«Անջատում հանուն փրկության»․ Կոսովոյի նախադեպը
10 ր. | 2020-11-022 020 թ․ հոկտեմբերի 16-ին, անդրադառնալով Ղարաբաղյան հարցի լուծման հնարավոր ելքերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղում արեց միջազգային իրավունքում ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորումներից՝ «անջատում հանուն փրկությանը»։ Եթե փորձենք ձևակերպել այս սկզբունքի մոտավոր իմաստը, ապա այն հնարավորություն է տալիս ազգերին, էթնիկ հանրություններին անջատվել որևէ պետությունից, որտեղ կա խտրականություն, ցեղասպանության ենթարկվելու վտանգ և մարդու հիմնարար իրավունքների խախտում։ Ավելի կոնկրետ՝ առկա է խաղաղ համակեցության անկարելիություն տվյալ պետության կազմում։
Խորհրդային Միության գոյության ողջ պատմությունը, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակում էր Ադրբեջանի կազմում, ապացուցեց, որ անհնարին է Լեռնային Ղարաբաղի հայության ոչ միայն արժանապատիվ, այլև ֆիզիկական անվտանգ գոյությունն այդ պետության կազմում։ Այն իր գագաթնակետին հասավ, երբ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո սկսվեց արցախյան պատերազմը։ 1994 թ․ զինադադարից հետո Ադրբեջանի հանրապետությունում պետական պաշտոնական մակարդակի հասցվեց հայատյացությունը, որի արդյունքում ադրբեջանական հանրությունում արդեն իսկ ձևավորվել է «թշնամու կերպարի» խիստ ընդգծված ընկալում:
Կարելի է ասել, որ այսօր ադրբեջանական հանրության մեծ մասի համար «թշնամու կերպարը» նույնականացվում է հայի հետ, որը նկատվում է ոչ միայն հանրության միջին և ավագ սերնդի, այլև դպրոցականների շրջանում, որոնց դեռ աշակերտական նստարանից սովորեցնում են, որ Ադրբեջանի գլխավոր թշնամին հայերն են և Հայաստանը:[1] Եվ դժվար չէ պատկերացնել, թե հակահայկական ինչ մթնոլորտ է ձևավորվել այդ երկրում։ Այս պայմաններում խնդրահարույց է հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը մեկ պետության կազմում։ Հակահայկականությունը պետական մակարդակով դրված է ադրբեջանցիների էթնիկ ինքնության կառուցարկման հիմքում, քանզի հենց հակադրության սկզբունքի վրա է ձևավորվում ներէթնիկ համախմբման քաղաքականությունը։ Բնական է, որ նման քաղաքականությունը անհնարին է դարձնում հայկական Արցախի՝ Ադրբեջանի կազմում հարատևելը։ Եվ «անջատում հանուն փրկության» դոկտրինը կարող է կենսունակ լինել նման պարագայում։ Հարկ է, սակայն, նշել, որ այդ դոկտրինը համեմատաբար վերջերս է սկսել շրջանառվել միջազգային իրավունքում և շարունակաբար լրամշակվում է։
«Անջատում հանուն փրկության» դոկտրինի մասին հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում առաջինը հիշատակել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2016թ․ մայիսի 6-ին տպագրված «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում[2]։ Այս հոդվածում առաջարկված դոկտրինի հիշատակումը պայմանավորված էր հակամարտության գոտում առկա դրությամբ։ Դեռ մեկ ամիս էր անցել 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմից, հասարակական-քաղաքական միտքը դեռևս որոնումների մեջ էր։ Եվ նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից այս դոկտրինի առաջարկը վերահաստատում էր, որ հայկական Արցախը Ադրբեջանի կազմում վտանգում է հայության ֆիզիկական, հոգևոր, մշակութային գոյությունը։
Միջազգային կոնֆլիկտաբանական պրակտիկայում ևս առկա են դեպքեր, երբ կիրառվել է «անջատում հանուն փրկության» դոկտրինը։ Վերջին ամենաակնառու օրինակը Կոսովոն էր։ Կոսովոյի հակամարտությունը էթնոքաղաքական փոխակերպումների և կոնֆլիկտի զարգացման թերևս ամենաուշագրավ դեպքերից է։ Այս երկրամասի էթնոքաղաքական պատմությունը շարադրում է, որ այն միջնադարում Մետոհիայի հետ մեկտեղ եղել է միջնադարյան սերբական պետության միջուկը, 14-րդ դարից մինչև 1767 թ․ եղել է սերբական պատրիարքի գահանիստը։ Հենց այս տրամաբանությունից ելնելով էլ սերբերը Մետոհիայի և Կոսովոյի նկատմամբ առաջ են քաշում պատմական իրավունքի սկզբունքը։ Դա հիմնավորվում է նրանով, որ մինչև 20-րդ դարի կեսը ալբանացիները, որոնք դավանանքով մահմեդական էին, բնակչության մեծամասնություն չեն կազմել երկրամասում, թեև առկա է եղել ալբանական բնակչություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իոսիֆ Բրոզ Տիտոն թույլ տվեց, որպեսզի պատերազմի ժամանակ այդտեղ հայտնված ալբանացիները բնակվեն Կոսովոյում։ Հարավսլավիայի դաշնային ժողովրդական հանրապետության կազմի մեջ մտնող Սերբիայում Կոսովոն ստացավ ինքնավարություն։ Իսկ 1974թ. հարավսլավական սահմանադրությամբ երկրամասերին տրվեց հանրապետության կարգավիճակ՝ զրկելով անջատվելու իրավունքից։ Եթե համեմատենք Հարավսլավայի և ԽՍՀՄ-ի դաշնային կառուցվածքը, ապա կարևոր տարբերությունն այն է, որ եթե առաջինի սահմանադրությունը զրկում էր հանրապետություններին դաշնային պետությունից անջատվելու իրավունքից, ապա ԽՍՀՄ սահմանադրությունը նախատեսում էր նման իրավունք։ Թեև դրանում ևս առկա էին ստորջրյա խութեր, ինչպես, օրինակ, նշյալ օրենքի այն բացառությունը, որ ԽՍՀՄ-ից դուրս գալու որևէ միութենական հանրապետության դիմումը պետք է հավանություն ստանա Միության մյուս սուբյեկտների հավանությունը, այսինքն՝ մեկ միութենական հանրապետության վետոն էլ բավական էր, որ արգելափակվեր դիմումատու հանրապետության դուրս գալը։ Հարավսլավիայի այս սահմանադրությամբ Կոսովոն որպես ինքնավար սոցիալիստական երկրամաս ուներ իր սահմանադրությունը, օրենսդրությունը իշխանության բարձրագույն մարմինները և իր ներկայացուցիչները միութենական բոլոր հիմնական մարմիններում։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը զրկված էր այդ բոլոր բաղադրիչներից։
1980-ականների վերջերին սոցիալիստական համակարգի ցնցումներն իրենց շրջապտույտի մեջ ներառեցին նաև Հարավսլավան։ 1990թ. Սերբիայի նոր սահմանադրությամբ հանրապետական օրենքները գերակա դարձան մնացյալ երկրամասերի նկատմամբ, և Կոսովոյին մնաց տարածքային և մշակութային ինքնավարություն։ Սակայն Կոսովոյի ալբանացիները չճանաչեցին սերբական նոր սահմանադրությունը և 1991թ. անցկացրին հանրաքվե՝ հռչակելով անկախություն, իսկ 1996թ. ստեղծելով «Կոսովոյի ազատագրական բանակը»։ Ծայր առած միջէթնիկ բախումները վերաճեցին արյունահեղության, ուստի 1998թ․ սեպտեմբերին ՆԱՏՕ-ն հաստատեց հակամարտության ռազմական միջամտության նախագիծը, իսկ 1999թ․ մարտի 24-ին, առանց ՄԱԿ-ի պատժամիջոցների սկսվեց ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունը Հարավսլավիայում։
Հակամարտության ռազմական փուլին նախորդել էին խնդիրը բանակցությամբ կարգավորելու ջանքերը։ Այս հակամարտությունը ոչ թե հեռավոր Կովկասում էր կամ Պաղեստինում, այլ անմիջապես Եվրոպայում, ուստի ԵՄ երկրներն այս անգամ միայն դիտողի դերում հանդես չեկան։ Խնդիրն այն էր, որ Կոսովոյի ճգնաժամում բախվում էին միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ էլ ծավալվում էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները՝ պետության (Սերբիայի) տարածքային ամբողջականությունը, և մյուս կողմից՝ ազգերի ինքնորոշման և մարդու իրավունքների պաշտպանության իրավունքը։ Եվրոպական քառյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա) ակտիվությունը պայմանավորված էր Եվրոպայում առկա այլ կոնֆլիկտային օջախների արթնացման վտանգներով, որը կարող էր նոր լիցքերով վերակենդանացնել անջատողականությունը։
Եթե դիտարկենք վերը նշված վեց երկրների կողմնորոշումն այս սկզբունքների հարցում, ապա եվրոպական երկրներինը բխում էր հենց էթնիկ անջատողականության վտանգի գիտակցումից։ Ի վերջո, Եվրոպայում առկա են նման օջախներ՝ Մեծ Բրիտանիայում՝ Հյուսիսային Իռլանդիայի խնդիրը, Իսպանիայում՝ բասկերի երկրի Էտա ընդհատակյա կազմակերպությունը և նրա ահաբեկչական գործողությունները, Ֆրանսիայում՝ Կորսիկան, Թուրքիայում՝ Քրդստանը[3]։ Եվրոպան ժխտում էր Կոսովոյի անկախացման հեռանկարը և փորձում էր անցկացնել ամենաբարձր կարգավիճակով ինքնավարության տարբերակը, քանզի մտավախություն ուներ, որ Կոսովոյի անկախության հռչակմամբ և Եվրոպայի քաղաքական քարտեզին նոր պետության ի հայտ գալով, ողջ Եվրոպայում սկիզբ կառնեն էթնիկ անջատողական շարժումները։
Ռուսաստանի Դաշնությունը Հարավսլավիայի հարցում ևս հակված էր տարածքային ամբողջականության սկզբունքին։ Սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո Հարավսլավիան Եվրոպայում, ըստ էության, ՌԴ միակ դաշնակիցն էր, որին Մոսկվան չէր ցանկանում կորցնել։
ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում հասկանալու համար պետք է դիտարկել ՆԱՏՕ-ի որդեգրած նոր քաղաքականությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել էր ընդդեմ ԽՍՀՄ ազդեցության ծավալման, իսկ ԽՍՀՄ փլուզմամբ և «Սառը պատերազմի» ավարտով թվում է, թե կորցրել էր իմաստը։ Սակայն 1999 թ․ ՆԱՏՕ-ի ստեղծման 50-ամյակին առաջ քաշվեց նոր հայեցակարգ, որն արդիական և համահունչ էր լինելու գալիք 21-րդ դարին։ Ըստ դրա՝ հետայդու ՆԱՏՕ-ն կոչված էր ոչ միայն շարունակել լինել իր անդամ պետությունների անվտանգության կոլեկտիվ երաշխավորը Հյուսիսային Ատլանտիկայում, այլև պետք է կանխարգելեր հակարևմտյան դիկտատորական ռեժիմների կողմից զանգվածային ոչնչացման զենքի ստեղծումը, ակտիվորեն հակազդեր միջազգային ահաբեկչությանը պաշտպաներ մարդու իրավունքները և ցեղասպանության վտանգի առաջ հայտնված էթնիկ փոքրամասնություններին։ Այս բանաձևը նոր աշխարհակարգի՝ միաբևեռ աշխարհի ամրակայման միջոց էր ծառայելու։ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկինում երկբևեռ աշխարհը վերադասավորումների կարիք էր զգում, և ՆԱՏՕ-ի հայեցակարգը դեպի արևելք ծավալվելու խնդիր էր դնում։
Այս հայեցակարգի տրամաբանությամբ էլ ամերիկյան մոտեցումը կոսովյան ալբանացիների դեպքում ազգային ինքնորոշման իրավունքի առաջքաշումն էր, որը Վաշինգտոնի ճմշման ներքո ընդունեցին եվրոպական երկրները։ ՆԱՏՕ-ի դեպի արևելք ծավալվելու փորձաքարը Հարավսլավիան էր, և այդ երկրի ընտրությունը պատահական չէր։ Հարավսլավիան, ինչպես վերևում նշեցինք, Ռուսաստանի միակ հենարանն էր Եվրոպայում։ Հարվսլավիայի հետ հարաբերությունների համատեքստը ՌԴ-ն հագեցնում էր ընդհանուր սլավոնական ծագման և ուղղափառ եկեղեցու պատկանելիության իմաստային ծանրաբեռնվածությամբ։ Հարավսլավիայի թուլացմամբ և մասնատումով էլ մեկնարկելու էր ՆԱՏՕ-ի՝ արևելք ծավալման արշավը, որը իրականացվում էր այլ փուլերով ևս՝ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում։ Հարավսլավիայի մասնատմամբ խարխլվում էր ՌԴ դիրքերը բուն Եվրոպայում և հետագայում դեպի Արևելյան Եվրոպա և հետխորհրդային տարածաշրջան մուտքը առավել դյուրին կդառնար։
Կոսովոյի դեպքը հռչակվում էր որպես բացառություն՝ վկայակոչելով հնարավոր հումանիտար աղետը։ Եվ 1999թ․ մարտին ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններով ամրագրեց Կոսովոյի ալբանացիների ինքնորոշման իրավունքի հնարավոր իրացումը։ ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը, ըստ հռչակված հիմնավորման, պետք է կանխեր հումանիտար աղետը, հետագայում հնարավորություն ընձեռելով երկրամասին որոշելու կարգավիճակը՝ ընդհուպ մինչև անկախություն, այսինքն՝ այս գործողությունը «Անջատում հանուն փրկության» դոկտրինի գործնականում հանրահռչակումն էր։ Եվ ինը տարի անց՝ 2008․ փետրվարին Կոսովոն հռչակեց անկախություն, որն արդեն հաջորդ մի քանի օրվա ընթացքում ճանաչեցին Աֆղանստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Թայվանը և մի շարք այլ երկրներ։
Եվ Կոսովոն, և Արցախը ինքնավարության կարգավիճակ ունեին սոցիալիստական երկու նեոկայսրություններում՝ Հարավսլավիայում և ԽՍՀՄ-ում։ Երկուսն էլ անկախության հանրաքվե անցկացրեցին 1991թ․ սեպտեմբերին և հռչակեցին անկախ հանրապետություն։ Կար, սակայն, մեկ տարբերություն՝ Կոսովոյի ալբանացիները չէին ենթարկվել սպանդի և տեղահանության, որն արվել էր հայերի նկատմամբ Ադրբեջանում՝ Սումգայիթում 1988թ․ փետրվարին, Կիրովաբադում՝ նույն թվականի նոյեմբերին և Բաքվում՝ 1990թ․ հունվարին, ինչպես նաև բուն Արցախում 1991թ․ մայիս-հունիս ամիսներին հայկական գյուղերի տեղահանությունը։
Ասվածն առավել քան ակնհայտ է դարձնում, որ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառումը Արցախի դեպքում, թեկուզ ժամանակավոր անցումային տարբերակով, արդարացված է և հիմնավոր։ Ադրբեջանը դեռևս ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին իր բացահայտ հակահայկական գործելակերպով ի ցույց դրեց, որ չի կարող և մտադիր չէ ապահովել արցախահայության անվտանգությունը։ Եվ դա դեռ ԽՍՀՄ-ում, որի կազմում գտնվելով՝ Ադրբեջանը կախում ուներ միութենական Կենտրոնից և իր գործողություններում, իհարկե, չէր կարող այնպիսի ազատություն ունենալ, ինչպես ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի նորահռչակ հանրապետության պարագայում։
Իսկ ԽՍՀՄ փլուզումով և Ադրբեջանի հանրապետության հռչակումով հակահայկականության քաղաքականությունը բարձրացավ արդեն պետական քաղաքականության մակարդակի։ Իսկ ինչ պատկեր կունենանք, եթե փորձենք համեմատել Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վարվող քաղաքականությունը մինչև 1991 թ․։ Դեռևս 1970-ական թվականներին Կոսովոյում բացվել էր Հարավսլավիայում ամենամեծ համալսարաններից մեկը, ստեղծվել էր գիտությունների ակադեմիա, և այդ ինստիտուտներում պատրաստում էին քաղաքագետներ, սոցիոլոգներ, փիլիսոփաներ[4]։ Կոսովոյի ալբանացիների սոցիալ մշակութային կացությունը չէր գտնվում այն աղետալի դրության մեջ, ինչպես Լեռնային Ղարաբաղի հայությունը։ Եվ զուտ համեմատության համար նշենք, որ եթե Հարավսլավիան 1980-ականներին ուղիներ էր փնտրում Կոսովոյի խնդիրը կարգավորելու համար, ապա Խորհրդային Ադրբեջանը վարում էր տրամագծորեն հակառակ քաղաքականություն։ Բավական է հիշել, որ 1980-ականներին կեսերին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում «Հայոց պատմություն» առարկան փոխարինվեց «Ադրբեջանի պատմություն» առարկայով։ Եվ խորհրդային շրջանում, և Ադրբեջանի հանրապետության հռչակումից հետո հայության համար շարունակաբար վարվել է սոցիալ տնտեսական և մշակութային այնպիսի քաղաքականություն,որը հարկադրում էր վերջիններիս լքել երկրամասը՝ հանգեցնելով դրա հայաթափմանը։ Եվ այդ մասին անթաքույց խոսել է Ադրբեջանի նախկին նախագահ Ալիևը, ով 2002թ․ ադրբեջանական «Зеркало» թերթին տված հարցազրույցում նշում էր, որ առաջին քարտուղար եղած ժամանակ փորձել է փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը` վկայաբերելով, որ երբ բարձրացվեց Ստեփանակերտում բուհ բացելու հարցը, ինքը համաձայնեց դրան՝ պայմանով, որ այն ունենա երեք բաժանմունք ՝ ռուսական, ադրբեջանական, հայկական։ Եվ հարակից շրջանների ադրբեջանցիներին ուղարկում էին սովորելու ոչ թե Բաքու, այլ Ստեփանակերտ։ Բացվեց նաև կոշիկի ֆաբրիկա, որտեղ աշխատելու էին ուղարկվում ԼՂԻՄ-ին հարակից շրջաններից ադրբեջանիցներին։ Այս ասվածն ամփոփելով էլ՝ Ալիևը հստակ ընդգծում է, որ իր նպատակն էր այս և այլ միջոցներով անել այնպես, որ Լեռնային Ղարաբաղում լինեին ավելի շատ ադրբեջանցիներ, իսկ հայերի թվաքանակը նվազեր[5]։ Բերված համեմատություններից հետաքրքիր պատկեր է ստացվում։ Ստացվում է, որ Հարավսլավիան Կոսովոյի ալբանացիների համար համալսարան, գիտությունների ակադեմիա բացելով, խթանելով տեղում տարբեր մասնագետների լիարժեք պատրաստելուն ՝ հող նախապատրաստեց ապագա կոսովյալ ալբանացիների ազգայնական տրամադրությունների սկզբնավորմանը և 1991թվականից սկսած՝ բացահայտ դրսևորմանը, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, ամեն կերպ ճնշելով հայերին և ձգտելով հայաթափել Արցախը՝ տեղիք տվեց ազգային ազատագրական շարժման ծավալմանը։
Չնայած արդի դիվանագիտական հարաբերություններում ընդունված չէ հղում կատարել պատմությանը, այդուհանդերձ, հարկ է նշել, որ Կոսովոյի և Արցախի պատմական էթնժողովրդագրական պատկերը տարբեր է։ Եթե Կոսովոյի և Մետոհիայի տարածքում դեռևս միջնադարից բնակչության մեծամասնությունը կազմել են սերբերը և ալբանացիները այստեղ թվական գերակշռություն ստացել են միայն 20-րդ դարի կեսերին, ապա դեռևս անհիշելի ժամանակներից պատմականորեն Արցախի տարածքը գերազանցապես հայաբնակ է եղել և պատկերը փոփոխության չի ենթարկվել մինչ այսօր։
«Անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառականության համեմատությունը վկայում է, որ այն առավել համապատասխանում է արցախյան հիմնախնդրին։ Կոսովոյի նախադեպը մատնացույց արեց այն իրողությունը, որ տվյալ դոկտրինի գործադրումը կարող է իրականանալ գերտերությունների հետաքրքրությունների և շահերի համընկման դեպքում։ Տվյալ դեպքում ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգի շրջանակներում այդ դոկտրինը կիրառվեց արդարացնելու Դաշինքի հայեցակարգի փորձարկումը Եվրոպայում։ Եվ արցախյան հիմնախնդրի դեպքում դոկտրինի կիրառման պահանջները առավել քան բավարարելի են։ Պարզապես դրա համար անհրաժեշտ է գերտերությունների կամ դրանցից գոնե մեկի աջակցությունն այդ հարցում։
[1] Տես Аббасов И., “Национальная история” в средних учебных заведениях в контексте образа “исторического врага”, Южный Кавказ: Територии. Истории. Люди. II. Сборник статей современная история, социология, урбанистика, Тбилиси, 2006, с. 78:
[2] http://www.ilur.am/news/view/84803.html (վերջին մուտքը՝ 28․10․2020) ։
[3] Рубинский Ю., Политика западноевропейских держав в отношении косовского конфликта , Косово ; международные аспекты кризиса, Под ред. Д. Тренина и Е. Степановой, Московский центр Карнеги, Москва, 1999, с. 217.
[4] Гуськова Е., Динамика косовского кризиса и политика Росии , Косово ; международные аспекты кризиса, Под ред. Д. Тренина и Е. Степановой, Московский центр Карнеги, Москва, 1999, с. 47.
[5] Зеркало, 23.07.2002.