Թուրքիայի սպառազինության արտահանումն ու ներմուծումը
9 ր. | 2020-10-30Հոդվածը պատրաստվել է 2020թ. սեպտեմբերին
Ներկայումս Թուրքիայի Հանրապետությունն ունի բավականաչափ զարգացած ռազմական արդյունաբերություն, որն ի վիճակի է սպառազինության և զինտեխնիկայի հիմնական տեսակներով բավարարել երկրի զինված ուժերի կարիքները: Զուգահեռաբար, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում ռազմական նշանակության արտադրանք թողարկող ձեռնարկությունները վերջին տասնամյակում ավելացրել են սեփական արտադրության արտահանման ծավալները: Այդուհանդերձ, Թուրքիան դեռևս կախվածություն ունի ինչպես արտասահմանյան տեխնոլոգիաններից և հումքի որոշ տեսակներից, այնպես էլ զենքի արտաքին շուկաններից:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը նշանակալի արդյունքների է հասել 2000-ական թթ., իսկ վերջին տասնամյակում սեփական ռազմական կարողությունները զարգացնելու նպատակով ձգտում է հասնել ինքնաբավության և առավելագույնս օգտագործել արտահանման հնարավորությունները:
«Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց ի վեր, համաձայն պաշտոնական տվյալների, Թուրքիան ռազմարդյունաբերության ոլորտում ներդրել է ավելի քան $ 35 մլրդ. (2003-2018թթ.)[1]: Ավելացել են նաև ռազմական և ավիացիոն արտադրության զարգացման ծախսերը՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով 58 մլն.-ից (2003թ.) հասնելով $ 1.672 մլրդ. (2019թ.)[2]: Ծախսերի ավելացումը վկայում է, որ Թուրքիան հետևողականորեն զարգացնում է պաշտպանական արդյունաբերությունը՝ շեշտը դնելով նաև բարձր տեխնոլոգիաների վրա:
Նույնը կարելի է ասել թուրքական արտադրության սպառազինությունների արտահանման մասին: Ռազմարդյունաբերական ոլորտը բոլոր միջոցներով ձգտում է թուլացնել կախվածությունն արտաքին ռեսուրսներից և ընդլայնել սեփական ռազմական արտադրության արտահանումը: Եթե 2003թ. Թուրքիայի սպառազինության արտահանման ծավալները կազմում էին $330 մլն., ապա 2018թ.-ին՝ $2.188 մլրդ.։ Նպատակ է դրվել մինչև 2023թ. սպառազինության արտահանումը հասցնել $10 մլրդ.-ի[3]: Մյուս կողմից՝ ուշագրավ է նաև այն, որ 2018թ.-ի համեմատ 2019թ.-ին 13%-ով նվազել են ռազմական արդյունաբերության ստացված պատվերները[4], ինչը բացասաբար կանդրադառնա արտահանման ծավալների վրա:
Թուրք ռազմական փորձագետների գնահատականներով՝ այսօր իսկ Թուրքիան օրըստօրե դժվարանում է պահպանել ռազմական արդյունաբերության արագ զարգացումը և ապագայում խնդիրներ է ունենալու սպառազինության արտահանման ընդլայման հետ:
Այս առիթով թուրք ռազմական փորձագետ Մ. Գուրջուն նշում է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերական ընկերությունները պայքարում են արտաքին շուկաներ նվաճելու համար, այն դեպքում, երբ ոլորտն ունի վստահության, ապրանքների որակի և արտահանման կառուցվածի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Ռազմարդյունաբերության առաջընթացի դանդաղումը առաջին հերթին պայմանավորված է ոլորտի ծայրահեղ քաղաքականացմամբ, կլանային կապիտալիզմով և ուղեղների արտահոսքի պատճառով առաջացած մարդկային ռեսուրսների սակավությամբ: Երկրորդ՝ հետազոտական և մշակումների ոլորտում ներգրավված ռազմարդյունաբերական ձեռնարկությունները միմյանց հետ ներքաշվում են մտավոր սեփականության իրավունքի խախտումների իրավական գործընթացների մեջ: Դրանով պայմանավորված՝ նվազում է ոլորտի նկատմամբ վստահությունը, ինչը հետ է պահում ռազմական ընկերություններին միմյանց հետ համագործակցելուց և համատեղ ձեռնարկություններ ստեղծելուց: Ըստ հեղինակի՝ միաժամանակ, երբ ոլորտն այժմ ապահովում է ներքին կարիքների 90%-ը, ու ներքին շուկան, կարծես թե հասել է հագեցման կետի, առանց արտաքին վաճառքների Թուրքիան դժվար թե կարողանա պահպանել ոլորտի ընդլայնումը[5]:
Այս համատեքստում անդրադառնանք սպառազինություն արտահանող թուրքական ռազմարդյունաբերական այն ընկերություններին, որոնք տեղ են զբաղեցրել «DefenceNews»-ի՝ աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական ընկերությունների վերաբերյալ 2020թ. հրապարկված «TOP 100» վարկանիշային աղյուսակի տարբեր հորիզոնականներում:
1.Aselsan - (48-րդ հորիզոնական): Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության առաջատար ընկերություններից է: Տարեկան շրջանառությունը (2018-2019թթ.) աճել է 21%-ով ($1.8 մլրդ.-ից՝ $2.2 մլրդ.)[6]: Պետական պատվերներին զուգահեռ իր արտադրանքն Aselsan-ը արտահանում է ավելի քան 60 երկիր: Ընկերության գործունեության շրջանակն ընդգրկում է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաները, միկրոէլեկտրոնիկան, ռադարների և էլեկտրոնային ռազմական համակարգերի արտադրությունը, պաշտպանական տեխնոլոգիան, տրանսպորտը և էներգետիկան: Ասոցացված ընկերություններ ունի Ադրբեջանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, 2020թ. սեպտեմբերից՝ Ոկրաինայում:
2.Turkish Aerospace Industries-(TAI)-(53-րդ հորիզոնական)։ Ընկերության շրջանառության աճը տարվա կտրվածքով կազմել է 42% ($1.3 մլրդ.-ից՝ $1.85 մլրդ.): Ընկերության գործունեության հիմնական ոլորտներն են օդատիեզերական համակարգերի զարգացումը, ուղղաթիռների, օդանավերի արտադրությունն ու արդիականացումը: Արտադրում է նաև ԱԹՍ-ներ (TAI Gözcü, TAI Anka, TAI Aksungur) ու արբանյակներ (Göktürk-1, Göktürk-2 և այլն):
3.BMC - (89-րդ հորիզոնական)։ Ընկերության տարեկան շրջանառությունը նվազել է 4%-ով ($554 մլն.-ից մինչև $533 մլն.): BMC-ն ավտոբուսների, բեռնատարերի, երկաթուղային տրանսպորտային միջոցների, զրահամեքենաների առաջատար արտադրողն է: Այս համատեղ ձեռնարկությունը ձգտում է մենաշնորհային և գերիշխող դիրք ձեռք բերել թուրքական արդյունաբերության, մասնավորապես, ցամաքային տրանսպորտային միջոցների և ինքնաթիռների ռեակտիվ շարժիչների արտադրության մեջ: Ի դեպ, ընկերությունը պատկանում է Էրդողանի մտերիմ Էթեմ Սանջակին, որին պատկանում է ձեռնարկության բաժնետոմսերի 25%-ը, և Օզթուրք ընտանիքին (25.1%)։ Մնացած 49.9%-ը պատկանում է Քաթարի Զինված ուժերի Արդյունաբերության կոմիտեին[7]:
4.Roketsan - (91-րդ հորիզոնական)։ 2019թ. համատեղ ընկերության շրջանառությունն ընկել է 1%-ով ($522 մլն.-ից մինչև $515 մլն.): Roketsan-ը հրթիռների և հրթիռային համակարգերի, հակատանկային հրթիռային համակարգերի, ավիացիոն հրթիռների, հրթիռային կոշտ վառելիքի, ինչպես նաև հրթիռների մետաղական/պլաստիկ մասերի առաջատար արտադրողներից է: Ընկերության բաժնետոմսերի 55,34%-ը պատկանում է Թուրքական զինված ուժերի զարգացման հիմնադրամին (TSKGV), բաժնետերեր են Aselsan-ը (14,90%), Havelsan-ը (4,50%) և այլ թուրքական ընկերություններ։[8] Roketsan-ը 2011թ. արտահանել էր $155 մլն.-ի սպառազինություն, սակայն վերջին տարիներին արտահանման ծավալները կտրուկ նվազել են՝ հասնելով $10 մլն.-ի[9]։
- STM - (92-րդ հորիզոնական): STM-ն գլխավորապես հայտնի է ռազմանավերի և կիբերպաշտպանության համակարգերի ստեղծմամբ, սակայն վերջին տարիներին շեշտը դրել է նաև հարվածային և ինքնաոչնչացվող (կամիկաձե) ԱԹՍ-ների արտադրության վրա։ Նախատեսում է ստեղծել հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ Թուրքիայի ռազմածովային ուժերի համար։ STM-ն մասնակցում է նաև TCG Anadolu (կամ՝ TCG Anatolia L-400) թեթև ավիակրի և Թուրքիայի ռազմածովային ուժերի համար նախատեսված ռազմանավերի արտադրությանը, որոնք պետք է մատակարարվեն 2021-2023թթ.[10]։ Բացի այդ, ընկերությունը պատվերների շրջանակներում ռազմանավեր է արտադրում Պակիստանի զինված ուժերի համար[11]։
- FNSS Defence Systems - (98-րդ հորիզոնական): FNSS-ը մասնավոր համատեղ ձեռնարկություն է, որը պատկանում է թուրքական Nurol հոլդինգին (51%) և բրիտանական BAE Systems կորպորացիային (49%): Հիմնականում արտադրում է զրահապատ փոխադրամիջոցներ՝ տանկեր, անվային ընթացամասով զրահամեքենաներ, ինչպես նաև զրահապատ աշտարակներ: Ներկայում Modern Medium Weight Tank (MMWT) ծրագրի շրջանակներում FNSS-ը ինդոնեզիական «PT Pindad» ընկերության հետ համատեղ արտադրում է Kaplan MT տիպի տանկեր: Ինդոնեզիան որպես ներդրող առաջին փուլում ստանալու է 18 տանկ, իսկ հետագայում նախատեսում է ձեռք բերել ևս 200-ը[12]: Նշենք, որ այս տանկերի ձեռքբերմամբ հետաքրքված են Ֆիլիպինները, Բանգլադեշը և աֆրիկյան մի քանի երկրներ:[13]
Վերջապես թուրքական ևս մեկ ընկերություն՝ Havelsan (Hava Elektronik Sanayii)-ը, զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը։ Ընդ որում, այն TOP 100-ի նորեկներից է: Ընկերության բաժնետոմսերի 98%-ը պատկանում է Թուրքական զինված ուժերի զարգացման հիմնադրամին (TSKGV): Ընկերությունը հայտնի է իր համակարգչային ծրագրերի (գրում են կոդեր ռազմական տեխնոլոգիաների համար) և վիրտուալ սիմուլյատորների (վիրտուալ հարթակներ) ստեղծմամբ։ Այնտեղ պատրաստվում են ռազմական և քաղաքացիական նշանակության ավիացիայի օդաչուներ[14]: Արտադրանքը գլխավորապես արտահանում է Պակիստան, Մալայզիա և Օման: Այս տարեսկզբին օմանական ընկերություններից մեկի հետ այդ երկրում հիմնել է համատեղ ձեռնարկություն (HAVELSAN Technology Oman LLC)[15]:
Արտահանման և ներմուծման վիճակագրությունը
Արտահանում: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ 2003-2019թթ. Թուրքիայի ռազմական արտահանումը կազմել է $2.199 մլրդ.։ Թուրքական սպառազինություն ներկրող երկրների առաջին եռյակը գլխավորում են Թուրքմենստանը ($407 մլն.), Սաուդյան Արաբիան ($384 մլն.) և Պակիստանը ($254 մլն.)։ Նրանց հաջորդում են Մալայզիան ($228 մլն.), ԱՄԷ-ն ($205 մլն.), Օմանը ($143 մլն.), Քաթարը ($95 մլն.), Ադրբեջանը ($93 մլն.), Իրաքը ($69 մլն.) և Բահրեյնը ($63 մլն.):
Գծապատկեր(1)
Նույն ժամանակաշրջանում Թուրքիան սպառազինություն է արտահանել Վրաստան ($56 մլն.), Նիգերիա ($31մլն.), Թունիս ($29 մլն.), Բանգլադեշ ($17 մլն.), Ռուսաստան ($16 մլն.), Եգիպտոս ($13 մլն.), Քուվեյթ ($11 մլն.) և այլ երկրներ:
Ինչ վերաբերում է 2018-2019թթ.-ին, ապա, ինստիտուտի տվյալներով, արտահանել է $509 մլն.-ի սպառազինություն։ Հիմնական գնորդներն են եղել Օմանը ($143 մլն.), Պակիստանը ($104 մլն.) և ԱՄԷ-ն ($82 մլն.)։ Ի դեպ, Սաուդյան Արաբիան ու Թուրքմենստանը, որոնք երկար ժամանակ Թուրքիայի հիմնական գնորդներն էին, տվյալ ժամանակաշրջանում չեն ներմուծել։ Ուշագրավ է, որ Թուրքիան փորձում է նվաճել զենքի արտահանման նոր շուկաներ ասիական տարածաշրջանի (Հարավ-արևելյան Ասիա) և աֆրիկյան մայրցամաքի երկրներում։ Մասնավորապես, վերջին տարիներին սպառազինություն է մատակարարել Ռուանդա, Մավրիտանիա, Գանա, Բուրկինա Ֆասո, Սենեգալ, Չադ, Լիբիա, Մալայզիա, Ֆիլիպիններ և այլ երկրներ։
Գծապատկեր(2)
Սովորական սպառազինությունների ՄԱԿ-ի ռեգիստրի զեկույցի համաձայն՝ 2018-2019թթ. Թուրքիայից այս երկրները ներմուծել են անվային ընթացամասով զրահամեքենաներ, դիպուկահար հրացաններ, ատրճանակներ և այլն[16]: 2018թ. տվյալներով՝ Թուրքիայից սպառազինության արտահանած ընկերություններն են.
- Turkish Aerospace Industries (TAI) - $503 մլն.
- Tusaş Engine Industries (TEI) - $286 մլն.
- FNSS Defence Systems - $175 մլն.
- Aselsan - $142մլն.
- Alp Aviation - $107 մլն.
- Otokar - $95 մլն.
- Nurol Holding - $82 մլն.
- Mechanical and Chemical Industry Corporation (MKEK) - $55 մլն.
- BMC - $41մլն.
- Havelsan - $27 մլն.
- Roketsan - $10 մլն.
- Karel Electronics - $3 մլն. [17]
Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության արտադրողների ասոցիացիայի (SASAD) տվյալները, որոնք վերաբերում են ռազմական և ավիացիոն (ներառյալ քաղաքացիական) ոլորտի արտահանումներին: Ընկերության հրապարակած զեկույցի համաձայն՝ վերոնշյալ ոլորտի արտահանումներն 2019թ. կազմել է $2.740 մլրդ.: Հիմնականում արտահանել է քաղաքացիական և ռազմական նշանակության ավիացիայի պահեստամասեր, անօդաչու թռչող սարքեր, ռազմամթերք (հրթիռներ, փամփուշտներ, արկեր), զրահամեքենաներ և այլն[18]:
Իսկ 2020թ. հունվար-փետրվար ամիսներին արտահանումը կազմել է $348 մլն.: Թուրքական պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերական արտադրանքի հիմնական ներկրողներն են եղել ԱՄՆ-ն ($131 մլն.), Գերմանիան ($38 մլն.), ԱՄԷ-ն ($26 մլն.), Հնդկաստանը ($23 մլն.), Նիդերլանդները ($16 մլն.), Քաթարը ($12 մլն.), Շվեյցարիան ($12 մլն.), Մեծ Բրիտանիան ($8 մլն.), Ադրբեջանը ($8 մլն.), Ֆրանսիան ($6 մլն.)[19]:
Ներմուծում: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ Թուրքիան 2003-2019թթ. ներմուծել է $11.985 մլրդ.-ի սպառազինություն, հիմնականում՝ ռազմական ինքնաթիռներ ($4.322 մլրդ.), նավեր ($1.571 մլրդ.), հրթիռներ ($1.402 մլրդ.), զրահատեխնիկա ($1.344 մլրդ.), հրետանի ($1.296 մլրդ.), տվիչներ[20] ($987 մլն.), օդային պաշտպանության համակարգեր ($328 մլն.) և այլն: Վերոհիշյալ ժամանակահատվածում միլիարդ դոլարը գերազանցող սպառազինություն են մատակարարել ԱՄՆ-ն, Գերմանիան, Հվ. Կորեան և Իտալիան (տես գծապատկեր 3):
Գծապատկեր (3)
Ինչպես ցույց են տալիս ինստիտուտի կողմից հրապարակված տվյալները, վերջին երկու տարիներին (2018-2019թթ.) Թուրքիան ներմուծել է $1.423 մլրդ.-ի սպառազինություն։ Առաջատար արտահանողներն են Իտալիան ($372 մլն.), ԱՄՆ-ն ($357 մլն.), Իսպանիան ($292 մլն.) և Ռուսաստանը ($280 մլն.): Այս համատեքստում նշենք, որ Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Իսրայելը վերջին տարիներին մատակարարումներ ընդհանրապես չեն իրականացրել[21]:
Ամփոփելով հարկ ենք համարում նշել, որ զենքի արտաքին նոր շուկաներ նվաճելու նպատակով Թուրքիան նպատակադրվել է միջազգային մակարդակով զարգացնել փոխգործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում: Ըստ էության, երկկողմ և բազմակողմ համագործակցությունից բխող քայլերը չեն սահմանափակվի միայն սպառազինության վաճառքով: Վերջին տարիներին արձանագրված միտումները ցույց են տալիս, որ թուրքական ռազմարդյունաբերական համալիրը փնտրում է նոր գործընկերներ՝ համատեղ ընկերություններ և արտադրություն հիմնելու համար, ինչպես նաև ձգտում է ստանալ նոր տեխնոլոգիաներ: Բնական է, ոլորտն այնպիսին է, որ յուրաքանչյուր փոփոխություն որոշիչ կարող է լինել՝ սկսած ընկերությունների կարողություններից մինչև արտահանման սահմանափակումներ:
[1] Savunma yatırımları 35 milyar doları geçti, https://www.yenisafak.com/ekonomi/savunma-yatirimlari-35-milyar-dolari-gecti-3163928
[2] Savunma ve Havacılık Sanayii İmalatçılar Derneği, Performans raporu 2019, s. 12, https://www.sasad.org.tr/uploaded/Sasad-Performans-Raporu-2019.pdf
[3] 2019-2023 Stratejik plan, s. 34, 44
[4] Savunma ve Havacılık Sanayii İmalatçılar Derneği, Performans raporu 2019, s. 8
[5] Is Turkish defense industry’s ‘success story’ turning sour?
[7] How Erdoğan rushed to gift Turkey’s multibillion dollar tank factory to cronies, Qatar
[8] https://www.roketsan.com.tr/?current_ajax_id
[9] Savunmadaki ihracat rekorunun kahramanları
[10] Milli fırkateyn için yerli güç birliği
[11] En büyük savunma ihracatı... İmzalar atıldı!
[12] Türk Kaplanı'nın taliplileri artıyor
[13] Philippines, Bangladesh to Procure Turkish-Indonesian Kaplan MT Medium Tanks
[14] https://www.havelsan.com.tr/sektorler/egitim-ve-simulasyon
[15] Savunmadaki ihracat başarısı şirkete dönüştü
[16] Turkey 2019, https://www.unroca.org/turkey/report/2019/
[17] Savunmadaki ihracat rekorunun kahramanları
[18] https://www.sasad.org.tr/uploaded/Sasad
[19] Savunma ve Havacılık İhracatı yükselişe devam ediyor
[20] Սենսորներ
[21] http://armstrade.sipri.org/armstrade/html/export_values.php