցությունների, կողմերի միջև մոտեցումների վերաճշգրտման, ռեսուրսների գնահատման ողջ գործընթացի ու տրամաբանության մեջ։


[1]https://www.1lurer.am/hy/2020/09/30/%D4%B9

[2] https://armenpress.am/eng/news/1029406.html

[3]https://www.1lurer.am/hy/2020/09/30/%D4%B9

[4] https://ria.ru/20201009/turtsiya-1578966372.html

[5] https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9780855

[6] https://ria.ru/20201014/soyuznik-1579720492.html

[7] https://ria.ru/20201022/putin-1580936452.html

[8] https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9787645

[9] https://www.primeminister.am/hy/interviews-and